«Կոմիտաս -145» նախագիծն ընթացքի մեջ է
Primary tabs
Նախագծային ուսուցումը նկատելի կարևորություն ունի ուսուցման մեջ և ժամանակի թելադրանքով ընդլայնում է իր գործունեության շրջանակները: Այն նոր հնարավորություններ է բացում այսօրվա դեռահաս սովորողի առջև՝ մղելով նրան անելիքի ինքնուրույն պլանավորման ու աստիճանական իրագործման: Այն նաև սովորողին հնարավորություն է տալիս պրակտիկ գործունեության շնորհիվ կողմնորոշվել սեփական հետաքրքրությունների ու պահանջների մեջ: Նախագծային ուսուցման առանձնահատկությունների մասին՝ ուսուցման շարունակականության ու զարգացման ապահովում, խմբային և անհատական աշխատանք, միջառարկայական կապերի ամրապնդում, մի նախագծից մյուս նախագիծ աշխատանքների զարգացման աստիճանական բարդացում և այլն, այսօր շատ են խոսում:
Իմ հերթական նախագծի իրականացման մի քանի առանձնահատկությունների մասին եմ ուզում պատմել այս հոդվածում: Հոկտեմբերյան հավաքին ներկայացա «Կոմիտաս – 145» երկարաժամկետ նախագծով, որի աշխատանքներն ամփոփվելու են 2015թ. մայիսյան ամենամյա հավաքին: Նախագիծն իրականացնելու համար ընտրեցինք թե’ ամենօրյա, թե’ հեռավար ուսուցման մեթոդները՝ միաժամանակ այսկերպ ապահովելով ուսումնական գործընթացի շարունակականությունը: Նախագծի շրջանակում կատարված աշխատանքներն այսօր պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ ուղղությունների.
- աշխատանքներ, որոնք միտված են հայալեզու համացանցի հարստացմանը,
- աշխատանքներ, որոնք նպաստում են սովորողի՝ մայրենի լեզվով ավելի հաճախ ուսումնական նյութեր լսելու կարողությունների զարգացմանը
- ստեղծագործական-հետազոտական աշխատանքներ, որոնք նպաստում են բացահայտելու սովորողի ընդունակությունները, կարողություններն ու հմտությունները՝ ձևավորելով արժեքային նոր համակարգ:
Հիմա յուրաքանչյուր ուղղությամբ կատարված աշխատանքների մասին ավելի հանգամանալից:
Համացանցում նկատելի արագությամբ ավելանում է հայալեզու գրականությունը: Վերջին շրջանում անգամ պետական մակարդակով այդ աշխատանքների ծավալը մեծացնելու խիստ միտում է նկատվում: Հայերեն վիքիմեդիան հարստացնելու ուղղությամբ կազմակերպվում են տարբեր հավաքներ, այդ աշխատանքներում ընդգրկվում են հիմնարկություններ, մտավորական խմբեր, սովորողներ: Մեր նախագծի շրջանակներում որոշեցինք և իրականացնում ենք նույնպիսի աշխատանք՝ համացանցը հարստացնելով Կոմիտասին նվիրված այնպիսի նյութերով, որոնք մինչ այդ, մեր խորին համոզմամբ, համացանցում չկային: Ձեռքի տակ ունենալով Խ. Բատիկյանի «Կոմիտասը՝ ինչպիսին եղել է» գիրքը (Երևան, «Զանգակ-97», 2002թ.)` սովորողների ընտրությամբ հրապարակվեցին գրքից հատվածներ Կոմիտասի փարիզյան համերգների, հոգեբուժական հիվանդանոցում գտնվելու մասին, նաև հուշեր նրա մասին: Սովորողներն այդ աշխատանքները հրապարակել են իրենց բլոգներում, իսկ մինչ հրապարակումը դրանց հեռավար խմբագրումն ու սրբագրումը եղել է իմ աշխատանքի բաղկացուցիչ մասը: Ասեմ, որ աշխատանքն այս ուղղությամբ շարունակելի է:
Սովորողի՝ լսելու կարողությունների ձևավորումն ու հետագա զարգացումը հանրակրթական և այլընտրանքային ծրագրերի բաղկացուցիչ մասն է, որն ամրագրված է պետական չափորոշիչով: Այսօր մեր իրականության մեջ, չգիտես ինչու, լսելու կարողությունների խթանումը ավելի շատ իրականացվում է տեսնելու, դիտելու կարողությունների հետ համատեղ, միասին: Տեսանյութ, տեսաերիզ, տեսաֆիլմ, բոլորը՝ տեսնելու ուղեկցությամբ: Այնինչ, իմ սերնդակիցները կհաստատեն, որ երբ մեր մանկության տարիներին բացակայում էր համակարգիչը, իսկ ավելի առաջ՝ նաև հեռուստացույցը, մեր լավագույն «ընկերը» ռադիոն էր, մենք լավ ունկնդիր էինք, Թումանյանի, Աղայանի շատ հեքիաթներ, պոեմներ ու բալլադներ լսելով ենք սովորել: Գիտեինք լսել ու հաստատ ավելի վառ երևակայություն ունեինք, լսածն ավելի գունեղ, յուրովի էինք պատկերացնում, քան գուցե այն երեխան, ում այսօր ամեն ինչ տեսա-ով է մատուցվում: Չէ՞ որ գաղտնիք չէ, որ լսելու կարողությունների զարգացումը սրում է մարդու լսողությունը, ուշադրությունը, իսկ հետո՝ նաև միտքն ու բանականությունը: Գուցե հենց նաև այս մտածումների արդյունքում է, որ մեր կրթահամալիրում այս ուսումնական տարում նկատելիորեն խթանվեց ու ամենօրյա դարձավ «Սեբաստացի» ռադիոյի գործունեությունը: Այս մտածումներով էլ իմ աշխատանքների մի ուղղվածությունն էլ ռադիոընթերցումներն են` թե’ նախագծի շրջանակում, թե’ նախագծից դուրս: Բատիկյանի գրքում գտանք եվրոպական երաժշտական աշխարհի նշանավոր անձանց՝ Կոմիտասին ուղղված եզակի նամակներ` 1, 2, հետաքրքիր փաստեր, հուշեր, որոնք էլ դարձան ռադիոընթերցման նյութ: Ձայնագրման աշխատանքները կատարվում են թե´ դասարանում, թե´ հեռավար: Միևնույն հատվածը հաճախ ձայնագրվում է մի քանի անգամ, հետո հարկ է լինում մոնտաժել հաջողված կտորը մյուս հաջողվածին ճշգրիտ միացնելու սկզբունքով: Ձեռքի տակ ունենալով «Wondershere» ծրագիրը՝ մեր աշխատանքները նկատելի որակ են ձեռք բերել:
Իհարկե, միշտ չէ, որ աշխատանքն անթերի է ստացվում, հաճախ ընթերցվելիք հատվածի երկարության հետ կապված՝ հարկ է լինում ձայնագրությունը հատվածաբար անել, այստեղ էլ որակի վրա իր ազդեցությունն է ունենում ընթերցողի՝ այդ պահի ձայնի տարբեր տոնայնությունը, խոսքի արագությունը: Ավելին՝ բոլոր այս ձայնագրությունները անում ենք հեռախոսով, որը հետո պետք է վերածել mp3 տարբերակի: Մի լավ ձայնագրիչը զգալիորեն կկրճատեր մեր աշխատանքի տեխնիկական թերությունները, մանավանդ որ ուզում ենք ձեռնարկել Ե. Չարենցի «Կոմիտասի հիշատակին» պոեմի ռադիոընթերցումը: Չարենցյան պոեմը բավականին ընդարձակ է ռադիոընթերցման համար: Մտադրություն ունենք այն հատվածաբար ձայնագրելու, բայց արդյունքը միօրինակ չլինելու համար «կհամեմենք» կոմիտասյան ելևեջներով:
Նախագծային ուսուցման առանցքային առանձնահատկություններից մեկն էլ հենց այն է, որ սովորողին մղում է որոնելու, կարդալու, հետազոտելու, գտած փաստերը համադրելու, վերլուծելու, որի արդյունքում էլ ստեղծվում է նրա անհատական կամ խմբային հետազոտական աշխատանքը՝ նրա մտքի թռիչքի ու երևակայության արդյունքը: Այսպես՝ Մուշեղ Գալշոյանի «Սպասում» պատմվածքի ընթերցումն ու ուսումնասիրումը առիթ դարձան նոր նախաձեռնությունների: Կերպարվեստի դասին քոլեջի ուսանող Արմեն Օհանյանը, ընտրելով Գրիգոր Խանջյանի ստեղծած Կոմիտասի հայտնի նկարը, տարբեր նյութերի՝ կաշվի, թղթի, կտորի համադրությամբ ստեղծեց իր ստեղծագործություն-կոլաժը, Կոմիտասի՝ Թումանյանին ուղղված նամակի թարգմանությունն արեց թարգմանություն և գործավարություն մասնագիտությունն ընտրած Մարիամ Հովհաննիսյանը, և նրանց համատեղ խմբային աշխատանքի արդյունքում ստեղծվեց նաև «Կոմիտասի կերպարը հայ գեղանկարչության մեջ» տեսաֆիլմը: Այս պահին ընթացքի մեջ է «Կոմիտասի անունով են կոչվում» ճանաչողական տեսաֆիլմի աշխատանքները: Պատրաստ է սցենարը՝ ընթերցվելիք նյութը, պատրաստ են ֆիլմում օգտագործվելիք նկարները, առջևում ձայնագրման ու մոնտաժման աշխատանքներն են:
Ուրախությամբ պիտի խոսեմ Քոլեջ-արհեստների դպրոցում կոմիտասյան մի քանի երգերի ուսուցման մասին: Նախագծում ես արդեն անդրադարձել եմ մեծ երգահանի երգերի ուսուցման անհրաժեշտությանը, ինչպես նաև միջառարկայական կապերի ամրապնդման համար ինտերակտիվ դասերի կազմակերպմանը: Այդ ուղղությամբ արված աշխատանքների արդյունքում այսօր «Հոյ նազան», «Մի գեղեցիկ պարզ գիշեր», «Անձրևն եկավ» երգերի միասնական կատարումներով մեր սովորողները հաջող ելույթներ են ունենում մեդիաուրբաթներին ու ընդհանուր պարապմունքներին: Ասել է թե` այս տարի հունիսին «Անտիվիրուս Կոմիտաս» նախագծին նախապատրաստվելու մեր առաջին քայլերն արդեն արված են:
Մտահաղացումնե՞ր… էլի կան, կարծում եմ, որ դրանք մինչև մայիսյան հավաք իրականություն կդառնան:
- Բացվել է 2190 անգամ