Ազգային խաղերի ներառումը հանրակրթության մեջ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հայ հասարակությունը ներգրավված է համաշխարհայնացման գործընթացներում, որոնք որոշում են մարդու գոյության ճանաչողական, հուզական, էթիկական և արժեքային համակարգերի խորքային փոփոխությունները:

Կա առարկայական միջավայրի ակտիվ նորացում. փոխվում են մարդկանց հաղորդակցության տեսակները և հաղորդակցության ձևերը, փոխակերպվում են սոցիալական կապերի համակարգը, գործունեության տեսակները, դրանց միջոցները և արժեքային, թիրախային կառույցները: Այս գործընթացներն իրենց արտացոլում են գտնում հատկապես երեխայի մանկության տարիներին, որոնք գտնվելով պատմական նոր իրավիճակում՝ ենթարկվում են փոփոխությունների, որոնք էլ անխոս տարածվում են մանկության այնպիսի կարևոր ասպեկտի վրա՝ ինչպիսին խաղն է: Խաղերում տեղ են գտնում ժամանակակից հասարակության սոցիալ-մշակութային իրողությունները:

Չնայած նրան, որ մանկական խաղը կարողանում է դիմակայել հասարակության ճգնաժամային երևույթներին՝ այդուհանդերձ, փոփոխվում է նաև երեխաների խաղացանկը: Անցյալ դարի 20-ական թվականներից սկսած՝ խորհրդահայ իրականության մեջ ձևավորված խաղերի վրա նկատելի էր նոր գաղափարախոսության ազդեցությունը, որը բնութագրվում էր ավանդական կրոնական տոների դեմ բացահայտ անհանդուրժողականությամբ և թեմատիկ փոփոխություններով: Նման քաղաքականության արդյունքում տուժում է  ազգային ավանդական խաղ ասվածը, որոնց  մի մասն աստիճանաբար մոռացվում է, իսկ մի մասը գոյատևում է ի շնորհիվ  ավագ սերնդի, ովքեր  հիշում էին և  փորձում էին փոխանցել դրանք:

Ժողովրդական խաղերն իրենց բնույթով  այլաբանորեն արտահայտում էին հասարակական, քաղաքական, սոցիալտնտեսական, կենցաղային, ծիսական, սովորութային երևույթներ: Ազգային խաղը կարևորվում էր ոչ միայն որպես ժամանցի ձև, այլև, որ ամենակարևորն էր՝ դաստիարակության յուրօրինակ մեթոդ և լավագույն միջոց երեխաների մտավոր ու ֆիզիկական կարողությունների զարգացման գործում:

Ոչ միայն ազգային խաղերի, այլև առհասարակ,  խաղային թեմայով 1991 թվականից մինչ այսօր՝ հետազոտությունները շատ քիչ են: Կան մանկական խաղի առանձնահատկությունների վերաբերյալ սակավ ուսումնասիրություններ և հրապարակումներ, որոնք  բնույթով ավելի հոգեբանական ուղղվածություն ունեն՝ միտված խաղային գործունեության օրինաչափություններին, և կիրառվում են համապատասխան կրթական նպատակներով:

Հատկանշական է նաև, որ կրթօջախներում առավել ուսումնասիրված են նախադպրոցական տարիքի երեխաների խաղերը: Չկան դպրոցահասակ երեխաների խաղերի և ինքնուրույն խաղային գործունեության հետազոտմանն ուղղված աշխատանքներ: Երրորդ հանրապետությունում ապրող քաղաքացու խաղային համալիրը բնորոշող և բնութագրող համընդգրկուն որևէ  հետազոտություն չկա: «Մանկական բակային խաղերի արդի դրսևորումները Երևանում» թեմայով մագիստրոսական թեզիս մեջ փորձել եմ ինչ-որ չափով լրացնել վերոնշյալ բացը:

Հանրակրթության մեջ ազգային խաղերի ուսուցման և տարածման հարցում մեծ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ներդրած ավանդը: Ինչպես նախկինում՝ այսօր էլ կրթահամալիրը միակ կրթօջախն է,  որտեղ ազգային խաղերի ուսուցման, փոխանցման, տարածման նկատմամբ կա հատուկ վերաբերմունք:

Կրթահամալիրում ազգային խաղերի փոխանցման և տարածման հարցում մեծ են  Ռուդիկ Հարոյանի ջանքերը, ով կյանքի ինչ- որ փուլում  աշխատել և ստեղծագործել է այստեղ: Կրթահամալիրի «Շաղիկ» հրատարակությունում  են  տպագրվել հայտնի   «Զորի-Զորի» (1995), «Զատիկ» (1996) գրքերը: «Զորի-զորին»  հետաքրքիր ընթերցանության նյութ լինելուց բացի, հաջողությամբ կարող է օգտագործվել նաև որպես ձեռնարկ կրտսեր տարիքի երեխաներին երգ, պար, խաղ, բանահյուսական մտածողություն ուսուցանելու, նրանց ուժերով ներկայացում կազմակերպելու համար: «Զատիկ» գրքում   մանրամասն ներկայացվում  է զատկածեսը և հատկապես զատկախաղերը՝ ձվախաղեր, ձուգլորոցիներ և այլն: Ռ. Հարոյանն  աշակերտների շրջանում կազմակերպել է զատկական, ծիսական խաղերի ուսուցում բեմականացված տարբերակով, որի ընթացքում ցուցադրել է «Ակլատիզ, Ուտիս տատ» ծիսախաղը, «Փետրախաղերը», «Ձվախաղերը» և այլն:

Ազգային խաղերի պահպանության և փոխանցման հարցում մեծ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտության մասնագետ Մարինե Մկրտչյանի դերը, որն աշխատել է Ռուդիկ Հարոյանի հետ և փորձել է կրթական համակարգ ներմուծել ազգային խաղերը, հսկայական հաջողություններ է գրանցել ու փորձ կուտակել:  Այսօր էլ Մարինե Մկրտչյանը շարունակում է ազգային  խաղերի փոխանցումը իր սաներին, կրտսեր գործընկերներին, և այս ձևով տարածում խաղերը:

Ազգային խաղերի ուսուցումը պետք է սկսել հենց նախակրթարանից:  Լինելով երաժշտության մասնագետ՝ կարող եմ վստահ ասել, որ նախակրթարանում դժվար է կազմակերպել երաժշտական գործունեությունը, եթե ուսուցման մեջ բացակայում է խաղային և երեխային խաղացնելու  տարրը:  Սանին չպետք է ծանրաբեռնել երաժշտական ակադեմիական խնդիրնեով՝ երաժշտության ուսուցում, հնչյունի բարձրություն, ռիթմիկ զգացողության ձևավորում, բառուսուցում:  Մանկական երգերի, խաղերգերի ուսուցումը նախակրթարանում պետք է վերածվի փոքրիկ խաղերի՝ երևակայական, ստեղծագործական, շարժումային, կատակային և այլն: Մի կողմից սանը  չպետք է զգա, որ հիմա երաժշտական գործունեության ժամն է, բայց միևնույն ժամանակ պետք է ցանկանա երաժշտական գործունեության ժամանակ խաղալով երգել և  երգելով խաղալ, անընդհատ շարժվել, հրճվել, ընկերների և ուսուցչի հետ լավ երգել:

Խաղերգերի ուսուցումը դառնում է ազգային խաղերի հետ ծանոթության առաջին հարթակը, որտեղ սանը,  սովորելով  ազգային երգը խաղալով, դառնում է մշակութային այս կարևոր ոլորտի կրողը և փոխանցողը:

Երբեմն սաները,  խաղերգի  լավ յուրացումից հետո,  այն վերածում են  լրիվ նոր խաղի, որոնց դիտարկելը շատ հետաքրքիր է:  Դա վկայում է այն փաստը, որ սանը  տվյալ խաղերգը համարելով շատ սիրելի, արտասովոր և հետաքրքիր՝  բերում է իր խաղային աշխարհ և ազատ խաղում է դրանով, դարձնելով այն իր օրվա բնական, անկաշկանդ  և անբաժան մի մասնիկը:

Սանի երգ-խաղը  երբեմն ուղեկցվում է շրխկան երաժշտական մանկական, ինքնաշեն գործիքներով, որոնք որպես սիրելի ձայն հանող խաղալիքներ միանում են երաժշտախաղային հրճվանքին:

Կրթահամալիրի դասասենյակ-լաբորատորիաների կառուցվածքային առանձնահատկությունները, բացօթյա, կանաչ, կոկիկ միջավայրըամառային լողափը իր լողավազանով նպաստում են սաների խաղային անկաշկանդ գործունեությանը:

«Աղվեսն եկավ լանջիկ մանջիկ», «Հարի խնոցի», «Հախչա հուխչա», «Տիտոխիկ», «Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջաղացս մանի-մանի», «Զարկ բոլոճիկ», «Հե՜յ, իմ Նազան», «Եկե՛ք ծեծենք», «Գնացե՛ք տեսե՛ք» և շատ խաղերգեր նախակրթարանում սաները սովորել են  բացառապես խաղալով:

Կարող եմ փաստել նաև այն հանգամանքը, որ այն նախակրթարաններում, որտեղ սաների ուսուցումը և դաստիարակությունը կազմակերպվում է խաղային գործունեությամբ՝ ազգային խաղերի էլեմենտների ներառումով, արդեն դպրոցահասակ տարիքում նրանց մոտ դրսևորվում է ավելի ճկունություն, ստեղծականություն, թիմային զգացողություն, ազատ և անկաշկանդ վարք, կոփվածություն և այլն:

Խաղային այս մոտեցումը շարունակվում է  նաև ավելի բարձր տարիքային խմբերում, որտեղ ազգային խաղերի ուսուցման մեջ  կարևորվում  է ոչ միայն սանին ավանդական  խաղ սովորեցնելը, այլև ավանդական խաղի փոխանցման ձևերին, գործիքներին, նոր խաղային միջավայրին, խաղի սոցիալական տարածքի փոփոխություններին, ժամանակակից խաղերի և ավանդական կենցաղում տարածված համանման օրինակներին հետևելը:

2020 թ. առցանց ուսուցման ընթացքում իմ կողմից իրականացված «Ազգային խաղերի, խաղերգերի, ասիկների», «Մանկության խաղեր՝ 1+1» ընտանեկան նախագիծ-ֆլեշմոբների գլխավոր նպատակը եղել է նշված հարցերի ուսումնասիրությունը,  դիտարկումը, պարզաբանումները:

Կրթահամալիրի «Դպիր» էլեկտրոնային հադեսում հրապարակված «Հեռավար-առցանց ազգագրություն» և «Մանկության խաղերը՝ բնականոն կրթության ճանապարհ» հոդվածներում մանրամասն անդրադարձել եմ նշված հարցերին և ներկայացրել եմ արդյունքները:

  Չորրորդ և հիգերորդ դասարանների շրջանակում խաղերգերին, պարզ «Մատնախաղերին», «Ճվիկներին», դերային, թատերականցված, նմանակող խաղերին գալիս են փոխարինելու անհատական և թիմային ուժամրցակցայինուժփորձուկ խաղերը: Այս խաղերը միտված են սովորողների ուժի բացահայտմանը և թիմով խաղալու հմտությունների ձևավորմանը:

Ազգային խաղերի ուսուցում մեջ կարևոր են նաև ծիսական խաղերը, որոնց հետ սովորողները ծանոթանում են հանրակրթական ծեսերի իրականացման ժամանակ: Գիտենք, որ յուրաքանչյուր ծես բացի իր խորհրդապաշտությունից, ավանդույթներից, երգերից, պարերից, խոհանոցից, ձևավորումից ունի նաև խաղային հարուստ համալիր: Ծեսերի իրականացման ընթացքում կատարվում է անդրադարձ նաև տվյալ ծեսին վերաբերվող խաղերին՝ Ամանոր և Սուրբ Ծնունդ՝ «Գոտեկախաղեր», «Ընկուզախաղեր», «Չարխափան խաղեր», Տյառնընդառաջ՝ «Խարույկաթռիչքի խաղեր», «Հարսանեկան բնույթի խաղեր», Բարեկենդան՝  թատերախաղեր, «Ակլատիզ և Ուտիս տատ» կռվախաղերամենախառը ազգային խաղեր, Զատիկ՝ «Ձվախաղեր», «Փետրախաղեր», «Ավագ շաբաթվա խաղեր», Համբարձում՝ ծիսական խաղեր, Վարդավառ՝ «Ջրախաղեր», «Արև կանչելու», «Անձրև կանչելու» խաղեր և այլն:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ունի ուսումնական օրացույց, որտեղ ներառված են ոչ միայն տոնացույցային տոներ և ծեսեր, այլև կրթահամալիրի կողմից ստեղծված տոներ և ծեսեր՝ «Թթուդրիկ»,  «Ղափամայի ծես», «Հացթխիկ», «Խնոցի հարոցու ծես», «Մեղրագովք», «Խաղողագովք», որոնց հիմքում նույնպես դրված է ազգային մշակույթը:

Այս տոները ևս ուղեկցվում են խաղերով, որոնք արդեն հարմարեցվում են նշված թեմատիկ տոների բովանդակությանը: Օրինակ՝ Մեղրագովքի ծեսի ժամանակ երեխաները խաղում են մեղու նմականող բակային  խաղեր՝ «Տըզզ», «Ծաղիկներն ու մեղուները», Խնոցի հարելու ծեսի ժամանակ՝ «Խնոցիախաղեր», «Ճոճանակախաղեր», Հացթխիկի ժամանակ՝ «Խմորախաղեր», հացթուխին նմանակող խաղեր, Խաղողագովքի ժամանակ՝ «Մամի՛, մամի՛, խաղողը հասելա» և այլն:

Իհարկե, ցանկացած ծիսական թեմա ուսումնասիրելիս վերցնում ենք տվյալ ծեսի մանկական խաղերը, որոնք հասկանալի են տվյալ տարիքային խմբի երեխաների հոգեբանությանը, ակտիվ են և համապատասխանում են այսօրվա մանուկի հետաքրքրությունների շրջանակին:

Ծիսական խաղի ուսուցման մեջ կարևոր է ոչ թե խաղի նախասկիզբը, խորհրդապաշտությունը, դրա հետ կապված հավատալիքները,  այլ  խաղով ուսուցման ավելի կարևոր կողմը՝ մշակույթի հետ  ծանոթություն, ուսուցում, տարածում, ֆիզիկական դաստիարակություն, թիմային մտածողության ձևավորում և այլն:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվող ամառային և ձմեռային ազգագրական փառատոնները, սովորողների ճամբարային  գործունեությունը  շատ լավ հարթակ են  ազգային խաղերի ուսուցման համար: Ձմեռային խաղերը խաղում ենք ավելի շատ փակ, օդափոխված տարածքներում, իսկ ամառային խաղերը՝  բացօթյա: Այդ է պատճառը, որ ձմեռային և ամառային խաղերի խաղացանկերը շատ հաճախ լինում են տարբեր: Ամառային խաղերն  ընդգրկում են ավելի շատ խաղացողներ, խաղային տարածքը լայն է և մեծամասամբ՝ շարժումային ու մրցակցային, իսկ ձմեռային խաղերն ավելի նստակյաց են, կամ քիչ շարժումային, ներառում են ավելի փոքր թվով խաղացողներ:

Բազմազանության առումով ինձ համար կարևոր են և՛ ամառային, և՛ ձմեռային ճամբարներում իրականացված խաղերը: Ճամբարների ընթացքում ուսուցանված ազգային խաղերը  սովորողների մոտ միշտ ունենում են  աննախադեպ  բուռն և ոգևորիչ արձագանք:

2020 թ. ձմեռային խաղային ոգևորիչ ճամբարին հաջորդեց «Բարեկենդանի ծեսը», որը «Թարս հարսանիք» թեմայով երաժշտաթատերական կատակային ներկայացում էր՝ ներառված խաղիկներով, ասիկներով, ազգային խաղերով, խաղերգերով, բարեկենդանյան կատակերգերով, թատերախաղերով, տեսանելի էր ոչ միայն սովորողների,  այլև բազմաթիվ մասնակից ծնողների բուռն արձագանքը: Կարծես նկատելի էր խաղային այդ զարթոնքը, որը փորձարկման լաբորատորիայից արդեն տարածվել էր դպրոցի սահմաններից դուրս՝  երեխաների խաղային մշակույթ և, որ ամենակարևորն է՝ մուտք էր գործել ընտանիքներ:  

Բարեկենդանյան թատերախաղերից բացի կարևոր եմ համարում խաղային բաղադրիչի ներմուծումը համերգային  հարթակ: «Խաղով, խաղերգով Անգեղի հարսանիք» և «Հա ձձում, հա կարագ» ուրբաթ-համերգի ծրագիրը կազմված էր բացառապես երաժշտախաղային բովանդակությամբ: «Խաղով, խաղերգով Անգեղի հարսանիք» ուրբաթ-համերգի ծրագրում ներառված էին խաղերգեր, ասիկներ, խաղիկներ, հաշվերգեր, թատերախաղեր, կատակերգեր, հարսանեկան և այլ ազգային խաղեր, որոնք սովորողները անկաշկանդ և մեծ ոգևորությամբ, մեկ շնչով խաղացին  համերգի ժամանակ: Ուշագրավն այն էր, որ սովորողների թիվը անցնում էր հարյուրը, բայց խաղը  մեկն էր: Թեման այնքան էր դարձել սիրելի, որ մասնակիցներին անգամ չկաշկանդեց   թվով շատ հանդիսատեսը,  և  երեխաները մինչև վերջ, քառասուն րոպե դինամիզմով և հավեսով  խաղացին իրենց համերգ-խաղը:

Համերգում ներառված խաղերը սովորողները շարունակեցին խաղալ դպրոցում, տանը, ճամփորդությունների ժամանակ և անգամ մեկ տարի անց՝ չմոռացան:

Այս հաջողված փորձից հետո «Հա ձձում, հա կարագ» ուրբաթ-համերգի ծրագիրը կառուցվեց խնոցիաերգերի և խնոցիախաղերի հիման վրա: Նորից  խաղային դինամիզմով լեցուն քառասուն րոպե երեխաները երգում են, խաղում են, պարում են՝ մոռանալով բոլորին:  Իսկ արդեն 2022-ի ձմեռային ազգագրական փառատոնի ընթացքում խնոցիախաղերը՝ սովորող-սովորեցնող նախագծով, մուտք գործեցին նախակրթարաններ:

Ազգային խաղերի ուսուցման կարևորագույն նպատակը նաև տարածումն է, որը կրթահամալիրում իրականացվում է սովորող-սովորեցնող նախագծերով,  վարպետության դասերիսեմինարներմիջառարկայականմիջդպրոցական  համագործակցային նախագծերի,  ճամփորդություններիկրթական փոխանակումների և այլնի ժամանակ:

Նշված բոլոր ուղղություններում սովորողը հանդիսանում է փոխանցող, տարածող, ուսուցանող: Նախագծերի ընթացքում սովորողները ձեռք են բերում թիմային մտածողության, ֆիզիկական կրթության, մտավոր դաստիարակության, խաղային կանոնները արդար պահելու, ազնվության, արդարության,  անկաշկանդության, ավելի ազատ  լինելու, ընկերասիրության, բարդույթներից ազատվելու և շատ այլ հմտություններ:

Ազգային խաղերի մասին խոսելիս չեմ կարող չնշել այն փաստը,  որ համացանցում շատ քիչ են ազգային խաղերի նկարագրման տեքստային տարբերակները, ֆիլմ-ուղեցույցները: Չկան խաղային հանրամատչելի գրքեր, որից կարող է  օգտվել ուսուցիչը: Դժվար է քաղաքային միջավայրում ապրող ուսուցչի համար, ով չունի որևէ օրինակ, ուղղորդում և փորձ, ազգային խաղը փորձարկել  և ներմուծել հանրակրթության մեջ: Ցավով պետք է նշեմ, որ  մասնագետները իրենց խաղային նյութերը չեն տեղադրում համացանցում,  չեն փոխանցում հետաքրքրվողներին: Դա է պատճառը, որ եթե անգամ կան գրված փայլուն խաղային մասնագիտական գրքեր, դրանք գործնականում չեն կիրառվում և մնում են պարզապես թղթի վրա գրված:

Սա հաշվի առնելով, մեդիադաշտում ազգային խաղերի դասակարգումը, տեսակավորումը, խմբավորումը, գրագետ և հասանելի տեսական խաղային նյութերը, կարճ  ֆիլմ-ուղեցույցների պատրաստումը և տարածումը ինձ համար դարձան առաջնային:

Առհասարակ շատ դժվար աշխատանք է խաղերը դասակարգելու, խմբավորելու գործընթացը: Խաղերի տեսակները այնքան բազմազան են, առանձնահատուկ, որ կարծես խաղը խմբավորելով՝ խաղացողի խաղային երևակայությունը, ստեղծագործական դաշտը սահմանափակես: Այդուհանդերձ դասակարգման առաջին փորձս եղավ 2020թ. ձմռանը, երբ կրթահամալիրի «Ձայնադարան» կայքում բացեցի «Խաղադարան» բաժինը իր  ենթաբաժիններով: Փաթեթներում ներառված էին կրթահամալիրի աշխատակիցների տարիների   ընթացքում ստեղծած խաղային ուսումնական նյութերը:

Այնուհետև «Խաղադարանը» համալրվեց այլ բաժիններով: «Ընտանեկան խաղադարանը» ստեղծվեց կրթահամալիրի ծնողների ներկայացրած ֆիլմ-ուղեցույցների հիման վրա:

Ամառային ճամբարի ընթացքում «Խաղադարանը» համալրվեց «Ջրային խաղադարան»  ենթաբաժնով, որը շոգ ամռանը ընդունվեց շատ բուռն և մեծ ոգևորությամբ.

Ներկայացված խաղային բոլոր  փաթեթներում  ներառված էին  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակ-մանկավարժ-փորձագետների, սովորողների և ընտանեկան դպրոցների  աշխատանքները:

Այս հաջող փորձից հետո, դասվարների հետ ձեռնամուխ եղանք ստեղծել «Խաղադարան կրտսեր դպրոցի համար» ուսումնական խաղային փաթեթը: Այս անգամ խաղերը դասակարգեցինք հետևյալ կերպ՝

Ներկայացված խաղային բոլոր փաթեթները ներառված էին սեբաստացի աշխատակիցների՝  տարիների ընթացքում ստեղծած խաղային նյութերը:

Նշված բոլոր խաղային փաթեթները հավաքված էին ֆիլմ-ուղեցույցների տեսքով:

Կարևոր էր նաև «Խաղադարանում» խաղերի տեսական նյութերի համալրումը: Տարբեր աղբյուրների հետազոտությունների և ուսումնասիրությունների հիման վրա ստեղծվեցին հետևյալ փաթեթները՝

Ինչպես արդեն նշել էի վերևում՝  ազգային խաղերի տարածման և հանրահռչակման համար առաջնային էր նաև ֆիլմ-ուղեցույցների ստեղծումը, որոնք ստեղծվում էին հետևյալ կերպ.

  • ֆիլմը մոնտաժվում և  տեղադրվում է իմ աշխատանքային բլոգ,
  • շատ կարճ տեքստով նկարագրվում է խաղը, 
  • ֆիլմ-ուղեցույցը չի անցնում  1.30-2 րոպեի սահմանը,
  • ֆիլմը ուղեկցվում է  թեթև, կատակային բնույթի երաժշտությամբ,
  • խաղը նկարված է տեսանելի, հասկանալի, պարզ, որտեղ կան անհասկանալի մասեր՝ տեսաֆիլմում տեքստով բացատրվում է խաղային գործողությունը, կամ սովորողը պատմում է ինչի մասին է  խոսքը:
  • Ֆիլմ-ուղեցույցները տարածում եմ յութուբյան, ֆեյսբուքյան հարթակում, նշում խաղացողներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին:

Այսպես խաղը շատ արագ տարածվում է և փորձարկվում  նաև խաղով ոգևորված այլ  անձանց շրջանակում:

Այսպես տարիների ընթացքում իմ կողմից ստեղծվել են հետևյալ խաղային փաթեթները՝

2022 թ. ձմեռային ազգագրական փառատոնը դարձավ ազգային խաղերի հրավառության նոր հարթակ: Գործընկերներիս կատարած աշխատանքը և փորձը ներկայացնելու համար հունվարի 31-ին համակարգեցի «Ազգային խաղերի ներառումը հանրակրթության մեջ» կլոր սեղան քննարկում-ամփոփումը: Կլոր սեղանի ընթացքում իրենց փոձով հանդես եկան 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագրի դաստիարակները, «Իմացումի հրճվանք» ծրագրի դասվարները, երաժշտության մասնագիտական խմբի անդամները, երկարացված օրվա կազմակերպիչները: Նրանք  խոսեցին խաղով ուսուցման առավելությունների, դժվարությունների, տարածման, զարգացման մասին:

Կլոր սեղանը կարևոր էր ոչ միայն իր թեմատիկ, կենդանի  քննարկումով, այլև նրանով, որ  ստեղծվեց մասնակիցների կողմից հավաքված և ներկայացված խաղային ահռելի ուսումնական նյութերի փաթեթ:

 Կարծում եմ՝ այս խաղային զարթոնքը ավելի բուռն ձևով մուտք կգործի 2022 թ. ամառային ճամբար և կբերի իր հետ նոր, թարմ  ու հետաքրքիր  մտքեր, գաղափարներ, զարգացումներ:

 

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский