«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Կոմիտաս չսիրելն անհնար է...

Սեփական փորձով եմ համոզվել, որ երեխաների կրթության և դաստիարակության գործում չափազանց կարևոր է երաժշտության գործոնը: Սովորողի համար երաժշտությունը՝ բացառապես որպես դաս, կարող է առաջացնել պարտադրանքից բխող դիմադրություն, երբեմն՝ անգամ հակակրանք, մինչդեռ երաժշտությամբ ուղեկցվող աշխատանքներն անում է հաճույքով: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողները մասնակցելով տարբեր երաժշտական նախագծերի՝ ենթագիտակցորեն կարողանում են տարբերել որակյալ երաժշտությունն անորակից, սովորում են (կարելի է ասել՝ վարժվում են) լավ տրամադրություն ունենալ լավ երաժշտություն լսելիս, այնպես, ինչպես միմյանց հետ շփվելիս, քաղցր կոնֆետ ուտելիս: Եվ պատահական չէ, որ կրթահամալիրում այնքան կարևորված է և մայիսյան 9-րդ հավաքում իր առանձնահատուկ տեղն ունի երաժշտական կրթությունը։

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային երաժշտական կրթության առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ուղղված է ոչ միայն նախակրթարանի սաներին և դպրոցականներին, այլև դասավանդողներին ու ծնողներին: Կրթահամալիրում երաժշտություն ունկնդրում, երգում ու պարում են բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման: Թերահավատները կարող են ներկա գտնվել, օրինակ, առավոտյան ընդհանուր պարապմունքներին և տեսնել, թե ինչպես են դասավանդողները՝ սովորողների հետ հավասար (երբեմն՝ ավելի եռանդով), երգում-պարում:

Երաժշտական կրթությունն իրականացվում է երաժշտության դասերի, առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիաուրբաթ-համերգների, պարբերաբար կազմակերպվող դասական երաժշտության համերգների, ազգային ծես-տոների միջոցով: Այս ամենին զուգահեռ՝ կրթահամալիրում գործում են արդեն ավանդույթ դարձած ամենամյա երաժշտական ստուգատեսներ, փառատոններ, որոնց պատրաստվում ենք առանձին խնամքով ու մեծ պատասխանատվությամբ. Անտիվիրուս-հակաբացիլ Կոմիտաս, Կոմիտասյան օրեր, Ռոք-ռեփ-փոփ… Մեդիահամերգը՝ որպես անվանակարգ, ներառված է «Հանրակրթական Դիջիթեք» ստուգատեսի ծրագրում, հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքի ստուգատեսներում: Սովորողն ունի սեփական ընտրության հնարավորություն. կարող է մասնակցել ցանկացած ստուգատեսին կամ փառատոնին:

Մեր կրթահամալիրի դեպքում Կոմիտաս չսիրել կամ չհասկանալ «չի թույլատրվում»... Դա չի կարող հանդուրժել մեր կրթահամալիրի լավագույն բարեկամներից մեկը՝ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: Ի դեպ, նա դեռևս աշնանը հերթական անգամ կրթահամալիրում էր: Տարբեր դասարաններում երաժշտության դասաժամերին մասնակցելուց հետո խստապահանջ մաեստրոն հայտնեց իր հիացմունքը և անգամ ավելորդ չհամարեց դասապրոցեսը տեսագրելն ու համացանցում տարածելը: 

Երաժշտության պարապմունքները, անհատական և խմբային համերգները, ծեսերը տեսագրելն ու տարածելը ևս ուսումնական ծրագրային աշխատանք է, դրա կարևոր բաղկացուցիչը: Ծանոթացեք մայիսյան 9-րդ հավաքի շրջանակներում ներկայացված «Մեդիահամերգ» ստուգատեսին, որն իր ծավալով ու տեսակով առաջինն է: Ստուգատեսի նպատակն է ի մի բերել, ամբողջական տեսքով ներկայացնել, գնահատել և ամփոփել երաժշտական կրթությանն առնչվող կրթահամալիրային բոլոր ծրագրերն ու նախագծերը՝ կենդանի կատարումներով և մեդիատարբերակներով: Սա հրաշալի խթան է ավելի կոկիկ պատրաստվելու, փայլուն ներկայանալու, ելույթները տեսագրելու-ձայնագրելու, դրանք լուսաբանելու, տարածելու համար:

Ուշագրավ է կրթահամալիրում երաժշտության նկատմամբ անընդհատ ավելացող հետաքրքրությունն ու վերաբերմունքի լրջությունը: Այդ մասին են փաստում երաժշտական կրթության միջավայրի պարբերական փոփոխությունները, նորամուծությունները: Գործող մանկական և ուսուցչական «Սեբաստացիներ» երգչախմբերին նախորդ տարվա սեպտեմբերից միացավ պատանեկան երգչախումբը: Երաժիշտ և երաժշտասեր սովորողներին միավորեց երաժշտության նորաստեղծ լաբորատորիան: Այս տարի կրթահամալիրի բոլոր դպրոցները համալրվեցին դաշնամուրներով: Կրթահամալիրի 5 նախակրթարանների խմբասենյակներում դաշնամուր է դրված, սովորողներն ու դաստիարակները ստեղծել-գործածում են իրենց շրխկանները։ Կրթահամալիրի տնօրինությունը վճռական է չորս կրտսեր դպրոցներում «Իմացումի հրճվանք» ծրագրի (1-3-րդ դասարաններ) կաբինետներում ևս ապահովել երաժշտության ուսուցման այդ միջավայրը. դասարանների մեծ մասում արդեն դաշնամուր կա։ Այս պայմաններում հնարվոր է դարձել նաև երաժշտական լրացուցիչ կրթության կազմակերպումը հենց կրտսեր դպրոցներում, դասարաններում: Նոր դասավանդող մասնագետ երաժիշտները թարմություն բերեցին կրթահամալիր: Ավագ դպրոցում երաժշտության լրացուցիչ կրթությունը ներառվեց սովորողի անհատական ուսումնական պլանում։ Այս տարի փորձարկվում է երաժշտական լրացուցիչ կրթության արդյունքների ներկայացումը կրթահամալիրում՝ որպես նոր ուսումնական տարվա համար ուսումնառության պայմանագրով որոշված պարտավորություն: Պարբերական համերգների կազմակերպումը ուսումնական նախագիծ է, որին մասնակցում են թե՛ կրթահամալիրի, թե՛ այլ երաժշտական դպրոցներ հաճախող սովորողները:

Այս աշխատանքում կարևոր է ոչ միայն դասավանդող երաժշտի, այլև դաստիարակի և դայակի, դասվարի, կազմակերպչի մասնակցությունն ու գործուն աջակցությունը. պրոցեսը սովորողների համար հրապուրիչ դարձնել, ստեղծել խմբեր, նշանակել փորձեր, տեսագրել կատարված աշխատանքն ու կազմակերպչական այլևայլ հարցեր… Մեր նախորդ հոդվածներում արդեն անդրադարձել ենք համերգների՝ որպես ուսումնական նախագծի կազմակերպմանը, խնդիրներին, կազմակերպչական հարցերին, բացթողումներին, ձեռքբերումներին: Մեդիահամերգ-ստուգատեսի կենդանի համերգը սովորող ունկնդրին հնարավորություն է տալիս հանդես գալ որպես կատարող երաժիշտ, հետևաբար ծանոթանալ բեմական էթիկային, մասնագիտական որոշ նրբությունների, առավել պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին: Մյուս կողմից` չափազանց կարևոր է ոչ միայն գրագետ կատարողների, այլև «գրագետ» ունկնդիրների պատրաստումը: Անտեղի ծափահարությունները, մաստակ ծամելը, զրույցը (անգամ՝ շշուկով), անցուդարձը, անտարբեր հայացքով աջուձախ նայելը՝ ցուցադրելով, թե որքան ձանձրալի է համերգը, խոսում է նրա մասին, թե որքան գործ ունենք դեռ նաև այս ոլորտում: Իրենց կրտսեր և ավագ ընկերներին բարեկրթորեն ունկնդրելու, կարգուկանոն պահպանելու, միմյանց աշխատանքը հարգելու ու գնահատելու կարողությունը դաստիարակում է նաև կարևոր այլ հատկանիշներ: 

Հունիսի 2-ին «Անտիվիրուս-հակաբացիլ Կոմիտաս» ստուգատեսն է. ստուգեք-տեսեք՝ ինչպես է տարեցտարի ավելի վստահ ու սիրով Կոմիտաս երգում կրթահամալիրի սովորողը, դասարանը, դպրոցը, ողջ կրթահամալիրը։ 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский