Ավարտական քննությունը պետք է արտացոլի չափորոշչային կարողությունները
Primary tabs
«Ավագ դպրոցները և կրկնուսուցումը» կլոր սեղանի նյութերից
Անգլերենի իմացության միջազգային քննությունները`ամերիկյան TOEFL և անգլիական IELTS հանձնելու համար անհրաժեշտ են մոտավորապես այն կարողությունները, որոնք նշված են ՀՀ ԿԳ նախարարության կողմից ավագ դպրոցի համար հաստատված «օտար լեզուներ» ուսումնական բնագավառին վերաբերող չափորոշիչներին: Որոշ առումներով մեր չափորոշիչներում նույնիսկ ավելին է պահանջվում. օրինակ, «...սովորողների բանավոր և գրավոր խոսքի միջոցով Հայաստանը, նրա մշակութային արժեքները ներկայացնելը և ... թարգմանական գործընթացում ոճական և գեղագիտական որոշ հնարներ կիրառելու համար անհրաժեշտ գիտելիքների կարողությունների և հմտությունների ձևավորելը...»։ Այս ամենը նման է մեր սահմանադրությանը, որն իր էությամբ չի զիջում աշխարհի ամենաժողովրդավարական պետությունների սահմանադրություններին: Իսկ ինչպե՞ս են այդ օրենքները կիրառվում իրական կյանքում: Սա արդեն բոլորովին այլ բան է:
Տարբեր ուսումնական աստիճանների համար հաստատված ուսումնական բնագավառների չափորոշիչներն էլ կրթական ասպարեզի մեր հիմնադրույթներն են, որոնք շատ լավ են գրված ու իրենց էությամբ չեն զիջում աշխարհի առաջավոր կրթական համակարգեր ունեցող երկրների ուսումնական բնագավառների հիմնադրույթներին ու չափորոշիչներին: Իսկ ինչպե՞ս են մեր հանրապետության ավագ դպրոցների սովորողները ձեռք բերում այդ չափորոշիչներում նշված գիտելիքները կարողություններն ու հմտությունները: Աշխարհում ընդունված կարգ է, որ լեզվի քննությունը պետք է ներառի այն բոլոր կարողությունները, որոնք նշված են չափորոշիչներում: Եթե այդ կարողությունները ներառված չեն քննություններում, ապա այդ քննություննները թերի են` ոչ օրինական, ոչ հավաստի:
Եկեք տող առ տող ներկայացնենք և քննարկենք «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի համար հաստատված չափորոշիչները և ավագ դպրոցի անգլերենի ավարտական քննությունների պահանջները: Գաղտնիք չէ, որ հանրապետության պետական հանրակրթական ավագ դպրոցների սովորողների ուսումնառության երեք տարիների ամենօրյա աշխատանքն ուղղված է ավարտական և միասնական քննությունների շտեմարանային առաջադրանքների պահանջները կատարելուն, հիմնականում կրկնուսույցների հետ: Պարզվում է, որ ավարտական քննությունների պահանջները որևէ ձևով չեն համապատասխանում պետական չափորոշիչներին:
Պետական չափորոշիչ |
Ավարտական քննությունների առաջադրանքներ |
Ավագ դպրոցի ծրագրի «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է` 1) սովորողների բանավոր և գրավոր խոսքի միջոցով Հայաստանը, նրա մշակութային արժեքները ներկայացնելուն.
|
Ավարտական քննությունների որևէ առաջադրանք չկա չափորոշիչների այս կետի վերաբերյալ: Ընդհանրապես`բանավոր և գրավոր խոսքի հաղորդակցական կարողության ստուգում չկա: Եթե ստուգում չկա, ապա օտար լեզվի ուսուցման հիմնական նպատակը բոլոր դպրոցներում մնում է անհասանելի: Սովորողը կարող է օտար լեզվի ավարտական քննությունից 20 միավոր ստանալ` չունենալով խոսելու և գրելու նվազագույն կարողություններ: Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով 10 և 11-րդ դասարաններում շտեմարանային նպատակաուղղված ուսուցում չի իրականացվում, և այդ պատճառով էլ կարողանում ենք բավարար չափով իրականացնել պետական չափորոշիչների այս կետը՝ `լայնորեն օգտագործելով համացանցի հնարավորությունները և կատարելով բազմաթիվ թարգմանություններ հայերենից անգլերեն, ռուսերեն, վրացերեն, ֆրանսերեն: Ամենակարևորն այն է, որ օտար լեզվով ներկայացվում է մեր կրթահամալիրային բազմազբաղ կյանքը։ |
2) օտարալեզու աղբյուրներից ինքնուրույն օգտվելու, ստացված տեղեկությունը բնութագրելու, վերլուծելու և ընդհանրացնելու, օտար լեզվով հաղորդակցության միջավայրում ինքնուրույն մտածողություն դրսևորելու, թարգմանական գործընթացում ոճական և գեղագիտական որոշ հնարներ կիրառելու համար անհրաժեշտ գիտելիքների կարողությունների և հմտությունների ձևավորմանը.
