Համագործակցային հոդված-նախագիծ

Մաս I

Ներկայացնում է Մարգարիտ Սարգսյանը: 

Խոսենք կրթական համագործակցության մի փորձի մասին. փորձ, որը խրախուսեցին, որով ոգևորվեցին գործող բոլոր անձինք:

Համագործակցության մեջ գոհունակությունը, բոլորի ոգևորվածությունն ու շահագրգիռ լինելը կարևոր է: Կրթահամալիրի օրացույցով փետրվար-մարտ ամիսներին սկսում է «Կարդում ենք ՏերյանԹումանյանՉարենց» ստուգատես. սա բնավ էլ չի նշանակում, որ դրանից առաջ չէինք ընթերցում կամ վատ էինք ընթերցում, պարզապես հիմա կրթահամալիրի տարատարիք սովորողներն ընթերցում են նույն հեղինակների ստեղծագործությունները՝ նախագիծն ավելի շուտ ու իրականում միասնականության դրսևորում է: Պարտեզային խմբերից (2  տարեկանից) սկսած մինչև ավագ դպրոցներ, քոլեջ՝ կարդում, խաղում, երգում, վերլուծում, քննադատում, նկարում ստեղծում են իրենց Թումանյանին: Պարզ է, որ ընթերցանության նյութը կարող է տարբեր լինել, բայց ոգին ու գրական էսթետիկան այս դեպքում նույնն է՝ միասնական, միավորող, գրվածը քոնը դարձնող: Ընթերցողի ակումբում քննարկում էինք ընթերցանության մեր նախագիծը՝ խոսում դրա զարգացման, թերությունների մասին, հետո քննարկումն այլ ընթացք ստացավ, սովորողներն ուզեցին խոսել հեքիաթի մասին, հիշեցինք, որ վաղուց հեքիաթ չենք կարդացել, հեքիաթի մասին մեր պատկերացումները չենք վերանայել: Պայմանավորվեցինք հաջորդ հանդիպմանը քննարկում-խաղ-ցուցադրություն կազմակերպել հենց այս թեմայով, որոշեցինք, որ կվարենք ես և Վիկա Մարկոսյանը: Հեքիաթների սիմվոլիկան, ազգայինի արտացոլումը հեքիաթներում, թափառող սյուժեներն ու հերոսները շատ հետաքրքրեցին. թեման ծավալուն է, ուսումնասիրելի ու չուսումնասիրված: Արդյունքում ստեղծվեց հետևյալ նյութը:  Ինչ-որ փուլում միտք առաջացավ կրտսեր ընկերների հետ զրուցել իրենց կարդացած հեքիաթների մասին, այստեղից էլ ծագեց, այսպես կոչված, վարպետության դասերի գաղափարը: Սովորողների մի խումբ սկսեց աշխատել այս նախագծի վրա, ձևավորվեցին աշխատանքային խմբեր, եղան միայնակ աշխատող սովորողներ: Առաջին փորձն արեցին Վիկա Մարկոսյան, Դավիթ Խալաթյանը, Լիանա Գևորգյանը և Ֆրեդ Սահակյանը, թեման հեքիաթն էր, հատկապես՝ թումանյանական հեքիաթը: Իրենք ընտրեցին դպրոցը, նաև՝ այն տարիքային խումբը, որի հետ կուզեին աշխատել. Արմինե Աբրահամյանի հինգերորդցիներն էին: Սկսեցին աշխատել նախագծի ներկայացման, խնդիրեների, աշխատանքի ձևի վրա: Պայմանավորված օրը ավագ դպրոցի սովորողների վերը նշված խումբն այցելեց կրտսեր դպրոց: Աշխատանքի ընթացքի, արդյունքների մասին պատմում են հենց իրենք՝ սովորողները:

Մեջբերեմ Ֆրեդ Սահակյանի (10րդ դաս.) արձագանքից:

«Վիկան կազմակերպեց հեքիաթների բեմադրում. ամեն մեկս մի խմբի հետ աշխատեցինք…Մեր սիրելի Հովհաննես Թումանյանից մի հեքիաթ բեմադրեցինք: Իմ խումբը, որոշեց, որ բեմադրենք «Ձախորդ Փանոսը»: Ժամանակը քիչ էր, ստիպված պիտի բեմադրեինք սկիզբը և վերջը: Կազմակերպելու ընթացքում նկատեցի սովորողների միջի ստեղծականությունը. նրանք կարողանում էին ինձանից ավելի արագ մտածել, որ ճիշտն ասեմ ես շատ բան չեմ կազմակերպել, նրանք ինքնակազմակերպվում էին, իսկ ես ապահովում էիլռությունը: Կարճ ժամանակում ամեն մեկս մի բան բեմադրեցինք, հիացած էի մեր սովորողներով: Ստեղծականություն ՝ այս բառով ասվում է ամեն ինչ: Ամեն սովորող տեղում մի բան հորինեց: Ես ապշած էի ամեն մի բեմադրությամբ, ամեն մի խոսքով: Հիացած նայում էի նրանց և պարզվեց, որ արդեն գնալու ժամանակն է: Ինչպես նրանց ժպիտները մեծ ուղեկցեցին ներս, այնպես էլ ուղեկցեցին դուրս: Ուրախ, զվարթ գնացինք մայր դպրոց, որտեղ մեզ սպասում էին մեզ համակարգողները…»

Հետաքրքիր ամփոփում էր Դավիթ Խալաթյանի նկարած-պատրաստած ֆիլմը:

Հինգերորդցիներն ակտիվ արձագանքում էին՝ ուղարկում նյութեր, նկարներ, նախագծի այս փուլն ամփոփեց Վիկա  Մարկոսյանը:

«Տասներկու օր է՝ անդադար նամակներ եմ ստանում: Կարծիքներ, նկարներ… Մի խոսքով բովանդակությունը հեքիաթային-հեքիաթաշատ-հեքիաթապատ էր:
Գրող, հրապարակող սովորողներին ու համակարգող ընկեր Արմինեին արժե իրենց արձագանքածի պես բուռն, ուղարկածի չափ շատ շնորհակալություններ ասել:
Հերթն արդյունքներինն է:
Ասեմ, որ երբ նախագիծը սկսեցինք, միայն 5.1 դասարանի հետ էինք նախատեսում իրականացնել, բայց պարզվում է՝ 4.2-ն էլ որոշեց ու միացավ: Ու մեր արդյունքները սպասվածից ավելի շատ եղան:
Արդյունքում ձեզ ենք ներկայացնում սովորողների կարծիքները հեքիաթների, հերոսների ու հեքիաթագիրների մասին, Բոյախչյան  Մանեի՝ իր սիրելի հեքիաթների մասին պատմող նյութըԱրշակիԿարենիԱրենի արձագանքները՝ իրենց բլոգներում:
Առանձնացնենք նաև 5.1-ի լրագրողների պատրաստած տպավորիչ, տպավորություններով լի տեսա-,ռադիոնյութը:
Հա, ու ամենաակնհայտներից մեկը (5.1-ի Հայկն էստեղ լիներ, ասեր՝ մյուսները ակնհայտ չէի՞ն): Հեքիաթանկարներ: Դրանք էլ ստորև կարող եք տեսնել»:

Մյուս նախագիծը սկսեց և իրականացրեց Նարե Ղալամքարյանը՝ թումանյանական հեքիաթախաղ: Նարեն իրեն բնորոշ բծախնդիր-սրտացավությամբ պատրաստվեց, նախագծի շուրջ երկար աշխատեց, կարդաց-վերանայեց: Ընտրեց Գեղարվեստի դպրոցի 2-3-րդ դաս. սովորողներին: Նախագծի բովանդակային մասին ծանոթ էի, միասին քննարկել էինք, փոփոխել, համաձայնեցրել, բայց այ մրցանակային անակնկալի մասին անտեղյակ էի՝ Նարեն այս մասին էլ էր ստեղծագործաբար մոտեցել՝ հետաքրքիր տուփով անակնկլալ պատրաստել բոլոր սովորողների համար: Խաղի մասնակից սովորողները և Արմինե Թոփչյանն արդեն արձագանքել են: Նարեն նախագիծն ամփոփեց, բայց ասաց, որ դեռ կաշխատի նույն նյութի շուրջ ու սովորողների այլ խմբերի հետ էլ կանցկացնի, այնուհետև՝ ավագ դպրոցի սովորողների հետ: Սպասենք հետաքրքիր խաղին և արձագանքներին: Նարեն գրում է.

«Խաղի նպատակը: Հասկանալ, թե ինչ մակարդակով է անցկացվում Թումանյանը կրտսեր դպրոցի այս տարիքում, ի՞նչ աչքերով են երեխաները նայում Թումանյանի գործերին, ինչքանո՞վ է արդյունավետ դասերի խաղային ձևը, ի՞նչ առավելություններ ու ի՞նչ թերություններ ունի:
Խաղի օրենքները: Խաղը կազմել եմ հիմնականում ամերիկյան Treasure Hunt խաղի մոտիվներով: Կազմված են հարցեր, ավելի հասկանալի լինելու համար ներկայացնեմ հարցի մի օրինակ.
1. Ի՞նչ է լինում հեքիաթի վերջում։ Ա) Թագավորի փորը պատռում են և աքլորը դուրս է պրծնում։ (Մանիկ Պողոսյան)
Բ) Թագավորն ուտում է աքլորին և աքլորը լռում է։ (Էլինա Սիմոնյան)
Գ) Թագավորը աքլորին պահում է իր պալատում որպես ծառա։ (Իրինա Ապոյան)
Ինչպես տեսնում ենք՝ գրված է հարցը, ներքևում՝ պատասխանները: Ամեն պատասխան  ունի իր համապատասխան ուսուցիչը: Ճիշտ պատասխանն ընտրելու դեպքում  պատասխանը  նրանց կտանի ճիշտ ուսուցչի մոտ, ով էլ կտա նրանց հաջորդ հարցը և  այդպես շարունակ: Վերջին հարցը նրանց տանում է ընթերցասրահ, որտեղ Թումանյանի 
հեքիաթների գրքից, տրված ցուցումներով պետք է գտնեն մի բառ ու փնտրեն այն  բառարանում: Բառարանի այդ էջում գտնում են վերջին գրությունը, որը հաղթող թիմին  տանում է Խեցեգործության արվեստանոց՝ մրցանակի մոտ: Մրցանակը կոնֆետների տուփ էր, որը, համոզված էի, նրանց դուր էր գալու: Ու վերջում այն շատ օգնեց»:

Էմմա Իսախանյանը թումանյանական ստեղծագործ ընթերցում-խաղ նախատեսեց միջին դպրոցի սովորողների համար: Նախապատրաստական աշխատանքը երկար էր, կոնկրետ: Էմման հանդես եկավ դաս-ուսումնասիրության կոնկրետ ծրագրով: Էստեղ ի՞նչն եմ կարևորում. ավագ դպրոցի մեր սովորողը կարողանում է ինքնուրույն նախագիծ ձևակերպել, իր առաջ խնդիրներ դնել և իրականացնել: Դասի հետաքրքիր ընթացքի մասին էլ վկայում են սովորողների ստեղծած կոլաժները, դասավանդող-ուսուցչի՝ Մարիետ Սիմոնյանի և սովորողների դրական արձագանքները, Էմմայի գնահատականը:

Մի շարք նախագծեր դեռ ընթացքի մեջ են:

Ինչն եմ կարևորում և ինչու: Կարևորում եմ միմյանց հետ շփումն ու համատեղ աշխատանքը: Աշխատանք, որը հնարավորություն է տալիս ճանաչել կրտսեր ընկերներին, ռեալ ու կոնկրետ գնահատել-տեսնել սեփական ձեռքբերումները, համագործակցել հենց ուսումնական նախագծի շուրջ, լսել, օգնել-աջակցել: Կարևոր որակների դրսևորումներ, ուսումնական աշխատանք, խոսքային հմտությունների զարգացում: Այս դիտարկումներն արեցի իրականացված 4-5 նախագծերի արդյունքում:

Մայիսյան հավաքին ընդառաջ: Մայիսյան հավաքի շրջանակում Արմինե Աբրահամյանի և սովորողների հետ սկսում ենք համագործակցային-փորձագիտական աշխատանքային նախագիծ, որի ծրագիրը կարող եք տեսնել ստորև, աշխատանքի ընթացքի, ամփոփման մասին՝ ավելի ուշ:

Մաս II

Ներկայացնում է Արմինե Աբրահամյանը: 

Համագործակցությունը` որպես միասնության գործուն դրսևորում: Իմ գործընկերուհու՝ Մարգարիտ Սարգսյանի և իր՝ մեդիայից ինձ արդեն հայտնի սովորողների՝ Վիկա Մարկոսյանի, Ֆրեդ Սահակյանի, Դավիթ Խալաթյանի ու Լիանա Գևորգյանի հետ համագործակցության առաջարկը, առաջին իսկ պահից ոգևորեց ինձ: Համոզված էի, որ իմ հետաքրքրասեր և ուսումնատենչ սովորղները նույն կերպ կարձագանքեին: Պայմանավորվածության համաձայն, սպասված հանդիպումը կայացավ: «Երկնքից երեք խնձոր…» նախագծի շրջանակներում մենք հանդիպեցինք: Այո, հեքիաթային խնձորների պես, մեկը-մեկից գրավիչ, խորհրդավոր ու հետաքրքիր մեր ավագ սովորողները զարմացրին ու իրապես հետաքրքրեցին մեզ:

Իրենց տպավորությունների մասին պատմում են Դպրոց-պարտեզի 5 .1 դասարանի մի խումբ սովորղներ:

«Ինձ դուր է գալիս, երբ ես համագործակցում  կամ աշխատում եմ մեծերի հետ, կարծում եմ, որ նրանք ինձ աննկարագրելի օրինակ ծառայեցին.  շատ պատրաստված էին և նրանց մոտ ամեն ինչ ստացվում էր… Ինձ դուր եկավ մեր դասը: Մենք բացահայտեցինք տարբեր հեքիաթների գաղտնիքներ, ձեռք բերեցինք ավագ ընկերներ և ամենակարևորը,  հասցրեցինք խմբային աշխատանք անցկացնել… Ինչպես ես նշեցի, մեծերը շատ պատրաստված էին, նրանք օգնում էին մեզ խմբային աշխատանքի ընթացքում: Լավ կլինի, որ  հաճախ աշխատենք մեզնից ավագների հետ: Կարծում եմ նրանք էլ կոգևորվեն,  կսովորեն լինել հստակ, գրագետ, և մեզ համար լավ օրինակ կծառայեն…»: Էլլադա Բաբայան

«Նախ, ինձ համար շատ հետաքրքիր ու տարբերվող դաս էր: Ես սովորեցի մեծերի հետ անկաշկանդ խոսել, հասկացա, որ պետք է շատ կարդալ և լսել դիմացինին: Այդ օրվանից որոշեցի  շատ կարդալ, որպեսզի մի օր էլ ես հյուր գնամ ինձնից փոքրերին:
Այդ օրվա ամենահետաքրքիր մասը մեր խմբային բեմադրություններն էին, որովհետև մենք հինգ րոպեի ընթացքում մեր մեծ ընկերների հետ ընտրեցինք և հեքիաթ բեմադրեցինք: Նրանք մեզնից տարբերվում էին շուտ կողմնորոշվելով և հարցերին արագ պատասխանելով: Ուրիշ սովորողների հետ աշխատելիս նոր ընկերներ ենք ձեռք բերում, հետաքրքիր նորություններ ենք իմանում: Ես կուզեմ, որ այսպիսի դասերը հաճախ կրկնվեն նոր ու հետաքրքիր մարդկանց հետ»:​ Գրիգոր Առաքելյան

«Վերջերս մեզ  հյուր էին եկել բարձր դասարանի աշակերտներ, ովքեր  մեզ հետ հետաքրքիր դաս անցկացրեցին։ Ինձ շատ դուր եկավ նրանց կողմից կազմակերպված  մրցույթը, որի շնորհիվ մենք լավ յուրացրեցինք «Քաջ Նազար» հեքիաթը։ Նրանց հետ զրույցները շատ օգտակար էին, և մենք հասկացանք, որ շատ բան ունենք նրանցից սովորելու։ Շատ կցանկանայի, որ մեր ավագ ընկերների հետ հանդիպումները հաճախակի լինեն։  Հարգանքով՝ Տիգրան Լոռեցյան»:

Մի խումբ ընդունակ ու շնորհալի մարդկանց հետ համագործակցությունը չէր կարող արդյունավետ ու հեռանկարային չլինել: Հենց մեր հանդիպման առաջին պահից ես ականատես եղա ստեղծագործ, ազատ ու հնարամիտ սովորողների փոխշահավետ համագործակցությանը: Տպավորիչ էին Վիկա Մարկոսյանի կազմակերպված ու համարձակ խոսքը, պահվածքը,Դավիթ Խալաթյանի շրջահայեցությունն ու արտիստիզմը, Ֆրեդ Սահակյանի հուզառատ շիկնանքն ու  հիացմունքը՝ իր կրտսեր ընկերների արտահայտած ամեն մի կարծիքով, և վերջապես, երկրորդ պլանից գործող Լիանա Գևորգյանի` քիչ է ամենատես, հետն էլ ֆոտոօբյեկտիվով զինված  հայացքը… Մի՞թե սա չէ ճշմարիտ մանկավարժության արդյունքը, երբ ուսուցիչը 90 րոպե շարունակ, իրար լրացնող, վարպետությամբ ու ստեղծականությամբ իրար չզիջող ու այսքա՜ն ներդաշնակ իրար հետ համագործակցող տարատարիք սովորողներով հիանալուց, նրանց դիտարկելուց բացի ուրիշ անելիք չունի… Հուզվելու չափ տպավորված էի… Ի՞նչ էր մնում ինձ անելու, ընդամենը խմբագրելու, հավաքագրելու սովորողներիս աշխատանքները: Չնայած ինձ համար ամենակարևոր իրողությունն արդեն կայացել էր:

Ինչն եմ կարևորում և ինչու: Կարծում եմ, որ ցանկացած համագործակցություն օգտակար է  և՛ դասավանդողի, և՛ սովորողի համար, որովհետև համագործակցությունը նախ և առաջ միասին գործելու, իրար ավելի լավ ճանաչելու հնարավորություն է: Միասնական նախագծերի իրականացումը ոչ միայն բնական կապ է ստեղծում կրթահամալիրի տարբեր օղակներում դասավանդողների ու սովորողների միջև, այլև ավելի ակնառու է դարձնում կրթահամալիրում  իրականացվող հեղինակային մանկավարժության շարունակականությունը, զարգացումը: Նպաստում է փորձի փոխանակմանը, ծրագրերի ու նախագծերի արդյունավետ փորձարկմանը: Սովորողները գործնականում համոզվում են, որ գիտելիք ու հմտություններ փոխանցողի՝ սովորողի ու սովորեցնողի դերերը մշտապես փոփոխվում են: Նրանք իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցելու իրական հնարավորություն են ստանում և արդյունքում նոր հմտություններ ձեռք բերում, սովորեցնելով՝ սովորում են: Դասավանդողի դերում հայտնվելով, բախվում են ուսումնական պրոցեսում առաջացած խնդիրներին (կարգապահական, մեթոդական) և համապատասխան լուծումներ գտնում կամ կարևոր եզրահանգումներ անում:

Մայիսյան հավաքին ընդառաջ: Իրազեկ, բաց լինելը միշտ էլ եղել և մնում է մեր՝ կրթահամալիրցիներիս ակնհայտ առավելությունը: Ինչպե՞ս ենք օգտվում այդ առավելությունից, բավարա՞ր ենք ճանաչում իրար: Ի՞նչ չափով են համագործակցում կրթահամալիրի տարատարիք սովորողներն ու դասավանդողները: Ի՞նչն է միավորում կամ բաժանում մեզ: Կարծում եմ, որ այս հարցերի պատասխանը պետք է փորձի գտնել յուրաքանչյուր սեբաստացի: Նոր ձեռքբերումների ու ինքնաշտկման, ինքնակատարելագործման ամենաարդյունավետ ճանապարհը բաց ու շիտակ համագործակցությունն է: Մայիսյան ամենամյա 10-րդ հավաքը իմ ու սովորողներիս համար առանձնանում է այս հարցադրումների լուծմանն ուղղված կոնկերտ քայլերով: Մենք սիրով կընդունենք համագործակցության ցանկացած առաջարկ ու ինքներս էլ կփորձենք հանդես գալ նման նախագծերով:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский