Խա՞ղ, թե՞ ուսուցում
Primary tabs
Հաճախ ենք լսում, թե ինչպես են ծնողները բողոքում, որ իրենց երեխան շատ է սիրում խաղալ հեռախոսով, համակարգչով կամ Ipad-ով: Հասկանում եմ նրանց անհանգստությունը, քանի որ այդ ծնողները չգիտեն, որ թվային գործիքները ճիշտ կիրառելու դեպքում կարող են միայն օգուտ քաղել: Շատերը համակարգիչ, համացանց լսելիս պատկերացնում են սոցիալական կայքեր, զվարճալի ու ոչինչ չտվող խաղեր, այլ ոչ թե ուսումնական գործիք:
Իմ երեխաները նույնպես շատ են սիրում խաղալ, սակայն ես չեմ անհանգստանում, որովհետև երեխան զարգանում է խաղալով՝ զարգացնող խաղեր խաղալով: Եվ ի վերջո, կարողանում եմ աննկատ վերահսկել նրանց խաղը: Օրինակ` igraemsa.ru, igraem.pro/igraem-i-uchimsya, teremoc.ru կայքերում կարող եք գտնել տարբեր հետաքրքիր զարգացնող խաղեր: Ֆեյսբուքյան facebook.com/galkaigralka?fref=ts էջից, krokotak.com կայքից օգտվելով, կարող եք տարբեր բաներ պատրաստել, օրինակ, պլաստիլինից, կերպարներ, հերոսներ ստանալ ոտնաթաթեր նկարելով:
Հենց այդ խաղերի միջոցով է, որ այսօր իմ տղան, որը մի քանի ամսից կլինի երեք տարեկան, կարողանում է վանկատել, հեգել, գիտի անգլերեն տառերը, երկրաչափական պատկերները, գիտի անգլերեն որոշ բառեր, հաշվում է, համեմատում, ինքնուրույն աշխատում: Երբեք հատուկ չեմ կենտրոնացել, որ տղաս այդ կարողությունները ձեռք բերի: Պարզապես կարողացել եմ ընտրել ճիշտ խաղեր, որոնք օգնում են թե՛ ինձ, թե՛ երեխաներիս:
Կհարցնեք թե ի՞նչ ուսումնական աշխատանք կարող է անել 2-6 տարեկան երեխան Ipad-ով, որ զարգանա: Բայց չէ՞ որ Ipad-ը կամ պլանշետը հենց այն մատչելի գործիքներն են երեխաների համար, որոնք թույլ են տալիս մատներով պատկերները շարժել այս ու այն կողմ, առավել լսելի խաղալ տարատեսակ ուսուցողական, կառուցողական, ճանաչողական խաղեր: Սրանք այն գործիքներն են, որոնք ունեն հատուկ ծրագրեր` նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար: Դրանք այն ծրագրերն են, որոնք հնարավորություն են տալիս երեխային ինքնուրույն խաղ-ուսուցում կազմակերպելու:
Շատ ծնողներ էլ կասեն, որ իրենց երեխաների մոտ Ipad-ը կամ համակարգչային խաղերը կարող են կախվածություն առաջացնել: Կրկին կասեմ, որ այդպես չի լինի, եթե ծնողը ժամանակին հիշեցնի մյուս խաղալիքների մասին: Չէ՞ որ բացի տհտ գործիքներից երեխաները ունեն այլ խաղալիքներ, որոնց հետ շատ կապված են: Իմ փորձից ելնելով` ասեմ, երբ տղաս և աղջիկս խաղում են Ipad-ով, ես նրանց հիշեցնում եմ, որ արդեն խաղալիքներով խաղալու ժամանակն է և, որ խաղալիքներն անհամբեր սպասում են իրենց:
Ի դեպ, խաղն առավել հետաքրքիր ու արդյունավետ է դառնում, երբ մեծահասակները ժամանակ են գտնում և խաղում են իրենց երեխայի հետ: Իմ օրն ամբողջանում է, երբ այն կիսում եմ իմ երեխաների հետ՝ դիտելով ուսուցողական տարբեր մուլտֆիլմեր, լսելով դասական երաժշտություն, խաղալով, կարդալով, ծեփելով, համեղ պատրաստելով և իհարկե ուտելով: Թվում է, թե օրվա պարտադիր աշխատանք է, պահանջ, բայց այդ պարտադիր աշխատանքը պարգև է ինձ համար: Անկեղծ ասած` համակարգչային շատ խաղեր տղաս ու աղջիկս ( 3 և 7 տարեկան) են սովորեցրել ինձ: Հավատացեք, ինչքան էլ հոգնած լինեք առօրյայից, օրվա մեկ ժամը պետք է նվիրեք ձեր երեխաներին, որովհետև երեխան մեղավոր չէ, որ դուք հոգնած եք: Օրը, ամիսը, տարին հետաքրքիր ընթացք է, հետաքրքիր փոխադարձ նվիրում –աշխատանք, որ հետ է գալիս ինձ: Ամենօրյա հեքիաթները, որ քնելուց առաջ շատ սպասված էին երեխաներիս կողմից, որ ինձ էլ խաղաղություն ու հանգստություն էին փոխանցում, անցել են Միլենային. հիմա նա է իր եղբոր՝ Ալենի համար կարդում, պատմում: Ալենի պնդումով հեքիաթը դառնում է ընտանեկան, որի հերոսները իրենք են դառնում՝ քույր ու եղբայր:
Շատ ժամանակ մեր գործիքներն ափսոսում ենք երեխաներին տալ՝ մտածելով, որ կարող են կոտրել կամ փչացնել: Վախենում ենք կավ կամ պլաստիլին տալ՝ մտածելով, որ կուտեն: Վախենում ենք վրձին ու ջրաներկ տալ՝ մտածելով, որ կկեղտոտվեն: Ու չենք մտածում, որ «փորձությունից» հեռու պահելով՝ կասեցնում, դանդաղեցնում ենք երեխայի զարգացումը: Բայց Միլենային և Ալենին դեռ փոքրուց հասանելի է ամեն ինչ: Նրանք խաղում են ավազով, պլաստիլինով, կավով, ջրաներկով, ներկում են գիպսե կենդանիներ, խաղում են նոթբուքով, այփադով, իմ հեռախոսով: Խաղը Միլենայի ու Ալենի համար վերածվում է մի մեծ դպրոցի, որտեղ ուսուցիչը Միլենան է, իսկ աշակերտը՝ Ալենը: Միլենան եղբորը սովորեցնում է այն ամենը, ինչ գիտի և սովորում է: Ալենն էլ իր հերթին կրկնում է այն, ինչ քույրն է անում կամ ասում: Այդ «խաղի» շնորհիվ քույր ու եղբայր ավելի են մտերմանում ու միմյանց նկատմամբ վստահություն ձեռք բերում: Երբ Միլենան փոքր էր, ես էի նրա խաղընկեր-ուսուցիչը. նա ընդունակություններով այն ժամանակ չէր զիջում եղբորը, իսկ հիմա հաստատ ինձ գերազանցել է որպես ուսուցիչ։ Նա, ի տարբերություն ինձ, եղբորը սովորեցնում է ամեն ինչ և չի մտածում, որ Ալենը փոքր է ու չի կարող այս կամ այն անել: Նա լավ օրինակ է եղբոր համար նաև այն ժամանակ, երբ նստում է իր ուսումնական աշխատանքն անելու. Ալենն էլ նրա կողքին է նստում և փորձում կրկնել այն, ինչ անում է իր ուսուցչուհի քույրիկը: Միլենան էլ իր հերթին համբերատար բացատրում է եղբորը և ուղղություն ցույց տալիս: Նրա խոսքը ավելի հասանելի է եղբորը: Օրինակ՝ Ալենին գույներ սովորեցրել է գուաշների օգնությամբ: Նկարելիս կամ գիպսե արձանիկ ներկելիս ասում էր.
- Ալեն, տես, սա կարմիր գույնն է, ասա կար-միր, կ-ա-ր-մ-ի-ր, իսկ սա դեղինն է: Գիտե՞ս՝ դեղինով ի՞նչ են նկարում:
Այսպիսի խաղ-դասերը նրանց համար սիրելի, սպասված և հաճելի զբաղմունք է, ժամանց: Այդ ժամանցին հաճույքով եմ հետևում ու դիտարկումներ անում: Իմ երեխաներիս ուսումնասիրելով՝ ավելի ու ավելի եմ համոզվել, որ երեխան զարգանում է խաղալով: Կապ չունի, թե երեխան քանի տարեկան է, նրա հետ պետք է խաղաս, խոսես ամեն ինչի մասին, և կախված իր ընդունակությունից, առանձնահատկությունից և հետաքրքրասիրություններից՝ նա կսովորի ու կվերցնի այն, ինչ իրեն պետք է: Այս ամենը ավելի տեսանելի դարձնելու համար ամառային մի օր, երբ իմ երեխաները կրկին խաղում ու նկարում էին, որոշեցի տեսախցիկով նկարել, թե ինչպես են քույր ու եղբայր առանց վիճելու նկարում ջրաներկով, և ինչպես է Միլենան նկարելու ընթացքում եղբորը սովորեցնում տառեր և ոտանավորներ:
- Բացվել է 1524 անգամ