5 տարեկանների ուսուցում

                       5 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Սաների գործունեության կազմակերպում

5 տարեկանների ուսուցումը կազմակերպվում է պարտեզային պայմաններում, երկարացված ուսումնական օրով, որպես ուսումնական անընդհատ գործունեություն:

 Ի՞ նչ գույնի է ժամանակը կամ երբ է այն ընդհատվում    

Երբ ասում են՝ ժամանակը սկիզբ ու վերջ չունի, հասկանում եմ, բայց չեմ պատկերացնում:  Այդքան շատ է ու չի բավականացնում:
Մի հարցնող լինի` ինչի՞ն չի բավականացնում: Ա՛յ,  երկու տարեկանն էլի՛երկու տարեկան լիներ, ու այնքան մեծ... կասեր.
_ Իմ ժամանակն ինձ տվեք ու մի խառնվեք իրար, ես գիտեմ` երբ, ինչ, ինչպես անել:
 Նա դեռ ոչ մի տեղ չի շտապում, աշխարհի հետ կապը չի կտրել, և նրա մեջ դեռ մնում է կյանքի այն ռիթմը, որով նա ծնվել է: Երբ խախտում ենք այդ ռիթմը, նա լաց է լինում: Բա ի՞նչ անի:
_Դու ինչի՞ ես հիմա ուզում
Սա իմ լսած ամենահետաքրքիր հարցերից է, որ տվել իմ թոռ Արեգը զա՜րմացած հայացքով, որովհետև ինքն այդ պահին  ինչ-որ բան չի ուզել ու չի հասկացել:
   Մենք էլ նրան չենք հասկանում` ռեժի~մ կա, բա~ն կա: Նրա ներսում էլ ռեժիմ կա` բնության դրած ռեժիմը, որն ավելի իրական է և պատճառաբանված,  քան մեր հորինածը:
Երեխան չի կարող իր համար ստեղծված կրթական համակարգի, այդ համակրգում ստեղծված կարգերի ու բարքերի  գերին դառնալ, այն էլ 5 տարեկանում, երբ ոչ այնքան փոքր է, որ նախակրթարանի սան համարվի, ոչ էլ այնքան մեծ՝ որ դպրոցական կարգ ու կանոնով ապրի:

 Ինչպես Վահե Հովհաննիսյանի  Սարգիս  որդին կասեր.
_Ես այնպիսի մանկապարտեզ եմ ուզում, որ դպրոց լինի:
5 տարեկանների ուսուցման խումբը հենց Սարգիսի ուզածն է: Նա հիմա դպրոց-պարտեզի 5 տարեկանների ընկեր Աշխենի խմբում է:

Ծրագիր
Պայծառ գլուխը և հմուտ ձեռքերը ավելին են, քան անպետք գիտելիքներով ծանրաբեռնված միտքը: 

Անհրաժեշտ է վերացնել հնարավոր բոլոր վտանգները և նյութ նախապատրաստել, որ երեխան, հաջողությամբ օգտգործելով, ստանա ոչ թե սխոլաստիկ, այլ կենդանի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:     Ս. Ֆրենե

5-6  տարեկանների   ուսուցման  ծրագիրը (այսուհետ Ծրագիր)    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Մոբիլ դպրոց» պետական այլընտրանքային ծրագրի բաղկացուցիչն է:
Ծրագիրն ապահովում է   5-6  տարեկանների անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը և  շարունակականությունը, նրանց տարիքային, ֆիզիկական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան միջավայր, ինտեգրացված բազմաբնույթ գործունեության  միջոցով սաների հմտությունների, կարողությունների զարգացումը, ուսուցումը:   Կրթահամալիրում, որպես ուսումնական հաստատության նոր տիպ և ուսուցման կազմակերպման նոր ձև,  գործում է կրտսեր դպրոց-պարտեզ (այսուհետ՝ Դպրոց), որի կազմում   են

  • խնամքի և զարգացման նախադպրոցական տարատարիք խմբերը (այսուհետ՝ նախակրթարան)
  •  5 -6 տարեկանների   ուսուցման խմբերը (այսուհետ՝ Խումբ)  
  • 1-3-րդ դասարանները: 

  Հայաստանյան շատ մանկապարտեզներում   իրականացվող կիսադպրոցական ուսուցման արդյունքում սանը  առարկայական պարապմունքների, անգիրի միջոցով ձեռք է  բերում ինֆորմացիայի որոշակի քանակ՝ տառաճանաչություն, տառագրություն, թվաբանական պարզագույն հաշիվ և գործողություններ:  Հետո «ավարտում է» մանկապարտեզը, հայտնվում է դպրոցում, որն օտար է իրեն, միջավայրը՝ խորթ, պայմանները՝ անհամապատասխան: Սա դեռ քիչ է, մի տարի շարունակ նույն   մեթոդով  սովորում է    սովորածը:  Չգիտեմ՝  սա որերորդ ստրեսը և հիասթափությունը կլինի սանի կյանքում:
Էլ ինչ խոսք կարող է   լինել  կրթության անընդհատության, շարունակակնության, առավել ևս՝ գրավչության, հետազարգացման  մասին:

Պարտեզային միջավայր
Ներկայացված կառույցի  ու խմբերում իրականացվող ծրագրի  միջոցով իրականացվում է սաների սահուն անցումը նախակրթարանից դպրոց:  
Խմբերի գործունեությունը շարունակվում է  պարտեզային միջավայրում,  որը   նրանց կենսական միջավայրի    ամբողջության մեջ է:  Լուսավոր, ընդարձակ, խաղային,   ամեն ինչ հարմար է 5 տարեկանին՝ վազվզելու, թռչկոտելու, չափել-ձևելու, հաշվել-համեմատելու, գիր ու գրագիտությամբ զբաղվելու, նկարելու, լուսանկարելու,  եփել-թափելու, մարմինը մարզելու, դիտելու- ուսումնասիրելու, ստեղծելու-ստեղծագործելու, քնելու-հանգստանալու համար:
Երկուսից ինն տարեկանների խնամքի և կրթության ամբողջական համակարգ, որ ծառայում է երեխային, նրա կրթությունը դառնում է անընդհատ:  Պարտեզը սաների  կենսական միջավայրի    ամբողջության մեջ է:

Անցումը պարտեզից դպրոց կտրուկ, արհեստական չէ:  խմբի սաների մեծ մասն էլ նույն նախարթարանից են, ընկերներ են:  
Ուսուցումը չի նույնացվում   դասարանային պարապմունքի հետ:   

Գեղարվեստի Հայկն է ասել՝ մեր մանկապարտեզը համ էլ դպրոց է:

   Անվտանգ միջավայր, որի ապահովումը  ուսումնական աշխատանք է 5 տարեկանների համար     
 Հնարավոր անվտանգ նյութական միջավայր ապահովում են դպրոցի ղեկավարը, դաստիարակները, ծնողը՝

·  սաների ազատ և անվատանգ շարժվելու պայմաններ .

·   ՏՏ և այլ ուսումնական միջոցների անվտանգ և անվնաս  շահագործման պայմաններ  և պարագաներ. 

·    բաց հասանելի հանդերձարան և սանհանգույց

·     թունավոր, վտանգավոր նյութերի, իրերի բացակայություն:

Այնուամենայնիվ լիովին անվտանգ միջավայր  չի լինում:  Ավտանգությունը լինում է միջավայրի յուրացումով, շարժումների և մտքի ճկունությամբ:
  Շարժումներն ուղղորդելու, հմտորեն շարժվելու  կարողությունը սանի անվտանգության միջոցներ են :
  Կարևոր են միավայրի յուրացումը, միջավայր-տարածության մեջ արագ կողմնորոշվելու, անվտանգ շարժվելու կարողության զարգացումը, որոնց առանձին ժամանակ է տրամադրվում:  
Դրանց զարգացումն ամենօրյա խաղ-վարժանքի միջոցով է լինում:
Այսպես՝

  •   Մի կետից (նստարանից, աթոռից, լվացարանից, ծառից…) մյուսը գնալ.

   տարբեր ճանապարհներով
   ամենակարճ ճանապարհով
   ամենաերկար ճանապարհով
   ուղիղ գծով  
   արագ
   դանդաղ
   թռչկոտելով
Քայլել-վազել, թռչկոտել սեղանների միջև, այգում, այլ տարածքում: 
Մարզական-մարմնամարզական տարբեր վարժություններ, խաղեր, արգելքների հաղթահարում, ճամփորդություններ…              

Հիգիենիկ միջավայր. հիգիենա՝ գործունեության բոլոր ձևերում
Հիգիենայի պատասխանատուն սաներն ու դաստիարակն են, Ծրագրի առողջագետը: Հիգիենիկ գործունեությունը ուսումնական գործունեության բաղկացուցիչն է: Նրանք ունեն բոլոր միջոցները՝ մշտական տաք ու սառը ջուր, մաքրելու միջոցներ և պարագաներ,  մարդաբանական չափումներ կատարելու գործիքներ:
Թվում է՝ ինչ ուսուցման  մասին է խոսքը: Թվարկեմ՝ շաբաթվա օրեր և դրանց հեթականությունը, օրվա պահեր, ռեժիմ, տնտեսվարություն-տնտեսում,  ինքնուրույնություն, պատասխանատվություն…
Ընտրվում է այդ շաբաթվա հիգիենայի պատասխանատու խումբ, որը կազմակերպելու է ընկերների աշխատանքը:
   Մեկը կամ երկու-երեքը երկուշաբթին են, մյուս երկու-երեքը՝ երեքշաբթին,  մյուս խումբը՝ չորեքշաբթին, հինգշաբթին ու ուրբաթն էլ նրանցից հետո: Հերթով կանգնեցին:  Կարող ենք շաբաթ կիրակի էլ ունենալ:  Նրանց համար էլ հաստատ անելիք կգտնվի:
Եթե ուզում եք խաղն ավելի խաղ լինի, «օր-սաները»կարող են գույն ունենալ, այդ գույնի որևէ տարբերանշանով:   Միասին որոշում են օրերի անելիքները:  

_Աիդա, ինչի՞  ենք պատուհանները բաց թողնում:
_Որ դրսի օդը ներս գա:
_Ավելի կավ չի՞, պատուհանները փակենք, որ օդը դուրս չգա, փոշին էլ ներս չի գա:
_Բայց որ տան օդը փոխվի,  ավելի լավ կլինի:
_Մեր շնչած օդը դուրս գնա, չէ՞…

Դժվա՞ր է պատասխանելը և խոսակցությունը փակելը: Դժվար չէ, բայց… պատուհանները միասին կամ մենակ բացել-փակելն   ավելի հետաքրքիր է:
Լույսն անտեղի չվառելն է հիգիենա:
Ծորակի ջուրն էլ ինչո՞ւ պիտի անտեղի հոսի: Հարցրեք, և հաստատ մեկը, մեր սանի նման,  կպատասխանի, որ այդպես ջուրը փչանում է: Ուրեմն ծորակին հետևել է պետք, օգտվելուց հետո անմիջապես  փակել է պետք, թե չէ՝ լիքը ջուր «կփչանա»:
Մնացածը սաների հետ քննարկեք, որոշեք օրվա անելիքը:  «Օրը» (կամ օրերը)   իսկական օրվա պատասխանատուն են, պատասխանատու՝ հիգիենայի համար:
Կարևոր է կենցաղային մշակույթի ձևավորումը և ինքնուրույնությունը:   Դրան հատուկ  ժամանակ է տրամադրվում՝ ինչպես կերպարվեստին կամ գործունեության մյուս ձևերին:  Երբ սաները ինքնուրույն են անում ինչ-որ բան, դաստիարակները չեն միջատում, համբերատար դիտարկում են սանի գործողությունները, հազվադեպ աջակցում:  Ոչ թե հատուկ պարապմունքներ են կազմակերպում, այլ սաների առօրյա  գործունեությունը կազմակերպելիս նկատի են ունենում նման գործողությունների ժամանակատարությունը, գոնե սկզբնական շրջանում, մանավանդ եթե սանը պարտեզ չի հաճախել:
Սնվելու, կենցաղը կազմակերպելու մշակույթի ձևավորումն ու զարգացումը  ամբողական ծրագիր է՝ հիգիենա, ինքնուրույնություն, հաշիվ, տնտեսվարություն-խնայողություն:
 Սպասք դնելը, հավաքելը  հաշիվելու, համադրելու առիթ է՝  սկզբից՝ ամեն մեկին մի ափսե, մի գդալ…հետո երկուսին՝ երկու, երեքին՝ երեքական… լավ հաշիվ է:      
Ինքնուրույն ուտելու կարողությունը, կերածի փշրանքները, մնացուկները մի տեղում հավաքելը… Չեն թափելու, պարզ է: Հավերը կուտեն թե ճագարները, էական չէ:  Հացը, կտրատած միրգը դրվում են ընդհանուր ափսեով: Սաները սովորում են  չօգտվել վնասված սպասքից:  
  Ասենք՝ անթափոն, անփշուր ուտելու կարողություն՝ խաղ են հորինում կամ այլ բան:
 Արհեստականորեն, ուսուցողական տոնով կանոնններ թելադրելը, խրատներ կարդալը,  հոխորտալը անօգուտ, իզուր ջանքեր են:    

Տաս տարեկան Էլենը, երբ փոքր էր, հարցրեց.
_Արևին ո՞վ է վառում-հանգցնում:

 Էներգիայի խնայողությունն էլ է հիգիենա, ՏՏ միջոցները առանց օգտագործման միացրած թողնելն էլ վնասակար է, դրանք խնամքով պահպանելը՝ հիգիենիկ:
Սաների հետ կարելի է նկարներով և նշաններով հիգիենայի ուղեցույցներ պատրաստել: Ոչ միանգամից, կամաց-կամաց, ամեն անգամ ավելի հմտանալով, ամեն անգամ մի թեմայով կամ առիթով:
Պարզ հիգիենիկ արարողություն են լվանալն ու լվացվելը, միջավայրը մաքրելը…
Ամեն ինչ դառնում է սովորություն, եթե հետևողական ես լինում:
Մնացածը սաների հետ քննարկեք, որոշեք օրվա անելիքը:  «Օրը» (կամ օրերը)   իսկական օրվա պատասխանատուն են, պատասխանատու՝ հիգիենայի համար:  

Ամառային հով, զով, անվտանգ, հիգիենիկ լողափ:  

 

 

 

Շարունակելի

 

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский