Դասավանդողը՝ ուսումնական ծրագրերի հեղինակ
Primary tabs
Յուրաքանչյուր ուստարվա աշխատանքային ծրագրերն ստեղծելիս մայրենի լեզվի դասավանդողները միասին քննարկում են, արտահայտում իրենց տեսակետը, ներկայացնում նախորդ տարվա իրենց փորձը: Նման քննարկումներն արդյունավետ են, քանի որ օգնում են հաջորդ տարվա աշխատանքային ծրագրերը կազմելիս: Ընդ որում, յուրաքանչյուր կիսամյակ, տարի ծրագրելիս ինքս նկատի եմ ունենում սովորողների կարողությունները, նախասիրած ուղղությունները, նախորդ տարվա ձեռքբերումներն ու խնդիրները:
Իմ աշխատանքային ծրագրերը կազմելիս ինձ օգնում են կրթահամալիրի ուսումնական օրացույցը, Գեղարվեստի դպրոցի դասավանդողների կազմած ուսումնական օրացույցը, «Դպիր» մանկավարժական հանդեսը, կրթահամալիրի պատանեկան ամսագրերը, բլոգները:
Գրականության և խոսքի մշակույթի իմ ծրագրերը հրապարակվում են Գեղարվեստի ավագ դպրոցի ենթակայքում, իմ բլոգում, հղումներն ուղարկվում են սովորողներին, իրենք էլ հրապարակում են իրենց բլոգներում:
Ծրագրի իրականացումը Գեղարվեստի ավագ դպրոցում: Մի քիչ պատմեմ մեր սովորողների մասին: Մի քանի տարի է՝ աշխատում եմ գեղարվեստի սովորողների հետ և ասեմ, որ տարեցտարի փոխվում են սովորողների հայացքները, լայնանում հետաքրքրությունների շրջանակը, սովորողն ինքը ավելի նախաձեռնող է դառնում: Այսօրվա մեր 12-րդցին պատրաստ է գտնելու իր տեղը կյանքում, իր մասնագիտությունը զարգացնելու բարձրագույն հաստատություններում: Մեր սովորողները ընթերցում են, նկարում, քանդակում, երգում, պարում, ստեղծագործում և այդ ամենի մասին պատմում: Ներկայացնեմ մի քանի բլոգներ.
11-րդ դասարանցիներն էլ այս ուսումնական տարում բավականին նախաձեռնող եղան: Նրանցից մի քանիսի բլոգները.
Ուրախացնող է, որ իրենք՝ սովորողները, սիրով են մասնակցում տարբեր նախագծերի, ցուցաբերում են լրջություն իրենց գործի նկատմամբ, ստեղծագործում են, սիրում են կրթահամալիրը, իրենց դպրոցը:
Մայրենի լեզվի նախագծերը կազմելիս ի նկատի եմ ունեցել նրանց նախասիրությունները, և իմ կարծիքով, իրականացնելիս արդյունքը դրական է եղել: Այդպիսի նախագծեր են «Միքելանջելո», կրթահամալիրի տոնացույցով նախատեսված նախագծերը` «Ես կարողանում եմ», Մայրենի լեզվի օրը, կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց, ընթացքի մեջ է «Խ. Աբովյան» նախագիծը, որը կամփոփենք Աբովյանի տուն-թանգարանում, ապրիլի 2-ին: Առաջադրանքներն ու սովորողների աշխատանքները տեղադրում եմ իմ բլոգում, որոշ աշխատանքներ հրապարակում կայքում, ենթակայքում: Նախագիծը քառափուլ է, առաջին երկու փուլերը կարդալու, ուսումնասիրելու, թանգարան այցելելու, Աբովյան փողոցում քայլելու, նկարելու և տեսանյութեր պատրաստելու փուլերն էին, երրորդը թանգարանի աշխատակիցների այցն էր կրթահամալիր: Նրանց հետաքրքրել էր նախագծի ընթացքը: Պետք է ասեմ, որ նախագիծը սկսելու հուշումը կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանինն էր:
Անդրադառնալով գնահատմանը, ասեմ, որ սովորողին գնահատում եմ իր ամբողջ գործունեության համար: Մեկ օրինակ. սովորողներից մեկն ասաց, որ երբեք չի կարողացել անգիր սովորել, և խնդրեց իրեն չհարցնել մեր բանաստեղծների ստեղծագործություններից: Ի՞նչ անեի, պատժեի՞ նրան՝ անբավարար գնահատելով: Դրա փոխարեն նա կարողանում է մեկնաբանել, պատմել, լուսանկարել, իր ասելիքը ներկայացնել տեսանյութերի, լուսանկարների միջոցով: Կամ այլ օրինակ. քառօրյա ճամփորդության ընթացքում որոշ սովորողներ, որ պարզապես չեն սիրում գրել, կարդալ, զարմանալի ակտիվ եղան: Նրանք նկարում էին, այլ գործեր ստեղծում իրենց արվեստագետ-ղեկավարի հետ, միաժամանակ, այստեղ արդեն աշակերտներ չէին, այլ ուսուցիչների և դասընկերուհիների պահապաններ, օգնականներ: Զարմանալի են, սիրելի ու անսպասելի մեր սովորողները....
Մայիսյան հավաքը հարմար առիթ դարձավ, որ հաշվետու լինեմ իմ առաջ, անդրադարձ կատարեմ այս ուսումնական տարվա իմ գործունեությանը: Այժմ նախատեսել եմ նախագիծ՝ «Հավաքից հավաք»: 12-րդ դասարանցիները, որպես հաշվետվություն, պետք է ներկայացնեն մայիսյան հավաքի նախորդ և այս ուսումնական տարվա գործունեությունը, պատմեն, թե ինչպես են իրականացրել նախագծերը, անհատական ուսումնական պլանը, խնդիրները,արդյունքը:
Կան սովորողներ, ովքեր չեն փայլում բանավոր խոսքով, բայց դրա փոխարեն նրանց աշխատանքներն այնքա˜ն բան են պատմում: Ունենք սովորողներ էլ, ովքեր իրենց խոսքը գրավոր շարադրում են շատ լավ, բայց ահա, ունեն բարդույթներ՝ բարձրաձայն արտահայտվելու, մանավանդ այլ սովորողների կամ դասավանդողների ներկայությամբ: Իհարկե, ջանում եմ, որ նրանք ազատվեն բարդույթներից՝ շարունակ նրանց դրդելով քննարկման, կիրթ վիճաբանության, ինքնարտահայտման: Յուրաքանչյուր պարապմունք փորձում եմ դարձնել հետաքրքիր, ուշադիր լսում և ուղղորդում եմ նրանց մեկնաբանություններն ու վերլուծությունները:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցիչը ուսումնական ծրագրերի անմիջական մասնակիցն ու ստեղծողն է: Հայաստանյան գրեթե բոլոր դպրոցներում աշխատանքային ծրագիրը պատրաստի վիճակում դրվում է ուսուցչի սեղանին, որով էլ նա առաջնորդվում է: Որքանո՞վ է դա նպատակահարմար, արդյունավետ, ուսանելի: Միանգամից ասեմ, որ այսօրվա դասագրքերը սովորողին ոչինչ չեն տալիս: Իհարկե, ուսուցչի համար երևի հեշտ է այլոց կողմից արդեն ստեղծած ծրագրերը կիրառել, բայց այդ դեպքում անտեսվում են սովորողների հետաքրքրությունները, կոնկրետ պահի նրանց նախասիրությունները. չէ՞ որ նրանց զարգացումը ամեն ժամ ու րոպե է: Չեն կարող նյութերը, որոնք մենք՝ միջին տարիքի ուսուցիչներս, անցել ենք մեր դպրոցներում, հետաքրքրել այսօրվա սովորողին: Ոչ ոք, բացի դասավանդող ուսուցչից, չի կարող ավելի լավ իմանալ իր սովորողի նախասիրությունների, օժտվածության, կարողությունների մասին: Սա արդեն լուրջ խթան է, որպեսզի ուսուցիչը կարողանա կազմել իր ծրագիրը: Այդ աշխատանքը շատ հետաքրքիր է, քանի որ ուսուցիչը այդ կերպ ինքնակրթվում է, հետազոտում, ստեղծում: Նման դեպքում ուսուցչի համար դասավանդումը դառնում է ստեղծական, սիրելի, հեշտ: Ինքս ծրագիրը կազմելիս կարծես տեսնում եմ, թե ինչպես պետք է իրականացնեմ: Որպես օրինակ` իմ բլոգում տեսեք «Խ. Աբովյան» նախագծի աշխատանքների ընթացքը, արդյունքները:
Մի կարևոր հանգամանք էլ. կրթական ծրագրի հեղինակ ուսուցիչն անպայման իր աշխատանքը կհասցնի սովորողին, կփորձի այնպիսի մեթոդներ կիրառել, որոնց շնորհիվ սովորողը ոչ միայն կյուրացնի, այլ կհայտնաբերի, կստեղծի, կսովորի ինքնուրույն և կսովորեցնի, ուսումնական նյութը կկապի իր կյանքի և օրվա հետ: Հեղինակ ուսուցիչը հենց դա է ուզում՝ ունենալ կիրթ, գրագետ, ազատախոհ ու պատասխանատու սովորող:
- Բացվել է 1630 անգամ