Մանկության խաղերը՝ բնականոն կրթության ճանապարհ

Մանկության խաղերը մարդու կյանքի ամենալուսավոր, պայծառ հիշողություններն են: Այս խաղերի շնորհիվ է, որ մարդ ձեռք է բերում ինքնավստահություն, կոփվում է, հղկվում, ճարպկանում, դառնում  է ավելի ճկուն, սովորում  մարդկանց հետ շփվել, ինքն իր հարցերը, խնդիրները կարգավորել, հաղթել, դառնալ առաջնորդ, խմբի համար պատասխանատու, սովորում է ստրատեգիաներ գծել, մշակել , պլանավորել, կազմակերպել, անարդարության դեմ համառորեն մինչև վերջ պայքարել, բողոքել, դառնում է բարի, կամեցող, մի խոսքով  ձեռք է բերում  կյանքի համար անհրաժեշտ հմտությունները և, որ  ամենակարևորն է, ինքնակրթվում է և  գտնում   ընկերներ:

Մի քանի ամիս է փորձում եմ ավելի խորը և գիտական հարթակում գտնել հայ ժողովրդական խաղերի ֆենոմենի  բանալին, ուսումնասիրել դրանց ծագումը, հիմքը, պատմությունը, զարգացումը,  փոխակերպումները և դրանց մերօրյա դրսևորումները, համեմատել հինն ու  նորը, գնահատել, դուրս հանել շերտեր և դրանցից վերցնել ու կիրառել  այսօրվա համար  մեզ անհրաժեշտը և օգտակարը:

Հայ ժողովրդական խաղերի մասին ազգագրական, մշակութաբանական  հետազոտությունները բազմազան են, նյութերը, գրանցումները՝  անթիվ: Բոլոր հետաքրքրվողվերին առաջարկում եմ կարդալ Վարդ Բդոյանի «Հայ ժողովրդական խաղերի»  երեք հատորները:

Այդ ծով հարստության մեջ  մարդ իսկապես խճճվում է և հասկանում, որ տարեցտարի  կորցնում է  այդ գանձերը՝ պակասում են խաղերը կրողներն ու փոխանցողները, իսկ որ ամենացավալին է՝  խաղացողները:

Այսօր բակային խաղերին փոխարինում են համակարգչային խաղերը: Երեխան մնում է տանը՝ համացանցի տիրույթում,  չի իջնում բակ, այնտեղ չի  խաղում և  ընկերներ էլ ձեռք չի  բերում: Այսինքն,  նա դադարում է մանկության խաղեր ունենալուց, և հետևապես՝  կորցնում է բնական ճանապարհով թվարկածս հմտությունների ձեռք բերումը: Այստեղ կարծես ինչ-որ խաթարում է տեղի ունենում: Մանուկը չունենալով իր տարիքակիցների մեջ ինքնադրսևորման որևէ փորձ,  այլ ուղիներում և հարթակներում է փորձում ձեռք բերել այդ հմտությունները և շատ-շատ բաներ կորցնում ճանապարհին:

Խնդիրը իրականում լուրջ է: Այն լիարժեք լուծել հնարավոր չէ: Այդուհանդերձ  կարելի է մշակել  քայլեր, որոնք երեխային կամաց-կամաց կբերեն և կդնեն  իր զարգացման բնականոն  ճանապարհին:

Կարծում եմ, որ այս  հարցում  պետք է լինեն մի քանի շահագրգիռ կողմեր՝ պետություն, դպրոց, ծնող, երեխա, ովքեր պետք է  գործեն միասնական և քայլերը համապատասխանեցնեն միմյանց հետ:

Միանգամից ասեմ, որ երեխաների մոտ ազգային խաղերի հանդեպ  դրական կամ բացասական  ընկալման հարցում մեծ է դպրոցի՝ հանձինս մանկավարժի և ծնողի մոտեցումները, դիրքորոշումները, դիտարկումները:

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալի հեղինակային մանկավարժության  հիմքում,  որպես երեխայի  դաստիարակության կարևորագույն  գործիք,  մեծ տեղ է գրավում  խաղով ուսուցումը:  Ամեն ինչ արվում է, որ որդեգրված մանկավարժությանը ոչինչ չխանգարի․ ստեղծվում են համապատասխան ծրագրեր, թարմացվում են նախագծերը, որպես պատվեր առաջանում են նոր, լայն տարածքներ, հրապարակվում են ազգային խաղերի փաթեթներտեսադասեր, հավաքվում է համապատասխան գրականություն, տեղի են ունենում վերապատրաստումներ, հրավիրվում են մասնագետներ:

Նախորդ հոդվածումս` «Հեռավար-առցանց ազգագրություն»,   արդեն պատմել եմ  «Ազգային խաղեր» նախագծի  և  «Ազգային խաղերի, խաղերգերի, ասիկների», ընտանեկան ֆլեշմոբի իրականացման իմ նպատակների, խնդիրների, վերլուծությունների, ամփոփումների  մասին:

Նկատենք,  որ այստեղ  շեշտադրումը գլխավորապես արել եմ այն բանի վրա, թե  ինչպե՞ս է սովորողը ուսումնական, ազգային նյութը հասցնում ընտանիք, փոխանցում, ինչպե՞ս է փոխանցածը հետո զարգանում, ձևափոխվում:

Իրականում խաղով դաստիարակելու քայլերը և շեշտադրումները մեկ-երկու  նախագծերի իրականացումով և արդյունքների ամփոփումով  հնարավոր չէ կատարել: Անհրաժեշտ են  երկարաժամկետ նախագծեր՝ որոնք կբացահայտեն ոչ միայն սովորողի, այլև  ծնողի ընդունակությունները, կօգտագործեն ծնողի պոտենցիալը,  կներառեն ավելի լայն զանգվածներ․ դրանք պետք է լինեն միջընտանեկան, միջառարկայական, միջդպրոցական նախագծեր, որպեսզի տարածվեն, հանրայնացվեն և դառնան ազգային կրթության հիմքերից մեկը:

Ազգային խաղերը ուսուցանելուն, փոխանցելուն, տարածելուն և հանրայնացնելուն ուղղված մանկավարժական խնդիրները մասամբ են  լուծված, քանի որ․

  • չկա պետական ու կրթական հատուկ մոտեցում՝ դասաժամ, պետական կրթական ծրագրերում թեմային առնչվող  ուսումնական նյութերի ներառում,
  • ազգային խաղերով ուսուցումը չի կարևորվում նախակրթարանի դաստիարակների և դպրոցում դասավանդող մանկավարժներից շատերի կողմից,
  • սովորողը չի տիրապետում որևէ խաղի․ այս դեպքում ուսուցիչը ստիպված է տարրական խաղային կանոններ բացատրել և ավելի երկար խոսել խաղային վարքականոններից, քան խաղը ցույց տալ ու խաղացնել,
  • ծնողը չգիտի խաղալ և  առաջարկած խաղային փաթեթները  շատ անգամ անտեսում է,
  • ծնողների մեծամասնությունը չեն կարևորում խաղը իրենց  և իրենց  երեխաների կյանքում․ այս դեպքում խաղով ուսուցուման մեջ հարցով հետաքրքրվող ուսուցիչը մնում է մենակ:

Առցանց-հեռավար ուսուցումը շատ լավ առիթ էր, որ թվարկածս խնդիրների գոնե մի մասը մասնակի լուծվեր, իսկ «Մանկության խաղեր՝ 1+1» ընտանեկան նախագիծ-ֆլեշմոբը, որպես  կրթության կազմակերպման ձև,  պիտի օգներ  ինձ այդ հարցում:

Նախագծի կազմակերպման գլխավոր նպատակն էր՝ հավաքագրել և դասակարգել 1980-1990-ական թվականների բակային խաղերը, ստեղծել ուսումնական խաղերի փաթեթ ծնողի և սովորողի մասնակցությամբ, և  ծնողի իմացած ազգային նյութը  փոխանցել սովորողին:

Նախագծի  գլխավոր խնդիրներից էր ընտանեկան կրթության կազմակերպումը, ծնողի ներառումը կրթութական դաշտ, խաղով ուսուցումը, խաղի արժևորումը սովորողի և ծնողի կողմից:

