«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
ՙԱնհատական համակարգիչն ու ինտերնետը`ուսուցման միջոց՚

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Մարիետ Սիմոնյան
ՙԲանավոր խոսքի զարգացումը նախակրթարանում՚

Մեթոդական մշակումներ
Հակոբ Հակոբյան
ՙՖիզիկայի դասավանդման ընթացքում կիրառվող ինֆորմացիոն բլոկները՚

Ուսումնական նյութեր
Գևորգ Հակոբյան
ՙՄաթեմատիկա. դասի պլաններ՚

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սեմյոն Սոլովեյչիկ
ՙՍովորում եմ անգլիական դպրոցում՚

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
ՙԴպրոցը և հասարակությունը՚ (3-րդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Սեմյոն Սոլովեյչիկ
ՙՀոգատար երեխաներ՚

Համընդհանուր հռչակագիր մշակութային բազմազանության մասին

Ավետարան ծնողների համար ըստ Բիլ Գեյթսի

Արձագանք

Աշոտ Բլեյան
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆ ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏԸ`ՈՒՍՈՒՑՄԱՆՄԻՋՈՑ

Հանրահայտ Բիլ Գեյթսն իր ՙՃանապարհ դեպի ապագա՚ գրավիչ գրքում հայտարարում է. ՙՄենք նոր հեղափոխության շեմին ենք և հիմա հատում ենք տեխնոլոգիական պատնեշը, որից այն կողմ ամեն ինչ այլ է լինելու՚: Թերահավատներին Գեյթսը պատասխանում է պատմական ակնարկով: Օքսֆորդի պրոֆեսորը 1878թ. էլեկտրականությունը համարում էր խաբեություն, իսկ պատենտային ծառայության աշխատակիցը հրաժարվում էր գյուտը գրանցելուց և հայտարարում. ՙԱյն, ինչ կարելի էր ստեղծել, արդեն ստեղծված է՚: Գուտենբերգից (1450թ.) առաջ աշխարհում մոտավորապես 30 հազար գիրք կար, իսկ 1500-ին արդեն գոյություն ուներ մոտավորապես 9 մլն. գիրք: Միայն 1981թ. հայտնվեց առաջին IBM-PC անհատական համակարգիչը: Հետևություն ըստ Գեյթսի` առաջընթացի արագացումն անխուսափելի է, պետք է նրանից լավագույնը քաղել:

Ամենակարևորը մոտ ապագայի մեր պատկերացումն է: Աշխատենք ինֆորմացիոն նոր տեխնոլոգիաների մասին իմանալ հնարավորինս շատ, քանզի անխուսափելիորեն առնչվում են բոլորիս: Որքան շատ իմանանք, այնքան քիչ կվախեցնեն մեզ:Իսկապես, իսկ ինչպիսի՞ն կլինի, ասենք, կրթությունը, եթե կապի արդի միջոցները, անհատական համակարգիչն ու որակյալ ինտերնետը հասանելի լինեն բոլորին` սովորողին, նրա ուսուցչին ու ծնողին: Այսպիսի հարցադրմամբ այսօր ինչպիսի՞ն է վիճակը Երևանի ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրում. ի՞նչ թվային սարքեր ունենք կրթահամալիրում, մանկավարժների ու սովորողների տներում, ծնողների աշխատավայրերում, ինտերնետից, կապի նոր միջոցներից և տեղեկատվական հաղորդակցության թվային սարքերից ինչքա՞ն ենք օգտվում այսօր մենք` ես, դուք, մեր սովորողը, տանը, աշխատավայրում:

Համաժողովի հարգելի մասնակիցներին եմ ներկայացնում կրթահամալիրի սոցիոլոգի ծառայության ուսումնասիրությունը, կրթահամալիրի տնօրենի աշխատակազմի պատրաստած տեղեկանքը ըստ դպրոցների (ծրագրերի): Հարգելով լսարանը և ձեր ժամանակը` թույլ տվեք հնչեցնել միայն հարցադրումներ: Ահա ձեզ էժան և ունիվերսալ էլեկտրոնային պարբերական` կրթահամալիրի ինտերնետ կայքն ու էլեկտրոնային ՙԴպիր՚ ամսագիրը, բոլորիս մատչելի` սովորողի, ուսուցչի և ծնողի անհատական էլեկտրոնային փոստը: Ինչպե՞ս սրանք դարձնենք ամենօրյա գործածական` մանկավարժների, սովորողների և նրանց ծնողների համար: Կարո՞ղ ենք, որպես 1-ին քայլ` էլեկտրոնային փոստը դարձնել մեր հաղորդակցությունների փոխանակման հիմնական միջոց: Կարո՞ղ ենք օգնել միմյանց ու եղած, մեր ունեցած տեղեկատվական հաղորդակցության միջոցներն արդյունավետ գործածել: Կարո՞ղ ենք անհատական համակարգիչը գործածել որպես ուսուցման անհատական միջոց: Կարո՜ղ ենք, ինչպես Գեյթսն է պատասխանում, եթե մեր ու մեր երեխաների կրթությունը դիտենք մեր սուղ միջոցների ներդրման լավագույն վայր: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները (գլոբալ կապն ու թվային միջոցները` անհատական համակարգիչն ու նրա աքսեսուարները, այլ թվային տեսասարքերը), մեր օրինակով գիտենք (այս հավաքում փորձեցինք ցույց տալ)` լավացնում են կրթությունը` որպես պրոցես, և միաժամանակ փոխում մեր կյանքի բոլոր ոլորտները: Դրանք, ստիպելով սովորողին, ուսուցչին և սովորողի ծնողին շարունակել սովորել, ուսուցման պրոցեսը, սովորելու ընթացքը դարձնում են հաճելի, ուսուցմանը գրավչություն հաղորդում այնքան, որ արագ տեսանելի (ակնհայտ) են դառնում ուսուցման արդյունքները: Տեսա՞ք, չէ՞, ինչքան բան գիտեն, կարողանում են անել և անում են մեր երեխաները` սկսած 1-ին դասարանից:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաները փոխում են ոչ միայն առաջնակարգ ֆիրմաները կամ օֆիսները, այլև մեր երեխայի դասարանը, դպրոցը, ուսուցման գործի ողջ կազմակերպումը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները (ԻՏ) կբերեն ու վերջապես կհաստատեն անհատական, խմբային և կոլեկտիվ ուսուցման մեթոդների այնքա¯ն պակասող հարմոնիան: ԻՏ-ն արթնացնում է հետաքրքրություն և խթանում մեր ուսուցիչների ու սովորողների ստեղծական գործունեությունը: Այս դահլիճն ու հավաքը հագեցած են այդպիսի, սիրելի, անհրաժեշտ (ուսուցչի համար) որակներով: Մեր ուսուցիչներն ավելի ու ավելի վստահ, զինված ինֆորմացիոն նոր տեխնոլոգիաներով, կատարում են իմացումի (գիտելիքի) միջնորդի իրենց առաքելությունը: Սովորողը հենց սովորող է, երբ ուզում է իմանալ. իսկ իմանալու որքա˜ն բան կա: Առանց ինֆորմացիոն տեխնոլոգիաների, արձանագրենք, անձին բավարարում պարգևող իմացումն անմատչելի է թվում: ԻՏ-ով զինված, ԻՏ-ն ամենօրյա աշխատանքում գործածող ուսուցիչը կարող է լավատես լինել ու վստահ նայել ապագային. ստեղծագործ ոգի ու իմացումի էներգիա դպրոց-դասարան բերող մասնագետը մեծացող պահանջարկ կունենա: Ծնողները պիտի սովորեն (կսովորեցնեն հենց ձեր երեխաներն ու մենք` ձեր երեխայի դպրոցի ուսուցիչները) և սովորեցնեն: Խոսքս այն ծնողների մասին է, ովքեր ինֆորմացիոն նոր տեխնոլոգիաներն արդեն գործածում են իրենց աշխատանքում: Մեզ ՏՀՏ-ից, լիարժեք հաղորդակցությունից, սովորելու արդյունավետ ու գրավիչ միջոցներից անջրպետող արգելքները կհաղթահարենք, կհայթայթենք ֆինանսներ ու խելամիտ լուծումներ կգտնենք, եթե կրթության նպատակը մեզ համար ոչ թե դիպլոմն է, այլ անընդհատ կրթության պարգևած հաճույքը: Այո՜, կրթություն ողջ կյանքի ընթացքում: Իսկ մեր կյանքի սահմանափակումները մեզ պարտադրում են խելամիտ լուծումներ գտնել: Շնորհքի, ընդունակության հարց է:

Ելույթ` ՙԿրթությունը 10 տարի անց՚ համաժողովում
23.12.06թ.

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.