Թարգմանությունը օտար լեզվի նախագծային ուսուցում
Primary tabs
Լեզվի ուսուցումը բարդ և երկարատև գործընթաց է: Այդ է պատճառը, որ անընդհատ փորձում ենք գտնել և մշակել նոր ու հետաքրքիր մեթոդներ, ուսումնական պրոցեսում կիրառել նոր տեխնոլոգիաներ, համակարգչային զանազան ծրագրեր, որոնք խթանում են սովորողների մոտ սերը օտար լեզվի նկատմամբ, նոր շունչ են տալիս ուսումնական պրոցեսին` այն դարձնելով ավելի հետաքրքիր և արդյունավետ: Լեզվի ուսուցումը սովորություն ձևավորելու մի գործընթաց է. որքան հաճախ է որևէ բան կրկնվում, այնքան հիմնավոր է դառնում ուսուցումը:
Իրագործելով հեղինակային (պետական այլընտրանքային) մանկավարժություն՝ յուրաքանչյուր դասավանդող ինքն է հանդիսանում իր առարկայի հեղինակ և կազմակերպիչ, դասապրոցեսը իրականացնելով տարբեր նախագծերով և մեթոդներով: Նախագծերն ընտրվում են ըստ յուրացրած նյութերի և բառապաշարի, կրթահամալիրի օրացույցի, սովորողի անհատական նախագծերի:
Այս տարի դասավանդում եմ ոչ միայն կրտսեր դպրոցում, այլ նաև ավագ դպրոցում: Ավագ դպրոցի սովորողները հանդես են գալիս իրենց նախաձեռնություններով: Լինելով 2015թ. ամառային թարգմանական ստուգատեսի համակարգող՝ իմ նախագծերն ավելի շատ թարգմանչական բնույթի են: Նախագծային ուսուցումը սովորողին հնարավորություն է տալիս զարգացնելու քննադատական մտածողությունը, ստեղծականությունը, անհատականությունը:
Նախագծային ուսուցման գլխավոր և կարևոր առավելությունն, իմ կարծիքով, դպրոցը, սովորողին դասավանդման այս ոչ ավանդական մեթոդով ավելի է մոտեցնում իրական կյանքին, բացի դրանից, սովորողներն ավելի հիմնավոր և լավ են հիշում, յուրացնում նախագծի միջոցով յուրացրած գիտելիքը: Քանի որ նախագծային ուսուցումը ներգրավված ուսուցում է, այն ոգևորում է սովորողներին, մեծանում է ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու ցանկությունը: Նախագծային իրականացումը նաև նպաստոմ է ՏՀՏ-ների կիրառմանը՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համակարգչային զանազան ծրագրեր:
2014-2015 ուստարվա սկզբին Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողների հետ սկսեցիք մի նախագիծ, «Սիրված ֆիլմերի և հեքիաթների կրկնօրինակում»: Նախագծային ուսուցման հիմքում ընկած է թարգմանչական հմտությունների զարգացումը, բառապաշարի հարստացումը, կենդանի լեզվի և խոսքի կրկնօրինակումը օտար լեզվով: Սովորողներն իրենք են ընտրում իրենց սիրած հեքիաթը, մուլտֆիլմը կամ ֆիլմը: Նախագիծը երկարատև է և շարունակական: Սովորողները նախ մուտքագրում են հայերեն տեքստը, թարգմանում անգլերեն, փնտրում անգլերեն համարժեք լեզվական կառուցվածքները, համապատասխանեցնում հայերեն բնօրինակին: Կենդանի, հաղորդակցական լեզվով շարադրված արտահայտությունների ու նախադասությունների վերարտադրման և ձայնագրման ժամանակ սովորողները սովորում են ճիշտ և տեղին կիրառել շատ բառեր և արտահայտություններ: Օրինակ՝ «Գտնված երազ » հեքիաթի անգլերեն կրկնօրինակը ստեղծելու ընթացքում սովորողները կրկնեցին, նաև սովորեցին նոր բառեր, քերականական նոր կառույցներ, զարգացրին ընթերցելու հմտությունները: Կառանձնացնեմ ևս մի նախագծային աշխատանք. «Կարդում ենք» նախագծի շրջանակներում, որպես Թումանյանական օրերի ամփոփում, Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներ Հայկի, Դավթի, Սուրենի հետ թարգմանեցինք և կրկնօրինակեցինք «Տերն ու ծառան» ֆիլմը: Թարգմանությունը նպաստում է, որ սովորողն օգտվի առցանց բառարաններից, գտնի համապատասխան բառեր և կիրառի ճիշտ իմաստով: Ֆիլմի թարգմանության ժամանակ սովորողները հասկացան՝ ինչպես տարբերակել բառերի ուղիղ և փոխաբերական իմաստները, այսինքն, թարգմանել չի նշանակում բառացի, ուղիղ իմաստով փոխադրել, այլ պետք է գտնել թարգմանվող լեզվին համապատասխան կառույցներ և արտահայտություններ: Թարգմանելիս սովորում են միտքը ճիշտ արտահայտել: Թարգմանության ժամանակ սովորողներն ուշադրություն են դարձնում նախադասությունների շարադասությանը: Դասավանդողը թարգմանությունների միջոցով սովորողին աննկատ թեքում է խոսքի մշակմանը՝ հնարավորություն տալով ստեղծել այլ ուսումնական նյութեր:
Սեբաստացու օրերին ընդառաջ, որպես նախագծի արդյունք, 12–րդ դասարանի սովորողներ Անիի, Էլիզայի, Արթուրի հետ թարգմանեցինք տիկին Սոֆյայի «Ուխտագնացություն Մխիթարյան միաբանություն» ֆիլմը:
Կրստեր դպրոցի 4-րդ դասարանցիների հետ իրականացրինք «Գիտե՞ք, որ...» թարգմանական նախագիծը, որի նպատակն է զարգացնել սովորողների մոտ հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն փոքրածավալ տեքստեր թարգմանելու կարողությունները: Նախագծային ուսուցման նպատակն է սովորողի մոտ ձևավորել տարբեր աղբյուրներից տեղեկատվություն փնտրելու ունակություն, համացանցից ինֆորմացիայի որոնում, մտածելու, խոսքը այլ լեզվով ճիշտ կառուցելու հմտություններ, բառարաններից օգտվելու սովորություն: Աշխատանքի ընթացքը ևս դառնում է հետաքրքիր, քանի որ սովորողներն իրենց ընտրած նյութը թարգմանում են (նյութը ճիշտ ընտրելուն ևս ուղղորդում է դասավանդողը), անգլերեն տեքստը կարդում և ձայնագրում իրենց ընթերցանությունը, նյութին համապատասխան նկարներով՝ պատրաստում տեսանյութ: Նման ուսումնական նյութեր են հետևյալ տեսանյութերը. «Տարվա տասներկու ծաղիկները», « Գիտե՞ք որ»:
Կարևորում եմ նաև սովորողի կենդանի խոսքը. այն, որ սովորողը կարողանում է պատմել որևէ իրադարձության, նորության մասին անգլերենով, ձեռքբերում է: Նա հայերեն ձևակերպում, շարադրում է ասելիքը կամ հարցը, հետո թարգմանում, որի ընթացում զարգացնում է թարգմանչական հմտությունները և լեզվամտածողությունը: Նման օրինակներ են Ավագ դպրոցի սովորողների հարցազրույցը համաշխարհային բանկի ներկայացուցչի հետ, «Համատեղ լուրեր», կրտսեր դպրոցի սովորողների «Այցելություն Նոր դպրոց» տեսաֆիլմը, վրաց հյուրի մասին պատմող աուդիոնյութը:
Վերջում ավելացնեմ, որ նախագիծը կարող է կրթական գործընթացում ինտեգրել յուրաքանչյուր սովորողի՝ ըստ իր ընդունակությունների, լեզվի իմացության մակարդակի: Այն կարող է դարձնել դասապրոցեսը ավելի հետաքրքիր, նպաստել սովորողի հետազոտական և սռեղծագործական կարողությունների զարգացմանը: Ըստ Ջոն Դյուիի՝ սովորողների հետազոտական ազատությունը ուսուցման մեթոդիկայի կարևոր տարր է, իսկ նախագծային ուսուցումը՝ ուսուցման այլընտրանքային ձև: