Բլեյանի դպրոց. մասնավորի կրթական ծրագիր

Հեղինակ: 

Կրթահամալիրի տնօրենի օրագրից

Կարո՞ղ ենք լիարժեք գործարկել մասնավորի անհատական պատասխանատվության ներուժը

Հունվարյան ստուգատեսյան-ճամբարային օրերին ի՜նչ հաճախ-անկեղծ էին զարմանում մեր հյուրերը՝ իմանալով, որ Բլեյանի դպրոցը Բլեյանի սեփականությունը չէ՝ մասնավորեցված չէ, որ մենք պետական կազմակերպություն ենք, որ մեր հիմնադիրը Հայաստանի կառավարությունն է… Մեր մշակած, կազմակերպած ու տարածած կրթությունն է մասնավոր, որպես ստեղծագործ անհատի հեղինակային գործ, որպես դինամիկ զարգացող հավաքանիի՝ իրականացվող պատասխանատվություն: Իմ օրվա՝ այս օրվա, վաղվա, բոլոր գործերի-ջանքերի կիզակետում են սեբաստացի ուսուցչի, ծնողի՝ իր ընտրած կրթության մասնավոր լինելը, իր ապրածի հեղինակը լինելը, կրթահամալիրում որպես հեղինակ գործելը. միայն այս ճանապարհով մենք կարող ենք գործարկել ինքնուրույնության, ինքնակարգավորման, ինքնակազմակերպման այն ահռելի ուժը, որ 25 տարում կուտակվել է կրթահամալիրում։ Այստեղ է համապարփակ ճգնաժամի պայմաններում ապրելու-գործելու,  վիճակի հաղթահարման գործուն մասնակիցը լինելու ներուժը: Կրթական ծրագրերի հեղինակների խմբի հետ քննարկման մի թեմա է, մի խնդիր՝ մասնավորի անհատական պատասխանատվության ներուժի լիարժեք գործարկումը:

Հեղինակային կրթական ծրագիրը՝ որպես պետական կրթական ծրագրին այլընտրանք, պիտի ապահովի «առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն» Հանրակրթության մասին ՀՀ օրենքի հոդված 3-ի պահանջով: Ուսուցման գործի մասնավորեցմամբ, երբ հեղինակ-պատվիրատու-կատարող դառնում են ուսուցիչ-սովորող տանդեմը, մի կողմից՝ ծնողի, մյուս կողմից՝ կազմակերպություն-կրթահամալիրի պայմանագրային գործող հարաբերություններով, կրթահամալիրն էլ պայմանագրով է կարգավորում իր հարաբերությունները հիմնադիր լիազոր մարմնի՝ կրթության և գիտության նախարարության հետ, լինում է այն, ինչ ունենք այսօր՝ կենդանի-գործող-ապրող-զարգացող-արձագանքող խճանկար-կազմակերպում՝ իր բազում չլուծված, ընթացքի մեջ լուծվող խնդիրներով… Իմ օրագրի ուշադիր ընթերցողը՝ տարատարիք սովորողի, ուսուցչի, ծնողի կամ այլ մասնագետի տեսքով, կվերցնի 2015-2016 ուստարվա սովորողի ուսումնառության պայմանագրի, նրա անբաժանելի հավելված ուսումնական պլանների և կազմակերպման բազմազանության ապահովման կարգերի նախագծերը… Այս ամբողջությունն է հեղինակային կրթական ծրագիրը: Ցավոք, մեզանում տեքստ կարդալու սովորույթ, պայմանագրի կողմին անհրաժեշտ հմտություններով, դժվար է առաջանում… Բայց այս արտաիրավականությունը հենց պետական կրթական ծրագրի արատն է, որի հաղթահարման խնդիր ունի և մեր ծրագիրը, մեր աշխատանքը ամենօրյա… Սա՝ իրավականությունը, հավասարությունը կողմերի՝ սովորող և ուսուցիչ, ծնող և դպրոցի ղեկավար, կրթահամալիրի տնօրեն և ԿԳՆ նախարարություն՝ ի դեմս նախարարի, աշխատակազմի ղեկավարի, տեսչության պետի… Բայց մենք ունենք շոշափելի առաջընթաց, ի պատիվ և՛ նախարարության, և՛ մեր իրականության…

 Կրթահամալիրի մասնագիտական ժողովը երկու շաբաթը մեկ, փոխեփոխ վարչական խորհրդի հետ, նույն ժամին՝ 16.00, երկուշաբթի, մեդիակենտրոնի կլոր սեղանի շուրջ, նախօրոք հայտնի-հրապարակած օրակարգով և պատրաստած նյութերով սկսում են հեղինակային կրթական ծրագրերի բովանդակաստեղծ մշակումների համաձայնությունները: Կրթահամալիրի առաջատար բովանդակաստեղծ մասնագետների 21 հոգիանոց այս խումբը մասնաժողովն է, իրավասու՝ փորձարարական-հետազոտական միավորում կրթահամալիրի կանոնադրությամբ, նրա ստեղծման 1989-ից, իրավասու՝ իմ միջոցով  կրթահամալիրի խորհրդի հաստատմանը ներկայացնելու ուսումնական պլաններն ըստ կրթական ծրագրերի, պարզաբանումներով, դասընթացների ծրագրերը, ուսուցման բովանդակությունը կազմող նյութերի ցանկը… Այսպես է ձևակերպվում, իրավական դառնում պետական այլընտրանք հեղինակային կրթական ծրագիրը։ Հեղինակն էլ կրթահամալիրի դասավանդողն է՝ դաստիարակը, դասվարը, ուսուցիչը, այլ մասնագետ, ով իր տաղանդով, իր ազատությամբ, իր պատասխանատվության իրացմամբ մշակում, կազմակերպում, տարածում է հեղինակային կրթական ծրագրի առանձին բաղկացուցիչներ… Որևէ ստուգում, վարկանիշավորում, որևէ ձևաթղթեր՝ իրենց արհեստականություն պարտադրող գործակիցներով չեն կարող մեզ շեղել ապրելուց, կյանքից՝ կրթահամալիրի Բանգլադեշում, տանը, փողոցում…

Մեր խորհուրդը՝ որպես կառավարման բարձրագույն կոլեգիալ մարմին,  յուրահատուկ է: Նրա հետաքրքիր  դարձող բլոգը, վստահ եմ, շնորհիվ Հերմինե Անտոնյանի՝ խորհրդում ուսուցիչների ներկայացուցիչ-քարտուղարի, արագ կզբաղեցնի ամենամուտքային-մարդաշատ տեղերից մեկը և՛ մեդիայում, և՛ կրթահամալիրում… 2015-ի փետրվարի 6-ի նիստը կարևոր  արձանագրում արեց. խորհրդի անդամները՝ նախագահ Արամազդ Ղալամքարյանով, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանով, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դեկան Հեղինե Խաչատրյանով ու Ս. Երրորդություն եկեղեցու առաջնորդ Տեր Եսայի քահանայով, ձևական պարտավորված կապով չեն խորհրդի կազմում. մասնավոր, կոնկրետ ու նրբանկատ էին խորհրդին ներկայացված հարցերի առնչվող նրանց դիտողությունները: Խորհուրդն առաջարկեց կրթահամալիրի տնօրենին` անդրադառնալ ընդհանուր պարապմունքների առավոտյան կազմակերպմանը նորից՝ պահպանելու համար այն միասնականության-ոգեղենության լիցքը, որ իր մեջ կրում է հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման այս միջոցը: Խորհուրդը պաշտպանեց կրթահամալիրի գործադիր մարմնի՝ 2015-2016 ուստարում ուսումնական պլանում և սովորողի ուսումնառության պայմանագրում առաջարկվող փոփոխությունները, փոքր-մեծ՝ գնահատականի հարց է, կարևորեց՝ դրանք սեբաստացի համայնքի ակտիվ վերաբերմունքին ներկայացնելու ջանքերը: Ու, տեսեք, ինչպես անելը հիմա իմ մտահոգության առարկան է, եկել-հասել է ինձ աշխարհին կապող ամենակարճ-ամենաանկեղծ Օրագրին: Ահա, եկող տարվա ուստարվա ուսումնառության պայմանագրերը, ուսումնական պլանները, նախագծերը՝ ըստ կրթական ծրագրերի. սիրելի տարատարիք սովորող, ուսուցիչ, ծնող, դնում եմ ձեր սեղանին: Մեր կյանքում դրական-դինամիկ փոփոխությունների կարևոր ցուցանիշ եմ դիտում դրանց անհատականացումը, դրանք ձեր միջով անցկացնելը, ձևակերպման այս փուլից սկսած՝ դրանց որպես կողմ մասնակցելը: Պիտի կարողանանք իրար օգնել, իրական տեքստ կարդալու անհարմարությունը հաղթահարել, կեղծ-վիրավորական, իբր՝ դե լավ, վստահում ենք, ինչ կարդանք, տվեք՝ ստորագրեմ… Վստահությունը կոնկրետ օգնություն է ենթադրում՝ որպես փոխադարձ հարգանքի դրսևորում: Մենք՝ ես, յուրաքանչյուր դպրոցի ղեկավար, հեղինակային կրթական ծրագիրը, կրթահամալիրի նոր թափով զարգացումն այդպիսի օգնություն ենք խնդրում: Շիտակ-անխնա-մտավոր ներուժի առավելագույն դրսևորմամբ անհատական-իրական-էական դարձնենք պայմանավորվածությունը կրթության գործի կազմակերպիչներիս, մասնակիցներիս միջև՝ որպես մեկ համայնք: Ինչպե՞ս այս գործը դարձնենք առաջիկա տասնօրյակի կարևոր ուսումնական աշխատանքը և՛ դպրոցում՝ որպես պարտադիր, և՛ ընտանիքում՝ որպես լրացուցիչ, ֆիզիկական թե մեդիա միջավայրում: Ահա խնդիր, որով համակված եմ ես և ուզում եմ համակել ձեզ: Սովորող անհատի հետ քննարկում ենք իր անհատական կրթական պատվերը, որոշում դրա կազմակերպման առանձնահատկություններն այս փուլում: Լսելի ու կոնկրետ խոսելու ձեր ժամանակն է, սիրելիներս: Ես ուշադիր լսում եմ։

«Հեղինակային կրթության կազմակերպում» ստուգատես

Չկան սեղաններ-աթոռներ, ու նրանց բերած «չի կարելիների»-սահմանափակումների խոշտանգող աշխարհ.. Վերարտադրման (պատճենահանում-քոփի փեյսթ) պարտադրա՞նքը… Երբե՛ք… Ավելի լավ ճանաչելու համար նույն իրականությունն ու իրերը՝ պիտի տանը թե դպրոցում մթնոլորտը երեխայի նախաձեռնությամբ կենդանացնելու և հարստացնելու փորձեր անել… Այ, վերջապես, աջ ու ձախ, մեր կրթական աշխարհում ամեն ինչ սկսում է կենդանանալ՝ այլ դառնալ… Բրավո՜, նախակրթարան…

Գույն TV, Գույն ռադիո, Գույն լաբորատորիա, Գույն ջերմոց-պարտեզ, Գույն համերգ-դահլիճ, Գույն մարզանք, հիմա էլ հիացեք՝ Գույն խամաճիկների թատրոն: Այնքան գունեղ է, կենդանի-ստեղծական 2-րդ դասարանցիների աշխարհը, ու Կարինե Բաբուջյանը, իր մեծ ու պստիկ ընկերները ամեն օր  ընդարձակում են իրենց կյանքը Գեղարվեստում: Ինչ ասեմ՝ մեկ նստած նայեցի, որ չխանգարեմ, չշեղեմ որպես հանդիսատես, մեկ վեր կացա, սկսեցի գնալ-գալ ոգևորված… Արհեստականությունը, մերս կասեր՝ «ձև քշել», որ օրգանապես տանել չեմ կարողանում, չշփոթեք արտիստիզմի հետ… Այսպիսին է ահա մեր մանկավարժության շոշափելի ցուցանիշը՝ անձնական-անհատական՝ որպես ներքին պահանջմունք, Կոմիտասն ասում էր՝ երգեք ձեր տանը, ձեզ համար, այլք ականջներ ունեն, կլսեն… Չե՞ն լսի… Մենք սեբաստացիական աշխարհի ժողովրդով ինքնաբավ ենք՝ որպես գնահատող հանրույթ, իրար լսենք՝ անտարիք, անսահման, անհոգնել… ինչպես՝ ես ձեզ եմ լսում, տեսնում, արձագանքում: Ընտրված բնագավառում, օղակում ուսումնական գործիքակազմը նվիրատվությամբ միանգամից որակապես փոխելու տոնական ակցիաներ կրթահամալիրում հետևողական են իրականացվում: Որքան էլ դրանք արտիստիկ-սպոնտան են ներկայացվում, խնամքով նախապատրաստվում են իմ «իմաստուն ղեկավարությամբ» (մեջբերում Գրիգոր Խաչատրյանից)՝ որպես ներդրումային ծրագրեր: Այս օրերին  «Հեղինակային կրթության կազմակերպում» ստուգատեսի շրջանակում մենք ունեցանք ոսկերչության նորացած իսկական արվեստանոց-լաբորատորիա. Արհեստագործական ավագ դպրոցի 20-ի չափ սովորողներ, իրենց եռանդուն ոսկերիչ-մասնագետ Հայկ Սարգսյանի կազմակերպմամբ, եկեք՝ տեսեք, ոնց են թևերը քշտել աշխատում՝ մեզ մոռացած…

Միանգամից «Սեբաստացի» ռադիոյի բոլոր ութ դպրոցական խմբագրությունները   ունեցան թվային մոբիլ ձայնագրիչներ՝ վաճառքում ներկայացված արդիական մոդելներ: Սրանց համար ինձ շատ օրհնեցիք-գովեցիք, շնորհակալ եմ. գործեք, ես համակ աչք ու ականջ եմ: Իմ աշխատակազմով կարողանում եմ լրացուցիչ կրթական ծառայությունների համար սեբաստացի ծնողների ամենամսյա ուսումնական պայմանագրային լրավճարներից ձևավորել հեղինակային կրթություն ներդրումային ծրագիր, վերադարձնել ձեր ծնողների գումարները ձեզ, որպես ուսումնական աշխատանք, ձեր խմբային-անհատական արտադրողական-ստեղծական գործունեության լաբորատոր-արհեստանոց-արվեստանոցային միջավայրում… Ստացվում է:

Միշտ ուզեցել եմ, որ կրթահամալիրն ունենա ճարտարապետական նախագծային արհեստանոց-լաբորատորիա, որ այդտեղ ծնվեն, քննարկվեն-գծագրվեն նախագծերի տեսք ստանան այն գործերը, որոնք միասին պիտի իրականացվեն… Հայերիս համար, ավա՜ղ, շատ հաճախ, նախագծման փուլը կա՛մ շրջանցվում է, կա՛մ անփույթ է արվում… Վոլֆգանգ Գյոթեի հուշապատումը ինձ համար եղավ բանալի, թե ինչպես է կառուցվել Գերմանիան. ի՜նչ խնամքով գերմանացի մարդը Գյոթեից առաջ, Գյոթեի ժամանակ, Գյոթեից հետո ու հիմա մոտենում է իր կառուցելիք տան նախագծմանը: Անպայման Գյոթե կարդացեք: Կկարողանա՞նք հեղինակային ուսուցմամբ աշխատանքի նախագծման մշակույթ  ձևավորել, կկարողանա՞նք նախագծման համար անհրաժեշտ  պատրաստություն՝ հմտություններ փոխանցել այնպես, որ սովորողը՝ վեց տարեկանից սկսած, մատիտով թե մկնիկով մտմտա կառուցվելիքի-անելիքի նախագծման վրա, փորձի պատկերացնել ամբողջը, անգամ եթե հմտությունները առայժմ բավարար չեն այն պատկերացնելու համար…

Կկարողանա՞նք 2015-ի մարտ-ապրիլին իրականություն դարձնել ճարտարապետի նախագծային արվեստանոցի ստեղծումը… «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հետ մեր համագործակցության մեկնարկն  այսօր տրվեց համաձայնագրով։ Երկու կողմից ուզեցել ենք, որ այսպիսի գործընկերություն հաստատվի և հեռանկար ունենա: Տեխնոլոգիական հանրակրթության մարտ-ապրիլը ամենալավ շրջանն է համաձայնագրի ընթացքի համար. պատկերացնենք մի պահ վարպետության աշխատանքային օրեր, երբ համալսարանի ապագա ճարտարապետ-ուսանողների ու ավագ դպրոցի նախագծող (նկարող) սովորողների համատեղ խմբերը մասնագետների ղեկավարությամբ սկսում են 2015թ. կրթահամալիրում նյութական միջավայրի բարելավման նախագծերի վրա աշխատանքը… 2014թ. հունիսը հիշո՞ւմ եք, բանգլադեշյան պլեները ինչպիսի աշխուժություն-զովություն բերեց, որը կշարունակի արդյունավետությամբ-թափով 2015-ի հունիսյան պլեները, եթե դրան նախորդի անելիքի նախագծման մարտ-ապրիլը:

Պետական կրթական ծրագիրը իրական կյանքում հենց հանդիպում է դժվարության, ասենք ամեն օր`դասարանում, նույն պահանջ-պայմանն է ներկայացնում` մի խանգարիր, եթե չես օգնում, չես կարող օգնել… Մեր հեղինակային կրթական ծրագիրը՝ իր հիմնադիր տնօրենի ուժով, Մայր դպրոցի Մարմարյա սրահում ընդհանուր պարապմունքի` ամենուրբաթյա, 15:15 սկսվող 45 րոպե տևողությամբ համերգ-ներկայացման ժամանակ տարատարիք (չկան սովորողներ և ուսուցիչներ ռանգավորված, կան մասնակիցներ) մասնակիցներին կոչ էր անում խանգարելու` ինչով կարող էին, երբ ելույթ էին  ունենում պատանեկան երգչախումբը կամ կրթահամալիրի նախակրթարանների դաստիարակների  «Շրխկան» համույթը… Ու խանգարում էին, ով ինչ շրխկան ուներ ձեռքին, չունեցողները` մշտական երաժշտական գործիքներով`ձեռք ու ոտքով… Իսկական համույթ… Ով  չէր լսում` սկսեց, ով չէր համաձայնեցնում իր գործողությունները,  սկսեց… Կենդանի-զարգացնող համույթ: Մյուսներն էլ մարզական գործիքներով, օղակներով ու թունելներով կրկեսային համարներ էին ցուցադրում: «Նոր դպրոցի» 52-ի Արարատ Քելեշյանի մոր անհանգստությունն առիթ դարձավ, որ Արարատը, երիտասարդ-ընդունակ-կազմակերպված մայրիկը՝ տիկին Սոնան, կազմակերպիչ Անահիտ Գևորգյանն ու ես երկար ու կոնկրետ քննարկենք Արարատի ուսման հետ կապված խնդիրները կենտրոնական ընթերցարանում… Մանրամասներով չեմ ծանրաբեռնի… Արարատն այնքան ինքնուրույն է, իսկական սկաուտ, որ Զեյթունից մենակ գալիս ու գնում է, ընթացքում հաճախում շախմատի ակադեմիա, առաջադիմում, հետ չի մնում երկարօրյա մնացող ընկերների ֆուտբոլային խաղերից, ու … հայտնի ձախողակ է… Ինչ գորովանքով-շիտակ-կոնկրետ է մայրիկը մոտենում թե՛ դպրոցին, թե՛ Արարատին, թե՛ իրենց. կարծես ստուգում է իմ վերաբերմունքը-դիրքորոշումը այս ամենին: Այսպիսի պահանջկոտությունն է, որ սկսվում է ընտանիքից, տարածվում սովորողի ու դպրոցի վրա, անխնա ու մարդկային միշտ, որ որպես պատվիրատու՝ զարգացնում է մանկավարժությունը: Չի կարելի այսպիսի պատվիրատուին հարգանքով չվերաբերվել, նյարդայնանալ նրա՝ մեր իրականության համար անսովոր բծախնդրությունից ու կոնկրետությունից, ինչ է թե մեր երևանյան ավանդույթն այլ է, չի կարելի ասել՝ դե, լավ, էլի, բան է, եղել է… անցել է: Եղել է, բայց չի անցել. կողմերի գործողություններին գնահատական չի տրվել, չի որոշվել՝ ինչու է եղել, ինչու պիտի չկրկնվի… Ես անշտապ խորանում եմ, պարզում ամեն մի դետալ՝ ինձ շարունակ լավ զգալով, որ հենց «մանրունքներից» ենք խոսում. ինչո՞ւ արտակարգ պատահարը՝ սովորողի քթից արյուն գալը (ում մեղքով, որտեղ՝ կարևոր չէ) չի գրանցվել սահմանված կարգով, ինչո՞ւ ֆուտբոլի մարզիչ-ուսուցիչը չի ուղեկցել տղաների խմբին մինչև հանդերձարան… Ես լավ եմ զգում, որ Անահիտը Արարատի, նրա ընտանիքի մասին գիտի հնարավոր առավելագույնը, միշտ խանդաղատանքով է վերաբերվում նրան, նրա կողքին է՝ հաճախ ի վնաս իրեն… Ընտանիքն էլ է գնահատում սա, Նոր դպրոցը ու էլի շատ կարևոր բաներ, որ երկու երեխային թողնում է Զեյթունից ամեն օր ինքնուրույն այսպիսի ճանապարհ կտրել… Մի՛ խուսափեք կոնկրետից, լուծեք այն, հաստատեք ընտանիքի ընտրության ճշմարտացիությունը, ու վերջ: Եվ հիշեք՝ այսպիսի ընտանիքները, մեր մանկավարժությունը որպես ընտանեկան կյանք կազմակերպողները, իրավացի են, ու մենք սրտանց շնորհակալ ենք իրենց:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский