«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 10

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Անահիտ Արնաուդյան
«Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա»

Աշոտ Տիգրանյան
«Նոր դասագիրք՝ հին արատներով և բարելավման հեռանկարով»

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
«Ինչպես դիագրամներ կառուցեցինք»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Գևորգ Հակոբյան
«Բերիի կանոնը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XI ընթերցումներից
«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական կրտսեր աստիճանի կառուցման փորձ»


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Դասավանդողի ամսական հաշվետվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»
(ներածություն)


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Սելեստեն Ֆրենե

Նոր ֆրանսիական դպրոց

Ժողովրդական դպրոցի նյութական, տեխնիկական և մանկավարժական կազմակերպման գործնական ուղեցույց

Ներածություն

Նախքան գրքի հիմնական մասին անցնելը ժողովրդական դպրոցի խնդիրը նպատակահարմարության և մարդասիրության տեսանկյունից կուզենայինք քննարկել:
«Ժողովրդական» ոչ միայն մեր գրքի խնդիրը որոշելու և խորությամբ ներկայացնելու համար ենք ասում, այլև դպրոցի զարգացման նոր փուլը նշելու:

Միշտ և ամենուր դպրոցը դանդաղ, իներցիայով և իր դարն ապրած հաստատությունների դիմադրությամբ պայմանավորված, ցավոք, շատ կամ քիչ ուշացումով հարմարվում է իշխող տնտեսական, հասարակական և քաղաքական համակարգին: Այս հարմարվելու նկատմամբ ինչ վերաբերմունք էլ ունենանք, դա անժխտելի փաստ է, դա է ապացուցում մեր երկուհազարամյա պատմությանը նետած ակնարկը։

Ինչպես պատմաբաններն են վկայում, միջին դարերում ֆեոդալները թերուս էին, հաճախ անգամ կարդալ չէին իմանում, քանի որ այն ժամանակ ֆեոդալի հասարակական գործառույթներն իրականացնելու համար գրագիտությունն անհրաժեշտ չէր: Դրա փոխարեն ապագա ասպետի, որսորդի, զինվորի ձևավորմանն էր մեծ ուշադրություն դարձվում: Եվ այդ ժամանակվա դաստիարակությունը ներկայիս դաստիարակությունից շահեկանորեն տարբերվում էր նրանով, որ ո՛չ գրքային էր, ո՛չ ձևական, այլ բացառապես  գործունեության և փորձի վրա էր հիմնված: Պատանի ֆեոդալին տալիս էին մանկլավիկություն ուսանելու, որսորդության և ձիարշավի արվեստ էին սովորեցնում, իսկ ասպետական մրցամարտերը որպես քննություն էին ծառայում: Դա կյանքին սերտորեն կապված և ժամանակաշրջանի ու միջավայրի պահանջներին առավելագույնս համապատասխանող դպրոց էր:

Եկեղեցիներն ու վանքերը նույնպես իրենց դպրոցներն ունեին, որտեղ հասարակական ամենատարբեր խավերի երեխաներ էին սովորում: Նրանց դաստիարակությունը հետապնդում էր հստակ նպատակ՝ ձևավորել եկեղեցու ապագա իսկական սպասավորներ, որոնք պիտի հավատը բարձր դասեին իրենց բանականությունից: Ուսուցման տեսությունն ու փորձը այդ նպատակին էին համապատասխանում։

Թափ առած բուրժուազիան էլ հիմնեց իր դպրոցները։ Այնտեղ ոչ միայն գրել ու կարդալ էին ուսուցանում, որն այն ժամանակ բավական հազվադեպ էր և հարգանք էր առաջացնում, այլ նաև դասական մշակույթի տարրերը՝ հունարեն կամ լատիներեն, բժշկություն, ճարտասանություն, այսինքն՝ այն ամենը, ինչ վարչարարական և առևտրական խավի հեղինակությունն էր ստեղծում:

19-րդ դարը նոր փուլ էր. ամբողջ ժողովրդին տարրական կրթություն տալու տնտեսական էական անհրաժեշտություն էր առաջացել։ Եվ հաղթանակած կապիտալիզմը հանրային դպրոցն ստեղծեց, որը մի որոշ ժամանակահատված բավարարեց իրեն ծնող պահանջմունքները: Իհարկե, այս առթիվ ինչ էլ լինեն գիտնականների դատողություններն ու տեսական պնդումները, փաստորեն խոսքը ոչ թե ամբողջ ժողովրդի լուսավորության, այլ նրան մեքենայական արտադրության առաջադրած նոր խնդիրները կատարելուն առավել նպատակաուղղված ու արդյունավետ նախապատրաստելու մասին էր։ Կարդալ, գրել, հաշվել կարողանալը հիմքերի հիմքն է դառնում, առանց որի երբեք պրոլետարիատը լիարժեք աշխատավոր չէր կարող դառնալ: Միևնույն ժամանակ գրականության, աշխարհագրության, պատմության, բնական գիտությունների, բարոյագիտության գիտելիքների սաղմերը պիտի լիարժեք դարձնեին անհատի հարմարեցումը հասարակական իր նոր դերի նեղ շրջանակին:

Հարմարվելու այդ գործընթացն ըստ էության ավարտվեց 1890թ.-ից 1914թ. ընկած շրջանում: Ժողովրդական զանգվածները բավարարված և ինչ-որ առումով հպարտ էին դպրոցով, որն իրենց երեխաներին «գիտնական» էր դարձնում: Փիլիսոփաները գովերգում էին նոր աստվածներին` գիտությանը և բանականությանը. համակարգն ամուր ու անխախտ էր թվում, իսկ բոլոր տիպի գործարարներն անարգել կարող էին իրենց առևտրով զբաղվել:

Սակայն այդ հովվերգությունը փլուզվեց. դրան նաև 1914-1918թ.թ. սարսափելի իրադարձությունները նպաստեցին: Ժողովրդի լավագույն և առավել խորաթափանց ներկայացուցիչները նրա դերն արդեն գիտակցում էին և նրան տրվող կրթության սուտ ու կեղծ լինելը հասկացել էին: Այդպես իրենց դասակարգի նախանշվածությունը և իրենց հասարակական ու քաղաքական հնարավորությունները հասկացան խոշոր բուրժուազիայի առաջին ներկայացուցիչները, որոնք թե՛ իրենց լավ կրթությամբ, թե՛ խորամանկությամբ, թե՛ ուժով իր դարն ապրած ազնվականությունից կարողացան իշխանությունը խլել:

Այսպիսով ժողովուրդն սկսեց պայքարել, որ լուսավորությունը համապատասխանի իր հիմնական կարիքներին: Հասարակական դպրոցն սկսեց անկում ապրել: Առաջատար ուսուցիչները նրա զարգացման համար փորձում էին նոր խթան գտնել, վերակառուցել փլուզվող մեխանիզմը: Բանվորական ակտիվիստներն ընդհանուր դպրոցի շուրջը արտադպրոցական կազմակերպությունների, հրատարակչությունների և տպագիր օրգանների ցանց էին ստեղծում` ձգտելով կրթությունը նոր պահանջներին հարմարեցնել: Գիտնականներն սկսեցին դպրոցի նորացման պլաններ մշակել:

Այսօր կյանքի և դպրոցի միջև անջրպետը հատկապես ակնհայտ է. դա դասակարգային պայքարի և պրոլետարիատի` նոր, ներդաշնակ հասարակության ձգտման արտացոլումն է:

1890-1914թ.թ. շրջանի կյանքին համապատասխանելով՝ ժամանակակից ընդհանուր դպրոցը մանկավարժական և բարոյական անհուսորեն հնացած սկզբունքներն է շարունակում պաշտպանել: Այն իր պատմական և համամարդկային առաքելությունն օրեցօր ավելի ու ավելի գիտակցող բանվոր դասակարգի ո՛չ ապրելակերպին, ո՛չ էլ ձգտումներին չի համապատասխանում: Այդ դպրոցը չի կարող կյանքին նախապատրաստել, այն միտված չէ ո՛չ ապագային, ո՛չ էլ նույնիսկ ներկային, այլ համառորեն կառչել է անցյալից` ճիշտ այն ծեր տիկնոջ նման, որը երիտասարդ տարիներին արժանիորեն հաջողության է ունեցել և այդ պատճառով, անիծելով ժամանակի բնականոն հունը,  ո՛չ իր ապրելակերպն է ուզում փոխել, ո՛չ սովորությունները: Հասկանալի է, որ այդպիսի դպրոցը վերջնականապես և անդառնալորեն դատապարտված է: Երեխայի անհատականության կայացումը, այսօրվա աշխարհին և վաղվա աշխարհի հնարավորություններին նրա ծանոթացումը ավելի ու ավելի շատ է իրականանում դպրոցից դուրս, քանի որ դպրոցը դա անելու ընդունակ չէ:

Դարասկզբին բուրժուական ժողովրդավարությանը շատ թե քիչ համապատասխանող ավանդական պետական դպրոցի և նոր սերունդներին նոր հասարակության մեջ (արդեն սկսել են դա կառուցելը) ապրելու համար դաստիարակելու անհրաժեշտություն ներկայացնող բանվոր դասակարգի կենսական կարիքների միջև անդունդն օրեցօր խորանում է:

Ուսուցիչներն այդ անհամապատասխանությունը պետք է գիտակցեն և առանց հապաղելու սկսեն դպրոցի արմատական նորացումը, քարացած ավանդույթներին հրաժեշտ տան, համարձակ լսեն նոր կյանքի պահանջները, մտնեն այդ կյանքը, թափանցեն նրա ոգու մեջ, տիրապետեն նրա տեխնիկային, հնամոլությունից հրաժարվեն ու նոր պայմաններին հարմարվեն:

Արդ, առա՛ջ, թևքերը քշտե՛ք և ժողովրդական դպրոցի ստեղծմանը միացե՛ք:

***

Այսօր մեր մանկավարժությունը կյանքի կոչելու, մեր նյութական և տեխնիկական միջոցները կյանքին ծառայեցնելու պատասխանատվությունն ու պատվավոր խնդիրը «դպրոցական տպարան» գաղափար-խորհրդանիշով միավորված առաջադեմ ուսուցիչների խմբի վրա է դրված:

Ահա արդեն 30 տարի պայքարում ենք, որ հին դպրոցի ծոցից դուրս գա նոր ժողովրդական դպրոցը, որի տեխնիկական հիմքերը մանրամասն մշակել ենք։ Շատ ուսուցիչներ այս ոլորտում արդեն հասել են մեծ հաջողությունների: Հիմա վճռական պայքարի համար պարտավոր ենք բոլոր ուսուցիչներին մոբիլիզացնել: Զինվորական լեզվով ասած, որը, ցավոք, բոլորի կողմից ընդունված է դարձել, անհրաժեշտ է կամուրջներ գցել այնպես, որ ամենավեհերոտ ուսուցիչներն անգամ կարողանան անդունդն անցնել և մեր պայքարին միանալ:

Սա ասելով` նոր դպրոցի բնագավառում մենաշնորհի չենք հավակնում, չենք ուզում արագացնել նրա զարգացումը, որի դինամիկան մանկավարժական օրինաչափություններով է որոշվում: Մեր անցյալով հպարտ, մեր փորձով ուժեղ՝ մենք զգոն և գիտելիքով զինված ավանգարդն ենք։ Եվ միայն համառ պայքարով մենք բոլորս՝ ժողովրդական ուսուցիչներս, մարտնչող ժողովրդի հետ միասին իսկապես ժողովրդական դպրոցը կկառուցենք:

Շարունակությունը

Թարգմանեցին Կարինե Պետրոսյանը,
Թամար Ղահրամանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.