Ազատամտությունը և պաշտոնական քարոզչությունը

Հեղինակ: 

Դասախոսություն ի հիշատակ Կոնվեյի. 1922թ.

Մոնկուր Կոնվեյը[1], ում հիշատակին այսօր հավաքվել ենք, իր կյանքը նվիրել է երկու մեծ նպատակների՝ մտքի ազատությանը և անձի ազատությանը: Այն ժամանակվանից այդ երկու նպատակների առումով շատ բան է ձեռք բերվել, բայց շատ էլ կորսվել է: Երկու ազատություններին էլ սպառնում են նոր վտանգներ, մի քիչ այլ տեսքի, քան առաջ, և, չնայած որ նրանց պաշտպանության համար կարող է կանգնել եռանդուն և զգոն հասարակական կարծիքը, հարյուր տարի հետո երկուսն էլ ավելի քիչ կարող են մնալ, քան հիմա: Խոսքիս նպատակն է ուշադրություն հրավիրել նոր վտանգներին և քննարկել դրանցից խուսափելու ձևերը: Թույլ տվեք «ազատ միտք» արտահայտության իմաստը բացատրելու փորձից սկսել: Այն երկու իմաստ ունի: Իր ամենանեղ իմաստով այս արտահայտությունը ենթադրում է ավանդական կրոնի դոգմաները չընդունող մտածողություն: Այս իմաստով մարդն «ազատամիտ» է, եթե ո´չ քրիստոնյա է, ո´չ մահմեդական, ո´չ բուդիստ, ո´չ սիոնիստ և ոչ էլ մեկ այլ դավանանքի անդամ, որը հավատում է ժառանգություն ստացած որևէ կրոնի: Քրիստոնեկան երկրներում մարդը համարվում է «ազատամիտ», եթե նրա մասին չի կարելի վստահաբար ասել, թե հավատում է Աստծուն, չնայած դա բավարար չէ, որպեսզի նույն մարդուն «ազատամիտ» համարեն բուդիստական երկրում:

Այնուամենայնիվ չէի ցանկանա ազատամտության նշանակությունը նսեմացնել այս առումով: Ինքս ոչ մի կրոնական դավանանքի չեմ պատկանում և հուսով եմ, որ ժամանակի ընթացքում ցանկացած կրոնական հավատք կդադարի գոյություն ունենալուց: Նմանապես չեմ հավատում, որ կրոնը նպաստել է աշխարհում բարու տարածվելուն: Չնայած պատրաստ եմ ընդունելու, որ որոշակի ժամանակ և որոշակի երկրներում այն որոշ դրական ազդեցություն ունեցել է, և ես դա վերագրում եմ մարդկային մտքի կայացման շրջանին ու զարգացման այն փուլին, որն արդեն անցել ենք:  

«Ազատ միտք» արտահայտության ավելի լայն իմաստ ևս կա, որը, կարծում եմ, ավելի մեծ նշանակություն ունի: Իրականում ավանդական կրոնների հասցրած վնասը հատկապես զգալի է այն փաստի առումով, որ նրանք խոչընդոտել են ազատ մտքին այս լայն իմաստով: Եվ ի տարբերություն նեղի, այդքան հեշտ չէ այս իմաստը սահմանելը, ու վատ չէր լինի որոշ ժամանակ ծախսել դրա իմաստը բացահայտելու համար:

Երբ որևէ բանի մասին խոսում ենք որպես ազատի, մեր ընկալումն անորոշ է, մինչև չկարողանանք ասել, թե ինչից է ազատ: Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկն ազատ է, եթե արտաքին պարտադրանքի չի ենթարկվում, և ճշգրիտ լինելու համար պիտի որոշենք, թե այդ ինչ արտաքին պարտադրանք է: Այսպիսով, միտքն «ազատ» է, եթե ազատ է հաճախ առկա արտաքին հսկողության որևէ տեսակից: Հսկողության որոշ տեսակներ, որոնք պետք է բացակայեն, եթե միտքն «ազատ» է, բավականին ակնհայտ են, բայց մյուսներն ավելի դժվար տեսանելի են կամ ծպտված:

Սկսենք ամենաակնհայտներից: Միտքը անազատ է, եթե այս կամ այն կարծիքի կողմնակիցների կամ հակառակորդների նկատմամբ տարբեր իրավական պատիժներ են կիրառվում, կամ միայն մեկ միտք արտահայտելու կամ որոշակի հարցերի մասին կարծիքի բացակայության հնարավորություն է տրված: Ազատության այսպիսի տարրական ձևը նույնիսկ մինչև հիմա աշխարհի միայն շատ քիչ երկրներում գոյություն ունի: Անգլիայում անարգանքի մասին օրենքով անօրինական է քրիստոնեական կրոնի նկատմամբ անհավատություն արտահայտելը, չնայած գործնականում այդ օրենքը հարուստների նկատմամբ չի կիրառվում: Անօրինական է համարվում նաև Քրիստոսի՝ չարին չդիմադրելու ուսմունքի ուսուցումը: Այդ պատճառով յուրաքանչյուր ոք, որ ցանկանում է խուսափել հանցագործի ճակատագրից, պետք է համաձայնություն արտահայտի Քրիստոսի ուսմունքին, բայց պետք է խուսափի ասելուց, թե ինչի մասին է այդ ուսմունքը: Ամերիկայում ոչ մեկը չի կարող երկիր մտնել առանց պաշտոնապես հայտարարելու, որ ինքը անարխիզմի հետևորդ չէ և դեմ է բազմակնությանը. նաև կոմունիստների կողմնակիցը պիտի չլինի: Ճապոնիայում անօրինական է Միկադոյի աստվածության նկատմամբ անհավատություն դրսևորելը: Այսպիսով, շուրջերկրյա ճանապարհորդությունը շատ վտանգավոր նախաձեռնություն կարող է լինել: Մուհամեդի կամ Տոլստոյի հետևորդը, բոլշևիկը կամ քրիստոնյան չեն կարող դա ձեռնարկել առանց ինչ–որ պահի հանցագործ դառնալու, կամ մարդ պետք է լռի այն մասին, թե ինչն է համարում կարևոր և ճշմարիտ: Սա, իհարկե, վերաբերում է միայն երրորդ կարգի ուղևորներին. առաջին կարգի ուղևորներին թույլատրվում է հավատալ` ինչին ցանկանան, պահպանելով նրանց վիրավորական կպչունությունից: 

Պարզ է, որ մտքի ազատության տարրական պայմանը կարծիք արտահայտելու համար իրավական պատժի բացակայությունն է: Դեռ ոչ մի հզոր պետություն չի հասել այս մակարդակին, չնայած դրանց մեծամասնությունը չի համաձայնի այս պնդման հետ: Համոզմունքները, որոնց համար դեռ կարելի է ենթարկվել հալածանքների, մեծամասնությանն այնքան հրեշավոր և անբարոյական են թվում, որ հանդուրժողականության ընդհանուր սկզբունքը դրանց նկատմամբ չի կիրառվում: Բայց հենց այլախոհության նկատմամբ անհադուրժողականությունը ժամանակին հնարավոր դարձրեց ինկվիզիցիայի սարսափները: Կար ժամանակ, երբ բողոքականությունը նույնպիսի չարիք էր համարվում, ինչպես հիմա բոլշևիզմը: Խնդրում եմ սրանից չեզրակացնել, որ ես կա´մ բողոքական եմ, կա´մ բոլշևիկ:

Այսուհանդերձ ժամանակակից աշխարհում իրավական պատիժներն ամենաքիչն են խանգարում մտքի ազատությանը: Ավելի էական երկու խոչընդոտ կա` տնտեսական պատիժները և փաստերի խեղաթյուրումը: Ակնհայտ է, որ միտքը չի կարող ազատ լինել, եթե որոշակի համոզմունքների հետևելը կյանքի համար վաստակելու հնարավորություն չի տալիս:  Նմանապես պարզ է, որ միտքն անազատ է, եթե վեճի ժամանակ մի կողմի փաստարկներն առավել գրավիչ են ներկայացվում, մինչդեռ հակառակ կողմի փաստարկները միայն նպատակաուղղված փնտրտուքով կարելի է հայտնաբերել: Այս երկու խոչընդոտները կան ինձ հայտնի յուրաքանչյուր մեծ երկրում, բացի Չինաստանից՝ ազատության վերջին կղզյակից: Հենց այդ խոչընդոտների մասին կխոսեմ` դրանց ժամանակակից վիճակի և նշանակության, դրանց աճենալու հավանականության և կրճատվելու հնարավորությունների:

Կարող ենք ասել, որ միտքն ազատ է, երբ այլ համոզմունքների հետ ազատ մրցակցության պայմաններում է առաջադրվում, այսինքն` երբ յուրաքանչյուրը կարող է շարադրել իր տեսակետը, և երբ ո´չ իրավական, ո´չ նյութական առավելությունները կամ անհարմարությունները չեն ազդում համոզմունքների վրա: Սա իդեալ է, որը տարբեր պատճառներով երբեք չի կարող հասանելի լինել: Բայց կարելի է շատ ավելի մոտենալ, քանի հիմա ենք:

Սեփական կյանքիցս երեք դեպք կարող է օրինակ ծառայել, թե ինչպես է ժամանակակից Անգլիայում կշեռքի նժարը թեքվում քրիստոնեության կողմը: Դրանք հիշատակում եմ, որովհետև շատ մարդիկ ամենևին չեն գիտակցում այն անհարմարությունները, որ կրում են բացահայտ ագնոստիցիզմ դավանելով:  

Առաջին դեպքը տեղի է ունեցել կյանքիս վաղ շրջանում: Հայրս ազատամիտ մարդ է եղել, բայց մահացել է, երբ երեք տարեկան էի: Ցանկանալով, որ ես մեծանամ առանց կրոնական նախապաշարումների, նա ինձ խնամակալ էր նշանակել երկու նույնպիսի ազատամիտ մարդկանց: Սակայն դատարանն անտեսեց նրա կամքը, և ես դաստիարակվեցի քրիստոնեական հավատքով: Կարծես թե արդյունքը հիասթափեցնող եղավ, բայց դա օրենքի մեղքը չէր: Եթե հայրս ցանկանար, որ ես դաստիարակվեի որպես մագլետոնիանիստ կամ յոթերորդ օրվա ադվենտիստ, դատավորները չէին էլ մտածի առարկել: Ծնողներh իրավունք ունեն կանխորոշելու ցանկացած նախապաշարմունք, որը իրենց մահից հետո կներշնչվի երեխաներին, բայց իրավունք չունեն կտակելու, որ իրենց երեխաները հնարավորինս պաշտպանված լինեն սնահավատությունից:  

 Երկրորդ դեպքը 1910թ. է պատահել: Այդ ժամանակ ցանկանում էի լիբերալիստական կուսակցության կողմից առաջադրվել պառլամենտում, և ֆրակցիայի անդամներն  ինձ երաշխավորեցին մի ընտրական շրջանի: Ելույթ ունեցա Լիբերալների միությունում, որը բարեհաճ էր իմ նկատմամբ, և իմ ընտրվելը լուծված հարց էր թվում:  Բայց նախընտրական ոչ մեծ փակ խարհրդակցությունում հետաքրքրվեցին իմ համոզմունքներով, և ասացի, որ ագնոստիկ եմ: Նրանք հարցրեցին, թե կարող է այդ փաստը բացահայտվել, և ես ասացի, որ հնարավոր է: Ինձ հարցրին, թե չէի ցանկանա ժամանակ առ ժամանակ եկեղեցի գնալ, և պատասխանեցի՝ ոչ: Արդյունքում նրանք ուրիշ թեկնածու ընտրեցին, որն առաջադրվեց սովորական կարգով և այդ ժամանակից պառլամենտի անդամ էր, իսկ հիմա կառավարության անդամ է:

Երրորդ դեպքը դրանից անմիջապես հետո պատահեց: Քեմբրիջի Տրինիտի քոլեջ հրավիրվեցի աշխատելու որպես դասախոս, բայց ոչ քոլեջի խորհրդի անդամ: Հարցը փողը չէր, այլ այն, որ քոլեջի խորհրդի անդամը քոլեջի կառավարմանը մասնակցելու իրավունք ունի և խորհրդում իր անդամության ընթացքում չի կարող հեռացվել, բացի լուրջ անբարոյական արարքի դեպքից: Հիմնական պատճառը, որ ինձ չառաջարկեցին մասնակցել խորհրդին, այն էր, որ կղերական կուսակցությունը չէր ցանկանում ավելացնել հակակղերական ձայների քանակը: Արդյունքում 1916թ. ինձ աշխատանքից ազատելու հնարավորություն ունեցան, երբ պատերազմի վերաբերյալ իմ հայացքները նրանց դուր չեկան: Արժե ավելացնել, որ հետագայում, երբ ռազմական կրքերը սառեցին, նրանք ինձ նորից ընդունեցին: Եթե նյութական առումով կախված լինեի քոլեջում իմ աշխատանքից, ապա ստիպված կլինեի սոված մնալ:

Այս երեք դեպքը ցույց են տալիս այն վնասը, որ հասցվում է իրենց ազատամտության մասին բաց հայտարարող մարդկանց, նույնիսկ ժամանակակից Անգլիայում: Այսպիսի հայացքներ ունցող ցանկացած մեկն էլ կկարողանար սեփական փորձից նման դեպքեր պատմել, և հաճախ ավելի լուրջ հետևանքներով: Վերջին հաշվով, ոչ շատ ունևոր մարդիկ չեն համարձակվում բացահայտ խոսել իրենց կրոնական համոզմունքների մասին:

Ազատության բացակայությունն իհարկե միայն կամ գլխավորապես կրոնի հետ չի կապվում: Կոմունիզմի կամ ազատ սիրո նկատմամբ հավատը մարդուն ավելի վատ վիճակի մեջ է գցում, քան ագնոստիցիզմը:  Ոչ միայն այդ հայացքներն ունենալն է վտանգավոր, այլ նաև շատ ավելի բարդ է հրապարակավ դրանց օգտին փաստարկներ բերելը: Մյուս կողմից, Ռուսաստանում առավելություններն ու թերությունները ճիշտ հակառակն են. արտոնություններն ու իշխանությունը հասանելի է նրանց, որ աթեիզմ են քարոզում, կոմունիզմ և ազատ սեր, և հակադարձ հայացքները տարածելու ոչ մի հնարավորություն չկա: Արդյունքն այն է, Ռուսաստանում մոլեռանդների մի խումբ բացարձակ վստահ է որոշակիորեն կասկածելի ճշմարտությունների վերաբերյալ, մինչդեռ աշխարհի մնացած մասում մոլեռանդների մեկ ուրիշ խումբ նման վստահություն ունի տրամագծորեն հակադիր և նույնքան կասակածելի պնդումների մասին: Եվ այս ու այն կողմի նման վիճակը ծնում է պատերազմներ, հիասթափություններ և հետապնդումներ:

Ուիլյամ Ջեյմսը ժամանակին «հավատի կամք» էր քարոզում: Ես էլ իմ կողմից «կասկածելու կամք» կցանկանայի քարոզել։ Մեր համոզմունքներից ոչ մեկը բացարձակ ճշմարտություն չէ, դրանք բոլորը առնվազն կրում են անորոշության և թյուրըմբռնման դրոշմ: Մեր համոզմունքների ճշմարտացիության աստիճանը մեծացնելու մեթոդները լավ հայտնի են. բոլոր կողմերին լսելու փորձերն են, հարցին վերաբերող բոլոր փաստերը ճշտելու փորձերը, հակառակ հակումներ ունեցողի հետ վեճում սեփական հակումները զսպելը, ցանկացած վարկածից հրաժարվելու պատրաստակամությունը, եթե ապացուցվել է, որ վերջինս ճիշտ չէ: Նման մեթոդները կիրառվում են գիտության մեջ, և դրանք գիտական գիտելիքի հիմքն են: Յուրաքանչյուր իսկական գիտնական պատրաստ է ընդունելու, որ ժամանակակից ցանկացած գիտական գիտելիք գիտության զարգացմանը զուգընթաց, անկասկած, փոփոխություն (ճշգրտում) է պահանջում: Համենայնդեպս, դա բավական է գործնականում իրականացնելու գիտական ուսումնասիրությունների նպատակների մեծ մասը, եթե ոչ ամբողջը: Միայն գիտության մեջ կարելի է իսկական գիտելիքին նմանվող բան գտնել, և այստեղ մարդկանց դիրքորոշումները հարաբերական են և կասկածներով լի:

Կրոնի և քաղաքականության մեջ, հակառակը, չնայած, որ դեռ գիտելիքի նկատմամբ չկա գիտական մոտեցում հիշեցնող որևէ բան, բոլորը de rigueur[2] են համարում սովի, բանտերի և պատերազմների արմատավորմամբ խրախուսվող և ցանկացած այլ կարծիքի հետ փաստարկված մրցակցությունից խնամքով պահպանվող դոգմատիկ կարծիք ունենալը: Եթե միայն հնարավոր լիներ, որ մարդիկ այս խնդիրներին նայեին ագնոստիկի տեսանկյունից, ներկա աշխարհի չարիքների ինը տասներորդ մասը կարելի կլիներ ուղղել: Պատերազմներն անհնար կլինեին, որովհետև յուրաքանչյուր կողմը կգիտակցեր, որ երկու կողմն էլ կարող է սխալվել: Հետապնդումները կդադարեին: Կրթությունն իր նպատակը կհամարեր մտածողության ընդարձակումն ու զարգացումը, այլ ոչ թե նրա սահմանափակումը: Աշխատանքի համար մարդիկ կընտրվեին դա անել կարողանալու, այլ ոչ թե իշխանության կողքին առկա իռացիոնալ դոգմաներին քծնելու պատճառով: Այսպիսով, հենց միայն ռացիոնալ կասկածանքը բավարար կլիներ, որպեսզի հասնեինք ոսկե դարին:

Բոլորովին վերջերս հարաբերականության տեսությունը և աշխարհի կողմից դրա ընկալումը գիտական մոտեցման փայլուն օրինակ եղավ: Էնշտեյնը՝ գերմանա-շվեյցարա-հրեական պացիֆիստը, գերմանական կառավարության կողմից 1914-1918 թթ  պատերազմի առաջին օրերին գիտական հետազոտություններով զբաղվող պրոֆեսոր էր նշանակվել. նրա կանխատեսումները հաստատվեցին պատերազմի ավարտից հետո լուսնի խավարումն ուսումնասիրող անգլիական արշավախմբի կողմից: Էյնշտեյնի տեսությունը փոխում է ավանդական ֆիզիկայի ամբողջ տեսական հիմքը, այն նույնքան կործանարար է օրթոդոքսալ դինամիկայի համար, որքան  Դարվինի ծագման տեսությունը՝ «Գիրք Ծննդոց»-ի համար: Համենայնդեպս, ֆիզիկոսներն ամենուր պատրաստություն հայտնեցին Էյնշտեյնի տեսությունը ընդունելու, քանի որ դրա համար բազմաթիվ հաստատող վկայություններ կային: Եվ նրանցից ոչ մեկը (առավել ևս ինքը Էնշտեյնը) չի պահանջում, որ վերջին խոսքն իրեն պատկանի: Նա անսխալական դոգմայի արձան չի ստեղծել, բոլոր ժամանակների համար, հավերժական: Կան խնդիրներ, որ նա չի կարող լուծել. նրա ուսմունքն էլ կփոփոխվի, ինչպես փոխվեց Նյուտոնի տեսությունը: Այս քննադատական, ոչդոգմատիկ ընկալումը հենց գիտության իսկական դիրքորոշումն է:

Ի՞նչ կկատարվեր, եթե Էնշտեյնը կրոնի կամ քաղաքականության ոլորտում այդքան նոր մի բան առաջարկեր: Անգլիացիներն այդ տեսության մեջ պրուսականության տարրեր կգտնեին, հակասեմիտները սիոնիստական սյուժե կհամարեին, բոլոր երկրների ազգայնականները կհամարեին, որ դա վարակված է վախկոտ պացիֆիզմով, և կհայտարարեին, որ զինվորական ծառայությունից խուսափելու պարզ խորամանկություն է: Բոլոր հնաոճ պրոֆեսորները կխնդրեին Սքոթլանդ Յարդին, որ նրա ստեղծագործությունների ներմուծումն արգելվեր: Նրան համակրանքով վերաբերվող ուսուցիչները կհեռացվեին աշխատանքից։ Նա կառևանգվեր որևէ հետամնաց երկրի կառավարության կողմից, որտեղ ամենայն հավանականությամբ անօրինական ձևով ինչ-որ բան կսովորեցներ, բոլորին անհասկանալի դոգմայի աստիճանի հասած իր տեսությունից բացի: Նրա տեսության ճշմատացիության կամ սխալականության հարցն ի վերջո կլուծվեր մարտի դաշտում՝ առանց հաստատող կամ ժխտող ինչ-որ փաստ փնտրելու որևէ փորձ անելու: Սա է հենց Ուիլյամ Ջեյմսի «հավատալու ցանկության» տրամաբանական հետևանքը:

Անհրաժեշտ է ոչ միայն հավատալու ցանկությունը, այլև իմանալու ցանկությունը, ինչը ճիշտ հակադիրն է:

Եթե ենթադրենք, որ ռացիոնալ կասկածանքի պայմանը հրատապ անհրաժեշտություն լիներ, կարևոր կլիներ պարզել, թե ինչու է աշխարհում այդպես տարածված իռացիոնալ վստահությունը: Հիմնականում մեր ստացած ժառանգության` սովորական մարդու իռացիոնալության և դյուրահավատության հետևանքն է: Բայց մտավոր նախնական մեղքի այս սերմերը սնվում և աճում են նաև այլ գործոններով, որոնցից երեքը կարևոր դեր ունեն՝ կրթությունը, քարոզչությունը և տնտեսական ճնշումը: Դիտարկենք դրանցից յուրաքանչյուրը:

1) Կրթություն: Բոլոր զարգացած երկրներում տարրական կրթությունը պետության ձեռքին է: Պետական պաշտոնյաներին հայտնի է, որ իրենց կողմից դասավանդման երաշխավորված նյութերի մի մասը կեղծիք է, մնացածի մեծ մասն էլ ցանկացած անկողմնակալ դատող մարդ կեղծ կամ գոնե կասկածելի է համարում: Օրինակ, վերցնենք պատմության ուսուցումը: Յուրաքանչյուր ազգ իր դպրոցական դասագրքերում ձգտում է միայն ինքնագովության: Երբ մարդն է ինքնակենսագրություն գրում, ենթադրվում է, որ որոշակի համեստություն կդրսևորի, բայց երբ ազգն է իր պատմությունը գրում, պարծենկոտությանն և սնափառությանը սահման չկա: Երբ երիտասարդ էի, դպրոցական դասագրքերը սովորեցնում էին, որ ֆրանսիացիներն անբարոյական են, իսկ գերմանացիները՝ առաքինի, հիմա դրանք հակառակն են սովորեցնում: Ոչ այս, ոչ էլ այն դեպքում ճշմարտության փոքրիկ ակնարկ անգամ չկա:  Գերմանական դպրոցական դասագրքերում Վատերլոյի ճակատամարտն այնպես է կառուցված, որ Վալինգթոնը գրեթե ջախջախված էր, և միայն Բլյուխերն է փրկում վիճակը. անգլիական դասագրքերը Բլյուխերին ներկայացնում են որպես զորավար, որ գործնականում ոչնչով չի ազդել ճակատամարտի ելքի վրա: Երկու դասագրքի հեղինակներն էլ գիտեն, որ իրենք ամբողջ ճշմարտությունը չեն ասում: Ամերիկյան դպրոցական դասագրքերը սովորաբար ներծծված են եղել հակաբրիտանական տրամադրությամբ. 1914-1918թթ. պատերազմից հետո դրանք նույնքան բրիտանամետ դարձան, առանց հոգ տանելու ճշմարտության մասին ոչ առաջին, ոչ երկրորդ դեպքում: Եվ առաջ, և հիմա Միացյալ Նահանգների կրթության հիմնական նպատակներից մեկն է ներգաղթածների բազմագույն երեխաներին «լավ ամերիկացի» դարձնելը: Ակնհայտ է, որ ոչ մեկի մտքով չի էլ անցնում, որ «լավ ամերիկացին», ինչպես և «լավ գերմանացին» կամ «լավ ճապոնացին», ըստ սահմանման պետք է վատ մարդ լինի: «Լավ» ամերիակցին կամ ամերկուհին մարդ է՝ դաստիարակված այն հավատի ոգով, որ Ամերիկան աշխարհի լավագույն երկիրն է, և ոգևորությամբ պաշտպանում է այդ տեսակետը բոլոր վեճերում: Եթե ենթադրենք, որ այդպիսի պնդումները ճիշտ են, ապա ռացիոնալ մտածող մարդը չպետք է վիճարկի դրանք: Եվ եթե դրանք ճշմարիտ են, ապա ամենուր պետք է դասավանդվեն, ոչ թե միայն Ամերիկայում: Կասկածելին այն է, որ նման ենթադրություններին երբեք չեն հավատում այն երկրից դուրս, որտեղ դրանք փառաբանվում են: Ընդ որում տարբեր երկրներում պետական ամբողջ մեքենան ուղղորդված է այն բանին, որ անպաշտպան երեխաներին ստիպեն հավատալ անհեթեթ ճշմարտությունների, որոնց նպատակը նույնիսկ մահվան մղելն է ուրիշների չար շահերի պաշտպանության համար, ներշնչելով նրանց, որ պայքարում են ճշմարիտ գործի համար: Կրթություն իրականացնելու անթիվ ձևերից մեկը սա է՝ մարդկանց ճշմարիտ գիտելիք չտալ, այլ դարձնել իրենց տերերի կամքին ենթակա: Առանց տարրական դպրոցում խնամքով ընտրված ստելու համակարգի անհնար կլիներ պահպանել ժողովրդավարության խաբկանքները: 

Մինչ կրթության թեմայից անցնելը բերեմ մեկ այլ օրինակ ամերիկական կյանքից՝ ոչ այն պատճառով, որ Ամերիկան մյուս երկրներից ավելի վատն է, այլ որ այն ավելի ժամանակակից է և տեսանելի է ցուցադրում այն վտանգները, որոնք աճում են ավելի արագ, քան վերանում են մյուսները: Նյու-Յորքի նահանգում առանց պետական լիցենզիայի դպրոց բացել չի կարելի, նույնիսկ եթե ամբողջությամբ մասնավոր միջոցներով է պահվում: Վերջին օրենքներից մեկը պնդում է, որ լիցենզիա չի կարող տրվել այն դպրոցին, «որտեղ կպարզվի, որ ուսուցվող գիտելիքներն ընդգրկում են ծանոթություն այն ուսմունքին, որ հայտարարում է, որ օրինական իշխանությունը կարող է տապալվել բռնության օգնությամբ կամ ուրիշ անօրինական միջոցներով»: Ինչպես ընդգծում է «New Republic»-ը, նշանակություն չունի, թե օրինական իշխանության ինչ ձևի մասին է խոսքը: Հետևաբար, օրենքն անօրինական կհամարեր վերջին պատերազմի ժամանակ այն ուսմունքի դասավանդումը, որ կայսերական Գերմանիայի կառավարությունը պետք է տապալվեր ուժի միջոցով. ինչպես նաև անօրինական կհամարվեր աջակցությունը Կոլչակին կամ Դենիկինին՝ սովետական իշխանության դեմ նրանց պայքարում: Նման եզրակացություններ, իհարկե, նախատեսված չէին և օրենքի վատ մշակման հետևանք էին: Իրական էությունը հստակեցվեց նույն ժամանակ ընդունված և պետական դպրոցների ուսուցիչների համար պարտադիր մեկ այլ օրենքում: Այդ օրենքն ասում է, որ պետական դպրոցներում դասավանդելու իրավունքի հավաստագրերը պետք է տրվեն միայն նրանց, որ բավարար չափով նվիրվածություն և հնազանդություն է ցուցաբերել տվյալ նահանգի և Միացյալ Նահանգների կառավարությունների հանդեպ: Փաստորեն մերժվել են նրանք, որ, կապ չունի` երբ և որտեղ, «նահանգի կամ Միացյալ Նահանգների կառավարման ձևից տարբեր ձև» են պաշտպանել: Այս օրենքները մշակած կոմիտեն, ինչպես նշում է «New Republic»-ը, հաստատել է, որ, «գոյություն ունեցող հասարակական կարգը չպաշտպանող դասավանդողը... պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից» և «երիտասարդների և մեծահասակների քաղաքացիական պատասխանատվության զգացման դաստիարակությունը կարելի է վստահել միայն այն մարդուն, որ չի ձգտում աջակցել հասարակական փոփոխությունների տեսությանը»: Այսպիսով, Նյու-Յորքի նահանգի օրենքի համաձայն Քրիստոսը և Ջորջ Վաշինգթոնը բարոյապես բավարար կայուն չէին լինի, որպեսզի նրանց վստահվեր երիտասարդությանը դաստիարակելու գործը: Եթե Քրիստոսը Նյու-Յորք գար և ասեր. «Թույլ տվեք երեխաներին ինձ մոտ գալ», նյույորքյան դպրոցական խորհրդի նախագահը նրան կպատասխաներ.

«Պարոն, ես ապացույցներ չունեմ, որ դուք ուզում եք պայքարել հասարակական փոփոխությունների տեսության դեմ: Իրականում, լսել եմ, ասում են, թե Դուք պաշտպանում եք այն, ինչը Երկնային արքայություն եք անվանում, չնայած, որ մեր երկիրը, փառք Աստծո, հանրապետություն է: Ակնհայտ է, որ Ձեր Երկնային արքայության քաղաքական կառույցը տարբերվում է Նյու-Յորքինից, այդ պատճառով էլ Ձեզ չենք կարող թույլատրել երեխաներին մոտենալ»: Եթե նա այդպիսի հայտարարություն չանի, ապա որպես օրենքով ղեկավարվող պաշտոնական անձ` իր պարտականությունը կատարած չի լինի:

Նման օրենքների ազդեցությունը շատ լուրջ է: Որպեսզի հաստատենք այս փաստարկը, ենթադրենք, որ Նյու-Յորք նահանգի կառավարությունը և հասարակական կարգը աշխարհի երեսին գոյություն ունեցածներից լավագույնն է. և այնուամենայնիվ, նույնիսկ այս դեպքում, և´ մեկը, և´ մյուսը, հավանաբար, կարող են կատարելագործվել: Ցանկացած ոք, որ համաձայն է այս ակնհայտ պնդման հետ, օրենքով չի կարող դասավանդել նահանգի դպրոցում: Այսպիսով, օրենքը պահանջում է, որ դպրոցի ուսուցիչները կա´մ երեսպաշտ, կա´մ հիմար լինեն:

Աճող վտանգը, որի օրինակն է Նյու-Յորքի օրենքը, իշխանությունը մեկ կազմակերպության ձեռքում կենտրոնացնելու հետևանք է՝ կլինի պետություն, թե տրեստ, թե տրեստների միավորում: Կրթության դեպքում իշխանությունը պետության ձեռքին է, որը երիտասարդներին կարող է հեռու պահել այն տեսությունների հետ ծանոթությունից, որ իրեն հարմար չեն: Հավատում եմ, որ դեռ կան մարդիկ, որ համարում են, թե ժողովրդավարական պետությունն իր ժողովրդի հետ միասնական է: Այնուամենայնիվ, սա միայն պատրանք է: Պետությունը, դրված նպատակներից կախված, տարբեր պաշտոնյաների խումբ է. նրանք զգալի եկամուտ են ստանում, քանի դեռ պահպանվում է status quo-ն: Status quo-ի միակ փոփոխությունը, որ նրանք կթույլատրեն, վարչարարության և վարչարարների իշխանության ուժեղացումն է: Այդ պատճառով, բնական է, նրանք պետք է օգտագործեն բոլոր հնարավորությունները, ընդհուպ մինչև զինված բախումներ, որոնց շնորհիվ ենթակաների վրա ձեռք է բերվում ինկվիզիտորական իշխանություն, ներառյալ դիմադրողներին սովամահ անելու իրավունքը: Ինչ վերաբերում է հոգևոր կյանքին և դրա այնպիսի կողմին, ինչպիսին կրթությունն է, այստեղ գործի նման դրվածքը կործանարար է: Այն ոչնչացնում է զարգացման, ազատության և ստեղծարար նախաձեռնության ցանկացած հնարավորություն: Եվ այնուամենայնիվ, սա այն բանի բնական արդյունքն է, որ ամբողջ տարրական կրթույունը մեն-միակ կազմակերպության ազդեցությոն տակ է:

Կրոնական հանդուրժողականությունը հաղթել է մինչև որոշակի աստիճան, որովհետև մարդիկ դադարել են կրոնը իրենց համար նախկինի չափ կարևոր համարելուց: Բայց քաղաքականության և տնտեսության մեջ, որոնք զբաղեցրել են նախկինում կրոնին պատկանող տեղը, հետապնդումների աճող միտում է հայտնվել. դրանք ոչ մի դեպքում որոշակի կուսակցության չեն բնորոշ: Այլախոհության հետապնդումը Ռուսաստանում առավել դաժան է, քան կապիտալիստական որևէ երկրում: Պետրոգրադում եմ հանդիպել ռուս մեծ պոետ Ալեքսանդր Բլոկին, որ հետագայում զրկանքների մեջ է մահացել: Բոլշևիկները նրան թույլատրել էին գեղագիտություն դասավանդել, բայց նա բողոքում էր, որ իրեն ստիպում էին «մարքսիզմի դիրքերից» դասավանդել: Նա այդպես էլ չկարողացավ կապ հաստատել ռիթմի և մարքսիզմի միջև, չնայած սովից խուսափելու համար նա ամեն ինչ արում էր այդ կապը գտնելու համար: Իհարկե, բոլշևիկների իշխանության գալուց հետո Ռուսաստանում հնարավոր չէ որևէ քննադատական բան հրապարակել այն դոգմաների մասին, որոնց վրա հիմնվում է նրանց ռեժիմը: 

Ամերիկայի և Ռուսաստանի օրինակները ցույց  են տալիս այն եզրակացությունը, որին կարծես, հանգեցինք, այն է՝ քանի դեռ մարդիկ շարունակում են ֆանատիկորեն հավատալ քաղաքականության կարևորությանը, քաղաքական խնդիրների մասին ազատ կարծիքն անհնար է, և մեծ վտանգ կա, որ ազատության բացակայությունը կարող է տարածվել նաև մյուս բնագավառների վրա, ինչպես Ռուսաստանում է եղել: Միայն քաղաքական թերահավատության որոշակի մակարդակը կարող է մեզ այդ փորձանքից պաշտպանել:

Դժվար է ենթադրել, որ կրթության համար պատասխանատու պաշտոնյաները ցանկանում են, որ երիտասարդները կրթված լինեն: Հակառակը, նրանց խնդիրը միայն տեղեկություն հաղորդելն է` առանց մտավոր կարողություններ զարգացնելու: Կրթությունը երկու նպատակ պետք է հետապնդի. առաջինը՝ որոշակի գիտելիքներ տալ՝ գրել և կարդալ, լեզուներ և մաթեմատիկա և այլն, երկրորդ՝ այնպիսի մտավոր հմտություններ մշակել, որոնք մարդուն թույլ կտան գիտելիքներ ձեռք բերել, սեփական կարծիք ձևակերպել: Առաջինը կարող ենք անվանել տեղեկություն, հմտություն, երկրորդը՝ ինտելեկտ: Տեղեկության օգտակարությունն ընդունելի է և՛ գործանականում, և՛ տեսականորեն. ժամանակակից պետությունն անհնար է առանց գրագետ քաղաքացիների: Բայց ինտելեկտի օգտակարությունն ընդունելի է միայն տեսականորեն, ոչ գործնականում. ցանկալի չէ, որ սովորական մարդիկ մտածեն, քանի որ մտածող մարդկանց դժվար է վերահսկելը, և նրանք վարչական դժվարություններ են առաջացնում: Միայն պահնորդը, Պլատոնի խոսքով ասած, կարող է մտածել, մյուսները ենթարկվում են կամ գնում առաջնորդների ետևից ոչխարի հոտի նման: Այս դոկտրինը, որը հաճախ ենթագիտակցության մեջ է շարունակում գոյությունը, հաջողությամբ դիմանում է քաղաքական ժողովրդավարության նորամուծություններին և հաճախ արմատապես խեղաթյուրում բոլոր ազգային կրթական համակարգերը:

Ժամանակակից քաղաքակրթության վերջին ձեռքբերումը Ճապոնիան է՝ երկիր, որը ամենամեծ հաջողությանն է հասել այն հարցում, ինչ վերաբերում է առանց ինտելեկտը զարգացնելու ինֆորմացիա դասավանդելուն: Տարրական կրթությունը Ճապոնիայում, կարելի է ասել, հիանալի է ուսուցման տեսանկյունից: Սակայն դասավանդումից բացի այն ուրիշ նպատակ էլ ունի՝ սովորեցնել խոնարհվել Միկադոյի կրոնական պաշտամունքին, որը հիմա ավելի ազդեցիկ է, քան անցած ժամանակներում, երբ Ճապոնիան դեռ արդիականացված պետություն չէր: Այսպիսով, դպրոցները միաժամանակ և՛ գիտելիք են տալիս, և՛ խրախուսում կրոնական նախապաշարումները: Եվ քանի որ մենք Միկադոյի պաշտամունքի նկատմամբ ակնածանք չունենք, տեսնում ենք ճապոնական կրթության ողջ անհեթեթությունը: Մեր սեփական ազգային կրոնական նախապաշարումներն այնքան բնական և խորը արմատներ են գցել մեր մեջ, որ դրանց նկատմամբ մեր սթափ հայացքը, ինչպես ճապոնական սնահավատության դեպքում էր, կորցրել ենք: Սակայն եթե ճանապարհորդ ճապոնացին փորձեր պաշտպանել այն դրույթը, որ մեր դպրոցները կրոնական նախապաշարումներ են սովորեցնում, նույնքան անբարենպաստ մտավոր կարողությունների զարգացման համար, որքան Միկադոյի աստվածության նկատմամբ հավատը, կարծում եմ, կկարողանար համոզիչ փաստեր ներկայացնել: 

Հիմա հիվանդության դեղն առաջարկել չեմ կարող, բայց կարող եմ ախտորոշման փորձ անել: Մենք բախվել ենք այն արտասովոր  փաստին, որ կրթությունն ինտելեկտի զարգացման և մտքի ազատության հիմնական արգելքներից մեկն է դարձել: Այս իրավիճակն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ պետությունն այս հարցում յուրացրել է մենաշնորհը, բայց սա ամենևին էլ միակ պատճառը չէ:

2) Քարոզչություն։ Մեր կրթության համակարգը դպրոցներից արտադրում է երիտասարդների, որ կարողանում են կարդալ, բայց մեծ մասամբ չեն կարողանում ինքնուրույն գնահատել տեղի ունեցողը կամ անկախ կարծիք ձևավորել: Հետո մնացած ամբողջ կյանքի ընթացքում նրանց «լցնում են» պնդումներով, որոնք նպատակ ունեն նրանց համոզելու հավատալ ամեն տեսակ անհեթեթությունների այն մասին, որ Բլանկի հաբերը բուժում են բոլոր հիվանդությունները, որ Շպիցբերգենը տաք և արգասաբեր կղզի է, և որ գերմանացիները դիակ են ուտում: Ժամանակակից քաղաքագետների և կառավարությունների քարոզչության արվեստի աղբյուրը գովազդի արվեստն է։ Հոգեբանական գիտությունը շատ բանով է պարտական գովազդատուներին: Առաջ հոգեբանների մեծամասնությունը կարծում էր, որ մարդը չի կարող մարդկանց համոզել սեփական ապրանքի բարձր որակի մասին՝ ուղղակի պնդելով, որ դրանք գերազանց են: Սակայն փորձը ցույց է տալիս, որ նրանք սխալվում էին: Եթե մի անգամ կանգնեի մարդաշատ վայրում և սկսեի պնդել, որ աշխարհի ամենահամեստ մարդն եմ, իմ վրա կծիծաղեին. բայց եթե բավականաչափ փող ունենայի, որպեսզի այդպիսի հայտարարություններ տեղադրեի ավտոբուսների վրա և երկաթգծի երկայնությամբ տեղադրված գովազդային վահանակներին, մարդիկ շուտով կհավատային, որ ես հիվանդագին համեստ եմ: Եթե գնայի փոքրիկ խանութի տիրոջ մոտ և ասեի. «Նայիր մի փողոց այն կողմի քո մրցակցին, նա պատրաստվում է խլելու քո գործը. չե՞ս կարծում, որ լավ գաղափար է գործդ թողնելը, ճանապարհի մեջտեղը կանգնելը և փորձելը նրան գնդակահարել, քանի դեռ նա քեզ չի գնդակահարել»,- եթե այսպես ասեի, ցանկացած փոքրիկ խանութի տեր ինձ խելագար կհամարեր: Բայց երբ պետությունն է ամբողջ ուժով ազդարարում այդ մասին, մանր սեփականատերերը վարակվում են խանդավառությամբ և արդյունքում մեծագույն զարմանքով պարզում, որ իրենց գործը վնաս է կրել: Գովազդում իրենց հաջողությամբ դրսևորած միջոցներով իրականացվող քարոզչությունը դարձել է բոլոր զարգացած երկրների կառավարությունների ընդունած մեթոդներից մեկը, և հատկապես այն մեթոդը, որով ստեղծվում է հասարակական կարծիք:

Ներկայումս կիրառվող քարոզչությունը երկու լրիվ տարբեր տեսակի վնասի է հասցնում: Մի կողմից այն, որ հիմնականում դիմում է համոզելու իռացիոնալ պատճառներին, ոչ թե լուրջ փաստարկներին, մյուս կողմից՝ որ անարդարացի առավելություն է տալիս նրան, ով իր հարստության կամ իր իշխանության միջոցով է կարողանում է լայն հրապարակայնության հասնել: Ես, իմ կողմից, հակված եմ մտածելու, որ չափից մեծ աղմուկ է բարձրացվում այն փաստի վերաբերյալ, որ քարոզչությունն ավելի շատ դիմում է զգացմունքներին, քան խելամիտ փաստարկների: Զգացմունքների և մտքի միջև սահմանը այնքան էլ հստակ չէ, ինչպես շատերը կարծում են: Դեռ ավելին, խելացի մարդը կարող է բավարար քանակով խելամիտ փաստարկ բերել ցանկացած դիրքի օգտին, որ ընդունվելու գոնե մեկ հնարավորություն ունի: Ցանկացած իրական հարցի մասին միշտ երկու կողմից էլ բավարար քանակությամբ փաստարկ գոյություն ունի: Փաստերի որոշակի խեղաթյուրումը կարող է իրավաբանորեն արգելվել, բայց դա ոչինչի չի պարտադրում: «Դեղձի օճառ» պարզունակ արտահայտությունը, որ ոչինչ չի նշանակում, մարդկանց ստիպում է գնել այդ օճառը:  Եթե ինչ-որ տեղ այդ բառերը փոխարինեն «լեյբորիստական կուսակցություն» բառերով, միլիոնավոր մարդիկ կքվեարկեն լեյբորիստական կուսակցության օգտին, չնայած գովազդը նրա ոչ մի առավելության մասին չի խոսում: Նույնիսկ եթե երկու կողմերն էլ վեճի ընթացքում սահմանափակված լինեին օգտագործվող արտահայտությունների վերաբերյալ  համապատասխան օրենքով, դրանք գնահատվեին և հիմնավորված լինեին լավագույն տրամաբանների հանձնաժողովի կողմից, ժամանակակից քարոզչության բերած չարիքը կմնար: Դիցուք, այդ օրենքի համաձայն հաղթելու հավասար հնարավորություններով երկու կուսակցություն կա, որոնցից մեկը քարոզչության համար միլիոն ֆունտ ծախսելու հնարավորություն ունի, մինչդեռ մյուսը՝ միայն հարյուր հազար: Ակնհայտ է, որ ավելի հարուստ կուսակցության օգտին փաստարկները ավելի հայտնի կլինեին, քան ավելի աղքատ կուսակցության փաստարկները, և, հետևաբար, ավելի հարուստ կուսակցությունը կհաղթեր: Այս իրավիճակն ավելի սրվում է, երբ կուսակցություններից մեկն իշխանական է: Ռուսաստանում կառավարությունը քարոզչության գրեթե լիարժեք մենաշնորհ ունի, բայց դրա անհրաժեշտությունն էլ չկա: Իր հակառակորդների նկատմամբ ունեցած առավելությունները հիմնականում բավարար կլինեն հաղթանակի համար, եթե միայն բացառիկ անբարենպաստ իրավիճակ չառաջանա:

Քարոզչության դեմ առարկություն են առաջացնում ոչ միայն այն, որ անմտության է  դիմում, այլ ավելի շատ այն առավելությունը, որ նա տալիս է հարուստներին և իշխանություն ունեցողներին: Հնարավորությունների հավասարությունն անհրաժեշտ պայման է, եթե խոսքը մտքի ազատության մասին է. իսկ հնարավորությունների հավասարությունը կարող է երաշխավորվել միայն այդ նպատակի համար մշակված օրենքներով, չնայած դրանք ընդունված տեսնելու համար հիմք չկա: Ի դեպ, դարմանը պետք է փնտրել առավելապես ոչ թե այդպիսի օրենքներում, այլ կրթությունը բարելավելու և հասարակական թերահավատ կարծիք մշակելու մեջ: Հիմա, սակայն, չեմ զբաղվի դեղամիջոցները քննարկելով:

3) Տնտեսական ճնշում։ Արդեն նշել եմ մտքի ազատության այս խոչընդոտի մի քանի ազդեցությունների մասին, բայց հիմա ցանկանում եմ այն քննարկել ավելի ընդհանուր տեսակետից, քանի որ դրա ուժեղացման միտում է նկատվում, եթե որոշակի քայլեր չարվեն չեզոքացնելու համար: Ազատ մտքի վրա տնտեսական ճնշման ամենավառ օրինակը նկատում ենք Սովետական Ռուսաստանում, որտեղ մինչև ՆԷՊ-ը կառավարությունը կարող էր ստիպել և ստիպում էր սովամահ լինել մարդկանց, ում կարծիքը իրեն չէր բավարարում, օրինակ՝ Կրապոտկինին: Բայց այս հարցում Ռուսաստանը մյուս երկրներից ուղղակի մի քիչ առաջ է: Դրեյֆուսի գործի ժամանակ Ֆրանսիայում ցանկացած ուսուցիչ կարող էր կորցնել իր պաշտոնը, եթե սկզբում Դրեյֆուսի կողմից էր, իսկ վերջում՝ նրա դեմ: Կասկածում եմ, որ հիմա Ամերիկայում համալսարանական պրոֆեսորը, նույնիսկ հայտնի գիտնական, կարող է պաշտոն ստանալ, եթե քննադատի «Ստանդարտ օյլ քոմփանի»-ն, քանի որ բոլոր քոլեջների նախագահները պարոն Ռոքֆելերից նվիրատվություն են ստացել կամ ստանալու հույս ունեն: Ամերիկացի սոցիալիստները բոլոր առումներով հայտնի մարդիկ են, և նրանց համար շատ դժվար է աշխատանք ստանալը, եթե միայն բացառիկ ունակություններով օժտված չեն: Տրեստների և մոնոպալիաների (նրանք ամենուր են, որտեղ ինդուստրիալիզմը զարգացած է)՝ ամբողջ արդյունաբերությունը վերահսկելու ձգտումը տանում է հնարավոր գործատուների քանակի նվազեցմանը, այնպես որ ավելի ու ավելի հեշտ է դառնում սև ցուցակները մեծ կորպորացիաներին չենթարկվող մարդկանց սոված պահելու միջոց դարձնելը:  Ամերիկայում մենաշնորհների աճը պակաս չարիք չի բերում, քան պետական սոցիալիզմը՝ Ռուսաստանում: Ազատության տեսանկյունից մարդու համար տարբերություն չկա՝ պետությո՞ւնը, թե՞ տրեստն է իր միակ հնարավոր գործատուն:

Ամերիկայում՝ աշխարհի առավել զարգացած արդյունաբերական երկրում, ավելի քիչ չափով՝ այլ երկրներում, որ մի քիչ մոտ են ամերիկական պայմաններին, միջին քաղաքացին ստիպված է որոշակի բարձրաստիճան մարդկանց նկատմամբ թշնամություն ցուցաբերելուց խուսափել, եթե ցանկանում է վաստակել ապրելու համար: Եվ այդ բարձրաստիճան մարդիկ կրոնական, բարոյական և քաղաքական սեփական հայացքների համար ծառայողներից աջակցություն, գոնե արտաքուստ, պահանջելու իրավունք են վերապահում իրենց: Քրիստոնեական ուսմունքը բացահայտորեն մերժող կամ ամուսնության մասին օրենքներն ազատականացնել ցանկացող կամ մեծ կորպորացիաների իշխանությանը հակադրվող մարդն Ամերիկայում շատ անհարմար վիճակում է, եթե միայն հայտնի գրող լինելու բախտին չի արժանացել: Մտքի ազատության այս տեսակի սահմանափակումներն անխուսափելիորեն լինում են յուրաքանչյուր երկրում, որտեղ տնտեսական կազմակերպությունը գործնական մենաշնորհի մակարդակի է հասել: Այնպես որ արագ զարգացող աշխարհում հիմա ազատություն ապահովելը շատ ավելի դժվար գործ է դարձել, քան XIX դարում, երբ ազատ մրցակցությունը դեռևս իրականություն էր: Նա, ում հուզում է մտքի ազատությունը, այս իրավիճակը պետք է ամբողջությամբ ընդունի՝ գիտակցելով, որ այն մեթոդները, որոնք լավ աշխատում էին կապիտալիզմի մանկության շրջանում, հիմա իրենց սպառել են:

Երկու պարզ սկզբունք կա, որոնք եթե ընդունվեին, գործնականում կլուծեին բոլոր սոցիալական խնդիրները: Առաջինն այն է, որ կրթությունը պետք է մարդկանց սովորեցնի պնդումներն ընդունել միայն այն դեպքում, երբ որոշակի հիմքեր կան մտածելու, որ դրանք ճշմարիտ են: Երկրորդ սկզբունքն այն է, որ մարդուն աշխատանք տալիս պետք է ղեկավարվել միայն նրանով, որ նա ունակ է կատարելու այդ աշխատանքը:

Սկզբում երկրորդ կետը դիտարկենք: Որոշակի պաշտոնի նշանակելուց և աշխատանք տալուց առաջ մարդու կրոնական, բարոյական և քաղաքական հայացքները քննարկելու սովորությունը մարդուն հետապնդելու ժամանակակից ձև է, և այն թերևս դառնում է նույնքան արդյունավետ, որքան ժամանակին ինկվիզիցիան էր: Հին ազատությունները կարող են օրինականցվել, բայց գործնականում դա քիչ բան կնշանակի: Եթե որոշակի տեսակետը մարդուն իրականում ստիպում է սոված մնալ, նրա համար փոքր սփոփանք կլինի իմանալը, որ իր հայացքներն օրենքով չեն պատժվում: Որոշակի հասարակական տրամադրություն կա անգլիկան եկեղեցուն չպատկանող կամ քաղաքականության մեջ այլադավան հայացքների հավատարիմ սովյալների հանդեպ: Բայց դժվար թե ինչ-որ մեկը հակառակ տրամադրվի աթեիստների կամ մորմոնների, ծայրահեղ կոմունիստների կամ ազատ սիրո պաշտպանություն արտահայտողների նկատմամբ հակակակրանքին: Այդպիսի մարդկանց դասում են անբարոյականների շարքը, և բնական է համարվում աշխատանքի ընդունվելիս նրանց մերժելը: Մարդիկ գրեթե չեն գիտակցում այն փաստը, որ զարգացած արդյունաբերական պետությունում այդ թշնամանքը համարժեք է հետապնդելու ամենադաժան ձևին: 

Եթե այդ վտանգը արժանի ձևով ընկալվի, հնարավոր կդառնա հասարակական կարծիք արթնացնելը և հասնելը նրան, որ պաշտոնի նշանակելիս մարդու համոզմունքները հաշվի չառնվեն: Կենսականորեն կարևոր է փոքրամասնությունների պաշտպանությունը, քանի որ մի գեղեցիկ օր մեզանից նույնիսկ ամենաուղղափառները կարող են փոքրամասնության շարքերում հայտվել. բոլորս շահագրգիռ ենք մեծամասնության բռնակալությունը սահմանափակելու հարցում: Միայն հասարակական կարծիքը կարող է այս խնդիրը լուծել: Սոցիալիզմը միայն որոշ չափով սրել է դա, քանի որ արմատախիլ է արել այն հնարավորությունները, որ այսօր հայտնվում են անկախ գործատուների օգնությամբ: Արդյունաբերական ձեռնարկության չափսերի յուրաքանչյուր խոշորացում ավելի ու ավելի է խորացնում դա, քանի որ կրճատում է անկախ գործատուների թիվը: Պայքարը պետք է ճիշտ այնպես տանել, ինչպես այն տարվում էր կրոնական հանդուրժողականության համար: Եվ ինչպես մի, այնպես էլ մյուս դեպքում կարծես վճռորոշ գործոնը հավատի թուլացումն է: Երբ մարդիկ համոզված էին կաթոլիկության կամ բողոքականության բացարձակ ճշմարտացիության մեջ, նրանք համաձայն էին այդ ուսմունքների դոգմաների հենքի վրա հետապնդումների ենթարկվելու: Թվում է, այստեղ նկատի է առնվում հետևյալը. երբ մարդիկ բացարձակ վստահ են ինչ-որ դրույթների ճշմարտացիության մեջ, օրինակ, կրոնական, ապա դրանցից նույնիսկ պատահական նահանջի դեպքում կամ այդ դրույթների ճաշմատացիության կասկածի դեպքում նրանք հակված են իրենց նայելու որպես հերետիկոսի, այսինքն՝ հակված են անիմաստ ինքնաձաղկման: Երբ մարդիկ գործնականում չեն կասկածում իրենց ժամանակակից հայացքների վրա, հենց այդ հայացքների անունից էլ կհետապնդվեն: Կասկածանքի որոշակի տարր անհրաժեշտ է գործնականում, բայց ոչ հանդուրժողականության տեսության համար: Եվ սա ինձ տանում է կրթության նպատակներին վերաբերող մեկ այլ կետի:

Եթե աշխարհում հանդուրժողականություն լիներ, դպրոցներում պետք է փաստերը վերլուծելու սովորություն ներարկեին, այլ ոչ թե պնդումները ընդունելու, որոնք ճիշտ համարելու համար հիմք չկա: Օրինակ, անհրաժեշտ է թերթ կարդալու արվեստին սովորեցնել: Դպրոցի ուսուցիչը պետք է ընտրի որոշակի դեպքեր, որոնք շատ տարիներ առաջ են տեղի ունեցել և ժամանակին քաղաքական շատ կրքեր են առաջացրել: Հետո դպրոցականներին պետք է ցույց տա, թե ինչքան տարբեր կերպ են լուսաբանել թերթերը այս կամ մյուս հարցը, և ներկայացնի անկողմնակալ հաշվետվություն, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Նա պետք է ցույց տա, թե փորձառու ընթերցողն ինչպես կարող է տարբեր միտումնավոր գնահատականներից հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, և պետք է օգնի նրանց հասկանալ, որ ամենը, ինչ գրում են թերթերում, շատ թե քիչ սուտ է: Ցինիկ թերհավատությունը, որը այդպիսի ուսուցման արդյունքը կլիներ, երեխաներին իրենց հետագա կյանքում պաշտպանված կդարձներ իդեալիզմի այն կոչերից, որոնց միջոցով պարկեշտ մարդկանց մղում են նպաստելու տականքների և ավազակների ծրագրերին: 

Նաև պատմությունը պետք է նման ձևով դասավանդվի: 1813 և 1814 թվականների նապոլեոնյան արշավանքների պատմությունը, օրինակ, կարելի է ուսումնասիրել «Մոնիտոր» (Moniteur) թերթի հրապարակումներով: Կարելի է պատկերացնել, թե ինչքան է եղել փարիզցիների զարմանքը, երբ տեսել են, թե ինչպես են Միության զորքերը կուտակվում Փարիզի պատերի տակ այն բանից հետո, որ (պաշտոնական տեղեկագրերի համաձայն) Նապոլեոնի կողմից պարտության էին մատնվել յուրաքանչյուր ճակատամարտում: Ավելի բարձր դասարաններում աշակերտներին պետք է առաջարկել հաշվել Տրոցկու կողմից Լենինի նկատմամբ մահափորձերի քանակը, որպեսզի սովորեն մահը արհամարհել: Վերջապես, նրանք պետք է ծանոթանան կառավարության երաշխավորած պատմությանը, և նրանց պետք է խնդրել, որ եզրակացություն անեն այն մասին, ինչ ֆրանսիական դպրոցական պատմությունն ասում է Ֆրանսիայի հետ մեր պատերազմների մասին: Այս ամենը քաղաքացիության ավելի լավ վարժանք կլիներ, քան բարոյական ծեծված պնդումները, որոնց միջոցով, ինչպես կարծում են որոշ մարդիկ, կարելի կլինի ներարկել քաղաքացիական պարտքի հասկացությունը:

Կարծում եմ` պետք է ընդունել, որ աշխարհում բարոյական արատների պատճառով դժբախտություն տեղի է ունենում նույն չափով, որքան մտքի պակասի հետևանքով: Բայց մինչ այժմ մարդկային ռասան բարոյական թերություններն արմատախիլ անելու ոչ մի մեթոդ չի հորինել. քարոզներն ու հորդորները թերությունների նախկին ցուցակին ավելացնում են նաև երեսպաշտությունը: Մտավոր կարողությունները, հակառակը, հեշտ է լավացնել յուրաքանչյուր գիտակ դասավանդողի հայտնի մեթոդներով:  Հետևաբար, մինչև այն ժամանակ, քանի չեն բացահայտվել առաքինություն ուսուցանելու մեթոդները, պետք է առաջընթաց փնտրենք ավելի շուտ մտավոր կարողությունների կատարելագործման միջոցով, քան բարոյական: Ինտելեկտի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը դյուրահավատությունն է, իսկ դյուրահավատությունը կարելի զգալիորեն նվազեցնել կեղծիքի լայն տարածում գտած ձևերը քողազրկելու միջոցով:   Դյուրահավատությունը մեր ժամանակներում ավելի մեծ չարիք է, քան առաջ էր, որովհետև կրթության աճի հետ իշխանություն ունեցողներին պատկանող զանգվածային լրատվամիջոցներով սուտը տարածելն ավելի է հեշտացել, քան երբևէ եղել է:  Այստեղից էլ` թերթերի տպաքանակի ավելացումը:

Եթե ինձ հարցնեին, թե ինչպես կարելի է աշխարհին համոզել, որ ընդունի այս երկու սկզբունքները, այն է` 1) աշխատանքը մարդուն պետք է տրվի` ելնելով նրա աշխատանքային որակներից, 2) կրթության նպատակը պետք է մարդկանց բուժելը լինի այնպիսի պնդումներն ընդունելու սովորությունից, որոնց համար չկան հաստատող վկայություններ, ապա կասեմ միայն, որ դա պետք է իրականացնել լուսավորյալ հասարակական կարծիքի ձևավորման միջոցով: Իսկ լուսավորյալ հասարակական կարծիք կարող է ստեղծվել միայն այն մարդկանց ջանքերով, որոնք ցանկանում են, որ դա լինի: Չեմ հավատում, որ տնտեսական փոփոխությունները, որոնց ջատագովներն են սոցիալիստները, ինքնին մեզ մոտեցնում են այն չարիքներց ազատվելուն, որոնց մասին խոսեցինք: Կարծում եմ, որ ինչպես էլ փոխվի քաղաքական կարգը, տնտեսական զարգացման ուղղությունը ավելի կդժվարեցնի ազատ մտքի պահպանումը, եթե միայն հասարակական կարծիքը չպնդի, որ գործատուն չի կարող վերահսկել ծառայողի կյանքում ոչ մի բան, բացի նրա աշխատանքից: Կրթության մեջ ազատությունը ցանկության դեպքում կարելի է հեշտությամբ պահպանել` կրճատելով պետության ֆունկցիաները հսկողության և վճարման հարցերում և սահմանափակելով խիստ որոշակի հրահանգավորված տեսչական ստուգումները: Բայց այդ դեպքում, ինչպես փաստերն են խոսում, կրթությունը կարող է անցնել եկեղեցու ձեռքը, քանի որ, ցավոք, ավելի շատ եկեղեցին է շահագրգռված իր հավատքի ուսուցման գործով, քան ազատամիտ մարդիկ՝ իրենց կասկածի: Համենայնդեպս դա կարող էր ազատ դաշտ ապահովել և հնարավոր դարձնել ազատական կրթությունը, եթե դա իսկապես ցանկանային:

Այս ամբողջ ճառի ընթացքում ես գիտական մեթոդի տարածման կոչ էի անում, որը խիստ տարբերվում է գիտական արդյունքները իմանալուց: Գիտական մոտեցումը կարող է բարեփոխել մարդկությունը և ապահովել մեր բոլոր խնդիրների լուծումը: Գիտական արդյունքները տարբեր մեխանիզմների, թունավորող գազերի և դեղին մամուլի տեսքով կարող են հանգեցնել մեր քաղաքակրթության կործանմանը: Ծիծաղելի հակադրություն, ինչը մարսեցիները կարող են վայելել զվարճալի անկողմնակալությամբ:  Բայց մեզ համար սա կյանքի ու մահվան հարց է: Դրա լուծումից է կախված՝ մեր թոռները ավելի երջանիկ աշխարհում կապրեն, թե կոչնչացնեն իրար գիտական մեթոդներով` թողնելով, հնարավոր է, մարդկության ապագան նեգրերի և պապուասների ձեռքին:

Թարգմանություն ռուսերենից


[1] Ամերիկացի աբոլիցիոնիստ (ազատական), ունիտոր հոգևորական և գրող, (1832թ. մարտի 17 – 1907թ. նոյեմբերի 5):

[2] Խիստ անհրաժեշտ (ֆրանս.)։

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский