Մեծ խաղ. խոսքը՝ խաղալիք

Ինչքա՜ն խաղալիք կա իրական, ակտիվ, բազմագույն, բազմազան կյանքում` իրական և արհեստական խաղալիքներ: Իրական խաղալիքը կյանքն է ստեղծել կամ երեխան:
Արհեստականը՝ բիզնեսմենը. կարևոր չէ՝ որ դարում: Որքան «զարգացել» է բիզնեսը, այնքան փչացել է խաղալիքը: Քարից ու ծառից հեռացել է, մտել է քաղաքի քաղքենի տարածք, դարձել միադեմ, միիմաստ: Հիմա ո՞վ է քարկտիկ խաղում:

Բառ` իմաստով կամ իմաստներով, ձայնով կամ անձայն, բազմադեմ, մենակ կամ խմբով: Խաղա՝ ոնց ուզում ես, կողքին դիր՝ ում (այո՝ ում, որովհետև բառը շունչ ունի) ուզում ես: Դեռ չեմ խոսում բույրի, գույնի, երաժշտության, խորքի... տեսեք, է՛:
Բարև, բարի լույս, բարի առավոտ, բարի օր, բարի գիշեր, բարի հաջողում, բարի տեսանք...

Ամեն Աստծո առավոտ խաղ-ծեսին բա չասե՞ն բարև՝ բոլորին՝ ամեն մեկին հատիկ-հատիկ, ամեն մեկի թաթիկին զարկ-ողջույնով: Կհասկանա, կսիրի բառը, կխաղա բարի բառով՝ նկարելով, տարբեր ձայներանգներով և ռիթմով կշրխկացնի, կերգի. Հա՛, բառը կերգի: Պետք չէ, որ բացատրի իմաստը, կամ կուզի, թող բացատրի: Որ կողքին հարևան բառ դրեց, բարին ավելի հասկանալի, նշանակում է` ծանոթ կդառնա: Իսկ եթե, չգիտես որտեղից, գտավ-պեղեց ու բերեց անսպասելի, անհավանական մի բառ, բերեց դրեց «բարի»-ի կողքին, երևակայությունը կզարթնի ու կգնա՜...

- Մութը բարի է: Ասե՞մ՝ ինչու: Որ դրսում պախկվոցի խաղաս, քեզ կպահի:
Բարի մութ... լավ է: Մեծահասակը չէր կարողանա այսպես գտնել-տեսնել, զգալ, ձևակերպել, որովհետև պահմտոցին Արեգի՛ սիրած խաղն է, բայց դեռ տանն է խաղում, սպասում է եղանակի տաքանալուն: Որտեղից ուր հասավ: Ի՞նչ խաղալիք կարող էր Արեգին այդ ճանապարհով տանել:

Անընդհատ խաղացեք սիրելի բառերով, իրենք որոշեն-առաջարկեն այդ «սիրելիին», ամեն մեկն իրենը: Կողքի բառն ինքն իրեն կգա, եթե սանն ամեն օր բառախաղ է խաղա, եթե բառ նվիրի մորը, հորը, տատ ու պապին... ում ուզում է:

- Ես քեզ խուտուտ եմ նվիրում:
- Ւնչո՞ւ խուտուտ:
- Որովհետև, դու միշտ ասում ես՝ խուտուտ չունեմ:
- Ի՞նչ անեմ խուտուտը:
- Որ ծիծաղից թուլանաս:

Որքա˜ն ենք այսպիսի բաներ լսել: Լսել ենք, չենք կարևորել, այլապես այդքան խոտան-խաղալիք չէինք ստեղծի, «Բլբլոց» անունով գզրոց կսարքեինք: Այնինչ՝ դրա ձևն ու լուծումն էլ չգիտենք: Մեր դաստիարակներն անգամ չեն կարողանում մի հասարակ բառաքսակ ստեղծել: Բառը, խոսքը, խոսքի արժեքն այսպիսին է՝ սահմանի մեջ և սահմանից դուրս, մեծերի գծած սահման-կաղապարից դուրս: Ու իմ ասած դաստիարակը, դասվարը, դեռ դժվարությամբ է ազատվում-դուրս գալիս մանկուց իրեն պարտադրված կաղապարից, էլ ոնց խոսքաքսակ կամ բառաքսակ ստեղծի: Հենց 2-5 տարեկան դարձավ, գուցե...

Ամեն առավոտ բառ նվիրելու խաղ. առավոտյան ծեսին:
- Սարգի՛ս, ես քեզ ջուր բառն եմ նվիրում: 

Օգնեք, խրախուսեք, որ փնտրի, փորփրի իր բառապաշարը, լսած-մտապահած, քիչ առաջ հորինած բառը:
Այսինքն՝ բառհորինուկ խաղա, բառ հորինի, որ քիչ հետո կամ վաղը նվիրելու բան ունենա: Սովորություն, առօրյա դառնա՝ պատուհանները բացելու նման:
Բառ ասելը, բառ փնտրել-գտնելը, տանից խումբ բերելը (ա՛յ լավ տնային առաջադրանք՝ տարբեր միջոցներով տանից բառ բերել ընկերների, դաստիարակների համար) և խմբից տուն տանելը սիրելի զբաղմունք դառնա:
Հետո՞...
Հետո բառերը կհանդիպեն, խաղն էլ կկոչվի՝ «Հանիպեցին բառն ու բառը»:
Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք:
Տեսնենք՝ ինչ դուրս կգա: Բա որ ստացվածը նկարե՜նք: Ի՜նչ երևակայական նկարներ կստացվեն, այընտրանքային, ստեղծագործական... Հազիվ կազատվենք անկենդան ծառ ու ուղղանկյուն տներ նկարելուց:

Ռոդարին, Թումանյանն ու Աղայանն էլ կփառավորվեն:

Կամաց-կամաց գալիս ենք մեզ այնքան սիրելի շուտասելուկին, որ միշտ էլ սովորել ենք: Սովորել ենք, բայց խաղ չենք դարձրել, հորինուկ ու զբաղմունք: Հենց կապեցինք շրխկանի հետ, հարվածեցինք աթոռին կամ հատակին, բռունցք տվինք-առանք, այն ոչ միայն սիրելի դարձավ, այլև նորերը հորինեցինք: Խոստովանեմ՝ սկզբում մեծերի օգնությամբ, և դա լավ է: Հիմա փոքրերը փորձում են ինքնուրույն լինել: Այսպիսի բաներ: Ո՜նց են խաղում բառով, ձայնով, լեզուն ծռմռելով-ծլպացնելով: Դե մի քիչ դժվար է, չէ՞: Թող շուտասեն, որքան ուզում են: Հետո վարպետանում են, իհարկե: Բայց ե՞րբ, որտե՞ղ: Դասի ժամանա՞կ: Իսկ իրականում, երբ այն կապվում է խաղի, շարժումի, ինչ-որ գործունեության հետ, դառնում է յուրային, որովհետև մեջն այնքան խաղ կա:
Հիշո՞ւմ եք՝ Կոմիտասը որքան էր կարևորում խոսքը, խոսքի ռիթմը, խոսքը չէր էլ առանձնացնում երգից:
Բառխաղ, նաև՝ այսպես:

Ափսոս Անուշիկը բառը հուշում է կամ հանձնարարում: Հաստատ հաջորդը բառհորինուկն է լինելու, որի ժամանակ դժվար թե կարողանաս հուշել: Հորինոցի է, չէ՞, ինչ իմանաս՝ ինչ բառեր կհորինեն, ինչ իմաստ կդնեն ծանոթ կամ հենց նոր հորինած բառերի մեջ, ինչպես կզգան բստրած բառը:
Ուրախ այբբենարանների մասին դեռ կխոսենք:
Բա բառադոմինոն...
- Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Կամ՝
- Թե չէ, դես կթռչեմ, դեն կթռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ:
Խոսքի մեջ՝ խաղ, ու խաղի մեջ՝ խոսք:

Մանուկ հասակում այս լեզուն մարսած մարդը չի կարող միտք չունենալ: Միտքն է ճշմարիտ զարգացման աղբյուրը և արդյունքը, ոչ թե անկենդան լեզվով բարբաջանքներ հորինելը՝ թեկուզ անթերի ուղղագրությամբ և շարահյուսությամբ:
Մի՛ թողեք դիտեն այն հեքիաթ-ֆիլմերը կամ մուլֆիլմերը, որոնց հեղինակները իբր թե խմբագրում են հանճարեղ Թումանյանին, Աղայանին, մի՛ հեռացեք նրանց խոսքից: Հեքիաթները դառնում են Բարբի, այն էլ՝ էժանագին, երեխաների գլուխը մի́ լցրեք կարմիր գլխարկներով: Միջավայր ստեղծեք, հետը խաղացեք, որ «Ծիտը», «Անհաղթ աքլորը», «Ճամփորդները» և մնացած հեքիաթներն ու պատումները բառ-բառ իմանան՝ ստվերախաղով, մնջախաղով (մի խումբն ասի, մյուսը՝ ցույց տա), հարց ու պատասխանով:

Բաժանվեք երեք խմբի.
- Լինում է չի լինում մի ծիտ:
- Լինում է չի լինում մի ծի՞տ:
- Լինում է, չի լինում մի ծի՛տ:
Հարցականը որտեղ կուզեք՝ դրեք:

Երգելով, շրխկացնելով, վանկատելով... ի՜նչ ուզես, կարող ես մտածել, միայն ոչ անկենդան կրկնությամբ: Խաղացեք հատված-հատված:
Եթե անգամ ինչ-որ բան անհասկանալի կմնա, եթե՛. մեկ է, թումանյանական լեզուն՝ իր պատկերներով, լեզվական կառույցներով, արտահայտություններով, խաղով ու գույնով մշակույթ կձևավորի, խոսք, զգացողություն, միտք, ճաշակ: 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский