Թող կենտրոն գա անհատը

Հեղինակ: 

Կրթահամալիրի տնօրենի ուսումնական բլոգի օրապատումից

Մարդիկ հակված են իրենց ստացած կրթությունը, սրանով՝ իրենց դպրոցը, իրենց ուսուցիչներին, իրենց գրքերը, իրենց ժամանակը, իրենց «սովետը» բացառիկացնելու: Ես այդ ախտով վարակված չեմ եղել երբեք, թեև իմ բլոգապատումից երևում է, ունեցել եմ լիարժեք մանկություն, պատանեկություն, երիտասարդություն: Արդար լինելու համար վստահաբար ասում եմ, որ Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցը, որտեղ սովորել եմ հավեսով 1962-72թթ, քաղաքի լավ համարում ունեցող դպրոցների շարքում էր:

«Բա որ խորհրդային կրթությունից բողոքում ես,- հարցնում են,- որտեղի՞ց քո գիտելիքները»: Ա՜յ, այստեղ է արատը, և այստե՛ղ է կրթության նորացման, հեղաշրջման ակունքը:

Ինչպե՞ս է մարդը, սերունդը, հասարակությունը նոր գիտելիք ստանում: Նախ և առաջ՝ ինքնուսուցմամբ: Լավ ուսուցիչներ եղել են ու կլինեն, թող շատ լինեն, բայց վտանգավոր է, որ հայաստանյան հասարակությունը, նրա դպրոցը, նրա ուսուցիչը, մասնագիտական հաստատությունը, նրա դասավանդողը շարունակում են անտեսել ինքնուսուցման գործոնը, մեր կյանքի վերափոխման բոլոր ոլորտներում: Մարիա Մոնթեսորիի «Ինքնուսուցումը և ինքնադաստիարակությունը կրտսեր դպրոցում» աշխատության վերնագիրը կարող է լինել մեր հեղինակային մանկավարժության անվանումը. նույնը՝ միջին դպրոցում, նույնը՝ կրտսեր դպրոցում, եթե իհարկե մենք կարողանանք գործել կոնկրետ ու փոքր քայլերով: Ավելին ասեմ, լավ դպրոցը վատ դպրոցից, լավ ուսուցչին վատ ուսուցչից կարելի է զանազանել այդ ինքնուսուցման, ինքնադաստիարակության նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Իմ ասածը ամբողջությամբ վերաբերում է նաև նախադպրոցական զարգացմանը, նախակրթարան կամ մանկապարտեզ կոչվող հաստատությանը: Ուրիշ ինչպե՞ս շրջանցես մեր խորհրդային անցյալի՝ իր մսուր-մանակապարտեզի, տասնամյա դպրոցի, հնգամյա բուհի, իր՝ խորհրդային իներցիայով ու մեր մտավոր, հոգևոր ծուլությամբ պարտադրված ներկայի փակուղին: Ինչպե՞ս օգտագործես յուրաքանչյուրիս մտավոր ու հոգևոր ներուժը, ուղղորդված ահա՝ այսպիսի մանկավարժական տրակտատներով:

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում ես մանկավարժական որևէ դասընթաց չեմ անցել: Հետագայում ևս, ես մանկավարժություն յուրացրել եմ ինքնուսուցման միջոցավ: Թիվ 183-րդ դպրոց, վստահ կարող եմ ասել, 1985-ին եկա իմ հայտնի մանկավարժական գրադարանով՝ Ղազարոս ԱղայանՋոն ԴյուիՋանի ՌոդարիՄարիա ՄոնթեսորիՍելեստան Ֆրենե, Ջեյմս Փոյա… 1978-85թթ ես ագահ-անհագ էի մանկավարժական ինքնակրթության մեջ և առանձնացրել, կոնսպեկտավորել էի իմ` ձեր հայտնի մանկավարժների, ինձ հայտնի՝ հայերենով, ռուսերենով առկա աշխատությունները… Հետո, շնորհիվ իմ 1985-89թթ ինքնակրթության ավելացան նոր աշխատություններ` գլխավորապես նշված հեղինակների:

Ես մանկավարժական ճաշակս, ինչպես տեսնում եք, չեմ փոխել: Այդպես և գրականության, երաժշտության, ճարտարապետության մեջ: Լավ է քիչ, բայց լավ: Խորանալ է պետք: Յուրաքանչյուրս վարձատրվում ենք խորասուզման վրա ծախսած ջանքերի համար, հայտնագործություններով ու ձևավորվող համոզմունքներով, առանց որի ի՞նչ հետազատող ու հետազոտական աշխատանք: «Դպիր» ամսագիրն ավելի ուշ եղավ՝ իր տպագիր (1992-97) և էլեկտրոնային փուլերով (2006-ից), հետո եկան կրթահամալիրի գրադարանը, իմ գործընկերների բլոգները… տիար Գևորգ Հակոբյանի ու Սուսան Մարկոսյանի նման մշտական ընթերցողների օրինակն ու աջակցությունը…

Ես հիմա տեքստեր եմ կարդում՝ սեբաստացիների հոդվածների, թե նրանց հրամցրած թարգմանությունների տեսքով: Ու տեսեք՝ դժվարությամբ, բայց հիմնավոր վերադարձել եմ Մարիա Մոնթեսորիի կոթողային այս աշխատության ընթերցմանը: Շատ եմ ուզում` միասին կարդանք: Այս անգամ ես ընտրեցի «Երեխայի իրավունքները xx դարում» գլուխը: Ընթերցանությունը որպես մտավոր ամենալուրջ աշխատանք չի կարող անհատականության դրոշմը չունենալ: Ինչպե՞ս եք դուք այն ընթերցելու, վերընթերցելու` ձեր իրավունքն է և ձեր ռեժիմը՝ իր կիրակիով: Մի բանում ես համոզված եմ: Պիտի կարդաք այս կոթողային նշանակության ախատությունը, եթե գործընկեր եք: Շնորհակալություն մեր «Դպիր»-ին, մեր ինքնուսուցումը այսպիսով կազմակերպելու համար:

Ահա ինչպիսի գործուն-սոցիալական-կրթական-մշակութային բաց համակարգ է մեր mskh.am-ը, հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրագործման և տարածման՝ բազմալազու, անխոչընդոտ... Ազատ հանրային տարածք՝ մանկավարժական գործունեությամբ զբաղվողի համար՝ տարատարիք սովորողի, դասվար-դաստիարակի, բոլոր բնագավառների ուսուցչի, ծնողի... Խնդրեմ, մեր 8-րդ դասարանցի Արեգ Գալոյանը կարգին միջամտել է հանրակրթության չափորոշչին՝ 10 թվարկումներով, թե ինչ պիտի կարողանա մինչև 10 տարեկան երեխան։ Հիմնական դպրոցի 2-րդ դասարանը, դասվար Թամար Մարիմյանը, տեսեք, ինչ ուսումնական միջամտություն-մխրճում է իրականացրել թաղի կյանք. իսկական բնապահպանական ակցիա... Այ, եթե այս նախագծի մշակում-իրականացում, արդյունքների ամփոփումն էլ հոդված դառնա, «Դպիրում» կարդանք...

***

Կրթության մեջ, հանրակրթական դպրոց՝ որպես աշխատանք, ես մտա ազգային դպրոց ստեղծելու որոշումով՝ «սովետում», նրա ծաղկուն շրջանում ազգային դպրոց… Այս դպրոցը, Բլեյանի դպրոցը, ստեղծողի մոբիլ դպրոցը, որ այսօր ունենք, ես հավանում եմ. մենք ուղիղ ճանապարհի վրա ենք, իմ համոզմամբ, զբաղված մանկավարժությամբ, որտեղ գլխավորը դիտարկող-հետազոտող անձն է, ու հարկ է, որ գոհ լինենք ունեցածով, օրվա հոգսով զբաղվելու համար:

Երեկ ես մասնակցել եմ երկու հեռուստահաղորդման, մեկ հարցազրույց եմ տվել, երկու պաշտոնական ընդունելություն եմ պատվել իմ համեստ ներկայությամբ, վայելել եմ մեկ հանդիսության՝ սեբաստացիկ-սեպտեմբերիկ հինգ տարեկանների ամենամսյա հավաք-ստուգատես-խաղը: Ազգային կրթություն կոչվածը, այո՛, այսպես է կենդանի-աշխույժ, ծիսական-ակամա-ինքնաբուխ (սպոնտան) իրականություն դառնում, այսպիսի խաղերի միջոցով… Ղազարոս Աղայանն իր մանկավարժությունը զարմանալիորեն, ոչ միայն հայոց մեջ առաջինը, այլև 19-րդ դարում առաջինը (ես գոնե չեմ ճանաչում, ցույց տվեք) կարևորեց խաղերգերի, խաղ-պարերի, խաղ-խոսքերի, խաղ-ներկայացումների նշանակությունը և թողեց ինչպիսի՜ անգերազանցելի մշակում-օրինակներ… Ուրախացնում են տիկին Աիդան (կրթահամալիրում նախադպրոցական կրթական ծրագրի ղեկավար) ու ընկեր դաստիարակ-օգնականները, ո՜ւխ, ոնց են առաջադիմում` խաղալով- հավեսով զարգացման ծրագրում… Եվ նրանց հավաքանի-մեծ խաղը,  նրա նախապատրաստության շրջանը,  նախակրթարանում 2-5 տարեկանների գործունեությունն ավելի ու ավելի լավ է ներկայանում մեդիայում, ավելի բաց ու մատչելի:

Կրթահամալիրից, նրա Բանգլադեշից դուրս իմ գտնվելը, ուզում է դա լինի TV հաղորդում, հավաք-հանդիպման հրավեր, իմ աշխատանքն է. ես գործում եմ, տարածում եմ կրթական-հասարական հայացքները, մեկնաբանում, շրջանառության մեջ դնում իմ-մեր-ձեր նախաձեռնությունները։ Ինքնուրույն լինելը, հեղինակային լինելը ոչ միայն չի թույլատրում մեկուսացում, այլև պարտադրում է գործընկերային մշտական վիճակ. հակառակ դեպքում մենք կմնանք մեր հռչակումների, բանաձևերի, ցանկությունների ծիրում, չենք իրացվի-իրականացվի։ Ափսոս ենք։ Մեր բոլորիս կյանքի ժամանակը հաշված է, իսկ 60 տարեկան ամեն օր համառորեն դարձող Տիարի[1] համար՝ հատկապես։ Ամենադժվարն ինձ համար, հարգելի գործընկերներ, սիրելի սեբաստացիներ՝ բոլոր տարիքի, որտեղ» էլ որ լինեք, տարիներ արածի կիսատ-պռատությունն է, որ անգամ մեկ օր, ևս մեկ հետաձգելը-հանդուրժելը անտանելի է, տանելի չէ այլևս։ Աշխատանքը, այո՝ ստեղծական և մոբիլ, իհարկե, բայց և… բարեխիղճ։ Ահա և երրորդության մեր այս շրջանի խորհուրդը. կարծեմ փնտրում էիք։

Երեկոյան Մեդիա կենտրոնից քայլում ենք Գեղարվեստ՝ դաստիարակի հնարավոր տեղափոխման առիթով, ծնողների նախաձեռնությամբ՝ հավաք է 2-4 տարեկանների խմբում: Դավիթն էլ երեխաների հետ խաղալուց գերադասում է ինձ հետ ժողովին մասնակցելը: Իր ազատ ընտրությունն է: Կարող է, իրեն ավելի հետաքրքիր է, կարող է՝ ուզում է ինձ հետ լինել: Ես համբերատար հարգում, ապահովում եմ իր ընտրության իրավունքը. իր կյանքն է: Ինչո՞ւ իմ ուզածով պիտի լինի. ինչո՞ւ շտապել…

Ծնողները խոսում են իրենց դաստիարակի տեղափոխման անթույլատրելիությունից… Ես, իհարկե, հարգանքով լսում եմ, բայց ուզում եմ, որ իրենք էլ հարգանքով լսեն մեր փաստարկները… Չեմ ուզում՝ հակառակվող կողմեր լինենք. հումորն օգնում է…

Ես այժմ ավելի, քան երբեք քննարկման կողմնակից եմ, երբ բոլոր հնարավոր մասնակիցները փաստացի օգտվում են արտահայտվելու հնարավորությունից: Կասեն՝ «մեկ ա ձեր ասելով է լինելու»… Ուզում եք ասել կամ ճիշտ է ասել՝ մեկ է, կայացված որոշումն իմ հրամանով է գործադրվում… Այո, ես գործատուն եմ, չի կարող ձևակերպումն իրավական չլինել, բայց այս դեպքում էլ որոշումը նախօրոք ինձ հայտնի չէր… Երեք-չորս շրջանով քննարկում եղավ, որքա՜ն խոցելի առաջարկներ ի դերև ելան: Լավագույնս օգտվեք կրթահամալիրում հաստատված կլոր սեղանից. նախ՝ ուշադիր լսեք, հասկացեք՝ ինչ է կատարվում: Հետո՝ մեկ նախադասությամբ, մեկ մտքով, եթե արձագանքե՜ք…

Մարդկային՝ սեբաստացի սովորողի, աշխատողի, ծնողի գործոնը կարևորելու, գործողություն դարձնելու շրջան ենք թևակոխել։ Վճռական եմ ես տրամադրված. քո կրթահամալիրն է, քո ընտրած, քո յուրացրած մանկավարժությունը, քո կյանքը կրթահամալիրում՝ գործիր: Տարիներ առաջ, շախմատային մրցաշարի ծրագիրը կրթահամալիրի տնօրենի հրամանով կհաստատվեր… հանդիսավոր, որպես թիվ մեկ կարևորության իրադարձություն կդառնար… Հիմա տեսեք, մեր շախմատի մասնագետ, ակումբի ղեկավար Առնոլդ Միքայելյանն անցկացնում է մրցաշար, իր բլոգում էլ լուսաբանել է. կդիմի մրցանակների համար՝ խնդրեմ. կառաջարկի ու կանցկացնի նոր, ուսուցիչների մրցաշար՝ կունենա առավելագույն աջակցություն… Ինքն է գործիչը, իր գործն է անում իր աշխատավայր կրթահամալիրում… Այդ չէ՞ր ուզում Առնոլդը, երբ մի տարի առաջ եկավ կրթահամալիր…

Կամ Դպրոց պարտեզում այսօրվա հեծանվուղու բացումը… Ո՞ւմ գործն է. Տաթևի ու իր ընկերների. ես իմը իմ աշխատակազմով արել եմ, կանեմ: Բայց դպրոց եք, չէ՞, գործեք: Իմ վերաբերմունքն աշխարհին է հայտնի՝ բոլոր տարիքի սեբաստացիներն ամեն տեսակի անիվների վրա… Հա, չմոռանաք կանչել մեր լավ բարեկամ, հայտնի հեծանվորդ-չմշկորդ Լևոն Աբգարյանին:

 Բայց սա հենց այն հարցն է, որին նվիրված է իմ օրապատումը՝ մարդկային գործոնը (սովորողի, ուսուցչի, ծնողի, կրթահամալիրի բարեկամի) կրթահամալիրի զարգացման այս փուլում. թող գա կենտրոն անհատը, աջակցենք անհատին՝ ցուցադրի իր ունեցածը, կարողություններով հանդես գա, դրսևորվի: Ինչ չկա՝ չկա: Դե, չկա: Մենք ստեղծում ենք աջակցող միջավայր՝ անհատի մեջ եղած բանի դրսևորման համար:

***

Մենք ընկերնե՞ր ենք, հարցնում եմ՝ ես, Դավիթ Բլեյանը, Կարինե Խառատյանը, Նոր դպրոցի 5 տարեկան Դավիթն ու ՆելլինԱշխեն Թադևոսյանն ու իր 5 տարեկանները, տիկին Աիդան ու 5 տարեկան սեպտեմբերիկները, Սուսան Ամուջանյանն ու Գեղարվեստի կրտսեր դպրոցի Ռոզա ԽաչատրյանըԼիլիթը Մեղրյանն ու քոլեջի սեբաստացիկները… Գրիգոր Խաչատրյանը

Մերը ընկերավարության մի տեսակ է. հավասարություն՝ անպայման, համերաշխություն՝ իհարկե, փոխօգնություն՝ անշուշտ, փոխվստահություն՝ առանց դրա ո՞նց… «Ստեղծական ու մոբիլն» էլ այս ամենի բրենդային (ապրանքային) ցուցանակն է 2014-2015 ուսումնական հոբելյանական տարում:

Ընկերները, ինչպես գիտեք, վիճում են. էլ ո՞ւմ հետ իմաստ ունի վիճելը, եթե ոչ քո ընկերոջ: Նեղանում են, խռովում են ընկերներով…

Մի քանի օր առաջ ես Ռոզա Խաչատրյանից (Գեղարվեստի կրտսեր դպրոցի սովորող) ու իր մայրիկից նեղացել էի: Իմ ընկեր Արմինե Թոփչյանի պատմածից հասկացել էի, թե իմ ընկեր Ռոզան ու իր մայրիկը գործերն առել ու գնացել են… չգիտեմ՝ ինչի ետևից (իներցիայով ասում են՝ սովորելու) թիվ 181 դպրոց… Երեկ ես Ռոզային եմ հանդիպում Գեղարվեստի աստիճանների մոտ ու համարյա բարև չեմ տալիս… Հետո, Արմինեից պարզում եմ եղելությունը. չէ, շփոթել եմ… Պայծառանում եմ… Կորած ընկերոջ պատմություն է, ինչպես Կտակարանում. նրան գտնողի ուրախությունն աննկարագրելի է: Վա՜յ, էս ի՜նչ լավ օր ստացվեց, աշխարհ, կորցրել էի 8 տարեկան Ռոզա ընկերոջս ու գտա: Եվ քանի՜ անգամ զմայլանքով նայում եմ իմ ընկեր Ռոզայի 1-ին ֆոտոշարը mskh-ում:

Սուսան Ամուջանյանը հիացնում է, ու այն հաճույքը, որ ստանում է 4-րդ դասարանցու կամ 5-րդ դասարանցու հետ ֆոտոապարատով թափառելուց… թեթև, ուրախ, չըրխկ հա չըրխկ, թե չէ մեր Միջին դպրոցի 9-րդ դասարանն ավարտած Գրիգորյան Միխայելի կամ Բլեյան Հայկի նման… Մեկ էլ վերցրին ու գնացին չգիտեմ ինչ անունով ակադեմիա… Պահ-պա՛հ, զարմացրիք ձեր ակադեմիաներով. գիտեինք, թե ինը տարում չտեսություն եք հաղթհարել էս աշխարհի կենտրոն՝ մեր կրթահամալիրի Բանգլադեշում… Ի՜նչ են կորցնում մարդիկ ու ինչ են ման գալիս…

Սիրելի, հարգելի սեբաստացիներ, բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք, մեր տոնից առաջ, մեր տոնին ընդառաջ, ուզում եմ երեք անաղմուկ, բայց կարևոր հայտարարություն անել, չնեղանաք, խնդրում եմ:

  • Մեկ՝ որ շարունակում ենք մանկավարժությամբ զբաղվել և, խոստովանեմ, այս փաստն ինձ գլխավոր ոգևորողն է ու իմ կյանքին իմաստ հաղորդողը: Երբեք այսքան հմուտ, հաճախ, կոնկրետ, հետևողական չենք զբաղվել մանկավարժական գործով (արվեստով, գիտությամբ) որքան հիմա: Այ, ես Նոր դպրոցի դիտարանից հետևում էի Անահիտ ՀարությունյանիԱշխեն Գրիգորյանի 2-րդ դասարանցիների, նրանց ծնողների մի խմբի, երկարօրյայի կազմակերպիչ-բնասեր Շուշան Ալեքսանյանի ուսումնական ճամփորդությանը դեպի Ջրվեժի արգելոց։ Ահա այսպիսի գործողություններով, երբ գործիքներն ընտրում, գործածում, դրանց արդյունքներն իր բլոգում և «Դպիրում» ներկայացնում է հեղինակը (խումբը), ես սա եմ համարում կոնկրետ հետևողական մանկավարժությամբ զբաղվել… Օրեր առաջ Մեդիաուրբաթի պարապմունքին ես քարացել, զարմացել էի դասվար-դաստիարակ-օգնականների, Մարինե Մկրտչյանի «Շրխկան» համույթի ելույթի ժամանակ… Կրթական ծրագիրը դասվար-դաստիարակը խաղում է, որպես համերգ, Մարմարյա սրահում՝ գունեղ ներկայացնում, որպես ուսումնական մեթոդական աշխատանք, որպես իր հեղինակային մանկավարժության բաց, մատչելի փոխանցում… Ես այսպիսի օրինակներ կարող եմ բերել… Երեկ, հեծանվաուղու բացման առիթով, ես ականատես եղա, թե ինչպես էԴպրոց-պարտեզի 2-րդ դասարանցիների խումբը պատրաստ մոտենում ընդարձակ բակի իրենց գրավիչ անտառային հատվածին (հաճույքով անվանեցինք Բ-4-ի Դենդրոպարկ)՝ բացօթյա նկարչական-տեխնոլոգիական պարապմունքի…
  • Երկու՝ երբ խոսում ենք միջազգային կրթական ծրագրերի մասին (ուշադիր, ես շեշտում եմ), այս ինտերնետի ու լեզվական հաղորդակցության մատչելիության շրջանում հանրակրթական ծրագրերին պիտի ծանոթ լինել, ամոթ է, երեխան մեկ է, ու մանկավարժության, կրթության գործի համար ի՞նչ աշխարհագրական սահմանափակումներ… Երբեք. կրթությամբ, հանրակրթությամբ նաև պիտի խորտակենք միջազգային հաղորդակցության խոչընդոտներ-անջրպետները և գցենք, բանուկ դարձնենք կամուրջները: Իհարկե: Բայց հանրակրթությամբ նաև ավանդույթ, մշակույթ, լեզու, գրականություն, առանձնահատկություն, հայրենագիտություն ենք փոխանցում, և սա յուրահատուկ է. մենք չենք կարող չհեղինակել, չզբաղվել, որպես անհատներ, մեր մանկավարժությամբ: Ես ասում եմ՝ զարգացնելով, հաստատելով Յուրա Գանջալյանի միտքը, պետք է ավելի ու ավելի շատ մեր մանկավարժությունը թարգմանել, հասանելի դարձնել, ներկայացնել այլոց, օտարներին, Ֆինլանդիայում, թե Վրաստանում, մեկ է:
  • Երրորդ՝ մեր մոտեցող տոնը դիտում եմ որպես մի լավ հնարավորություն՝ բոլոր տարիքների շրջանավարտներին, սեբաստացիներին օգնելու, որ հաղթահարեն մոլորությունը, որ կարող է խորն է նստած։ Մեր կրթահամալիրն է, բայց եթե քո երեխան կարող էր ու չի սովորում կրթահամալիրի դպրոցներից, կրթական ծրագրերից մեկում, որպես քո գիտակից, ազատ ընտրություն, քո կրթահամալիրը չէ, քո դպրոցը չէ: Մի տեղ պիտի սովորեիր, սովորել ես, ծնողներդ բերել են՝ մի շրջան դարձել է քոնը: Մենք պիտի տոնին մասնակից դարձնենք այսօր կրթահամալիրում սովորող, աշխատող սեբաստացիներին, շեշտը դնենք այսօր իրենց երեխաներին կրթահամալիր բերողների վրա. այստեղ է թաքնված ռեսուրսը, որ տոնի միջոցով կարող է դրսևորվել, գործարկվել… Իսկ սա հնարավոր է, եթե տոնն անհատականացվի, եթե տոնի գործողությունը, ժամանակը, կոնկրետ հասցեական լինեն… Այստեղից՝ եթե…, ապա… Մենք չենք կարող այդքան անպատասխանատու լինել, որ ուսումնական արձակուրդի տասնօրյակը (հոկտեմբերի 18-27-ը) չօգտագործենք այս անհատական, կոնկրետ հասցեական՝ հեղինակային մանկավարժության ներկայացման պատրաստության վրա: Կրթական ծրագիր՝ իր կրթական միջավայրով, տոնական հանդերձանքով…

***

Այնպիսի մի դրական լիցք-ազդեցություն ստացա գերմանացի նկարիչ, սեբաստահայ Հովհաննես Ազատյանի (թուրքական ազգանունը՝ Թափյուլի) երեկվա այցելությունից: Մենք գեղարվեստի դպրոցում սովորողներով և ուսուցիչներով նշեցինք մեր հայրենակցի 70-ամյակը:

Երկու ժամը նկարչի աչքով-ձիրքով-կյանքով, աշխարհ տեսած, Սեբաստիայից-Պոլիս-Շտուրգարդ-Ամն-Կանադա-Հոլանդիա-Գերմանիա հասած մարդու համար բավական ժամանակ է հետևության համար. լսեք՝ հրաժեշտին ինչ ասաց.
- Աշոտ, ես այստեղ հայրենիք ձեռք բերեցի: Այստեղ է իմ հայրենիքի ապագան: Սա իմ տեսած ամենահեռանկարային կենցեպտն է՝ հայրենիք՝ կրթության միջոցով ու արդյունքում…

Ինձ համար մեկ է՝ ծափահարում են թե սուլում. երբ ինքնագնահատական չէ նաև, ի՞նչ տարբերություն:

Մարդը, կենսագրությամբ տպավորիչ, կենսունակ, լեցուն կյանքով ու գործերով, ով առաջին ագամ է Հայաստանում, Երևանում, Բանգլադեշում, կրթահամալիրում, տեսավ ու գնահատեց կրթահամալիրի Բանգլադեշը: Մենք գործընկերներ ենք, եղբայրներ այսուհետ, Հովհաննես, դու քո նկարիչ կրտսեր եղբոր հետ, ով նույնպես Հայաստանում չի եղել և, վստահ եմ, քո միջոցով կանցնի այս ճանապարհը, կապաքինվի, հայրենիք ձեռք կբերի, Սեբաստացի ես, որտեղ էլ որ լինես… Արի շարունակենք սկսած գործը՝ միշտ շնորհակալ այս հանդիպման միջնորդ Սարգիս Հացպանյանին:

Կրթահամալիրը յուրաքանչյուրիս դրսևորման  և ապրելու թանկ, շատ թանկ հնարավորություն է… Ինչքա՜ն մարդ հենց այդպիսի հաստատություն-միջավայրի կարիք-պակաս-անհրաժեշտություն ունի… Բայց ինչո՞ւ ենք արագ դառնում սպառող-մարազմատիկ-սովորական, որ կարող ես և լինել, բայց ինչո՞ւ կրթահամալիրում… Ներառում է, երբ գումարվում ես, ամեն օր ես ուժ տալիս ու ստանում… Ծերանալ չկա, ծերացել ես՝ գնա. կրթահամալիրը մեծապարտեզ չէ, ես դա չեմ հանդուրժի, որևէ տեսքով, որևէ ազգանունով… Հենց հիմնադիր տնօրենից սկսած: Կտեսնեք ծերացածին` հարվածեք…


[1] Կրթահամալիրում տնօրենին դիմում են «տիար Բլեյան»։

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский