«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 10

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Անահիտ Արնաուդյան
«Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա»

Աշոտ Տիգրանյան
«Նոր դասագիրք՝ հին արատներով և բարելավման հեռանկարով»

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
«Ինչպես դիագրամներ կառուցեցինք»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Գևորգ Հակոբյան
«Բերիի կանոնը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XI ընթերցումներից
«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական կրտսեր աստիճանի կառուցման փորձ»


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Դասավանդողի ամսական հաշվետվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»
(ներածություն)


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Նոր դասագիրք` հին արատներով և բարելավման հեռանկարով
(Մտորումներ 6-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի       բովանդակության մասին)

Նոր դասագրքի անհրաժեշտությունը վաղուց պարզ էր  ուսուցիչների մեծամասնության համար, քանզի հնի սխալներն ու բացթողումները համակարգային բնույթ ունեին: Թվարկենք ամենաառանցքայինները. խախտված էին գիտության դասավանդման սկզբունքները, այսինքն`հասկացությունների, փաստերի (անվիճարկելի և վիճելի տեսակավորմամբ), օրինաչափությունների և առանձնահատկությունների (օրինաչափությունների դրսևորման առանձնահատկությունների և «մաքուր» առանձնահատկությունների տարբերակմամբ) ներկայացման անհրաժեշտ համամասնությունը. բացակայում էին պատմության՝ որպես գիտության խնդիրներն ու չլուծված հարցերը, արգելափակված էր սովորողի հետազոտական գործունեության մայրուղին, բացառվում էին մի շարք արդյունավետ մեթոդների. օր.`պատմական վերակառուցման մեթոդի օգտագործման դասագրքային հիմքերը, և´դասագրքի բովանդակային մասում, և´ նյութի շարադրանքում սովորողների տարիքային առանձնահատկություններն անտեսված էին: Հարկ եմ համարում ընդգծել, որ այդ տարիքում, իսկ գուցե և ավելի վաղ, որպես պատմության ներածություն՝ երեխաները պետք է ուսումնասիրեն, նաև խաղան, դիցաբանությունը` մարդկության մանկությունը: Նաև խիստ կարևորում ենք տարբեր ժամանակաշրջանների երեխաների կյանքի մասին տեղեկատվության առկայությունը դասագրքերում՝ ըստ տարիքային շերտերի:

Այժմ անդրադառնանք նոր դասագրքի (հեղինակային խումբ` Վ. Բարխուդարյան, Բ. Հարությունյան, Գ. Սարգսյան, Հ. Ավետիսյան, Ա. Մովսիսյան, Պ. Հովհաննիսյան, խմբագիր` ՀՀ ԳԱԱ-ի թղթակից-անդամ Բաբկեն Հարությունյան) առավելություններին և բացթողումներին:

Առավելությունների շարքում ուրախությամբ արձանագրում ենք հասկացությունների ընդգծումը, քննարկման հարցերի հիմնականում հիմնավոր ձևակերպումը և առանձնացումը, գործնական աշխատանքների մեծ մասի հետազոտական բնույթը, որոշ դեպքերում այլընտրանքային տեսակետների ներկայացումը, ընթերցանության համար ընտրված նյութերը, որոնց մեծագույն մասը անհրաժեշտ լրացում են դասագրքի հեղինակների շարադրանքին։ Որոշ դեպքերում ներկայացվել են գիտության առջև այսօր կանգնած խնդիրները (օր.՝ 150–րդ էջում`«Հայաստանում գոյություն են ունեցել Արամազդ, Վահագն, Անահիտ, Աստղիկ և այլ աստվածներին նվիրված բազմաթիվ տաճարներ`աստվածների արձաններով, սակայն, ցավոք, դրանք չեն պահպանվել կամ դեռևս չեն հայտնաբերվել»): 

Սակայն սխալների և բացթողումների քանակը դեռ որակ է կազմում:

Անդրադառնանք նրանցից մի քանիսին: Սահմանված կամ գոնե պարզաբանված չեն որոշ առանցքային հասկացություններ, օրինակ՝ «պետություն», «սոցիալական անհավասարություն»: Արդյունքում ներմուծվում են «պետական կազմավորում» բառակապակցության տիպի անորոշ հասկացություններ, աղավաղվում է պատմական իրականությունը հայ ժողովրդի ձևավորման և հայկական պետությունների կազմավորման հիմնախնդիրների շարադրման ընթացքում, որը վկայում է նախկին կաղապարների համառ ներկայության մասին: Այսպիսի միակողմանիությունը, որի դրսևորման օրինակներից է նաև «արիացիներ» հասկացության բովանդակության մասին լռելը և ծավալի նեղացումը, բացասական ազդեցություն է գործում սովորողների աշխարհայացքի ձևավորման վրա: Եվ ընդհանրապես, հայ ժողովրդի կազմավորման գործընթացն արհեստականորեն բարդացված և խճողված է: Մի՞թե հնարավոր է համահայկական պետություն՝ առանց ձևավորված ժողովրդի:

Խուսափելով կարևոր հարցերի շարադրանքում այլընտրանքային տեսակետները հետևողականորեն ներկայացնելուց՝ հարգելի հեղինակները թուլացնում են իրենց դասագրքային համակարգի տրամաբանական շղթան:

Ոչ այլընտրանքային ներկայացման օրինակ է Արտաշատի պայմանագրի կնքման հետ կապված պատմական գործընթացի շարադրանքը:

Ընթերցանության նյութի անհաջող ընտրության բացառիկ օրինակ է 70-րդ էջի հետևյալ տեքստը. «Արքային պատկանող մեր անցած երկրների տիրակալները հետևյալներն էին. …փասիանների և հեսպերիտների` Տիրիբազոսը. իսկ կարդուխները և խալյուբները և խալդայները և մակրոնները… ինքնավար են»: Որովհետև մի կողմից 6-րդ դասարանցուն այսպես ցեղանվանախեղդ անելու հարկ չկա, իսկ մյուս կողմից`նրանց մի մասի մասին դասագրքային պարզաբանում չկա:

Առկա են նաև ներքին տեքստային հակասություններ, օր.՝ «Կլիմա» ենթավերնագրում, Արմավիր քաղաքին վերաբերող հատվածներում (էջ 48-ի և էջ 73-ի միջև), Արամ Գահակալին վերաբերող տողերում (էջ 40 –ի և էջ 62-ի միջև):

Եվս մի քանի դիտարկում–դիտողություններ: Մարդու առաջացման խոցելի տեսություն է շարադրված: Նախնադարյան հավասարության հեքիաթն են շարունակում պատմել: Իշպուինիի կատարած գրավոր լեզվի բարեփոխման մասին անհասկանալիորեն լռում են: Հիմքեր չկան պնդելու, որ վանյան սեպագրերի լեզուն օգտագործվել է առօրյայում: Հայկյանների Արարատյան թագավորության մասին պատմող հատվածի բովանդակությունը վարկածային է, սակայն այդ մասին հեղինակը համեստորեն լռում է: Վանի թագավորության գոյության ժամանակ հայկական այլ պետությունների (Հայկյանների, Արմե և այլք) առկայության փաստն անտեսվում է: Հարկ է նշել Արամանի անձնանունը հիշատակող աղբյուրը, քանի որ այլ վարկածի համաձայն Արամանի նշանակում է Արամի երկիր: Հեթանոսական դիցարանը թերի է առանց Արի և նրա գլխավորած աստվածների հիշատակման:

Էջ 72-ում գրված է. «Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները լոկ ռազմական երևույթ չէին: Նրանք հեղաշրջիչ ազդեցություն ունեցան քաղաքական, տնտեսական և հասարակական հարաբերությունների վրա»: Վերջին կարևորագույն դրույթը դասագրքի տեքստով չի հիմնավորվում:
Ինչո՞ւ ժայռապատկերները չեն ներկայացվում որպես Հայկական լեռնաշխարհին հատուկ պատկերագիր: Ինչո՞ւ են դասագրքի հեղինակները լռում հայկական գաղափարագրերի առկայության և մաշտոցագիր մատյաններում դրանց պահպանման մասին կամ շրջանցում հայկական տառերի նախամաշտոցյան գոյության մասին գիտական վարկածը:

Հայոց պատմության պարբերացումը հիմնավորված չէ ոչ մի գիտական տեսության կողմից կամ ներկայացված չէ նորը: Ինչո՞ւ են հարգարժան հեղինակները լռությամբ մերժում մեր էպոսի հնագույն արմատների բազմաթիվ ապացույցները: Կարևոր դեպքերի ժամանակագրությունում նշված է հայ ժողովրդի կազմավորման ավարտի ժամանակաշրջանը, թեկուզ վիճելի, բայց սկզբի մասին խորհրդավոր լռություն է:
Առայժմ բավարարվենք այսքանով, հուսալով, որ դասագրքի հեղինակները, հայագետները և դասավանդողներն անարձագանք չեն թողնի մեր արտահայտած մտահոգությունները:
Աշոտ Տիգրանյան
06.12.07  

Աշոտ Տիգրանյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.