Ինչպիսի սխալներ են լինում

Հեղինակ: 

Հեքիաթներ
Լինել և ունենալ

Մի անգամ ուսուցիչ Քերականը գնում էր գնացքով և լսում էր խցիկի հարևանների խոսակցությունը: Բանվորներ էին հարավային Իտալիայից, որ արտասահման էին գնացել: Նրանք այնտեղ երկար էին աշխատել և հիմա հարազատներին տեսնելու համար ժամանակավորապես տուն էին դառնում:
-Ես 5 տարի առաջ եմ ուղևորություն ունեցել Իտալիա,- ասաց նրանցից մեկը:

– Իսկ ես Բելգիա եմ ուղևորություն ունեցել, ածխահանքում եմ աշխատել, և դա շա˜տ դժվար էր:
Որոշ ժամանակ ուսուցիչ Քերականը լսում էր նրանց ու լռում: Բայց, եթե նրա դեմքին նայեիք, կնկատեիք, թե ինչպես է բարկանում և ինչքան նման է ջրով լիքը թեյնիկի, որն ուր որ է կեռա: Վերջապես ջուրը եռաց, կափարիչը թռավ, և խիստ նայելով ուղեկիցներին՝ ուսուցիչ Քերականը բացականչեց.

- «Ուղևորությո˜ւն եմ ունեցել, ուղևորությո˜ւն եմ ունեցել»: Էլի´. «լինել» բայի փոխարեն «ունենալ» բայն օգտագործելը հարավցիներիդ սովորությունն է: Մի՞թե դպրոցում ձեզ չեն սովորեցրել, որ պետք է ասել. «Ես եղել եմ Իտալիայում», ոչ թե՝ «Ես ուղևորություն եմ ունեցել Իտալիա»:

Բանվորները լռեցին` հարգանքով լցված այդ սպիտակ մազերով, սև գլխարկով պատկառելի սինյորի նկատմամբ:
– «Ունենալ» բայը չի կարելի այդպիսի կապակցությամբ գործածել,- շարունակեց ուսուցիչ Քերականը,- դա կոպիտ սխալ է: Դա սխալ արտահայտություն է:

Բանվորները հոգոց հանեցին: Հետո նրանցից մեկը հազաց, կարծես համարձակություն էր հավաքում, և ասաց.
– Շատ հնարավոր է, սինյո´ր, որ դուք ճիշտ եք: Դուք, հավանաբար, շատ եք սովորել: Իսկ ես ընդամենը կրտսեր դպրոցն եմ ավարտել, բայց էն ժամանակ էլ ստիպված էի ավելի շատ ոչխար արածեցնել, քան դասագրքով զբաղվել: Շատ հնարավոր է, որ դա սխալ արտահայտություն է:
– Իհարկե, սխալ է:
– Հա-հա: Ու դա, երևի, շատ կարևոր է, չեմ վիճում: Բայց, ինձ թվում է, որ դա նաև շատ տխուր արտահայտություն է, շա՜տ: Ախր, մենք ստիպված ենք աշխատանք փնտրել օտար երկրներում… Ստիպված ենք լինում երկար ժամանակով լքել մեր ընտանիքները, երեխաներին:

Ուսուցիչ Քերականը շփոթվեց.
– Իհարկե.... Ընդհանրապես...Մի խոսքով... Սակայն, ինչ էլ որ լինի, ամեն դեպքում պետք է ասել «եղել եմ», ոչ թե ես «ուղևորություն եմ ունեցել»: Այդպես միայն գերմանացիներն են խոսում: Իսկ մենք պետք է գործածենք այլ բայ` ես եղել եմ, մենք եղել ենք, նա եղել է...

– Է˜հ,- հարգալից ժպտալով՝ ասաց բանվորը,- ես եղե´լ եմ: Մենք եղե´լ ենք… Գիտե՞ք, թե մենք ամենաշատը որտեղ կուզենայինք լինել: Մեր հայրենիքում: Չնայած մենք ուղևորություն ենք ունեցել Ֆրանսիայում էլ, Գերմանիայում էլ, բայց ամենից շատ կուզեինք այստեղ լինել` Իտալիայում, չհեռանալ այստեղից, աշխատանք, լավ տուն ունենալ և հանգիստ ապրել մեր տանը:

