Անգլերենի նախագծային ուսուցումը 5-րդ դասարանում
Primary tabs
Նախագծի մանկավարժա-հոգեբանական մոտեցումը, կամ «Ես ասե՞մ…»
Երբ ետևում են մնացել առաջին-երկրորդ դասարաններում հաճախակի կրկնվող անգլերեն առաջին բառերի, հարց ու պատասխանների յուրացման հաճելի պահերը, սովորողների ինքնաբուխ բուռն ձգտումը. «Ես…, ես…ես ասեմ», երբ երրորդ և չորրորդ դասարանների համար նախատեսված բավականին հաջողված դասագրքերի լեզվական նյութն էլ է յուրացված, ու արդեն պետք է մի նոր քայլ կատարել դեպի առաջ, անգլերենի բոլոր դասավանդողները տհաճ արգելքի են հանդիպում՝ հաղթահարել դասագրքային պատնեշը: 5-6-րդ դասարանների սովորողների արտահայտվելու բնական առույգ ձգտումը սկսում է աստիճանաբար թուլանալ դասագրքերում հանդիպող «հեղինակային հետաքրքիր» տեքստերով և ոչ հաղորդակցական բառերով ու բառակապակցություններով ու վերջնականապես հետին պլան է մղվում սովորողի «ես»-ը: Իսկ ինչու՞ պետք է հաղթահարել մի ինչ-որ դասագրքի բառապաշարը, դրա լեզվական կառուցվածքները: Ո՞րն է դրա նպատակը: Այս հարցին բոլորս էլ միաբերան կարող ենք պատասխանել. սովորողները ձեռք են բերում ուսուցման տվյալ աստիճանի համար նախատեսված առարկայական չափորոշիչներին համապատասխան կարողություններ. հիրավի բարձրագոչ նախարարական ձևակերպում: Իսկ ի՞նչ գնով ենք հասնում այդ նպատակին: Այս նպատակը չի արդարացվում, եթե դրան հասնում ենք ուսման նկատմամբ ձգտումի համատարած թուլացմամբ: Իմ խորին համոզմամբ 5-6-րդ դասարաններում օտար լեզվի ուսուցումը պետք է կառուցողական լինի, հաղորդակցական և ուղղված լինի դեպի սովորողի «ես»-ը: Այս պայմաններին է համապատասխանում կառուցողական նախագծային ուսուցումը:
Սովորող-ծնող-դասավանդող կապը, կամ «Առակս ի՞նչ ցուցանե…»
2013-2014 ուսումնական տարվա ընթացքում Դպրոց-պարտեզի չորրորդ դասարանցիների խումբը դասվար Տաթև Ավետիսյանի ղեկավարությամբ ստեղծեց «Իմաստուն հեքիաթների ժողովածու» մեդիագիրքը ISSUU ծրագրով: Այդ մեդիագիրքն ինքնին արդեն հաջողությամբ ավարտված նախագիծ էր: Բոլոր առակ-հեքիաթները հորինել էին սովորողները, իսկ առակ հեքիաթների վերջում տրվող ասացվածքների ու բարոյախրատական եզրահանգումների ձևակերպումների գործում զգացվում է նաև ծնողների տեղին միջամտությունը: Փաստորեն նախագծի հաջող իրականացմանը նպաստել էր նաև սովորող-ծնող-դասավանդող կապը, որի հիմքը դրվել էր դեռ հայերեն տեքստերի վրա աշխատելիս: Օրինակ, «Ուրիշի հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեն» նշանաբանով իր առակ-հեքիաթն է հորինել Սամվել Հարությունյանը «Էշն ու կապիկը – The donkey and the monkey»: Սովորողներն իրենց առակ-հեքիաթներում աշխատել են ցույց տալ, թե որն է չարը ու որն է բարին. ո՞րն է մեր կյանքում ընդունելին և որը՝ մերժելին: Աշխատասիրությունն են մեծարում և ծուլությունը փնովում Ստեփան Ապերյանի «Հայրն ու տղաները – The father and his sons» և Վահե Վարդանյանի «Աշխատասեր ոզնին և ծույլ նապաստակը» առակ-հեքիաթները: Իրենց իմաստուն հեքիաթներում գողությունը մերժելի են համարել Էրիկ Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը և Օֆելյա Կարապետյանը:
Անգլերենի ուսուցումը նախագծային եղանակով, կամ «Ես եմ ստեղծում անգլերենի իմ դասագիրքը »
2014-2015 ուսումնական տարվա սկզբին որոշեցի 5-րդ դասարանում անգլերենի նախագծային ուսուցումը կազմակերպել հենց այդ առակ-հեքիաթների հիման վրա: Ըստ նախագծի «Իմաստուն հեքիաթների ժողովածու» մեդիագիրքը սովորողները պետք է թարգմանեին անգլերեն և անգլերենի ուսուցումը տարվեր հենց իրենց ստեղծած տեքստերի հիման վրա: Նախագիծը մեթոդապես հիմնավորված էր. Ուսուցումը տարվելու էր մանկավարժական կառուցողական սկզբունքով (սովորելու համար պատրաստի տեքստեր չէին տրվելու. Այդ տեքստերը հենց իրենք էին ստեղծելու): Օտար լեզվի ուսուցումը տարվելու էր սովորողների մայրենի լեզվի բառապաշարը և լեզվական կառուցվածքների իմացությունը հաշվի առնելով: Ավելին՝ այդ բառապաշարն ու լեզվական կառուցվածքները անհրաժեշտություն չկար փնտրելու: Դրանք արդեն ներկայացված էին իրենց իսկ ստեղծած առակ-հեքիաթներում: Չորս ամիս շարունակ սովորողների հետ միասին թարգմանում և ստեղծում էինք մեր ուսումնական դասերի տեքստերը, որոնք հենց այդ առակ հեքիաթներն էին: Երբ սովորողը գիտի տեքստի բովանդակությունը, իսկ բառապաշարն ու լեզվական կառուցվածքներն էլ խորթ չեն, ապա մնում է միայն նույնը ասել անգլերենով, որն այնքան էլ մեծ դժվարություն չի պահանջում: Հայերեն տեքստերի բովանդակությունն ու լեզվական կառուցվածքները ուղղորդում էին անգլերենի համապատասխան լեզվական կառուցվածքների ներմուծմանն ու ամրապնդմանը: Օրինակ, Արեն Կարապետյանի առակ-հեքիաթը՝ «Փիղն ու փշոտ թուփը –The elephant and the thorny bush», մեծ արդյունավետությամբ նպաստեց ածականների համեմատության աստիճաններով անգլերենի լեզվական կառուցվածքների ամրապնդմանը: Գրեթե բոլոր տեքստերը նպաստեցին անգլերենի «Simple Past» բայական ժամանակաձևի կիրառման հմտությունների ձևավորմանը բանավոր և գրավոր խոսքում, իսկ «Past Continuous» բայական ժամանակաձևի կիրառման հմտությունները սովորողները ձեռք բերեցին «Էշն ու կապիկը-The donkey and the monkey» և «Գողը գողից գողացավ-A thief stole from a thief» առակ-հեքիաթների թարգմանությամբ: Սովորողները ժամանակների համաձայնեցման մեկ-երկու գործնական կիրառման հմտություն ձեռք բերեցին. օրինակ, «Future in the Past». տեքստերի բովանդակությունից ելնելով բավականին կիրառելի դարձան նաև կրավորական սեռի բայական ժամանակաձևերը՝ հատկապես “Simple Past”-ով: Անձնական և ցուցական դերանունները գործածվել են գրեթե բոլոր հեքիաթներում: Կենդանի, հաղորդակցական լեզվով շարադրված հեքիաթների դերային վերապատմումների ժամանակ սովորողները սովորել են տեղին գործածել անգլերենի հետևյալ շաղկապներն ու այլ կապակցող բառերը. And-(և, իսկ), because-որովհետև, that-որը, which-որը, or else-այլապես, that is why-ահա թե ինչու: Այդ տեքստերը պատմելով, միմյանց հարցեր տալով, մտքերը քննարկելով մեր դասերը անցնում էին նպատակասլաց և արդյունավետ: Յուրաքանչյուր նոր տեքստ մոտեցնում էր մեր նախագծի վերջնական արդյունքին՝ «Առակ-հեքիաթների ժողովածու հայերեն և անգլերեն լեզուներով»:
Տեքստերը ավելի խոսուն էին դարձնում հեքիաթների բովանդակությանը համապատասխան սովորողների Paint ծրագրով կատարած նկարները: Առաջին կիսամյակի վերջում, երբ թարգմանեցինք վերջին առակ-հեքիաթը, բոլոր սովորողներն իրենց կատարած աշխատանքի կարևորությունն ու գոհունակությունը ունեցան: Նախագծի վերջնական արդյունքը՝ ստեղծված էլեկտրոնային գիրքը, որի վերնագիրն է «Իմաստուն հեքիաթներ հայերեն և անգլերեն լեզուներով –Wise tales in Armenian and English», կարող է օգտագործվել կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարաններում որպես ուսումնական նյութ:
- Բացվել է 2072 անգամ