Դիջիթեքյան ուսումնական ճամբարը՝ ոգի փոխանցելու հարթակ

Ոգին վերածվում է ոգեղենության, երբ մարդը որոշակի խմբի կարողանում է ոգևորել-ոգևորվել ու ոգեշնչել-ոգեշնչվել

Սովորողի համար կրտսեր դպրոցից անցումը Միջին դպրոց մի տեսակ ճգնաժամային փուլ է: Նա կրտսեր դպրոցում անընդհատ դասվարի հովանու ներքո, հոգատարությամբ պարուրված՝ ապրում է իր տաք բնում աղվամազիկ-ճուտիկի նման: Հետո դասվարին փոխարինում է կրտսեր դպրոցի` համարյա նույնքան հարազատ կազմակերպիչը. տարիներ շարունակ նրանք իրար ընտելացրել են, իրար հետ ընդհանուր պարապմունքներ և ուսումնական նախագծեր իրականացրել։ Կրտսեր դպրոցում երեխան սովորել է, որ իրեն անընդհատ պաշտպանում են, արած, թե չարած աշխատանքի համար ոգևորում գովասանքով, գնահատականով (երբեմն անտեղի բարձր):

Տեղափոխվում են Միջին դպրոց: Այստեղ միանում են մյուս կրտսեր դպրոցներից եկածների հետ, տեսնում են, որ իրենց նման ամենա-ամենաներ էլի կան (ակամա հիշեցի «Я самый, самый…» մուլտֆիլմը), ու ամեն վայրկյան իրենց հետևող-ուղղորդողը չկա, որ ինքն է պատասխանատու իր ընտրության, աշխատանքի, արարքի համար: Միանգամից անցումը ինքնուրույնության՝ սովորողին գցում է մի տեսակ խուճապի մեջ՝ այս ո՞ւր է ընկել, ի՞նչ են իրենից ուզում… Չի ընկալում ուսուցչի «մի հատ էլ փորձիր» արտահայտությունը: Այսինքն՝ իմ արածը լավը չէ՞ր… Անգամ ամենանրբանկատ ձևով արված ուղղումը ուսուցչին խորթացնում է սովորողից: Սկսվում է ամենակարևոր փուլը՝ իրար ճանաչել և ընդունել (ընդ որում՝ խոսքը չի վերաբերում իրարով հիանալուն, այլ ուղղակի ճանաչել և ընդունելուն): Այստեղ ոսկերիչի մանրակրկիտ աշխատանք է անհրաժեշտ՝ հատիկ-հատիկ, կաթիլ-կաթիլ, թիզ առ թիզ… Այս իրավիճակում միանգամից քսանհինգ հոգիանոց դասարանին ոգևորել-ոգեշնչել իրատեսական չէ. ժամանակ է հարկավոր ու հարմար առիթ…

Առիթը դարձավ ձմեռային ուսումնական ճամբարը՝ իր դիջիթեքյան, բնագիտա-տեխնիկական օրակարգով: Ուսուցիչը դարձավ ջոկատավար, 40-45 րոպեանոց սահմանափակումները վերացան, ու … մեկ էլ երևաց կորիզը, կազմվեց աշխատանքային խումբը (8-10 հոգանոց, բայց ոգևորված, առանց որևէ պարտադրանքի): Իսկ մյուսնե՞րը … Մի խումբը անվաչմուշկի հմուտ վարպետ է, անիվների վրա՝ թևերը բացած թռչուն է իրեն զգում, մի խումբը բնագիտական փորձ է իրականացնում ներքևում, մի քանիսն ուզում է մի քիչ հաց ուտել. խնդրեմ, ոչ մի սահմանափակում: Ամենաչեզոք խումբն էլ հավեսով հետևում է փորձերին: Երկու օր չարչարվելուց հոգնեցի՞ն. խնդիր չէ, ջոկատով գնում ենք սահադաշտ՝ աշխատանքային ռեժիմից մի քիչ ցրվելու, օդափոխվելու, զվարճանալու: Հաջորդ օրը նորից ոգևորություն, կիսատն ավարտելու, մեկ օր շուտ արդյունքը տեսնելու, ոգևորության նոր թափ:

Ուսուցիչն էլ խնդիր չունի «դասարանը պահելու» կամ 45 րոպե սովորողի արդյունավետ գործունեություն ապահովելու համար հոգալու: Ուսուցչի խնդիրն արդեն այլ է. ոգևորված սովորողների խմբի աշխատանքն այնպես կազմակերպել, որ աշխատանքի արդյունքը գոհացնի, արդարացնի դրա վրա ծախսած ժամանակը (երբեմն սովորող թե ծնող մտածում են, որ ճամբարը ժամանց է միայն):

Սովորողների ոգևորվածությունն էլ, պարզվում է, կարելի է չափել: Տեսանյութը նայելուց (ընդ որում՝ մի քանի անգամ՝ իրենց պահանջով), քննարկելուց հետո առաջարկ է արվում՝ այցելել կրթահամալիրի որևէ կրտսեր դպրոց և կենդանի պատումով ներկայանալ փոքրերին: Ամբողջ խումբը միաձայն հավանություն տվեց: Առաջինը ներկայացան Գեղարվեստի կրտսեր դպրոցում: Փոքրերի անկեղծ-անմիջական ծափերն ու ամենաանսպասելի պահերին արված ճիչերն այնքան դրական լիցքեր փոխանցեցին հեքիաթասացներին, որ Գեղարվեստից Մայր դպրոց իջնելու ճանապարհին աներկբա որոշվեց՝ գնալու ենք նաև Նոր դպրոց (շատ էին ուզում հենց իրենց կրտսեր դպրոցում ներկայանալ): Չափելու նիշեր են, չէ՞…

Ինչպես եմ տեսնում սրա զարգացու՞մը… Կփորձենք սա դարձնել «Հեքիաթ-TV»: Մեդիան իր հնարավորություններով ու առավելություններով կօգնի նրանց աշխատանքը շատերին հասանելի դարձնել, բայց կենդանի շփումն էլ շատ կարողություններ ու հմտություններ է տալիս (հուզմունքի հաղթահարում, ընկերոջ վրիպումի արագ շտկում, ըստ իրավիճակի՝ դերակատարման արագ փոփոխում-հարմարեցում), դե, կդառնան շրջիկ (կամ թափառող, քայլող) թատրոն:

Մնում է միայն՝ քառասուն-քառասունհինգ րոպեանոց ֆորմատը չկոտրի սովորողների ոգևորվածությունը:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский