Բնագիտական - տեխնոլոգիական գործունեությունը նախակրթարանում
Primary tabs
Շատ կարևոր է, թե մարդն ինչպես է վերաբերվում շրջակա միջավայրին: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից: Բնության մեջ երեխայի համար ամեն ինչ հետաքրքիր է, զարմանալի, այստեղ է փնտրում իր հարցերի պատասխանները:
Մեծերի պահվածքը, վերաբերմունքը շատ բանով ձևավորում է նրանց ոչ միայն աշխարհաճանաչողությունը, այլև վերաբերմունքը այդ աշխարհին:
Երեխան դեռ շատ փոքր տարիքից ծնողներին դիմում է տարբեր հարցերով.
- Ինչո՞ւ է ճաշը աղի, թեյը քաղցր և այլն:
Հաճախ ստանում է կարճ ու կտրուկ պատասխաններ, որոնք նրա համար բավարար չեն:
Երեխաները սիրում են ամեն ինչ փորձել, շոշափել, ուսումնասիրել, համտեսել: Այս և նմանատիպ այլ հարցերի պատասխանները սաները նախակրթարանում ստանում են իրենց գործունեության արդյունքնում: Միջավայրը և գործիքները այս դեպքում պարզ են. մի դեպքում օգտագործում և ճանաչում ենք այն, ինչ մեր աչքի առաջ է, մեր ձեռքի տակ՝ բաժակ, մատիտ, թուղթ, ծեփամածուկ, քանոն, ձագար, փուչիկ, մեխ, մուրճ, մետաղադրամ, մոմ, սոսինձ, թել, լուցկի, ափսե, շիշ, ջուր, աղ, լիմոնի աղ, սոդա, քացախ և այլն:
Տարվա ցանկացած եղանակ իր պայմաններն է թելադրում, իր հարցերն ու պատասխաններն է առաջարկում: Տարին բոլոր նախակրթարանի սաները փորում են, ցանում, տնկում, խնամում, դիտում, փորձարկում, փորձեր կատարում: Շուրջտարվա գործունեության արդյունքների ամփոփման, նոր նախաձեռնությունների, սեփական ունակությունները, հմտություններն ու կարողությունները ցուցադրելու, միմյանց հետ մեկ էլ շփվելու լավ հնարավորություն, առիթ է ամեն տարի կրթահամալիրում իրականացվող Բնագիտա-տեխնիկական ամենամյա ստուգատեսը, որին ակտիվ մասնակցել եմ իմ սաները՝ իրենց ընտանիքների հետ:
Նախապես բնագիտատեխնիկական ամենամյա երկրորդ ստուգատեսի ծրագիրը էլհասցեներով ուղարկել եմ սաների ծնողներին, ծանոթացել են և ակտիվ մասնակցել: Նյութերը տեղադրել եմ մեր բլոգում և հայտերը ուղարկել (օրինակ` Արմանի, Առնակի, Շուշանի նյութերը)` որպես խաղալիքներ, դրանց գործածում-դասակարգում, տեխնիկական միջոցների, գործիքների օգտագործում, բնագիտական պարզ ու հետաքրքիր փորձեր…
Խմբով նույնպես մասնակցել ենք ստուգատեսին, ներկայացրել ենք մեր աշխատանքները: Սաների հետ միասին պատրաստել ենք գեղադիտակ, որն էլ դարձել է մեր խմբի ամենասիրելի խաղալիքը, նաև՝ այցեքարտը: Տեսեք` քանի փորձ են ներկայացել` Աղաջրով և մետաղալարով,Գունավոր ձյուն, Փայլփլուն ձյուն, Ագահ բաժակ, Ջրի համը, Համտես, Փորձ ծիրանով: Երեխայի զարգացման յուրահատուկ, գրավիչ, հետաքրքիր միջոցներ են փորձերը, միջավայրի ուսումնասիրությունները:
Ստորև ներկայացրել եմ իմ աշխատանքային գործունեությունում իրականացրած հետևյալ բնագիտական փորձերը:
Գունավոր մեխակներ
Նախապես ծնողներին էլ հասցեով նամակ գրեցի և խնդրեցի երեխաների հետ սպիտակ մեխակներ ուղարկել: Առավոտյան երեխաները նախակրթարան եկան սպիտակ ծաղիկներով և հարցերով, թե ինչի համար են բերել մեխակները: Ձոն ստուգատեսի աիթով որոշեցինք մեխակներ նվիրել, բայց ոչ սովորական, այլ՝ գունավոր:
Սկզբում երեխաները մտածեցին, որ մեխակի գլխիկները ներկելու ենք ջրաներկով, սակայն մի օրինակով բացատրեցի, թե ինչ պետք է անենք, և սկսեցինք փորձը:
Փորձի համար անհրաժեշտ է՝ սպիտակ մեխակ, գունավոր ներկեր, բաժակ և ջուր:
Երեխաները իրենք ասացին, որ ջուրը գույն չունի և մենք ինքներս կգունավորենք:
Ջրով լի բաժակի մեջ լցրեցին ներկը այնուհետև ծաղիկը դրեցին մեջը ու անհամբեր սպասեցին, թե ինչպես պետք է ներկվի: Հաշվեցին, թե քանի դեղին, կարմիր և կապույտ մեխակ կունենանք: Ընթացքում մայրիկներին նվիրված բարեմաղթանքներ ասացին: Քնից հետո որոշ ծաղիկների ծայրերը սկսել էր ներկվել: Ողջ օրը հետևեցին ծաղկի գունավորմանը, շոշափեցին, հոտ քաշեցին, ուրախացան:
Սաներըը տեսողական զգայարանի միջոցով, համոզվեցին, որ ծաղիկները կարելի է գունավորել և մայրիկներին հաճելի անակնկալ մատուցել:
Արդյունքում զարգանում է բանավոր խոսքը, համբերատարությունը, հաշվելու, համեմատելու, դասավորելու, ինքնուրույն դիտարկելու կարողությունները:
Փչվող փուչիկը և հրաբուխ: Պարող չամիչները և լողացող մարդարինը: Աղը, պղպեղն և փուչիկը
- Փորձերի ընթացքում զարգանում են սաների.
- շոշափելիքի, տեսողական, համի, հոտի զգայարանները,
- ինքնուրույն դիտարկումներ կատարելու կարողությունը,
- ստեղծագործելու, դասավորելու, ձևավորելու կարողությունը
- միմյանց հետ անկաշկանդ համագործակցումն և հաղորդակցվումը
- համեմատումն և համադրումը
- բանավոր խոսքը ՝ նրանք պատմում են, կիսվում իրենց տպավորություններով:
Մյուս դեպքում արդեն գործ ունենք բնության հետ: Մեր նախակրթարաններից յուրաքանչյուրն ունի դպրոցի բակում իր համար նախատեսված հողատարածքը, որը նաև ուսումնական միջավայր է: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ:
Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը: Բակային աշխատանքները տարվա տարբեր եղանակներին լինում են տարբեր` երեխաները ուսումնասիրում են բլոճներին, հետևում բույսերի աճին, հավաքում են սերմեր՝ սերմերի մի փոքր մաս եփում և եփած սերմ են ցանում, մյուս մասը, առանց խաշելու բամբակի վրա են ցանում, մյուս ամանի մեջ քար և թուղթ են «ցանում», ջրում են և հետևում, դիտում են խոշորացույցով, համեմատում:
Նախապես մրգերի, բանջարեղենի սերմերը հավաքել են, լվացել, չորացրել և ցանել թաղարների մեջ և բակում, որոշ սերմեր սաները բերել են տանից՝ տատիկն է իր այգուց տվել կամ գնել են խանութից: Մի քանի սերմեր ջրի մեջ թրջել են հետո հաջորդ օրը ցանել:
Սաները աշխատում են, միմյանց օգնում, զիջում մեկը մյուսին, փոխանցում ջուրը, բահիկը, սերմը և այլն:
Երեխաները ամեն օր հետևում են աճին, ջրում են, դիտարկում են խոշորացույցով, չափում՝ փոքրիկ մատիկով, թիզով, քանոնով: Օրինակ արևածաղկի սերմը խմբասենյակում ցանել էին ափսեի մեջ՝ բամբակի վրա, իսկ բակում ցանելու համար նախապես էին թրջել, սակայն հետևելով աճին նկատեցին, որ խմբի արևածաղկի սերմը ավելի շուտ աճեց:
Իրենց կատարած աշխատանքով ուրախանում են, ոգևորվում: Առանձնահատուկ ուշադրություն են դարձնում շրջակա միջավայրին:
Գործունեության ընթացքում հորինել են շուտասելուկներ, հանելուկներ, հեքիաթ սերմերի մասին:
Այս գործունեության արդյունքում զարգանում է աշխարհաճանաչողությունը, խոսքը, ծանոթանում են բնության երևույթներին, համեմատում, չափում, երբեմն եզրակացություններ անում, հետևում են բույսի աճին, արմատ, տերև,ցողուն և այլն: Ջրելու, ցանելու ընթացքում միմյանց օգնում են, համագործակցում, զիջում, կարողանում են համբարատար լինել:
Այնուհետև տեխնոլոգիական հմտությունները զարգացնելու համար երեխաները ծեփամածուկով, կավով, պատրաստում են ծաղիկներ, ջրաներկով ներկում: Հատիկեղենով պատրաստում են բացիկ - ծաղիկներ: Նաև ջրաներկով նկարում են ցորեններ, ծիլեր, արևածաղիկներ և այլն:
Արդյունքում զարգանու մ է մանր մոտորիկան, խոսքը, գույնի զգացողությունը և հիշողությունը:
Ցանում ենք ու ցանում: Ծաղկատունկ
Ստեղծված ուսումնական ֆիլմերը տեղադրվում են տարբեր սոցիալական ցանցերում՝ դաստիարակի բլոգում, կրթահամալիրի կայքում, Հիմնական դպրոցի ենթակայքում…
Դրանք դիտում և քննարկում են ինչպես սաները, այնպես էլ նրանց ծնողներն ու հարազատները:
Կարծում եմ, որ սա նաև հրաշալի ձև է տարբեր նախակրթարանների հետ համագործակցելու, փորձի փոխանակման համար:
- Բացվել է 2295 անգամ