Ձայնագրիչը լեզվագործունեության գրավիչ «խաղալիք»
Primary tabs
Մայրենի լեզվի դասավանդումը կրտսեր դպրոցում, այլ կերպ ասած՝ խոսքի մշակույթը, տասնյակ տարուց ավելի, իմ աշխատանքային ուսումնասիրության առարկան է դարձել: Իմ այս մեթոդական-պատումի դրդապատճառը մի խումբ ծնողների հարցադրումն է: Մենք՝ կրթահամալիրի դասավանդողներս, սովորողների ուսումնական գործունեությունը ծրագրելիս և վարելիս հաճախ ենք հանդիպում ծնողների համառ դիմադրությանը. նրանք կարծում են, թե մայրենի լեզուն յուրացնելու համար ուղղագրական ու քերականական կանոն-սահմանումների ուսուցումը խիստ պարտադիր է: Իմ աշխատանքային փորձի, տարբեր հետաքրքրություններ և ունակություններ ունեցող սովորողների դիտարկման արդյունքում համոզվել եմ, որ մայրենի լեզուն ճանաչելու, լեզվական գործունեության նոր հմտություններ յուրացնելու և զարգացնելու ամենակարճ ճանապարհը խոսքի տարբեր, դասական, օրինակելի դրսևորումները կարդալն է և խոսք կազմելը՝ դրան հետևելով, այսինքն՝ խոսքի մշակումը, այն անընդհատ հղկելու կարողության ձևավորումը: Սա անավարտ մի գործընթաց է, որ ուղեկցում է մեզ ողջ կյանքի ընթացքում: Ահա՝ ինչու մեր դասընթացի ծրագրով սահմանված է նպատակը՝ մտավոր աշխատանքի՝ լեզվագործունեության արդյունքում բանավոր ու գրավոր խոսքի կատարելագործումն է: Մտքի ծնունդը ստեղծագործական աշխատանք է, խոսքը՝ միտքը արտահայտելու գործնական կարողություն: Ոչ մի պարտադրանք կամ սահմանում չի կարող գործնական հմտություն փոխանցել մարդուն, առավել ևս՝ երեխային: Ուստի լեզուն յուրացնելու ամենաարդյունավետ միջոցը, այն ինչպես խաղալիք՝ շարունակ գործածելով, խաղալով, քանդելով ու հավաքելով ուսումնասիրելն է:
Մայրենի լեզվի դասերին ձայնագրիչի գործածությունը ինձ հենց այսպիսի մի գրավիչ խաղ է հիշեցնում: Խաղ, որի արդյունքում բազմաթիվ խնդիրներ են հաղթահարվում և ուսումնական ամենատարբեր նյութեր ստեղծվում:
Իմ փորձից
Այս տարի կրթահամալիրի Դպրոց-պարտեզում ղեկավարում եմ լրագրողական ակումբը: Մեր լրագրողական խումբը պետք է ապահովի Դպրոց-պարտեզում տարիներ շարունակ գործող «Գույն» ռադիոյի թողարկումները: Ընդամենը մեկ շաբաթ առաջ մեր խմբում ընդգրկված էր չորս սովորող: Իմ ոգևորված ու ակտիվ սովորողների աշխատանքի շնորհիվ այժմ ակումբի անդամների թիվը քառապատկվել է: Մեր ոգևորված ու բուռն քննարկումները, ձայնագրիչի օգնությամբ հարցազրույցների վարումը համալրեցին ակումբը նոր սովորողներով: Համոզված եմ, որ նրանց համախմբող հիմնական գործոնն ակտիվ աշխատանքն է՝ ինքնուրույն գործելու ու ինքնադրսևորվելու նոր հնարավորությունը:
Գործնական մայրենի լեզու
Աշխատանքային փուլեր
Ռադիոնյութը պատրաստելուց առաջ վերլուծում ենք մեր առօրյան, խոսում մեզ հուզող կամ չհուզող հարցերի, իրադարձությունների ու երևույթների մասին: Հետո ընտրում ենք այն թեմաները, որոնցով կցանկանայինք քննարկում-զրույց ծավալել, լուծումներ առաջարկել: Այդպես մշակվում են ռադիոհաղորդում-ուսումնական նախագծերը։ Օրինակ՝ մեր առաջին ռադիոնյութի թեման կրթահամալիրում, դպրոցում ընդհանուր պարապմունքների ժամի փոփոխությունն է: Քննարկման մասնակիցները դասավանդողներն ու սովորողներն են:
