Դպրոցական խնդիրների լուծման հնարավոր ուղիներ

Մարիոնետների ֆաբրիկա։ Դպրոցական ուսուցչի խոստովանությունը

Սկիզբը

Այստեղ դիալեկտիկան է գործում: Մեր կենտրոնացված ծրագրավորվող դարի փորձը մարդկանց մեծ մասին ոչ մի լավ բան չբերեց: Որոշ մարդիկ համարում են, որ մեր Երկիրն ինքը վտանգի մեջ է: Եվ օրենսդրորեն արգելված երևույթները, ինչպես ալկոհոլիզմը, թմրամոլությունը և ռասիզմը, իրականում չվերացան, ինչպես բնական ճանապարհով կրոնական անհանդուրժողականությունը վերացավ Նոր Անգլիայում տեղական ինքնուրույն ընտրությունների ազդեցության տակ, դեռ ավելին, օրենսդրական հետապնդումները կարծես նոր կյանք հաղորդեցին վնասակար սովորություններին: Շատ ցուցանիշներով սևամորթ ամերիկացիների վիճակը հիմա ավելի վատ է, քան 1960 թվականին: Ավելին, ամենուր, ներառյալ մեր դպրոցները, ստրուկների սերունդներին արհամարհող և հետագա օգնությունը անտեսող ինչ-որ չար վերաբերմունք է նկատվում: Կանանց վիճակը վերլուծելն ավելի բարդ է, բայց ինքնասպանությունների, սրտանոթային և հոգեկան հիվանդությունների, անպտղաբերության և այլ պաթալոգիկ վիճակների քանակի կտրուկ ավելացումը ցույց է տալիս, որ կանանց համատարած ներգրավումը ավանդաբար տղամարդկային մասնագիտական գործունեության ոլորտներ իր հակառակ կողմն էլ ունի: Ավելին, տագնապեցնող փաստեր կան. 1990թ. աշխատող ամուսինների եկամուտն իր գնողունակությամբ միայն մի քիչ էր ավելի, քան աշխատող տղամարդունը 1910 թվականին: Ըստ էության, երկու աշխատող ձեռք են բերվում մեկի գնով՝ արդյունք, որը կարող էին կանխատեսել տնտեսագետներ Ադամ Սմիթը և Դավիդ Ռիկարդոն, և դրա անտեսանելի հասարակական գինը ընտանիքի քայքայումն է, տան՝ ապաստանի և անվտանգ նավակայանի դերը կորցնելը և շփոթված երեխաները, որոնց օրորոցից ուրիշ մարդիկ են դաստիարակում:    

Կենտրոնացված իրավական ահաբեկումը հասնո՞ւմ է այն սոցիալական նպատակներին, որ խոստանում է: Ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում թմրանյութ օգտագործելն օրենքով չէր հետապնդվում. և չնայած որ դրանք միշտ կործանարար են, աղետալի վտանգի վերաճեցին միայն այն բանից հետո, երբ օրենսդրորեն արգելվեցին: Որևէ գործողություն հարկադրելը երաշխավորում է, որ մարդիկ վատ, անորակ և անտարբեր կկատարեն դա: Այդպես բանակում, որտեղ խախտվում է մարդու իրավունքների մեծ մասը, ստիպված են դիմելու ահաբեկման ծայրահեղ միջոցների: Եվ եթե հարկադրանքի փիլիսոփայությունը թույլ է տալիս միայն այդ ճանապարհով արդյունքի հասնել, ո՞րն է դրա մարդկային արժեքը:

Կրթության մեջ ընտրելու իրավունքի բազմաթիվ սահմանափակումներն իրականացվում են օրենսդրորեն, պաշտպանելով դիպլոմավորված ուսուցիչների և ադմինիստրացիայի բյուրոկրատիան, ինչես նաև հարյուրավոր անտեսանելի կազմակերպությունների, որնք անհրաժեշտ են պարտադիր կրթական համակարգը պահպանելու համար: Անտեսելով շուկայի դասերը` այս մեգալիթը ավելի ու ավելի զորավոր է դառնում՝ չնայած իր գոյության ընթացքում կրթական գործում թույլ տված հսկայական սխալների: Նրա կենսունակությունն ապահովվում է միայն ոստիկանական ուժեր կիրառելու միջոցով՝ դատարկ դասարանները լցնելու համար: Այն արգելում է տեղային ընտրությունն ու բազմազանությունը, և այդ արգելքը կործանարար է անդրադարձել մեր ազգային բարոյականության վրա: Հուսով եմ, որ սոցիալական միասնության և արժեքայի համակարգի վրա «չոր օրենքի» օրենսդրական կիրառման ազդեցությունը ոչ վաղ անցյալի դաս է, որպեսզի այն հնարավոր լինի հեշտությամբ անտեսել: Իսկ պետական պարտադիր դպրոցական կրթության միջոցով երեխաների և ընտանիքների վրա դրվող արգելքների համեմատ «չոր օրենքը» միայն փոքր միջադեպ է: Կրթության ոլորտում ազատ շուկայի առաջանալուն խոչընդոտելով` հասարակական ճարտարագետների մեծ խումբ՝ ունենալով նրանց աջակցությունը, ովքեր կերակրվում են պարտադիր կրթությամբ՝ ուսուցողական տեխնիկա արտադրողներ, դասագրքեր հրատարակողներ, մատակարարներ և այլն, ապահովել է, որ մեր երեխաները, չնայած դպրոցում երկար ժամանակ անցկացնելուն, իսկական կրթություն չեն ստանում:

Եթե կոնգրեգացիայի սկզբունքից առանձնացնենք կրոնական բովանդակությունը, հասկանալի կդառնա, որ այն կարող է դիտարկվել որպես հոգեբանական շարժիչ ուժ, որը նպաստում է յուրաքանչյուր անհատի ներուժի առավելագույն իրագործմանը այն մարդկանց հետ փոքր խմբերով աշխատանքում, ում հետ նա ներդաշնակ է: Եթե սրա մասին մտորենք, հարց կառաջանա՝ ինչի՞ է պետք կազմակերպման այլ ձև փնտրել: Կոնգրեգացիոնալները հիանալի հասկանում էին, որ մարդկային ոգին ծաղկում է այն ժամանակ, երբ նրան հանգիստ են թողնում:

Լավագույն ապացույցն այն բանի, որ մարդկանց պետք է թույլատրել սեփական ճակատագիրը ձևավորել, Դեդհեմի զարմանալի հասարակական վիճակն է, որտեղ անցյալ տարի դասախոսություններով հանդես եկա: Այնտեղ, ժամանակին կիսամերկ քվակեր-կանանց ծեծելու դիմող համայնքում կանգնած էի ես՝ հռոմեկան կաթոլիկս շոտլանդացի պրեսվիտերական կնոջս հետ, իմ լավագույն ընկերոջ՝ Ռոլանդի ուղեկցությամբ, որ կիսով չափ հեթանոս է, կիսով՝ հրեա: Եվ այս ամենը տեղի էր ունենում ունիտար եկեղեցում, որը ժամանակին կոնգրեգացիոն կենտրոն էր: Մասաչուսեթս նահանգի ոչ մի օրենսդրական ակտ, Գերագույն դատարանի ոչ մի որոշում դրա հետ ոչ մի կապ չունեին: Դեդհեմում մարդիկ սովորել են գոյակցել, քանի որ երեք հարյուր տարիների ընթացքում սեփական ընտրության, այդ թվում` նաև սխալվելու իրական հնարավորություն ունեին: Բոլորը օտարին արձագանքելու ավելի լավ ձև գտան, քան վտարումն է, քանի որ ժամանակ են ունեցել այդ մասին մտորելու և իրենց վրա աշխատելու՝ սերունդներով չափվող ժամանակահատվածում:

Բայց եթե նրանց հրամայեին փոխվել, ինչպես դա արվեց մյուս ներգաղթածների հետ, փոխել իրենց վարքը և սեփական մշակույթից հրաժարվել հատուկ դրա համար ստեղծված պարտադիր դպրոցներում, ինձ թվում է, հետևյալը կկատարվեր. նրանցից ոմանք կձևացնեին, բայց ընտրելու իրավունքից զրկվելու պատճառով նրանց հոգիներում անպիսի համընդհանուր նեղացվածություն կմնար, որ անխուսափելիորեն վրեժի արտահայտման որևէ ձևի կհանգեցներ: Եվ ընտրությունից, ավանդույթներից, ընտանիքից և արմատներից զրկված մարդկանց մեծ մասը նման հասարակական ճնշմանը կարձագանքեր արտաքնապես տարբեր, բայց միանման ոչ կառուցողական ձևերով. ոմանք լուռ կխելագարվեին, ոմանք կվերածվեին այնպիսի պարզունակների, որ միայն ուրիշի բուրգերը կառուցելու համար քար կրելուն, հեռուստացույցով հիմար ֆիլմեր նայելուն հարմար կլինեին, բայց ոչ մի ուրիշ բանի պիտանի չէին լինի: 

Չնայած որ դեռ կոնգրեգացիաների ժամանակից շատ է խոսվում ինքնակառավարման առավելությունների մասին, մեր դպրոցները ղեկավարվում են կենտրոնացված, դասագրքերի հրատարակիչների կողմից և ուսուցիչների ստանդարտ պատրաստումով ապահովվող միասնական պետական ծրագիր ունեն: Ակնհայտ է, որ մեր դպրոցները ողորմելիորեն ձախողել են իրենց վրա դրված խնդիրները՝ երեխաներին համապատասխան կրթելու, նրանց մեջ անհատ դաստիարակելու, անդասակարգ ժողովրդավարական հասարակություն կառուցելու, որին մենք ձգտում ենք: Բոլորին պարզ է՝ սա ձախողման տրամաբանություն է: Մեր հսկողությունից դուրս գտնվող կենտրոնին թույլ տալով կյանքի իր պայմանները մեզ պարտադրել` մենք նորից ու նորից մոռանում ենք կոնգրեգացիայի սկզբունքի դասը՝ մարդը ամբողջական անձ չի լինի, եթե չկարողանա կամավոր միավորվել իրեն հարազատ հոգիների հետ: Միայն ստրուկներին են միասին քշում` առանց նրանց համաձայնությունը հարցնելու: Իրենց անձնական երազանքներին համապատասխանող սեփական, ընտանեկան և համայնքային նպատակների համար միավորվելը մարդկանց ամբողջական է դարձնում: Եվ այդ երազանքները սկզբում պետք է տեղական մասշտաբով իրականանան, քանի որ առանց այդպիսի հիմքի մեծամասշտաբ խնդիրների լուծումը կհանգեցնի այն ամենից խզվելուն, ինչը մարդու կյանքին իմաստ է տալիս՝ իրենից, ընտանիքից, ընկերներից, աշխատանքից և հոգեկան մտերմիկ շփումից:

Այժմ Միացյալ Նահանգներում պետական կրթության զարգացման հարցին երկու «պաշտոնական» մոտեցում կա: Դրանցից առաջինը հիմնվում է կրթության զարգացման խնդիրները տեխնիկական, պրագմատիկ գործիքային մեթոդներով լուծելի համարելու վրա: Այդպիսի մոտեցումը պետական կրթության զարգացման կա´մ ճիշտ, կա´մ սխալ ուղի է ենթադրում, բայց բոլորովին չի դիտարկում հնարավոր հազարավոր տարբեր անհատական ուղիների գոյություն, որոնք կփնտրեին Նոր Անգլիայի կոնգրեգացիոնալիստները: Երկրորդ մոտեցումը դպրոցական կրթությունը դիտարկում է որպես անվերջանալի դրամա, որտեղ մշտապես փնտրում ենք երեխաների սովորելուն խանգարող չարագործների: Վատ ուսուցիչներ, վատ դասագրքեր, անկարող ադմինիստրատորներ, չար քաղաքականագետներ, անդաստիարակ ծնողներ, վատ երեխաներ. ով էլ լինի չարագործը, նրան կբռնենք, քրեական պատասխանատվության կենթարկենք, կդատենք, կպատժենք, նույնիսկ մահապատժի կենթարկենք: Եվ այդ ժամանակ ամեն ինչ կարգին կլինի:

Չարժե ասել, որ այս երկու մոտեցումն էլ ինձ սխալական են թվում: Սակայն կրթության զարգացման վերաբերյալ նման հայացքների գոյության և զարգացման շնորհիվ հնարավոր դարձավ մասսայական ուսուցումը նրա խնդիրներից և հրեշներից փողի դիմաց փրկել առաջարկող ամբողջական բնագավառների առաջացումն ու բարգավաճումը: Այդ շքերթում եկամուտ փնտրողների բազմություն է կուտակվել՝ վերլուծաբաններ, խորհրդատուներ, հետազոտողներ, ակադեմիական ինստիտուտներ, գրողներ, խորհրդականներ, լրագրողներ, դասագրքեր ստեղծող հանձնաժողովներ, դպրոցական խորհուրդներ, փորձաքննական հանձնաժողովներ, կրթության պետական վարչություններ, դիտարկողներ, համակարգողներ, արտադրողներ, դիպլոմավորված ուսուցիչներ և ադմինիստրատորներ, հեռուստատեսային հաղորդումներ և դպրոցի հետ կապ ունեցող գործարարների հրոսակախմբեր, սրանք բոլորը պետական մենաշնորհային դպրոցական կրթության համակարգի մակաբուծային ճյուղեր են: Մեզանից շատերի համար սոցիալական տեխնոլոգիաների, ինչպես նաև ցանկացած հակահասարակական դեմոնոլոգիաների գրավչությունն այն է, որ նրանք արագ լուծում են խոստանում: Հեշտ ճանապարհ փնտրելը՝ հրաշքներին հավատալը միշտ եղել է ամերիկացիների երազանքների մութ կողմը: Ամերիկյան գովազդի հիմքում ընկած խոստումների անվերջանալի շքերթը վկայում է մերոնց սնահավատության, կախարդանքներին հավատալու մասին: Գովազդային բիզնեսը այս հենքի վրա է: Ամեն ինչ հնարավոր է` հեշտ փող, հեշտ առողջություն, հեշտ գեղեցկություն, հեշտ կրթություն. միայն պետք է անհրաժեշտ հուռութքը գտնել: Սրա ետևում մարդու մասին այն պատկերացումն է, թե որպես մեքենա կարելի է կառուցել և նորոգել. այս կալվինիստական ժառանգությունը մեզ հասել է դարերի խորքից` պնդելով, որ աշխարհը և նրա տարբեր կենդանական դրսևորումները  միայն մեխանիզմներ են, որոնք կարելի է հեշտությամբ կարգավորել, եթե մի կողմ դնենք սենտիմենտալությունը և պատժենք չարագործներին ընդհուպ խարույկի վրա այրելով: Շատերը դպրոցական բարեփոխումը պատկերացնում են կա´մ որպես ճարտարագետ, որ ձգվում է անհրաժեշտ բանալու ետևից, կա´մ Պերի Մեյսոնի[1] նման, որ փնտրում է հանցագործին բացահայտելու համար պակասող ապացույցը:

Վերջին հաշվով հասարակական խնդիրների մեր դիտարկումը կախված է մարդկային էության մասին մեր պատկերացումներից՝ մարդիկ իրենցից ինչ են ներկայացնում, ինչի են ընդունակ, որն է մարդկային գոյության իմաստը, եթե ընդհանրապես դա գոյություն ունի: Եթե մարդիկ մեխանիզմ են, կրթության խնդիրն այդ մեխանիզմներն ավելի վստահելի դարձնելն է. մեքենայի տրամաբանությունը թելադրում է մասերի ստանդարտացում և փոխանակելիություն, ժամանակային խիստ շրջանակներ, կանխատեսելիություն, խնայողություն: Նմա՞ն է ձեր հաճախած դպրոցներին, դպրոցներին, ուր ձեր երեխաներն են հաճախում: Քաղաքացիական պատերազմը, ցավոք, պարզորոշ ցույց տվեց շարային կառույցի ֆինանսական և սոցիալական օգուտը, բայց չնայած որ մարդու մասին որպես մեխանիզմի պատկերացումը հազարամյակների պատմություն ունի, դրա լայն իրականացումը հնարավոր դարձավ միայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո: 

Ավաղ, ամերիկական կրթական համակարգի մեթոդոլոգիան հենց ենթադրում է մարդկանց վերաբերել որպես մեխանիզմների: Հնչում են զանգերը, միանում և անջատվում են էլեկտրական շղթաները, էներգիան տրվում կամ անջատվում է, որակը իջեցված է մինչև գնահատման թվանշանային համակարգ, իրականացվում է պլան, որի մասին մեքենայի մասերը ոչ մի պատկերացում չունեն: Ահա թե մեր դպրոցների մասին ինչ է ասել մեքսիկացի գրող Օկտավիո Պասը, որ հետագայում Նոբելյան մրցանակակիր դարձավ. «Հյուսիսամերիկյան համակարգում մարդիկ մանկությունից անողոք ճնշման են ենթարկվում: Կարճ բանաձևերով արտահայտված որոշ սկզբունքներ անդադար կրկնվում են մամուլում, ռադիոյով և հեռուստատեսությամբ, եկեղեցիներում և հատկապես դպրոցներում: Այդ սխեմաներում ընդգրկված մարդը նման է շատ փոքր ծաղկամանում տեղադրված բույսի: Չի կարող աճել և զարգանալ: Այդ տեսակի համակարգը չի կարող անհատական կատաղի դիմադրություն չառաջացնել»:

Մենք չենք կարող աճել և զարգանալ փոքր ծաղկամաններում տեղադրված բույսերի նման: Մենք հիվանդագին կախվածություն ունենք. սպասում ենք, որ մի ուսուցիչ մեզ ասի, թե կյանքում ինչ անենք, բայց այդպես էլ չի ասում: Կամուրջներ են քանդվում, մարդիկ փողոցում են քնում, բանկիրները կեղծում են, բարի մտադրությունները չեն իրականանում, ընտանիքի անդամներն իրար խաբում են, կառավարությունը ստում է ծառայողական անհրաժեշտությունից,  ամենուր կոռուպցիա է, ամոթ, հիվանդություններ և մրցավազք սենսացիաների ետևից: Այսպիսի իրավիճակն արագ ուղղելու ունակ ծրագիր ոչ մի դպրոցում չկա:

Հին կոնգրեգացիոնալիստները կկարողանային բացատրել, թե մեր դպրոցական մենաշնորհային համակարգից  ծնված բուրգաձև հասարակություններն ինչու են անխուսափելիորեն ավարտվում հեղգությամբ ու կազմաքանդումով: Այդպիսի հասարակությունների արմատը հիմնվում է մարդկային հարաբերությունների զարգացման «միակ ճիշտ ճանապարհի» գոյության կեղծ դրույթի վրա, որ նշանակում է, թե գոյություն ունեն հատուկ փորձագետներ, ում կարելի է հանձնարարել կրթական հաստատության` այդ ճանապարհով գնալու գործը: Սա սուտ է, քանի որ ժամանակի, իրավիճակի և տեղի մշտական և դինամիկ փոփոխությունների հետևանքով հայտարարելուց շատ չանցած փորձագիտական կարծիքը հնանում և կորցնում է արդիականությունը:

Փեթակայինի նման հասարակություն կառուցելու հիմնական պոլիգոնը մենաշնորհային կրթական համակարգը է: Նա վկայագրում է մշտական փորձագետների, որոնց արտոնյալ վիճակը կախված չէ նրանց գործունեության արդյունքներից: Բազում բյուրոկրատական համակարգեր են առաջացել, քանի որ մեկ անգամ ստացած արտոնություններից ոչ ոք կամովին չի ցանկանում հրաժարվել: Նույնիսկ խստագույն քննադատության դեպքում դրանք աճում և ավելի վտանգավոր են դառնում, քանի որ սնում են մեր քաղաքական և տնտեսական համակարգի կարևոր մասերը: Դրանք տառացիորեն անհնար է բարեփոխել, որովհետև դադարել են մարդկային լինելուց, ձևափոխվել են վերցական կառույցների, որոնք մարդկային կյանքի օրենքների հետ կապ չունեն: Այդ հրեշի հետ այլ կերպ հնարավոր չէ պայքարել. միայն զոհերից զրկելու միջոցով սովից սպանելով:

Դպրոցական կրթության մենաշնորհային համակարգը մեր ազգային և անձնական «ես»-ը կորցնելու հիմնական պատճառն է: Այն օրինականացրել է հասարակության դասակարգային բաժանումը և նպաստել կաստայականության առաջանալուն, ինչը հակառակ է մեր սկզբնական գաղափարներին և որպես ազգ մեր կայանալու իրականությանը: Այդ համակարգը իր ուժերը շատ բնագավառներից է վերցնում, որոնցից մեկը երեխաների դեմ, ընտանիքի դեմ ուղղված պատմական շարժումն է, բայց հզորության հիմնական աղբյուրը տնտեսությունն է, որը կարիք ունի մշտապես չբավարարված սպառողների:

Կանգ առնելու ժամանակն է:  Այս համակարգը չի աշխատում, և դա մեր հասարակության կազմաքանդման պատճառներից մեկն է: Ոչ մի նորոգում չի կարող  դպրոցական մեքնային ստիպել կրթված մարդիկ արտադրել. մենք մեզ վրա ենք փորձել, որ կրթությունը և դպրոցական ուսուցումը իրար բացառող հասկացություններ են: 1930թ., վաթսուն տարի առաջ, Հարվարդում դասախոսության ժամանակ Թոմաս Բրիգսը հայտարարեց, որ «միջնակարգ կրթության մեջ ազգի հսկայական ներդրումները որևէ արժանի արդյունք չեն տվել». երկու տասնամյակ հետո` 1951թ., Լոս Անջելեսի 30000 դպրոցականների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ նրանց յոթանասունհինգ տոկոսը չի կարողացել քարտեզի վրա ցույց տալ Ատլանտյան օվկիանոսը, և  մեծամասնությունը չի կարողացել հաշվել երեսունվեցի հիսուն տոկոսը:  Իմ անձնական փորձը հաստատում է, որ այսօր էլ իրավիճակը չի լավացել:

Այնուամենայնիվ ի՞նչ է տեղի ունենում: Ցանկացած իսկական քննարկում ցույց է տալիս դպրոցական ուսուցման պետական մենաշնորհային ցանկացած ձևի սկզբունքային ձախողումը: Հեռուստատեսության ավելանալով` դպրոցական ուսուցման կործանարար ուժը ապշեցնում է և որևէ հսկողության չի տրվում: Հեռուստատեսության ինստիտուտը, որը շատ նման է մասսայական դպրոցական ուսուցման համակարգին, այնքան հաջող է զարգանում, որ նահանջի բոլոր ճանապարհները կտրված են: Մենք կործանել ենք մեր երեխաների միտքը և բնավորությունը՝ զրկելով նրանց ընտրելու իրավունքից: Նույնիսկ եթե բուրգը շրջելու ձև գտնվի, այդ հանցագործության համար դեռ հարյուր տարի ստիպված կլինենք հասկայակայն գին վճարել, և այդ  գինը կլինեն կորսված սերունդները: Մենաշնորհի ոչնչացումը միայն առաջին քայլն է լուծման ճանապարհին:

Ի՞նչ անենք: Դեդհեմի, Սադբերիի, Մարբլհեդի և Փրովինսթաունի՝ այդքան տարբեր և այնուամենայնիվ իրենց բնակչության կարիքներին համապատասխան փորձին դիմենք:  Հրաժարվենք ազգային գլոբալ լուծումներից և դիմենք առանձին ընտանիքներից կազմված համայնքներին: Եկեք նայենք մեր մեջ և տիրապետենք ցանկացած փիլիսոփայության առաջին սկզբունքին. «Ճանաչիր ինքդ քեզ»: Անհրաժեշտ է հասկանալ, որ հաջողակ համայնքները գիտեն «Լավ պարիսպ՝ լավ հարևան» պնդման գինը, և միաժամանակ կարող են ընդունել, հարգել, հասկանալ, գնահատել մեկը մյուսին և սովորել միմյանց բազմազանությանը:

Պատասխանի համար պետք է դիմել կոնգրեգացիայի սկզբունքին: Անհրաժեշտ է ընդարձակել և խրախուսել փորձարարությունը. հավատալ, որ երեխաները և ընտանիքները իրենք կգտնեն իրենց լավագույն ճանապարհը, դադարեցնել երեխաների և ծերերի մեկուսացումը և առանձնացումը. յուրաքանչյուր համայնքում բոլորին ընդգրկել երիտասարդության դաստիարակման գործում՝ հիմնարկները, կազմակերպությունները, ծերերին, ամբողջ ընտանիքները. փնտրել տեղային լուծումներ և կորպորատիվի համեմատ միշտ առավելություն տալ անձնական լուծմանը: Պետք չէ վախենալ այս ամենի հետևանքներից. այդքան դժվար չէ կարդալ, գրել, հաշվել սովորեցնելը, եթե հոգանք, որ ստիպողականությունը և դպրոցական կարգ ու կանոնը չխանգարեն երեխային ինքն իր հետ ներդաշնակ լինելու: Բազմաթիվ ապացույցներ կան, որ հարյուր ժամը լրիվ բավական է, որ մարդ գրագետ դառնա և կարողանա ինքն իրեն սովորել: Մի տրվեք ահաբեկումներին և ձեր երեխաներին մի հանձնեք մասնագետների ողորմությանը:

Համոզված եմ, որ դասավանդել պետք է թույլատրել ոչ միայն դիպլոմավորված մասնագետներին: Այն պնդումը, թե միայն ինձ նման համապատասխան դիպլոմ ունեցող մասնագետը կարող  է սովորեցնել, կեղծիք է: Թող յուրաքանչյուր ցանկացող հնարավորություն ունենա դասավանդելու. ընտանիքներին վերադարձրեք հավաքված հարկերը, որպեսզի կարողանան ուսուցիչ փնտրել և գտնել. նրանք փայլուն գնորդ կլինեն, եթե համեմատելու հնարավորություն ունենան: Անհրաժեշտ է վերականգնել կոնգրեգացիաների համակարգը, որը նպաստում է ազատ շուկայական մրցակցությանը. այսպիսով կվերածնվի հասարակական դիալեկտիկան: Վստահեք ընտանիքներին, շրջաններին, առանձին մարդկանց, որ ինքուրույն գտնեն կարևոր հարցի պատասխանը. «Ինչների՞ս է պետք կրթությունը»: Եթե նրանց պատասխանը չհամընկնի ձեր սպասածի հետ, դա ձեզ պետք է չվերաբերի: Հակառակ դեպքում ժողովրդավարության ծաղր կունենանք: Հակաբնական է, երբ մասնագետը ձեր փոխարեն պատասխանում է ձեզ համար այդքան էական հարցին: Սեփական անձի նկատմամբ հավատն է գաղութատիրության շրջանում մեր ազգին թույլ տվել կառուցել իր կյանքի հիմքերը, և վստահ եմ, որ մեր կառուցած շենքը առաջվա նման իր մեջ հսկայական ներուժ ունի: Եկեք օգտվենք դրանից և վերջ դնենք դպրոցական ահռելի մղձավանջին:

Թարգմանություն ռուսերենից




[1] Պերի Մեյսոն-փաստաբան,  Գարդների (Erle Stanley Gardner) դետեկտիվ վեպերի հերոս: 

 

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский