Տառուսուցում. ոչ թե նպատակ, այլ միջոցներից մեկը

Տխուր, անկենդան, օտար տառեր, որոնք գրելու համար այնքան ջանք ենք թափում, տրամադրություն ու առողջություն փչացնում: Հետո ասում ենք՝ գրել չեն սիրում: Է՛, ոնց սիրեն, երբ այդ գիր ասվածն այդքան տհաճ բան է, երբ դրա համար մայրն ու հայրը ամենաքիչը օտար են դառնում: Իրեն սիրելի աշխարհն էլ, որտեղ ամեն ինչ այնքան լավ էր, հանկարծ անծանոթ, անընկալելի է դառնում:

Երեխան, ըմբոստանա թե չէ, մեկ է, ստիպված է կատարել մեծերի պահանջը: Նա զրկված է սխալվելու, իր սխալին անդրադառնալու, հասկանալու, ուղղելու հնարավորությունից ասեմ, հաճույքից թե իրավունքից:

Երեխայի կյանքից կորած 3 տարի. Նոր դպրոցի ծնողի թարմ պատումից:

Մեր ընկերը երեխային տարել է ինչ-որ քոլեջ, որտեղ ձանձրալի-տանջալի գործընթացը՝ մասնիկներ գրելը, բավականին երկար է տևել: Տեղափոխել է պետական մանկապարտեզի նախադպրոցական խումբ՝ նույն ձանձրալի-տանջալի պատմությունը: Հաջորդ տարի երեխան ընդունվում է դպրոց՝ առաջին դասարան, տաղտկալի-տանջալի պատմություն... Մեկնաբանություններն ավելորդ են:

Փոխարենը՝ շարունակվող այս խաղ-աշխատանքը. ով է ասել, որ գիծը գիր չէ. վաղը լիքը շրջաններ կնկարեն, մյուս օրը՝ ուղղանկյուն կամ այլ պատկեր… կհասնեն տառ-գրին, կպատմեն կլոր կամ քառակուսի պատմություններ: 

Ամեն ինչ ավելի պարզ է, դյուրին ու հաճելի: Ինչո՞ւ ենք պնդում, որ տառերը պետք է սովորել հենց առաջին դասարանում, հինգ, տասը կամ չգիտեմ քանի ամսում: Մեկ է, ամեն երեխա յուրովի է սովորում, իր ներքին ժամացույցն ունի, իր մտավոր կարողությունները: Ինչի համար է այս համահավասարեցումը:
3 տարեկանը կարողանում է տկտկացնել համակարգչի ստեղնաշարը: Թող տկտկացնի, որքան սիրտն ուզի: Սեղմի տառը, նրա «նկարը» տեսնի էկրանին: Դա անի, երբ հավեսը կգա: Մեկ էլ տեսար, արդեն սովորել է տառերի գույնն ու չափերը փոփոխել: Մենք նրան գործիք- խաղալիքներ տվեցինք: Մենք խաղ հորինող չենք, առավել ևս՝ 3 տարեկանի համար: Գործիքներն ունի, ինքը կհորինի իր խաղը և կխաղա:
 
Արեգը կես ժամից ավելի ծռմռեց իր անվան Ա տառը, մեծացրեց-փոքրացրեց, գունավորեց, ինչ ասես բերեց էս խեղճ տառի գլխին՝ հրճվելով, զրնգուն ծիծաղելով, խոսել-բլբլալով, ու հիմա շատ է սիրում իր ընկեր Ա-ին: Հասցրել է ընկերանալ գ տառի հետ:

Մեր գործը նրա համար միջավայր պահովելն է, այն միջավայրը, որը մի տեսակ տերմինի է վերածվել, իսկ իրականում չկա կամ կա ինչ կար: Ոչ թե միջոցներ չկան, այլ մեր կամքը չկա: Մենք դարձյալ կարկատանանման մի տարբերակ ենք ընտրում՝ մի քիչ սրանից, մի քիչ նրանից: Ու յոլա ենք գնում: Գուցե այդպես հեշտ է, բայց բոլորովին անօգուտ ու վնասակար: Արժե՞ վնասակարի համար ինչ-որ բան անել:
Մյուս դեպքում, երբ դիմացը համակարգիչն է կամ վրձինն ու թուղթը, մենք նրա կյանք ներխուժելու կարիքն էլ չունենք:
Համակարգչով կմեծացնի տառը, կփոքրացնի, կծռմռի, գույնը կփոխի, բզբզալով նոր հնարքներ կգտնի: Ու… նկարներն իրեն ծանոթ են, իր խաղալիքներն են: Կուզի իմանալ տառ-նկարի անունը, թող իմանա: Ինչպես կիմանա՝ իր որոշելիքն է: Կդիմի մեզ՝ կասենք: Չի դիմի, ուրեմն դրա կարիքը դեռ չունի: Կդիմի հասակակցին, որն այդ տառին արդեն ծանոթ է, ասել է՝ նրան ավելի է վստահում, որովհետև նա ավելի հասկանալի է: Հենց ձանձրացավ, կթողնի խաղը: Հետո նորից կսկսի: Նա տեսնում է, հասկանում է, որ դուք տառեր չեք մուտքագրում, այլ՝ տառերի խումբ: Կարո՞ղ եք մտնել իր խաղի մեջ, իր հորինած խաղը խաղալ, խաղացեք: Չեք կարող, թողեք, թող մենակ կամ ընկերների հետ խաղա:

Հինգ տարեկանն արդեն տառախումբ է «տկտկացնելու»: Նա արդեն հասկանում է, որ տառերի խումբը կարող է ինչ-որ բան նշանակել: Ուրեմն կփնտրի՛ իրեն անհրաժեշտ տառախումբը: Գուցե սա այլ խաղի մաս լինի կամ այս խաղը միանա մեկ ուրիշի, գուցե իր ցանկության իրագործման միջոց լինի: Լիքը ճանապարհներ կան դեպի տառ ու բառ: Թեթև, բնականոն զարգացում, թեթև, բնականոն ընթացքով:

Կամաց-կամաց խճանկարը կհավաքվի, կդառնա ամբողջական: Մենք էլ մասնակիցը կդառնանք, ընկերն ու համակիրը կլինենք, իսկ տառն ու բառը՝ խաղալիք: Հարմար ժամանակ և հարմար իրավիճակ… մենք էլ՝ խաղընկեր

Հիմա կասեն՝ էս ինչ ձևեր են, ինչի համար են:
Ձեր աչքը մի կողմ դրեք ու երեխայի աչքով նայեք.
- այդպես հավես է.
- այդպես հեշտ է.
- այդպես հետաքրքիր է.
- այդպես չեն վախենում.
- այդպես կարող են հազար անգամ խաղալ.
- այդպես կարող են սխալվել և սխալը ուղղել.
- այդպես…
Վերջապես վերանում է կենդանական վարժանքը.
- Սիրուն գրի, թե չէ…

Տերմին ենք հորինել՝ մանր մոտորիկայի զարգացում. ա՜յ նպատակ: Ամբողջ ուժով լարում են մկանները, ինչ է թե գիծն ուղիղ քաշեն: Էհ, թող մի քիչ էլ ծուռ լինի, հո աշխարհը շուռ չեկավ:
Դրա փոխարեն ի˜նչ հաճույք է ծեփամածիկով կամ կավով խաղալը, հարազատների համար բաժակ-նվեր պատրաստելը, չէ՞ որ իրեն բոլորն են հարազատ, կնվիրի, կսովորի նվիրել, խաղաղ ապրել, խաղաղ գրել կամ չգրել, այլ մուտքագրել: Մեկ է, ուզես-չուզես, ժամանակները փոխվում են, գործիքներն էլ հետը: Բա որ տառն ու բառը քանդակի, խմորով թխի, թխածն ուտի, թխածը բաժանի: Ինչո՞ւ չենք թողնում երեխաներին՝ պայծառ, անվերջ զարմացող ու հիացող 3-4-5 տարեկաններին զարմանալ ու հիանալ, անել այն, ինչ կարող է, մնացածը՝ ինչ լինելու կլինի ու ճիշտ կլինի: Ինչու չենք թողնում, որ երջանիկ ապրեն: Որտեղի՞ց այդ անսիրտ մաքսիմալիզմը մեր երեխաների նկատմամբ:
Մեկ է՝ նա իր խաղն է խաղում կամ ապրում, թող խաղալիքը սիրելի լինի: Թող տառն ու բառը գունեղ-բազմազան լինեն, շուռումուռ տա, գցի-բռնի՝ ինչպես գնդակը: Տեսնենք ոնց չի սիրի այդ բառն ու տառը:

Արեգը լուսատիտիկի մասին էր պատմում:
- Գիտե՞ս, լուսատիտիկը նստող լույս է, այսինքն՝ լույս ու տիտիկ: Սիրուն ա, չէ՞:
Չիմացանք էլ՝ բառն էր սիրուն, թե տիտիկ անող միջատը:

- Գիտե՞ս, Արեգ, լուսատիտիկին նաև կայծոռիկ են ասում:
Անմիջապես գլխի ընկավ.
- Կայծը փոքր կրա՞կն է (ու բռնեց խաղալիքը), ուրեմն կարող ենք լույսոռիկ էլ ասել, կայծատիտիկ էլ:

Լսել էր պետք Արեգի հրճվանքով լցված քրքջոցը: Լույսոռիկ, կայծատիտիկ, ինչ հավես է, չէ՞...

Դե, փորձիր 4 տարեկան Արեգի նմանին նստեցնել տետրի դիմաց, տանջել, որ ուղիղ գրի: Եթե կարողանա էլ, չի գրի, որովհետև նա պարտադրանք չի հանդուրժում, որովհետև նա հայտնագործող է. այդպիսին են բոլոր երեխաները:

5 տարեկանում ամեն ինչ իր տեղն է ընկնում-հավաքվում, սանն արդեն կարող-հմուտ է:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский