Ձեր կյանքի դպրոցական շրջանը փակվեց...

Հեղինակ: 

Ձեր կյանքի մի շրջան ավարտվեց... 2011-ի սեպտեմբերյան մեկնարկին կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցում, Արհեստագործական ավագ դպրոցում, Ավագ դպրոց-վարժարանում ձեզանից շատերը ստիպված թողել էին իրենց դպրոցն ու հայտնվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Երեք տարի ապրեցիք մի մոլորակում, մի աշխարհում, որ շատ է տարբեր։ Ի՞նչ տվեց այդ կյանքը ձեզ, ձեզնից յուրաքանչյուրին, ինձ, ձեր ուսուցիչներին, ձեր դպրոցին, 2014-2015 ուստարում ձեզ փոխարինող 10-րդ դասարանցիներին. կարևորը դա է։

Դուք պատմում եք՝ ինչպես այդ երեք տարին փոխեց ձեզ՝ ներսն ու դուրսը, ձեր հայացքն ու կյանքը։ Պատմում եք մեդիայում՝ Ձեր անհատական ու ակումբային, խմբային բլոգներում, մեր սիրելի mskh-ում, այս օրերի պարապմունքներում. մի՛ զլացեք. անկեղծ ու շիտակ եղեք։

Դուք էլ երեք տարի անընդհատ կարողացաք փոխել մեր-ձեր աշխարհը, ու հիմա ես գալիս եմ ձեր հետքերով՝ թարմ՝ արձանագրելու ակնհայտը։

  1. Ընդամենը մի քանի օրում ցուցասրահը, այս սրահը, մուտքերը այլ տեսք ստացան. կեցցեք։ Դուք ջնջեցիք սահմաններն իրար ու ձեր դասարանների միջև և ապրեցիք որպես մի մեծ պլեներում՝ Իջևանում, Ստեփանավանում, Թբիլիսում, Շուշիում, կրթահամալիրում՝ իր բոլոր ութ դպրոցներով... Լուսինե Մանուկյանն ու Արման Գրիգորյանը հետևողական եղան։
    Երբ 2012 թ. դեկտեմբերին ձյունոտ Շուշիում էինք, ձեր մի խմբի հետ, մենք իրար հայտնաբերեցինք, և դա շրջադարձային եղավ և՛ Գեղարվեստի, և՛ իմ, և՛ կրթահամալիրի համար։
     

    Գեղարվեստի դպրոցի և հարևան մանկապարտեզի միջև այս գունեղ կառույցը շրջադարձային նախագիծ է մեր ողջ կրթահամալիրի համար։ Ամբողջ ամառ մենք համերաշխ, համատեղ, որպես ճամբարային առօրյա, որպես ուսուցում մեր կրթական պարտեզի մեջ կներառենք մեր բոլոր դպրոցները՝ իրենց բակերով, միջդպրոցական փողոցներով, հարակից տարածքներով...
     

  2. Ես արհեստների դպրոցի ջերմոց-լաբորատորիայում եմ։ Մենք սա էինք ուզում՝ այս հայացքը կյանքին՝ ստեղծողի, արտադրողի, արտադրությամբ սովորողի, արդեն ավագ դպրոցում սեփական քրտինքով ու շնորհքով հացը վաստակելու, մասնագիտության տեր դառնալու, օր առաջ ինքնուրույն լինելու, ընտանիքին նյութապես աջակցելու...  Արհեստագործական ավագ դպրոց-քոլեջի այս տարվա շրջանավարտներին  ասում եմ՝ կեցցեք, դուք բեկում մտցրիք մեր կրթական ծրագրում, մենք ձեր սիրով պատրաստած հացը կերանք, և ծառայությունների մեր կրթահամալիրային շուկան 2014-2015 ուստարում ձերն է։
     
  3. Մեր շրջանավարտներին՝ Ավագ դպրոց-վարժարանին ենք պարտական ակումբային ուսուցման կազմակերպմամբ՝ գիտակների, ընթերցասերների, տիեզերագետների, թարգմանիչների, տնտեսագետների, հայրենագետների, էկոլոգների, երաժշտական, թատերական, TV-ի... իր ակումբային միջավայրով, նախագծերով, ուսումնական պարապմունքի նոր ձևերով, կյանքի հետ գործուն կամուրջներով...  Հիմա, երբ ակումբային պարապմունքների հերթական ու վերջին հինգշաբթին է, երբ Բուն TV-ն գիտակների ակումբի նախաձեռնությամբ սկսել է տեսադասերի շարքը, երբ էկոլոգները եռանդուն պատրաստվում են հանրակրթական 5-րդ ամենամյա էկոտուրին, շրջակա միջավայրի բարեկարգման հերթական ստուգատեսին, ընթերցասերները գրավել են հերթական եթերը, ես գոհունակության զգացում ունեմ, և միասին, կարծում եմ, երախտագիտության՝ ակումբների ղեկավար ուսուցիչների նկատմամբ....

Իմ սիրելի շրջանավարտ 2014, Սեբաստացի՝ որտեղ էլ որ լինես.

  • ճակատիդ քրտիքով վաստակիր օրվա հացը.
  • վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ քեզ հետ վարվեն.
  • արդ կատարյալ եղիր, ինչպես Ուսուցիչն է իմ կատարյալ։ 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский