«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 27

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Տեքստային փոփոխականներ: Տեքստերի հետ աշխատանքի ֆունկցիաներ և պրոցեդուրաներ»

Լուսինե Մանուկյան
«Լաո Ցզի: Դաոսիզմ. փիլիսոփայությո՞ւն, թե՞ …»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Ռիչարդ Բախ
«Ողջույն»

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են ադրբեջանցիները և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Լաո Ցզի
«Դաո Դե Ցզին»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Բարով եկար, սիրուն մեդիա»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ


Մարիա Մոնտեսորի

Երեխայի տունը

սկիզբը

Զգացողությունների  դաստիարակում

Փորձարարական մանկավարժության բնագավառում զգացողությունների դաստիարակմանը անշուշտ հատուկ կարևոր նշանակություն պիտի տալ: Չէ՞ որ փորձարարական հոգեբանությունը ևս օգտվում է հատկապես զգայականության չափումներից (էսթեզիոմետրիա): Սակայն մանկավարժությունը, թեև օգտվում է հոգեչափումներից, բայց իր խնդիրը ոչ թե զգացողությունների չափումն է համարում, այլ զգացումների դաստիարակումը. այս պարզ տարբերությունը հաճախ վրիպում է մանկավարժների ուշադրությունից:

Այն դեպքում, երբ զգացողությունների չափման հնարքները  փոքր երեխաների համար  լայնորեն կիրառելի չեն, նրանց զգացողությունների դաստիարակությունը լիովին հնարավոր է: Աստեղ մեր ելակետը փորձարարական հոգեբանության հետևությունները չեն:  Այլ խոսքով` մեր դաստիարակչական հնարքները բոլորովին էլ երեխայի տարիքի հետ կապված զգացողությունների միջին ընկալունակությունը գիտենալով չեն որոշվում:  Հիմնականում մեր ելակետը մեթոդն է. և հնարավոր է նույնիսկ, որ հենց հոգեբանությունը կարող է իր եզրահանգումները  կատարել մանկավարժությունից, որն ավելի ընդունելի է, քան հակառակը: Իմ մեթոդը հետևյալն է. ես ինչ-որ դիդակտիկ նյութով փորձ եմ անում և սպասում եմ երեխայի անմիջական, ինքնաբուխ արձագանքին: Այս մեթոդը բոլոր առումներով նման է փորձարարական հոգեբանության հնարքներին:

Ես օգտվում եմ մի դիդակտիկ նյութից, որն առաջին հայացքից կարելի է շփոթել զգայաչափության նյութի  հետ: Պիցոլիի (փորձնական հոգեբանության դպրոց) դասընթացն անցած միլանցիի ուսուցչուհիներն իմ դիդկատիկ նյութի մեջ լույսի, տարածության  և ճնշման զգացողության չափման գործիքներ տեսան և եկան այն եզրակացության, որ ըստ էության ես ոչ մի նոր բան չեմ ներդրել մանկավարժության մեջ, որ այդ գործիքները, իբր, մինչ այդ էլ հայտնի էին իրենց...

Այնինչ այդ գործիքների և իմ դիդակտիկ նյութի մեջ հսկայական տարբերություն կա:   Էսթեզիոմետրիկ գործիքները չափելու հնարավորություն են տալիս, այնինչ իմ  առարկաները, հակառակը, հաճախ հնարավորություն չեն տալիս ինչ-որ բան չափելու, դրանք հարմարեցված են նրան, որ ստիպեն վարժել զգացողությունները:

Այդ մանկավարժական նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ոչ թե հոգնեցնել, այլ հետաքրքրել երեխային: Ահա թե որն է համապատասխան դիդակտիկ նյութ ընտրելու դժվարությունը: Ինչպես հայտնի է, զգացողությունները չափելու գործիքները հոգնեցնող են, այդ պատճառով Պիցոլին, փորձելով դրանցից մի քանիսն օգտագործել զգացողությունների  դաստիարակության համար, նպատակին չհասավ, որովհետև երեխան հոգնում և ձանձրանում էր:

Դաստիարակության նպատակը ուժերը զարգացնելն է

Հոգեչափական գործիքները կամ, ավելի ճիշտ, էսթեզիոմետրիայի, զգացմունքայնության չափման սարքերը պատրաստվում են դիֆերենցիալ հերթականությամբ ըստ Վեբերի օրենքների, որոնք հաստատվել են մեծերի վրա կատարված փորձերի միջոցով: Իսկ փոքր երեխաների հետ աշխատելիս պետք է սկսենք փորձելուց, ինքներս պետք է ընտրենք դիդակտիկ նյութերը, որոնց նկատմամբ երեխաները հետաքրքրություն են ցուցաբերում: Ես այդպես էլ վարվել եմ «Երեխայի տան» առաջին տարվանից` նկատի ունենալով ամենատարբեր խթաններ, որոնք արդեն փորձարկել էի հետ մնացող երեխաների դպրոցում:

Հետ մնացող երեխաների համար օգտագործվող նյութերի մեծ մասը այդպես էլ չօգտագործվեց նորմալ երեխաների համար, շատ նյութեր էլ ստիպված եղանք էականորեն փոփոխել: Կարծում եմ, որ զգայությունների գործնական դաստիարակության համար ինձ հաջողվել է անհրաժեշտ առարկաների ճիշտ ընտրություն կատարել (դրանք չեմ անվանի «խթանող» տեխնիկական տերմինով): Այդ առարկաներն էլ հենց կազմում են դիդակտիկ համակարգը կամ մեզանում ընդունված դիդակտիկ նյութերի ամբողջությունը. դրանք պատրաստվում են Միլանի հումանիտար ընկերության արհեստանոցում:

Ես կնկարագրեմ դիդակտիկ նյութը՝ միաժամանակ բացատրելով դրա դաստիարակչական խնդիրները, իսկ այստեղ կբավարարվեմ մի քանի ընդհանուր դատողություններով:

1. Աստիճանակարգավորված խթաններից կազմված դիդակտիկ նյութի նկատմամբ հետ մնացող և նորմալ երեխաների վերաբերմունքի տարբերությունը: Այդ տարբերությունը որոշվում է այն փաստով, որ նույն դիդակտիկ նյութը հնարավոր է դարձնում հետ մնացող երեխաների դաստիարակությունը, իսկ նորմալ երեխաներին մղում է ինքնադաստիարակության: Սա ամենահետաքրքիր փաստերից մեկն է, որ իմ ամբողջ փորձի ընթացքում հանդիպել է. դա ոգեշնչել է ինձ և հնարավոր դարձրել դիտարկման և ազատության մեթոդը: Պատկերացնենք, վերցրել ենք առաջին առարկան` փայտե չորսուն, որի մեջ երկրաչափական մարմիններ են դրվում: Չորսուի բնիկներին համապատասխան 10 փոքրիկ փայտե գլան է դրված, որոնց հիմքի տրամագիծը գնալով փոքրանում է մինչև 2 մմ: Խաղի էությունն այն է, որ գլանները հանում են բնիկներից, դնում սեղանին, խառնում, իսկ հետո կրկին դնում չորսուի մեջ՝ իրենց տեղերը: Խաղի նպատակը տարբեր չափերի ընկալմանն աչքը սովորեցնելն է: Հետ մնացող երեխաների դեպքում այսպիսի վարժությունը պետք է սկսել ավելի պարզորոշ խթաններով, իսկ խաղը պետք է խաղալ վարժությունների շարք շարքից հետո: Իսկ նորմալ երեխաների դեպքում սա առաջին առարկան է, որ պետք է նրանց ցույց տալ: Դիդակտիկ նյութերի ամբողջ բազմազանության մեջ աա ամենահարմար խաղն է 2,5-3,5 տարեկանների համար: Հետ մնացող երեխայի հետ վարժությունների ժամանակ անհրաժեշտ է անընդհատ ու լարված կենտրոնացնել նրա ուշադրությունը, ստիպել, որ նայի չորսուին, ցույց տալ գլանները: Եթե երեխային հաջողվում է բոլոր գլանները ճիշտ տեղը դնել, նա կանգ է առնում, և խաղը դադարում է: Եթե հետ մնացող երեխան սխալ է արել, անհրաժեշտ է եղել շտկել կամ համոզել, որ ուղղի իր սխալը, և եթե անգամ կարողացել է անել, սովորաբար այդ փաստի նկատմամբ լիակատար անտարբերություն է ցուցաբերել: Իսկ  նորմալ երեխան, հակառակը, այրվում է խաղի նկատմամբ աշխույժ հետաքրքրությունից: Նա հեռու է վանում բոլոր նրանց, որ փորձում են իրեն օգնել, ցանկանում է մեն-մենակ մնալ իր խնդրի հետ:

Արդեն նշել էինք, որ 2-3 տարեկան երեխաները տարբեր մանր իրերը հաճույքով հավաքում են, և նկարագրված փորձը ապացուցում է այդ դիտարկումը:

Նորմալ երեխան, և դա շատ էական է, ուշադիր հետազոտում է անցքերի ու այն առարկայի մեծության հարաբերությունը, որ պետք է դնել բնիկի մեջ, և շատ է հետքրքրվում խաղով, որի մասին վկայում է նրա դեմքի արտահայտությունը: Եթե առարկաներից մեկը իր համար փոքր բնիկի մեջ դնելով՝ սխալվում է, ապա կհանի և կփորձի անհրաժեշտ անցքը փնտրել: Եթե հակառակ բնույթի սխալ է անում, այսինքն՝ գլանը մեծ բնիկի մեջ է դնում, և հաջորդ գլանները դնում է իրենց համար մեծ բնիկներում, ապա ի վերջո ձեռքում կմնա մի մեծ գլան, իսկ ամենափոքր բնիկը դատարկ կմնա: Մեր դիդակտիկ նյութն ամեն մի սխալը վերահսկում է: Երեխան տարբեր կերպ ինքն իրեն ուղղում է: Ամենից հաճախ շոշոփում է գլանները կամ ծանր ու թեթև անում, որ իմանա, թե դրանցից որն է ամենամեծը: Երբեմն արագ նկատում է, թե որն է սխալը, գլանը դուրս է հանում անհամապատասխան բնիկից և տեղը ուրիշ գլան դնում: Նորմալ երեխան չթուլացող հետաքրքրությամբ միշտ անում է այս վարժությունը:

Դիդակտիկ նյութի դաստիարակչական նշանակությունը հենց այս սխալների մեջ է. եթե երեխան ակնհայտ վստահությամբ յուրաքանչյուր գլանն իր տեղն է դնում, ուրեմն մեծացել է այս խաղի համար, և այս նյութն արդեն նրա համար օգտակար չէ: Նման ուղղումները ստիպում են երեխային ուշադրությունը կենտրոնացնել չափսերի տարբերության վրա և համեմատել այդ տարբերությունները: Հենց այս համեմատություններն էլ հոգեսենսորային վարժություններ են:

Այստեղ խնդիրը առարկաների միջոցով չափսերը ճանաչելը չէ. ինչպես նաև չենք ձգտում երեխային սովորեցնել առանց սխալվելու օգտագործել իրեն տրված նյութը և վարժությունները լավ կատարել: Դա մեր դիդակտիկ նյութը շատ ուրիշների, օրինակ՝ ֆրոբելյան նյութերի հետ մի հարթության վրա կդներ. ուսուցչուհու ակտիվ աշխատանք պետք կլիներ, որը ձգտում է գիտելիք հաղորդել և շտապում է յուրաքանչյուր սխալ ուղղել այնպես, որ երեխան կարողանա հասկանալ առարկաների նշանակությունը:

Այնինչ, հակառակը, կարևորը հենց իր՝ երեխայի աշխատանքն է, կարևոր է, որ ինքնույն սովորի, իր սխալները ինքնույն ուղղի: Ուսուցչուհին պիտի բոլորովին չմիջամտի: Ոչ մի ուսուցչուհի չի կարող հաղորդել այն ճարպկությունը, որ ձեռք է բերվում մարմնամարզական վարժությունների արդյունքում. անհրաժեշտ է, որ սովորողն ինքնուրույն, իր ուժերով կատարելագործվի: Նույն բանը կարելի է ասել զգացմունքերի դաստիարակության մասին: Կարող ենք ասել, որ այս դրույթն արդարացի է դաստիարակության բոլոր ձևերի վերաբերյալ. մարդն այնպիսին է, ինչպիսին կա ոչ թե իր ուսուցիչների շնորհիվ, այլ այն բանի շնորհիվ, թե ինչ ինքը սովորել է անել: Հին դպրոցի ուսուցիչների հետ այս մեթոդն իրականացնելը շատ դժվար է, ընդ որում այն պատճառով, որ նրանք չեն կարող ձեռնպահ մնալ միջամտելուց, երբ երեխային սխալը շփոթեցնում է, և նա, շրթունքները սեղմած և ունքերը կիտած, ջանում է ուղղել: Նրան նկատելով՝ հին դպրոցի վարժուհին խղճահարության և երեխային օգնելու անզուսպ ցանկությամբ է համակվում: Երբ վարժուհուն կասեցնում ենք, նա անսահման խղճում է երեխային, այնինչ երեխայի դեմքի երջանիկ ժպիտը ակնհայտ ցույց է տալիս, թե ինչ հաճույքով է հաղթահարում դժվարությունը:

Նորմալ երեխաները, իրենց անհատական առանձնահատկություններից կախված, այդպիսի վարժությունները շատ են կրկնում: Որոշ երեխաների վարժությունը հինգ կամ վեցերորդ անգամից արդեն ձանձրացնում է, մյուսները մի քսան անգամ առարկաները հանում-դնում են` բացահայտ հետաքրքրքություն ցուցաբերելով: Մի անգամ արդեն տասնվեց անգամ վարժությունը անող չորսամյա մի տղայի հետևելիս նրա մյուս երեխաներին խնդրեցի երգել, որ ուշադրությունը շեղվի, բայց նա տեղից էլ չշարժվեց, շարունակեց տեղերից հանել գլանները, խառնել և կրկին իրենց տեղերը դնել:

Այդ ընթացքում մտավորական ուսուցչուհին կարող է անհատական հոգեբանությանը վերաբերող հետաքրքիր դիտարկումներ անել և չափել տարբեր խթանների նկատմամբ ուշադրության դիմադրությունը: Եվ իրոք, քանի որ երեխան ինքն է իրեն դաստիարակում, իսկ հսկումն ու ուղղումը դիդակտիկ նյութում են տրված, ուսուցչուհու գործը մնում է միայն հետևելը: Այժմ արդեն նա ավելի շատ հոգեբան է, քան դասավանդող, և ուսուցչի գիտական պատրաստվածության անհրաժեշտության ապացույցը դա է:

Իմ մեթոդով ուսուցչուհին քիչ է սովորեցնում է և շատ դիտարկում է: Իսկ նրա գլխավոր նպատակը երեխայի հոգեկան և ֆիզիկական գործունեությունը ուղղորդելն է: Այդ պատճառով ես «ուսուցչուհի» բառը փոխարինել եմ «տնօրինուհի», «ղեկավարուհի» բառերով: Սկզբում դա ժպիտ էր առաջացնում. ինձ հարցնում էին` ո՞ւմ է ղեկավարում ուսուցչուհին, եթե նա սովորական պատկերացմամբ աշակերտներ չունի և իր սաներին լիակատար ազատություն է տալիս: Սակայն նրա ղեկավարությունը շատ ավելի բարդ ու կարևոր է, քան սովորաբար պատկերացնում են. չէ՞ որ նա երեխայի կյանքն ու հոգին է ղեկավարում:

2. Զգացողությունների դաստիարակության նպատակը կրկնվող վարժությունների միջոցով խթանների տարբեր ընկալումները զարգացնելն է: Գոյություն ունի «սենսորային կուլտուրա», որին սովորաբար ուշադրություն չեն դարձնում, բայց որը կարևոր գործոն է էսթեզիոմետրիայի մեջ:

Այսպես, օրինակ, մտավոր ունակությունները չափելու համար Ֆրանսիայում գործածվող կամ դե Սանկտիսի հաստատած՝ օժտվածության աստիճանը որոշող սարքերի մեջ հաճախ օգտագործվում էին տարբեր հեռավորության վրա դրված տարբեր չափսերի խորանարդիկներ: Երեխան պիտի ընտրեր ամենափոքր և ամենամեծ խորանարդները, իսկ ժամանակաչափերը որոշում էին կատարման ժամանակը` առաջադրանքի և նրա կատարման միջև եղած ժամանակը. հաշվի էին առնվում նաև սխալները:

Կրկնում եմ, որ նման վարժությունների ժամանակ մոռացվում է սենսորային կուլտուրայի գործոնը: Մեր երեխաները մյուս դիդակտիկ նյութերի թվում նաև տասը խորանարդիկների հավաքածու ունեն: Առաջինի կողը 10սմ է, մյուսների կողերը աստիճանաբար պակասում են 1ական սմ-ով, այնպես որ վերջին խրանարդիկի հիմքը 1սմ է: Վարժությունը այդ բաց վարդագույն ներկված փայտիկները կանաչ գորգին նետելն է. հետո աշտարակ է կառուցվում պատրաստում. հիմքում մեծ խորանարդն են դնում, դրա վրա՝ ըստ մեծության հաջորդը, ամենավերևում 1 սմ-անոց խորանարդը:

Գորգի վրա թափված խորանարդիկներից երեխաները ամեն անգամ պետք է ամենամեծը վերցնեն: Այս խաղը ամենից շատ հետաքրքրում է 2,5 տարեկաններին: Աշտարակը պատրաստելուց հետո նրանք թաթիկի մի հարվածով քանդում են և հիանում գորգին թափված վարդագույն առարկաներով: Հետո նորից են սկսում կառուցումը՝ բազմաթիվ անգամ արարելով և ավերելով: Եթե այդ դիդակտիկ նյութը տանք իմ 3-4 տարեկան երեխաներից մեկին և կրտսեր դպրոցի առաջին դասարանցու (յոթ-ութ տարեկան), ապա իմ սանը, անկասկած, այդ գործն ավելի արագ և անսխալ կանի. նույնը կարելի է ասել նաև ժամանակի զգացողության չափման մասին:

Փորձարարական հոգեբանության մասնագետները պետք է որ նկատի ունենային դաստիարակության այս մեթոդը: Եվ այսպես, մեր դիդակտիկ նյութը ինքնադաստիարակությունը հնարավոր է դարձնում և թույլ է տալիս զգացողությունների մեթոդական դաստիարակում: Այս դաստիարակությունը հիմնվում է ոչ թե ուսուցչուհու վարպետության, այլ դաստիարակչական համակարգի վրա: Ուսուցչուհին միայն ցույց է տալիս առարկաները, որոնք նախ և առաջ գրավում են երեխաների ուշադրությունը, և հետո` իրենց մեջ հետաքրքրությունների արդյունավետ աստիճանականություն են ներառում:

Զգացողությունների դաստիարակությունը պետք չէ շփոթել զգայարանների միջոցով ստացվող՝ շրջապատող միջավայրին վերաբերող որոշակի պատկերացումների հետ: Ճիշտ այդպես պետք չէ նաև այդ զգացմունքները նույնականացնել որոշակի հասկացության համապատասխանող բառացուցակի և առավել ևս վերացական կամ համադրված գաղափարների կառուցման հետ:

Հիշենք, թե ինչ է անում երաժշտության ուսուցիչը, երբ դաշնամուրի դաս է տալիս: Նա աշակերտին ցույց է տալիս մարմնի ճիշտ դիրքը, նոտաների հետ է ծանոթացնում, ցույց է տալիս գրված նոտայի և դաշնամուրի ստեղնի համապատասխանությունը, մատների դրվածքը, իսկ հետո աշակերտին հանձնարարում է վարժությունն ինքնուրույն կատարել: Եթե ուզում են, որ այդ աշակերտը դաշնակահար դառնա, ուսուցչի հանձնարարությունների և երաժշտական կատարման միջև մի երկար շրջան համբերատար կերպով մատների ճկունությունը զարգացնող վարժություններ պիտի կատարի. մկանների հատուկ շարժումները ավտոմատ պիտի դառնան, և հաճախ կրկնվող վարժությունների շնորհիվ ձեռքի մկանները պիտի ամրանան:

Ուստի դաշնակահարը ինքն իր համար պետք է աշխատի: Եվ հաջողությունը այնքան է մեծ, որքան մեծ է սերը երաժշտության նկատմամբ, որն էլ վարժություններ կատարելիս նրան դարձնում է ավելի համբերատար ու համառ. բայց առանց ուսուցչի ղեկավարության միայն վարժություններ կատարելով` առաջնակարգ դաշնակահար չես դառնա: «Երեխայի տների» տնօրինուհիները հստակ պատկերացում պիտի ունենան իրենց աշխատանքի երկու գործոնի`երեխայի ղեկավարման և անհատական վարժությունների վերաբերյալ: Միայն դա հստակ յուրացնելով` նրանք կարող են անցնել երեխայի ազատ դաստիարակության ղեկավարմանը և նրան անհրաժեշտ ընդհանուր պատկերացումներ հաղորդելուն: Երեխայի գործունեությանը միջամտելու Ճիշտ ժամանակն ու բնույթը որոշելն էլ հենց դաստիարակի անձնական արվեստն է:

Օրինակ, Prati di Castello-ի երեխայի տանը, որի սաները մանր բուրժուազիայի դասից են, այն բացելուց մի ամիս հետո մի հինգամյա տղայի տեսա, որն արդեն կարողանում էր բառեր կազմել, քանի որ կատարյալ գիտեր այբուբենը, որը սովորել էր 2 շաբաթում: Կարողանում էր սև գրատախտակին գրել, իսկ ազատ թեմայով նկարելիս հեռանկարի բնազդային իմացություն էր դրսևորել. հրաշալի տուն և սեղան էր նկարել:

Ինչ վերաբերում է գունային զգացողությունը վարժելուն, ապա նա ութ գույնի ութ երանգները խառնելուց հետո կարողանում էր հատուկ գույնի կամ երանգի մետաքսով փաթաթված 64 քարտի կույտը արագ բաժանել 8 խմբի: Դա անելուց հետո յուրաքանչյուր գույնի շարքը ճարպկորեն դասավորում էր երանգների հերթականությամբ: Այդ խաղը խաղալով՝ երեխան սեղանին կարծես նուրբ գուներանգներով փոքրիկ գորգ էր հավաքում:

Ես մի փորձ արեցի. նրան պատուհանին մոտեցնելով և սեղանին դրված գունավոր քարտերից մեկը ցույց տալով՝ խնդրում  ուշադիր նայել և հիշել գույնը: Հետո նրան ուղարկում էր սեղանի մոտ, որի վրա քարտեր էին դրված՝ նման այն մեկին, որին նայել էր: Նա աննշան սխալներ էր անում, սովորաբար ճշգրիտ ընտրում էր համապատասխան գույնը, հաճախ՝ ամենամոտ երանգը և շատ հազվադեպ՝ պահանջվածից երկու աստիճան հեռու երանգ: Նշանակում է՝ տղան շատ զարգացած գունազգացողություն ուներ: Բոլոր երեխաների նման, նա էլ գունային վարժություններ շատ էր սիրում: Բայց երբ հարցրի սպիտակ կույտի անունը, երկար ժամանակ տատանվում էր, մինչև որ անվստահ ասաց. «Սպիտակ»: Նման ընդունակ տղան առանց ուսուցչի միջամտության էլ կարող էր սովորել յուրաքանչյուր գույնի անունը:

Տնօրինուհին ինձ հայտնեց, որ, նկատելով, թե ինչ դժվարությամբ է երեխան հիշում գույների անունները, նրան գունազգացողությունը զարգացնող խաղեր քիչ է տալիս: Փոխարենը նա շատ արագ գրել կսովորի. դրա համար իմ մեթոդով երեխաները մի շարք խնդիրներ են լուծում, որոնք զգացողությունները զարգացնող վարժություններ են: Տղան անսովոր ընդունակ էր: Նրա տարբերելու զգացողությունը նույն մակարդակին էր, ինչ նրա մտավոր մեծ շնորհը՝ ուշադրությունն ու  դատողությունը: Բայց նա անունները վատ էր հիշում:

Տնօրինուհին որոշել է առայժմ չխառնվել տղայի գործին: Իհարկե, այդ երեխայի դաստիարակությունը ինչ-որ չափով անկանոն է եղել, և տնօրենը չափազանց մեծ ազատություն է տվել նրա մտավոր ունակությունների ինքնաբերաբար դրսևորմանը: Սակայն որքան էլ զգացողությունների դաստիարակությունը հասկացությունների հիման վրա անելը ցանկալի չէ, անհրաժեշտ է երեխային նախապես սովորեցնել խոսքն իր զգացումներին համապատասխանեցնել: Այդ առումով նորմալ երեխաների հետ մեծ հաջողությամբ անցա երեք փուլ, որոնցից ըստ Սենգենի պետք է կազմվի ցանկացած դաս:

1) Սենսորային ընկալումների զուգորդում անվանումների հետ: Օրինակ` մենք երեխային երկու գույն ենք ցույց տալիս` կարմիր և կապույտ: Ցույց տալով կարմիր գույնը` նրան ասում ենք. «Սա կարմիր է», իսկ կապույտը ցույց տալիս` «Սա կապույտ է»: Հետո մենք երեխայի աչքի առաջ լցնում ենք գունային կծիկները սեղանին:

2) Առարկայի ճանաչումը անունով: Երեխային ասում ենք. «Կարմիրը տուր»: Հետո ասում ենք. «Կապույտը տուր»:

3) Առարկայի անվանման մտապահում: Առարկան ցույց տալով՝ երեխային հարցնում ենք. «Ինչպիսի՞ն է»: Նա պիտի պատասխանի` կարմիր:

Սեգենը խստորեն պահանջում է հետևել դասի այս երեք փուլերին և խորհուրդ տալիս որոշ ժամանակ երեխայի աչքի առաջ թողնել առարկան: Նա նաև խորհուրդ է տալիս երեխային երբեք մի գույն ցույց չտալ, այլ միշտ միանգամից երկուսը, որովհետև հակադրութունը նպաստում է գույները մտապահելուն: Եվ իրականում ես համոզվել եմ, որ հետ մնացող երեխաներին գույները սովորեցնելու ավելի հեշտ միջոց չկա. այս հնարքի միջոցով հետ մնացող երեխաներն ավելի արագ սովորեցին գույները, քան սովորական դպրոցների երեխաները, որոնց զգացողությունների դաստիարակությանը հատուկ ուշադրություն չեն դարձնում: Բայց նորմալ երեխաների համար Սեգենի երեք փուլերին նախորդող մի փուլ գոյություն ունի՝ զգացողությունների իրական դաստիարակության փուլը. դա միայն ինքնադաստիարակության շնորհիվ ձեռք բերվող՝ տարբեր ընկալումների հստակության զարգացումն է:

Սա ցույց է տալիս նորմալ երեխայի հսկայական առավելությունը և այն հսկայական դաստիարակչական ազդեցությունը, որ նման մեթոդների կիրառումն ունենում է նորմալ երեխայի մտքի զարգացման վրա: Անվանումների ասոցացիան սենսորային խթանների հետ նորմալ երեխայի համար անսահման հաճույքի աղբյուր է: Հիշում եմ, թե ինչպես մի անգամ ընկած երեք տարեկանից փոքր, զարգացմամբ քիչ հետ մի աղջնակ երեք գույնի անուն սովորեց:

Երեխաներին խնդրեցի պատուհանի մոտ մի սեղան դնել, և նստելով բազկաթոռներից մեկին՝ աղջկան խնդրեցի նստել իմ աջ կողմում՝ նման մի բազկաթոռի: Իմ առջև սեղանին գունավոր 6 կծիկ էր դրված զույգ-զույգ` երկու կարմիր, երկու կապույտ և երկու դեղին: Սկզբից կծիկներից մեկը դրեցի նրա առջև և խնդրեցի գտնել դրա նմանը:

Դա ես արեցի բոլոր երեք գույնի համար՝ նրան օգնելով դրանք ճիշտ զույգերով շարել:
Դրանից հետո անցա Սեգենի երրորդ փուլին: Աղջիկը սովորեց տարբերել երեք գույները, արտասանել յուրաքանչյուրի անվանումը: Նա այնքան երջանիկ էր, որ երկար ժամանակ նայում էր ինձ, հետո սկսեց պարել, թռվռալ: Նրա հրճվանքը տեսնելով`ժպտալով հարցրի նրան.
- Իսկ գույները գիտե՞ս:

Եվ նա, շարունակելով թռչկոտել, պատասխանեց` այո, այո: Նրա հիացմունքին սահման չկար. թռչկոտում էր իմ շուրջը` խնդագին սպասելով հարցի, որին հրճվանքով պատասխանում էր` այո, այո:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աիդա Պետրոսյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.