«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 10

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Անահիտ Արնաուդյան
«Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա»

Աշոտ Տիգրանյան
«Նոր դասագիրք՝ հին արատներով և բարելավման հեռանկարով»

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
«Ինչպես դիագրամներ կառուցեցինք»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Գևորգ Հակոբյան
«Բերիի կանոնը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XI ընթերցումներից
«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական կրտսեր աստիճանի կառուցման փորձ»


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Դասավանդողի ամսական հաշվետվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»
(ներածություն)


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Դպրոցը երեխայի կողմից է:
Կրթական կրտսեր աստիճան կառուցելու փորձ

«Ինքնորոշման դպրոց» գիտա-մանկավարժական միավորման
համագործակցային վարպետ-դասարան
Վարողներ՝  Դեբորա Մայեր, Օլգա Լոնտևա, մանկավարժական գիտությունների թեկնածու

Վարպետ դասարանն սկսեց գլխավոր հարցի քննարկումից՝ ի՞նչ է նշանակում «դպրոցը երեխայի կողմից է»:

Պարզվեց, որ տարբեր մասնակիցներ այդպիսի դպրոցի մասին նման պատկերացումներն ունեն: «Դա այն դպրոցն է, որտեղ երեխաները մեծերի համար են հետաքրքիր, իսկ մեծերը` երեխաների… որտեղ ուսուցիչը վստահում է երեխային… որտեղ մանկավարժը երեխայի օգնությանը դիմելը հնարավոր է համարում… որտեղ մեծը նախօրոք չգիտե, թե որն է կոնկրետ երեխայի «կողմը», և երեխայի հետ երկխոսության մեջ մտնելով՝ ամեն անգամ դա է փորձում հասկանալ»:

Նույնիսկ երբ դահլիճում բանավեճ էր ընթանում, դա վեճ էր, որը չէր ժխտում, այլ ավելի շուտ զրուցակցի միտքն էր շարունակում, բացահայտում քննարկվող թեմայի ծավալն ու բազմակողմանիությունը:

Մի այսպիսի բանավեճ, օրինակ, Դեբորա Մայերի այս խոսքից սկսվեց.
- Երեխայի կողմից դպրոց կառուցելու համար պետք է ստեղծել մի միջավայր, որտեղ երեխաները չեն վախենում, պաշտպանված և ապահով են զգում:

- Իսկ մեծե՞րը,- լսվեց դահլիճից,- մի՞թե կարևոր չէ, որ մեծերն էլ իրենց ապահով  զգան:

- Իհարկե կարևոր է։ Սակայն եթե մենք ապահովության զգացում ունենք, դա դեռ չի նշանակում, որ երեխաներն էլ են ապահով զգում,- պատասխանեց Դեբորան:- Այնպես պետք է անենք, որ անպայման բոլոր երեխաներն էլ հասկանան, որ դպրոցն այն վայրն է, որտեղ իրենք պաշտպանված են, և որը միշտ անվտանգ է:

- Իմ կարծիքով, խոսքը հատուկ անվտանգության մասին է,- շարունակեց Ալեքսանդր Լոբոկը։- Այն անվտանգության, որն անհրաժեշտ է, որ թե´ մեծը և թե´ երեխան ինքն իր հետ լինելու պահանջմունքը բավարարեն:

- Երեք-չորս տարկան երեխաները բացարձակ անվտանգություն են ուզում,- նկատեց Դեբորան։- Նրանք ուզում են, որ շատ ուժեղ լինեն մեծերը, որ իրենց կողքին են: Այդ ժամանակ նրանք սխալներ անելու հնարավորություն էլ կունենան:

Մասնակիցներից մեկը պատմեց՝ ինչպես է իր թոռնիկն օգնել հասկանալու, թե «երեխայի կողմից լինելն» ինչ է նշանակում: «Մի անգամ թոռնիկիս հետ խաչբառ էի լուծում: Մի բառ թոռնիկս էր գտնում, մի բառ` ես: Ինչ-որ պահի թոռնիկս զգաց, որ ես պատասխանն արդեն գիտեմ: «Դու արդեն գիտե՞ս, դե´ ասա»: Իսկ ես չէի շտապում բառն ասել: «Ես էլ ուզում եմ, որ դու գուշակես»,- պատասխանեցի ես: «Բայց այդպես հետաքրքիր չէ»: Հասկանո՞ւմ եք, հետաքրքիր չէ, երբ աշխատում ենք իրենց հետ «սովորել» այն, ինչն արդեն գիտենք: Երեխայի կողմը լինել՝ նշանակում է նրա հետ զրուցել այն ամենի մասին, ինչը քեզ հետաքրքրում է, և ինչը ինքդ էլ ես ուզում հասկանալ: Միայն այդ ժամանակ մեծ ոգևորությամբ երեխան կսովորի մեծահասակի հետ»:

Բայց սրանք միայն ընդհանուր կողմնորոշիչներ են, այսպես ասած՝ «առաջին մոտավորության» դպրոց: Իսկ այս բոլոր հրաշալի սկզբունքներից ինչպե՞ս անցում անենք մանկավարժական պրակտիկային: Երեխայի հետ աշխատելու ո՞ր մեթոդներն են օգնում և որո՞նք են խանգարում դրան:

Այս հարցն ուսումնասիրելու համար վարպետ-դասարանի մասնակիցները որոշ ժամանակով դարձան սովորողներ, որոնց հետ պարապմունքներ էին անցկացնում «Ինքնորոշման դպրոցի» մանկապարտեզի դաստիարակներն ու դասվարները: Մինչև դասերին անցնելը լսարանին առաջարկեցին հինգ խմբի բաժանվել:

Առաջին խումբ հրավիրվեցին նրանք, ում հետաքրքրում էր «Մանկապարտեզը հեքիաթ է ներկայացնում» երաժշտական պարապմունքը: Մանկապարտեզի սանի դերն ստանձնած  մանկավարժներն սկսեցին հեքիաթներ հորինել. նկարում էին, իրենց նկարները պատմում, մտքեր փոխանակում, ընտրում ամենագեղեցիկ հեքիաթը: Դաստիարակը օգնում էր, որ  տեքստերը գրի առնվեն (ինչպես անում են մանկապարտեզի իրական սաների համար, որոնք դեռ գրել չգիտեն): Հետո նախատեսվում էր «հեքիաթային» տեքստերից մեկը ներկայացնել՝ «հեքիաթի հերոսների» դերերը բաժանելով խմբի անդամներին: Մանկապարտեզում երաժշտական շարժման պարապմունքներին պարբերաբար այդպիսի հանպատրաստից ներկայացումներ են լինում, որոնք ուղեկցվում են երաժշտական շարժումներով. մի օր Յուրայի հեքիաթն է բեմադրվում, հաջորդ օրը` Պետյայի…

Երկրորդ խմբի կազմում ընդգրկվեցին այն մանկավարժները, որոնց ավելի շատ հետաքրքրում էր մեծա-մանկական խաղային նախագիծը: Գաղափարը հետևյալն էր. երկրորդ դասարանցիերը մեծահասակների հետ կառուցում են իրենց քաղաքը, բնակեցնում են և իրենց հայեցողությամբ կազմակերպում են քաղաքի ամբողջ կյանքը: Ընդ որում քաղաքի նախագծումն սկսում են կառուցման տեղի լանդշաֆտը որոշելուց և  հետո շինարարության ժամանակ օգտագործվող նյութերը քննարկելուց: Օգտագործվում է ամեն հարմար բան՝ ստվարաթղե տուփեր, պլաստմաս, թուղթ, ծեփոն, սպունգ… Շինարարությունն ավարտելուց հետո քաղաքն սկսում են «բնակեցնել» («Ինքնորոշման դպրոցի» վերջին նախագծում քինդեր-մարդուկներ էին), «բնակիչների» համար երեխաները պաշտոններ, աշխատանքի տեղեր, հետաքրքրություններ և նախասիրություններ են որոշում: Աստիճանաբար բնակիչներն ինչ-որ հարաբերություններ են հաստատում միմյանց հետ՝ աշխատանքի են ընդունվում, իրենց սեփական գործն են ձեռնարկում, քաղաքապետին գրություններ գրում և նրանից ստանում… Մի խոսքով՝ սովորական կամ էլ արտասովոր (կախված է հեղինակի երևակայությունից) քաղաքային կյանքն է սկսվում։ Ամբողջ նախագիծը երկու ամսվա համար է նախատեսված: Պետք է ասել, որ դա ոչ թե միայն խաղ է, այլ նաև ուսուցում. նկարչության պարապմունքների ժամանակ երեխաները նկարում են լանդշաֆտը, մաթեմատիկայի դասերին շինարարության ժամանակ մակերեսների համարաբերությունները որոշելուն անհրաժեշտ հաշվարկներն անում, որոնք թույլ են տալիս հաշվի առնել շինհրապարակների վիճակը։ Երբեմն նույնիսկ փիլիսոփայական բնույթի լուրջ բանավեճեր են ծավալվում: Ասենք՝ արդյոք արժե՞ բարի քաղաք կառուցել, որտեղ չարություն ընդհանրապես չկա…

Երրորդ խմբում «սովորողները» մաթեմատիկայից հաղորդակցական խնդիրներ էին լուծում և հորինում. պետք էր ոչ միայն խաղ հորինել այն քարտերով, որ ստացել էին, այլ նաև մյուսներին պայմանները բացատրել, պայմանավորվել, թե ինչպես պետք է միասին խաղան:

Չորրորդ խմբի աշխատանքի թեման Էդվարդ Լիրի «Ճանապարհորդություն դեպի Ջամբլեյ» բանաստեղծությունն էր: Ընթերցումների մասնակիցներին ուսուցչուհի Ելենա Տուբելսկայան առաջարկել էր Ալեքսանդր Նաումովիչի սիրելի բանաստեղծության բովանդակության մասին մտածել (սեպտեմբերի մեկին նա նույն աշխատանքն իր աշակերտների հետ էր արել): Բանաստեղծությունը բարդ է, ոչ միանշանակ, ասելիքի մասին ամբողջ կյանքում կարելի է մտածել…

Հինգերորդ խումբը միջանցքում էր անցկացնում պարապմունքը, որ մյուսներին չխանգարի. մասնակիցներն իրենց և  իրար համար ճարպկությունը, շարժումների ներդաշնակությունը և… ստեղծագործական երևակայությունը զարգացնող հրաշալի շարժում-վարժություններ էին հորինում:

Ինչպես միշտ, հարց առաջացավ` իսկ ինչ անենք, եթե միաժամանակ մի քանի խումբ ենք ուզում հաճախել:

Տուբելսկու դպրոցի ուսուցիչների պատասխանը շատ պարզ էր.
- Այս իրավիճակը, որ հիմա առաջարկում ենք, հատուկ է մեր դպրոցին: Ուրբաթ օրը առաջին երկու ժամից հետո կրտսեր դպրոցում դասերը դադարեցվում են և բացվում են 15-20 արհեստանոցներ: Երեխաներն ընտրում են այն, ինչն իրենց համար շատ հետաքրքիր է: Իսկ հաջորդ շաբաթ մի ուրիշ բան են ընտրում:

Խմբերից յուրաքանչյուրն աշխատեց ուղիղ 30 րոպե, իսկ հետո բոլորին ներկայացրեց իր աշխատանքի արդյունքները: Դա ևս մի պարտադիր պայման է. այն, ինչ երեխաների ձեռքով է պատրաստվել, անպայման պետք է ներկայացվի մյուսներին: Ի՜նչ հաճույքով էին ռուսաստանցի և ամերիկացի մանկավարժները հենց նոր հորինած հեքիաթը ներկայացնում, «պատանի ձեռնածուները» ցույց տալիս, թե ինչ են սովորել… Իսկ ինչպե՜ս էր ծափահարում բարեհամբույր հանդիսատեսը… Մաթեմատիկական խաղեր, կախարդական քաղաք, արտասանվող բանաստեղծություններ. և ներկայացումն ավարտված է:

Դրա ավարտից հետո երկու ֆիլմի հատված ցուցադրվեց. մեկում Տուբելսկու դպրոցի երեխաները պատմում էին իրենց մասին, մյուսում Դեբորա Մայերի դպրոցի պարապմունք էր նկարահանված: Պարզվեց, որ տեղի ունեցող ամեն ինչում՝ և´ մոսկովյան «Ինքնորոշման դպրոցի» պարապմունքի, և´  Դեբորայի դպրոցում ամերիկացի ուսուցչի անցկացրած դասի մեջ ինչ-որ մոտ ու հարազատ բան կար։ Նույնիսկ թարգմանելու կարիք չեղավ...

Հետո սկսվեց խմբերի աշխատանքի քննարկումը:

- Երբ մեր խմբի ղեկավար Ելենա Տուբելսկայայի հետ Էդուարդ Լիրի բանաստեղծության ընթերցանության մեջ էինք խորացել, ես զգում էի, որ դա Ելենային իսկապես շատ է հետաքրքրում: Դա ոչ թե մանկավարժի հետաքրքրություն էր, որը ցանկանում է ինչ-որ արդյունքի հասնել, այլ մարդկային հետաքրքրություն: Այստեղ անգամ «հետաքրքրություն» բառը հարմար չէ, քանի որ մանկավարժը զարմանքով, կարծես թե նորովի, իր համար բացահայտում էր Էդուարդ Լիրի տեքատը: Ամեն ինչ անկեղծ  էր, ոչ մի վայրկյան այն զգացումը չունեցա, թե ինձ հետ խաղ են անում: Եվ այն ժամանակ երբ ֆիլմն էի դիտում, ոչ մի վայրկյան չէի կարողանում էկրանից կտրվել, որովհետև այնտեղ էլ էր ամեն ինչ բացարձակ ազնիվ:

- Բայց եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչո՞ւ շատ դպրոցներ հայտարարում են, որ «երեխայի կողմից» են, բայց իրականում շատ քիչ բան են անում, որպեսզի այս բոլոր հրաշալի արժեքներն ու սկզբունքները իրականացնեն:

Եվ ահա, վարպետ-դասարանի ավարտական փուլում իրական բանավեճ ծավալվեց, կարծես ներսում կուտակված էներգիան հանկարծ դուրս եկավ:

- Կարծում եմ, որ այս համակարգով աշխատելն ուսուցչի համար շատ դժվար է,- պնդում էր մասնակիցներից մեկը:- Որովհետև պետք է մտածել, վերլուծել, պետք է ակտիվ ուսուցիչ լինել: Իսկ գլխավորն այն է, որ շատ ուսուցիչներ այդպես աշխատել չեն ուզում: Նրանք ասում են՝ մեզ քիչ են վարձատրվում, էլ ինչ մտածենք: Ավելի հեշտ է գալ ու ծրագրով դաս տալ. ուզում եք` վերցրե՛ք, չեք ուզում` մի՛ վերցրեք:

- Դա ուսուցչի մեղքը չէ,- չէր համաձայնվում մյուսը,- բանն այն է, որ սկզբում ուսուցիչների հետ են այնպես աշխատել, որ ստեղծագործելու հակումը վերանա: Եթե ուսուցիչն ստեղծագործող է, տալիս են գլխին, իսկ եթե սովորական է, դա բոլորին ձեռնտու է: Իր ստեղծագործելու իրավունքը պաշտպանելու համար մարդ պիտի քաջություն ունենա, ինչպես Դեբորան: Ճիշտ է, մի խնդիր էլ կա: Չգիտեմ, գուցե դա ռուսական մենթալիտետի հատկությունն է, բայց մենք շատ շուտ ենք հանձնվում և անում այն, ինչ վերևից են  թելադրում:

- Բայց ուսուցիչն ի՞նչ կարող են անել, եթե նրան պարտադրում են միայն գիտելիքների, կարողությունների և հմտությունների համար աշխատել,- կասկածում էր երրորդը։- Չէ՞ որ հիմնականում  դրանք են ստուգվում:  

- Հիմա ամբողջ աշխարհում «գրոհում են» երեխաների վրա,- բանավեճի մեջ մտավ Դեբորա Մայերը։ Նրանց ավելի ու ավելի շուտ են դպրոց ուղարկում: Արդյունքն այն է, որ երեխաները խաղի անգնահատելի փորձից են զրկվում: Ի՞նչ արենք: Կարծում եմ, որ նախ՝  բոլորին լսելի պետք է հայտարարենք, որ խաղը շատ լավ բան է: Ծնողների հետ համատեղ՝ որպես փորձագետներ պիտի խոսենք այդ մասին: Եվ գիտնականներին աստիճանաբար մեր կողմը պետք է գրավենք:

- Այսինքն՝ քաղաքականությամբ զբաղվելու կո՞չ եք անում,- նկատեց զրույցի այդպիսի զարգացումից ակնհայտորեն դժգոհ մի մանկավարժ:- Իսկ եթե դա անել չեմ ուզո՞ւմ: Իմ դասարանում, այն պայմաններում, որ կան, ես ցանկանում եմ աշխատել երեխաների հետ: Այս իրավիճակում երեխաներին ինչպե՞ս կարող եմ օգնել:

- Կարելի է օգնել,- ի պատասխան լսվեց դահլիճի հեռավոր անկյունից։- Ես դասավանդելու փորձ ունեի, երբ որոշեցի՝ վերցնեմ ու երեխաներին ազատություն տամ: Ընդ որում ես վերցրի շփվելու խնդիր ունեցող երեխաներին: Առաջին քայլը, որ արեցի՝ երեխաներին թույլ տվեցի պարապմունքներին գալ ծնողների հետ: Հետո թույլ տվեցի զբաղվել նրանով, ինչով ուզում են: Ցանկանում ես մայրիկի՞դ հետ լինել՝ եղի՛ր, ուզում ես մեքենայո՞վ խաղալ՝ խաղա՛: Դա ինձ չէր խանգարում անգլերեն սովորեցնել: Երեխաներին անգլերեն ասում էի. «Խնդրում եմ, ձեռքերը հատակին հասցրեք», և բոլորը ձեռքերը մեկնում էին հատակին: Ասում էի մեկ ուրիշ բան, և նրանք դա էին անում: Շատ հեշտ է երեխաներին թույլ տալ, որ լինեն այն, ինչ կան: Դա դասարանը չի քանդում և պարապմունքը չի խափանում:

- Իմ կարծիքով, նրանք, ովքեր ցանկանում են աշխատել երեխաների հետ և միշտ նրանց կողմից լինեն, պետք է միավորվեն,- ամփոփեց «Ինքնորոշման դպրոցի» մանկապարտեզի վարիչ Մարգարիտա Ֆյոդորովնա Գոլովինան:- Բայց դա դժվար է: Ա՛յ, երեկ խոսում էին «Արագիլ» դպրոցի մասին: Դա ծնողական դպրոց է։ Դա ստեղծվել է նրանից, որ ծնողները չէին ցանկանում, որ իրենց երեխաները սովորական  դպրոցում սովորեն: Այդ ժամանակ նրանց սկսեցին ստեղծել իրենց դպրոցը։ Այնտեղ բազմիցս եղել եմ. իսկական երջանկություն է: Պետք է գտնել այն մարդկանց, որոնց հետ լինելը քեզ իսկապես հետաքրքիր է, և անել այն, ինչն անելը հետաքրքիր է։ Այդ դեպքում անպայման ձեր շուրջ կհավաքվեն նրանք, ովքեր ձեզնով հետաքրքրվում են: Եվ կարևոր չէ՝ հատուկ գաղափարներ ունե՞ք, թե՞ ոչ:

Վերջում Մարգարիտա Ֆյոդորովնան առաջարկեց.
- Ամեն ուսումնական տարվա սկզբին` սեպտեմբերի մեկին,  առաջին դասարանցիների  ծնողներին առաջարկում ենք իրենց երեխաների համար նվեր անել և համերգ տալ: Եկեք մենք էլ մեր մյուս գործնկերներին ուրախացնենք, ովքեր այսօր մյուս խմբերում էին աշխատում:  Համաձա՞յն եք: Հրաշալի է: Ուրեմն սկսե՞նք։

Թարգմանեց Նաիրա Դալուզյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.