«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 27

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Տեքստային փոփոխականներ: Տեքստերի հետ աշխատանքի ֆունկցիաներ և պրոցեդուրաներ»

Լուսինե Մանուկյան
«Լաո Ցզի: Դաոսիզմ. փիլիսոփայությո՞ւն, թե՞ …»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Ռիչարդ Բախ
«Ողջույն»

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են ադրբեջանցիները և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Լաո Ցզի
«Դաո Դե Ցզին»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Բարով եկար, սիրուն մեդիա»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ


Լուսինե Մանուկյան

Լաո Ցզի: Դաոսիզմ. փիլիսոփայությո՞ւն, թե՞ …

Գոյություն ունեցող ամեն ինչը ծագում է Դաոյից, զարգանում ըստ Դաոյի օրենքների և շրջապտույտ կատարելով` վերադառնում կրկին Դաոյին:
Լաո Ցզի

Օտար մշակույթի ճանաչողությունը միշտ էլ օգտակար է` անկախ ազգային պատկանելությունից, կրոնական սկզբունքներից, աշխարհայացքից: Ինչպես Արիստոտելն է ասում, օտար մշակույթի ճանաչողությունը, փիլիսոփայությունն ուսումնասիրելը նախ սկսվում է զարմանքից` նրա տարաշխարհիկ սքանչելիքների հանդեպ: Նույնատիպ զարմանքով և ինչ-որ տեղ հափշտակվածությամբ սկսեցի ուսումնասիրել ամենահին չին փիլիսոփաներից մեկի` Լաո Ցզիի աշխատությունը` «Դաո Դե Ցզինը» (Ուղու և Ճշմարիտ Ուժի կանոնը ): Գիրք, որի յուրաքանչյուր տողն ինձ պարզապես անակնկալի էր բերում իր խորությամբ, միաժամանակ պարզությամբ, իր ճշմարտացիությամբ և եզակիությամբ:

Ժամանակին հայ վաճառականները Չինաստանից մետաքս, կերպաս, ճենապակի և զանազան այլ չնաշխարհիկ բաներ էին բերում Հայոց աշխարհ, և, ըստ մի քանի հայկաբանների, եթե ուսումնասիրենք «չնաշխարհիկ» բառի ծագումնաբանությունը, ապա կտեսնենք, որ այն նշանակում է` «չինական աշխարհից»: Ինչ-որ արտասովոր կամ զարմանահրաշ բան տեսնելիս հաճախ արտաբերում ենք «չնաշխարհիկ է» արտահայտությունը: Այդպես ցանականում ես բացականչել նաև այս գիրքը կարդալիս: Չինական խոսքն ընդհանրապես ինքնին աֆորիզմ է` իրենց գրավոր խոսքի` հիերոգլիֆների պես, և կոնֆուցիականության ու դաոսիզմի հիմնադիրները` Կոնֆուցիոսը և Լաո Ցզին էլ են արտահայտվել կարճառոտ-խորիմաստ ասույթներով:

Ինչպես Նարեկացին մի հրաշալի հուշակոթող է հայ և համաշխարհային գրականության պատմության մեջ, այնպես էլ Լաո Ցզիի տրակտատն է յուրահատուկ, իր խորությամբ անչափելի ու հրաշակերտ մի ստեղծագործություն, որը ցույց է տալիս մարդուն շատ հասարակ ու պարզ ուղի` դեպի կատարելություն տանող: Տրակտատի յուրաքանչյուր տողը մի աֆորիզմ է, որն օգնում է մարդուն թափանցել իմաստության խորքերը և մի փոքր այլ, ոչ սովորական, առօրյա կյանքի հորձանուտից կտրված հայացք նետել կյանքին, մարդկային էությանը, մարդկային կարողություններին և դեպի բարձրի ու վեհագույնի հանդեպ ի ծնե մարդու հետ եկող բնական ձգտմանը…

Լաո Ցզին, ինչպես Նարեկացին, եղել է իր ժամանակի մեծագույն մարդկանցից մեկը: Լաո Ցզիի մասին տեղեկություններ քիչ կան: Նա ծնվել է մ.թ.ա. մոտ 604 թվականին, Չու թագավորությունում, Լի տեղանքում, Ցյույ Ժեն գյուղում: Լաո Ցզի բառը թարգմանաբար նշանակում է Ծերունի Ուսուցիչ: Նրան տրվել է լաո մականունը, քանի որ մայրը նրան 81 տարեկանում է ծննդաբերել, իսկ երեխան ծնվել է սպիտակահեր: Այստեղից էլ`Լաո` ծերուկ, ծերունի անվանումը:

Նրա իսկական անունն է Լի Էռ: Մայրը նրան Լի անունով է կնքել, քանի որ երեխան ծնվել է Լի ծառի տակ (լի` սալորենի) և Էռ, քանի որ մեծ ականջներ ուներ, ինչը Չինաստանում համարվում է իմաստության նշան (Էռ` երկարականջ): Նրա հիմնական աշխատությունը «Դաո Դե Ցզին» տրակտատն է: Հիմնականում այս աշխատությունն է ընկած դաոսիզմի հիմքում: Լեգենդի համաձայն` երբ աշխարհից խռոված` Լաո Ցզին գնում է անտառում մեկուսանալու, հանդիպում է մեկին, ով ճանաչելով մեծ իմաստունին` խնդրում է մարդկանց գոնե ինչ-որ գիրք թողնել: Եվ Լաո Ցզին նրան է տալիս 5000 տառանոց գիրքը` «Դաո Դե Ցզինը»:

Լաո Ցզին իր աշխարհիկ կյանքի ընթացքում, մինչև մարդկանցից մեկուսանալը, աշխատել է Չժոուսյան պալատի պետական արխիվում` որպես արքայական գրադարանի գլխավոր պահապան: Երբ Չժոու դինաստիան թուլանում է, անցնում է այլ ծառայության, հետո հեռանում պետական ստրուկտուրայից և մեկուսանում: Երկար մտորումների արդյունքում էլ ծնվում է Դաո ուսմունքը: Դաո հիերոգլիֆը կազմված է երկու իմաստից` գլուխ և քայլել, այդ իսկ պատճառով այն թարգմանվում է ճանապարհ, ուղի, բայց հետագայում կոչվում է նաև օրենք, կանոն, որը նույնացվում է ճշմարտության հետ, նաև ապրելակերպի ոճի, ձևի, կարգուկանոնի հետ:

Երբ ուսումնասիրում էի այս գիրքը, որը ստեղծվել է Ք. ծ. առաջ մոտավորոպես 6-րդ դարում, բազմիցս հանդիպեցի խոսքերի, ճշմարտությունների, որոնք մի փոքր այլ ձևակերպմամբ գրված են Աստվածաշնչի տարբեր գրքերում: Այստեղից էլ կարելի հետևություն անել, որ թեև չինական կրոնը, մտածելակերպն ու ավանդույթները բոլորովին այլ են, քան քրիստոնեական ողջ աշխարհինը, սակայն մարդու` կատարելությանը հասնելու ճանապարհը, մարդու ինքն իր մեղքի բնույթից ազատագրվելու ու հոգեպես կայուն, հանգիստ ու կայացած մարդ դառնալու ուղին գրեթե նույնակերպ է: Փիլիսոփայական մտքի առումով ամբողջապես նույնն է, տարբեր է միայն ձևը, ֆիզիկական մոտեցումը, մարմնական մոտեցումը: Այսինքն` եթե Սիդհարթա Գաութաման (հետագայում ժողովուրդը կոչել է Բուդդա) հասնում է Նիրվանային (Սամադհի)` վերին օրհնությանը, ժխտելով այն, որ ազատագրությանը կարելի է հասնել միայն ասկետական կյանք վարելով, մանտրաների, մուդրաների, տարբեր տիպի ծոմապահության միջոցով, ինչպես գրված է Ինդուիստական հնագույն գրքերում` Վեդանտաներում, Ուպանիշադներում և այլն, ապա քրիստոնեության մեջ Հիսուս Քրիստոսը, հին օրեքին դեմ կանգնելով, ուսմունքի շարունակություն է առաջարկում և Նոր Կտակարանում առաջարկում է այլ մոտեցում ապաշխարությանը` ամենաանկեղծ աղոթքով կարելի է մեղքերից ազատագրվել, և մկրտվելով Հոգով ու Ջրով` կարելի է հասնել կատարյալ երջանկության:

Փաստորեն այս երկու ուսմունքի մեջ տարբեր են ճանապարհները, բայց արդյունքի մեջ ոչ մի տարբերություն չկա, գլխավոր է համարվում Ազատագրումը մարմնավոր կապանքներից: Այդ բոլորը մարդուն միայն հանգեցնում են նիրվանայի վիճակին, որը մենք` հայերս, և քրիստոնյա ողջ աշխարհը անվանում ենք ընդամենը մի բառով` վերին կամ երկնային օրհնություն, ինչն էլ մարդուն տալիս է հոգեկան հանգիստ, հավասարակշռվածություն, արարքներին իշխելու, դրանք ուղղորդելու, խելամտորեն վարվելու կարողություն և շատ ու շատ այլ առավելություններ` սովորական մահականացուի համեմատությամբ:

Ուրեմն ի՞ նչ է դաոսիզմը: Դաոսիզմը ոչ կրոն է, ոչ փիլիսոփայություն, ոչ հոգեբանություն և ոչ էլ գիտություն: Այն ավելի շուտ ուսմունք է, որը նշում է Ուղին: Սակայն Դաոյի բացատրությունը շատ ավելի խորն է և մինչև անգամ կարելի է ասել`անբացատրելի: Ինչպես Լաո Ցզին է ասում.

Ես չգիտեմ նրա անվանումը, այդ պատճառով կոչում եմ` Դաո…
…Անվանակոչված Դաոն իրական Դաո չէ:
Անվանակոչված անունը իրական անուն չէ:

Տիեզերական եսի հետ մեկվելը, Գոյից, Գոյությունից Անգոյության հասնելը նույնպես կոչվում է Դաո: Դաոն ամեն ինչ է, ամեն ինչն է, բայց միևնույն ժամանակ Ոչինչն է: Այն ամենաբարձրը լինելով ամենացածրն է: Ամենամեծը լինելով ամենափոքրն է, ամեն ինչը լինելով` մնում է որպես ոչինչ: Միայն նրանք, ովքեր հասնում են կատարելության, կարող են հասկանալ, թե իսկապես ինչ է նշանակում Դաո, այսինքն` հասկանալ, որ կատարյալ լինելով իսկ կատարյալ չեն, պետք է ազատագրվել անգամ կատարելությունից:

Դաոն ընդմիշտ անգոյության մեջ է,
Այն անփոփոխ է և անանուն:
Չնայած պարզունակ է ու փոքր,
Բայց Երկնքի տակ ոչ ոք չի կարող ղեկավարել նրան:
Մեծ Դաոն ընդգրկուն է և տարածված է թե աջ, թե ձախ:
Բոլոր արարածները նրան են ապավինում,
Իսկ Նա արարում է ու չի հրաժարվում նրանցից,
Եվ հասնելով հաջողության` մնում է անհայտ:
Նա հագցնում ու կերակրում է բազում արարածների,
Բայց չի ղեկավարում նրանց, չի բռնանում:
Ընդմիշտ ազատ է ցանկություններից
Եվ կարող է կոչվել նաև Փոքրագույն:
Բազում արարածներ վերադառնում են նրա մոտ,
Այդ իսկ պատճառով կարող է կոչվել Մեծագույն:
Ու քանի որ ինքն իրեն Մեծագույն չի համարում,
Նրան հաջողվում է հասնել Մեծության:

Եթե զուգահեռ անցկացվի Չան Բուդդիզմի հետ ( Չան նշանակում է մեդիտացիա, մտորում կամ խորհել, աղոթք. սա Չինաստանում տարածված բուդդիզմի մի տեսակ է, որի հիմնադիրն է Բոդհիդհարման և այն չինական մարտարվեստի հետ միաձուլված է ), ապա կտեսնենք, որ այս կրոնի հետևորդները մեծ նշանակություն են տալիս արտաքին, ֆիզիկական վարժություններին, որոնց միջոցով փորձում են իրենց հոգու ներքին վիճակը կայունացնել, հոգին մարզել, այնուհետև հասնել Սամադհիին, այսինքն`մեդիտացիայի ամենաբարձր աստիճանին, կատարյալ ազատագրմանը, հանգստին: Չան Բուդդիզմում, ինչպես Բուդդիզմում, ամեն ինչ դասակարգված է, ամեն մի աստիճանն ունի հարյուրավոր ենթաստիճաններ, սակայն տարբերվում է Բուդդիզմից այն բանով, որ ավելի շատ է ուշադրություն դարձվում ֆիզիկական, մարտական պրակտիկային, փորձառությանը: Եվ դա բացատրվում է հետևյալ կերպ`միայն ֆիզիկական, մարտական բարդ ճանապարհ անցնելով անհատը կարող է կատարելապես մշակվել: Այդպես նա պատրաստի հումք է դառնում հոգևոր վարժանքների համար: Ի տարբերություն այս կրոնի` դաոսիզմը ֆիզիկական և հոգևոր վարժանքները զուգահեռ է կիրառում`պատճառաբանելով, որ մարդիկ հոգևոր տարբեր աստիճանների վրա են գտնվում: Ավելի բարձրում գտնվողը քայլ է գցում առաջ, ոչ թե նորից իջնում, հասնում սկզբին, հիմքին ու նորից սկսում բարձրանալ դեպի Կատարյալ Ազատագրումը: Դաոսիզմը հոգևոր վիճակների բարդ դասակարգում չունի, այստեղ ավելի գնահատվում է նպատակին հասնելը, ոչ թե այդ նպատակին անվանումներ տալը և ճանապարհը` ուղին, ավելորդ ծանրաբեռնելը: Իսկ բուդդիզմը անվանումները կարևորում է, քանի որ գտնում է, որ անհատն այդպես չի խառնի ոչ մի բան, նա կհետևի կոնկրետ ճանապարհի, որպեսզի հետագա բարդություններ չառաջանան: Իսկ դաոսիզմը ավելի ազատ ուսմունք է և ավելի հարմար է լայն շրջանակների համար: Մինչև օրս Չինաստանի այգիներում ու փողոցներում կարելի է տեսնել հոծ բազմություն, ովքեր զբաղվում են դաոսիստական ֆիզիկական վարժություններ կատարելով` Տաոներ (Տայ Չի, Բա Գուա, Սին Ի և այլն ): Մինչդեռ չանբուդդիստական տեխնիկան հետևորդների կողմից մինչև օրս գաղտնի է պահվում, քանի որ ոչ բոլորը կկարողանան անցնել ֆիզիկական վարժանքների այդ դաժան ճանապարհով:

Երբ զուգահեռներ ենք անցկացնում դաոսիզմի և քրիստոնեության միջև, ապա տեսնում ենք , որ սկզբունքորեն շատ բան է ընդհանուր: Օրինակ այն, որ Դաոն անբացատրելի է. նույն ձևով անբացատրելի է Աստված: Երբ Աստված հայտնվում է Մովսեսին, Մովսեսը նրան հարցնում է. « Ի՞նչ է քո անունը»: Աստված պատասխանում է. « Քեզ ի՞նչ իմ անունը, Ես եմ, որ Եմ» (այսինքն` Եհովա, Եհովա նշանակում է ես եմ, ես անանուն եմ):

Կամ Քրիստոսի այն խոսքը, որ հետինները կամ վերջինները առաջին են դառնալու, Լաո Ցզիի մոտ էլ ենք հանդիպում. «Եթե ցանկանում ես, որ մարդիկ գան քո հետևից, գնա նրանց հետևից»:

Այն, որ ունայնության մեջ ապաշխարություն կա և ապաշխարության մեջ` փրկություն, խաղաղություն, տեսնում ենք նաև դաոսիզմի հիմքում:

Երբ Քրիստոսին հարցնում են, թե ինչ է պետք երկնքի արքայություն մտնելու, այն ժառանգելու համար, նա պատասխանում է, որ առաջին հերթին հարուստն իր ունեցվածքը պիտի բաժանի աղքատներին: Նմանատիպ տողեր մենք տեսնում ենք նաև «Դաո դե Ցզինում».

Ի՞նչն է թանկ, հարստությո՞ւնը, թե՞ կյանքը…

Լաո Ցզին իր ուսումնասիրություններում հանգում է անգամ Երրորդության գաղափարին`որպես Եռյակ, Անանուն աստված.

Դաոից է մեկը, մեկից` մյուսը, մյուսից` երրորդը.
Երեքն արարում են ամենը…

Իսկ Նարեկացին գրում է.

Եռյակ անձնավորություն` համակ անքնին,
Հատուկ առանձնացումով տրոհված անձեր,
Բայց միավորված համազուգությամբ,
Նույնագո բնությամբ տիրապես, անշփոթ և անանջրպետ
Միևնույն կամքով և գործակցությամբ:
Ոչ մեկը մյուսից ավագագույն չէ,
Եվ ոչ մի ակնթարթ նույնիսկ մեկ-մյուսից նվազ երբևիցե,
Այլ իբրև պատճառ երկնային սիրո անստվեր լույսի, հայտնված մեր մեջ,
Սրբասացության միակ պսակով` անսկզբնաբար աստվածաբանված:

Այո, ընդհանուր շատ բաներ կարելի է գտնել նաև Նարեկացու «Մատյան ողբերգության» և այս գրքի միջև: Երկուսն էլ համաշխարհային պատմության մեջ հանճարեղ անձանց գլուխգործոցներ են, ովքեր մտածում են ոչ միայն անձնական երջանկության մասին, այլև ողջ մարդկության մասին: Նրանք երկուսն էլ ցույց են տալիս այն ճանապարհը, որը մարդուն դարձնելով կատարյալ` նրան երջանիկ կդարձնի: Համամարդկային մարդասիրությունն ուղղակի ակնհայտ է երկուսի տողերում էլ: Երկուսն էլ ներթափանց հայացքով մինչև վերջ տեսնում են մարդկային էությունը: Երկուսն էլ փորձում են օգնել մարդուն: Եթե Լաո Ցզիի մոտ Դաոն է համարվում մեծագո Էություն, ապա Նարեկացու մոտ այդ նույնը կոչվում է Աստված: Լաո Ցզին գրում է.

Մեծագույն Ձայնը միշտ չի լսվում,
Մեծագույն Էությունը չունի կերպարանք,
Դաոն գաղտնի է և անանուն…
Իսկ Նարեկացին իր մատյանում այսպես է գրում.
Քոնն են չափերն անչափելի,
Դու ես սկիզբն ու վերջը:
Սրտմտության խավարը երբեք չի ստվերում լույսը քո ողորմության,
Քանզի լինելով ինքդ մտքից վեր` զերծ ես դու նաև որևէ ախտից…

Այսպես անվերջ կարելի է զուգահեռներ և համեմատություններ անցկացնել այս երկու ստեղծագործությունների միջև: Ու համոզվել, որ կան ստեղծագործություններ, առանց որի մարդկությունն ուղղակիորեն կզրկվեր հոգևոր մեծ պաշարից…

Ցավում եմ, որ ինքս չեմ տիրապետում չիներեն լեզվին և չեմ կարող անմիջապես բնագրից կատարել թարգմանությունը, բայց և շատ եմ ուզում, որ մարդիկ կարդան նաև Լաո Ցզիի` ողջ մարդկությանը տված այս նվերը` Դաո Դե Ցզինը…

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.