Կրթություն-ինքնակրթություն

Նախագծի  տևողություն։ Մեկնարկ՝  մինչև հեղինակային կրթական ծրագրի աշնանային 9-րդ հավաք,  ավարտ՝  հեղինակային կրթական ծրագրերի մայիսյան 10-րդ հավաք։

Նախագծի մասնակիցներ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի 9.1, 8.1, 8.2, 8.3 դասարանների սովորողներ։ 

Մեկնարկային  նյութը՝ Ուսուցման կազմակերպումը առանց տնային պարտադիր աշխատանքի։

Նախագծի իրականացման ընթացքում կդիտարկվի և հոդվածի տեսքով կներկայացվի ուսուցման կազմակերպման նոր ձևի մեթոդական նկարագրությունը։

Որպես սկիզբ

Միշտ ասել եմ ու էլի եմ ասելու՝ մի բան է ասելն ու գրելը, լրիվ այլ բան՝ փորձարկելն ու կիրառելը, ասել է թե՝ գրածը կյանքի կոչելը: Ցանկացած պուպուշ  ծրագիր, գաղափար կամ նախագիծ ոչինչ չարժեն, եթե իրականություն չեն դառնալու: Իսկ նման ծրագրերը, որպես կանոն, հիմնականում չեն իրականանում հետևյալ պատճառներով՝ դրանց իրագործման ուղիներն ու մեխանիզմները կա՛մ մատնանշված չեն, կա՛մ էլ լղոզված են՝ անդեմ, անհստակ ու առանց որոշակի շեշտադրումների:

Իսկ եթե համառ ջանքերի ու գործադրած նյարդերի գնով, այնուամենայնիվ, մի կերպ իրականանում են էլ, ապա ակնհայտ կիսատ-պռատ են ու ձևական՝ խոսքի ու գործի հակասությամբ ու անհամատեղելիությամբ:

Հավանաբար, այս հանգամանքն էր պատճառը, որ ինչքան էլ պատկերացնում էի դեռ անցյալ ուսումնական տարվա վերջում արածս ու գրածս, միևնույնն է, մշուշոտ մտավախություն ունեի ուսուցման կազմակերպման նոր ձևին վերջնական ու անդարձ անցում կատարելուց առաջ: (Առաջ անցնելով ասեմ՝ նախագծի իրականացման հենց առաջին օրերին արդեն պարզ էր, որ անհանգստությունս հիմքեր չունի):

Նախագծի սկիզբ՝ մեկ պարապմունքի նկարագրությամբ

Սովորողները նախ ընդհանուր կերպով ծանոթացան «Հայոց լեզու, գրականություն» ծրագրին, ծրագրի բովանդակային միջուկինգնահատման համակարգին, ներբեռնեցին անհրաժեշտ թվային դասագրքերը: Այնուհետև ներկայացվեց սեպտեմբեր ամսվա առաջադրանքների փաթեթը:

Նման նախապատրաստական աշխատանքը կարևորում եմ, որովհետև կարծում եմ, որ սա հնարավորություն է տալիս նախապես ծանոթանալու կատարելիք աշխատանքի ծավալին՝ պատկերացնելու համար անելիքը:

Պարապմունքի առաջին 5-10 րոպեների ընթացքում սովորողները ծանոթանում են կոնկրետ այդ օրվա իրենց անելիքին, հարցերի միջոցով որոշակի ճշտումներ անում, այնուհետև տրվում է ժամանակ: Կապված առաջադրանքի կատարման ժամանակատարությունից ու աշխատատարությունից՝  ժամանակը տատանվում է 20-ից 25 րոպե: Անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու դեպքում սովորողները դիմում են ուսուցչի օգնությանը: Պարապմունքի ավարտին՝ 5-10 րոպե, ներկայացվում է կատարված աշխատանքը:

Առաջին դրական բայցը

Բայց այստեղ մի «բայց» կա, հետն էլ, ի տարբերություն «բացասական բայցերի»՝ հոգեբանական նրբերանգով «դրական բայց»: Բանն այն է, որ պարապմունքի ընթացքում սովորողները փորձում են ավարտել իրենց դասարանական աշխատանքը՝ անցնելով տնային աշխատանքի կատարմանը: Սա բավական լուրջ խթան է, որի արդյունքում դասի արդյունավետությունը կտրուկ բարձրանում է: Սովորողը շահագրգիռ է հասցնել ու ավարտել իրեն տրված աշխատանքը, որպեսզի տանը ազատ լինի:

Երկրորդ դրական բայցը

Ամեն ինչ լավ է. ուսուցիչը գոհ է ուսուցման կազմակերպման այս կերպից, որովհետև սովորողները դասարանում աշխատում են, իսկ սովորողներն էլ գոհ են, որովհետև վերջապես ազատվում են տնային աշխատանք կոչվածի հոգսից: Բայց այստեղ մի «դրական բայց» էլ կա: Բանն այն է, որ ուսուցիչը նախապես հայտարարել է՝

  • Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն հասցնի դասի ընթացքում կատարել ու ավարտել նախատեսված աշխատանքը, դա կարող են անել տանը, պայմանով, որ մինչև շաբաթվա վերջը կլրացնեն բացթողումները: Երկուշաբթի օրերին, մեկ առ մեկ դասարանում բացվում են բոլորի՝ Google տիրույթում տեղադրած տետրերը՝ ամփոփելու համար մեկշաբթյա աշխատանքը:
  • Իսկ նրանք, ովքեր դասի ընթացքում կհասցնեն ու կավարտեն աշխատանքը, տանը ազատ կլինեն: Միայն թե, եթե ուզում են, որ իրենց գնահատականը, ի տարբերություն առաջինների՝  ավելի բարձր լինի, պարտադիր չէ, բայց շատ էլ ցանկալի է, որ զբաղվեն ինքնակրթությամբ՝ լրացուցիչ կարդան, թարգմանեն, վերլուծեն, բլոգավարությամբ զբաղվեն և այլն:

Երրորդ, թերևս, ամենամեծ  դրական բայցը

Ուսուցման կազմակերպման այս ձևի ամենամեծ առավելությունը, իմ կարծիքով, ինքնակրթության կազմակերպումն ու խրախուսումն է՝ դրանից բխող բոլոր առավելություններով. ինքնակազմակերպվածությամբ ու դիտարկելի գործունեությամբ, ինքնագնահատումով ու սեփական արդյունքների վերանայմամբ ու էլի լիքը, տեսանելի ու անտեսանելի որակներով:

Ինքնակրթության արդյունքը մարդու՝  որպես անհատի ձևավորումն է, իսկ մարդու կատարելագործումն ու զարգացումը միշտ էլ տեսանելի է: Այն հարուստ ու հետաքրքիր է դարձնում  ոչ միայն ինքնակրթություն իրականացնող անհատին, այլև շրջապատին՝ փոխանցելով կարևոր որակներ:

Սա է, չէ,՞ մեր ուզածը, բայց…

Իրավիճակի նկարագրություն

Խոսքը վերաբերում է դպրոցում այսօր գրանցված վիճակին։

Մի կողմից՝ հայտարարում ենք, որ տնային աշխատանք չի լինելու, մյուս կողմից՝ անում ենք ճիշտ հակառակը՝  հանձնարարում ենք այդ աշխատանքը:

Մի կողմից՝ ասում ենք, որ սովորողը այսուհետ ազատ ժամանակ է ունենալու՝  իր նախասիրություննները զարգացնելու ու հետաքրքությունները բավարարելու համար, բայց  մյուս կողմից՝ լրացուցիչ կրթություն ենք իրականացնում՝  սպառելով սովորողի ժամանակը:

Միով բանիվ՝  հա՛մ շատ ուզում ենք, որ սովորողը դպրոցից դուրս ինքը տնօրինի իր ազատ ժամանակը, հա՛մ էլ նրանից խլում ենք այդ ժամանակը:

Բավական է մեր էլեկտրոնային գրասենյակում ծանոթանալ տնային աշխատանք «պահանջողների» ընդհանուր ցուցակներին և առաջին հայացքից էլ պարզ է դառնում, որ մենք փաստացի ունենք նույն պատկերը, ինչ ասենք՝  նախորդ տարիներին. դասարանում ընդամենը մի քանի հոգի է հրաժարվում տնային աշխատանք ունենալուց:

Բա ո՞նց անենք: Շարունակե՞նք ասել մի բան, անենք ուրիշ բան, ներկայացնենք մեկ այլ բա՞ն, հա՞…

Չէ՝ կասեք Դուք: Տնային աշխատանք չե՛նք տալիս, իրականացնում ենք լրացուցիչ կրթություն: Հա՞ որ…

Եթե ինքնակրթություն, ապա լիարժեք ու լիակատար

Եթե մենք գնանք լրացուցիչ կրթության հետևից, այն է՝  տնային աշխատանքը որպես լրացուցիչ կրթություն կազմակերպելու ճանապարհով (թող ներվի համարձակությունս), մենք ժամանակ տանուլ կտանք, իզուր նյարդեր ու ապարդյուն ջանքեր կկորցնենք։ Պատճառաբանեմ։ 

  • Լրացուցիչ կրթությունը ենթադրում է մասամբ կամ մասնակի ինքնակրթություն. դասավանդողն է որոշում ՝ ինչ պիտի կարդա, ինչպիսի առաջադրանքներ պիտի կատարի սովորողը:
  • Պարզից էլ պարզ է՝ լրացուցիչ կրթության պատվիրատուն ոչ թե սովորողն է, այլ ծնողը: Ծնողն է որոշում՝  որ առարկաներից ինչ առաջադրանքներ պիտի ստանա իր երեխան: (Բան չեմ ասում, պարզապես փաստն եմ արձանագրում):
  • Հույսը դնելով լրացուցիչ կրթության վրա՝ սովորողը սկսում է դասարանում լավ չաշխատել, իսկ տանը արածն էլ, սովորաբար, լիարժեք չի լինում (վկա՞ն՝ նախորդ տարիների պատկերը):
  • Անվերահսկելի է լրացուցիչ կրթություն իրականացնող դասավանդողների՝ սովորողներին ուղարկած առաջադրանքների որակն ու ծավալը, ստուգումն ու գնահատումը:
  • Տեսանելի չեն լրացուցիչ կրթություն իրականացրած դասավանդողների վարձավճարի չափն ու այն ձևավորող չափանիշները:
  • Լրացուցիչ կրթություն ասվածը ամենախորքում (ավելի կամ պակաս) նույն տնային աշխատանքն է, ասել է թե՝ գումարելիների տեղափոխումից գումարը չի փոխվում:

Լրացուցիչ աշխատանք

Լրիվ այլ բան է լրացուցիչ աշխատանք ասվածը: Այո՛, սովորողին անհրաժեշտ է այս տիպի աշխատանք։

  • Այն սովորողները, որ դասին բացակա են եղել կամ ինչ-ինչ պատճառներով դասարանում չեն իրականացրել կամ չեն հասցրել ավարտել գործը, այսպես, թե այնպես այդ աշխատանքը կատարում են տանը եղած ժամանակ:
  • Շատ հաճախ դժվար, եթե չասեմ՝ անհանար է գրական այս կամ այն ստեղծագործությունը կարդալ-ավարտել կամ բանաստեղծությունը անգիր սովորել մեկ պարապմունքի ընթացքում: Իսկ մի քանի պարապմունքի ժամանակը շարունակ տրամադրել գրական նույն ստեղծագործության ընթերցանությանը կամ անգիր անելուն՝  նպատակահարմար չէ, ավելին՝ ձանձրալի է:
  • Լրացուցիչ աշխատանքի կարիք է լինում, երբ երկուստեք՝ սովորողի և դասավանդողիհամատեղ համաձայնությամբ, իրականացվում է որևէ նախագիծ, ուսումնասիրություն կամ էլ հետազոտական բնույթի աշխատանք:

Ավարտում եմ

Գիրս ավարտում եմ հռետորական հարցադրումով՝ եթե մի դեպքում դասավանդողն է որոշելու սովորողի անելիքը՝  կարդալիքն ու գրելիքը, մյուս դեպքում՝ ծնողը, բա ո՞ւր մնաց ազատ կամքով մարդը՝ սովորողը:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский