«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 27

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Տեքստային փոփոխականներ: Տեքստերի հետ աշխատանքի ֆունկցիաներ և պրոցեդուրաներ»

Լուսինե Մանուկյան
«Լաո Ցզի: Դաոսիզմ. փիլիսոփայությո՞ւն, թե՞ …»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Ռիչարդ Բախ
«Ողջույն»

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են ադրբեջանցիները և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Լաո Ցզի
«Դաո Դե Ցզին»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Բարով եկար, սիրուն մեդիա»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ


Վոլտեր

Բաբելոնի արքայադուստրը

11-րդ գլուխ

9-10-րդ գլուխներ

Նրա ուղեկցողների համար շատ հեշտ էր արքայադստերը հետևելը. ամենուր միայն նրա մասին էին խոսում ու նրա հսկայական թռչունի։ Բոլոր բնակիչները նաև համակված էին բարձր էնտուզիազմով։ Դալմացիայի ժողովուրդները և Անկոնայի տարածաշրջանները դրա հետևանքով ավելի պակաս հաճելի ապշանք ապրեցին, երբ օդում թռչող տուն տեսան (նկատի ունի օդապարիկը)։ Լուարայի, Դորդոնայի, Գարոննայի և Ժիրոնդայի ափերին դեռ չեն լռել հրճվալից բացականչությունները։

Երբ Ամազանը հասավ Պիրենեյների ստորոտին, երկրի աստիճանավորներն ու դրուիդները ստիպեցին նրան հիանալու տամբուրաներով պարով։ Հենց թեքվեց Պիրենեյներից, անհետացան և ուրախություններն ու զվարճանքները։ Եթե նույնիսկ նրան հասնում էին երգի ձայներ, ապա դրանք տխուր հնչյուններ էին։ Բնակիչները քայլում էին ծանրաբարո, գոտկատեղերին տերողորմյաներ և դաշույններ էին կրում։ Ժողովուրդը սև էր հագած, ինչպես սգավորները։ Եթե Ամազանի ծառաները ինչ-որ բան էին հարցնում անցորդներին, նրանք նշաններով էին պատասխանում։ Եթե հյուրանոց էին մտնում, տերը նրանց մի-երկու բառով բացատրում էր, որ տունը դատարկ է, բայց կարելի է մարդ ուղարկել մի քանի մղոն հեռու գտնվող այն իրերի հետևից, որոնց կարիքը անվերապահորեն կա։

Երբ այդ լռակյացներին հարցնում էին, թե չեն տեսել արդյոք Բաբելոնի չքնաղ արքայադստերը, նրանք պատասխանում էին պակաս լակոնիկ.

- Այո՛, նրան տեսել ենք, նա բոլորովին էլ այդ աստիճանի գեղեցիկ չէ։ Միայն թխադեմներն են գեղեցիկ։ Նա բոլորին ցույց է տալիս ծեփի պես սպիտակ կուրծքը։ Իսկ դա ամենավատ բանն է աշխարհում, և մեր կողմերում համարյա չի հանդիպում։

Ամազանը մոտենում էր Բետիսով (Գվադալկվիվիրի հին անունը) ոռոգվող ավանին։ Տասներկու հազար տարուց ավելի չէր անցել այն ժամանակներից, ինչ այս երկիրը հայտնաբերվել է Տիրի բնակիչների կողմից, մի քանի դար հետո սուզված հսկայական Ատլանտիդա կղզու հատնաբերման հետ գրեթե միաժամանակ։ Տիրի բնակիչները մշակում էին Բետիկայի (Անդալուզիայի հին անունը) հողերը, որ այդ երկրացիները թողել էին անմշակ՝ հաստատելով, որ իրենք ոչ մի բանի չպիտի խառնվեն, և որ գալլերի՝ նրանց հարևանների գործն է իրենց հողը մշակելը։

Տիրի բնակիչներն իրենց հետ պաղեստինցիներ էին բերել, ովքեր այն ժամանակից ի վեր սփռվեցին բոլոր այն երկրներով, որտեղ հնարավոր էր փող աշխատել։ Այս պաղեստինցիները, փողը հիսունից հարյուր տոկոսով պարտք տալով, երկրի գրեթե ամբողջ հարստությունը կենտրոնացրել էին իրենց ձեռքում։ Սա Բետիկայի բնակիչներին ստիպել էր մտածել, թե պաղեստինցիները կախարդ են, և բոլոր նրանք, ում մեղադրել էին կախարդության մեջ, անխնա այրվել են դրուիդների ամբոխի կողմից, որ կոչվում էին «խուզարկու շներ» կամ «անտրոպոկայներ» (Վոլտերն այսպես է անվանում ինկվիզիտորներին)։ Այս հոգևորականներն ամենից առաջ դատապարտյալներին հագցնում էին դիմակահանդեսային տարազ, յուրացնում էին նրանց ունեցվածքը, հետո բարեպաշտորեն իրենց՝ պաղեստինցիների աղոթքներն էին կարդում՝ նրանց այրելով մեղմ կրակի վրա՝ «Հանուն Աստծո սիրո»։

Ֆարմազանտան եկավ մի քաղաք, որը հետագայում կոչեցին Սևիլիա։ Նա մտածում էր նավարկել Բետիսով, հետո Տիր գետով վերադառնալ Բաբելոն, նորից տեսնել հորը և, եթե ուժ ունենար, մոռանալ իր դավադիր սիրեկանին կամ դառնալ նրա կինը։ Նա հրամայեց իր մոտ ուղարկել երկու պաղեստինցու, որ պալատական բոլոր գործերով էլ զբաղվում էին։ Նրանք պետք է երեք նավ պատրաստեին իր համար։ Փյունիկը նրանց հետ պայմանավորվեց բոլոր մանրամասների մասին և, մի քիչ սակարկելով, համաձայնության եկավ գնի շուրջ։

Հյուրանոցի տիրուհին շատ բարեպաշտ էր, և նրա ամուսինը պակաս բարեպաշտ չէր։ Դրուիդների մոտ նա «մեր մարդն» էր, այլ կերպ ասած՝ դրուիդ-շուն-անտրոպոկայների խուզարկուն։ Նա չհապաղեց մատնել, թե իր տանը հսկայական ոսկեզօծ թռչունի վերափոխված սատանայի հետ պայման կապած մի վհուկ կա և երկու պաղեստինցի։ Խուզարկու շներն իմանալով, որ տիկնոջ մոտ հսկայական քանակությամբ ալմաստ կա, նրան վհուկ հռչակեցին։ Միանգամայն վախկոտ լինելով՝ նրանք սպասեցին մինչև գիշեր, որ ընդարձակ ձիանոցում գիշերող երկու հարյուր զինվորների և միաեղջյուրների վրա դուռը կողպեին։

Հիմնովին պատնեշելով բոլոր ելքերը՝ նրանք բռնեցին արքայադստերն ու Իրլային, բայց չկարողացան բռնել նետի արագությամբ դուրս թռած Փյունիկին։ Նա համոզված էր, որ Գալլիայից Սևիլիա ճանապարհին կհանդիպի Ամազանին։
Նա իրոք հանդիպեց տղային Բետիկի սահմանին և տեղեկացրեց դժբախտության մասին, որ հասել էր արքայադստերը։ Ամազանը բառ անգամ չկարողացավ արտասանել, այնքան հուզված ու մոլեգնած էր։ Հագնելով ոսկենախշ զրահը, վերցնելով տասներկու ֆուտ երկարության տեգը, երկու նիզակ և «Ահեղ» կոչվող սուր թուրը, որ մի հարվածով երկու կես էր անում ծառերը, ժայռերն ու դրուիդներին, նա պսակեց իր գեղեցիկ գլուխը ձկնկուլի ու ջայլամի փետուրներով զարդարված ոսկե սաղավարտով։ Դրանք Մագոգի հին ձեռքբերումներն էին, որ նվիրել էր քույրը՝ Ալդեան, Սկյութիայում եղած ժամանակ։ Նրան ուղեկցող ոչ մեծաքանակ շքախումբը, ինչպես նա, հեծնել էր միաեղջյուրների։

Համբուրելով իր թանկագին Փյունիկին՝ Ամազանը նրան տխուր ասաց.
- Սա իմ մեղքն է։ Եթե ես պարապ մարդկանց քաղաքում չգիշերեի դերասանուհու հետ, Բաբելոնի չքնաղ արքայադուստրը չէր հայտնվի այսքան սարսափելի վիճակում։ Օ՛ն առաջ, ընդդեմ անտրոպոկայների։

Շուտով նա ոտք դրեց Սևիլիա։ Մեկուկես հազար ալգվազիլներ պաշտպանում էին այն շենքի մուտքը, որտեղ հացուջրից զրկված բանտարկված էին երկու հարյուր գանգարիդներ իրենց միաեղջյուրներով։ Արդեն ամեն ինչ պատրաստ էր զոհաբերությանը, ինչին դատապարտված էին Բաբելոնի արքայադուստրը, նրա աղախին Իրլան և երկու հարուստ պաղեստինցիներ։

Մեծն անտրոպոկայը, զինված կրտսեր անտրոպոկայներով, սուրբ սինկլիտում նիստ էր անում։ Սևիլիացիների ամբոխը՝ գոտկատեղերից կախած տերողորմեաներով, անբարբառ կանգնած էր։ Ահա բերեցին չքնաղ արքայադստերը, Իրլային և երկու պաղեստինցիներին՝ մեջքներին ոլորած ձեռքերով և ծածկված դիմակահանդեսային տարազներով։

Փյունիկը ականջ դնելու պատուհանից մտավ բանտը, ուր փակված էին արդեն դռները կոտորող գանգարիդները։ Անհաղթ Ամազանը օգնում էր նրանց դրսից։ Նրանք զինված, իրենց միաեղջյուրներին հեծած՝ դուրս եկան։ Ամազանն անցավ ջոկատի գլուխը։ Նա առանց դժվարության հաղթեց ալգվազիլներին, խուզարկուներին, հոգևորական-անտրոպոկայներին. յուրաքանչյուր միաեղջյուր դրանցից դյուժիններով էր խողխողում։ Ամազանի Ահեղ սուրը երկատում էր բոլորին, ովքեր հանդիպում էին իր ճանապարհին։ Սև թիկնոցներով ու կեղտոտ բրիժներով ամբոխը, ձեռքից «հանուն աստծո սիրո» սրբացած տերողորմեաները չգցելով, ցիրուցան եղավ։

Ամազանը դատավորի աթոռից քարշ տվեց «մեծն շանը» և նետեց նրան քառասուն քայլ հեռու խարույկի վրա։ Նրա հետևից գնացին նաև կրտսեր շները, և դրանից հետո Ամազանը փռվեց Ֆարմազանտայի ոտքերի առաջ։
- Օ, որքան Դուք բարի եք,- բացականչեց աղջիկը,- ինչպես ես Ձեզ կպաշտեի, եթե ինձ դավաճանած չլինեիք դերասանուհու հետ։

Մինչ Ամազանը հաշտվում էր արքայադստեր հետ, մինչ գանգարիդները խարույկն էին նետում բոլոր անտրոպոկայների մարմինները, և բոցի լեզուները հասնում էին ամպերին, Ամազանին թվաց, որ իրենց հեռվից մոտենում է ինչ-որ զորք։ Մի ծեր միապետ՝ գլխին թագ, նստել էր պարանով իրար կապված ութ ջորիներ լծած երկանիվը։ Հարյուր ուրիշ երկանիվներ գալիս էին հետևից։ Նրանց ուղեկցում էին սև թիկնոցներով ու բրիժներով մռայլ հեծյալներ՝ հրաշալի ձիեր հեծած։ Յուղոտված մազերով հետիոտն մարդկանց բազմությունը լուռ հետևում էր սրանց։

Ամենից առաջ Ամազանն իր շուրջը կանգնեցրեց իր գանգարիդներին և նիզակով նետվեց առաջ։ Հենց թագավորը նկատեց նրան, հանեց թագը, իջավ կառքից, երեք անգամ համբուրեց նրան և ասաց.

- Աստծո՛ առաքյալ, դուք մարդկային ցեղի համար վրեժ լուծողներն եք, իմ հայրենիքի ազատարարը, իմ հովանավորը։ Այդ անիծյալ հրեշները, որոնցից դուք մաքրեցիք երկիրը, յոթ բլուրների իմաստունի կամքով իմ տիրակալներն էին։ Ես ստիպված էի տանել նրանց հանցավոր տիրակալությունը։ Իմ ժողովուրդն ինձ կլքեր, եթե ես ընդամենը փորձեի սանձել նրանց սարսափելի դաժանությունը։ Այսուհետ ես շնչում եմ, ես թագավորում եմ և դրա համար պարտական եմ Ձեզ։
Հետո նա հարգալից համբուրեց Ֆարմազանտայի ձեռքը՝ աղերսելով նրան Իրլայի, Ամազանի և Փյունիկի հետ նստել իր կառքը, որ ութ ջորիներն էին քաշում։ Երկու պաղեստինցիներն էլ՝ պալատական բանկիրներ, վախից ու երախտագիտությունից դեռ երեսնիվար փռված, կանգնեցին, և միաեղջյուրավոր զինվորները Բետիկայի թագավորի ետևից շարժվեցին դեպի նրա պալատը։

Քանի որ այդ լուրջ ժողովրդի թագավորի արժանապատվությունը պահանջում էր, որ նրա ջորիները կառքը դանդաղ տանեն, Ամազանն ու Ֆարմազանտան հասցրին նրան պատմել իրենց ցավալի արկածների մասին։ Թագավորը խոսում էր նաև Փյունիկի հետ, հիանում էր նրանով և նորից ու նորից համբուրում նրան։ Նա հասկանում էր, թե Եվրոպայի՝ կենդանիներին ուտող ու նրանց հասկանալու ընդունակությունը կորցրած ժողովուրդները մինչև ինչ աստիճանի անկիրթ են, կոպիտ ու վայրենի։ Միայն գանգարիդներն են, որ չեն կորցրել նախնական բնական ու մարդկային արժանիքները, բայց, ամենագլխավորը, նա համաձայնեց, որ բոլոր մահկանացուներից ամենաբարբարոսները խուզարկու-շուն անտրոպոկայներն են, որոնցից Ամազանը հենց նոր ազատագրեց մարդկությունը։ Թագավորը չէր դադարում նրան իր շնորհապարտությունը հաղորդել ու օրհնել։ Չքնաղ Ֆարմազանտան արդեն հասցրել էր մոռանալ դերասանուհու հետ կապված միջադեպը, նրա ամբողջ հոգին լցված էր հերոսի փառքի արձագանքով, որ փրկեց իր կյանքը։ Ամազանը, իմանալով, թե որքան անմեղ է եղել համբույրը, որ տրվել էր եգիպտական փարավոնին, և այն մասին, թե ինչպես է հառնել Փյունիկը, մաքուր երջանկություն էր վայելում և հարբած էր ամենավառ սիրով։

Ճաշեցին պալատում, և ճաշը շատ վատն էր։ Բետիկայի խոհարարները ամենաանշնորհքն էին Եվրոպայում։ Ամազանը խորհուրդ տվեց կանչել գալլական խոհարարների։ Պալատական նվագախումբը կատարում էր հանրահայտ մի արիա, որը ավելի ուշ կնքեցին որպես «Իսպանական կապրիչիո»։

Ճաշից հետո խոսեցին գործերի մասին։ Թագավորը հարցրեց գեղեցիկ Ամազանին, չքնաղ Ֆարմազանտային և հրաշալի Փյունիկին, թե նրանք ինչ են մտադիր ձեռնարկել։

- Ես ծրագրում եմ վերադառնալ Բաբելոն՝ որպես գահի ժառանգորդ և իմ հորեղբայր Բելից խնդրել անզուգական Ֆարմազանտայի՝ իմ հեռավոր ազգականուհու ձեռքը, եթե միայն նա չի գերադասում ապրել ինձ հետ գանգարիդների մոտ։

- Ես որոշել եմ,- ասաց արքայադուստրը,- երբեք չբաժանվել իմ հեռավոր ազգականից, բայց կարծում եմ, ավելի արժանապատիվ կլինի, որ ես վերադառնամ իմ հոր մոտ, մանավանդ որ նա ինձ թույլատրել էր միայն ուխտագնացության գնալ դեպի Բասսոր, իսկ ես ուղևորվեցի՝ թափառելու աշխարհով մեկ։

- Ինչ վերաբերում է ինձ,- ասաց Փյունիկը,- ես ամենուր կհետևեմ այս քնքուշ ու մեծահոգի սիրահարներին։

- Դուք ճիշտ եք,- ասաց Բետիկայի թագավորը,- բայց դեպի Բաբելոն ետդարձի ճանապարհն այնքան էլ հեշտ չէ, որքան դուք ենթադրում եք։ Ես ամեն օր նորություններ եմ ստանում այնտեղից Տիրի նավերի և Պաղեստինի բանկիրների շնորհիվ, որոնք առնչվում են աշխարհի բոլոր երկրների հետ։ Եփրատի ու Նեղոսի ափերին պատերազմ է։

Սկյութների արքան, գլխավորելով երեքհարյուրհազարանոց հեծելազորը, պահանջում է իր կնոջը վերադարձնել ժառանգությունը։ Եգիպտոսի փարավոնն ու Հնդկաստանի թագավորը՝ ամեն մեկը մի երեքհարյուրհազարանոց բանակի գլուխն անցած, նույնպես ամայացնում են Տիգրիսի ու Եփրատի ափերը՝ ցանկանալով վրեժ լուծել իրենց հասցված վիրավորանքի համար։ Մինչ Եգիպտոսի փարավոնը կռվում է օտար ափերում, նրա թշնամին՝ Եթովպիայի արքան, առաջնորդում է երեք հարյուր հազար մարդուց բաղկացած բանակը՝ սնանկացնելու Եգիպտոսը։ Բաբելոնի արքան իր երկրի պաշտպանության համար ունի միայն վեց հարյուր հազար մարդ։ Խոստովանեմ,- շարունակեց թագավորը,- երբ ես լսում եմ այդ մեծաքանակ բանակների մասին, որոնց Արևելքը դուրս է ժայթքում իր որովայնից, և դրանց ապշեցուցիչ հոյակապության մասին, երբ համեմատում եմ դրանք մեր քսան-երեսուն հազարանոց համեստ ջոկատների հետ, որոնց այնքան դժվար է կերակրել ու հագցնել, սկսում եմ մտածել, որ Արևելքը առաջացել է Արևմուտքից զգալիորեն շուտ։ Մենք կարծես երեկ-առաջին օրն ենք ծնվել քաոսից ու միայն երեկ ենք դուրս եկել բարբարոսությունից։

- Ձերդ մեծություն,- նկատեց Ամազանը,- երբեմն պատահում է, որ ավելի ուշ հայտնվածներն իշխում են նրանց, ովքեր առաջինն են ոտք դրել կյանքի ասպարեզ։ Իմ երկրում ենթադրում են, որ մարդկության օրրանը Հնդկաստանն է, բայց ես դրանում համոզված չեմ։

- Իսկ Դուք,-  դիմեց Բետիկայի թագավորը Փյունիկին,- Դուք ի՞նչ եք այդ մասին մտածում։

- Տիրակա՛լ,- պատասխանեց Փյունիկը,- ես դեռ շատ երիտասարդ եմ, որ իմանամ հին պատմությունը։ Ես ապրել եմ շուրջ քսանյոթ հազար տարի, բայց իմ հայրը, որ ապրել է հինգ անգամ ավելի, ասում էր ինձ, որ իր հորից լսել է, իբր արևելքի երկրները միշտ ավելի հարուստ և ավելի խիտ բնակեցված են եղել, քան որիշ երկրներ։ Նա իր նախնիներից լսել էր, թե բոլոր կենդանիներն իրենց ծագումով Գանգեսի ափերից են։ Ես այդքան փառասեր չեմ, որ դա հաստատեմ։ Ինձ համար դժվար է հավատալ, որ Ալբիոնի աղվեսները ալպիական արջամկները, Գալլիայի գայլերը՝ բոլորը ծագումով իմ հայրենիքից են, ինչպես չեմ հավատում նաև նրան, որ Ձեր հայրենիքի կաղնիները ծագել են Հնդկաստանի կոկոսի արմավենիներից։

- Այդ դեպքում որտեղի՞ց ենք մենք ծագում,- հարցրեց թագավորը։

- Ես դա չգիտեմ,- պատասխանեց Փյունիկը,- ես միայն մի բան կցանկանայի իմանալ՝ ո՞ւր պետք է ուղևորվեն Բաբելոնի չքնաղ արքայադուստրն ու իմ թանկագին Ամազանը։

- Ես խիստ կասկածում եմ,- շարունակեց արքան,- թե իր երկու հարյուր միաեղջյուրներով նա կարող է ճեղքել այդ քանակությամբ բանակները՝ բոլորը՝ երեք հարյուր հազարական։

- Իսկ ինչո՞ւ ոչ,- առարկեց Ամազանը։

Բետիկայի թագավորը գնահատեց խոսքի ուժը. «Իսկ ինչո՞ւ ոչ»։ Բայց նա կարծում էր, որ թշնամու անհամար զորքի դեմ հաղթանակի համար միայն խոսքի ուժը հերիք չէ։

- Ես խորհուրդ կտայի,- ասաց նա,- դաշինք կնքել Եթովպիայի թագավորի հետ։ Ես առնչվում եմ այդ սևամորթ տիրակալի հետ իմ պաղեստինցիների միջոցով։ Ես հավատարմագիր կտամ ձեզ։ Քանի որ նա փարավոնի թշնամին է, շատ երջանիկ կլինի մեծացնելու իր ուժերը ձեզ հետ դաշինքով։ Նաև կարող եմ ձեզ օգնություն տալ երկու հազար զինվոր՝ շատ սակավապետ ու քաջ։ Եթե ցանկանում եք, կարող եք այդքան էլ հավաքել այն ցեղերից, որոնք բնակվում, ավելի շուտ՝ կառչած են Պիրինեյների լեռնաճյուղերին։ Նրանց կոչում են բասկեր կամ գասկոնացիներ։ Ձեր միաեղջյուրավոր զինվորներից մեկին ուղարկեք նրանց մոտ, և թող նա հետը մի քանի ալմաստ տանի։ Ցանկացած գասկոնացի կլքի ամրոցը, ավելի ճիշտ՝ խրճիթը, իր հորը, որ ծառայի Ձեզ։ Նրանք անհաղթելի են, քաջ և ուրախ։ Դուք նրանցից շատ գոհ կմնաք։ Մինչ սպասում ենք նրանց, Ձեր պատվին տոնախմություն կկազմակերպենք և կսարքավորենք նավը։ Ես Ձեզ միշտ պարտական կմնամ Ձեր ծառայության համար։

Ամազանն ուրախացել էր, որ նորից գտել է Ֆարմազանտային և խաղաղ վայելում էր նրա հետ զրույցը ամեն տեսակ հմայքներով հաստատուն դարձած սիրով, այնպիսի հմայքներով, որ հավասար են ծնունդ առնող սիրո հմայքներին։

