Երեք նախագիծ

Հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական հավաքին ներկայացրել եմ երեք նախագիծ, որոնց մասին կուզենայի ավելի մանրամասն խոսել ստորև:

Զրույցներ պատմության մասին։ Այս նախագծի հիմնական նպատակն է համախմբել պատմությամբ հետաքրքված անձանց (սովորողներ, ծնողներ, այլ շահառուներ):

Նախագծի խնդիրներից է առանց հանրակրթական դասագիրքը հիմք ծառայեցնելու, մասնակիցներին ծանոթացնել պատմության հետաքրքիր և բովանդակային մասերին:

Ըստ այդմ կպարզենք մասնակիցների հետաքրքրության շրջանակները, կուսումնասիրվի, թե այս կամ այն թեման տարբեր աղբյուրներում ինչ մոտեցումների է արժանանում, ինչպիսի տվյալներ կան, որոնք մինչ այժմ հրապարակված չեն կամ դուրս են թողնված հիմնական առանցքից: Ինչպես նաև փորձ կարվի շաղախել հայոց և համաշխարհային պատմության առանցքային իրադարձությունները: Նախագիծը կիրականացվի առանց պատմական ստանդարտ ձևաչափային ժամանակագրությունը հաշվի առնելու:

Աշխատանքը նախատեսվում է կազմակերպել խմբային տարբերակով: Կարող են մասնակցել բոլորը, անկախ այդ պահին ունեցած գիտելիքային հենքից: Թեմաները կարող են կապ չունենալ մեկը մյուսի հետ և առաջարկվել հենց մասնակիցների կողմից: Նախագիծը նաև չի նախատեսում մեկ մարդու կողմից թեմաների մատուցում: Որպես բանախոսներ կարող են հանդես գալ ինչպես սովորողները, այնպես էլ այլ մասնակիցներ` կախված պատրաստվածության աստիճանից:

Նախագիծը կարելի է շարունակել անընդհատ: Արդյունքում կարելի է ստանալ հոդվածներ, ուսումնական փաթեթներ, հոլովակներ: Դրանք կարող են կիրառելի լինել պատմության, ազգագրության, մշակութբանության և այլ հասարակագիտական ոլորտներում:

hanragitak.com հայալեզու կայքի ստեղծում: Նախագծի նպատակն է համացանցում ունենալ տեղեկատվական-հանրագիտարանային բնույթի կայք, որը ոչ միայն կկրի վիքիպեդիայի բնույթը, այլ նաև տեղադրված կլինեն հետաքրքրաշարժ և քիչ հայտնի նյութեր:

Նախագծի խնդիրներից է համապատասխան հմտություններով սովորողներ և դասավանդողներ ունենալը, նյութերը հավաքագրելը, իսկությունը ստուգել և տեղադրելը: Բազայի անընդհատ թարմացումը: Նախագիծը հետագա փուլերում ենթադրում է նաև եկամուտի ստացում` կայքում տեղադրված գովազդների միջոցով:

Ուսումնական գործընթացի հետ այն ունի խիստ աղերսներ, քանզի կայքի նյութերի թարմացումը և հավաքագրումը իրականացվում է սովորողների միջոցով` ըստ նախասիրությունների և մասնագիտական կողմնորոշման: Այն հատկապես կարևոր նշանակություն կունենա ծրագրավորում ընտրած սովորողների համար, քանի որ ըստ նախագծի, հենց նրանք են իրականացնելու կայքի սպասարկումը:

Աշխատանքների մեկնարկը կտրվի հոկտեմբեր ամսին, իսկ ստացված արդյունքների կիրառման ոլորտներին սահմանափակում չկա:

Չապրող թանգարաններ: Հայաստանում շատ են գյուղերը, որոնք ունեն տարաբնույթ թանգարաններ, բայց դրանք չեն աշխատում:  Այդ թանգարաններում կան հսկայական ֆոնդեր, որոնք ժամանակի ընթացքում կդառնան անպետք: Հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ պատասխանատուները առանձնապես քայլեր չեն կատարում այդ ֆոնդերը պահպանելու, վերամշակելու կամ ավելի ապահով տարածքներ տեղափոխելու ուղղությամբ:

Նախագծի առաջին փուլում մասնակից սովորողները կծանոթանան թանգարանային գործին: Կուսումնասիրեն Հայաստանում առկա թանգարանային վիճակը և ցուցակները`գործող ու չգործող թանգարանների: Այնուհետ կընտրեն այն թանգարանները, որոնք ըստ նրանց առավել հետաքրքրական են (ցանկալի է 10 թանգարան):

Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ, կունենան ուսումնական ճամփորդություն նախատեսված թանգարան: Կթվայնացնեն տեղի նյութերը և կհրապարակեն: Արդյունքում կստացվի ուսումնական փաթեթ, որն իր մեջ կներառի բազմաթիվ թանգարանային նմուշներ:

Ստացված արդյունքի կիրառելիությունն ըստ ոլորտների:​

Այս նախագիծը կարելի է իրականացնել նաև գործող թանգարանների հետ: Օրինակ, Գյումրիում գտնվող Շիրազի տուն-թանգարանը ուզում է ունենալ թվային ֆոնդեր:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский