Առաջին դասարանում՝ Թումանյանի հետ

_Իսկ ինչո՞ւ այս վերնագիրը՝ «Թումանյանի հետ»:
_ Այն լուրջ պատճառով, որ Թումանյանը հենց նա է, ում հետ ենք մենք ամենքս՝ կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ:

Հետն ենք առավել, քան որևէ մեկ այլ գրողի:
 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
VIII.1969թ.
Երևան-Ծաղկաձոր

«Գարուն» ամսագրի 1969թ. N 9

Վեց տարեկան սովորողների հետ թումանյանական նախագիծ իրականացնելիս մեր նպատակն է թումայանական բառ ու բանի բերանացի ընթերցումն ու խաղը յուրացնելը:

Որպես թումանյանական նախագծի գլխավոր և ամփոփիչ աշխատանք ընտրեցինք Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթի երաժշտական բեմականացումը՝ մյուզիքլը:

Աշխատանքի սկզբնական փուլում՝ մայրենիի ուսումնական պարապմունքների ժամանակ, սովորողները դիտեցին հեքիաթի էլեկտրոնային տարբերակը և ծանոթացան Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթին: (էլ. Գիրքը ստեղծել են 2-րդ դասարանի սովորողները, դասվար Լ. Գասպարյան)

Արդեն դերերով պատմելու-խաղալու համար հեքիաթի հերոսների անուններով ցանկ կազմվեց, իսկ սովորողները իրենց ցանկությամբ կերպարներ ընտրեցին տրված ցանկից: Քանի որ սովորողները շատ են , իսկ կերպարները համեմատաբար՝ քիչ, հետևաբար մենք ունեցանք մի խումբ «ծտեր», մի խումբ «պառավներ», «հովիվներ» և այլն: Սովորողներն ունկնդրեցին տարբեր կենդանական ձայներ, մարդկային ձայնարկություններ, որոնցից որոշեցին, թե որն է իրենց ընտրած կերպարին համապատասխանում:

Երեխաները սիրում են կրկնօրինակել կենդանիների, մեծերի ձայները: Պետք է պարզապես օգնել սովորողին իր խոսքին ճիշտ առոգանություն տալ, ռիթմ, բնավորություն հաղորդել և կստացվի շատ գեղեցիկ մանկական դերասանական ձայն: Այսպիսով «ծտերը» սկսեցին ծտի ձայնով խոսել, ծիտիկի նման թևերը թափահարել, «պառավները» սկսեցին ձայնարկություններ արձակնել (վա՜յ, ա՛յ, …) Եվ բոլորը սկսեցին իրենց ընտրած կերպարին համապատասխան շարժումներ և ձայնարկումներ ընտրել, իսկ հետո դրանք անել հայելու առջև:

Խաղացինք պայմանականությունների թատրոն («ես Կարենը չեմ, ծիտն եմ»):

Վեց տարեկան սովորողների հետ աշխատելիս պետք է թողնել ՝ նա ինքնուրույն որոշի, զգա, թե ինչ բեմական շարժումներ անի, որպեսզի կերպարին համապատասխան լինի: Այսպես սովորողը կմտնի դերի մեջ, և այդ կերպարը լիարժեք կդառնա իրենը:

Պարապմունքների ընթացքում սովորողները շատ հաճախ իրենք էին իրենց կամ ընկերոջը շտկում, շարժումներ ցույց տալիս: Տեսախցիկի օգնությամբ նկարահանում միմյանց և միասին դիտում տեսագրությունները: Այսպես բանավոր խոսքի թերությունները շատ ավելի հեշտ են շտկվում, և սովորողները հեշտությամբ բերանացի յուրացրին հեքիաթը:

Հեքիաթին և խաղին բերանացի տիրապետելուց հետո երաժշտության մասնագետի և իմ օգնությամբ սկսեցին սովորել հեքիաթի հիման վրա գրված Արթուր Շահնազարյանի երաժշտական մշակումը (երգերը, նվագները):

 Ստեղծել ենք թվային ձեռնարկ՝ էլեկտրոնային գիրք:

Հետևելով երաժշտական մշակման հեղինակի՝ Արթուր Շահնազարյանի խորհրդին, երգերը դաշնամուրով նվագակցվում էին միայն բերված նոտային օրինակներով, որտեղ դաշնամուրը նվագում է սազի ձևով՝ խուսափելով եվրոպական ներդաշնակության օրենքներից:

Երգերը յուրացնելուց հետո որոշեցի բեմադրել  թատերական-երաժշտական ներկայացում՝ մյուզիքլ՝ համապատասխան կերպարներով և հագուստներով:

Հեքիաթը բազմիցս խաղացել էինք դասարանում, կերպարները հարազատ էին դարձել սովորողներին, երգերն էլ սովորել էին. մյուզիքլ բեմադրելու համար սովորողները պետք է կարողանային թատերական ներկայացումը խաղալ երգելով:

Մշակման ձեռնարկից՝ որ երգերը օգտագործել, ընտրեցի ես:

Մյուզիքլի համար սովորողների առաջարկով հերոսներ ընտրվեցին (արդեն մեկական): Ներկայացումը խաղում էին այնպես, ինչպես խաղացել են ուսումնական պարապմունքների ժամանակ, սակայն սկզբի համար այնտեղ, որտեղ պետք է հերոսը երգի՝ երգում էինք միասին: Այնտեղ, որտեղ պետք է խմբակային պարեն, պարում էինք միասին: Ձայնագրիչի օգնությամբ իրենք իրենց խոսքը և երգը ձայնագրում էին, լսում միմյանց, դիտողություններ անում, աշխատում, որ այն դառնա ավելի արտահայտիչ ու լսելի: Այսպես մի քանի անգամ լսելով սովորողները հիշում էին և՛ բերանացի խոսքերը, և՛ երգը: Պարապմունքների ընթացքում մյուզիքլը գնալով լավանում էր, ներկայացումները մեկը մյուսին նման չէին լինում: Սովորողներն աշխատում էին կատարողական մասի վրա, որպեսզի երգն ու խոսքը համահունչ լինեն, առանց մեխանիկական դադարների կամ եթե լինում էին դադարներ, լցնում են դրանք խաղով:

Արդյունքում ունեցանք համերգային ծրագիր, որը ներկայացրինք ինչպես դասարանում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցում, այնպես էլ Հ. Թումանյանի անվան տուն-թանգարանում:

Այսպիսի աշխատանքները նպաստում են սովորողի կարողությունների և հմտությունների զարգացմանը: Մյուզիքլային ներկայացման մեջ կա և ՛ վոկալ, և ՛ պար, և՛ դերասանական խաղ:

            Ներկայացման հագուստները, անհրաժեշտ պարագաները սովորողները պատրաստել են իրենց ձեռքերով, օրինակ՝ սազը պատրաստել էին կիսած դդումից, ծտի թևերը՝ փետուրներից ու ստվարաթղթից և այլն:

Մյուզիքլային բեմադրության շնորհիվ սովորողների մոտ զարգանում են.

  • Նախաձեռնելու, համախմբված աշխատելու հմտություններ: Փորձերի ընթացքում նրանց մոտ ձևավորվում են փոխզիջման և փոխըմբռման հատկանիշներ:
  • Ինքնարտահայտվելու կարողություն: Սովորում են հստակ արտաբերել բառերը, կառավարել իրենց ձայնը, խոսքի տեմպը, յուրաքանչյուր դերին տալիս են բնավորություն, բնորոշ ձայն:
  • ՏՀՏ հմտություններ:
  • Երաժշտական տակտը, ռիթմը, ծանոթանում են երաժշտական ժանրերի հետ:
  • Գեղագիտական ճաշակը: «Ծիտը» մյուզիքլի միջոցով ճանաչեցինք բազմաթիվ ազգային երգեր ու պարեր (ինչպիսիք են՝ «Գարունն եկավ», «Ես մի պուճուր հոտաղ եմ», «Հովվի անկողինը», «Օխ, արևին խաբեցինք», «Կալոսի պռկեն», հարսանեկան պարեր՝«Փափուռի», «Լուսնյակը շող ա գցել», աշուղական նվագներ և այլն): Այս բոլոր երգերն ու նվագները իրենց նոտաներով նեկայացված են Էլեկտրենային գրքում, որոնք էլ սովորողների համար դարձան շատ սիրելի:
  • Տեխնոլոգիական հմտությունները:
  • Արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում: Սովորողներն իրենց զգում են իբրև իրական դերասաններ, ովքեր համերգային շրջագայություներ ունեին: Միայն այս մտքից նրանք ավելի ու ավելի են ոգևորվում և նոր իմպրովիզներ են անում բեմում:
  • Աշխատասիրության, պատասխանատվության, ուշադրության դրսևորում:
  • Բարդույթներից ազատագրում: Բեմում հանդես գալ հանդիսատեսի առջև, դերասանական հմտություններ ցուցադրելը նպաստում է, որ մի շարք սովորողներ դառնան ավելի ազատ ու անկաշկանդ:
Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский