Հեռավար հարցազրույց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ
Primary tabs
Այսպիսի հեռավար հարցազրույց։ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի սովորողների հարցերը հրապարակվել են դասարանի՝ դասվար Հռիփսիմե Առաքելյանի բլոգում, պատասխանները՝ տնօրեն Աշոտ Բլեյանի բլոգի օրագրում։ Գումարած՝ զրույցի արձագանքները բլոգներում, ՖԲ-ում, mskh.am-ում։
Տիար Բլեյան, ես Մանեն եմ, դե երևի ճանաչեցիք: Մեր դասարանի բլոգում ես և ընկերներս Ձեզ հարցեր ենք գրել, կպատասխանե՞ք: Այս նկարը ես եմ նկարել: Ես և դուք հարիսա ենք ուտում: Նվիրում եմ Ձեզ:
Հարցերին կարող եք պատասխանել այստեղ`քոմենթների բաժնում:
Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին:
Մանե ջան, իհարկե չեմ մոռացել: Կեցցես, որ ակտիվ ես: Պաչիկներ իմ սիրելի Հռիփսիմեին, քո բոլոր ընկերներին, բոլոր-բոլոր հարցասերներին: Հատ-հատ կարդացի, հատ-հատ ոգևորվեցի, սիրով կպատասխանեմ: Սրանք հարցեր են, որոնք հետաքրքիր են երևի շատ սեբաստացիների: Մի փոքր ժամանակ տվեք, ձևի մասին մտածենք ու սկսենք: Պաչիկներ: Աշոտ Բլեյան
Սկսեմ Մանե Աբգարյանի հարցերից. Մանեի մայրիկն էլ է իմ սանը, սեբաստացի, համ էլ Մանեի հարցերն առաջինը հայտնվեցին իմ էլեկտրոնային փոստում…
Տիար Բլեյան , ո՞վ է կառուցել այս դպրոցը: Մայր դպրոցի, մեր կրթահամալիրի 1-ին քարերը, Մանե ջան, դրել են Աշոտ Մանուչարյանը, Աշոտ Դաբաղյանը… հետո… ես, հետո…
Տիար Բլեյան, ինչո՞ւ մենք սև և սպիտակ չենք հանգնում: Ինչո՞ւ չենք հագնում, սև էլ ենք հագնում, սպիտակ էլ… Դուք չե՞ք ընտրում ձեր հագուստի ոճն էլ, գույներն էլ, բա ո՞վ ընտրի… Ես իմ շորերից հազիվ եմ գլուխ հանում, հիանում եմ իմ թոռնուհի Արևիկ-մոդելի ճաշակով, հիմա էլ Դավիթը Բլեյանը՝ իր արդուզարդով… Դուք պիտի անընդհատ սովորեք ընտրել՝ հագուստ, մասնագիտություն, աշխատանք, ամուսին… իշխանություն…
Ինչո՞ւ ենք Ձեզ դիմում տիար Բլեյան: «Տիար»-ն իմ անուն-ազգանունն է դարձել, Մանե ջան, որպես մեր մեծ տան ավագ՝ մեծ այր… Ես մեծ եմ, Մանե ջան, մյուս տարի կդառնամ կլոր 60 տարեկան… Ինձնից մեծ մեկ էլ Տիգրանյան Աշոտն է, նա էլ սիրում է, որ իրեն «ընկերով» դիմեն… Համ էլ ինքը շա՜տ մեծ է՝ հո չես ասի տի-տի-տի-այր… Իսկ ինձ հարմար է ու կարճ՝ տիար. տի՝ մեծ+այր՝ մարդ:
Տիար Բլեյան, ե՞րբ են բացել այս դպրոցը: Մայր դպրոցը, Մանե ջան, բացվել է 1984-ին, տես, այս տարի այդ շենքը քանի՞ տարեկան է դառնում… Դպրոց-պարտեզը, որտեղ դու սովորում ես, նախկինում եղել է միայն մանկապարտեզ… Հետո ես մտածեցի քո մասին… ինչո՞ւ պարտեզից հետո դպրոց էլ չլինի… Դա եղավ 1987-ին: Իսկ կրթահամալիրը, որպես բոլոր դպրոցները միավորող մի Տանիք, գործում է 1989 թ.-ից… Սա էլ իմ ղեկավարած նախագիծն է, որի 25 տարին միասին տոնում ենք, քանզի և՛ դու, և՛ քո մայրիկը, և՛ քո ընկեր Հռիփսիմեն մասնակցել-մասնակցում եք այս նախագծի իրականացմանը։
Տիար Բլեյան, դուք ամուսնացա՞ծ եք։ Ես, որքան ինձ հիշում եմ, միշտ ամուսնացած եմ եղել։ Տաթևիկն իմ միջնեկ աղջիկն է, Արևիկի մայրիկը։ Սոնուլիկի մայրիկը՝ Լիլիթ Բլեյանը, իմ մեծ աղջիկն է, երգեր է գրում ու երգում, մեր դպրոցն է ավարտել, ահա լսիր. տեսնեմ կհավանե՞ս… Իմ կրտսեր աղջիկ Շուշանիկը սովորում է Վիեննայում, կոնսերվատորիայում, ուզում է երգչուհի դառնալ օպերային: Ես հիմա էլ ամուսնացած եմ. Արմինե Աբրահամյանը՝ Դավիթի մայրիկը, ձեր դպրոցի 4-5-րդ դասարանցիների մայրենիի ուսուցիչը, իմ կինն է… բա՜…
Հետո Հայկ Աբրահամյանի հարցերն են առաջ եկել։
Դպրոցը իմ, քո, ձեր տունը չի՞: Մենք ապրում ենք մեր կենդանիների հետ: Կենդանիները դպրոցում իրենց պիտի նույնքան լավ զգան, որքան ես, դու, ընկեր Հռիփսիմեն: Եվ քանի որ մենք ասուն ենք, խոսելու ունակություն ունենք և խոսքին համապատասխան գործելու կարողություններ, մենք պիտի խնամենք յուրահատուկ լեզու ունեցող մեր երկոտանի, չորքոտանի, բազմոտանի, անոտանի, թևավոր ու անթև բարեկամներին: Ավելին՝ պատրաստվում ենք ունենալ մեծ գյուղացիական տնտեսություն հենց դպրոց պարտեզի հարևանությամբ՝ ձիերով, իշուկներով, ուլեր-գառներով, իսկական գյուղացիական տնտեսություն: Ոգևորեցի՞: Կենդանիներին խնամելը ուսումնական աշխատանք է: Եվ մենք սկսում ենք այն սովորել:
Ինչու՞ ենք գնում ճամբար: Հայկ ջան, ինչո՞ւ ենք ճամփորդում, ինչի՞ ենք հաղթահարում բարձունքներ, ինչո՞ւ ենք ճանաչում հայրենիքը, ինչո՞ւ ենք հայրենագետներ…
Մենք սովորում ենք ամենուր, մենք մոբիլ ենք ու ստեղծական՝ 25 տարի, վրանում, դաշտում, ավտոբուսում, փողոցում, թանգարանում, արձակուրդներին, շաբաթ, կիրակի, անընդհատ սովորում ենք ու սովորում: Սովորելը, իմանալը, ճանաչելը քեզ, քեզ շրջապատող աշխարհը, տիեզերքը ամենագրավիչ ու անվերջ մի զբաղմունք է՝ ողջ կյանքի համար: Ճամփորդները հեքիաթի նման, կարելի է դու գիտենաս Հայկ ջան ա՜յ էն սարի ետևում: Ուզո՞ւմ ես իմանալ: Դե ուրեմն գնացինք ճամբար՝ իմանալու:
Ինչու՞ մեզ վրա չեն ջղայնանում: Կան հարցեր և կան հռետորական հարցեր, սա ես սիրով անվանում եմ հռետորական հարց, ահա ինչու լավն է քո դպրոցը, որովհետև դու ոչ թե զայրույթ, այլ ուրախություն ես պատճառում, ընկեր Հռիփսիմեին, ընկեր Տաթևին, ընկեր Սոֆյային, ինձ իհարկե: Իրար ուրախություն պարգևելու մեր դպրոցը:
Ինչու՞ է մեր դպրոցը լավը: Այստեղ են ասում, դու ասացիր, Հայկ ջան. քո դպրոցն է, և ինձ մե՜ծ գոհունակություն է պարգևում, որ դու, քո ընկերների հետ, ընկեր Հռիփսիմեի հետ ձեզ լավ եք զգում: Դարձրեք այն ավելի լավը, ամեն օր: Մեր դպրոցը առանձնահատուկ է հենց սրանով, որ ոչ միայն կարող եք, այլև ենթադրում է, մղում է ձեզնից յուրաքանչյուրին նաև ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին ձեր ջանքերով, ձեր տաղանդով, ամենօրյա ձեր գործերով ավելի ու ավելի լավը դարձնել այն:
20-րդ դարի հայտնի մաթեմատիկոս-մեթոդիստ Ջեյմ Փոյան, որ մաթեմատիկան սովորողի և սովորեցնողի մտածողության զարգացմանն ուղղված գործունեություն դարձնելու այնքա՜ն եռանդուն-հետևողական ջանքեր էր գործադրում, ով աշխարհում այդպիսի, ամենաշատ կարդացված «Ինչպես խնդիր լուծել», «Մաթեմատիկական հայտնագործություն» գրքերի հեղինակն է, մեզանում հայտնի ու տարածված ուսուցման պատվիրանների հետ թողել է մեկը, որի կարիքը հիմա զգում եմ` երբեք մի՛ պատասխանեք հարցերի, որոնք սովորողների մոտ չեն առաջացել։ Սուսան Մարկոսյանի հետ կարծեմ խոստացել էինք մեր հեղինակային մանկավարժության սկզբնաղբյուր աշխատությունների գրադարանում նորից անդրադառնալ Փոյայի ժառանգությանը, Փոյա թարգմանել… Չկան տեղին ու անտեղի, լավ ու վատ, հիմար ու խելացի հարցեր (դատավորը կա այս դասակարգման մեջ), կան իմ հարցեր, կան քո հարցեր, կան հնչած հարցեր, և կան, այո, արհեստական-անանուն հարցեր… Ասյա Միրզոյանի այս չորս հարցերին, ես, իհարկե, կպատասխանեմ, քանզի դրանք Ասյայի հարցերն են։
Ինչու՞ է մեր դպրոցը տարբերվում ուրիշ դպրոցներից: Մեր դպրոցը ստեղծվել է հենց այդպիսին՝ որպես ուրիշ։ Մեր բոլորիս դպրոցը, որ որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 1989թ. սկսեց գործել, եզակի է, առաջինն է Հայաստանում, որտեղ ուսուցման ողջ գործի պատասխանատուներ-հեղինակներ դարձան կրթահամալիրի ուսուցիչները՝ տիկին Աիդան, Մարիետ Սիմոնյանը, Սուսան Մարկոսյանը, Գևորգ Հակոբյանը, Աշոտ Տիգրանյանը, Նաիրա Նիկողոսյանը…. հիմա նաև՝ ընկեր Տաթևը, ընկեր Հռիփսիմեն, տիկին Սոֆյան… Թող ընկեր Հռիփսիմեն շարունակի՝ ինչ է անում ինքը, որ ուրիշ են դառնում ձեր պարապմունքները, ձեր դասարանը։ Դժվար-հետաքրքիր է, երբ դու ես սովորողների, նրանց ծնողների հետ քո անելիքը որոշում-քննարկում, ստեղծում, ընտրում, պատասխան տալիս քո սխալների համար։
Տիար Բլեյան, ինչու՞ ենք մենք ընդհանուր պարապմունք անում: Ուրիշ դպրոցներ ինձ հիշեցնում են բազմաբնակարան շենքերը. ամեն դասարան «ապրում է» մի բնակարանում։ Մենք մեկ ենք, առանց ներքին պատերի ենք, իրար ճանաչում ենք, իրար հետ հանդես գալիս, ուրախանում իրար հաջողություններով։ Օրինակ, դու որտե՞ղ պիտի ծափահարեիր 4-րդ դասարանի Արայիկին շախմատի չեմպիոն դառնալու առթիվ, կամ որտե՞ղ հանդիպեիր կրթահամալիրում ստեղծվող ռոբոտներին։ Միասին ուրախանալը, միասին նույն երգերը երգելը, պարելը, միասին ներկայանալը մենք անում ենք նաև, որպես դպրոց՝ ամենօրյա ընդհանուր պարապմունքների և, որպես կրթահամալիր, ամենուրբաթյա համերգ-պարապմունքների միջոցով։ Տեսեք՝ մեր Տոնն էլ այդպիսին է՝ որպես միասնական ուսումնական նախագիծ։
Ինչո՞ւ ենք մենք երգում, հետաքրքիր պարեր սովորում: Ուրախությունը, միասնականությունը, համերաշխությունը ամենահեշտը ինքնաբերաբար դառնում են երգ, պար, ծափ, հավաք, տոն… Ուրիշ է, երբ ինչ-որ մարդիկ գնում են պարի, երգի խմբեր, ուրիշ է, երբ դա քո առօրյան է։
Ինչո՞ւ է մեր դպրոցի գրատախտակը էլեկտրոնային, իսկ մյուս դպրոցներինը` ոչ: Էլեկտրոնային են ոչ միայն Դպրոց-պարտեզի գրատախտակները, այլև Նոր դպրոցինը, Հիմնական դպրոցինը, Գեղարվեստի կրտսեր դպրոցինը, Միջին դպրոցինը, Ավագ դպրոց-վարժարանինը, Գեղարվեստի ավագ դպրոցինը, Արհեստագործական դպրոցինը, Քոլեջինը… Հետաքրքիր կլինի՝ կապ հաստատել բոլոր էլեկտրոնային գրատախտակների միջև։ Իսկ մենք լավ ճանաչո՞ւմ ենք մեր գրատախտակները, ամբողջությա՞մբ ենք օգտագործում նրանց հնարավորությունները։ Խնդրեմ, հաշվեք, թե քանի էլեկտրոնային գրատախտակ կա կրթահամալիրում, դասարանով մտածեք՝ ինչպիսի միասնական առաջադրանքներ կարող եք հորինել, ինչպես միասնական հանդես գալ այս տոնին մեր գրատախտակներով։ Ի՞նչ են փոխում նրանք ձեր կյանքում, ի՞նչ կլիներ, եթե հանկարծ մի օր կրթահամալիրի բոլոր էլեկտրոնային գրատախտակները վերցնեին ու չքվեին։
Մենք չե՞նք մոռացել՝ ունենք անխոնջ Էլեն Միրզոյան, որ Դպրոց-պարտեզում 1-ին դասարանից ամենուր էր՝ մեր բոլոր ստուգատեսներում, ընդհանուր պարապմունքներում, հավաքներում… Կա՞ կապ Ասյա և Էլեն Միրզոյանների միջև։ Որտե՞ղ է հիմա նշանավոր Էլեն Միրզոյանը, ինչո՞ւ նրա զվարթ ձայնը չի լսվում մեդիայում։ Էլե՜ն, որտեղ էլ դու կաս աշխարհում, արձագանքի՜ր. հիմա, Սեբաստացու օրերը, կրթահամալիրի տոնը Տոն է դառնում քո ձայնով, քո տեսքով…
Ողջո՜ւյն, տիար Բլեյան։ Ձեզ գրում է Միրզոյան Էլենը:
Կարծում եք, թե կորել, մոռացե՞լ եմ ձեզ, մեր ՄՍԿՀ-ը։ Ոչ ես շատ եմ հիշում, կարոտում եմ ամենքիդ ու ամեն ինչ: Մոսկվայի ռուս դասընկերներիս անընդատ օրինակ եմ բերում մեր դպրոցը, էնքան եմ պատմում… էնքան եմ խոսում, հենց բառերը չեն հերիքում հայերեն եմ խոսում։ Անցյալ տարի հաղթել եմ Կենգուրու մրցույթին գրավել եմ առաջին տեղը Մոսկվայի թիվ 1141 դպրոցում, որտեղ հիմա սովորում եմ: Իսկ Եղեռնի օրը էնպես ներկանացա պատմության դասին, որ միակ ադրբեջանցի դասընկերս ստիպված սկսեց արդարանալ:
Մոսկվայում չկան ընկեր Տաթև, ընկեր Կարինե, Տիար Բլեյան, բայց ես գիտեմ որ դուք կաք այդտեղ՝ Երևանում, իմ ՄՍԿՀ-ում, ու ես ինչքան էլ մեծանամ, միշտ կհիշեմ Ձեզ բոլորիդ, ու երբ որ գամ Հայաստան, անպայման ձեզ կայցելեմ, որովհետև ես Ձեզ շատ եմ սիրում ու կարոտում:
Էլեն Միրզոյան
Մեր լավ, պայծառ Էլեն ջան, կեցցե՛ս՝ ուրախացրիր քո գրառումով: Մենք՝ քո դասընկերները, քո դասավանդողները, քեզ ժպիտով ու կարոտով ենք միշտ հիշում: Էլեն ջան, դու հաջողակ ու հրաշալի Էլեն ես: Համբուրում եմ:
Տաթև Բլեյան
Ապրես Էլեն ջան, որ մեր դպրոցը ներկայացնում ես արտերկրում, ուրախ ենք քեզ համար, մենք էլ քեզ ենք կարոտում:
Էլլադա Բաբայան
Եվ ահա քեզ ուսուցիչ` երկրորդ պլանում հմուտ գործող, ահա քեզ մեդիատեխնոլոգիաներն իրական կյանքում. կեցցե՛ս, Հռիփսիմե Առաքելյան, այս տեսանյութի համար.
«Պուպուշ» երևալու սինդրոմը, ակամա յութուբ-ֆեյսբուք ընկնելու վախը հաղթահարած պիտի լինեինք. հաղթահարե՞լ ենք: Ես մնում եմ իմ կարծիքին, մեր ֆիզիկական միջավայրը, մեր մեդիան՝ բաց ու ազատ mskh.am-ը, լիուլի հնարավորություններ է տալիս ցանկացած հարց առաջադրելու և անաչառ քննարկելու համար: Բայց իրավունքը գերակա է. արտահայտվելու ազատությունը ենթադրում է արտահայտվողի կողմից տեղեկատվության միջոցի ընտրության ոչ միայն հարգում, այլև ապահովում: Մի խումբ 11-րդ դասարանցիներ, տեսա՞ք, օգտվեցին և՛ ֆիզիկական միջավայրում, և՛ մեդիայում իրենց կարծիքի արտահայտման ազատությունից: Սա էլ ուսուցման արդյունք է. տեսեք` տեխնոլոգիական ինչ հմտություն, երաժշտության ինչպիսի ընտրություն… Մնացածը մանկավարժություն է` ինչպես ազատության պայմաններում, առանց բռնության ձևավորել ազատ կամքով քաղաքացիներ…
Վահե Մուսայելյան, ողջո՜ւյն:
Տիար Բլեյան, ինչու՞ եք ձեր աղջկան տնօրեն նշանակել: Այդպես է ստացվել. կրթահամալիրի բոլոր աշխատողներին` և՛ Հռիփսիմեին, և՛ Սոֆյային, և՛ ընկեր Վարդուհուն, ես եմ աշխատանքի ընդունում… Տաթև Բլեյանի դեպքում այդպես ստացվել է… Ամենաշատը ուզում էր-պնդում էր առաջարկում էր Տաթևի ուսուցիչ՝ տիկին Աիդան, հետո` տիկին Մարիետը, ընկեր Սրբուհին, ով հիմա իր Մինա բալիկին է մեծացնում…
Տաթևը, գիտե՞ք, սկզբում ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը, հայտնի Երվանդ Ղազանչյանի կուրսը, հետո աշխատել է դերասան, հենց Երվանդ Ղազանչյանի մոտ՝ Երևանի Կոմեդիայի պետական թատրոնում… Եղե՞լ ես այդ թատրոնում… Վահե ջան, Տաթևի դերասան դառնալն իմ սրտով չէր, բայց ես հարգել եմ նրա ընտրությունը բոլոր հարցերում… Հետո Տաթևը կազմակերպիչ աշխատեց Դպրոց-պարտեզում, ինչպես հիմա՝ Սոնա Փափազյանը: Սոնայի՛ն էլ եմ ես ընտրել՝ Տաթևի առաջարկությամբ: Հետո, Տաթևը կապվեց մանկավարժական աշխատանքին, Դպրոց-պարտեզին… սովորեց մեր քոլեջում… Լավ է, որ իմ երեք աղջիկներից մեկը՝ Տաթևը, զբաղվում է մանկավարժությամբ: Հաճույքով փորձում է կազմակերպել 2-11 տարեկանների դպրոցա-պարտեզային կյանքը… Շաբաթներ առաջ Տաթևն ինձ խնդրեց՝ գրավոր ու բանավոր, ազատել աշխատանքից… ես չհամաձայնեցի. այ, այդ օրը արդեն ես Տաթևին վերանշանակեցի Դպրոց-պարտեզի ղեկավար:
Դուք մեծ, հասուն մարդիկ եք: Կարևորը հիմա ձեր կարծիքն է: Վահե Մուսայելյան, քո՛ կարծիքը: Հավանո՞ւմ եք ձեր ղեկավարին, այնպիսի՞ն է, ինչպիսին կուզեիք, փոխո՞ւմ եք նրան, օգնո՞ւմ` միասին ձեր ուզած դպրոց-պարտեզը ստեղծելու: Արմինեն՝ Դավթի մայրիկը, շատ է հավանում Տաթևին. լավ, հավատարիմ ընկերներ են: Ահա ինչու, Արմինեն ուզեց Տաթևի կողքին լինել, օգնել Տաթևին, որ Դպրոց-պարտեզում իր հոգսերը թեթև, իր սրտով լինեն… Երկա՜ր պատմեցի, շնորհակալ եմ, Վահե, դո՛ւ առիթը ինձ տվեցիր:
Տիար Բլեյան, ինչո՞ւ եք այս դպրոցը բացել: Այս դպրոցը, հետո էլի դպրոցներ, ես բացել եմ իմ երեխաների, իմ երեխաների երեխաների, քո եղբայր Վլադի, որ կարծես Արաքսյա Հովհաննիսյանի դաարանից է, քո համար… Լավ պարտեզը, լավ դպրոցը, պիտի շատ լինեն, այնքան, որ ոչ մի երեխա զուրկ չմնա… Քանի ես տնօրեն եմ, ամեն երեխա, ընտանիք, ով ազատ-գիտակից կընտրի մեր դպրոցը՝ բարով գա… Ահա ինչու, մեր դպրոցը դպրոց է դպրոցի մեջ, ընդարձակվող…
Տիար Բլեյան, ինչո՞ւ եք մեզ սիրում: Վահե ջան, ինձ հետաքրքիր է ձեզ հետ: Մեծերի աշխարհից, կենցաղից, միօրինակությունից շուտ հոգնում եմ… Դուք գարնան երկնքի պես եք, անմիջական, փոփոխվող: Ինձ գոհացնում է ձեր` աշխարհի կառուցմանը մասնակցելը, ձեր կյանքի խնդիրները դպրոցում-պարտեզում լուծելը… Ես միշտ այլ աշխատանքի հնարավորություն եմ ունեցել, հիմա էլ երևի ունեմ: Ես ամեն օր հավեսով եմ գալիս Բանգլադեշ ու անմոռաց տրվում ձեր բերած բազո՜ւմ-բազո՜ւմ հոգսերին…
Տիար Բլեյան, ինչո՞ւ մեր դպրոցում պահարաններ կան: Անհատական պահարաննե՞րը նկատի ունես: Ամեն սովորող ունի կրթահամալիրում իր պաշտպանված անկյունը անձնական իրերի համար, որ ձեռքերը ու մտքերը ազատ լինեն, որ նոթբուքը-թվային միջոցը չխանգարեն արագ մարզանքով-լողով զբաղվելու, խաղալու…
Ողջու՜յն տիար Բլեյան: Շնորհակալություն,որ իմ հարցերին պատասխանեցիք: Իմ հարցերին պատասխաններից ես շատ բաներ իմացա: Իսկ ընկեր Տաթևը ինձ համար ամենալավ տնօրենն է, ես նրան շատ եմ սիրում և ես գիտեմ, որ ինքն էլ ինձ է սիրում: Նա շատ ընկերասեր է, բարի, ուրախ, մեզ հասկացող, և մենք միասին շատ բաներ ենք անում դպրոցի համար: Ես շատ ուրախ եմ, որ սովորում եմ Դպրոց-պարտեզում և ուրախ եմ, որ իմ ուսուցչուհին ընկեր Հռիփսիմեն է: Մայրիկս՝ Ալլան, նույնպես կարդացել է բոլոր երեխաների նամակները: Մայրիկիս շատ-շատ է դուր եկել, թե մենք ինչպես ենք իրար հետ շփվում: Նա նույնպես շատ է ուրախ, որ ես սովորում եմ Դպրոց-պարտեզում: Շնորհակալություն և ցտեսություն:
Վահե Մուսայելյան
Շարունակենք։
Ինչո՞ւ են մեզ մոտ թխելով բարևում: Իմ սիրելի Հրանտ ու Հրաչյա, շատ ուզում եմ, որ սեբաստացիներն իրենց ողջագուրման (բարևի) յուրահատուկ ձևն ունենան… Մեծերից (փողոցից) ընդօրինակվող պաչ-պռոշտը՝ ընդգծված ձեռքսեղմումով, ինձ վանում է, խորշում եմ մի ուրիշ տեսակ… Ափը ափին, միաժամանակ, թե հերթով… Ե՛վ ձեռքսեղմում է, և՛ իրար աչքերի մեջ նայելու, իրար վստահելու հնարավորություն… Դուք պիտի ասեք. ես իմ դիրքն օգտագործել, օգտագործում եմ ողջույնի «թխոց-բարևը» (ես ասում եմ՝ ափը ափին) շրջանառելու համար: Փորձեք նկարել ֆոտոշարք Հռիփսիմեի հետ, խաղացեք-ներկայացրեք, մեր Տոնի այս օրերին կարելի է հանրաքվեի նման մի բան կազմակերպել. Սյուզի Մարգարյան ջան, ես շատ կուզեմ, որ բացի աղոթքից, այլ նշանակություն ևս իմ գիրն ունենա… Չնայած աղոթքից դեն, ու աղոթքից բացի, ի՞նչ է լինում…
Ինչու՞ մեզ մոտ լողավազան կա: 2014-15 ուստարում չափելու, գրանցելու ենք բոլոր հինգ տարեկանների և չորրորդ դասարանցիների լողալու կարողությունները՝ որպես ուսումնական… Ցանկացած տարիքի սեբաստացին, հարկ է, որ ոչ միայն լողա, այլև, հարկ եղած պահի որպես փրկարար աշխատի: Ես նորից պատրաստվում եմ մոտիկից զբաղվելու մեր ուսումնական լողավազանով և լողուսուցումով… Ամառային բանգլադեշյան մեր լողափերը, Հրաչ, Վահագն, ընդարձակելու ենք. «Սեբաստիա» մարզադաշտը մինչև 2015-ի հունիսի 1-ը պիտի ունենա իր բացօթյա մոբիլ պատանեկան իսկական բաց լողավազանը… Առնոլդ Բլեյանն այս խնդրի լուծմանը պիտի ներգրավի մեզնից յուրաքանչյուրին. այդպես կառուցվեց նաև ձեր Դպրոց-պարտեզի ծածկած լողավազանը…
Տիար Բլեյան, ինչո՞ւ մենք չունենք մեզ մոտ Մխիթար Սեբաստացու արձան: Վահե և Միքայել ջան, այս օրերին նորամուտ կլինի և՛ Դպրոց-պարտեզում, և՛ Արհեստագործականում, և՛ Նոր դպրոցում, և՛ Հիմնականում… Մխիթար Սեբաստացին իր իմաստուն-խաղաղ ներկայությունը կունենա մեր բոլոր յոթ ուսումնական շենքերում… Քիչ մնաց, պատրաստվենք…
Ես ասում եմ՝ Լուսինեի, Ասյայի, Վահագնի «Ինչու ենք մենք համակարգչով դասերն անում» հարցը ստուգատեսային դարձնենք տոներից հետո. ծրագրերի կենտրոնի և դպրոցների ղեկավարներ, սեբաստացի սովորողներ և ուսուցիչներ, ինչպե՞ս ենք մենք մեր ուսումնական պարապմունքներն անում՝ թվային, անհատական միջոցների գործածմամբ: Ինչպե՞ս է օգնում անհատական համակարգիչը լրացուցիչ կրթության (տնային պարապմունքներն անելիս) ժամանակ. ինչպե՞ս է այն փոխում պարապմունքների դպրոցական կազմակերպումը… Դուք պիտի զգալ տաք դրանց առավելությունները… Ոչ մի արհեստականություն, ոչ մի ցուցամոլություն-ձևականություն, բայց անհատական-խմբային-դասարանական պարապմունքների կազմակերպումը, տանը թե դպրոցում, պիտի ներկայացվի, փոխանցվի, յուրացվի, ինչ չի լուծված, լուծվի, քննարկվի, շտկվի, ինչը խանգարում է, վերացվի: Մենք ունենք մեր կյանքը տանը թե դպրոցում փոխելու բացառիկ շնորհ, չենք կարող մեր ողջ կարողությամբ այս շնորհը չշատացնել…
Հրանտ ջան, ինչո՞ւ պետք է անպայման տողանին պարենք, հարցնում ես… Որ պարելով՝ պարել սովորես, ամեն օր քո ընկերների հետ քո դպրոցում 5 րոպե պարես, 5 րոպե երգես, 5 րոպե՝ ամենատարբեր, ընդհանուր վարժություններ անես… Պարող, երգող, միասին ուրախացող դպրոց դառնաք, ձեր պարը, երգը, ձեր ուրախությունը, ձեր գիտելիքները տարածեք Հայաստանով մեկ՝ ձեր հասակակիցներին… Հետո կմեծանաք ու ձեր ընկերների հարսանիքներին, կարևոր օրերին կպարեք, կերգեք, քեֆ կանեք ուրախ…
- Մենք ինչո՞ւ կավիճով գրատախտակ չունենք,- հարցնում է Վահագնը Փանոսյան:
Ինչ են եղել ձեր կավիճով գրատախտակնե՞րը. կարծեմ դրանց փոխարինելու եկան մարկերովները, հիմա՝ էլեկտրոնային գրիչներովը… Մեր հինգ տարեկանները սկսել են մատով գրել ավազե դաշտերի վրա… Կարծում եմ՝ հարմարը ստեղնաշարով գրել-կարդալն է, էկրանին…
- Ինչո՞ւ է մեր դպրոցը կոչվում «Մխիթար Սեբաստացի», – հարցնում է Լուսինե Հակոբյանը: Ովքե՞ր են Մխիթար Սեբաստացին ու Մխիթարյանները, որոնք միաբան գործեցին Մխիթարի մահից հետո՝ նշանավոր պահելով-դարձնելով իրենց ուսուցիչ րաբունապետ Մխիթարի անունը… Այս օրերին կրթահամալիրի կայքում կհանդիպենք շատ ու շատ նյութեր՝ Մխիթար Սեբաստացի հայագետ-գիտնականի, նրա ստեղծած միաբան գիտնականների մասին… Անգամ Դավիթ Բլեյանենց խմբում են քննարկել Սեբաստացու ով լինելը։ Հետևիր այդ նյութերին, ինքդ էլ ինտերնետից կարող ես դուրս բերել այդպիսի նյութեր՝ քո ծնողի և ուսուցչի աջակցությամբ: Փորձիր: Մխիթար Սեբաստացին իր ժամանակի հերոսն է, ով իր գիտնական ընկերների հետ պահպանեց ու զարգացրեց հայագիտությունը, ով իր ստեղծած միաբանությամբ ոգևորել է ինձ՝ դպրոցներ ստեղծելու, մանկավարժությամբ հայագիտությունը զարգացնելու-տարածելու, մեր կրթահամալիր-միաբանությամբ անխոնջ, նվիրված, համերաշխ զբաղվելու մեր մանկավարժությամբ: Բա՞րդ ստացվեց: Աշոտ Տիգրանյանի այս ուսումնասիրությունն ավելի կխճճի քո գործերը, ոչինչ, կարդա։
- Բացվել է 3140 անգամ