Սեբաստացիական մեր աշխարհը այլ է...

Հեղինակ: 

Կրթահամալիրի տնօրենի օրագրից

Փոխվել է մեր սեբաստացիական աշխարհը, սիրելիներս, բոլորիս հեղինակային համատեղ նախագծի իրագործման որակապես նոր փուլ ենք թևակոխել: Հաշիվ պիտի տանք, որ փոխենք մեր վարքը, մեր աշխատանքը՝ այս նոր վիճակին համապատասխան: Ալեքյան Հովհաննեսի մայրիկի՝ Նաիրա Դալուզյանի խոսքերը ճշգրիտ են վիճակը նշում. «Համոզված ենք, որ մեր կրթահամալիրը մանկավարժական մոտեցումներով, իր կրթական ծրագրերով և դպրոցական իր առօրյայով չի զիջում որևէ միջազգային կրթական հաստատության»:

Եվ չգիտեմ որտեղ արհեստական միջազգային ծրագրեր փնտրող-անող մեր մարդուն ես ասում եմ՝ արի կրթահամալիր, եթե անկեղծ ես, եթե այսօր Հայաստանում ապրող մարդուն է ուղղված քո հայացքը… Սովորողի, ոսուցչի, դպրոցի գործունեության մասին այսօր ով ասես չի խոսում. խոսելուց անցել են գործի, վարկանիշավորում են կպցնում. վարկանիշավորեմ՝ ընկնես – վարկանիշավորեմ՝ բարձրանաս… Գիտեք, ապրեցինք մի շրջան, երբ առանձին անհատներ բիզնես նախագծեր են իրականացնում, ամենատարբեր անուններով՝ «Տարվա մարդ», «Դարի գործիչ», «Ամենադպրոց», «Լավագույն տնօրեն» ու, անգամ, «Լավագույն նախարար», կոչումներ սահմանում-բաժանում… Բայց որ ուսումնական հաստատությունների «Դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգով» կզբաղվի կրթության և գիտության նախարարությունը… այդ ժամանակն է, ափսո՜ս: Իմ օրագրում ես կանդրադառնամ հեղինակային կրթական ծրագրերով «գնահատում» կոչվածին ու, ամեն անգամ, կոնկրետ օրինակներով. մանկավարժությունն այսպիսի գործունեություն է՝ մարդու հետ, մարդու մասին:

Գիտեք, ես միջազգային  կրթական ծրագրերով ոգևորված չեմ, երբ դրանք դառնում են պետականի պես՝ թելադրող, քեզ վերապահելով լոկ կազմակերպողի-կատարողի դերը… Ես, մենք այդ ճանապարհով չգնացինք ի սկզբանե. մենք ստեղծվել ենք 1989-ին՝ իբրև հեղինակային կրթական ծրագրեր մշակող, կազմակերպող, տարածող մի ուսումնական հավաքանի և շարժվել ենք այդ նեղ-դժվար ճանապարհով միշտ դեպի լույս՝ մեր ուխտով: Հիմա եկել է մեր հեղինակային ծրագրերի միազգայնացման շրջանը. կկարողանա՞նք այստեղ էլ բեկում արձանագրել 2015-ին: Սկսել ենք հաջողությամբ, Վրաստանով… Բեկում «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծում: Այս հայտարարությունն անում եմ կիրակի օրով` մարտի մեկին, կրթահամալիրի գեղարվեստի դպրոցում, ուր Թբիլիսիի վրացական պետական մանկապարտեզների, դպրոցներից 35 տնօրեն-փոխտնօրեններ, դասվարներ-դաստիարակներ, կրթության գործի կազմակերպիչներ, աննման Քեթևան Աբեսաձեի  և Վիկտորյա Բալավաձեի նախաձեռնությամբ, տեսեք` հեղինակային կրթական ծրագրերի հեղինակ սեբաստացի մասնագետների խիտ-արդյունավետ կազմակերպած դասընթացով յուրացնում են մեր մանկավարժությունը մի շերտում` դպրոց-պարտեզ միջավայրում, 5-6 տարեկանների անցումը, 2-10 տարեկանների զարգացումը… 35-ից 30-ը վրացի, առաջին անգամ են Հայաստանում, Երևանում, Բանգլադեշում, կրթահամալիրում… Տաշի-տուշին, ժողովուրդների բարեկամության` հաճախ կեղծ ու արհեստական բաժակաճառեր չկան, կա համատեղ ուսումնական աշխատանք, համատեղ պարզ կենցաղ մեր կացարաններում, համատեղ մշակութային ծրագիր…

Բոլոր տեսակի փաստաթղթերից, ծրագրերից, որ, աշխատանքի բերումով, հա՛մ պիտի գրեմ, հա՛մ կազմակերպեմ, որ գրվի… նախընտրում եմ ուղեցույցները… Եթե հիշում եք՝ 1993-97 թթ բլեյանական նշանավոր, աղմուկ հանած, հասարակական գիտակցության մեջ հետք թողած ուսումնական գրականությունը՝ «դասագիրք» կոչվածները և մեթոդականները՝ ուղղված ուսուցչին և մեր դեպքում, նաև ծնողին, սովորողին, կազմված էին որպես ուղեցույցներ… Ահա, 1-4-րդ դասարանների աշխատանքային տետրերը (գրքերը), 5-9-րդ դասարանների թվաբանության, հայոց լեզվի և ռուսերենի խնդրագրքերը, ընթերցարանները նույնպես ուղեցույցներ էին… Դե, ամոթ էլ է, մասնագետ ուսուցիչը եթե չի կարողանալու ուղեցույցների օգնությամբ կազմակերպել դասընթացի ծրագիրը կոնկրետ դպրոցում, դասարանում, սովորողի համար, էլ ինչի՞ եք դպրոցի վրա ծախսեր անում… 1-4-րդ դասարանների մեթոդական ծրագիր-ուղեցույցները, 5-9-րդ դասարանների լեզվի ուսուցման ուղեցույցները հիմա էլ հաճույքով եմ թերթում, շուռումուռ տալիս՝ մարդավարի, մարդու կողմից ու մարդու համար արված կենդանի գործեր են… Ահա և ոչ առարկայական, ոչ կոնկրետ դասընթացի հետ կապված երկու ուղեցույց, որ այսօր էլ հավանում եմ, գործածում: Մայիսյան հավաքի պատրաստության այս շրջանում շտկել-ամբողջացնելուց հետո դնեք նորից շրջանառության մեջ, որ այն շարունակի մեր սեբաստացիական աշխարհի փոփոխությունների վեկտորն ու կերպը որոշել… ինչպես ահավասիկ տարատարիք սովորողին, ընտանիքին ուղղված «Թող գա սովորելու նա…» ուղեցույցը… Ու սրա կողքին՝ համարժեք, հանրակրթական պետական չափորոշիչով հաստատված-որոշված (նորմատիվ՝ Հայաստանով մեկ)` սովորողին ներկայացվող ընդհանրական պահանջները… Ո՞ւմ են ուղղված, քանի՞ ուսուցիչ, այլ քաղաքացի է կարդացել, որ կարդա, ի՞նչ անի, սրանով ի՞նչը չափես, ինչպե՞ս, ինչպիսի՞ գործունեություն կազմակերպես… Կամ «Կրթահամալիրի 2013-2016 թթ զարգացման հիմնադրույթները»… Եթե 2013-ին կարդացել, գործել, շարժվել եք սրանով, չեք ափսոսա. հասել ենք մի կետի, որտեղից կարելի է և´ ետ նայել, և´ առաջ՝ տեղում չմնալու համար… Հիմա սրա կողքին փորձեք ՀՀ օրենքի ուժ ունեցող լուրջ պետական ծրագիր դնել՝ «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը»: Իմ նման ծրագրասեր, գրասեր մարդն անգամ սրա կարիքը չունի. ո՞ւմ է ուղղված` հարցնում եմ… Սեբաստացի ուսուցիչներ, 2015-ի մայիսյան հավաքին պիտի ներկայանաք ձեր կազմած ուղեցույցներով՝ ձեր ու ձեր գործընկեր ուսուցիչների և սովորողների համար արված… Մայիսյան հավաքին մենք պիտի ներկայանանք մանկավարժության նոր սերնդի` ուսումնական գործի հեղինակային կազմակերպման համապարփակ ուղեցույցներով` տարատարիք սովորողի, ամեն ուսուցչի, ծնողի, մանկավարժական աշխատողի համար գործածական… Ես միշտ եղել եմ այն համոզման, որ դաս-դասարանային ուսումնական համակարգում մեկ դասագիրքը ենթադրում է, որ սովորողի պես ուսուցիչն իր առարկայի համար միայն դասագիրքն է գործածում, մեկ էլ «թեմատիկ» կոչված պլանը՝ որ թեմային քանի ժամ… Ահա ինչու սրա այլընտրանք մեր հեղինակած կրթական ծրագիրը «ինչպեսն» է` կազմակերպումը…

Արժե հիշել. 3-4 տարի առաջ, երբ մեկնարկեց նախագծերով ուսուցումը, որքան կասկած կար, որքա՜ն արժե-չարժե-գուցե… Հիմա ձեզ, չգիտեմ, բայց իմ աշխատանքի բնույթն այդ նախագծերը՝ անվերջ-զարմանալի, փոխել են. ես սկսել եմ հանդես գալ որպես տարատարիք սովորողների և մանկավարժական աշխատողների անհատական-խմբային բազմաբովանդակ ուսումնական նախագծերի աջակցության գրասենյակի ղեկավար…

Որքա՜ն տպավորիչ են Արման Երանոսյանի, Մերի Թելունցի նախաձեռնությամբ «Տնտեսական միամսյակի»՝ մեկը մյուսին հաջորդող հավաքները: Հավաքներ եմ ասել՝ որպես ուսումնական պարապմունքի հեղինակային ձևեր, երբ տարատարիք սովորողները՝ սկսած 6-րդ դասարանից մինչև 12-րդ դասարան ու քոլեջ, կարողանում են իրենց ազատ ընտրությամբ, իրենց հարմար ժամանակացույցով ու տեղում ուսումնական-անձնային կյանքի հետաքրքրությունն ագահ բավարարել… Եվ ի՜նչ արդիական են և՛ թեմաները (բովանդակությունը), և՛ ներկայացման կերպը. երիտասարդ, հմայիչ, բարձրակարգ մասնագետներ՝ մեդիայի ու ռիթմի, լսարանի ակտիվ մշտական ռեժիմի պայմաններում: Ինձ համար հեշտ է այսպիսի միջավայրում. ես ներառված եմ լիարժեք՝ որպես անհատ մասնակից. և՛ հետաքրքիր է, և՛ ես իմ ակտիվությամբ կարող եմ փոխանցել, առաջարկել, զարգացնել…

Ինձ այնքան լավ զգացի հասարակագիտական ստուգատեսի մեկ ժամում` իրար հաջորդող վարպետության դասերի մեջ` Գրիգոր Ջանշյանի «Եղբայրական օգնություն հայերին» գրքի հովանավոր-հրատարակիչ Արամ Կարապետյանի, հայագետ Արտակ Մովսիսյանի, լրագրող Հակոբ Բադալյանի… Ուրիշ Հայաստան է: Շնորհակալ եմ… Ստուգատեսի՝ այս անգամ, հասարակագիտական շաբաթի և առարկայական օլիմպիադաների տարբերությունը՝ ոնց որ սար ու ձոր, ոնց որ անգիրի (վերարտադրության) պետական դպրոցն ու համառորեն, և, այո, տպավորիչ հաջողությամբ կայացող նրա այլընտրանքը՝ մեր հեղինակած մանկավարժությունը… Քանի՜ մարդ՝ ուսուցիչ-տարատարիք սովորող, ու հասարակությունը՝ իր ամենագործուն հասարակագետներով մասնակցում է այս՝ հասարակագիտություն կոչվող ուսումնական հանրակրթական ստուգատեսին… Հաշվեք… Բաց-գրավող-ամենամյա… Քանի՜ սովորող առաջին հետազոտություն-ուսումնասիրությունը կանի ու կհավակնի մրցանակների՝ ամառային ճամբարների ուղեգրերի ձևով… Ի՜նչ նոր խթաններ-մտքեր-հավես կառաջանան այս ընթացքում՝ իրենց կյանքի ավազան-հասարակությունը ճանաչելու, ինչ-ինչ խնդիրներ ձևակերպելու-լուծելու… Լրագրողը, հավաքին մասնակից, շատ բան տեսած Նազենի Ղարիբյանը, Օլյա Ազատյանը, ես, այո, ես, անգամ Աշոտ Տիգրանյանը, անակնկալի էինք եկել 6-7-րդ դասարանցիների զրույցի անմիջականությունից, կոնկրետությունից: Դուք թեմայի՜ն մտիկ արեք՝ «Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները և վտանգները»…

Ամենատարբեր-բազմազան-համապարփակ տեխնոլոգիական ստուգատեսը, տեսեք, նաև ամենաթափանց է, ու ոնց է գարնան նման կենդանացնում կրթահամալիրը, նոր բնություն հաղորդում… Անի Հովհաննիսյանի դեմն անհնար է առնել, չի կարելի «չէ» ասել Անիի մտահղացումներին, անիմաստ մի´ վատնեք ձեր էներգիան… Գործակցեք յուրաքանչյուր դպրոցում՝ կրտսերում թե Միջինում, Անի տեխնոլոգի հետ. 2-4 տարի հոգատար մայրիկություն անցկացրած, մեզ Լալիկ ու Վաչե խնամած-պարգևած Անին այնքա՜ն մտահղացում ունի ամբարած, որ շռնդալից բաժանում է, ստացեք: Մենք ստուգատեսի արդյունքում կունենանք, պիտի ունենանք, չենք կարող չունենալ ռոդարիական տիկնիկային-խաղարկային թատրոն-ծես-կյանքը՝ բոլոր տարիքների սեբաստացիների համար՝ տանը թե դպրոցում, անիվների վրա, բակում… Անիմացիոն թե կենդանի, ծիսական թե ստվարաթղթե, խամաճիկների թե սովորական տիկնիկների՝ ընտրության հարց է, օրվա, եղանակի, հավեսի, տեղի… Գլխավորը՝ խաղալով, հավեսով, թափով, ինքնաբուխ, անմիջական, ստեղծական… Ռոդարիական՝ ասել է թե՝ ստեղծագործելն առաջին տեղում: «Ծաղկաձո՞ն», թե՞ ծաղկով ձոն… Բայց ձոն-նվեր՝ մայրիկին-տատիկին-ուսուցչին-կնոջը՝ իր ստեղծագործությամբ, հիմա՝ ծաղկով (թաղար, ծաղկաթումբ, ծաղկային այլ լուծումներ), սրանից առաջ՝ իր կարդալով, Տերյան-Թումանյան-Չարենցով, իր թատրոնով, սրանից հետո՝ իր համերգով, իր ձեռագործով, կավե ամանով, գեղանկարով, այնպես, որ սովորողը կենտրոնանա ոչ թե պարապ, հաճախ խեղճությունից եկող ինչ-որ նյութական փոխանակման, այլ տղամարդկային ուժի-շնորհի-հանճարի դրսևորման վրա… Կնոջ առաջ իր շնորհով հպարտանա՝ տես, ինչեր եմ կարողանում ես… Ահա ինչու «Ձոն», ինչու տեխնոլոգիական կրթության ստուգատես-նախագիծ, ինչու մարտից սկսվող ու մինչև ապրիլի 10-ը ձգվող… Ես այս ուսումնական նախագծի սկզբում արձագանք գտած հրապարակումով հանդես եմ եկել «Դպիրում»: Վերադարձեք, խնդրում եմ: Մեզնից է կախված, մեր մանկավարժության նախագծային ուսուցման ղեկավարից, ով, այս դեպքում, միայն տիկին Շողիկը չէ՜, 2-6 տարեկանների յուրաքանչյուր դաստիարակ, ամեն մի դասվար, 4-5-րդ դասարանցիների կազմակերպիչ, երկարօրյա ուսուցիչ, ակումբի ղեկավար, պարզապես այս նախագծի հեռավարությամբ, հանրամատչելիությամբ ու կոնկրետությամբ խանդավառ տարատարիք սեբաստացի… Ամեն մի սեբաստացի՝ իր շնորհով, եթե չհամակվի ուսումնական աշխատանքով այլ միջավայր ունենալու մարմաջով, ցույց տվեք այլընտրանքի ու պետականի մի տարբերություն… Ստեղծագործելն առաջին տեղում. նախագծային ուսուցումը, այսպիսով, այս ժողովրդական-իրավական-մանկավարժական կոչը դարձնում է սովորողի ուսումնական գործունեություն… Մեր սովորողը պիտի կարողանա ընտանիքին հետևողականորեն ներգրավել այսպիսի հանրակրթական նախագծերի իրագործման մեջ, որ միասին տեսնեն, գնահատեն՝ ուսուցման արդյունքում փոխվող, այլ դարձող ընտանեկան-դպրոցական միջավայրը:

Այն, ինչ ցցուն արեցին մայրենիի ուսուցիչներ Հասմիկ Ղազարյանը, Նունե Մովսիսյանը, Սոֆյա Այվազյանը, ես նկատի ունեմ «Հրաչյա Աճառյան. հայոց լեզվի օր», «Ռաֆայել Իշխանյան», «Խաչատուր Աբովյան» ուսումնական նախագծերը, մեկ բառով ասած՝ հարգանքի արժանի է. ես ինձ լավ եմ զգում այսպիսի կրթական հաստատության գոյության փաստով, լսեցի՞ք, շնորհակալ եմ: Ուսումնական հուզմունքն էլ, գիտեք, ուրի՜շ վայելք է, ուրիշ շռայլություն, տիար տնօրենին վայել ապրում. անգամ կարող է դիտվել որպես հեղինակային կրթական ծրագրով ձեռք բերվող ցուցանիշ… Երեկ, Վարժարանի ընթերցասրահում, Աճառյանի ծննդյան օրվա առիթով մեծ հավաքում, հուզված էի: Ինքնաբուխ-կիրթ-ազնիվ եղավ այդ 45-50 րոպեն: Հասմիկ Ղազարյանի հետ համակարծիք ենք՝ այսպես հնարավոր է միայն գործընկերային համերաշխության միջավայրում, երբ Մարգարիտ Սարգսյանը, Ելենա Սարգսյանը, Թամար Ղահրամանյանը, Մարիետ Սիմոնյանը… առանց աչքի ընկնելու, երկրորդ՝ կարևոր պլանից աշխատում են, որ առաջին  պլանում՝ կենտրոնում, լինի Հասմիկ Ղազարյանը: Երեկ՝ Նունե Մովսիսյանի համար, այսօր՝ Սոֆյա Այվազյանի, վաղը՝ Մարգարիտ Սարգսյանի… Յուրաքանչյուր սեբաստացի՝ ցանկացած տարիքում,  յուրաքանչյուր տեղում, պիտի կարևորի իր մասնակցություն-նպաստը երկրորդ պլանից: Դուք տեսած կա՞ք, որ ես հենց այնպես ներկա լինեմ. պիտի գործես-լինես աջակցման ռեժիմում, լավ է երկրորդ պլանից, միշտ պատրաստ՝ նախաձեռնությամբ առաջին պլան մղվելու… Առանց համերաշխության-փոխօգնության ո՜նց առաջ մղվես, ի՞նչ թիկունքով…

Հիմա, երբ հաստատված են 2015թ. կրթահամալիրի աշխատողների պարտադիր սոցիալական ապահովություն ստանալու փաստաթղթերը, իմ ուշադրությունը համացանցում գրավեց այս հաղորդումը և տեսանյութը: Կարդացեք, դիտեք: Վստահ եղեք, որ կրթահամալիրի տնօրենի աշխատակազմը, «Մխիթար Սեբաստացի» արհմիութենական կազմակերպությունը 2015-ին առավելագույն ջանքեր կգործադրի փոքր-ինչ, բայց նկատելի բարելավելու ձեր, սեբաստացի ուսուցիչներ բոլոր կարգի, առողջությունը, ֆիզիկական ինքնազգացողությունը… Երբ նայում եմ օրը մի քանի անգամ Մայր դպրոց մտնող-վերադարձող դասվար-դաստիարակ-կազմակերպիչ-գրասենյակների-ուսկենտրոնների ղեկավարներին, ծիծաղում եմ. տեսնես հայհոյո՞ւմ են, թե՞ շնորհակալ են այս մարտական-շարժուն վիճակի համար: Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների մարմնամարզական օրվա ուսումնական կարգը սեբաստացիական է. կուզեմ, որ այն, որպես ստուգատես, ամիսը մեկ, ինչպես համերգ, լինի, երբ յուրաքանչյուր աշխատող մեկ մարզական-առողջարարական խմբում է, պարբերաբար, շաբաթը մեկ օր պարապում է: Աշխատող տղամարդկանց – վարժարանի մի խումբ սովորողների ֆուտբոլային խաղն ու, ահա, այս կադրերը՝ մեր կին ուսուցիչների, կարող եմ նայել ու նայել… Զմայլանք, առողջության-գեղեցկության-ստեղծականության աղբյուր… Օրվա, շաբաթվա, ամսվա կտրվածքով ամենաշատը ես կանգնում եմ մարմնամարզական մեծ դահլիճի առաջ. անհամբեր եմ՝ այս մեծ մասնագիտացված սրահի լույսի-ջերմության-տանիքի հետ կապված աշխատանքների մեկնարկով…

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский