Տոտալիտարիզմի վերապրուկները Հայաստանի քաղաքական միջավայրում
Primary tabs
Զեկուցում «Տոտալիտարիզմ-ստալինիզմ. Հարավային Կովկասի ժողովուրդների ընդհանուր ճակատագիրը» հասարակագիտական միջազգային կոնֆերանսում
Տոտալիտարիզմ կոչվող իրողությունը, ինչպես քաղաքական լայն իմաստով, այնպես էլ բառի մշակութային քաղաքական դրսևորումներով լայն կիրառում է ունեցել հայկական միջավայրում: Այն առկա է եղել մինչ բառի բուն իմաստային լուծում ստանալը և գործածվելը: Սակայն հայկական իրականության մեջ այն մեծ կիրառում և տարածում ստացավ` կապված խորհրդային կարգերի հետ, որն էլ իր հերթին ազդեցություն թողեց հաջորդող ժամանակահատվածի վրա՝ գաղափարական, քաղաքական, հոգեբանական, մշակութային դրսևորումներով, որոնք առկա են անկախ Հայաստանի քաղաքացիների ընկալումներում: Ազդեցության վեկտորի հետ կապված` դժվար է հստակ սահմանագիծ անցկացնել, հատկապես որ թե´ այդ գաղափարական վերապրուկները կրող քաղաքացին է անմիջական հետևանք կրում, թե´ այդ միջավայրի ծնունդ հարաբերական վերնախավը. տվյալ դեպքում` օրվա իշխանությունը: Տոտալիտարիզմ հասկացության տերմինաբանության մեջ չխորանալով` այնուհանդերձ, տեքստում հարկ ենք համարում անդրադառնալու մի քանի հատկանիշների, որոնք բնորոշ են այս երևույթին: Բայց մինչ այդ գնահատականները հնչեցնելը և անդրադարձներ կատարելը ներկայացնենք հայաստանյան առնչություններն այս հասկացությանը: Հայաստանը, որպես նոր ձևավորվող պետականություն, չունի պետականության ժամանակակից արժեքներով ընկալվող իրական պատմություն և դրան բնորոշ հատկանիշներ, հետևաբար և կայացման փորձում պետք է օգտվի այլ համակարգերից, որոնք այս կամ այն կերպ կուղղորդեն այդ գործընթացը: Հայկական պետականությունները հիմնականում հանդես են եկել թագավորությունների տեսքով, և դրանք, որպես ամբողջատիրական վարչակարգի ուղղակի կրողներ, պետք է թողնեին իրենց ազդեցությունն ինչպես էթնիկ հիշողության, այնպես էլ քաղաքական և հոգեբանական առումներով: Առաջին Հանրապետությունը դժվար է պետականության ավանդույթի առումով դիտարկել, ուստի մնում է քննարկել միայն Հայաստանի Երկրորդ Հանրապետությունը, որը լինելով խորհրդային համակարգի ծնունդ, ուղղակի կրողն է ավտորիտար ռեժիմի: Ահա այս հատկանիշներն էին, որ եթե ոչ ամբողջության մեջ, ապա գոնե վերապրուկների տեսքով պետք է փոխանցվեին Երրորդ Հանրապետությանը` որպես ժառանգություն: Սույն հրապարակախոսության մեջ դոգմատիկ չենք համարում իրավական և ձևական տեսանկյունը, այլ կարծում ենք, որ առավել հետաքրքրական են թղթի դարձ երեսին առկա իրողությունները, որոնք և կազմում են երևույթների էությունը: Այսպես. դիտարկենք հատկանիշներ, որոնք հատուկ են եղել Խորհրդային հասարակությանը, բայց ժառանգվել են և առկա են ներկայիս ՀՀ քաղաքացիական լայն դաշտում։
Ա. Իշխանության համակարգի լիարժեք յուրացում այս կամ այն կազմակերպության՝ տվյալ դեպքում կուսակցության կողմից: Սրա ցայտուն օրինակն առկա է Հայաստանում` Ազգային ժողովի գոնե վերջին երկու ընտրություններում նույն կուսակցությունը ձայների կեսից ավելին հավաքելով և հաղթելով, դաշտում միանձնյա որոշումներ կայացնելու իրավունք է ձեռք բերել: Այստեղ չի քննարկվում այդ ընտրությունների թափանցիկ, արդար կամ անարդար լինելու փաստը: Այստեղ առկա է ամբողջատիրությանը տիպական երևույթ, երբ ֆորմալ միջոցն օգտագործվում է ոչ ֆորմալ բացարձակության հասնելու:
Բ. Կարևոր հանգամանք է այլ քաղաքական ուժերի մեկուսացումը: Այստեղ ևս խնդիրն ունի վառ արտացոլում, քանի որ իշխող կուսակցությունն ունենալով միանձնյա իշխանություն ձևավորելու հնարավորություն` գնում է արհեստական կոալիցիաների ճանապարհով, որոնք միտված են ընդդիմադիր դաշտի լիակատար չեզոքացմանը. ինչպես ներքին սպառման, այնպես էլ արտաքին ասպեկտի համար իրեն ներկայացնում շատ դրական: Այստեղ նաև վեկտորն ուղղահայաց տարածվում է հասարակական լայն զանգվածների վրա, քանի որ ելնելով ինչ-ինչ պայմաններից, հասարակության լայն խավերը, սկսած «թաղային և բակային հեղինակություններից», ավարտված այսպես ասած ակադեմիական մտավորականությամբ, կոչված են կամ լծվում են տվյալ քաղաքական միավորի լիարժեք ու միակ լինելու «հավաստիքը» ներկայացնելու գործին: Սա ամբողջության մեջ զավթում է զանգվածային գիտակցությունը և հնարավորություն տալիս տոտալիտար ռեժիմին իրականացնելու իր ծրագրերը: Այս համակարգը լայնորեն կիրառվում է և առկա է արդի հայաստանյան միջավայրում: Քարոզչությունը կրում է նպատակաուղղված բնույթ: Այն ղեկավարվում է մեկ կենտրոնից: Եթե խորհրդային փուլում կային մեկական հեռուստաընկերություն և ռադիո, որոնք կոչված էին իրականացնելու տվյալ ուժի առաջադրած գիծը, ապա պետք է հիշել, որ խորհրդային պետությունը հաշվետու չէր, այսպես ասած, թշնամի արևմուտքին: Այս պարագայում, ներկայիս Հայաստանն ունի այլ խնդիր: Ունենալով ներքին տոտալիտար համակարգ, որն ամրացված է հասարակության լայն մասսաների գիտակցության մեջ` նա հաշվետու է և´ արևմուտքին, և´ հյուսիսին: Առաջինի պարագայում նա պետք է վերապրուկը քողարկի ժողովրդավարության քողով, այդ պատճառով էլ Հայաստանում կա երկու տասնյակից ավելի հեռուստաընկերություն. սակայն բոլորն էլ վերահսկվում են մեկ գաղափարական կառույցի կողմից: Իսկ եզակի անկախ հեռուստաընկերության փակումը ՀՀ երկրորդ նախագահի կողմից այդ վերապրուկների լավագույն դրսևորումն է: Այս ամենի հիմքը դրվել է դեռևս Վ. Լենինի ժամանակ, որը դեռ այն ժամանակ շատ լավ հասկանալով ընդամենը սավանի տեսք ունեցող հեռուստատեսության ուժը, այն վերցրեց լիարժեք հսկողության տակ և այդ մեխանիզմը ժառանգեց Ստալինին:
Գ. Լայն հասարակական-քաղաքական շարժումների ստեղծում: Եթե ուշադիր նայենք հայաստանյան վերջին մեկուկես տասնամյակի իրադարձություններին, ապա կտեսնենք, որ առկա կամ նոր շարժումները՝ հատկապես երիտասարդական, անկախ դրանց արած կոչերից կամ դրսևորումներից, ստեղծվել են իշխող, ամբողջատիրական վարչակարգի կողմից, որոնք միտված են հակադիր բևեռի սկզբունքով ապացուցելու կամ աքսիոմատիկ դարձնելու իշխող գաղափարաբանությունը: Սա խորհրդային ԿԳԲ-ի տիպիկ գործելաոճ է, որը նա նախկինում կիրառում էր կուսակցության ներքին թշնամիներին հայտնաբերելու համար, իսկ ԽՍՀՄ փլուզման վերջին փուլում այս գործելաոճն իրականացնում էր սեփական կուսակցություններն ունենալու համար:
Դ. Պետական ուղղորդված տեռոր։ Սա կոչված է քաղաքացիների սեփական ինքնագնահատականը նվազեցնելու և ըմբոստ զանգվածներին ավելի հնազանդ դարձնելու համար: Յուրաքանչյուր լայն, զանգվածային տեռորն ապահովում է ռեժիմի պահպանումը ևս մի քանի տարով: Սա հիմնականում իրականացվում է ստեղծված ընդդիմությունների տեսքով: Այդպես եղավ Հայաստանում 2003-ին: Իսկ մարտյան հայտնի իրադարձություններն այս սիստեմի լավագույն դրսևորումներն են:
Ե. Տնտեսական փակ համակարգի ստեղծում: Խոսքի սկզբում խոստացել էինք չքննարկել այն, ինչ գրված է թղթի վրա: Այս մասով ևս. թեև Հայաստանը հռչակված է որպես ազատ տնտեսական երկիր, սակայն բոլոր կարևորագույն օղակներում առկա է մոնոպոլիզացիա, որը վերահսկվում է իշխող կուսակցության կողմից նշանակված որևէ անհատ-գործիքի միջոցով: Դա իրականացվում է տարբեր կազմակերպությունների կողմից, որոնց ղեկավարում է մեկ կենտրոն: Խորհրդային տոտալիտարիզմն այս մասով առավել ազնիվ էր և նման բարդ մեխանիզմներ չէր ստեղծել:
Զ. Հոգևոր-մշակութային ասպեկտ: Գերակայում է մեկ գաղափարաբանություն և աշխարհայացք: Այս պարագայում եկեղեցին, որը չունի լեգալ կամ հեղինակավոր առաջնորդ, դառնում է լավագույն գործիք: Չնայած հռչակված` խղճի, մտքի, դավանանքի ազատությանը, այնուամենայնիվ, Հայաստանում ծնված յուրաքանչյուր ոք ձևակերպվում է որպես քրիստոնյա: Մյուս կողմից, հղում անելով անցյալին, կամ ձևափոխելով մեկ գործիչի կողմից հնչեցված որոշակի մտքեր, իշխող համակարգը փորձում է ստեղծել համապատասխան գաղափարական հենք: Եթե ԽՍՀՄ տարիներին սա հանդես էր գալիս Մարքսի, Էնգելսի, Լենինի, Ստալինի տեսքով, ապա այժմ Հայաստանում այն դրսևորվում է Նժդեհի տեսքով, և այստեղից էլ առավել ողջախոհ խավերի ընկալումներում հանդես է գալիս Լենին-Նժդեհ-Տրիքստեր մոդել- եռաձևությունը:
Այս բոլոր տեսանկյուններից Հայաստանում վատ է արտահայտված միայն մեկ վերապրուկ: Դա խարիզմատիկ լիդերի առկայությունն է, ինչը և փորձում է լրացնել հեռուստատեսային դաշտը:
Այսպիսով, ինչպես տեսանք, Հայաստանում, ֆորմալ ձևի մեջ առկա են Խորհրդային միությունից ժառանգված, ամբողջատիրական վարչակարգի բոլոր վերապրուկները:
Թբիլիսի, սեպտեմբերի 24
- 2157 reads