Ես սկսել եմ...
Primary tabs
«Ես կարողանում եմ» նախագիծ
Այժմ առաջարկների, դիտարկումների փուլն է…
Նախագծի իրականացման համար պետք է կարևորել-առանձնացնել մեր ծրագրի հիմնադրույթները, որոնք տարբեր կամ փոփոխված ձևակերպումներով առկա են մեր բոլոր ծրագրերում.
- խոսքային ինքնարտահայտման հմտությունների զարգացման միջոցով սովորողի մտքի և գործունեության ազատության զարգացում
- ուսումնական ընդհանուր կարողությունների և հմտությունների զարգացում.
- ինքնուրույն գործունեության (ընտրություն, սեփական ընտրության և արարքի համար պատասխանատվություն, սեփական
- կյանքի բարելավում, սեփական ուսումնական հետագծի որոշում և խմբագրում) հմտությունների զարգացում.
- ինքնուրույն սովորելու հմտությունների զարգացում.
- ընթերցելու, լսելու կաարողությունների զարգացումը.
- գրական-գեղարվեստական ճաշակի ձևավորմանը նպաստում.
- հայալեզու ուսումնական, հրապարախոսական, գիտա-հանրամատչելի նյութերի ստեղծում և դրանց տարածում համացանցով (գրավոր և բանավոր).
Ամբողջականը՝ ծրագրում:
Այս հիմնադրույթներից ելնելով էլ պետք է կազմակերպվի «Ես կարողանում եմ» նախագիծը: Այժմ խոսեմ նախագծի բովանդակային կողմի մասին:
Նախ հիշենք, որ նախագծային գործունեությունը, հատկապես սույն նախագծի շրջանակներում, պետք է կազմակերպվի այնպես, որ հաշվի առնվեն սովորողների հետաքրքրությունները, հնարավորություն տրվի սովորողին ընտրել-որոշելու և իր հնարավորությունների ու պատկերացումների, հմտությունների ու լեզվական կարողությունների շրջանակներում առավելագույնս ներկայանալ-ներկայացնելու: Ինչ ենք հասկանում ներկայանալ-ներկայացնել ասելով. ստուգատեսին մասնակից սովորողը պետք է ունենա տեսանելի և հրապարակված աշխատանք ֆիլմի, տեքստի, ձայնագրության տեսքով: Աշխատանք, որը հնարավորություն կտա տեսանելի դարձնել կամ մեկ անգամ էլ ընդգծել սովորողի ձեռքբերումները:
Մեր փորձից:
Անցյալ տարի այս ստուգատեսը կազմակերպեցինք այսպես. սովորողը լրացնում էր հարցաթերթիկ՝ պատասխանելով յուրաքանչյուր առարկայից քանակային հարցադրման՝ ինչ է կարդացել, ինչ հրապարակումներ ունի, ինչ է կարողանում անել: Ի՞նչ ունեցանք. մեխանիկորեն լրացված հարցաթերթերի փունջ: Սովորողներից շատերն այդպես էլ չկարողացան հիշել կարդացածի ողջ ցանկը, քիչ կարդացող շատ սովորողներ այնպիսի ցանկ էին նշել, որ ապշեցի. բանաստեղծություն-բանաստեղծություն առանձնացրել էին: Կարդացողները՝ նշել էին միայն հեղինակների անունները: Պատկերը տեսանելի չէր. արվածի տեսանելի մասը հենց սովորողի բլոգում է: Հմտությունների թվարկման մասում բոլորը նույն կետերն էին նշել: Հղումների վայրում՝ դրել ընդհանուր էջի հղումը ու վերջացրել:
Ի՞նչ տվեց նման հարցաթերթի լրացումը՝ ասել չեմ կարող (իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով՝ ոչինչ), այդպես էլ համապատասխան ուսումնասիրություն չարվեց... Հետադարձ կապը թույլ է գործում, իմ դիտարկմամբ՝ չի գործում (առաջարկում եմ շտկել-սկսել): Նախորդ տարվա ձեռբերումների, թերացումների, չստացվածի հետազոտությունը կարող է խիստ օգտակար լինել հատկապես տոնացուցային նախագծերի զարգացման համար: Ընդհանուր ուսումնասիրություն՝ առանց անունների, միմյանց մատնանշման, կիրթ, գրագետ դիտարկումներով, որը կարող է դառնալ հենց «Դպիրի» համար ամփոփիչ ուսումնասիրություն, որին հղում անելով էլ հնարավոր կլիներ գրել, ասենք, հենց իմ այս տեքստը:
Ի՞նչ եմ առաջարկում այս տարի:
Առաջարկում եմ կազմել-ունենալ «Ես կարողանում եմ» հարցաթերթերի փաթեթ, որոնցից մեկը, իր ընտրությամբ կարող է լրացնել սովորողը:
Ի դեպ, առաջարկում եմ հարցաթերթերը կազմել ոչ թե ըստ դասարանների, այլ՝ որոշակի տարիքի համար, ասենք`10-12-րդ դասարանի սովորողների:
Ի՞նչ կտա մեզ նման հարցաթերթիկային հարցումը:
Կունենանք ամբողջական փաթեթով աշխատանքներ, որոնք հնարավորություն կտան տեսնելու տվյալ սովորողի հմտությունները տվյալ առարկայից, անձի ընդհանուր զարգացումը, նաև՝ առարկայի պահանջին հատուկ մեդիահմտությունները: Կունենանք և՛ հրապարակելի նյութերի առարկայական փաթեթներ, և՛ ուսումնասիրության համար հետաքրքիր նյութ, և հնարավորություն կտանք սովորողին ստեղծագործելու ու ինքնադրսևորվելու՝ չկտրվելով իր համար արդեն առօրյա դարձած ուսումնական գործունեության ձևերից: Ստուգատեսը կկարողանանք դարձնել նաև դիջիթեքյան՝ հարցաթերթերում ներառելով տեսանյութերի պատրաստում, դիջիթեքյան հարցադրումներ ու անվանակարգեր: Կարծում եմ՝ հետաքրքիր է…
Ստորև կներկայացնեմ մի քանի անմշակ մոդել, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսի նյութ՝ առաջադրանքների փաթեթ, եմ ենթադրում: Կարծում եմ, որ որոշակի մշակման ենթարկվելով, որոշակի ու կոնկրետ բովանդակություն առանձնացնելով, կարելի է մշակել ու ստանալ թերթիկների հետաքրքիր փաթեթ:
Ժամանակակիցների լավագույն հնգյակ՝ նկարիչներ-արվեստնգետներ, գրողներ, երաժիշտներ, քանդակագործներ, մարզիկներ, թարգմանիչներ, քաղաքագետներ, տնտեսագետներ և այլ ոլորտի գործիչներ…
Պատրաստել ցուցադրություն՝ սեփական կարծիքով, հիմնավորումներով: Պատրաստ լինել բանավոր ներկայացնել աշխատանքը:
I փուլ
Առաջարկվող թեմաներից ընտրեցեք մեկը կամ առաջարկեք թեմա.
- Իմ սիրելի գրողը
- Իմ սիրելի ստեղծագործությունը
- Որևէ վերացական հասկացության մասին (սեր, ատելեություն, վրեժ…)
- Հասարկական անհանգստացնող խնդրի մասին (տրանսպորտ, թանկացում…):
Ընտրեցիք: Անհրաժեշտ տեղեկատվություն փնտրել այդ թեմայով։ Եթե Ձեր զեկուցման համար անհրաժեշտ է, կատարեք թարգմանություն-փոխադրում, պատրաստեք գրավոր տեքստով ներկայացում:
II փուլ
Արդեն պատրաստ գրավոր տարբերակը վերածեք բանավոր խոսքի՝ զեկուցման կամ հաղորդման ձևաչափով: Անհրաժեշտ է, որ խոսքը լինի հստակ, գրագետ, հասկանալի, ունենա սկիզբ և վերջ: Ուշադրությո՛ւն դարձրեք ճիշտ շեշտադրության, նախադասությունների կառուցվածքի վրա:
Պատրաստի աուդիո- կամ տեսանյութը ներբեռնեք ձեր բլոգում:
Աշխատանքը կարող է նաև խմբային լինել, եթե խմբի բոլոր անդամների գործունեությունը նյութում տեսանելի-լսելի լինի:
Թարգմանական նախագիծ. տևողությունը՝ 3 ուսումնական պարապմունք:
Անհրաժեշտ տեղեկատվություն։ Ես նշել եմ ռուսալեզու աղբյուրներ, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է փոխադրեք հենց տվյալ լեզվից: Գտեք նմանատիպ (բովանդակություն) նյութ ձեր նախընտրած որևէ այլ լեզվից:
Թեմաներ` գիտություն, արվեստ, նորարարություն:
Տվածս հղումներից թարգմանելը նույնպես պարտադիր չէ. կարող եք առաջարկել ձեզ հետաքրքրող որևէ այլ նյութ:
Պարտադիր է՝
- ուշադրություն դարձնելը հայերեն գրավոր խոսքին.
- մտքի ճիշտ փոխադրմանը.
- բառարանից (ըստ անհրաժեշտության) օգտվելը.
- սեփական թարգմանությունը վերանայելը`խմբագրում, խոսքի մշակում
- բլոգում աշխատանքի հրապարակումը:
Իմ տպավորությունն այն է, որ մարդիկ հիմա ապրում են՝ չզգալով այն, շուրջը ոչինչ չտեսնելով, ասես… ասես նրանց զգացմունքները բթացել են, ես ճիշտ չե՞մ: Բայց իմ տպավորությունն է դա:
Մարդիկ չեն զգում իրենց շրջապատող աշխարհը, նրանք լսում և կրկնում են խոսքերը, բայց նույնիսկ չեն ջանում պատկերացնել այն, թե ինչ են այդ բառերը նշանակում, և եզրահանգումներ չեն անում: Մարդիկ հիմա ապրում են, իհարկե, ընկալելով շրջապատող աշխարհը, բայց ընկալելով այն մակերեսորեն, ասես ոչ ոք ոչ մի բանի մասին չի խորհրդածում, կարծես բանականությունը վտարված է մարդկանց շրջապատող միջավայրից, ուր նրանք կորսված են: Մտածելը մարդու համար արդեն ծանր գործ է դարձել…
Հարցարան
- Համամի՞տ ես, ինչո՞ւ է այսպես. «Իմ տպավորությունն այն է, որ մարդիկ հիմա ապրում են՝ չզգալով այն, շուրջը ոչինչ չտեսնելով, ասես… ասես նրանց զգացմունքները բթացել են, ես ճիշտ չե՞մ»:
- Ե՞րբ է մարդը եզրահանգում անում, ի՞նչ է եզրահանգումը:
- Բացատրիր՝ շրջապատող աշխարհը մակերեսորեն ընկալել. ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, դու մակերեսորե՞ն ես ընկալում։
- Վերջին անգամ ինչ թեմայով և ի՞նչ նյութի առիթով ես խորհրդածել. ներկայացրու խորհրդածությունդ մի քանի նախադասությամբ և, եթե հնարավոր է, հղումով:
- «Մտածելը մարդու համար արդեն ծանր գործ է դարձել…». մտորում այս թեմայով (word-ի ստանդարտ կես էջ)
- Բորխեսի մտքերի ծաղկաքաղ՝ իմ թարգմանությամբ:
Խորխե Լուիս Բորխես, Օսվալդո Ֆերարի
Նոր հանդիպում (Չհրատարակված զրույցներ)
Հարցարան
- Կարդա հատվածը, ընտրիր քեզ հետաքրքրող մտքերից երկուսը՝ հակադրվիր, համաձայնիր (գրավոր մտորման տեսքով)։
- Շարունակիր հարցարանը…
Բառային աշխատանք
- Գտիր բառագործածության սխալներ հայկական մամուլում։
- Գտիր նորաբանություններ հայկական մամուլում։
- Ամենաշատ հանդիպող օտարաբանությունները համացանցում։
- Շտեմարանի բառագիտության բաժնի հոմանիշների հատվածից առանձնացրու քեզ անծանոթ քսան բառ և բացատրիր բառարանի օգնությամբ։ Գտիր այնպիսի բառեր, որոնք երբևէ չես լսել, չես հանդիպել կարդացածդ տեքստերում:
- Բացվել է 1810 անգամ