«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 27

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Տեքստային փոփոխականներ: Տեքստերի հետ աշխատանքի ֆունկցիաներ և պրոցեդուրաներ»

Լուսինե Մանուկյան
«Լաո Ցզի: Դաոսիզմ. փիլիսոփայությո՞ւն, թե՞ …»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Ռիչարդ Բախ
«Ողջույն»

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են ադրբեջանցիները և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Լաո Ցզի
«Դաո Դե Ցզին»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Բարով եկար, սիրուն մեդիա»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ


Սեյմուր Բայջան

Ովքե՞ր են ադրբեջանցիները և ի՞նչ են ուզում մարդկությունից

Կա ստրուկների այդպիսի վիճակ, երբ նրանք սկսում են սիրել իրենց շղթաները: (Ֆ. Պ.)

1213_news1 Եթե ինչ-որ արտասահմանցի ձեզ ասի, թե դուք`ադրբեջանցիներդ, «հարուստ մշակույթ, մեծ պատմություն, անկրկնելի բանահյուսություն» ունեք, վստահ եղեք, որ մտովի ձեր երեսին թքելով՝ պարզապես ծաղրում է ձեզ: Պետք չէ մոռանալ, որ Եվրոպայից ու ԱՄՆ-ից բացառապես 20-րդ տեսակի մարդիկ Ադրբեջան են գալիս, անհաջողակներն ու տխմարները, քանզի կարգին արտասահմանցին պարզապես չի գա այնպիսի գարշելի մի տարածաշրջան, ինչպիսին Կովկասն է`բնակեցված «դեբիլոիդներով»: Նույնիսկ ատրճանակի փողի տակ: Եվ նույնիսկ եթե Կովկասում կյանքը նրան հսկայական շահույթ է խոստանում:

Իսկ եթե հանկարծ արտասահմանցուն «Դուք Իչերի-Շեխերում եղե՞լ եք», «Աղջկա աշտարակ բարձրացե՞լ եք», «Գնացե՞լ եք Ատեշգյախ», «Մեր տոլման փորձե՞լ եք» և այլ նմանատիպ հարց տաք, չնեղանաք, բայց դա վկայում է այն մասին, որ դուք համաձայն եք ծաղր ու ծանակի առարկա դառնալու: Դեմ երեսին «Օ˜, այո, այո: Ես դյութված եմ ձեր մշակույթով» ասելով՝ արտասահմանցին հոգու խորքում արհամարհում է ձեզ:

Ձեզ`այդքան խղճուկներիդ և բարդույթավորվածներիդ:

Դե, նրանք բոլորից լավ գիտեն, թե ինչպես պետք է հաղորդակցվեն երրորդ աշխարհի ներկայացուցիչների հետ:
Երկու օրինակ բերեմ:

ՌԴ-ի`Աստծու կողմից մոռացված ինչ-որ տարածաշրջանի լրագրող գիրք է գրել Ռաշիդ Բեյբութովի մասին: Հենց նրա, որ երգում էր թեյի, նավթի, քրքումի, Բադամլիի և լավագույն դեպքում կակաչի մասին (Լաաաալեեեելեեեեր, լալելեեեեեեեեր): Այդ լրագրողի մամուլի ասուլիսին և նրա գրքի շնորհանդեսին մասնակցում էի: Պարզվում է՝ նա «մանկությունից էր լսում Ռաշիդ Բեյբութովին և միայն երազում էր այն օրվա մասին, երբ կմեծանա, լրագրող կդառնա և գիրք կգրի Ռաշիդի մասին (˜)»: Փոքր հետաքննություն կատարելով՝ պարզում եմ, որ մեր վա՛յ լրագրողն իր վազելինային գործունեության համար ՌԴ-ում գործող ադրբեջանցի բիզնեսմենին է պարտական, որը նրան այդ գիրքը գրելու համար 10 հազար դոլար է վճարել: Վատ չէ...

Նաև մի ամերիկացի կնիկ կա, որը ողջ տարին զվարճանում է Ղազախում, Թովուզում, Բորչալուում և պարզապես կայֆ է բռնում ադրբեջանական «հյուրասիրությունից»: Բացատրում է իր զվարճազբոսանքները նրանով, որ գիրք է գրում մեր կին աշուղների մասին և ադրբեջանական մշակույթը պրոպագանդելու նպատակով (˜) պլանավորում է իր աշխատությունը հրատարակել ԱՄՆ-ում (˜):

Վա˜յ, քիչ էր մնում մոռանայի: Ստենլի Էսկուդերոն (ժողովուրդը նրան պարոն Պասկուդերո է անվանում), Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի իր դիվանագիտական առաքելությունն ավարտելով, հայրենիք վերադարձավ, բայց շուտով «հասկացավ», որ առանց Ադրբեջանի ապրել չի կարող և շտապ պետք է ետ վերադառնա (˜): Ադրբեջանի սքանչելի բնության, նրա հիանալի ժողովրդի և հին ավանդույթների մասին հիշողությունները նրան հանգիստ չէին տալիս: Պարզվում է՝ Ադրբեջանը նրա երկրորդ հայրենիքն է, առանց որի ԱՄՆ-ում նրա կյանքն իսկական դժոխքի է վերածվել (˜):

Եվ վերադարձա՛վ:

Ժամանակ առ ժամանակ «Խալգ Գեզետի»-ում պարոն Էսկուդերոն հոդված է գրում, շռայլորեն հարցազրույց է տալիս կառավարամետ պարբերականներին ու սիրո խոստովանություն անում ադրբեջանցիներին և իհարկե հանրապետության իշխանություններին: Նույնիսկ Նիզամի Ջաֆարովն ինքը, Ռաֆայել Հուսեյնովը և Իլհամա Կուլիևան «լիզինգի» մրցումներում ի վիճակի չեն նրա հետ մրցակցելու: «Ես առանց Ադրբեջանի ապրել չէի կարող»,- ասում է լալահառաչ: Դե˜, իհարկե: Եթե նույնիսկ Էսկուդերոյի ողջ տոհմը հավաքվի, նրանց չի հաջողվի ԱՄՆ-ում այնպիսի բիզնես ստեղծել, որ կոմերցիոն մրցակցության բոլոր կանոնները խախտվեին: Ի լրումն դրա, զենքն ուսին՝ մեր էքս-դեսպանը ջեյրան է խփում Ադրբեջանի անտառներում: Դեռ մի բան էլ «Յենի Ազերբայջան» կուսակցությն անդամ է (Բինագադինի շրջան) և կանոնավոր հաճախում է կուսակցական ժողովներին:

Էլի վատ չէ, չէ՞:

Աբայը և Մայակովսկին

Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչ է Ադրբեջանը, և ովքեր են ադրբեջանցիները, կարող եք նաև Միջին Ասիա այցելել: Ճիշտ նույն հոգեկերտվածքն է: Իսկ մեծ մշակույթ ունենալու հավակնությունների մասին խոսելու հարկ էլ չկա: Չէ՞ որ ցանկացած փոքր, աննշան ժողովուրդ, ինչպիսին մենք ենք, ղազախները, ուզբեկները, հայերը, վրացիները և այլք, հորինում է իր «մեծ» պատմությունը, մշակույթը, հավատում է դրան և ուրախանում: Հիշում եմ, մի ղազախ փորձում էր ինձ ապացուցել, որ Աբայը դեռ 200 տարի առաջ է գրել այն ամենը, ինչ Մայակովսկին 20-րդ դարի սկզբին: Եթե նա Աբային Եսենինի կամ գոնե Բլոկի հետ համեմատեր, դեռ ինչ-որ կերպ նրան կհասկանայի: Բայց Մայակովսկո՞ւ հետ: Լրիվ վերջն է:

Չէ, դուք այնուամենայնիվ այցելե՛ք Ղազախստան: Ձեզ այնքան հեքիաթ կպատմեն ղազախ հանճարների մասին, որոնց մասին կյանքում չեք լսել, և կավելացնեն, որ այդ հանճարների միակ մեղքը ղազախ ծնված լինելն է: Այ, եթե նրանք հրեա ծնվեին, ապա բոլորն անխտիր Նոբելյան մրցանակ կստանային:

Վերջերս իմ ղազախ ընկեր Ասկար Ումարովը Kultura.Az-ի համար հոդված է գրել ղազախ ժողովրդի հյուրասիրության մասին: Հոդվածի էությունն այն է, որ ղազախներն ամենահյուրասեր ժողովուրդն են: Իբրև թե հյուրը նրանց համար անձեռմխելի է, սուրբ, և ղազախներն էլ պատրաստ են նրա հետ կիսել հացի վերջին կտորը: Հաճույքով հավատու՛մ եմ: Մենք տպեցինք այդ նյութը՝ կցելով մի լուսանկար, որտեղ ղազախական ընտանիքը յուրտում սեղան է նստել: Ինձ թվում է՝ այդ լուսանկարը լիովին բացահայտում է տվյալ նյութի էությունը:

Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ՝ ախր այս ի՞նչ բարդութներ են, հը՞: Ղազախների, ադրբեջանցիների, վրացիների, հայերի և այլոց հյուրընկալության մասին այդ հեքիաթներն իսկապես հոգիս հանել են: Լսելով այդ հիվանդ ժողովուրդների ներկայացուցիչներին՝ տպավորություն է ստեղծվում, որ ուրիշ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում, Ճապոնիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, տան շեմն անցած մարդուն, անկախ սեռային պատկանելությունից, սկսում են դաժանորեն բռնաբարել մինչև գիտակցությունը կորցնելը:

Սովորական վրացական խնջույք է: Վրացին գինու գավը ձեռքին վեր է կենում և կտրական հայտարարում. «Շոթան, որը Ռուսթավելի է, ավելի մասշտաբային է, քան Շեքսպիրը (˜)»: Այդպիսի դեպքում հարկ է լռել կամ համաձայնել նրա հետ (վիճելն անօգուտ է): Օրինակ, կատակի համար ձայնակցել նրան, ասելով. «Այո, պարզապես մեր անարդար աշխարհը չի ցանկանում նկատել պոեզիայի այդ հսկային»: Ասում եմ որպես մարդ, որը բազմիցս անցել է այդ «հարավկովկասյան» դժոխքով (˜˜˜):

Իսկ մի պաշտոնական ճաշկերույթի ժամանակ Թեյմուր անունով օսը դեմքի լուրջ արտահայտությամբ փորձում էր ինձ ապացուցել, որ Հիտլերը պլանավորում էր նախ և առաջ Ցխինվալը զավթել, քանզի այդ քաղաքն է աշխարհի բանալին: Հարցում եմ՝ ինչո՞ւ: Իսկ նա՝ ի պատասխան. «Ցխինվալը միստիկ քաղաք է»:

Դե, իսկ ամենահին հայերի մասին արդեն չեմ խոսում. նրանք իրենց հնությամբ ոչնչով չեն զիջում բոլոր վրացիների գլխովին-իշխանական ծագմանը: Այո՛, այո՛: Բոլոր վրացիներն իշխան են: Ուղղակի սնանկացած են, բայց դրա փոխարեն հպարտ են:

Անվճար հանգիստ շաբաթ օրը

Շաբաթ օրերին ինձ անպայման ինչ-որ սարսափելի բան պետք է պատահի, կամ էլ ես պետք է որևէ անհեթեթություն լսեմ, որի արդյունքում տրամադրությունս փչանում է ողջ օրը: Այս շաբաթն էլ բացառություն չեղավ: Ուրեմն առավոտ վաղ, թեյի բաժակը ձեռքիս նստեցի հեռուստացույցի առջև և ԱզTV եմ նայում (կատարյալ մազոխիստ): Եթերում «Առավոտ» հաղորդումն է, որին հրավիրված է հոբոիստ Քամիլ Ջալիլովը: Հազիվ էր նա հասցրել կատարել իր սիրած տեղական մեղեդին, ստուդիայում անսպասելիորեն զանգ հնչեց: Զանգահարում էր ինքը ժողովրդական բանաստեղծ Զալիմխան Յաղուբը: Սկզբում նա գովեց Քամիլ Ջալիլովին՝ անվանելով ժողովրդական երաժշտության հանճար: Տանելի էր: Բայց նրա վերջին բառերը ողջ կյանքում կհիշեմ. «Քյամիլ մուալլիմ, այս տոթակեզ ամառային օրը ձեր ունկնդիրներին, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարող իրենց թույլ տալ հանգստանալ բնության գրկում, ձեր հիասքանչ կատարմամբ տեղափոխեցիք թավ անտառներ, զովացուցիչ ջրվեժներ, բարձր լեռներ և խոր գետեր...»

Պատկերացնո˜ւմ եք: Կեղտոտ մանր բուրժուազիան, կաշառակեր պաշտոնյաները արտասահմանում հանգստի և զվարճությունների համար փողեր են մսխում, որ մենք երազում էլ չենք տեսել, իսկ մենք պետք է թշվառ գոյություն քարշ տալով լսենք այդ հոբոիստին և միայն մտովի ուղևորվենք Ռիվիերա կամ վատթարագույն դեպքում Անթալիա  ու բավարարվենք դրանով: Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ Զալիմխան Յաղուբն ուղղակի չվերցրեց ու բարձրաձայն չհայհոյեց հասարակ մարդկանց: Գոնե այդքան վիրավորական ու ցավոտ չէր լինի...

Գարեջրի սեզոն

Հայերի համար «ամոթ» է մանրը վերցնելը: Ինչպե՞ս իմացա:

Ուրեմն Ակտաու-Ալմատի գնացքի ուղեկցորդին 200 թենգե եմ մեկնում (իսկ անկողնու պարագաներն արժեն 150), իսկ նա ինձ մանր է վերադարձնում:

- Շնորհակալություն, ասում եմ: Թողեք ձեզ:

- Հա՞յ եք,- անսպասելիորեն հարցնում է նա:

- Ոչ, ինչո՞ւ եք հարցնում:

- Սովորաբար հայերը մանրը չեն վերցնում:

Այստեղ հիշեցի վերջերս Ղարաբաղ և Հայաստան այցելած մեր կիսապաշտոնական մտավորականությանը: Մասնավորապես Քյամալ Աբդուլային, ավելի ճիշտ՝ նրա հանճարեղ պատասխանն այդ այցի համար իրեն քննադատողներին. «Մեզ նախանձում են»:

Իսկապես, գուցե նրանք, ովքեր այս տոթ ամռանը չկարողացան Շուշի գնալ, նախանձում են Բյուլ-Բյուլի որդու ղեկավարած մեր մտավորականությանը: Բայց այդ նախանձողներին ցանկանում եմ խորհուրդ տալ դադարել ապրումներ ունենալուց և սպասել իրենց ժամին: Այ, երբ մենք երեխա էինք, մեր շրջանի երիտասարդությունը հավաքվում էր և ավտոբուսներով, համերաշխ գնում էր Գորիս... գարեջուր խմելու: Մեծացանք և մենք... Հասանք «գարեջրային» տարիքի... Բայց պատերազմ սկսվեց, և ճանապարհները փակվեցին: Գորիսում գարեջուր խմելն ինձ համար դարձավ անիրականանալի երազանք: Մի քիչ էլ մեծացա և զանազան ոչ պետական կազմակերպությունների շրջանակում սկսեցի մասնակցել տարածաշրջանային նախագծերի: Վերջերս իմ երազանքը կատարվեց, և ես, այնուամենայնիվ, կարողացա Գորիսում գարեջուր խմել: Չնայած բոլոր ադրբեջանցիների համար ճանապահն այնտեղ այսօր էլ փակ է:

Մի՛ վշտացեք, բարեկամներ: Ձեր հերթն էլ կգա: Ինչպես ասում էր մի ադրբեջանցի թամադա. «Չեմ ծերացել ես, մայրիկ, դեռ այնքա˜ն հարսանիքներ կան առջևում»:

02.08.2007

Ռուսերենից թարգմանեց Աշոտ Տիգրանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.