Շուտով հայտնվեց ուրախ, հպարտ գասկոնացիների մի ջոկատ, որ պարում էր տամբուրեի հնչյունների տակ։ Մի ուրիշ ջոկատ՝ խստադեմ ու հպարտ բետիկացիներից կազմված, պատրաստ էր։ Ծեր թխամորթ արքան քնքշորեն գրկեց երկու սիրահարներին։ Նա հրամայեց զենք, անկողին, սև հագուստ, սպիտակ բրիժ, շախմատ, սոխ, ոչխարի միս, հավ, ալյուր, սխտորի մեծ պաշար բարձել մեկնողների նավը և նրանց մաղթեց բարի նավարկում, հավերժական սեր և հաղթանակ։
Նավատորմը մոտեցավ ափին այնտեղ, ուր, ինչպես ասում են, հարյուրամյակներ հետո փյունիկուհի Դիդոնան՝ Պիգմալիոնի քույրը, Սիխեայի կինը, Տիր քաղաքը լքելով, հիմնադրեց Կարթագեն հրաշալի քաղաքը՝ շերտերի բաժանելով ցլի կաշին, համաձայն հնադարի ամենամեծ հեղինակների վկայության, ովքեր երբեք հեքիաթներ չէին հորինում, և ուսուցիչների վկայության, ովքեր գրում էին փոքրիկ տղաների համար։ Եվ այս ամենը ասվում է՝ չնայած Տիրում երբեք Պիգմալիոն կամ Դիդոնա կամ Սիխեա անունով, այսինքն մաքուր հունական անուններով մարդ չի ապրել, չնայած որ Տիրում այն ժամանակ արքա չի եղել։

Հոյակապ Կարթագենն այն ժամանակ չի եղել ծովափնյա նավահանգիստ։ Այնտեղ ապրում էր միայն մի քանի նումիդացիներ, որ ձուկ էին արևին տալիս։ Հետո ճանապարհորդները նավարկեցին Բիզանցեի և Սիրտի ափերով (դրանք բերրի տարածքներ են), որտեղ հետագայում առաջացան Կիրինեան և Մեծ Խերսոնեսը։ Վերջապես մոտեցան Սուրբ Նեղոսի առաջին ակունքին։ Վերջապես այստեղ՝ այդ բերքառատ հողի Կանոպ նավահանգիստն արդեն այն ժամանակ ընդունում էր բոլոր առևտրական ժողովուրդների նավերը, թեպետ ոչ ոք չգիտեր՝ արդյո՞ք Կանոպ աստվածն է հիմնել այս քաղաքը, թե Կանոպի բնակիչներն են հորինել աստծուն։ Արդյո՞ք Կանոպ աստղն է տվել իր անունը այս քաղաքին, թե քաղաքն է տվել իր անունն աստղին։ Միայն մի բան գիտեին. և՛ քաղաքը, և՛ աստղը շատ հին ծագում ունեին։ Եվ դա ամենն էր, ինչ հնարավոր էր իմանալ առարկաների ծագման մասին, որտեղից էլ որ նրանք ծագեին։ Հատկապես այնտեղ Եթովպիայի թագավորը, ամայացնելով ամբողջ Եգիպտոսը, տեսավ անհաղթելի Ամազանի և չքնաղ Ֆարմազանտայի կառանող նավերը։Նա Ամազանին ընդունեց որպես ռազմի աստված, իսկ Ֆարմազանտային՝ գեղեցկության աստվածուհի։ Ամազանը նրան ներկայացրեց իսպանական թագավորի տված հավատարմագրերը։Եթովպիայի թագավորը, այդ հերոսական ժամանակների սովորության համաձայն, նախ և առաջ կազմակերպեց հոյակապ տոնախմբություն։Հետո սկսեցին քննարկել, թե ինչպես ոչնչացնել Եգիպտոսի փարավոնի 300000-անոց բանակը, հետո Հնդկաստանի թագավորի 300000-անոց բանակը և սկյութների խանի 300000-անոց բանակը, որոնք շրջապատել են մեծ, ինքնագոհ, ամբարտավան Բաբելոնը։

Երկու հազար իսպանացիները, որոնց Ամազանը բերել էր հետը, հայտարարեցին, որ Բաբելոնը փրկելու համար իրենց Եթովպիայի արքան պետք չէ, որ հերիք է իրենց թագավորի հրամանը՝ քաղաքն ազատագրելու, և իրենք դրանից մենակ գլուխ կհանեն։

Գասկոնացիները հայտարարեցին, որ սա ոչինչ է իրենց տեսած ճակատամարտերի դեմ, որ իրենք մենակ կհաղթեն եգիպտացիներին, հնդիկներին ու սկյութներին, և որ իրենք համաձայն են իսպանացիների հետ արշավելու միայն այն պայմանով, եթե նրանք վերջապահ դառնան։

Երկու հարյուր գանգարիդները ծիծաղեցին իրենց դաշնակիցների ինքնավստահության վրա, հավատացնելով, որ մի հարյուրյակ միաեղջյուրով նրանք փախուստի կմատնեն երկրագնդի բոլոր թագավորներին։

Չքնաղ Ֆարմազանտան բոլորին հաշտեցնում էր խելամիտ խոսքերով։ Ամազանը սևամորթ տիրակալին ներկայացրեց իր գանգարիդներին, միաեղջյուրներին, իսպանացիներին, գասկոնացիներին և իր հրաշալի թռչունը։

Շուտով ամեն բան պատրաստ էր և զորքն սկսեց արշավել Մեմֆիսի, Գելիոպոլիսի, Արսինոյի վրայով, Սորայի, Ապանեայի վրայով, որ գրոհեն երեք արքաների վրա, և որ սկսեն այն հիշարժան պատերազմը, որի համեմատ բոլոր պատերազմները, որ մարդիկ հետագայում վարել են, աքլորակռվի էին նման։

Բոլոը գիտեն, թե ինչպես էր Եթովպիայի թագավորը սիրահարվել չքնաղ Ֆարմազանտային և թե ինչպես նրա գլխին կանգնեց այն պահին, երբ քունը փակել էր աղջկա կոպերը։ Բոլորը հիշում են, որ Ամազանին այդ տեսարանից հետո թվացել էր, թե նրանք գիշեր-ցերեկ միասին են։ Բայց հայտնի չէ միայն, որ Ամազանը, վիրավորանքից վրդովված, հանկարծ հանեց իր թուրն ու կտրեց ամբարտավան սևամորթի մոլորյալ գլուխը և որ նա Եգիպտոսից քշեց բոլոր եթովպացիներին։ Մի՞թե այս բոլոր քաջագործությունները գրանցված չեն Եգիպտոսի պատմության մեջ։ Բազմաբերան ավետիսը հաղորդում էր աշխարհին հաղթանակների մասին, որ նրանք տանում էին երեք արքաների դեմ իսպանացիների, գասկոնացիների և միաեղջյուրների օգնությամբ։

Նա չքնաղ Ֆարմազանտային վերադարձրեց հորը։ Ազատեց իր սիրելիի ամբողջ շքախումբը, որին փարավոնը ստրկացրել էր։ Սկյութների մեծ խանն իրեն հայտարարեց նրա վասսալը, իսկ ամուսնությունը Ալդեայի հետ օրնականացվեց։ Բաբելոնի գահի ժառանգորդ ճանաչված անհաղթ ու մեծահոգի Ամազանը, իրեն ենթակա հարյուր արքաների ներկայությամբ հաղթականորեն մտավ Բաբելոնի արքայություն՝ իր Փյունիկի ուղեկցությամբ։

Նրա հարսանեկան արարողությունը գերազանցում էր բոլոր այն տոնախմբությունները, որ երբևէ կազմակերպել էր Բելը։ Սեղանին դրեցին Ապիս ցուլին՝ խորոված։ Եգիպտոսի փարավոնն ու Հնդկաստանի թագավորը նորապսակներին գինի էին մատուցում։ Այս հարսանիքը գորվերգվում էր բաբելոնական հինգ հարյուր պոետների կողմից։

Օ՜, մուսաներ, ում միշտ կանչում են աշխատանքի սկզբից։ Ես ձեզ դիմում եմ իմ աշխատանքի վերջում միայն։ Իզուր են ինձ մեղադրում, թե ես զատկից հետո եմ ներկած ձու մատուցում։ Մուսաներ, դուք ինձ այնուամենայնիվ չեք զրկի ձեր հովանավորությունից։ Թույլ չեք տա հանդուգն շարունակողներին իրենց առակներով աղճատել իրականությունը, որին ես հաղորդակից դարձրի մահկանացուներին այս ճշմարտացի պատմության մեջ, այնպես, ինչպես համարձակվեցին աղավաղել Կանդիտին, Պարզամիտին և խելամիտ Ժաննայի խելամիտ արշավանքները, որոնք ինչ-որ մի նախկին կապուցին աղճատել է կապուցինին արժանի բատավական հրատարակության բանաստեղծություններով։

Հո նրանք իմ հրատարակիչին չեն ենթարկի նման կորստի. նա բազմանդամ ընտանիքի հայր է և հազիվ է միջոցներ գտնում շրիֆտի, թղթի ու թանաքի համար։

Օ՜, մուսաներ, ստիպեք լռել գարշելի Կոժեին՝ Մազարինի վարժարանի զավզակության պրոֆեսորին, ով դժգոհ էր մնացել Յուստինիանոս կայսեր և Վելիզարի՝ բարոյականության մասին մտորումներից և հանդգնել էր զրախոսական պասկվալներ գրել այդ երկու մեծ այրերի դեմ։

Բերանը խցանեք պեդանտ Լարշեի (բանասեր թարգմանիչ, ով քննադատել է Վոլտերի պատմական հայացքները), ով հին բաբելոներեն ոչ մի բառ չիմանալով, ինձ պես չանցնելով Եփրատի ու Տիգրիսի ափերով՝ անամոթություն ունեցավ հաստատելու, թե չքնաղ Ֆարմազանտան՝ աշխարհի հզորագույն արքայի դուստրը և Ալդեա արքայադուստրը, և այդ հարգարժան պալատի բոլոր կանայք փողով անկողին էին կիսում Ասիայի բոլոր ձիապանների հետ բաբելոնական մեծ տաճարում՝ համաձայն իրենց կրոնական համոզմունքների։ Այդ գիտնական-ցոփակյացը՝ ձեր և բղջախոհության թշնամին, մեղադրում է Մենդեսի գեղեցիկ եգիպտուհիներին, թե սրանք սիրել են միայն այծերին, և գաղտնի ծրագրում է գնալ Եգիպտոս՝ սիրային արկածների հետևից։

Քանի որ նոր ժամանակները նրան նույնքան քիչ են հայտնի, որքան հին դարերը, նա, հույս ունենալով ինչ-որ պառավի բարեհաճությունը գրավելու, ակնարկում է, թե մեր անզուգական Նիոնը (կուրտիզանուհի Նինոն դե Լանկլոն) ութսուն տարեկան հասակում քնել է Ֆրանսիայի ակադեմիայի անդամ Ժելուան աբբատի հետ։ Նա երբեք չի լսել Շատոնեֆ աբբատի մասին (Նինոնի սիրեկանը)որին ինքը խառնում է Ժելուան աբբատի հետ։ Նա նույնքան քիչ բան գիտի Նինոնի մասին, որքան քիչ գիտի Բաբելոնի օրիորդների մասին։

Մուսանե՛ր, երկնքի՛ դուստրեր, ձեր թշնամի Լարշեն ավելի վատ է վարվում։ Նա գովերգում է արվամոլությունը։ Նա համարձակվում է պնդել, որ իմ հայրենիքից սերված յուրաքանչյուր ոք մասնակից է այդ նողկանքին։ Նա հույս ունիմեղավորների թիվն ավելացնելով փրկել իրեն։

Բարեկիրթ ու անմե՛ղ մուսաներ, դուք, որ հավասարապես ատում եք ինչպես պեդանտիզմը, այնպես էլ արվամոլությունը պաշտպանե՛ք ինձ տեար Լարշեից։

Ձեզ՝ մետր Ալիբորոն, որ կոչվում եք Ֆրերոն (հետադիմական քննադատ և հրապարակախոս, Վոլտերի թշնամին) և թոշակի անցած ճիզվիտ եք, ում Պառնասը մեկ Բիսսետրեում է, մեկ՝ մոտակա պանդոկում, ձեզ՝ ում այնքան շատ են ըստ արժանվույն սեղմել եվրոպական բոլոր բեմերում «Շոտլանդուհին» բարեպաշտ կատակերգության մեջ, Ձեզ՝ հայր դե Ֆոնտենի (գրականագետ, որ զրպարտագիր էր գրել Վոլտերի հասցեին, ինչը նրան փրկեց տաժանակրությունից) արժանի որդուն, որ ծնվել է նրա սիրային կապից այն գեղեցիկ տղաներից մեկի հետ, ով զինված է, Վեներայի որդու պես, փայտիկով ու թևկապով, որոնք, նրանի նման, թռչում են երկինք, բայց ոչ ավելի բարձր, քան ծխատարն է, Ձեզ, իմ թանկագին Ալիբարոն, ում հանդեպ ես միշտ մեծ քնքշանք եմ տածել և ով ինձ ստիպել է ծիծաղել մի ամբողջ ամիս շարունակ, երբ ներկայացվում էր «Շոտլանդուհին» կատակերգությունը, հանձնում եմ իմ «Բաբելոնի արքայադուստր»-ը։ Հնարավորինս շատ վատ բան ասեք նրա մասին, որ կարդան։

Ես Ձեզ չեմ մոռանա, լրագրող-աստվածաբան, ջղաձգականների հանրահայտ ճարտասան, աբբատ Բեշերանի և Աբրահամ Շոմեյի կողմից հիմնած եկեղեցու հայր։ Մի՛ մոռացեք ձեր որքան բարեպաշտ, նույնքան պերճախոս ու տրամաբանող թերթերում հիշատակել, որ «Բաբելոնի արքայադուստրը» հերետիկոսական, դեիստական և աթեիստական է։ Գլխավորը, համոզեք խնդրեմ սիր Ռիբալյեին պնդել, որ Սորբոնը դատափետի «Բաբելոնի արքայադուստրը»։ Դուք դրանով մեծ հաճույք կպատճառեք իմ հրատարակչին, ում ես այս պատմությունը մատուցեցի որպես ամանորի նվեր։

Ռուսերենից թարգմանեցին Մանուշակ Չորեկյանը,
Հասմիկ Ղազարյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.