Աշխատանք արդեն ընտրված թեմայով: Անհատական կամ խմբային աշխատանքի արդյունքում պատրատում ենք նախաբանը, անհրաժեշտության դեպքում գրի առնում, ապա ընթերցում մեր բոլոր գրառումները, որից հետո ընդհանրական, ամբողջական տեքստ ենք պատրաստում: Պարտադիր չէ, որ խմբի բոլոր անդամները նույն թեմայով աշխատանք ծավալեն: Սովորողը կարող է հաղորդման մեջ իր անհատական թողարկումը պատրաստել, որևէ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես գալ: Կարելի է միաժամանակ մի քանի թեմայով աշխատել կամ նույն տեղեկությունը տարբեր տեսանկյուններից վերլուծել: Ամեն պարապմունքի մենք նոր իրավիճակների ենք հանդիպում և նոր լուծումներ գտնում: Ամենակարևորը համագործակցությունն է ու ոգևորությամբ առաջնորդվելը:
Երբ թեման առաջադրված, ներկայացված է, սկսում ենք գրի առնել հարցազրույց ծավալելու համար նախատեսված հարցադրումները: Իրար լսելուց հետո, ընտրում ենք ամենահետաքրքիր, անսպասելի ու դիպուկ հարցերը: Ճիշտ հարցադրումներ անելու հմտությունների մշակումը շատ կարևոր է, դրանից շատ բան է կախված: Աշխատանքի այս փուլում մենք մի շարք հմտություններ ենք ձեռք բերում՝ զրուցակցին դիմելու ձևից սկսած, մինչև պահի թելադրանքով ծնված, դիպուկ հարցադրումներ անելու կարողության ձևավորումը:
Արդեն մշակված նյութի ձայնագրությունը մեր աշխատանքի ամենազվարճալի հատվածն է: Սովորողներն իրենց ընտրությամբ բաժանում են ասելիքը, ձայնագրում, բազում անգամներ շտկում, հղկում լեզվական կամ արտասանական թերությունները: Ծիծաղում սեփական ու, ինչու չէ, ընկերների սխալների վրա, հետո շտկում, ջնջում, նորից ձայնագրում... ու այս ամենը տասնյակ անգամներ, առանց նեղացկոտության ու ավելորդ լարվածության: Ինձ ինչ է մնում անել, քան դիտորդի դերում հիանալ իմ սաների համառությամբ ու ինձ համար մինչ այդ անծանոթ ջանասիրությամբ: Դժվար թե առանց ձայնագրիչի հնարավոր լիներ այսպիսի աշխատանք կատարել:
Դե, իսկ հարցազրույցի կազմակերպումը կատարվում է ձայնագրիչով կամ թվային խցիկով զինված լրագրողների միջոցով։ Նրանց դուր է գալիս «պապարացի» լինելը. շրջում են անհրաժեշտ տարածքում՝դպրոցում, բակում, փողոցում և ձայնագրում, ֆոտոնկարում են պատահած «զոհին» և աշխատանքը ավարտած համարելուն պես, նշված ժամանակատվածում վերադառնում: Այս աշխատանքը կարող ենք և հաճախ կազմակերպում ենք ակումբային գործունեության ժամանակահատվածից դուրս: Սովորողի ցանկությամբ՝ սա տնային առաջադրանքի մի տարբերակ է:
Արդեն ձայնագրված նյութի ունկնդրումն ու մոնտաժումը մեր աշխատանքի ամենասպասված պահն է: Չգիտես ինչու, այն տղաներին ավելի շատ է հետաքրքրում: Առաջին հայացքից տեխնիկական թվացող այս գործընթացը նույնպես լեզվական կենտրոնացած աշխատանք է պահանջում. պետք է ուշադիր լսել հնարավոր բոլոր խոտաններից ազատվելու համար:
Ի դեպ, այս գործընթացի տիրապետումը մեզ մղում է նոր ու առավել հագեցած մոնտաժային ծրագրերի ուսումնասիրմանը, երաժշտական ձևավորումը՝ համապատասխան ու հետաքրքիր երաժշտություն ընտրելու, իսկ նյութի հրապարակումը մի շարք տեխնիկական հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությանը: Մի խոսքով, ընթացքն է պայմանավորում գործունեության արդյունքը:
Առջևում շատ նախագծեր ու անելիքներ ունենք: Աշխատանքի ընթացքը մշտապես մղում է մեզ նոր բացահայտումների ու ինքնակատարելագործման:
- Բացվել է 5036 անգամ