Անհատական համակարգչով մեկամյա ուսուցման արդյունքների ամփոփում
Primary tabs
Բլոգն ու համացանցը՝ ուսումնական գործունեության արդյունավետությունն ապահովող միջոցներ և գործիքներ
Ուսումնական նոր գործիքի մուտքը մեր առօրյա ենթադրում է նոր հնարավորություններ: Այստեղ կարևոր է, թե ի՞նչ նոր ուսումնական գործիք է, ի՞նչ առավելություններ կարող է տալ այդ նոր գործիքն ուսումնական գործունեությանը:
Մեր այս ուսումնական տարվա աշխատանքը նոր գործիքով, նոր ուսումնական տիրույթում ու նոր մեթոդով կարծում եմ՝ ստացվեց:
2013-2014 թթ. ուսումնական տարում չորրորդ դասարանի սովորողների խմբի հետ կիրառեցինք «Բլոգն իբրև նոր ուսումնական միջավայր» խորագրով ուսումնական նախագիծը: Դասարանի քսան սովորողներն էլ տարեսկզբին ունեցան անհատական բլոգներ, ինչը չորրորդ դասարանում պարտադիր չէր, բայց միանշանակ ցանկալի էր: Իսկ հիմա վստահաբար կարող ենք ասել, որ նաև արդյունավետ է:
Մեր անցած ճանապարհը.
- Առաջին քայլն արեցինք. յուրաքանչյուրն իր անհատական բլոգն ունեցավ և անուն որոշեց, գույնն ու ձևն ընտրեց, բաժիններ դրեց: Օրինակ՝ Բլոգ-Գոգ, Ստեփան Բլոգ Մեդիա և այլն:
- Մյուս քայլը բլոգի հեղինակի մասին պատմելը կարևորվեց, և յուրաքանչյուրն իր մասին գրեց. Բլոգի հեղինակից (Մարիա Սուքոյան), Իմ մասին (Սամվել Հարությունյան):
- Հաջորդ քայլը նախագծային աշխատանքների լուսաբանումն էր իրենց բլոգներում: Ուշագրավ էր Ամանորյա նախագիծը, քանի որ յուրաքանչյուր ճամբարային ջոկատ որևէ երկրի ամանորյա ծեսը պետք է ներկայացներ: Մենք ներկայացրինք Ճապոնիայի մշակույթը: Ահա սովորողների համար պրպտելու, թարգմանելու և լուսաբանելու լավ առիթ ընձեռվեց- «Ճապոնիայի մասին», «Ինչպես են նշում Ամանորը Ճապոնիայում» (Արշակ Հակոբյան), «Ռոբոտի քննությունը. Լուրեր Ճապոնիայից» (Գոհար Աղաբեկյան):
- Հետագայում, սովորողների նախաձեռնությամբ, նախագիծը շարունակվեց և «Զատկի» տոնին բլոգներում արդեն նոր նյութեր հրապարակվեցին` «Զատկի ծեսը Ճապոնիայում» (Արեն Կարապետյան), «Զատիկը Ճապոնիայում» (Վահե Վարդանյան):
Բլոգը որպես ուսումնական տարածք
Բլոգը՝ որպես ուսումնական աշխատանքի նոր կազմակերպում, հնարավորություն է տալիս արդեն կատարված աշխատանքի վրա փոփոխություններ անել, ավելացնել, շտկել և զարգացնել, այսինքն՝ սովորողի ուսումնական գործունեությունը կաշկանդված և սահմանափակված չէ:
- Որպես բաց տարածք տեսանելի է և՛ սովորողին, և՛ ծնողին, և՛ ուսուցչին, և՛ աշխարհին:
- Գնահատվում ու խրախուսվում է աշխատանքը. որևէ մեկնաբանություն սովորողի կատարած աշխատանքին, կամ նյութը ենթակայքում, առաջին էջում հրապարակելու հնարավորությունը ընդգծում է սովորողի աշխատանքի կարևորված լինելը:
Այստեղ կարևոր է, թե ի՞նչ նոր ուսումնական գործիք է, ի՞նչ առավելություններ կարող է տալ այդ նոր գործիքն ուսումնական գործունեության ընթացքում. շատ սովորողներ, կախված խառնվածքից, տարիքային առանձնահատկություններից, միջավայրում կաշկանդվում են խոսել, ամաչկոտ են, զուսպ, անհաղորդ: Սեփական կարծիքն արտահայտելու ցանկություն չեն հայտնում՝ անհարմար զգալով սխալվելուց: Իսկ բլոգն այն հնարավորությունն է, որ թույլ է տալիս արտահայտել մտքերն ու կարծիքները ազատ, անկաշկանդ, չէ՞ որ ընթերցող կա, բայց այդ պահին տեսնող ու լսող չկա: Կան մտքեր, առողջ բանավեճ և քննադատություն, խրախուսանք, ոգևորություն և այլն: Սա կարող է լինել սոցիալականացման առաջին քայլը: Այն հնարավորություն է տալիս երկխոսություն կազմակերպելու, սովորողի կարծիքն իմանալու և, որ ամենակարևորն է՝ ճանաչելու սովորողին: Այն հնարավորություն է տալիս սովորողի հետ գտնել հաղորդակցման եզրեր, նպաստել անկաշկանդ, ազատ, բարեկիրթ և ստեղծագործ անհատ դառնալուն:
Այս տարվա մեր կարևոր ձեռքբերումներից առաջինն ու գլխավորը կարող ենք վստահաբար ասել, որ բլոգի ստեղծումն ու դրա ակտիվ կիրառումն էր մեր ուսումնական գործընթացում:
Իսկ ի՞նչ են հրապարակում մեր կրտսեր բլոգերներն այսօր, երբ արդեն ունեն կարողություններ և հմտություններ այս ասպարեզում՝
Սովորողները պատմում են իրենց արկածների մասին - Սամվել Հարությունյան
Կատարում են նախագծային աշխատանքներ - Արեն Կարապետյան, Մարիա Սուքոյան
Բնագիտական փորձերն են ներկայացնում, որոնք ևս նախագծային են- Ստեփան Ապերյան
Իրենց սիրելի երաժշտությունն են տեղադրոմ և առաջարկում ընկերներին լսել - Աշոտ Թումաղյան
Ստեղծագործում են, հորինում առակներ, հեքիաթներ - Էլեն Բաբայան
Ներկայացնում են իրենց սիրելի զբաղմունքը - Գոռ Ղազարյան
Մեկնաբանում և պատմում են ճամփորդությունները - Արեգ Ղահրամանյան
Անհատական էջեր, որոնք ունեն իրենց ոճն ու ճաշակը, որտեղ սովորողը ազատ ներկայացնում է իր և ընկերների գրածներն ու պատմածները:
- Բացվել է 1865 անգամ