Իրականում շատ հետաքրքիր էր հետևել, թե ինչպիսի խաղեր գիտեն ծնողները, ինչպես են  դրանք  սովորեցնում և  փոխանցում ժամանակակից երեխային, ինչ գործիքներ են օգտագործում, արդյոք կարևորում են իրենց  փոխանցածը երեխային: Հիմնական մտավախությունս այն էր, որ ընտանիքները հնարավոր է չցանկանան իրենց միջընտանեկան  շփումը ներկայացնել երրորդ աչքի:

Ծնողների ուղարկած տեսանյութերից ակնհայտ էր, թե ինչ սիրով ու նվիրումով են նրանք պատմում խաղերի մասին, իսկ սովորողները ինչ հրճվանքով են  լսում, սովորում և խաղում դրանք:  Մասնակից ծնողները հասկանում էին, որ այն  խաղային ինֆորմացիան, որը փոխանցելու են,  շատ կարևոր է հատկապես իրենց երեխաների համար: Ստեղծված խաղերի տեսաֆիլմերը  կոկիկ էին՝ նկարված մանրամասն դետալներով, անկեղծ էին, պարզ, մանկական, ուսուցողական, օգտակար:

Ֆլեշմոբին մասնակից  ծնողները ներկայացան երկու  ձևով՝

  • անմիջական, որտեղ հենց իրեք էին ներկայացնում  և խաղում խաղերը մանկական ժպիտով, հումորով և  չարաճճիությամբ,
  • երկրորդային՝ չուզենալով խաղի ընթացքում բացահայտվել՝ չնշելով իրենց անունը, տարիքը, բայց կարևորելով խաղի ճիշտ ներկայացումը  իրենց երեխաների միջոցով:

Չնայած նրան, որ ֆլեշմոբի այս անգամվա մասնակիցների խումբը ներկայացավ ավելի կոկիկ և որակյալ տեսանյութերով, այնուամենայնիվ  մասնակցային ցուցանիշը ցածր էր՝  Հյուսիսային դպրոցի 280 սովորողներից  ֆլեշմոբին մասնակցեցին  55 սովորող:

Ցածր մասնակցության համար առանձնացրել եմ հետևյալ  պատճառները․

  • նախորդ՝ «Ազգային խաղերի, խաղերգերի, ասիկների» ֆլեշմոբից հետո  նույն խաղային թեմայով ֆլեշմոբը սովորողին չհետաքրքրեց,
  • այս օրերին հեռավար-առցանց ուսուցման հանձնարարությունները շատ էին և սովորողները չհասցրեցին մասնակցել,
  • ծնողը հենց ինքը չցանկացավ ֆլեշմոբի մասնակից դառնալ և չներգրավեց իր երեխային:

Ի սկզբանե նախագիծը կազմելուց իմ հեռահար նպատակները և ակնկալիքները շատ էի իդեալականացրել՝ հաշվի չառնելով, որ գործ եմ ունենալու ազգային մշակույթից շատ քիչ բան հասկացող խմբերի հետ: Հույսս ավելի շատ դրել էի մարդկանց  մանկության խաղերի բարի հիշողությունների  վերապրումների  վրա:

Այդուհանդերձ, ֆլեշմոբի ամփոփումից հետո  հնարավոր եղավ դուրս բերել կարևոր վիճակագրություն  1980-1990-ական թվականների խաղերի տարածվածության, բազմազանության մասին և ստեղծել այդ թվականների բակային խաղերի տեսադասերի փաթեթ ծնողների և սովորողների մասնակցությամբ:

Ստորև ներկայացնում եմ «Մանկության խաղեր՝ 1+1» ընտանեկան նախագիծ-ֆլեշմոբի արդյունքները՝ սովորողների մասնակցություն, ընտանիքի ներգրավվածություն, և 1980-1990-ական թվականների խաղերը՝ ըստ տարածվածության:

Ինտերակտիվ ինֆոգրաֆիկան՝ այստեղ․․․

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский