Ավազաթերապիա
Primary tabs
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցների ներքին բակերում այս տարի ստեղծվեցին ավազե խաղահրապարակներ` մեծ, ավազեծածկ տարածքներ, որոնք շրջապատված էին գերաններով և անիվներով:
Առաջին հայացքից թվում էր, թե ավազն այնքան սովորական ու հասկանալի է, որ ոչ մի նորություն չի բերի մեր կյանք: Սակայն, իրականում, այն շատ զարմանալի և խորհրդավոր նյութ եղավ` շատ օգտակար մեր սաների համար: Ավազով խաղը ստեղծական գործունեություն է, որը նպաստում է երեխայի առանձնահատկությունների բացահայտմանը: Խաղի ընթացքում դրսևորվում են նրա հակումներն ու հետաքրքրությունները:
Ավազի հետ շփումն ունեցավ ուսումնական առարկաները կապող նշանակություն: Սաները մի շարք խաղերի միջոցով ձեռք բերեցին մաթեմատիկական տարրական գիտելիքներ, կարողացան իրականացել բնագիտական փորձեր: Ավազի խաղերը նպաստեցին նաև տառաճանաչությանը:
Երբ մեր հինգ տարեկաններն առաջին անգամ հայտնվեցին ավազե խաղահրապարակում, առաջին բանը որ արեցին, ավազի մեջ թավալվելն էր, հետո ամեն մեկն սկսեց իր նախասիրությունների շրջանակում ավազով խաղալ՝ մեծ ու փոքր քարերն առանձնացնել, հաշվել, համեմատել,պատկերներ գծել, դրանք անվանել՝ քառակուսի, շրջան, եռանկյուն:Ավազի միջոցով պատկերների ստեղծումը զարգացրեց երևակայությունը, օգնեց ազատվելու ներքին բացասական զգացմունքներից՝ դրանք արտաքին աշխարհ տեղափոխել:
Խաղի ընթացքում միմյանց հետ քննարկում էին, թե ավազն ինչով է տարբերվում հողից, և պարզեցին, որ այն ունի խոշոր հատիկներ, չունի հոտ, և հարց առաջացավ` ի՞նչ կլինի, եթե ավազին ջուր խառնեն: Խմբասենյակից դույլով ջուր բերեցին և լցնելով ավազի վրա` սկսեցին տրորել: Տեսան, որ ջուր խառնելուց հետո ավազը ծանրանում է, և հատիկները կպչում են իրար:
Ավազի վրա նկարելու ժամանակ նկատեցին, որ ամեն բան սպիտակ է և որոշեցին գույն տալ իրենց նկարներին:
Անմիջապես գործի անցան: Փոքրիկ մաղերով մաղեցին ավազը և լցրեցին դույլերի մեջ: Երբ պատահմամբ մի քար էր ընկնում մեջը, ամբողջ ավազը թափում էին, նորից սկսում մաղել: Աշխատանքն այնքան համակեց բոլորիս, որ անգամ փորձեցինք նոր գույներ ստանալ․ ներկին` գուաշին, մի փոքր ջուր խառնեցինք ու լցրինք ավազով լի դույլի մեջ: Սկսեցինք երկար շաղախել: Ուրախությամբ տեսանք ստացված գույները։ Ներկանյութ խառնելուց հետո սաները դժվարացան թաց ավազով աշխատել, և որոշեցինք չորացնել այն: Կտրատախտակները հանեցինք բակ, դրեցինք արևի տակ, վրան լցրինք թաց ավազը: Մի քանի ժամը մեկ դուրս էին գալիս և ստուգում` չորացել է, թե ոչ:
Հաջորդ օրը ուրախությամբ հայտնեցին, որ ավազն արդեն չոր է և կարելի է աշխատել: Մի քանի հոգով չոր ավազը բերեցին խմբասենյակ և լցրեցին հատակին, մի մասն էլ իրենց ներքնակները շարեցին հատակին, որպեսզի պառկեն վրան ու նկարեն: Պետք էր միայն տեսնել նրանց ոգևորությունը: Նկարում էին այն, ինչ մտքներով անցնում էր` խաղալիքներ, տերև, ծառ, ծաղիկ, երկրաչափական պատկեր, թիվ, տառ… Նկարներին նայելով` կարելի է շատ բան պարզել նրանց հոգեվիճակի, մտածելակերպի, խառնվածքի, բնավորության գծերի մասին:
Միևնույն ժամանակ նկարչության այս ձևը լուծում է մի շարք այլ խնդիրներ: Ի հայտ են գալիս հոգեկան ամենատարբեր հույզերը, իրավիճակն ըմբռնելու կարողությունը, մտքի ճկունությունը, երևակայությունը, հիշողությունը, ուշադրությունը, կամքը:
Մինչ այդ սաների հետ դիտել ու ընթերցել էինք իրենց ավագ ընկերների պատրաստած ուրախ այբբենարանները, կարաոկեների բառերը, նկարների վրայի անունները (5-րդ դասարանի սովորողները նկարել էին տարբեր նկարներ, վրան անունները գրել և կպցրել մեր խմբասենյակի պարանին. օրինակ` աշուն, շուն, լավաշ…): Նրանք տառերի մեծ մասը, որպես պատկերներ, շատ լավ ճանաչում էին:
Ավազի վրա նկարելու ժամանակ սկսեցին նկարել այն տառերը, որոնք հիշում էին:
Երբ հասկացա, որ այս մեթոդը շատ արդյունավետ է, սկսեցինք հաճախ նկարել ավազի վրա:
Հետո ավելացրինք մեր աշխատանքային նյութերը` հաշվեձողիկներով բեմի վրա տարբեր բառեր նկարեցին և կարդացին: Խմորով գրեցին և կարդացին իրենց անունները: Համակարգչի paint ծրագրին ծանոթանալուց հետո` սկսեցին նկարել տարբեր բառեր, որոնք իրար միացնելով ստեղծեցինք ուրախ այբբենարան:
Մի քանի օր անց ծնողները պատմում էին, որ դպրոց գալիս սաները կարդում են ճանապարհին իրենց հանդիպող ծանոթ տառերն ու բառերը:Կարծում եմ, որ սա լավագույն միջոցն է տառաճանաչության համար` ճանաչում ենք խաղալով, նկարելով, կարդալով…
Ավազով խաղալիս, նկարելիս, պատկերներ ստեղծելիս զարգանում են սաների մանր մոտորիկան, ուշադրությունը կենտրոնացնելու, տարածության մեջ կողմնորոշվելու կարողությունը։
Նրանք դառնում են ավելի ճկուն:
Ավազի ներմուծումը ուսումնական գործունեության մեջ օգնեց, որ սաների մեջ ձևավորվի ինքնուրունությունը, սեփական ջանքերով, փորձի արդյունքում բացահայտելը, դա ինձ հնարավորություն էր տալիս գործելու երկրորդ պլանից և դիտարկելու նրանց ուսումնասիրությունները, հաջողությունները, ոգևորությունը:
Ինձ համար կարևորեցի սաների ակտիվությունը խմբային աշխատանքների ժամանակ: Քանի որ խմբային աշխատանքը նպաստում է թիմային աշխատանքին, մարդուն դարձնում է նաև հանդուրժող, ուրիշի կարծիքը հարգող, համբերատար: Զարգանում է սաների պատասխանատվության զգացումը, միմյանց հաշվետու լինելու հատկությունը՝ խմբի ընդհանուր հաջողությունն ապահովելու համար:
Դիտարկումների ժամանակ ակնհայտ էր, որ նրանք շատ հանգիստ էին, ավելի ազատ ու անկաշկանդ: Զուր չի ասել Կառլ Գուստավ Յունգը. «Ավազով խաղը ազատագրում է արգելափակված էներգիան և ակտիվացնում մարդկային հոգեկանում առկա ինքնաապաքինման հնարավորությունները»: