Իմացության և չիմացության սահմանին

Ցանկացած համակարգում, հատկապես կրթական, գործող միասնականին այլընտրանքի առկայությունը միտված է առավել ամբողջական և առողջ դարձնելու համակարգը: Սա հատկապես բնորոշ է հասարակագիտության ոլորտին, որտեղ, որպես կանոն, աքսիոմատիկ ճշմարտություններ չեն լինում:

Սույն հոդված-ամփոփման մեջ, ես կխոսեմ «Վերընթերցելով պատմության դասագիրքը» նախագծի մասին, որը հնարավոր եղավ իրականացնել Բուն թիմի հետ համագործակցության արդյունքում: Նախագծի հղացումը, մեկնարկը և իրականացումը ունի իր նախապատմությունը: Պատմության դասավանդման, մատուցման, բովանդակային և դասագրքային խնդիրներին անդրադարձ էր կատարվել իմ նախորդ  «Անցյալի խորխորատներում», «Սահմանափակ հերոսի ընկալումը պատմության դասագրքերում. դասագիրք, թե…» հոդվածներում և Բուն TV-ի «Խեղաթյուրված պատմության դասագիրքը` որպես քաղաքական գործիք» հաղորդման մեջ: Հատկապես վերջինն առաջացրեց բուռն քննարկումներ և տեսակետների բախում համացանց տիրույթում: Ըստ այդմ, եղան հիմնավորված և չհիմնավորված տեսակետներ, ինչպես նաև առաջարկություն` հայոց պատմության առցանց դասեր կազմակերպելու: Միտքը կար վաղուց: Սակայն ինչպե՞ս: Բովանդակային ծավալուն տեքստեր հրապարակելը կփոխեր ինչ-որ բան, բայց այդ փուլի համար նպատակահարմար չէր, նոր դասագիրք գրելու հայտ ներկայացնելն ի սկզբանե դատապարտված էր, քանզի հայտնի է, թե ինչպես են անցկացվում այդ մրցույթները: Եվ հանգեցինք տեսադասերի տարբերակին`ընտրելով հատկապես այն թեմաները, որոնք մեր սուբյեկտիվ կարծիքով ունեն լրացուցիչ լուսաբանման կամ այլ մոտեցման կարիք:

Որպես մասնագետ, իմ ներդրումը եղավ կոնկրետ թեմաների շուրջ աշխատելը: Տեղեկատվական և իմացական բազան կար, սակայն նման մասշտաբի հայտով հանդես գալը բավականին դժվար էր: Ուստի պետք էր մեկ անգամ ևս նայել աղբյուրները, հրապարակումները, մամուլը, ինչու չէ,  նաև դասագրքերը: Սխալվելու «հնարավորություն» միշտ էլ կա: Սակայն պետք էր լիովին հիմնավորված խոսք կիրառել, առավել ևս, եթե հաշվի ենք առնում պատմության՝ շատ դեպքերում միֆականացված ընկալումը հասարակության որոշ խմբերի կողմից, կարծրատիպերի առկայությունը [1]: Հատկանշական է նաև չիմացությունը կամ չստուգված տեղեկությունը այլոց պարտադրելը, հատկապես այն դեպքերում, երբ լսում են տրամագծորեն հակառակ տեսակետ, ոչ պակաս հիմնավորված պատմական աղբյուրներով: Մի խոսքով՝ ասելիքը պետք է լիներ մինչև վերջ հիմնավորված, և կարծես թե ստացվեց: Սրանից զատ, վերջին տարիների ընթացքում, ամենատարբեր հարցերի վերաբերյալ ակադեմիական շրջանականերից դուրս լինում են հրապարակումներ, քննարկումներ, որոնց մասնագետը անպայման պետք է ծանոթա, ինչքան էլ դասագրքի հեղինակները շրջանցեն դրանք: Բավականին բարդ էր նաև խմբի հետ աշխատելը, քանի որ խումբը տարատարիք էր:

Սովորողների մասնակցությունը նախագծին

Սովորողների հետ քննարկվեց և մշակվեց բովանդակային մասը, եղան թեմաների առաջարկներ հենց սովորողների կողմից: Այս առումով բավականին ծավալուն աշխատանք կատարեց կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի այս տարվա շրջանավարտը՝ պատմության խորացված խմբի սովորող Աիդա Գրիգորյանը:

Այնուհետ ընտրվեց մասնակից սովորողների կազմը` հիմնականում կրթահամալիրի Գիտակների ակումբից: Սովորողները նախապես ծանոթանում և մասնակի ուսումնասիրում էին ներկայացվող թեման, վերջնափուլում հանդիսանում էին ակտիվ մասնակիցը տեսադասերի:

Մեծ հաշվով սա միջոց էր սովորողների և ոչ միայն նրանց համար ծանոթանալու այլ տեսակետի, որը պակաս հիմնավորված չէ, քան դասագրքայինը, բայց դուրս է դասագրքային շրջանակներից:

Հասարակական ընկալում և վերաբերմունք

Այս կետին անդրադառնալը թերևս ամենաբարդն է: Դրական կարծիքներին կամ արձագանքներին չեմ անդրադառնա: Ավելի շատ կխոսեմ բացասականորեն արտահայտված տեսակետների մասին: Նախ նշեմ հետևյալը. այս ամբողջ նախագծի ընթացքում, բովանդակային առումով, միայն մեկ կարծիք եմ ստացել, որի հեղինակը կարողացավ ինձ համոզել, որ հավասարակշռություն է խախտվել: Մնացած բոլոր տեսակետները եղել են կա՛մ անձնական վիրավորանք (դա խոսում է լսարանի մի որոշակի հատվածի անկրթության մասին), կա՛մ այս կամ այն պատմական դեմքի կամ իրողության իրավաբանի դերի ստանձնում, անշուշտ`առանց որևէ փաստարկի (սա առավել ևս հիմնավորում չունի): Սակայն հարկ է փաստել, որ ես պատմաբան եմ, ոչ թե գեղագետ ու պարտավորված չեմ բոլորի էսթետիկական կարիքները բավարարել: Ինչ մնում է հաղորդումներում հնչեցրած տեսակետներին կամ կարծիքներին, ապա յուրաքանչյուրը պատրաստ եմ ապացուցել աղբյուրներով, փաստերով և ոչ միայն: Վերոնշյալ դրսևորումները հատկապես շատ էին այն թեմաների ժամանակ, որոնք մոտ էին մեր օրերին, կամ վերաբերում էին «նուրբ» ոլորտի, ինչպիսին քրիստոնեության հաստատումն էր: Դա բնական է: Հաշվի առնելով և հասկանալով հասարակական որոշակի շերտերի հուզականությունը, որոշ փաստերից անտեղյակ լինելը և պարզապես չիմացությունը, ոչ միայն ես չանդրադարձա այդ տեսակետներին, այլ նաև խնդրեցի նույնը անել այն մարդկանց, ովքեր պատրաստ էին հակադարձելու: Ի վերջո մենք խնդիր էին դրել ստեղծելու ուսումնական այլընտրանքային փաթեթ, ոչ թե հանդես գալու անանուն բամբասանքների դաշտում: Կարծում եմ, մեր խնդիրը լուծեցինք:

Թերացումներ և բացթողումներ

Էական խնդիր կար լսարանի առումով, և դա բնական է. մենք գործ ունենք դպրոցական միջավայրի, ոչ թե ակադեմիական իրողության հետ, ուստի նորմալ եմ համարում այն հանգամանքը, որ մասնակիցների մեջ հսկայական իմացական և տրամաբանական տարբերություն կար: Սա ստիպում էր խոսքը կառուցել տարբեր մոտեցումներով. նույն տեքստը կարող էր ոմանց համար ընկալելի չլինել, իսկ ոմանց էլ շատ պարզունակ թվար:

Որոշ թեմաներ ընտրելիս հաշվի չէինք առել դրանցից ծագող ենթաթեմաները և հնարավոր հարցադրումները (օրինակ Լենինի և Ստալինի վարած հակահայ քաղաքականությունը): Այդ իսկ պատճառով, ստացվեց այնպես, որ ստեղծվեց ոչ ամբողջական ներկայացման կամ մատուցման տպավորություն: Մյուս կողմից, եթե ներկայացվեր ամբողջական և շատ, դա չէր դիտվի օգտատերերի կողմից, քանզի փորձը ցույց է տալիս, որ խելամիտ է առավելագույնը 30 րոպե անել հաղորդումը:

Արդյունքի կիրառելիությունը

Կարծում եմ այս տեսադասերը կարող են օգտագործվել պատմության դասաժամերին (ոչ միայն հանրակրթական դպրոցներում. որոշ հաղորդումներ, կարող են կիրառել նաև բուհական միջավայրում, օրինակ` քրիստոնեության հաստատումը մշակույթի ոչնչացման ճանապարհով, Պավլիկյան և Թոնդրակյան շարժումներ): Կարող է ծառայել որպես տեղեկատվության աղբյուր այն շահառուների համար, ովքեր փնտրում են այլ տեսակետներ և հիմնավորումներ (ինչքանով տեղեկացված եմ, որոշները քննարկվել և ցուցադրվել են UCLA հայագիտության ամբիոնի դասընթացներին):

Այս ամենով հանդերձ, կարծում եմ, որ նախագիծը կայացավ իր ձևի մեջ, տվեց նաև զարգացումների հեռանկար: Այս պահին ունենք շարունակելու մի քանի տարբերակ, որ կհրապարակենք սովորողների հետ քննարկելուց և այս հատվածը ամփոփելուց հետո:

__________________

[1] Օրինակ` Պատկերազարդ պատմության գրքերից մեկում նշվում է, որ Մամիկոնյան տոհմը Չինաստանից է, քանի որ եկել են Ճենաց աշխարհից: Չնայած այն հանգամանքին, որ այս տեսակետը վաղուց հերքվել է և ապացուցվել, որ Ճենաց աշխարհը Հյուսիսային Կովկասում է, այնուամենայնիվ հասարակության մի զգալի խումբ ուզում է հավատալ և հավատում է պատմական միֆին:

Վերընթերցելով պատմության դասագիրքը

  1. Տրդատ 1-ին և կողմնորոշման խնդիրը

  2. Քրիստոնեության հաստատումը մշակույթի ոչնչացման ճանապարհով
  3. Պավլիկյան և Թոնդրակյան շարժումները
  4. Արշակ II և Պապ թագավոր
  5. Վարդանանք և Վահանանք. իրականության զուգահեռներ
  6. Կիլիկիան որպես արևմտյան պետության մոդել
  7. Հայկական սփյուռք
  8. Դավիթ Բեկի իշխանությունը որպես պետության կայացման մոդել
  9. Ռուսական գաղութատիրությունը և Հայաստանը
  10. Անհատի դերը պատմության մեջ
  11. Լենինի և Ստալինի վարած քաղաքականությունը հայերի հանդեպ
  12. Մշակույթի և քաղաքակրթական ընկալումների պարտադրանքը ռուսական միջավայրի կողմից
  13. Առաջին հանրապետության թնջուկը
  14. Խմբակներից մինչև կուսակցություններ.մութ էջեր
  15. Ազգային հարցը և ԽՍՀՄ կործանումը
  16. Երրորդ հանրապետության կայացումը և լուսաբանումը արդի լրատվամիջոցների կողմից

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский