Շախմատը հանրակրթության բաղկացուցիչ

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն իր բլոգում՝ օրագրում, արձագանքում  է կրթահամալիրում հոկտեմբերի 13-ին մեկնարկած շախմատի մրցաշարին։ Արձագանքեք և դուք՝ սովորողներ, ծնողներ, դասվար-դասավանդողներ, դպրոցների ղեկավարներ։ Ի՞նչ դիտարկում, ի՞նչ նկատառում ունեք Դուք, ի՞նչ խնդիր եք արձանագրում այսօր։ 

Շախմատը, որպես հանրակրթական դասընթաց, առաջինը Հայաստանում մեր հեղինակային մանկավարժությամբ կարևորվեց, 1988-ից դարձավ հանրակրթության բաղկացուցիչ… Շախմատի դպրոց ենք ստեղծել՝ հայտնի ու լեցուն մանուկներով, նվիրյալ մասնագետ-ուսուցիչներով... Թևան Դավթյանի հեղինակած «Սովորենք շախմատ խաղալ» չորս գրքույկները, որ ստեղծվեցին կրթահամալիրում, տպվեցին, ձևավորվեցին կրթահամալիրի «Շաղիկ» հրատարակչությունում, այսօր էլ շախմատասերների փնտրած ձեռնարկներից են, շախմատի ծրագրով, մեթոդականով, սիրով-խնամքով արված հանրակրթական փաթեթ. այսօր էլ մենք նվիրում ենք աջ ու ձախ. սովորեք ու տարածեք… Անդրանիկ Քեհյանին, Մուշեղ Մինասյանին, Սամվել Միսակյանին, Ռոբերտ Հովսեփյանին՝ Թևանի ընկերներին ու հետևորդներին, բոլորին սիրով ողջունում եմ. լավ է, որ նրանք Երևանով մեկ զբաղված են շախմատով՝ իրենց շուրջ ստեղծելով մտածումի ու խոհի կենտրոններ… Կրթահամալիրի 1-3-րդ դասարաններում իրականացվող «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը ներառում է շախմատը՝ որպես բաղկացուցիչ, դասարանում կրթական ծրագրի կազմակերպիչ-դասվարը, որպես ինտեգրված դասընթացի անբաժանելի մաս, վարում է շախմատի պարապմունքներ, ինչպես մաթեմատիկան, հայերենը, տեխնոլոգիան, բնագիտությունը («Ես և շրջակա աշխարհը»)՝ ունենալով Առնոլդ Միքայելյանի նման մասնագետ-նվիրյալի մշտական աջակցությունը… Եվ սա, տեսեք, ինչ պարարտ հող է անհատի լրացուցիչ կրթության, շախմատային հետաքրքրությունների դրսևորման համար. տեսեք՝ ինչ արագ, կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցներում, Մեդիա կենտրոնում միավորներ են դառնում՝ շարժվելով ձիու քայլերով, շախմատային ակումբներն ու խմբերը։ Տեսեք, ի՜նչ տպավորիչ բաց հանրակրթական մրցաշար՝ 1-3-րդ դասարանցիների համար, և այսօր, ժամը 10.00-13.00, Մեդիա կենտրոնում, շախմատի ակումբների կենտրոնում վայելք են, իհարկե, մրցաշարի եզրափակիչ ակորդները: Առնոլդի մրցաշարը շարունակություն կունենա, որպես դասվար-մարզիչների անդրանիկ, բայց ամենամյա առաջնություն, հետո կմրցեն շախմատի հանրակրթական հնարավորությունները սրանով խրախուսող 1-3-րդ դասարանցիների ծնողները… Սա է ուղիղ ճանապարհը, որը շախմատը կունենա որպես գործիք-միջոց՝ ուսումնական բազում գործիք-միջոցներից մեկը, իսկ նպատակը երեխան է, սովորողը, նրա մտածողությունն ու զարգացումը, նրա տաղանդի դրսևորումը… 

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский