5 տարեկանների ուսուցում
5 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Սաների գործունեության կազմակերպում
5 տարեկանների ուսուցումը կազմակերպվում է պարտեզային պայմաններում, երկարացված ուսումնական օրով, որպես ուսումնական անընդհատ գործունեություն:
Ի՞ նչ գույնի է ժամանակը կամ երբ է այն ընդհատվում
Երբ ասում են՝ ժամանակը սկիզբ ու վերջ չունի, հասկանում եմ, բայց չեմ պատկերացնում: Այդքան շատ է ու չի բավականացնում:
Մի հարցնող լինի` ինչի՞ն չի բավականացնում: Ա՛յ, երկու տարեկանն էլի՛երկու տարեկան լիներ, ու այնքան մեծ... կասեր.
_ Իմ ժամանակն ինձ տվեք ու մի խառնվեք իրար, ես գիտեմ` երբ, ինչ, ինչպես անել:
Նա դեռ ոչ մի տեղ չի շտապում, աշխարհի հետ կապը չի կտրել, և նրա մեջ դեռ մնում է կյանքի այն ռիթմը, որով նա ծնվել է: Երբ խախտում ենք այդ ռիթմը, նա լաց է լինում: Բա ի՞նչ անի:
_Դու ինչի՞ ես հիմա ուզում…
Սա իմ լսած ամենահետաքրքիր հարցերից է, որ տվել իմ թոռ Արեգը զա՜րմացած հայացքով, որովհետև ինքն այդ պահին ինչ-որ բան չի ուզել ու չի հասկացել:
Մենք էլ նրան չենք հասկանում` ռեժի~մ կա, բա~ն կա: Նրա ներսում էլ ռեժիմ կա` բնության դրած ռեժիմը, որն ավելի իրական է և պատճառաբանված, քան մեր հորինածը:
Երեխան չի կարող իր համար ստեղծված կրթական համակարգի, այդ համակրգում ստեղծված կարգերի ու բարքերի գերին դառնալ, այն էլ 5 տարեկանում, երբ ոչ այնքան փոքր է, որ նախակրթարանի սան համարվի, ոչ էլ այնքան մեծ՝ որ դպրոցական կարգ ու կանոնով ապրի:
Ինչպես Վահե Հովհաննիսյանի Սարգիս որդին կասեր.
_Ես այնպիսի մանկապարտեզ եմ ուզում, որ դպրոց լինի:
5 տարեկանների ուսուցման խումբը հենց Սարգիսի ուզածն է: Նա հիմա դպրոց-պարտեզի 5 տարեկանների ընկեր Աշխենի խմբում է:
Ծրագիր
Պայծառ գլուխը և հմուտ ձեռքերը ավելին են, քան անպետք գիտելիքներով ծանրաբեռնված միտքը:
Անհրաժեշտ է վերացնել հնարավոր բոլոր վտանգները և նյութ նախապատրաստել, որ երեխան, հաջողությամբ օգտգործելով, ստանա ոչ թե սխոլաստիկ, այլ կենդանի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ: Ս. Ֆրենե
5-6 տարեկանների ուսուցման ծրագիրը (այսուհետ Ծրագիր) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Մոբիլ դպրոց» պետական այլընտրանքային ծրագրի բաղկացուցիչն է:
Ծրագիրն ապահովում է 5-6 տարեկանների անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը և շարունակականությունը, նրանց տարիքային, ֆիզիկական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան միջավայր, ինտեգրացված բազմաբնույթ գործունեության միջոցով սաների հմտությունների, կարողությունների զարգացումը, ուսուցումը: Կրթահամալիրում, որպես ուսումնական հաստատության նոր տիպ և ուսուցման կազմակերպման նոր ձև, գործում է կրտսեր դպրոց-պարտեզ (այսուհետ՝ Դպրոց), որի կազմում են
- խնամքի և զարգացման նախադպրոցական տարատարիք խմբերը (այսուհետ՝ նախակրթարան)
- 5 -6 տարեկանների ուսուցման խմբերը (այսուհետ՝ Խումբ)
- 1-3-րդ դասարանները:
Հայաստանյան շատ մանկապարտեզներում իրականացվող կիսադպրոցական ուսուցման արդյունքում սանը առարկայական պարապմունքների, անգիրի միջոցով ձեռք է բերում ինֆորմացիայի որոշակի քանակ՝ տառաճանաչություն, տառագրություն, թվաբանական պարզագույն հաշիվ և գործողություններ: Հետո «ավարտում է» մանկապարտեզը, հայտնվում է դպրոցում, որն օտար է իրեն, միջավայրը՝ խորթ, պայմանները՝ անհամապատասխան: Սա դեռ քիչ է, մի տարի շարունակ նույն մեթոդով սովորում է սովորածը: Չգիտեմ՝ սա որերորդ ստրեսը և հիասթափությունը կլինի սանի կյանքում:
Էլ ինչ խոսք կարող է լինել կրթության անընդհատության, շարունակակնության, առավել ևս՝ գրավչության, հետազարգացման մասին:
Պարտեզային միջավայր
Ներկայացված կառույցի ու խմբերում իրականացվող ծրագրի միջոցով իրականացվում է սաների սահուն անցումը նախակրթարանից դպրոց:
Խմբերի գործունեությունը շարունակվում է պարտեզային միջավայրում, որը նրանց կենսական միջավայրի ամբողջության մեջ է: Լուսավոր, ընդարձակ, խաղային, ամեն ինչ հարմար է 5 տարեկանին՝ վազվզելու, թռչկոտելու, չափել-ձևելու, հաշվել-համեմատելու, գիր ու գրագիտությամբ զբաղվելու, նկարելու, լուսանկարելու, եփել-թափելու, մարմինը մարզելու, դիտելու- ուսումնասիրելու, ստեղծելու-ստեղծագործելու, քնելու-հանգստանալու համար:
Երկուսից ինն տարեկանների խնամքի և կրթության ամբողջական համակարգ, որ ծառայում է երեխային, նրա կրթությունը դառնում է անընդհատ: Պարտեզը սաների կենսական միջավայրի ամբողջության մեջ է:
Անցումը պարտեզից դպրոց կտրուկ, արհեստական չէ: խմբի սաների մեծ մասն էլ նույն նախարթարանից են, ընկերներ են:
Ուսուցումը չի նույնացվում դասարանային պարապմունքի հետ:
Գեղարվեստի Հայկն է ասել՝ մեր մանկապարտեզը համ էլ դպրոց է:
Անվտանգ միջավայր, որի ապահովումը ուսումնական աշխատանք է 5 տարեկանների համար
Հնարավոր անվտանգ նյութական միջավայր ապահովում են դպրոցի ղեկավարը, դաստիարակները, ծնողը՝
· սաների ազատ և անվատանգ շարժվելու պայմաններ .
· ՏՏ և այլ ուսումնական միջոցների անվտանգ և անվնաս շահագործման պայմաններ և պարագաներ.
· բաց հասանելի հանդերձարան և սանհանգույց
· թունավոր, վտանգավոր նյութերի, իրերի բացակայություն:
Այնուամենայնիվ լիովին անվտանգ միջավայր չի լինում: Ավտանգությունը լինում է միջավայրի յուրացումով, շարժումների և մտքի ճկունությամբ:
Շարժումներն ուղղորդելու, հմտորեն շարժվելու կարողությունը սանի անվտանգության միջոցներ են :
Կարևոր են միավայրի յուրացումը, միջավայր-տարածության մեջ արագ կողմնորոշվելու, անվտանգ շարժվելու կարողության զարգացումը, որոնց առանձին ժամանակ է տրամադրվում:
Դրանց զարգացումն ամենօրյա խաղ-վարժանքի միջոցով է լինում:
Այսպես՝
- Մի կետից (նստարանից, աթոռից, լվացարանից, ծառից…) մյուսը գնալ.
տարբեր ճանապարհներով
ամենակարճ ճանապարհով
ամենաերկար ճանապարհով
ուղիղ գծով
արագ
դանդաղ
թռչկոտելով
Քայլել-վազել, թռչկոտել սեղանների միջև, այգում, այլ տարածքում:
Մարզական-մարմնամարզական տարբեր վարժություններ, խաղեր, արգելքների հաղթահարում, ճամփորդություններ…
Հիգիենիկ միջավայր. հիգիենա՝ գործունեության բոլոր ձևերում
Հիգիենայի պատասխանատուն սաներն ու դաստիարակն են, Ծրագրի առողջագետը: Հիգիենիկ գործունեությունը ուսումնական գործունեության բաղկացուցիչն է: Նրանք ունեն բոլոր միջոցները՝ մշտական տաք ու սառը ջուր, մաքրելու միջոցներ և պարագաներ, մարդաբանական չափումներ կատարելու գործիքներ:
Թվում է՝ ինչ ուսուցման մասին է խոսքը: Թվարկեմ՝ շաբաթվա օրեր և դրանց հեթականությունը, օրվա պահեր, ռեժիմ, տնտեսվարություն-տնտեսում, ինքնուրույնություն, պատասխանատվություն…
Ընտրվում է այդ շաբաթվա հիգիենայի պատասխանատու խումբ, որը կազմակերպելու է ընկերների աշխատանքը:
Մեկը կամ երկու-երեքը երկուշաբթին են, մյուս երկու-երեքը՝ երեքշաբթին, մյուս խումբը՝ չորեքշաբթին, հինգշաբթին ու ուրբաթն էլ նրանցից հետո: Հերթով կանգնեցին: Կարող ենք շաբաթ կիրակի էլ ունենալ: Նրանց համար էլ հաստատ անելիք կգտնվի:
Եթե ուզում եք խաղն ավելի խաղ լինի, «օր-սաները»կարող են գույն ունենալ, այդ գույնի որևէ տարբերանշանով: Միասին որոշում են օրերի անելիքները:
_Աիդա, ինչի՞ ենք պատուհանները բաց թողնում:
_Որ դրսի օդը ներս գա:
_Ավելի կավ չի՞, պատուհանները փակենք, որ օդը դուրս չգա, փոշին էլ ներս չի գա:
_Բայց որ տան օդը փոխվի, ավելի լավ կլինի:
_Մեր շնչած օդը դուրս գնա, չէ՞…
Դժվա՞ր է պատասխանելը և խոսակցությունը փակելը: Դժվար չէ, բայց… պատուհանները միասին կամ մենակ բացել-փակելն ավելի հետաքրքիր է:
Լույսն անտեղի չվառելն է հիգիենա:
Ծորակի ջուրն էլ ինչո՞ւ պիտի անտեղի հոսի: Հարցրեք, և հաստատ մեկը, մեր սանի նման, կպատասխանի, որ այդպես ջուրը փչանում է: Ուրեմն ծորակին հետևել է պետք, օգտվելուց հետո անմիջապես փակել է պետք, թե չէ՝ լիքը ջուր «կփչանա»:
Մնացածը սաների հետ քննարկեք, որոշեք օրվա անելիքը: «Օրը» (կամ օրերը) իսկական օրվա պատասխանատուն են, պատասխանատու՝ հիգիենայի համար:
Կարևոր է կենցաղային մշակույթի ձևավորումը և ինքնուրույնությունը: Դրան հատուկ ժամանակ է տրամադրվում՝ ինչպես կերպարվեստին կամ գործունեության մյուս ձևերին: Երբ սաները ինքնուրույն են անում ինչ-որ բան, դաստիարակները չեն միջատում, համբերատար դիտարկում են սանի գործողությունները, հազվադեպ աջակցում: Ոչ թե հատուկ պարապմունքներ են կազմակերպում, այլ սաների առօրյա գործունեությունը կազմակերպելիս նկատի են ունենում նման գործողությունների ժամանակատարությունը, գոնե սկզբնական շրջանում, մանավանդ եթե սանը պարտեզ չի հաճախել:
Սնվելու, կենցաղը կազմակերպելու մշակույթի ձևավորումն ու զարգացումը ամբողական ծրագիր է՝ հիգիենա, ինքնուրույնություն, հաշիվ, տնտեսվարություն-խնայողություն:
Սպասք դնելը, հավաքելը հաշիվելու, համադրելու առիթ է՝ սկզբից՝ ամեն մեկին մի ափսե, մի գդալ…հետո երկուսին՝ երկու, երեքին՝ երեքական… լավ հաշիվ է:
Ինքնուրույն ուտելու կարողությունը, կերածի փշրանքները, մնացուկները մի տեղում հավաքելը… Չեն թափելու, պարզ է: Հավերը կուտեն թե ճագարները, էական չէ: Հացը, կտրատած միրգը դրվում են ընդհանուր ափսեով: Սաները սովորում են չօգտվել վնասված սպասքից:
Ասենք՝ անթափոն, անփշուր ուտելու կարողություն՝ խաղ են հորինում կամ այլ բան:
Արհեստականորեն, ուսուցողական տոնով կանոնններ թելադրելը, խրատներ կարդալը, հոխորտալը անօգուտ, իզուր ջանքեր են:
Տաս տարեկան Էլենը, երբ փոքր էր, հարցրեց.
_Արևին ո՞վ է վառում-հանգցնում:
Էներգիայի խնայողությունն էլ է հիգիենա, ՏՏ միջոցները առանց օգտագործման միացրած թողնելն էլ վնասակար է, դրանք խնամքով պահպանելը՝ հիգիենիկ:
Սաների հետ կարելի է նկարներով և նշաններով հիգիենայի ուղեցույցներ պատրաստել: Ոչ միանգամից, կամաց-կամաց, ամեն անգամ ավելի հմտանալով, ամեն անգամ մի թեմայով կամ առիթով:
Պարզ հիգիենիկ արարողություն են լվանալն ու լվացվելը, միջավայրը մաքրելը…
Ամեն ինչ դառնում է սովորություն, եթե հետևողական ես լինում:
Մնացածը սաների հետ քննարկեք, որոշեք օրվա անելիքը: «Օրը» (կամ օրերը) իսկական օրվա պատասխանատուն են, պատասխանատու՝ հիգիենայի համար:
Ամառային հով, զով, անվտանգ, հիգիենիկ լողափ:
Շարունակելի
- 3620 reads