|
Ավարտական քննությունների առաջադրանքները կարող են միայն խիստ մասամբ բավարարել չափորոշիչի այս կետը` «օտարալեզու աղբյուրներից ինքնուրույն օգտվելու» առումով: Մնացած պահանջները, որոնք են` բնութագրելը, վերլուծելը և ինքնուրույն մտածողության դրսևորելը, լիովին անտեսված են: Սովորողից չի պահանջվում որևէ ինքնուրույն միտք, նախադասություն, բառակապակցություն և նույնիսկ բառ գրել կամ ասել: Սովորողը միայն պասիվ ընտրողի դերում է: Նա բերանը փակ հերթական խաչն է դնում բազմընտրական լուծում պահանջող առաջադրանքներում: Մեր 10-11-րդ դասարաններում ուսումնական նախագծեր են իրականացվում, որոնք հնարավոր չէ անել առանց պետական չափորոշիչների այս երկրորդ կետի բոլոր պահանջները բավարարելու: Օրինակներ՝ մեր սովորողների բլոգներից. 1998-ից մինչև 2010 թվականների միջև ընկած ժամանակահատվածում անգլերենի գրավոր քննությունները ներառում էին նաև թարգմանություններ հայերենից անգլերեն: Ներկայիս շտեմարաններում դրանք վերացած են և «թարգմանական գործընթացում ոճական և գեղագիտական որոշ հնարներ կիրառելու համար անհրաժեշտ կարողությունների» մասին նույնիսկ երազելը անհույս կարող է լինել: Մեր ծրագրով բավարար ուշադրություն է դարձվում թարգմանական կարողություններին: Դրա վառ ապացույցն են «Լուսաստղը», mskh.am-ի անգլերեն էջը: |
3) սովորողների կողմից օտար լեզուների կարևորության և դրանց իմացությունը հարստացնելու անհրաժեշտության գիտակցմանը, տվյալ օտար լեզուն կրող ժողովրդի արժեքների և ավանդույթների գնահատմանը:
|
Շտեմարանային ուսուցմամբ օտար լեզուների իմացության անհրաժեշտությունը գիտակցվում է միայն պետական ավարտական և միասնական քննությանը պատրաստ լինելու հանգամանքով: Հեղինակային կրթական ծրագրի տարբեր առարկաների դասավանդողներ նախագծեր իրականացնելու համար սովորողներին հանձնարարություններ են տալիս տվյալ թեմայի վերաբերյալ օտար լեզուներով տեղեկատվություն որոնել համացանցում և թարգմանել դրանք հայերեն, որն օգնում է նախագիծն ավելի բովանդակալից դարձնելու համար: Աշխատանքներ են տարվում օտար լեզուները որպես գործիք օգտագործելու համար: Օրինակները կարելի է գտնել «Լուսաստղ»-ում: |
Եզրակացություն
Անգլերենի պետական ավարտական և միասնական քննությունների պահանջները բոլորովին չեն համապատասխանում «Օտար լեզու» ուսումնական բնագավառի համար հաստատված պետական չափորոշիչների պահանջներին: Օտար լեզվի իմացության հինգ բաղադրիչները`լսելով հասկանալը, խոսելը, ընթերցելով հասկանալը, գրելը և թարգմանելը ծայրահեղ նեղացվել է` սահմանափակվելով միայն «ընթերցելով հասկանալու» կարողությամբ: Չափորոշիչներով սահմանված բարձր նպատակն իջեցվել է ծնկից էլ ցածր: Սովորողն իր ուսումնառության հատկապես վերջին տարվա ընթացքում վերածվում է բազմընտրական առաջադրանքների լուծումների տարբերակների փակ բերանով պասսիվ ընտրողի: Այս պայմաններում նույնիսկ կրկնուսույցների դերն է ավելորդ դառնում. բոլոր առաջադրանքների պատասխանները տրված են, հարկ չկա խոսելու, միտք շարադրելու, ունկնդրելու, թարգմանելու: Կարդա, մտածիր կամ չէ, ընտրիր ու քո հերթական խաչը դիր:
- Բացվել է 1484 անգամ