Եվ նա պարզ ու բարի աչքերով նայեց ուսուցիչ Քերականին: Ուսուցիչ Քերականը շատ էր ուզում բռունցքներով ծեծել իր գլուխը: Եվ ինքն իր հասցեին փնփնթում էր. «Տխմա´ր: Դու իսկական հիմար ես, ուրիշ ոչինչ: Սխալներ ես փնտրում... Սխալ արտահայտություննե˜ր... Իսկ սխալը, և շատ ավելի լուրջ սխալը, ուրիշ տեղ է»:

Ռուսերենից թարգմանեց Մերի Գրիգորյանը

Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում‚ ով երազում էր մեծ գյուտարար դառնալ: Նա գիշեր ու ցերեկ սովորում էր, երկար տարիներ, և վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գետնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչի եմ ընդունակ:
Նա միանգամից անցավ փորձեր անելուն, և նրան հաջողվեց հայտնաբերել պանրի միջի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված էին:

Եվ այդժամ նա նորից սկսել սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, երեկոյից առավոտ, երկար ամիսներ, և վերջապես նորից ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է: Ես արդեն գիտունական եմ… Պետք է տեսնել, թե ինչի եմ ընդունակ:
Եվ բոլորը տեսան` նա անձրևանոցի վրա անցքեր էր հայտնաբերել: Եվ բոլորը մի լավ ծիծաղեցին:Բայց նա չհուսահատվեց‚ այլ նորից սկսեց գրքեր կարդալ‚ շարունակեց իր փորձերը և վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը˜, այժմ ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես ուղղակի գիտնեկան եմ:

Բայց, այնուամենայնիվ, այս անգամ էլ սխալվեց: Նրա գյուտը նավերը ջրաներկով ներկելն էր: Դա շատ թանկ նստեց և ծովի գույնը փոխեց:

– Միևնույն է` չեմ նահանջելու‚- որոշեց խիզախ գյուտարարը, որի գլուխը արդեն ալեհեր էր դարձել:

Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Եվ այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզենար: Օրինակ‚ Լուսին ուղևորվելու մի մեքենա հորինեց, գնացք‚ որին ընդամենը մի բրնձահատիկ էր հարկավոր‚ որ հազարավոր կիլոմետրեր սլանար‚ կոշիկներ‚ որ երբեք չէին մաշվում, և բազմաթիվ այլ հետաքրքիր իրեր:

Նա միայն մի բան չկարողացավ բացահայտել՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Եվ, հավանաբար, ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

Ռուսերենից թարգմանեց Աշխեն Գրիգորյանը

Ցախավելը և Բեֆանան [1]

Բեֆանան [1], որ ապրում է Նավոնի հրապարակում, Նոր տարուց հետո ցախավելն արդեն օգտագործում է միայն այլ աշխարհներ այցելելու համար: Նա Լուսին, Մարս, Անտարես է թռչում: Կտրում-անցնում է միգամածություններ ու գալակտիկաներ: Վերջում Բեֆանաների երկիր է վերադառնում և միանգամից հարձակվում քրոջ վրա, թե ինչու հատակը չի լվացել, կահույքի փոշին չի վերցրել և վարսավիրանոց չի գնացել: Բեֆանայի քույրը նույնպես Բեֆանա է, սակայն ճամփորդել չի սիրում: Նա ամբողջ օրը տանը նստած շոկոլադ է ծամում և անիսոնե սառնաշաքար ծծում: Նա ավելի ծույլ է, քան քսանչորս կովը միասին:

Քույրերը ցախավելների խանութ ունեն։ Այդտեղից են ավել գնում Իտալիայի բոլոր վայրերի Բեֆանաները` Օմենիայի, Ռեջիո-Էմիլիի, Ռիվիսոնդոլայի. ամեն տեղից գալիս են: Հազարավոր Բեֆանաներ կան, և նրանք մեծ քանակությամբ ցախավել են գործածում, այնպես որ, քույրերի գործը աջ է գնում: Իսկ երբ ավելի պահանջարկը պակասում է, Բեֆանան քրոջն ասում է.
- Պահանջարկն ընկնում է, պետք է մի բան մտածել: Եվ դու, հավանաբար, ճարը կգտնես. չէ՞ որ այդքան շոկոլադ ես ուտում:
- Կարելի է ցածր գներով վերավաճառք կազմակերպել: Անցյալ տարի հին, վերանորոգված ցախավելներն այդ եղանակով նորի տեղ վաճառեցինք:
- Ավելի լավ բան մտածիր, թե չէ կոնֆետիդ ծախսերը կկրճատեմ:
Բեֆանայի քույրը կենտրոնացած մտածում է.
- Կարելի է,-ասում է նա,- նորաձևություն առաջարկել, օրինակ՝ մինի-ավել:
- Դա ի՞նչ է:
- Շատ կարճ ավել:
- Բայց դա անպարկեշտ կերևա:
- Պա ̃հ: Մի քանի ծեր Բեֆանաներ կվրդովվեն, իսկ հետո, կտեսնես` ջահել Բեֆանաների ուշքը կգնա այդպիսի ավելիկների համար:

Նորաձև մինի-ցախավելները աղմկալից հաջողություն են ունենում: Սկզբում տարեց Բեֆանաները վրդովմունքից պատեպատ էին զարկվում, խնդրագրեր էին ուղարկում թերթերին և բողոքի ցույցեր կազմակերպում: Բայց հետո նրանք էլ, վարագույրները պինդ փակելով, թաքուն փորձում էին այդ ցախավելը: Մի գեղեցիկ օր նրանք էլ մինի-ցախավելներով փողոց դուրս Եկան: Ամենաժլատ Բեֆանաները պարզապես կտրում են իրենց ցախավելների պոչերը: Բայց դա աչք էր ծակում, որովհետև խախտվում էր համաչափությունը, և ժլատությունն էլ նրանց պատիվ չի բերում:

Որոշ ժամանակ անց պահանջարկը նորից նվազում է:
- Դե,- ասում է Բեֆանան քրոջը,- էլի մի բան մտածի´ր, թե չէ կինոյի փող էլ չեմ տա:
- Բայց գլուխս էլ է արդեն ցավում, այնքան եմ մտածում:
- Չես մտածի, կինո չես գնա:
- Ո˜ւֆ, մաքսի-ցախավելների նորաձևություն առաջարկիր:
- Դա ի՞նչ է:
- Շա˜տ երկար ցախավել, երկու անգամ երկար, քան պետք է:
- Հը ˜մ, իսկ դա ավելորդություն չի՞ լինի:
- Իհարկե, ավելորդություն կլինի, հենց դրա համար էլ պահանջարկը կմեծանա:

Եվ այն օրը, երբ առաջին Բեֆանան` մի շատ երիտասարդ և սլացիկ Բեֆանիկ, հասարակության մեջ հայտնվում է իր մաքսի-ցախավելով, բոլոր Բեֆանաները ուղղակի նախանձից խելագարվում են: Գրանցվել է քսանյոթ ուշագնացություն, երեսունութ նյարդային նոպա և քառասունինը հազար հեծկլտոց: Դեռ երեկո չեղած՝ արդեն մաքսի-ցախավելների խանութի առջև այնպիսի երկար հերթ առաջացավ, որ դրա վերջը մինչև Բուստո Արսիցիո էր հասնում:

Հաջորդ տարի Բեֆանայի քույրը սալորաչրի միջուկով շոկոլադի տուփի դիմաց հայտնագործում է միդի–ցախավելը: Ո´չ մեծ էր, ո´չ փոքր, միջին էր: Բեֆանաները շատ են հարստանում և փոշեկուլի խանութ են բացեցին:

Եվ այդ ժամանակից սկսվում են դժբախտությունները, որովհետև Բեֆանաները, թռչելով ոչ թե ցախավելներով, այլ փոշեկուլներով, ներս են քաշում ամպերը, գիսաստղերը, մեծ ու փոքր թռչուններին, անկարգելներով թռչողներին, օդապարիկները, երկնաքարերը, բնական և արհեստական արբանյակները, փոքր մոլորակները, չղջիկներին և նույնիսկ լատիներեն դասավանդողներին: Իսկ մի Բեֆանա անուշադրության պատճառով մի անգամ ներս է քաշում ինքնաթիռն իր ուղևորներով, և հետո էլ ստիպված է լինում բոլորին տուն հասցնել ծխնելույզով:

Փոշեկուլը լավ է, երբ պետք է մաքրություն անել: Իսկ ճամփորդելու համար, թերևս, հին ցախավելն ավելի պիտանի է:

Ռուսերենից թարգմանեց Լուսինե Բարսեղյանը

[1] Հայերեն թարգմանության մեջ նախընտրել ենք իտալերեն «La scopa e... la Befana» վերնագրիը: Ռուսերեն թարգմանության վերնագիրն է «Вещь первая. Метла»: 

[2] Բեֆանան իտալական բանահյուսական կերպար է՝ կախարդ պառավ, ջադու (ծանոթ.՝ խմբագրի)։ 

Ինչպիսի սխալներ են լինում։ Հեքիաթներ (ԴՊԻՐ N: 55)

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский