Ծեսը՝ ինքնագիտակցության միջոց

«Դպիր» մանկավարժական հանդեսում ներկայացրել եմ իմ կողմից առաջարկված նախագիծն ու իրագործման առաջին քայլերը: Սիրով շարունակել եմ, ծանոթացեք արդյունքներին: Յուրաքանչյուրն իրավունք ունի ստանալու ազգային ժառանգությունը, և ուրիշ ոչ մեկն իրավունք չունի որոշելու՝ պե՞տք է տալ նրան, թե ոչ: Իսկ թե ի՞նչ կանի հետո նա՝ արդեն իր գործն է: Այս միտքը լսել եմ Արթուր Շահնազարյանից, իսկապես, ո՞վ կարող է որոշել՝ պե՞տք է հիմա անցած գնացած եղածը փոխանցել, թե՝ ոչ: Ժամանակակից լեզվով ասած՝ իրավունքների ոտնահարում է: Սակայն շատերը հիմա, չունենալով իրենց սեփական ասելիքը, անճանաչելիորեն ձևափոխում են այդ նույն ազգայինը՝ այլ երանգ տալով, խառնելով այլ ազգերի մշակութային լադերի հետ:

Մեր ազգային արժեքներից են եղել ծեսերը: Այնքան ես ուզում վերականգնել, նոր կյանք տալ, բայց չգիտես՝ ինչի՞ց սկսել, ումի՞ց իմանալ, ո՞վ քեզ ցույց կտա այն ուղին, որով գնացել է ազգը, բայց կորցրել է ճանապարհին հա՛մ իրեն, հա՛մ իր մշակույթը ստեղծող միջավայրը: Ինչպե՞ս վերականգնել դրանք, որ այսօրվա մարդը կարողանա ոչ թե արհեստականորեն կրկնել, վերարտադրել, այլ բնական պահանջով իրենը կատարել: Հիմա հաստատ էլ ժողովրդական նոր երգեր ու պարեր չեն ստեղծվում, լավագույն դեպքում ինչ որ մեկը կամ մի քանիսը լավ կքրքրեն ու կպեղեն ինչ որ մեկի կողմից գրառած, բայց դեռ չկատարված երգ, պար: Կամ ինչ-որ մեկը պատահմամբ կհայտնաբերի մեկին, որը դեռ հիշում է ազգի երգերիցպարերից: Շնորհակալ գործ են կատարում. գոնե եղածը պահենք, ներկայացնենք: Բա հետո՞, կանգնեցինք եղածի վրա ու էլ ոչինչ չստեղծեցի՞նք: Եթե ազգային ոչ մի նոր գործ չի ստեղծվում, քանի որ չկա ազգի մշակույթը կրողը, միջավայրը, որտեղ ստեղծվել է մշակույթը, հայի այն տեսակը, էլ ու՞մ համար է այդ ամենը: Հարցեր, որոնք անընդհատ ինձ տանջում էին և շարունակում են տանջել:

Ես այնքա՜ն սիրով եմ հիշում իմ մանկական տարիների այն հատվածը, երբ ամառային արձակուրդին եղբորս հետ գնում էինք Հառիճ՝ հայրական պապ ու տատիս տուն: Ամբողջ տարին անհամբեր սպասում էի, թե երբ եմ գնալու գյուղ: Ի՜նչ միջավայր էր, առավոտ շուտ արթնանում էինք, որ բռնեինք ոչխարի գլուխը: Դե, դրանք կովերի պես խելոք չէին կանգնում, որ մամս (մեր գյուղում տատին մամ էին ասում) կթեր: Չեմ կարող ասել, որ հեշտ էինք արթնանում, բայց ընդհանրապես չէինք բողոքում, փոքր էինք, բայց հասկանում էինք, որ այլ կերպ չէր էլ կարող լինել: Գառների համար խոտ էինք քաղում, հավի ճտերին էինք տիրություն անում, որ չկորչեին կամ կատուն չտաներ, աղբյուրից ջուր էինք բերում, այծերի թռիչքին նմանվող շարժումով իջնում էինք ձոր, մանկական խաղերգով մտնում մեր պատրաստած գյոլն ու լողանում, մամիս զահլեն էի տանում հաց թխելիս՝ մի կտոր խմոր ուզելով ու, կողքին նստած, խանգարելով ճմռում էի ու բոքոն սաքում, որը մամս խփում էր թոնրի շրթին...

Ու անհամբեր սպասում էի Վարդևորին, որովհետև տարվա մեջ այդ օրն իմ ամենասպասված ու երջանիկ օրերից էր: Դեռ նախօրոք մեր նոր շորերն ու կոշիկները պատրաստ դրված էին մամիս կոմոդի մեջ: Առավոտ շուտ վեր էինք կենում, հագնվում, մամս անպայման մեզ դրամ էր տալիս, որ մեզ համար քաղցրավենիք գնենք: Գյուղ էին գալիս գյուղից դուրս ապրողները, գյուղը լցվում էր, եռում, հրճվում, երջանկանում, մանկանում: Պապս ոչխար էր մորթում, մամս նախօրոք հաց էր թխում ու չէր մոռանում իր թխած հացից մեր միջոցով ուղարկել մի քանի տուն, բաժանել անցորդներին: Մեծերը կաթսան դնում էին կրակին ու մատաղի միս եփում: Սիրուն տոն էր՝ խաղերով, պարերով, երգերով, ջրոցիով, կատակներով, հետաքրքիր պատմություններով, հիշողություններով, շփման անփոխարինելի միջավայր, ազգային կոլորիտ, ժառանգած ծիսական չգրված կանոնակարգված գործողությունների շարք:

Հիշողությունը՝ հիշողություն, բայց իրականությունն էլ՝ իրականություն: Հիմա ինչի՞ց սկսել, ո՞ր քայլն է տանելու ճիշտ ուղղությամբ: Սկզբից կարծեցինք, որ պատրաստվել է պետք՝ երգեր, պարեր, ասացվածքներ սովորել, իմանալ գործողությունների հաջորդականությունը, ծիսական ատրիբուտներ պատրաստել, իմանալ ծիսական հերոսներին և այլն: Կարծես սայլը տեղից շարժեցինք: Հետո ծեսը խաղալու պահանջը կորավ: Երբ չորս տարի առաջ գնացի Արթիկ, որոշեցի մեր հարևանների հետ Վարդևորին հավաքվել, խաչբուռ ու խնդում պատրաստել, վերջում էլ ջրոցի խաղալ: Խաչբուռը պատրաստելու ընթացքում ես ու մայրս հերթով մեր շրջանի երգերն էինք երգում, մյուսները պատմություններ էին պատմում, կատակներ անում: Անմիջական, հետաքրքիր, կոլորիտ էր: Այնքան տարվեցինք մեր գործով, որ մոռացանք ջրոցին: Երբ եկա Երևան, սիրտս խինդ էր մտել, մի տեսակ երջանիկ էի: Հետո հասկացա, որ ես վերջապես իմ կյանքի անցած լավագույն մասն եմ ետ բերել: Այսպես ծնվեց ազգային ծեսերին, երգերին, պարերին, խաղերին, մշակութային արժեքներին նոր կյանք տալու իմ մեծ ցանկությունը, որից էլ ծնվեց իմ նախագիծը:

Չեմ կարող ասել, որ այն փայլուն կամ լավ է ստացվում, ընդամենն անում եմ այն, ինչի պահանջն ունեմ, ինչի օրինակը չկա, բայց, քանի որ միջավայրն իմն է, ես էլ՝ այդ միջավայրինը, աշխատում եմ գտնել ու կատարել արդի մարդու մտածողությամբ ու պահանջով թելադրվածը: Կարծում եմ՝ վտանգավոր երևույթ է ազգային երգը, պարը, խաղը դարձնել բեմական դելիկատես, ազգագրական խմբերի մենաշնորհ, շրջապատին հիացնող զարմանք պատճառելու միջոց, շոու: Մամս կասեր՝ քոռնամ ես:

Իմ կյանքի մի լավ կտոր անցել է իսկապես հայ մարդու ստեղծած մաքուր, անմիջական, ազգային արժեք ներկայացնող միջավայրում, ես, չիմանալով, չգիտակցելով դարձել եմ այդ միջավայրումստեղծվածի կրողը: Շատ բաներ ինձ հեշտ են տրվում, քանի որ երբ պատասխան չունեմ, միշտ մտածում եմ՝ ինչ կաներ բնության հետ հարմոնիկ ապրող մշակը, ինչպիսի՞ լուծում կգտներ, ինչի՞ համար է այս կամ այն գործողությունը կատարել, ծիսական այս կամ այն պարագայի ստեղծումն ի՞նչ խնդիր է լուծել: Տարվա ընթացում տարբեր տարիքային խմբերի հետ բնական միջավայրում նշեցինք ԲարեկենդանըԶատիկըՀամբարձումըՎարդավառը: Հրավերք ստացանք մասնակցելու Գառնիում նշվող Վարդավառի տոնակատարությանը, որտեղ պատրաստեցինք ծիսական ատրիբուտներ, և, չնայած հիմնականում համերգային ծրագիր էր, մեզ չխանգարեց ստեղծել անմիջական, բնական միջավայր և հավեսով անցկացնել ծիսական օրը՝ Վարդավառը Գառնիում: Ես շարունակեցի իմ հետազոտական աշխատանքը՝ տեսագրեցի ականատես-մասնակիցների պատումները ծեսերի մասին.

Ինձ թվում է, որ կատարված գործը կարող է լինել գոնե որպես հետազոտական- վերականգնողական աշխատանք: Որքանով է դա պետք ազգին՝ թող իր համար որոշի յուրաքանչյուրը, ինչպես ես եմ որոշել այս գործն ինձ համար և իրականացնում եմ մեծ սիրով:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский