«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
ՙԱնհատական համակարգիչն ու ինտերնետը`ուսուցման միջոց՚

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Մարիետ Սիմոնյան
ՙԲանավոր խոսքի զարգացումը նախակրթարանում՚

Մեթոդական մշակումներ
Հակոբ Հակոբյան
ՙՖիզիկայի դասավանդման ընթացքում կիրառվող ինֆորմացիոն բլոկները՚

Ուսումնական նյութեր
Գևորգ Հակոբյան
ՙՄաթեմատիկա. դասի պլաններ՚

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սեմյոն Սոլովեյչիկ
ՙՍովորում եմ անգլիական դպրոցում՚

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
ՙԴպրոցը և հասարակությունը՚ (3-րդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Սեմյոն Սոլովեյչիկ
ՙՀոգատար երեխաներ՚

Համընդհանուր հռչակագիր մշակութային բազմազանության մասին

Ավետարան ծնողների համար ըստ Բիլ Գեյթսի

Արձագանք

Հակոբ Հակոբյան
ՖԻԶԻԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԲԼՈԿՆԵՐԸ

Կրթության ոլորտում իրականացվող ժամանակակից բարեփոխումները խոր, հենքային բնույթ են կրում: Դա ըստ էության կրթության փիլիսոփայության փոփոխություն է: Խորհրդային դպրոցը հիմնված էր մարքս-լենինյան դիալեկտիկական մատերալիզմի վրա, որն իր հերթին ելնում էր գիտության (գիտելիքի) անսահման հնարավորությունների և ամենազոր ուժի նկատմամբ ունեցած համոզմունքից: Ենթադրվում էր, որ գիտելիքն ինքնին կարող է աշակերտին տալ ինքնուրույն նոր գիտելիքներ ՙարտադրելու՚ և դրանք պրակտիկայում կիրառելու հմտություններ: Հետևաբար դպրոցի առջև դրված էր աշակերտին հիմնարար գիտելիքների որոշակի ծավալ (որքան մեծ, այնքան լավ) հաղորդելու գերխնդիրը: Բայց հասարակության ներսում անլուծելի հակասությունների կուտակմանը և ճգնաժամի խորացմանը զուգընթաց` այդ դպրոցը հայտնվեց փակուղու մեջ: Խորհրդային հասարակարգը փլուզվեց` իր հետ պատմության գիրկը տանելով նաև իր ստեղծած արժեքային համակարգը: Այժմ ընթանում են հասարակարգային խորը փոփոխություններ: Արդյունաբերական հասարակարգը փոխարինվում է մի հասարակարգով, որի հիմքը ինֆորմացիան է: Ինֆորմացիոն հոսքի շատ մեծ աճը, կյանքի տեմպի կտրուկ արագացումը, հասարակության ներսում և մարդու ու շրջակա միջավայրի միջև կոնֆլիկտային իրավիճակների հաճախության մեծացումը գոյատևելու համար անհատից պահանջում են բոլորովին նոր որակներ` ինֆորմացիայի յուրացման մեծ օգտակար գործողության գործակից (միավոր ժամանակամիջոցում ընդունած և յուրացրած, գիտելիք դարձրած ինֆորմացիայի քանակի հարաբերությունը նույն ժամանակում ընդունած ամբողջ ինֆորմացիային), ցանկացած իրավիճակում ինքնուրույն և ճիշտ որոշումներ կայացնելու, կոնֆլիկտային իրավիճակներից փոքրագույն կորուստներով դուրս գալու, բազմապիսի խմբերում հաջողությամբ գործակցելու կարողություն և այլն: Հասկանալի է, որ այս պայմաններում պետք է փոխվեր նաև դպրոցի գերխնդիրը: Ինչպես միշտ, հասարակության որակական փոփոխությունների ժամանակ առաջին պլան են մղվել կրթության բովանդակության կարևոր հարցերը` ինչ և ինչպես սովորեցնել, ինչպես ստանալ ապահովագրված արդյունք:Կրթության հիմնական նպատակ է դառնում կյանքում ինքնակայացման ընդունակ անհատի ձևավորումը: Դպրոցը պետք է դաստիարակի այնպիսի մարդ, որը կարողանա համարժեք փոխազդել շրջակա միջավայրի հետ, ընդունակ լինի անընդհատ ինքնակրթության և ինքնազարգացման: Կարևոր չէ, թե ինչ գիտի աշակերտը, կարևորն այն է, թե նա ինքնուրույն ինչ կարող է անել: Անկախ նրանից, թե ինչ առարկա է դասավանդում և ուսուցման ինչպիսի տեխնոլոգիաներ է նախընտրում ուսուցչը, նրա հիմնական խնդիրը դառնում է ինքնակրթության մեխանիզմներ մշակել և դրանցից օգտվել սովորեցնելը: Որպեսզի աշակերտը կարողանա ինքնուրույն նոր գիտելիքներ կուտակել, առաջին հերթին անհրաժեշտ է զարգացնել նրա մտածողությունը, սովորեցնել տարաբնույթ ուսումնական խնդիրներ լուծելիս պլանավորել և համակարգել գործողությունները: Հաստատ կարելի է պնդել, որ դպրոցում դասավանդվող առարկաներից այս իմաստով ամենամեծ հնարավորություններն ունի ֆիզիկան: Ֆիզիկայի ուսուցման ընթացքում աշակերտները սովորում են դիտել և նկարագրել բնության մարմիններն ու երևույթները ամենատարբեր տեսանկյուններից, տարբերակել երևույթի էական և երկրորդական կողմերը, վերացարկել իրական մարմինը կամ երևույթը, ստեղծել դրա վերացարկված մոդելը, այն ենթարկել տեսական ուսումնասիրության և ստանալ որոշակի արդյունքներ: Ֆիզիկա ուսումնասիրելիս աշակերտը կատարում է տեքստերի, գրաֆիկների, աղյուսակների, սխեմաների, նկարների, փորձերի, գործող սարքերի և մոդելների ամենատարբեր տիպի վերլուծություններ, սովորում է դատողություններ և հակադատողություններ անել. դա հնարավորություն է տալիս նոր գիտելիք ստանալու: Ֆիզիկայի դասերին աշակերտը սովորում է նաև տարբեր տեսակի սահմանումներ, ֆիզիկական օրենքներ ու սկզբունքներ ձևակերպել, առաջադրել և հիմնավորել հիպոթեզներ, կազմել խնդիրների լուծման ընդհանուր ալգորիթմեր, պլանավորել և իրականացնել որոշակի նպատակ հետապնդող ֆիզիկական փորձ: Այս ամենը կրթում է սովորողի ուղեղը, մշակում խիստ կանոնակարգված և արդյունավետ մտածողություն: Աշակերտը սովորում է ինքնուրույն գիտելիքներ կուտակել, աշխատել ցանկացած տիպի ինֆորմացիայի հետ ոչ միայն դասապրոցեսում, այլ նաև ամբողջ կյանքում: Մարդն անընդհատ փոփոխվող, հսկայական ինֆորմացիոն դաշտում է մշտապես: Նրա ամբողջ կյանքը կախված է այն բանից, թե ինչպես է օգտագործում իր միջով անցնող ինֆորմացիոն հոսքը: Դասապրոցեսում նույնպես աշակերտը այս կամ այն չափով մասնակցում է ինֆորմացիայի ընկալման, հաղորդման, մշակման, ներկայացման և պահպանման պրոցեսների: Յուրաքանչյուր աշակերտ միավոր ժամանակամիջոցում կարող է վերացարկել և վերամշակել որոշակի ծավալով ինֆորմացիա: Այդ մեծությունը կարող է ծառայել որպես մարդու ինտելեկտուալ զարգացման որոշակի չափանիշ: ՙԻնֆորմացիա՚ տերմինը գործածում ենք հետևյալ նշանակությամբ` օբյեկտի կամ պրոցեսի վերաբերյալ տեղեկությունների հավաքածու, որը ընդունողի համար նորություն է պարունակում և հասկանալի է: Այսպիսով` ինֆորմացիայում պարունակվող նորը պետք է տրամաբանորեն կապվի տվյալ մարդու արդեն ունեցած գիտելիքների համակարգի հետ և չհակասի դրանց: Այդ դեպքում ինֆորմացիան յուրացվում է և կարող է օգտագործվել բազմիցս: Յուրացված ինֆորմացիան դառնում է գիտելիք: Անկախ նրանից, թե ինչ պրոցեսներ են կատարվում ուղեղում, մտածողության վերջնական արդյունքը միտքն է`` այն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ նոր գիտելիքը, որը ձևավորվում է ուղեղում բառային սիմվոլների (կոդի) տեսքով: Կոդը ուղեղում ձևավորվող մոդել է, որը միարժեքորեն համապատասխանում է իրական օբյեկտին: Ինֆորմացիայի կոդավորում ասելով` պետք է հասկանալ ուղեղում իրականությունն արտացոլող մոդելների ստեղծումը: Գոյություն ունեն տարբեր տեսակի կոդեր` տեսողական-տարածական, ձայնային, պատկերային, տառային, թվային և այլն: Ի ծնե և կյանքի առաջին տարիներին յուրաքանչյուր մարդու մեջ ձևավորվում է որոշակի տիպի կոդի օգտագործման հակում: Եթե մարդուն օգնենք գտնելու ինֆորմացիայի կոդավորման այն ձևը, որը առավել ընդունելի է նրա համար, ապա նրա մտածողությունը կաշխատի առավել արդյունավետ: Ասվածից հետևում է, որ դասապրոցեսում ուսումնական ինֆորմացիան որքան շատ ձևերով կոդավորվի, այնքան շատ թվով սովորողների կողմից հաջողությամբ կյուրացվի:

Ֆիզիկայի դասավանդման պրոցեսում կիրառվող ինֆորմացիոն բլոկները հարմար է դասակարգել ըստ ինֆորմացիայի կոդավորման ձևերի.
1. բանավոր հաղորդում, տեքստ (հատկապես` սահմանումներ, ձևակերպումներ).
2. աղյուսակներ.
3. բանաձևեր, գրաֆիկներ, նկարներ, սխեմաներ, գծագրեր, լուսանկարներ.
4. ցուցադրական փորձեր և ցուցադրումներ.
5. ինքնուրույն փորձնական աշխատանքներ.
6. տեսաֆիլմեր.
7. ֆիզիկական անիմացիաներ, ֆիզիկական պրոցեսների մոդելավորումներ, որոնք իրականացվում են ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներով:

Ֆիզիկայի դասերին ինֆորմացիայի հետ կատարվող տարաբնույթ աշխատանքների արդյունքում աշակերտը ձեռք է բերում ընդհանուր ուսուցողական կարողություններ և հմտություններ`
1. ինֆորմացիա ստեղծել և ներկայացնել գրավոր և բանավոր տեսքով,
2. ինֆորմացիայի ներկայացման ժամանակ պահպանել դատողությունների տրամաբանությունը,
3. տիրապետել հիմնավորման մեթոդներին` լրացուցիչ ինֆորմացիայի միջոցով արդեն հայտնի ինֆորմացիան պարզեցնելու և նրա ճշմարտացիությունը հաստատելու համար,
4. կարողանալ ինֆորմացիա փնտրել` օգտագործելով տարբեր տեսակի կատալոգներ, կենսագրական հրատարակություններ, ինֆորմացիայի համակարգման էլեկտրոնային միջոցներ, տեխնիկական տեղեկատուներ և այլն,
5. ինֆորմացիայի աղբյուրի հետ աշխատելիս հստակ ձևակերպել նպատակը,
6. ձևակերպել տեքստի (կամ ինֆորմացիայի մեկ այլ ձևի) հիմնական միտքը, սահմանումների մեջ առանձնացնել հանգուցային բառերը,
7. հիմնական ինֆորմացիան ներկայացնել ինֆորմացիայի երկրորդական աղբյուրների տեսքով` պլան, ալգորիթմ, աղյուսակ, տրամաբանական բլոկ-սխեմաներ, թեզիսներ, ամփոփում, կոնսպեկտ, ռեֆերատ և այլն,
8. վերարտադրել ինֆորմացիան. ՙկարդալ՚ ֆորմուլաները, հավասարումները,
9. վերակոդավորել ինֆորմացիան (տեսողականից` բառայինի, գրաֆիկականի, սիմվոլների և այլն):

1.1 Տեքստ
Տեքստի հետ աշխատանքը կարելի է բաժանել երկու տիպի` տեքստի կամ նրա առանձին մասի հետ աշխատանք` որպես մի ամբողջություն, և աշխատանք` սահմանումների, ֆիզիկական օրենքների, սկզբունքների և կանոնների ձևակերպումների նպատակով: Սակայն երկու դեպքերում էլ, ըստ էության, խոսքը ինֆորմացիայի վերաձևավորման և հաղորդման մասին է (սեղմել կամ ընդարձակել ինֆորմացիան, այն հասցնել ուսուցչին և դասարանին):

Ինչպե՞ս աշխատել տեքստի հետ:
I. Նոր (անծանոթ) տեքստ:
1. Ուշադիր կարդալ ամբողջ տեքստը: Առանձնապես չխորանալով մանրամասների մեջ` փորձել առանձնացնել քննարկված հիմնական խնդիրները և դրանք ձևակերպել հարցերի տեսքով: Ցանկացած տեքստում այդպիսի հիմնահարցերը շատ չեն (մեկ, երկու, առավելագույնը` երեք): Այդ հարցերից յուրաքանչյուրը կարող է դառնալ տեքստի վերնագիրը:
2. Քննարկվող առաջին հարցի համար կազմել կառուցվածքային կոնսպեկտ: Այն կարող է լինել բառերի, սխեմայի կամ նկարի տեսքով: Կոնսպեկտի կամայական ձևի դեպքում այն պետք է պարունակի մի քանի պարտադիր հարց.
ա) Ի՞նչ հիմքով է քննարկվում խնդիրը` փորձնակա՞ն, տեսակա՞ն, թե խառը: Եթե քննարկման հիմքում դրված է փորձը, ո՞րն է (որո՞նք են): Եթե հարցը քննարկվում է` ելնելով որոշակի տեսական դրույթներից, նշել` որոնք են դրանք:
բ) Ի՞նչ եղանակներով է հեղինակը ստացել խնդրի լուծումը:
գ) Առանձնացնել սահմանումները, պայմանավորվածությունները և արված պարզեցումները:
3. Ուսումնասիրել (յուրացնել) քննարկման հիմքում ընկած փորձը կամ փորձերը:
4. Եթե արդյունքը ստացվել է տեսական եղանակով, ապա սովորել հեղինակի առաջարկած եղանակը:
5. Դուրս գրել 3-րդ և 4-րդ կետերը կատարելիս չհասկացված հարցերը` դրանց պատասխանները ինֆորմացիայի այլ աղբյուրներից (ուսուցչից, դասընկերներից կամ այլ գրականությունից) ստանալու համար:
6. Փորձել նույն արդյունքը ստանալ այլ եղանակով:
7. Ուսումնասիրել, թե ինչպես կփոփոխվի վերջնական արդյունքը, եթե փոփոխվեն սկզբնական (կամ պարզեցնող) պայմանները:
8. Աշխատել մտապահել տեքստի տվյալ հատվածի կառուցվածքային սխեման (կոնսպեկտը):

Որպես անծանոթ տեքստի մշակման օրինակ` քննարկենք ՙԻներցիա: Նյուտոնի առաջին օրենքը՚ դասը (դասագրքում այս թեման շարադրված է խիստ անտրամաբանական և խառնաշփոթ ձևով):

Դասում շարադրված նյութին հակիրճ ծանոթացնելուց հետո առաջարկում եմ արագ կարդալ դասագրքի շարադրանքը և առանձնացնել հիմնական հարցերը և, եթե ըմբռնել են, նաև պատասխանները: Տվյալ դեպքում դրանք երեքն են.
1. ի՞նչ պայմաններում է, որ a=0.
2. քանի՞ տեսակի հաշվարկման համակարգ կա (երկու).
3. Երկրի հետ կապված համակարգը իներցիա՞լ է, թե՞ ոչ (ոչ լրիվ):
Դրանից հետո առաջարկում եմ ավելի ուշադիր կարդալ դասի այն հատվածը, որը վերաբերում է առաջին հարցին, և կազմել այդ հատվածի շարադրման հաջորդականության պլանը, իսկ եթե դասարանի մակարդակը թույլ է տալիս` կառուցվածքային պլանը:

Երկրորդ դեպքում ստացվում է մոտավորապես հետևյալ արդյունքը.
1. կանխադրույթ` բնության բոլոր մարմինները փոխազդում են.
2. ազդեցությունների համակշռելիության գաղափարի բացատրություն.
3. հարցի քննարկում երկրի հաշվարկման համակարգում.
ա. ե՞րբ է, որ a=0, և v=0; փորձ
բ. ե՞րբ է, որ a=0, և v#0; փորձ
4. ՙազատ մարմին՚ հասկացության ձևակերպում.
5. եզրակացություն (իներցիայի օրենքը):
Նման ձևով աշակերտներն ինքնուրույն մշակում են մյուս հարցերը: Հաջորդ դասին աշակերտների կազմած պլանների քննարկման և անհասկանալի հարցերի պարզաբանման արդյունքում համատեղ ջանքերով կազմում ենք դասի բլոկ սխեման (տե՜ս վերջում):

II. Ծանոթ (սովորած) տեքստ
Այսպիսի տեքստի հետ աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե կազմակերպվի հատուկ ընտրված հարցերի համակարգի օգնությամբ: Հարցերն անհրաժեշտ է ձևակերպել այնպես, որ աշակերտը տեքստում դրանցից մի քանիսի ուղղակի պատասխանները չգտնի: Այս դեպքում նա հարկադրված կլինի արտադրել նոր, երկրորդական ինֆորմացիա: Առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ է.
1. տեքստի մեջ առանձնացնել հարցի հետ անմիջականորեն կապված հատվածը (արդյունավետ է տեքստի վրա մատիտով աշխատելը).
2. ՙքրքրել՚ հիշողությունը (եթե անհրաժեշտ է, օգտվել դասագրքից կամ այլ գրականությունից) այնպիսի ինֆորմացիա հայտնաբերելու համար, որն առնչվում է հարցին.
3. այդ ամենի հիման վրա վերլուծել քննարկվող հարցը և սեփական բառերով ձևակերպել պատասխանը:

Որպես ծանոթ տեքստի հետ աշխատելու օրինակ` քննարկենք ՙՄակածման էլշու-ն մագնիսական դաշտում շարժվող հաղորդիչում՚ դասը: Դասի նյութն ուսումնասիրելուց հետո կարելի է աշակերտներին առաջարկել հարցեր, որոնց ուղղակի պատասխանները դասագրքի տեքստում չկան.
1. Լիցքավորված մասնիկի վրա էլեկտրական և մագնիսական դաշտերի ազդեցություններն ինչո՞վ են տարբերվում:
2. Ի՞նչ կապ կա էլեկտրական և մագնիսական դաշտերի միջև:
3. Երբ հաղորդիչը շարժվում է էլեկտրական դաշտում, ինչո՞ւ նրա ներսում տեղի չի ունենում դրական և բացասական լիցքերի տարածական բաժանում:
4. Ինչպե՞ս է կատարվում լիցքերի բաժանումը մագնիսական դաշտում շարժվող հաղորդիչում:
5. Ե՞րբ է դադարում լիցքերի բաժանման պրոցեսը:
6. Առաջարկի՜ր հաստատուն հոսանքի գեներատորի պարզագույն սխեմա:
7. Մոտավորապես գնահատի՜ր քո առաջարկած գեներատորի հիմնական պարամետրերը:

1.2 Սահմանումներ
Գիտական (և ոչ մայն գիտական) տեքստերում հատուկ կարևորություն ունեն սահմանումները: Սահմանումը որոշակի պայմանավորվածություն է ինչ-որ բանի մասին: Ուստի, սկզբունքորեն, չի կարող ճիշտ կամ սխալ լինել: Բայց ժամանակակից գիտությունը (այդ թվում` ֆիզիկան) կառուցված է որոշակի ձևով ընդունված սահմանումների (կամ պայմանավորվածությունների) համակարգի վրա: Այդ սահմանումները փոփոխել չի կարելի: Ֆիզիկայի դասավանդման մեր փորձը ցույց է տալիս, որ աշակերտները լուրջ դժվարությունների են հանդիպում սահմանումները յուրացնելիս: Ֆիզիկայում հանդիպում են չորս տիպի սահմանումներ`
1. սահմանումներ, որոնց օգնությամբ կատարվում է դասակարգում` երևույթները, ֆիզիկական մեծությունները (կամ այլ օբյեկտներ) բաժանվում են խմբերի և ենթախմբերի,
2. սահմանումներ, որոնց օգնությամբ ներմուծվում են տարբեր ֆիզիկական հասկացություններ,
3. սահմանումներ, որոնց օգնությամբ ներմուծվում են ֆիզիկական մեծությունները,
4. սահմանումներ, որոնց օգնությամբ պայմանավորվում ենք ֆիզիկական մեծությունների չափման միավորների մասին:
Սահմանումները սովորելիս նպատակահարմար է աշխատել հետևյալ հաջորդականությամբ:
I. Առաջին և երկրորդ տեսակի սահմանումներ
1. Կարդալ սահմանումը, պարզել` ինչ տիպի է, ինչ երևույթի կամ ֆիզիկական մեծության է վերաբերում: Փոխադրել սահմանման բովանդակությունը:
2. Սահմանման մեջ առանձնացնել այն բառերը (բառակապակցությունները), որոնք կրում են ինֆորմացիոն հիմնական բեռը: Հիմնավորել ընտրությունը:
3. Սահմանումից հերթականությամբ հեռացնել հանգուցային բառերը և հետևել, թե այդ դեպքում ինչպես է փոփոխվում սահմանման իմաստը:
4. Փորձել սահմանումը լրացնել նոր բառերով, պարզել, թե ինչ կստացվի դրանից:
5. Պատկերել սահմանումը համապատասխան բլոկ սխեմայի կամ նկարի տեսքով:
II. Երրորդ տիպի սահմանումներ
1. Հասկանալ, թե տվյալ մեծությունը մարմնի (դաշտի) կամ երևույթի որ հատկությունն է բնութագրում:
2. Սահմանումը ճիշտ ձևակերպելու համար բավական է բառերով կարդալ այն բանաձևը, որով ներմուծվում է տվյալ ֆիզիկական մեծությունը:
III. Չորրորդ տիպի սահմանումներ
Այս տիպի սահմանումները միշտ կազմված են երկու ինֆորմացիոն բլոկներից: Առաջինն այն է, որ տվյալ մեծության միավորը համասեռ է այդ մեծության հետ (նույնպիսի մեծություն է, ինչ որ չափվող մեծությունը): Մյուս ինֆորմացիան վերաբերում է կոնկրետ միավորի մասին պայմանավորվածությանը: Ցանկացած մեծության միավոր կարելի է սահմանել երկու ձևով: Այդ ձևերը ցույց տանք կոնկրետ մեծության` արագության օրինակի վրա:
Առաջին եղանակ

Սահմանում`
Որպես արագության միավոր` ընդունում են այն հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը (արագության միավորը մի ինչ-որ մարմնի արագություն է),
որը մեկ վայրկյանում կատարում է մեկ մետր տեղափոխություն (սրանով էլ պայմանավորվում ենք, թե հատկապես ո՜ր մարմնի արագությունն ենք ընդունում որպես միավոր):

Ինչպես երևում է բերված օրինակից, միավորի մասին պայմանավորվելիս այդ մեծության մուտքային բանաձևի մեջ մտնող բոլոր մեծությունների համար ընտրում ենք ՙմեկ՚ արժեքը: Բերված օրինակում արագության V= s/t բանաձևի մեջ ընդունում ենք, որ t=1վ, և s=1մ:
Երկրորդ եղանակ
V= s/t բավաձևից ստանում ենք` [V] = [s] / [t] =1մ/1վ:
Սահմանում: ՄՀ-ում որպես արագության միավոր ընդունված է 1մ/վ-ը: 1մ/վ-ը այն հավասարաչափ շարժվող մարմնի արագությունն է, որը 1վ-ում կատարում է 1մ տեղափոխություն:
[A] այսպես պայմանավորված է նշանակել ցանկացած A մեծության միավորը:

1.3 Ֆիզիկական մեծություն
Ֆիզիկական մարմինները և տարբեր տեսակի ֆիզիկական դաշտերը, որոնք օժտված են բազմապիսի հատկություններով, կազմում են բնությունը: Իրար հետ տարաբնույթ փոխազդեցությունների հետևանքով ֆիզիկական մարմինների և դաշտերի հատկություններն անընդհատ փոփոխվում են: Այդ փոփոխություններն անվանում են երևույթներ (պրոցես): Ֆիզիկական մարմինները (դաշտերը), դրանց հատկությունները և երևույթները գոյություն ունեն մարդու գիտակցությունից անկախ (օբյեկտիվորեն): Բնությունը ուսումնասիրելու համար ներմուծվում են տարբեր ֆիզիկական մեծություններ: Յուրաքանչյուր ֆիզիկական մեծություն բնութագրում է մարմնի (դաշտի) կամ երևույթի որևէ հատկություն:

Ֆիզիկական մեծությունը ներմուծելիս պետք խոսել հետևյալ հարցերի մասին.
1. մարմնի (դաշտի) կամ երևույթի ո՞ր հատկությունն է բնութագրում տվյալ մեծությունը և ի՞նչ պայմանավորվածությամբ է ներմուծվում.
2. տալ մեծության սահմանումը.
3. տալ այդ մեծության չափման միավորի սահմանումը, չափման միավորն արտահայտել ՄՀ-ի հիմնական միավորներով.
4. բացատրել մեծության ֆիզիկական իմաստը (ի՞նչ է ցույց տալիս այդ մեծությունը).
5. պարզաբանել` վեկտորակա՞ն է, թե՞ սկալյար, եթե վեկտորական է, ապա նշել` ինչպե՞ս է ուղղված, եթե սկալյար է, նշել` ինչպիսի՞ արժեքներ կարող է ընդունել.
6. խոսել տվյալ մեծության չափման գործիքի մասին:
Ծանոթություն:
- Երբեմն հնարավոր չէ մեծությանը ֆիզիկական իմաստ տալ: Այդ դեպքում 4-րդ կետը բաց ենք թողնում:
- Ֆիզիկայի դպրոցական դասընթացում ոչ բոլոր ֆիզիկական մեծությունների չափման գործիքների մասին է խոսվում: Շատ դեպքերում էլ մեծությունների չափման համար գործիքներ չկան, և դրանք չափվում են ոչ ուղղակի ճանապարհով:
2. Ֆիզիկական մեծությունների աղյուսակներ
Ֆիզիկայի դպրոցական դասընթացում աշակերտը ստիպված է գործ ունենալ ֆիզիկական մեծությունների տարբեր աղյուսակների հետ: Սովորաբար աղյուսակներն օգտագործվում են խնդիրների լուծման ժամանակ: Բայց ինֆորմացիայի մշակաման, երկրորդային ինֆորմացիայի ստեղծման իմաստով աղյուսակները անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ունեն: Աղյուսակների հետ արդյունավետ է աշխատել հետևյալ հաջորդականությամբ:
1. Ո՞ր մեծության համար է կազմված աղյուսակը:
2. Ի՞նչ է պատկերված աղյուսակում (ո՞ր մեծությունների միջև եղած առնչությունն է ցուցադրում աղյուսակը):
3. Աղյուսակում մեծություններն ի՞նչ միավորներով են տրված:
4. Ի՞նչ օրինաչափություններ ես նկատում աղյուսակում:
5. Առաջարկի՜ր այդ օրինաչափությունների քո բացատրությունը:
6. Հայտնաբերված օրինաչափություններից կա՞ն բացառություններ, և ինչի՞ հետ են դրանք կապված:
7. Ի՞նչ գործնական նշանակություն ունեն աղյուսակի տվյալները:
Աղյուսակների կիրառմամբ արդյունավետ աշխատանք է սեփական խնդիրների կազմումը: Դրա համար աշակերտը պետք է ունենա զարգացած երևակայություն, որպեսզի պատկերացնի խնդրում նկարագրվող իրադրությունը, տրամաբանական մտածողություն, որպեսզի ճիշտ պլանավորի խնդրի լուծման քայլերի հաջորդականությունը: Նա պետք է լավ հասկացած լինի թեման, որի վերաբերյալ կազմում է խնդիրը, իմանա ֆորմուլաները, տիրապետի տերմինաբանությանը, կարողանա իր մտքերն արտահայտել բառերով: Այս տիպի աշխատանքը բավականաչափ բարդ է, ուստի 7-րդ դասարանում պետք է խրախուսել աղյուսակային տվյալների օգտագործմամբ նույնիսկ մեկքայլանի խնդիրների կազմումը: Ավելի բարձր դասարաններում կարելի է կազմել բազմաքայլ խնդիրներ, որոնցում օգտագործվում են տվյալներ մի քանի աղյուսակներից:

3. Բանաձևեր
Բանաձևը (ֆորմուլա) անալիտիկ տեսքով արտահայտում է ֆիզիկական մեծությունների միջև գոյություն ունեցող ֆունկցիոնալ կախվածությունը: Դա ինֆորմացիայի կոդավորման այն ձևն է, որում ինֆորմացիան խտացված է առավելագույն չափով: Դա է պատճառը, որ աշակերտները սովորաբար դժվարանում են բանաձևում պարունակվող ինֆորմացիան վերծանելիս (կոդավորման ձևը փոխելիս): Ֆիզիկայում հանդիպող բանաձևերը բաժանվում են երկու, խիստ տարբեր, խմբերի: Առաջին խումբը կազմում են այն բանաձևերը, որոնցով սահմանվում են ֆիզիկական մեծությունները: Դրանք կարելի է անվանել մուտքային բանաձևեր: Այդ տիպի բանաձևերը` որպես սահմանումներ, պայմանավորվածություններ են, ուստի չեն կարող ստացվել ո՜չ տեսականորեն և ո՜չ էլ փորձնականորեն: Որպես օրինակ` քննարկենք արագության բանաձևը` v=s/t: Այս բանաձևով ներմուծում են արագություն կոչվող ֆիզիկական մեծությունը: Ուղղագիծ հավասարաչափ շարժման սահմանումից հետևում է, որ այս շարժման դեպքում s/t հարաբերությունը հաստատուն մեծություն է, իսկ անհավասարաչափ շարժման դեպքում այն փոփոխական է, և տարբեր հավասարաչափ շարժումների համար այդ հարաբերությունը տարբեր է: Այսպիսով s/t հարաբերությամբ իրարից տարբերվում են մի կողմից` հավասարաչափ և անհավասարաչափ շարժումները, մյուս կողմից` տարբեր հավասարաչափ շարժումները: Քանի որ նշված հարաբերությունը այդքան կարևոր է հավասարաչափ շարժման համար, պայմանավորվել են նրան անուն տալ և անվանել են ուղղագիծ հավասարաչափ շարժման արագություն: Այսպես է ստացվել v=s/t բանաձևը: Բանաձևերի երկրորդ, անհամեմատ բազմաքանակ խումբը կազմում են այն բանաձևերը, որոնք կապ են հաստատում արդեն ներմուծված ֆիզիկական մեծությունների միջև: Այս բանաձևերը կա՜մ ստացվում են այլ բանաձևերից` մաթեմատիկական ձևափոխությունների միջոցով (տեսականորեն), կա՜մ փորձերից:

Բանաձևը վերլուծելիս պետք է տալ հետևյալ հարցերի պատասխանները:
1. Ո՞ր խմբին է պատկանում տվյալ բանաձևը:
2. Ինչպե՞ս է կոչվում բանաձևը (ֆիզիկայում հանդիպող շատ բանաձևեր անվանումներ ունեն):
3. Ի՞նչ ֆիզիկական մեծություններ է կապում այդ բանաձևը:
4. Մաթեմատիկական ի՞նչ կախվածություն է արտահայտում բանաձևը:
5. Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի տվյալ կախվածությունը:
6. Բանաձի մեջ կա՞ն արդյոք հաստատուն գործակիցներ. և եթե կան, ի՞նչ են կոչվում:
7. Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունեն բանաձևի մեջ մտնող հաստատուն գործակիցները:
8. Ի՞նչ լրացուցիչ բանաձևեր կարելի է ստանալ տվյալ բանաձևից:
9. Ստացված բանաձևերն ունե՞ն ֆիզիկական իմաստ , եթե ունեն, ապա ինչպիսի՞:

Պետք է կատարել նաև հետևյալ առաջադրանքները.
1. պարզել բանաձևի կիրառության սահմանները.
2. կարողանալ ստանալ բանաձևը տեսականորեն. եթե այն ստացվում է փորձով, ապա նկարագրել փորձը:

4. Ֆիզիկական ՙսիլոգիզմի՚ լուծում
Սիլոգիզմ կոչվում է այն մտավոր եզրահանգումը, երբ երկու կատեգորիկ դատողություններից, որոնք կապված են ընդհանուր (միջին) տերմինով, ստացվում է երրորդ դատողությունը` եզրակացությունը, որի մեջ միջին տերմինը չի մտնում: Ֆիզիկայում որպես կատեգորիկ դատողություններ կարող են լինել երկու անկախ բանաձևեր: Միջին անդամը կլինի այն ֆիզիկական մեծությունը, որը մտնում է երկու բանաձևերի մեջ: Այդ դեպքում եզրակացությունը կլինի ստացված նոր բանաձևը: Այդպիսի բանաձևեր կարող են շատ լինել` քանի մեծություն որ կմնա սիլոգիզմը լուծելուց հետո: Այս տիպի աշխատանքի ժամանակ նոր բանաձևերի ստացումն ինքնանպատակ չէ, չնայած ինքնուրույն, տրամաբանական ճանապարհով ստացված, առավելագույն չափով խտացված ինֆորմացիան նույնպես կարևոր է: Աշխատանքի հիմնական նպատակը ստացված նոր բանաձևերի ֆիզիկական իմաստի բացահայտումն է, ֆորմուլաների ետևում ֆիզիկական օրինաչափությունները տեսնելը: Ըստ էության, աշակերտը կատարում է մտավոր բարդ աշխատանք` նոր ֆորմուլաների ստացում, դրանցում պարունակվող ինֆորմացիայի ընդարձակում և վերակոդավորում: Քննարկենք մի օրինակ:
Առաջին կատեգորիկ դատողություն` U=A/q:
Երկրորդ կատեգորիկ դատողություն` I=q/t:
Միջին անդամը` լիցքը (q):
Երկու բանաձևերից արտաքսելով լիցքը` ստանում ենք մի շարք բանաձևեր, որոնցից մեկը`A=IUt համարենք հիմնական, մյուս երեքը` լրացուցիչ: Հիմնական բանաձևը հետազոտում ենք ըստ վերևում տրված ալգորիթմի, պարզում նրանում պարունակվող ֆիզիկական իմաստը, փորձով ստուգում բանաձևը: Օգտվելով Օհմի օրենքից` ձևափոխում ենք հիմնական բանաձևը և հանգում Ջոուլ–Լենցի օրենքն արտահայտող բանաձևին: Բառերով ձևակերպում ենք ստացված արդյունքը (ձևակերպում ենք Ջոուլ–Լենցի օրենքը):

5. Ծածկագիր խնդիրների լուծման համար
Թեմայի ամփոփման և աշակերտներին տվյալ թեմայի վերաբերյալ խնդիրների լուծմանը նախապատրաստելիս նպատակահարմար է անցկացնել մրցույթ` ՙԽնդիրների լուծման համար լավագույն ծածկագիրը՚: Աշխատանքի իմաստն այն է, որ սովորողները կազմեն տվյալ թեմային վերաբերող բանաձևերի տրամաբանական-կառուցվածքային բլոկ-սխեման կամ, ինչպես անվանում են, քլաստերը: Քլաստերը ինֆորմացիայի կոդավորման ձև է, երբ առավելագույն չափով սեղմված ինֆորմացիան (տվյալ դեպքում` ֆորմուլաների տեսքով) ներկայացվում է նկարի օգնությամբ: Էջի մեջտեղում գրվում կամ նկարվում է հիմնական բառը (իդեան, թեման, տվյալ դեպքում` ֆորմուլան), որը կանվանենք քլաստերի միջուկ, իսկ դրանից տարբեր ուղղություններով սլաքների օգնությամբ նշվում են այն բառերը, իդեաները, թեմաները, իսկ քննարկվող դեպքում` ֆորմուլաները, որոնք տրամաբանորեն կապված են միջուկի հետ: Արդյունքում բավականաչափ մեծ ծավալի ինֆորմացիան սեղմվում է և ներկայանում յուրատեսակ ՙողկույզի՚ կամ ՙթփի՚ տեսքով: Ցանկացած տարիքի և զարգացման մակարդակ ունեցող աշակերտի համար այս տիպի աշխատանքը հետաքրքիր է, ստեղծագործական, և նրան ինքնարտահայտման հնարավորություն է տալիս: Իր համար աննկատ` աշակերտը սովորում է ամփոփել ու համակարգել յուրացրած նյութը, գտնել տրամաբանական կապեր, պլանավորել խնդիրների լուծման հնարավոր ուղիները: Ամենաթույլ աշակերտներին թույլատրում ենք աշխատանքի ընթացքում օգտվել դասագրքից կամ իր աշխատանքային տետրից: Ստորև բերված է այդպիսի աշխատանքի մի օրինակ, որը կազմված է գազի վիճակի ընդհանուր հավասարման վերաբերյալ խնդիրների լուծման համար:

6. Գրաֆիկներ
Ֆիզիկայի դպրոցական դասընթացում գրաֆիկները կարևոր դեր ունեն: Դրանք օգտագործվում են տեսական նյութի շարադրման, խնդիրների լուծման և փորձնական աշխատանքների ժամանակ: Դա պատահական չէ, քանի որ ինֆորմացիայի կոդավորումը գրաֆիկի տեսքով հնարավորություն է տալիս ապահովել դրա շատ մեծ խտացում: Ինֆորմացիան համապատասխան գրաֆիկով ներկայացնելու (ուղիղ խնդիր) և տրված գրաֆիկում պարունակվող ինֆորմացիան բացելու (հակառակ խնդիր) համար աշակերտից պահանջվում են մտավոր բազմաթիվ գործողություններ` վերլուծություն, սինթեզ, վերացարկում, համեմատում, ընդհանրացում, մասնավորեցում և այլն: Բնական է, որ գրաֆիկների հետ կատարվող աշխատանքները զարգացնում են սովորողների նշված մտավոր հմտությունները: Նշենք, որ աշակերտներն ավելի լավ կատարում են ուղիղ խնդիրը (ինֆորմացիայի սեղմումը, տվյալ դեպքում` առնչությունը պատկերող գրաֆիկի կառուցումը), քան հակառակ խնդիրը` պատրաստի գրաֆիկից առավելագույն ինֆորմացիա ՙդուրս քաշելը՚: Ուստի ավելի հաճախակի պետք է դիմել հենց այդ տիպի աշխատանքներին: Գրաֆիկի ՙընթերցումը՚, բացի թվային տվյալներ հաշվելուց, աշակերտին սովորեցնում է`
- բացատրել գրաֆիկով պատկերված առնչության ֆիզիկական էությունը,
- բացատրել գրաֆիկի հատուկ կետերի ֆիզիկական իմաստը,
- իրար հետ համեմատել տարբեր կախվածություններ, բացատրել դրանց նմանությունների և տարբերությունների ֆիզիկական պատճառները,
- տալ կախվածությունների մաթեմատիկական մեկնաբանությունը, հաշվել բանաձևի մեջ մտնող հաստատուն գործակիցները,
- պարզել գրաֆիկով սահմանափակված պատկերի ֆիզիկական իմաստը;

Գրաֆիկի ուսումնասիրությունը հարմար է կատարել հետևյալ պլանով.
1. ի՞նչ ֆիզիկական առնչություն է պատկերում գրաֆիկը.
2. ի՞նչ մեծություններ են տեղադրված առանցքներով և ի՞նչ միավորներով են չափվում.
3. ի՞նչ կոր է կախվածության գրաֆիկը.
4. ո՞ր մաթեմատիկական բանաձևով է արտահայտվում այդ մեծությունների միջև կախվածությունը.
5. գրաֆիկի հատուկ կետերը և դրանց ֆիզիկական մեկնաբանությունը.
6. ի՞նչ ինֆորմացիա կարելի է ստանալ գրաֆիկից.
7. գրաֆիկի օգնությամբ ինչպե՞ս հաշվել բանաձևի մեջ մտնող հաստատուն գործակիցները.
8. ի՞նչ խնդիրներ կարելի է լուծել գրաֆիկի օգնությամբ:
7. Սխեմա, գծագիր, նկար

ՙԻ՞նչ ես տեսնում նկարում՚. սա է այն առաջին և հիմնական հարցը, որ ծագում է որևէ սխեմա, գծագիր կամ նկար ուսումնասիրելիս (հետագայում բոլորը կանվանենենք մի բառով` նկար):

Այս հարցը աշակերտների մեծ մասի համար դժվար է, և քիչ թվով աշակերտներ կարող են ինքնուրույն գտնել ճիշտ պատասխանը: Պատճառն այն է, որ աշակերտը պետք է բացի մեծ ծավալի ինֆորմացիա, որը կոդավորված է տարատեսակ սիմվոլներով: Ո՞րն է լավ արդյունքի հասնելու ճանապարհը: Նախ աշակերտը ըմբռնում է սիմվոլների իմաստները և նրանց միջև եղած կապերը: Այնուհետև նա ներքին խոսքի միջոցով վերակոդավորում է նկարը սիմվոլներից բառայինի և վերջապես բարձրաձայն տալիս է պատասխանը: Այդ պատասխանը միայն մասամբ կարող է վերարտադրել ներքին խոսքը: Ներքին խոսքն իր հերթին, կախված աշակերտի անհատական զարգացման առանձնահատկություններից, գիտելիքների և հմտությունների առկա քանակից ու որակից, միշտ չէ, որ լրիվ վերարտադրում է սիմվոլներում պարունակվող ամբողջ ինֆորմացիան: Այնպես որ, մտածողության յուրաքանչյուր քայլում սկզբնական ինֆորմացիայի որոշ մասը կորսվում կամ աղավաղվում է: Դա ի վերջո հանգեցնում է նրան, որ պատասխանը կա՜մ թերի է լինում, կա՜մ սխալ: Որպեսզի մանրամասները չկորցնենք, անհրաժեշտ է նկարը տրոհել առանձին կտորների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անունը և նշանակությունը: Որպեսզի չկորցնենք իմաստը, անհրաժեշտ է հնարավորին չափ շատ ներքին կապեր գտնել առանձին կտորների միջև: Այսպիսով նախ նկարը տրոհում ենք առանձին կտորների, այդ կտորների միջև հաստատում ներքին կապեր և նորից հավաքում ենք նկարը` ձգտելով այնպես հավաքել, որ ամեն ինչ իր տեղն ընկնի: Եթե ամեն ինչ իր տեղը չի ընկնում, ապա ծագում է պրոբլեմային իրավիճակ, որը ուսուցիչը կարող է օգտագործել հարցի հետագա ուսումնասիրության նպատակով: ՙԻ՞նչ ես տեսնում նկարում՚ բարդ հարցը բաժանենք ավելի փոքր հարցերի:

1. Ի՞նչ է պատկերված նկարում (թվարկել նկարի մեջ մտնող բոլոր օբյեկտները (օբյեկտ ասելով` հասկանալու ենք ֆիզիկական մարմիններ, առանձին մասեր, չափիչ գործիքներ, սարքավորումներ, գրաֆիկի հատվածներ, ընդունված պայմանական նշաններ, սիմվոլներ և ընդհանրապես այն ամենը, ինչը պատկերված է որպես ամբողջություն), օյեկտներին անուններ տալ, եթե հնարավոր է և անհրաժեշտ, որոշել օբյեկտները բնութագրող ֆիզիկական մեծությունները):
2. Պարզել յուրաքանչյուր օբյեկտի ֆունկցիաները (ի՞նչ դեր է կատարում տվյալ օբյեկտը ամբողջի համատեքստում):
3. Ինչպե՞ս է յուրաքանչյուր օբյեկտ կապված մյուս օբյեկտների հետ:
4. Տվյալ օբյեկտի ո՞ր հատկություններն են փոփոխվում և ինչո՞ւ:
5. Առանձին օբյեկտի որևէ հատկություն փոփոխելիս մյուս օբյեկտների ո՞ր հատկությունները և ինչպե՞ս են փոփոխվում:
6. Ի՞նչ օրենք, երևույթ կամ կանոն է նկարագրում նկարը:
8. Ֆիզիկական փորձ (ցուցադրական), տեսահոլովակներ, համակարգչային անիմացիոն մոդելներ

Դասարանում ցուցադրվող փորձերը, տեսահոլավակները, համակարգչային անիմացիայի միջոցներով մոդելավորված ֆիզիկական փորձերը հսկայածավալ ինֆորմացիա են պարունակում (միաժամանակ տեսողական և լսողական): Ուստի դրանք ցուցադրելուց առաջ աշակերտների համար պետք է հստակ ձևակերպել ցուցադրման նպատակը: Ինչպես նկարի ուսումնասիրության ժամանակ, պետք է կենտրոնացնել և ուղղորդել աշակերտների ուշադրությունը, մինչև որ նրանք վարժվեն դա ինքնուրույն անելուն: Ի տարբերություն նկարի, ֆիզիկական փորձը ժամանակի ընթացքում փոփոխվող երևույթ է: Իրեն հասնող ինֆորմացիայի ընկալման և վերակոդավորման համար աշակերտը շատ քիչ ժամանակ ունի: Դրա հետևանքով ինֆորմացիայի որոշակի մասը չի ֆիքսվում և հետևաբար հետագա վերամշակման չի ենթարկվում: Ընկալված ինֆորմացիայի վերակոդավորման շղթան նույնն է, ինչ որ նկարի դեպքում: Աշակերտը ընդունած լսողական-տեսողական ինֆորմացիան վերակոդավորում է բառայինի` ներքին ձայնով, այնուհետև վերարտադրում է այն բարձրաձայն, երբ պատմում է տեսածն ու լսածը: Բնականաբար այս դեպքում ուսումնական ինֆորմացիայի ավելի մեծ մասն է կորսվում կամ աղավաղվում: Այդ է պատճառը, ու աշակերտների մեծ մասը չի կարողանում լրիվ և տրամաբանված վերարտադրել տեսածն ու լասածը:

Ակախ ամեն ինչից` աշակերտը պետք է կարողանա`
- ճիշտ և ամբողջական ձևակերպել փորձի նպատակը,
- նկարագրել փորձում օգտագործվող սարքավորումները,
- նկարագրել փորձի ընթացքը,
- նշել, թե ի՞նչ մեծություններ են անմիջականորեն չափվում փորձի ժամանակ, և ի՞նչ մեծություններ են որոշվում,
- ձևակերպել փորձի արդյունքները,
- վերլուծել փորձի արդյունքները,
- անել համապատասխան եզրակացություններ:

Ֆիզիկական փորձի (իրական, տեսահոլովակային, թե համակարգչային` կարևոր չէ) նկարագրման պլանը.
1. ձևակերպել, թե ինչ երևույթ կամ օրինաչափություն է ցուցադրում փորձը.
2. թվարկել փորձի սարքավորման հիմնական բաղկացուցիչ մասերը.
3. անել փորձը մեկնաբանեղ սխեմատիկ նկարներ.
4. շարադրել փորձի ընթացքը և արդյունքները.
5. ինչ պայմաններ կարելի է փոփոխել փորձի ընթացքում. ինչպե՞ս դրանք կազդեն արդյունքների վրա.
6. անել համապատասխան եզրակացություններ:

Աշխատանք ժամանակակից էլեկտրոնային միջոցներով
Ժամանկակից համակարգչային, տեսահոլովակային և այլ տեխնիկական միջոցների կիրառումը հանգեցնում է աշակերտին հաղորդվող ուսումնական ինֆորմացիայի առավելագույն խտացման: Այդ միջոցների կիրառման ժամանակ պետք է զգույշ լինել և շատ չհրապուրվել դրանցով: Ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցներն ունեն իրենց դրական և բացասական կողմերը: Այդ միջոցների օգնությամբ ֆիզիկական փորձերի ցուցադրումները դառնում են ավելի դիդակտիկ, ավելի տեսանելի: Բայց դա ուղեկցող էֆեկտ է: Առավել կարևոր է կարողանալ նոր միջոցների կիրառությամբ զարգացնել աշակերտների մտածելու ընդունակությունները: Համակարգչային բազմապիսի ծրագրերը, որոնք թույլ են տալիս մոդելավորել ֆիզիկական փորձը, հզոր գործիք են ուսուցչի ձեռքում: Կոմպյուտերային փորձն ունի մի շարք առավելություններ իրական ցուցադրական փորձի նկատմամբ: Փորձը կարելի է իրականացնել շատ դանդաղ և դիտել երևույթի այնպիսի մանրամասներ, որոնք իրական փորձի ժամանակ մնում էին աննկատ: Շատ ծրագրեր թույլ են տալիս կառուցել երևույթը նկարագրող ֆիզիկական մեծությունների միջև եղած կախվածությունների գրաֆիկները և աշխատել դրանց հետ: Կարևոր է, որ կարելի է փոփոխել պարամետրերը (փորձի պայմանները), տեսնել, թե այդ փոփոխություններն ինչպես են ազդում արդյունքների վրա: Բայց պետք է հստակ պատկերացնել, թե դասի ժամանակ ինչու և ինչպես է օգտագործվելու տվյալ ծրագիրը, ընտրել կոնկրետ իրավիճակում ծրագրի օգտագործման մեթոդապես առավել նպատակահարմար ձևը և դրա հիման վրա գրագետ ձևակերպել դիդակտիկ խնդիրները:

Շատ կարևոր է, թե որտեղ է անցկացվում դասը, և ինչպես է կահավորված կաբինետը: Երբ դասարանը նորմալ է կոմպլեկտավորված (մինչև 25 աշակերտ), իդեալական է, եթե կաբինետում կա համակարգիչ, պրոեկտոր, թվային տեսախցիկ, տեսամագնիտոֆոն: Հնարավոր է ֆիզիկական փորձ իրականացնել, նույն երևույթի վերաբերյալ տեսաֆիլմեր և ֆիզիկական անիմացիաներ դիտել, երևույթի` համակարգչային մոդելավորումով տարբերակը ուսումնասիրել: Կարող է թվալ, որ այդ դեպքում աշակերտների կողմից ուսումնասիրվող նյութի խորը և ամբողջական յուրացումն ապահոված է: Բայց վստահաբար կարելի է պնդել, որ դա այդպես չէ: Աշակերտների որոշ մասը չի հասցնում ինֆորմացիայի հաղորդման մի աղբյուրից արագ անցնել մյուսին, չի կարողանում հարմարվել դասի այդ գերարագ ռիթմին, չի սիրում լսել կադրի ետևից հնչող ձայնը և պրոեկտորի էկրանից գծագրեր արտագծել: Աշակերտները վարժված են դասարանի հաճելի, մտերմիկ մթնոլորտին, որտեղ կավիճ է, գրատախտակ, ուսուցչի հանգիստ, անշտապ ձայն, շտապողականություն չկա, ինֆորմացիայի հաղորդման ձևը արագ արագ չի փոփոխվում: Աշակերտները հասցնում են պատկերացնել, մտածել, երևակայել, այսինքն` հենվելով իրենց գիտելիքների, հիշողության և կյանքի փորձի վրա` ամբողջացնում են այն պատկերները և գաղափարները, որոնց մասին խոսում է ուսուցիչը: Բայց…. Իսկ ո՞րն է ոսկե միջինը: Դժվար է միարժեք պատասխանել: Թվարկենք ուսուցման էլեկտրոնային միջոցների կիրառման դրական և բացասական կողմերը: Կարծում ենք` դա կօգնի ուսուցչին ճիշտ կառուցել դասը:

Էլեկտրոնային միջոցների կիրառման բացասական կողմերը
1. Տարբեր ձևերով կոդավորված ինֆորմացիայի չափազանց մեծ խտությունը, որը աշակերտները միշտ չէ որ հասցնում են ընկալել և վերամշակել:
2. Էլեկտրոնային միջոցները ձանձրացնում են, աշակերտները վարժվում են էլեկտրոնային արտադրանքի այս կամ այն տեսակին, կտրուկ նվազում է հետաքրքրությունը:
3. Դասապրոցեսից դուրս է մղվում աշակերտի և ուսուցչի կենդանի, զգացմունքային հաղորդակցումը:
4. Ուսուցչի ձայնին վարժված աշակերտը դժվարությանբ է վարժվում կադրի ետևից հնչող տարբեր տոնայնությամբ ձայներին, որի հետևանքով ինֆորմացիայի որոշ մաս կորսվում է:
5. Աշակերտը զրկված է սեփական ցանկությամբ փորձի պարամետրերը փոփոխելու հնարավորությունից, քանի որ պրոցեսի մոդելավորումը կազմակերպվում և ուղղորդվում է ուսուցչի կողմից:
6. Աշակերտը դասն ընկալում է որոշ չափով որպես ներկայացում, որում ինքը կատարում է ոչ թե անմիջական մասնակցի, այլ կողմնակի դիտողի դեր:

Նշենք, որ եթե կա հնարավորություն կազմակերպելու անհատական կոմպյուտերային աշխատանք, նշված թերություններից շատերը վերանում են:
Էլեկտրոնային միջոցների կիրառման դրական կողմերը
1. Երևույթն ամենայն մանրամասնությամբ, առանց ուշադրությունը շեղող էֆեկտների դիտելու հնարավորություն է լինում:
2. Գծագրերը, գրաֆիկները, փորձերի սարքավորումները պատկերվում են հստակ, առանց երկրորդական մանրամասների:
3. Պրոցեսները կարելի է կրկնել բազմաթիվ անգամներ, կանգնեցնել ցանկացած տեղում, ետ պտտել: Դա ուսուցչին թույլ է տալիս անհրաժեշտ տեղում կետրոնացնելու աշակերտների ուշադրությունը, տալու մանրամասն բացատրություններ:
4. Կարելի է փոփոխել փորձի պարամետրերը, հիպոթեզներ առաջադրել և դրանք անմիջապես ստուգել կոմպյուտերային փորձի միջոցով:
5. Թույլ է տրվում ստանալ և ուսումնասիրել փորձին վերաբերվող տարբեր գրաֆիկներ:
6. Կարելի է կոմպյուտերային մոդելն օգտագործել սեփական խնդիրներ կազմելու համար:
7. Կարելի է դիմել տեսական նյութին, ստանալ պատմական տեղեկատվություն, սահմանումները և օրենքները բերել էկրանի վրա և անշտապ աշխատել դրանց հետ:
8. Ցուցադրումներն ուղեկցվում են հեղինակային խոսքով (հաճախ նաև տարբեր երաժշտական էֆեկտներով), որոնք ցանկության դեպքում կարելի է անջատել:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.