«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
ՙԱնհատական համակարգիչն ու ինտերնետը`ուսուցման միջոց՚

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Մարիետ Սիմոնյան
ՙԲանավոր խոսքի զարգացումը նախակրթարանում՚

Մեթոդական մշակումներ
Հակոբ Հակոբյան
ՙՖիզիկայի դասավանդման ընթացքում կիրառվող ինֆորմացիոն բլոկները՚

Ուսումնական նյութեր
Գևորգ Հակոբյան
ՙՄաթեմատիկա. դասի պլաններ՚

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սեմյոն Սոլովեյչիկ
ՙՍովորում եմ անգլիական դպրոցում՚

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
ՙԴպրոցը և հասարակությունը՚ (3-րդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Սեմյոն Սոլովեյչիկ
ՙՀոգատար երեխաներ՚

Համընդհանուր հռչակագիր մշակութային բազմազանության մասին

Ավետարան ծնողների համար ըստ Բիլ Գեյթսի

Արձագանք

Ջոն Դյուի

ԴՊՐՈՑԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Երրորդ գլուխ
Ուժերի անարդյունավետ վատնումը կրթության
ներկա կազմակերպման գերիշխանության պայմաններում
(Նախորդ գլուխը)

Այսօրվա դասախոսության թեման է, ինչպես հայտարարվել էր, «Ուժերի անարդյունավետ վատնումը կրթության ներկա կազմակերպման գերիշխանության պայմաններում»: Սկզբում կարճ կանգ կառնեմ սրա և նախորդ երկու դասախոսությունների առնչությանը: Առաջինում խոսեցի հասարակության հետ դպրոցի հարաբերության և դպրոցում այնպիսի փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին, որոնք ներկա սոցիալական պայմաններում դպրոցն իսկապես արժեքավոր կդարձնեն: Երկրորդում խոսվեց երեխայի՝ որպես անհատականության զարգացման և դպրոցի առնչության մասին: Երրորդում խոսքը կլինի հենց դպրոցի մասին՝ որպես այդպիսին, որպես ինստիտուտ, և´ հասարակության, և´ իր սեփական անդամների՝ երեխաների հետ նրա առնչության մասին: Դպրոցի կազմակերպման հարցն եմ դնում, քանի որ դպրոցում ուժերի անարդյունավետ վատնումը պայմանավորված է հենց կազմակերպման բացակայությամբ. պատճառ, որը դպրոցի կազմակերպման հիմքում է ընկած, և որի հետևանքն է ուժերը խնայել չկարողանալը և անհրաժեշտ արդյունավետության չհասնելը: Խոսքը փողի կամ միջոցների մսխման մասին չէ: Դրա հետ կարելի էր համակերպվել. առաջնահերթ է դարձել մարդկային կյանքի վատնման հարցը՝ երեխաների կյանքի՝ դպրոցում և հետագայում՝ դպրոցից դուրս գալուց հետո (ոչ ճիշտ և ոչ համապատասխան նախապատրաստվելու հետևանքով):

Այդ պատճառով կազմակերպման մասին խոսելիս նկատի չենք ունենա միայն արտաքին կողմը՝ այն, ինչ հայտնի է դպրոցական համակարգ անվամբ, մասնավորապես՝ դպրոցական խորհուրդը, մարզի հոգաբարձուն, ուսուցիչներ հրավիրելը և այլն: Սա միայն մի մասն է, իսկ հիմքը դպրոցի՝ որպես անհատականությունների համայնքի կազմակերպումն է և դրա հարաբերությունը սոցիալական կյանքի մյուս ձևերի հետ: Կազմակերպումը իրերը միմյանց հետ այնպիսի շփման մեջ դնելն է, որ դրանից հետո աշխատանքն ընթանա հեշտ, ճկուն և ամբողջ թափով: Այդ պատճառով, ժամանակակից դպրոցում ուժերի վատնման հարցը բարձրացնելով, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեր դպրոցական համակարգի մասերի տարանջատման, մեր կրթական նպատակների բացակայության, առարկաների և ուսուցման մեթոդների անբավարար կապի վրա:

Մի գծագիր եմ արել, որը մեր դպրոցական համակարգի մասնատվածության մասին խոսելուս ընթացքում կարող է ինչ-որ բան հաղորդել աչքին՝ ժամանակ խնայելով բառային բացատրությունների համար:

Ծանոթներիցս մեկը, որ պարադոքսների սիրահար է, ասում է, որ ոչինչ այնպես չի խճճում, ինչպես իլյուստրացիաները, և շատ հնարավոր է, որ իմ թեզիսը տեսանելի ցուցադրելու փորձը արդարացնի նրա պնդումը:

Գծագրի վրա ուղղանկյունները ցույց են տալիս դպրոցական համակարգի տարբեր տարրերը և նպատակ ունեն ընդհանուր գծերով ցույց տալու յուրաքանչյուր բաժնին տրամադրվող ժամանակահատվածի տևողությունը, ինպես նաև ցուցադրելու, թե ինչպես տարբեր մասերն ընդհանրություններ ունեն և´ ըստ ժամանակի, և´ ըստ ուսումնասիրվող առարակաների: Յուրաքանչյուր ուղղանկյան տակ նշվում են այն պատմական պայմանները, որոնցում առաջացել է դպրոցական համակարգի համապատասխան մասը, և նրա հիմնական նպատակը:

Ընդհանուր առմամբ դպրոցական համակարգը զարգացել է վերևից ներքև: Ըստ էության, միջին դարերում այն մասնագիտական՝ հիմնականում իրավաբանական և աստվածաբանական, դպրոցների խումբ էր: Ժամանակակից համալսարանը մեզ հասել է միջին դարերից: Չեմ ուզում ասել, որ հիմա նա միջնադարյան հաստատություն է, ուղղակի պնդում եմ, որ նրա արմատները հասնում են մինչև միջին դարեր, և նրանում դեռ կենդանի են գիտության նկատմամբ միջնադարյան ավանդական հայացքները:

Մանկան պարտեզները, որոնք այս հարյուրամյակում են առաջացել, մանկական և Շելինգի փիլիսոփայության համադրումն են՝ իր երեխաների հետ մոր խաղերի ու զվարճությունների և Շելինգի բարձր ռոմանտիկական ու վերացական փիլիսոփայության ամուսնական կապը: Երեխայի կյանքի հետ իսկական ծանոթացումից եկող տարրերը՝ մանկականի դրսևորումները, ամբողջ կրթության ընթացքում մնացել են ցանկալի ուժ, շելինգյան ազդակներն այդ ուժի և դպրոցական համակարգի մնացած մասի միջև պատնեշ են դարձել, նրան դեպի մեկուսացում տարել:

Վերևի մասում տարված գիծը մանկան պարտեզի և տարրական դպրոցի միջև գոյություն ունեցող որոշակի տարանջատումն է ցույց տալիս. քանի դեռ տարրական դպրոցը երեխայի կյանքի բնական հետաքրքրություններին օտար է մնում, այն առանձնացված է մանկան պարտեզից, և այժմ մանկան պարտեզի մեթոդները տարրական դպրոց ներմուծելու խնդիր է առաջանում, այսպես կոչված՝ կապող դասարանի ստեղծման խնդիրը: Դժվարությունն այն է, որ դրանց ելման կետերը տարբեր են: Դրանց միջև համաձայնության հասնելու համար ուսուցիչը դռնով մտնելու փոխարեն պետք է մագլցի պատի վրայով:

Նպատակի տեսակետից մանկան պարտեզի իդեալն ավելի շուտ երեխայի բարոյական զարգացումն է, քան կրթությունը կամ կարգապահության ստեղծումը, իդեալ, որ հաճախ հակվում է դեպի սենտիմենտալություն: Փաստորեն տարրական դպրոցն ստեղծվել է տասնվեցերորդ հարյուրամյակի ժողովրդական շարժումից, երբ գրահրատարակության հայտնաբերման և առևտրի զարգացման հետ կարդալու, գրելու և հաշվելու անհրաժեշտություն առաջացավ:

Հաջորդող՝ տարրական դպրոցին մոտ, բաժինը քերականական դպրոցն է (տերմին, որը քիչ է գործածվում Արևմուտքում, բայց լայն տարածում ունի արևելյան նահանգներում): Դրա առաջացումը հասնում է մինչև գիտությունների Վերածնունդը, հնարավոր է՝ մի քիչ էլ ավելի վաղ, քան տարրական դպրոցի առաջացման համար պայմանների ձևավորումը. եթե նույնիսկ դրանք ժամանակի առումով համընկնում են, ապա նպատակները տարբեր են: Քերականական դպրոցը խնդիր էր դնում լեզվի ուսուցումը՝ այս բառի բարձրագույն իմաստով, քանի որ Վերածննդի շրջանում լատիներենը և հունարենը մարդկանց ակտիվ մշակույթին էին կապում՝ հունական և հռոմեական աշխարհների հետ: Դասական լեզուները միջնադարի սահմաններից դուրս գալու միակ միջոցն էին: Այսպիսով, դեպի ակտիվ գիտությունը մարդկանց ձեռքը բանալի տալու նպատակով, որպեսզի մարդիկ լույսը ավելի լայն հորիզոնից տեսնեին, քերականական դպրոցի նախատիպն ավելի ազատ ստացվեց, քան իր բնույթով խորը մասնագիտական համալսարանինը: Գլխավոր առարկան մշակույթն էր, իսկ կարգապահությունը երկրորդ պլանում էր: Այնտեղ մշակույթին զգալիորեն ավելի շատ ժամանակ էին հատկացնում, քան ժամանակակից քերականական դպրոցներում: Այն լիբերալ տարրն էր քոլեջում, որը լայնանալով վերևից ներքև՝ աճել է ակադեմիայի և բարձրագույն դպրոցի: Հետևաբար, երկրորդ աստիճանի դպրոցը մասամբ ցածր քոլեջ կամ քոլեջին նախապատրաստող դասընթաց էր (թեև ուներ ավելի բարձր ծրագրեր, քան քոլեջը մի քանի հարյուրամյակ առաջ), մասամբ էլ՝ կրտսեր դպրոցում ձեռք բերած գիտելիքների ավարտման դպրոց:

Հետո բեմահարթակ են ելնում տասնիններորդ դարի երկու արդյունքները՝ տեխնիկական և սովորական դպրոցները: Տեխնոլոգիական, ինժեներական և մյուս ուսումնարանների հայտնվելն անշուշտ հիմնականում պայմանավորվում է տասնիններորդ դարի արդյունաբերա-առևտրական պայմանների պահանջով, ինչպես տարրական դպրոցները պայմանավորված էին տասնվեցերորդ դարի գործնական կյանքի զարգացմամբ: Սովորական դպրոցներն առաջացել են պատրաստված ուսուցիչներ ունենալու անհրաժեշտությունից և մասամբ՝ մասնագիտական ուսուցման, մասամբ էլ մշակութային նպատակներ էին հետապնդում:

Դպրոցական համակարգի ութ տարբեր մասեր ունենք (առանց մանրամասների մեջ խորանալու), ինչպես ցույց է տրված աղյուսակում, որոնցից յուրաքանչյուրը պատմականորեն տարբեր ժամանակներում է առաջացել, տարբեր նպատակներ ունի, հետևաբար տարբեր մեթոդներ է օգտագործում: Հարկ չկա նշելու, որ այդ առանձնացվածությունը, կյանքից օտարվածությունը, որն անցյալում գոյություն ուներ դպրոցական համակարգի տարբեր մասերի միջև, շարունակում է գոյություն ունենալ մինչև հիմա: Պետք է իմանալ, որ դրանք անցյալում էլ չեն միաձուլվել մի ամբողջության մեջ: Վարչական բնույթի կարևորագույն խնդիր է այդ տարբեր մասերը միավորելու ձև գտնելը:

Դիտարկենք ուսուցիչների պատրաստման դպրոցները՝ սովորական դպրոցները: Հիմա դրանք անբնական դիրք են գրավում բարձրագույն դպրոցի և քոլեջի միջև՝ պահանջելով բարձրագույն դպրոցին համապատասխան պատրաստվածություն և միևնույն ժամանակ քոլեջի աշխատանքի որոշ մաս անելով: Դրանցում դասավանդումը բարձրագույն կրթության նպատակներ չի հետապնդում, քանի որ խնդիրը մարդկանց արագ նախապատրաստելն է ավելի շատ ինչպե´ս սովորեցնելուն, քան թե ի´նչ սովորեցնելուն. իսկ եթե քոլեջին անդրադառնանք, անհամապատասխանության ուրիշ կողմը կտեսնենք՝ ինչ սովորեցնելու դասավանդումը ուսուցման մեթոդների ամբողջական անտեսմամբ (ինչպես սովորեցնել): Քոլեջը երեխաների և դեռահասների հետ շփումից կտրված է: Դրա սաները, շատ դեպքերում ընտանեկան միջավայրից կտրված, մոռանալով իրենց մանկությունը, դառնում են գիտելիքների մեծ պաշարով ուսուցիչներ, որը կարող էին փոխանցել իրենց աշակերտներին, բայց աղոտ են պատկերացնում, թե ինչպես կարող են գիտելիք փոխանցել նրանց, ում պետք է սովորեցնեն: Ինչ սովորեցնելը և ինչպես սովորեցնելը բաժանված են. և յուրաքանչյուր կողմը տուժում է անջատված լինելու պատճառով:

Հետաքրքիր է դիտարկել տարրական, քերականական և բարձրագույն դպրոցների միջև եղած հարաբերությունները: Տարրական դպրոցը լցված է շատ առարկաներով, որոնք վերցված են հին Նոր Անգլիայի քերականական դպրոցից, որտեղ դրանք սկզբնապես ուսումնասիրվում էին: Բարձրագույն դպրոցն իր խնդիրների մի մասը փոխանցել է ավելի ցածր դպրոցներին: Լատիներենը և հանրահաշիվը բարձրագույն դպրոցից տեղափոխվել են քերականական դպրոցի բարձր դասարաններ, այդպիսով հին քերականական դպրոցից մնացածի վրա ավելացել են յոթերորդ և ութերորդ դասարանները: Այս դասարաններն ամոր‎ֆ խառնուրդ են. այստեղ երեխաները մասամբ ուսումնասիրում են այն, ինչ արդեն սովորել են (կարդալ, գրել և հաշվել), մասամբ էլ բարձրագույն դպրոցին են նախապատրաստվում: Նոր Անգլիայի որոշ տեղերում այս լրացուցիչ դասարանների համար հատուկ անվանում կա՝ «Միջանկյալ դպրոց»։ Հաջողված տերմին է. այստեղ տարվող աշխատանքը միջանկյալ բնույթ ունի արդեն արվածի և անելիքի միջև՝ առանց որևէ սեփական բովանդակության:

Որքանով որ համաձայնեցված չեն դպրոցական համակարգի տարբեր մասերը, այդ աստիճանի տարբերվում են նաև դրանց նպատակները՝ բարոյական կատարելագործում, գործնական օգուտ, ընդհանուր մշակույթ, կարգապահություն և մասնագիտական ուսուցում: Այս խնդիրներից յուրաքանչյուրը հատուկ դրվում է կրթական համակարգի այս կամ այն մասի վրա, և դրանց բաժանման խորացումով յուրաքանչյուրը «տալիս է՚ որոշակի քանակի մշակույթ, կարգապահություն և գործնական օգուտ: Հիմնական միասնության բացակայությունը փաստվում է նրանով, որ առարկաներից մեկը համարվում է պետքական կարգապահության համար, մյուսը՝ մշակույթի. օրինակ՝ թվաբանության մի մասը պիտանի է կարգապահության համար, մյուս մասը՝ գործնական օգուտի, գրականությունը՝ մշակույթի համար, աշխարհագրությունը՝ մասամբ գործնական օգուտի համար, մասամբ՝ մշակույթի և այլն: Կրթության միասնականությունն անհետացել է, և ուսուցումը դարձել է կենտրոնախույս ուժ. այսինչ արդյունքը երաշխավորելու համար բավական է այս առարկայից այս չափով, ա´յս չափով՝ որպեսզի ուրիշ արդյունքի հասնենք, մինչև որ ամբողջը միայն փոխզիջում և կտրտված աշխատանք է դարձել՝ մե´կ՝ դրված խնդիրների առումով, մե´կ՝ տարբեր գիտելիքներ ձեռք բերելու: Մի քանի, միմյանց հետ չկապված և իրար վրա ավելացված մասերի փոխարեն ամբողջի միասնականության ապահովումը և այդպիսով մասնատվածությունից, կրկնություններից և մասերի միջև ստեղծված կապերի անհամապատասխանությունից եկող թերության վերացումը վարչարարների վրա դրված կրթական մեծագույն խնդիր է:

Երկրորդ գծագրի միջոցով կփորձեմ ցույց տալ, որ համակարգի տարբեր մասերը մեկ ամբողջության մեջ միավորելու միակ եղանակը դրանք կյանքի հետ կապելն է: Եթե մեր տեսադաշտը սահմանափակենք դպրոցական համակարգով, միայն արհեստական միասնության կարող ենք հասնել: Պետք է այն որպես ավելի լայն ամբողջության՝

սոցիալական կյանքի մաս դիտարկել: Գծագրի կենտրոնի Ա քառակուսին դպրոցական համակարգն է՝ որպես ամբողջություն: Դրա մի կողմում տունն է (1), և երկու սլաքները ընտանեկան կյանքի և դպրոցական կյանքի միջև մտքերի, նյութերի ազատ փոխազդեցությունն են ցույց տալիս: Ներքևում տեղադրել ենք բնության, շրջակա աշխարհի հետ դպրոցի հարաբերությունները՝ հսկայական դաշտ աշխարհագրության համար՝ բառի ամենալայն իմաստով: Դպրոցական շենքը բնության մեջ է՝ այգում, և այդտեղից երեխաներին կարելի է տանել մոտակա դաշտերը, հետո գյուղական ավելի լայն աշխարհ՝ իր բոլոր օբյեկտներով և այնտեղ գործող ուժերով: Վերևի մասում գործնական կյանքն է տեղադրված (3), և նշված է դպրոցի ու արդյունաբերության կարիքների ու ուժերի միջև ազատ փոխանակման անհրաժեշտությունը: Ձախ կողմում համալսարանն է՝ իր բոլոր լաբորատորիաներով, օժանդակ կառույցներով՝ գրադարան, թանգարան, մասնագիտական ինստիտուտ:

Երեխայի տեսակետից դպրոցի ամենամեծ թերությունը դպրոցից դուրս ձեռք բերված փորձը դպրոցում ազատ և ամբողջությամբ օգտագործելու անհնարինությունն է, և հակառակը՝ դպրոցում սովորածը ամենօրյա կյանքում կիրառել չկարողանալը: Սա է դպրոցի կտրվածությունը կյանքից: Երբ երեխան հայտնվում է դպրոցական սենյակում, մոռանում է մեծ մասն այն մտքերի, հետաքրքրությունների և գործունեությունների, որոնք առաջնահերթ դեր են խաղում, երբ նա տանն է, հարևանների հետ:

Այսպիսով, ի վիճակի չլինելով օգտագործելու երեխայի ամենօրյա փորձը՝ այլ ճանապարհով և զանազան այլ մեթոդներով է դպրոցը ջանում դպրոցական պարապմունքների նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Մի քանի տարի առաջ, երբ այցելել էի Մ. քաղաքը, դպրոցների կառավարիչն ասում էր, որ ամեն տարի շատ երեխաների է հանդիպում, որոնք զարմանում են, երբ իմանում են, որ իրենց դասագրքում նշված Միսիսիպի գետն առնչություն ունի իրենց տան մոտով հոսող ջրային հոսանքի հետ: Շատ երեխաների համար աշխարհագրությունը միայն դպրոցական սենյակի հետ կապ ունեցող առարկա է, և նրանք հայտնագործման պես մի բան են զգում, երբ իմանում են, որ այդ առարկան ընդամենը այն փաստերի որոշակի ու կարգավորված շարադրումն է, որոնց հետ իրենք շփվում են ամենօրյա կյանքում, տեսնում, շոշափում են: Երբ մտածենք, որ բոլորս ապրում ենք երկրի վրա՝ մթնոլորտով շրջապատված, որ մեր կյանքը ենթարկվում է հողի, կենդանական ու բուսական աշխարհի, լույսի ու ջերմության ազդեցությանը, և հիշենք, թե ինչ է աշխարհագրությունը դպրոցում, պարզ պատկերացում կկազմենք այն անդունդի մասին, որը գոյություն ունի երեխայի ամենօրյա կյանքի և կյանքից կտրված այն նյութի միջև, որն այդքան քանակությամբ փորձում են նրա գլուխը խցկել: Սա միայն մի օրինակ է, օրինակ, որը մեզանից շատերին երկար մտածել կտա, մինչև հասկանանք, որ դպրոցի այսօրվա արհեստականությունը պատշաճ և անհրաժեշտ բան չէ: Թեև պետք է օրգանական կապ լինի դպրոցի և գործարար (առևտրա-արդյունաբերական) կյանքի միջև, սակայն դա չի նշանակում, որ դպրոցը երեխային պետք է նախապատրաստի արտադրության կամ առևտրի որևէ որոշակի ճյուղի համար. այստեղ պետք է երեխայի ամենօրյա կյանքի և նրա շուրջն ընթացող գործնական հարաբերությունների միջև բնական կապ լինի, և դպրոցի խնդիրն է այդ կապը պարզեցնել, ազատել նախապաշարումներից, հասցնել երեխայի գիտակցությանը, բայց ոչ թե հատուկ առարկաներ ներմուծելով, ասենք՝ առևտրական աշխարհագրության կամ թվաբանության տեսքով, այլ հարաբերությունների սովորական կապերին աջակցելով: «Ընկերության սկզբունքն» այժմ, հավանաբար, դասագրքերում տեղ չունի, չնայած որ դեռ մեր սերնդի ժամանակ այն գոյություն ուներ, քանի որ, ինչպես ասում էին դասագիրք կազմողները, նրանք իրենց գրքերը չէին կարող վաճառել, եթե այնտեղից ինչ-որ բան դուրս թողնեին: «Ընկերության սկզբունքն» առաջացել է տասնվեցերորդ դարում: Բաժնետիրական ընկերություններն այն ժամանակ դեռ հայտնի չէին, բայց արդեն աճել էր առևտուրը Հնդկաստանի և Ամերիկայի հետ, ինչն անհրաժեշտություն էր դարձրել կապիտալի միավորումը առևտրական շրջանառությունների համար: Մեկն ասում էր. «Ես այսքան փող եմ ներդնում վեց ամսով», մյուսը՝ «Իսկ ես նույնքան փող եմ ներդնում երկու տարով՚ և այլն: Միավորման այս եղանակով նրանք բավականաչափ փող էին հավաքում իրենց առևտրական ձեռնարկումն սկսելու համար: Բնական է, որ «ընկերության սկզբունքն» այն ժամանակվա դպրոցներում ուսումնասիրում էին: Բաժնետիրական ընկերությունները հայտնագործվեցին. վերացան տասնվեցերորդ դարի ընկերությունները, բայց դրանց վերաբերող խնդիրները երկու հարյուր տարի շարունակում էին մնալ թվաբանական խնդրագրքերում: Դրանք պահպանվեցին նաև իրենց գործնական կարևորությունը կորցնելուց հետո՝ հանուն մտքի կարգապահության. գիտեք՝ «ի´նչ դժվար խնդիրներ էին»: Թվաբանության այսօրվա դասագրքերում տոկոսների մասին խնդիրները նույն բնույթն ունեն:

Տասներկու-տաներեք տարեկան երեխաներն ամենամանրամասն ձևով ուսումնասիրում են շահույթներ, վնասներ և բանկային հաշվառման այնպիսի ձևեր, առանց որոնց բանկատերերը կառավարում են արդեն վաղուց: Երբ նշում ենք, որ գործնական հաշվարկները հիմա այդ ձևով չեն կատարվում, նորից լսում ենք «մտքի կարգապահության» մասին:

Միևնույն ժամանակ մանկական փորձի և գործնական պայմանների միջև իրական կապերի բազմաթիվ դրսևորումներ կան, որոնք լուսաբանման և կիրառման կարիք ունեն: Երեխան առևտրական աշխարհագրությունը և թվաբանությունը պետք է ուսումնասիրի ոչ թե որպես ինքնուրույն առարկաներ, այլ իրեն շրջապատող սոցիալական աշխարհի հետ հարաբերություններում: Պատանին պետք է ծանոթ լինի բանկի՝ որպես ժամանակակից կյանքի շարժիչի գործունեությանը, իմանա, թե բանկն ի´նչ է անում և ինչպե´ս է անում. այդ դեպքում դրան վերաբերող թվաբանական գործողությունները որոշ իմաստ կունենան՝ ի տարբերություն թվաբանության այսօրվա բոլոր դասագրքերում տեղ գտած տոկոսների, վճարման հատուկ ձևերի մասին խնդիրների, որոնց վրա անիմաստ վատնում է ժամանակն ու գլուխ ցավեցնում:

Դպրոցի և համալսարանի կապին, որ գծագրում նշված է, հարկ չեմ համարում անդրադառնալ: Պարզապես ցանկանում եմ նշել, որ դպրոցական համակարգի բոլոր մասերի միջև ազատ փոխազդեցություն պետք է լինի: Մեր դպրոցներում (տարրական և դրանից հետո եկող) մեծ քանակով ամենաիսկական անհեթեթություններ են մատուցվում երեխաներին: Երբ սկսում ենք հասկանալ մեզ ուսուցանվող նյութի բովանդակությունը, տեսնում ենք, որ այն լցված է փաստերով, որոնք ինքին փաստեր չեն և հետագայում պետք է մոռացվեն: Դա առաջանում է այն պատճառով, որ մեր դպրոցական համակարգի «ստորին» մասերն իրական կապ չունեն «բարձրագույնների» հետ: Սկզբունքորեն համալսարանը և քոլեջը գիտական որոնումների տեղեր են, որտեղ հետազոտություններ են կատարվում, որտեղ կենտրոնացված են գրադարաններն ու թանգարանները, որոնցում հավաքված ու համակարգված են անցյալից մնացած լավագույն միջոցները: Կասկած չկա, որ գիտական հետազոտության ոգուն ինչպես դպրոցում, այնպես էլ համալսարանում, կարելի է հասնել միայն գիտական հետազոտության միջոցով ու ձևով: Աշակերտը պետք է ուսումնասիրի այն, ինչ կարևոր է, ինչը լայնացնում է նրա մտահորիզոնը: Նա պետք է իրական ճշմարտությունների հետ ծանոթանա, այլ ոչ թե նրանց, որ հիսուն տարի առաջ են այդպիսին համարվել, կամ թյուրիմացաբար ընտրվել են կիսազարգացած ուսուցչի կողմից՝ որպես հետաքրքիր նյութեր: Դժվար է հասկանալ, թե այս խնդիրներն ինչպես պետք է լուծվեն, եթե կրթական համակարգի առաջավոր մասը (բարձրագույն դպրոցը) սաղմնավորման վիճակում գտնվող մասի (տարրական դպրոցի) հետ սերտ փոխազդեցության մեջ չլինի:

Այս գծագիրը (3) նախորդի ընդարձակումն է: Դպրոցական կառույցը, այսպես ասած, փքվել է, բայց շրջակա միջավայրը նույնն է մնացել՝ տուն, այգի, ծառեր, հարաբերություններ գործնական կյանքի և համալսարանի հետ: Մեր խնդիրն է ցույց տալ, թե ինչի պետք է վերափոխվի դպրոցը, որպեսզի դուրս գա մեկուսացումից և իր համար սոցիալական կյանքի հետ կապ ապահովի, ինչի մասին արդեն ասել ենք: Սա դպրոցական կառույցի ճարտարապետական նախագիծ չէ, որը կյանքի կոչելու հույս ունենք, սա գծագրի տեսքով այն գաղափարի պատկերումն է, որը կցանկանայինք իրականացնել դպրոցում: Գծագրի ներքևի մասում տեսնում եք ճաշարանը և խոհանոցը, իսկ վերևի մասում՝ արհեստանոցը և կարելու-գործելու սենյակը: Մեջտեղի մասը ցույց է տալիս միջոցը, որով ամեն ինչ հավաքվում է գրադարանում. այստեղ, այսպես ասած, բոլոր տեսակի մտավոր պաշարների հավաքածուն է, որոնք գործնական աշխատանքների վրա լույս են սփռում և դրանց կարևորություն ու բարձր արժեք տալիս: Եթե չորս անկյունները գործնական աշխատանք են ներկայացնում, ապա մեջտեղի մասը՝ այդ աշխատանքների տեսությունը: Այլ կերպ ասած՝ դպրոցում այդ գործնական աշխատանքներն ինքնանպատակ չեն, կամ դրանց նշանակությունը խոհարարական, կար ու ձևի, հյուսնի, քարագործի մասնագիտությունների տեխնիկական գիտելիքների ձեռքբերումը չէ. սոցիալական տեսանկյունից՝ դրանք ապահովում են երեխաների շփումն արտաքին կյանքի հետ, իսկ անհատական տեսանկյունից՝ երեխային պասիվ, ենթարկվող թողնելու փոխարեն այդ աշխատանքներով նրա գործունեության, իրեն բացահայտելու, ինչ-որ բան անելու, ինչ-որ բան ստեղծելու ու կառուցելու պահանջմունքը բավարարելն է: Կարևորը սոցիալական և անհատական կողմերի միջև հավասարակշռություն պահպանելն է։ Գծագիրը հիմնականում սոցիալական առնչություններն է ցույց տալիս: Այստեղ դպրոցի մի կողմում տունն է: Բնական է, որ կապող գծերը գնում են դեպի խոհանոց ու արհեստանոց և վերադառնում են տուն: Երեխան կարող է տանը ստացած բոլոր տեղեկությունները դպրոց բերել ու կիրառել աշխատանքում և հակառակը՝ ինչ սովորել է դպրոցում, կարող է նաև տանը կիրառել: Սրանք դպրոցի մեկուսացումը հաղթահարելու ու կապ հաստատելու գործում երկու խոշոր հայտնագործություններ են՝ հասնել նրան, որ երեխան դպրոցից դուրս ստացած իր ամբողջ փորձը բերի դպրոց և դպրոցից գնալիս իր հետ ինչ-որ բան տանի, որ կարող է անմիջապես կիրառել ամենօրյա կյանքում: Երեխան ավանդական դպրոց ընդունվում է առողջ մարմնով և քիչ թե շատ կամային մտքով, չնայած իր հետ, փաստորեն, չի բերում ո´չ մարմինը, ո´չ միտքը. միտքը թողնում է դպրոցից դուրս, քանի որ այստեղ կիրառելու տեղ չկա: Եթե երեխայի միտքը վերացական լիներ, նա կկարողանար իր հետ բերել, բայց նրա միտքը կոնկրետ է, կոնկրետ առարկաներով հետաքրքրվող, և քանի դեռ այդ առարկաները դպրոցական կյանքում կիրառություններ չունեն, նա չի կարող միտքը իր հետ դպրոց բերել: Իսկ մեր ուզածն ի՞նչ է՝ որ երեխան դպրոց ընդունվի առողջ մարմնում առողջ մտքով և որ դպրոցից դուրս գա ավելի առողջ մարմնում ավելի ամբողջական մտքով: Չնայած այս գծագրի վրա մարմնամարզական դահլիճ նշված չէ, սակայն երբ ասում ենք առողջ մարմին, հեշտ է գլխի ընկնել, որ կառույցի չորս անկյուններում ընթացող գործնական կյանքը մշտական ‎ֆիզկական վարժություններ է ենթադրում, մինչդեռ այսօրվա մարմնամարզությունը՝ որպես առանձին առարկա, գործ ունի միայն երեխաների թուլությունների հետ և փորձում է դրանք շտկել։ Նոր դպրոցը կփորձի ավելի գիտակցաբար կառուցել առողջ մարմինը՝ որպես առողջ մտքի պատյան:

Ավելորդ է խոսել այն մասին, որ խոհանոցն ու ճաշարանը գյուղի, այնտեղի աշխատանքների ու մթերքների հետ շփում են ապահովում: Խոհարարություն կարելի է այնպես սովորեցնել, որ ոչ մի կապ չունենա գյուղական կյանքի և աշխարհագրական տեղեկությունների հետ: Հնարավոր է, որ այդպես էլ սովորեցրել են՝ առանց այդ կապը հաստատելու: Բայց խոհանոց մտնող բոլոր մթերքները բերվում են գյուղից. դրանք լույսի ու ջրի ազդեցությամբ աճում են հողում և տեղական առանձնահատկությունների բազմազանության արդյունքն են կրում: Այգուց դեպի լայն աշխարհը տարածվող այս կապի միջոցով երեխան բնական գիտություններն ուսումնասիրելու շեմին է հասնում: Որտե՞ղ են դրանք աճել: Ի՞նչ է անհրաժեշտ դրանք աճեցնելու համար: Ի՞նչ կապ ունեն դրանք հողի հետ: Ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայական տարբեր պայմանները դրանց վրա, և այդպես շարունակ: Բոլորս լավ գիտենք, թե ինչ էր բուսաբանությունը. մի կողմից՝ գեղեցիկ ծաղիկներ հավաքել, դրանք չորացնել և ձևավորել, մի կողմից՝ դրանք մասերի բաժանել և յուրաքանչյուր մասին տեխնիկական անուն տալ, տերևների ամբողջ բազմազանության և դրանց տարբեր տեսակների և ձևերի անունների հետ ծանոթացնել: Սա բույսերի ուսումնասիրություն էր՝ առանց դրանց աճի, հողի, գյուղի հետ որևէ կապի: Սրան հակառակ՝ բույսերի ժամանակակից ուսումնասիրությունը դրանք դիտարկում է բնական պայմաններում և իրենց ամբողջ օգտակարությամբ՝ ոչ միայն որպես սնունդ, այլև մարդու և հասարակության կյանքում բոլոր կիրառություններով: Նույն ձևով խոհարարությունը, երեխային տալով տեղեկություններ, որոնք կարող է անմիջապես կիրառել իր ամենօրյա կյանքում, քիմիա ուսումնասիրելու նախաշեմ է: Մի անգամ լսեցի, թե ինչպես մի շատ կիրթ կին ասաց, որ ինքը չի հասկանում, թե ինչպես կարելի է երեխաներին բնական գիտություններ սովորեցնել, քանի որ չի պատկերացնում, թե երեխաներն ինչպես պետք է պարզեն՝ ի՞նչ են ատոմը կամ մոլեկուլը: Այսինքն՝ նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես բնական գիտություններն ընդհանրապես կարող են ուսուցանվող լինել, քանի որ չէր պատկերացնում, թե ինչպես կարելի է երեխայի ամենօրյա փորձից անկախ՝ նրան լրիվ վերացական փաստեր ներկայացնել: Նախքան նրա դիտողության վրա ծիծաղելը ինքներս մեզ հարցնենք՝ արդյոք նա միա՞կն է, որ այսպիսի ենթադրություն է անում, թե՞ սա մեր դպրոցական գրեթե ողջ գործունեության սկզբունքի պարզ ձևակերպումն է:

Արտաքին աշխարհի հետ նույն հարաբերություններն են նաև հյուսնի և մանածագործի արհեստանոցներում: Դրանք կապված են գյուղական աշխարհի՝ որպես բոլոր անհրաժեշտ նյութերի աղբյուրի, ‎ֆիզիկայի՝ որպես էներգիայի կիրառման մասին գիտության, ապրանքների բաշխման և առևտրի, ճարտարապետության և կիրառական արվեստների զարգացման հետ: Տեխնոլոգիական ու ճարտարագիտական դպրոցների միջոցով դրանք ամենասերտ կապ ունեն նաև համալսարանների, լաբորատորիաների, գիտական մեթոդների և գիտության ճյուղերի հետ:

Վերադառնանք գրադարանը պատկերող վանդակին: Եթե պատկերացնեք սենյակ, որը կիսով չափ անկյուններում է, կիսով չափ գրադարանում, կստանաք մի կառույցի գաղափար, որտեղ սովորում են հետաքրքրաշարժ ձևով: Այստեղ երեխաները գալիս են ձեռք բերած փորձով, հարցերով, խնդիրներով, իրենց գտած առանձին փաստերով և միասին քննարկում են, որպեսզի դրանց վրա նոր լույս սփռվի՝ հատկապես ուրիշների փորձից, աշխարհի հավաքական իմաստությունից (որի խորհրդանիշը գրադարանն է) ստացվող նոր լույս: Այստեղ տեսականի և գործնականի օրգանական կապն է. երեխան ոչ միայն առարկաներ է պատրաստում, այլ նաև իմաստավորում է իր արածը։ Աշխատանքի սկզբում նա որոշակի մտավոր պատկերացում է կազմում. դա մտնում է նրա գործնական աշխատանքի մեջ և հարստացնում է այն, քանի որ ցանկացած միտք ուղղակի կամ անուղղակի կերպով գործնական կիրառում է գտնում և որոշակի ազդեցություն թողնում կյանքի վրա: Սրանով, այս մասին կարող էի և չնշել, կրթության գործում գրքի կամ ընթերցանության կարևորությունն է հաստատվում: Վնասակար լինելով՝ որպես փորձին փոխարինող, այն անգնահատելի է՝ որպես փորձի մեկնաբանում և ընդարձակում:

Չորրորդ գծագիրը նույն գաղափարն է ցուցադրում: Այն այդ իդեալական դպրոցի վերին հարկն է խորհրդանշում: Վերևի անկյուններում լաբորատորիաներն են տեղավորված, իսկ ներքևիններում՝ կիրառական արվեստով ու երգ-երաժշտական արվեստով զբաղվելու ստուդիաները: Արհեստանոցներում և խոհանոցում ծագած քիմիական կամ ‎ֆիզիկական հարցերը լուծումներ գտնելու համար տեղափոխվում են լաբորատորիաներ: Օրինակ՝ անցած շաբաթ ավագ երեխաների մի խումբ, որ ավտոմատ ճախարակի կիրառմամբ գործվածք էր ստանում, կազմեց անիվին ու ոտնակին վերաբերող ուժերի ուղղությունների և արագությունների հարաբերության դիագրամները: Նույն ձևով բույսերը, որոնց հետ երեխան առնչվում է խոհարարական աշխատանքների ընթացքում, կարող են բուսաբանության նկատմամբ հետաքրքրության հիմք լինել և ուսումնասիրության նյութ դառնալ: Բոստոնի դպրոցներից մեկում բնագիտական աշխատանքները մի քանի ամիս շարունակ ուղղված էին բամբակենու աճեցմանը, և դա ամեն օր երեխաներին նոր բան էր տալիս: Պատրաստվում ենք նմանատիպ աշխատանքներ անել բույսերի այն բոլոր տեսակների հետ, որոնք մանելու ու գործելու համար նյութ են տալիս: Այս օրինակները, հուսով եմ, կհուշեն, թե ինչ կապ է հաստատվում լաբորատորիական խնդիրների և դպրոցական մյուս պարապմունքների միջև:

Նկարչությունը և երաժշտությունը կամ կիրառական ու երաժշտական-երգեցողության արվեստները դպրոցում կատարվող բոլոր աշխատանքների կատարյալ ավարտը, պսակն են: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ, որ այս հարցի նկատմամբ ոչ գրքային հայացք ունի, գիտի, որ իսկական արվեստն աճում է արհեստավորների աշխատանքից: Վերածննդի մշակույթը մեծ էր, որովհետև ձեռքի աշխատանքի հետ կապված կյանքից էր աճել: Միայն արհեստավորական կողմը նեղ է, բայց և միայն արվեստն ինքնին, առանց արտաքին աշխարհի հետ կապի, անբովանդակ ու սենտիմենտալ դառնալու հակում ունի: Իհարկե, չեմ ասում, որ արվեստի պարապմունքները դպրոցական մյուս աշխատանքների հետ սերտ կապ պետք է ունենան մանրամասներում, միայն կարծում եմ, որ միավորման ոգին արվեստին կենդանություն, իսկ մյուս պարապմունքներին խորություն և հարստություն կհաղորդի: Յուրաքանչյուր արվեստ կապված է ‎ֆիզիկական օրգանների հետ՝ ձեռքի ու աչքի, ականջի ու կոկորդի, բայց տեխնիկական ունակություններից ավելի կարևոր բան կա, որ պահանջվում է այդ զգայարաններից. դա գաղափարն է, միտքը, իրերի ոգու փոխանցումը: Սակայն և ցանկացած քանակի գաղափարները համենայն դեպս չեն տա այն, ինչ պահանջվում է արվեստից: Այդ «ինչ-որ բանը» մտքի և ապրելու գործիքների կենդանի միավորումն է: Այդ միավորումը սիմվոլիկ ձևով կարելի է այսպես արտահայտել. իդեալական դպրոցում արվեստի հետ կապված աշխատանքը կարող է դիտարկվել որպես արհեստանոցային աշխատանք, որ անցել է գրադարանի ու թանգարանի թորման խորանարդով և նորից տրվել գործողության:

Նման համադրությունը ցուցադրելու համար դիտարկենք մանածագործական սենյակը: Ապագայի դպրոցի մասին եմ խոսում, դպրոց, որը, հուսով եմ, երբևէ ունենալու ենք: Այս սենյակի առնձնահատկությունն արհեստանոց լինելն է, որտեղ մանելու, գործելու և կարելու իսկական աշխատանքներ են կատարվում: Երեխաներն անմիջապես շփվում են տարբեր նյութերի, արտադրության տարբեր տեսակների հետ՝ մետաքսի, բամբակի, վուշի, բրդի: Երեխաներն անմիջական տեղեկություններ են ստանում. այդ նյութերի հետ հենց առաջին շփման ժամանակ իմանում են դրանց ծագումը, պատմությունը, պիտանելիությունն այս կամ այն կիրառման համար, նույն տեղում ծանոթանում են հում նյութի մշակման համար գործածվող տարբեր տեսակի մեքենաների: Կարգապապահությունն աշխատանքի ժամանակ է հաստատվում՝ գործնական և տեսական տարբեր խնդիրներ լուծելիս: Մշակույթը որտեղի՞ց է առաջանում: Մասամբ՝ գիտական ու պատմական պայմանների և զուգորդումների հայելու մեջ անդրադարձվող այդ բոլոր իրերի հետ ծանոթանացումից (երեխան սովորում է դրանք գնահատել՝ որպես տեխնիկական ստեղծագործություններ, որպես գործողություն դարձած մտքեր), մասամբ՝ մշակույթի գաղափարը ներմուծվում է հենց սենյակ: Կատարյալ դպրոցում այն կարող է արտահայտվել հետևյալ ձևով. առաջին հերթին՝ ամբողջական արտադրական թանգարան, որտեղ ցուցադրված լինեն տարբեր նյութերի նմուշներ՝ մշակման տարբեր փուլերում, և դրանց մշակման համար օգտագործվող գործիքների ամբողջական հավաքածուն, այնուհետև այն տեղերի բնապատկերների նկարներն ու լուսանկարները, որտեղ այդ նյութերն աճում են, և այն տեղերինը, որտեղ մշակվում են: Նման հավաքածուն մշակույթի, գիտության և արտադրության համադրության կենդանի ու մշտական դաս կլինի: Այստեղ կլինեն նաև ‎ֆրանսիական, իտալական, ճապոնական և արևելյան մանածագործական մշակույթի լավագույն նմուշների օրինակներ: Այստեղ կլինեն նաև այդ օրինակների վրա եղած զարդանախշերի մոտիվներ ցուցադրող առարկաներ: Գրականությունը համաշխարհային արդյունաբերության գեղարվեստական վերարտադրման իր ներդրումը կանի. օրինակ՝ «Ոդիսևսում՚ Պենելոպեն դասական գեղարվեստական կերպար է, քանի որ ընկալվում է իբրև սոցիալական կյանքի հայտնի արդյունաբերական ժամանակաշրջանի համարժեք մարմնավորում: Այսպիսով՝ Հոմերոսից մինչև ներկա ժամանակները գրականությունը գեղարվեստական կերպարների միջոցով արդյունաբերությանը վերաբերող փաստերի անընդհատ շղթա է պարունակում: Երաժշտությունն էլ իր մասն է հատկացնում՝ շոտլանդական մանածագործուհու երգից մինչև Մարգարիտի երգը ճախարակի մոտ կամ վագներյան Սենտան: Արհեստանոցը գրավիչ գեղարվեստական թանգարանի է վերածվում: Այստեղ ոչ միայն նյութեր կլինեն՝ փայտի գեղեցիկ տեսակներ, գծագրեր, այլ նաև ճարտարապետության պատմական զարգացումը ներկայացնող նկարների և պատկերների հավաքածու:

Այսպիսով, փորձեցի ցուցադրել, թե ինչպես կարելի է դպրոցն այնպես կապել կյանքին, որ երեխան սովորական, առօրյա եղանակով ձեռք բերած փորձը կարողանա դպրոց բերել և այնտեղ կիրառել և հակառակը՝ կարողանա իր հետ տանել և ամենօրյա կյանքում կիրառել, ինչ սովորում է դպրոցում՝ դպրոցն անջատված մասերից կազմված մի հորինվածքի փոխարեն դարձնելով օրգանական մի ամբողջություն: Դասվանդվող առարկաների կտրվածությունը կյանքից և դպրոցական համակարգի մասերի տարանջատումը վերանում են: Փորձն ունենում է իր աշխարհագրական տեղը, իր գեղարվեստական, գրական, գիտական և պատմական կողմերը: Բոլոր գիտությունները սկիզբ են առնում երկրի վրա գոյություն ունեցող մի հողից և մի կյանքից: Մեր առջև շերտավորված հիմքերի շարք չէ, որոնցից մեկը մաթեմատիկական է, մյուսը՝ ֆիզիկական, երրորդը՝ պատմական և այլն: Պարտավոր չենք շատ երկար ապրել դրանցից յուրաքանչյուրում առանձին վերցրած: Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ բոլոր կողմերը կապված են, միասին: Բոլոր պարապմունքները բխում են մի հսկա ընդհանուր աշխարհի հետ հարաբերություններից: Երբ երեխան այդ աշխարհի հետ տարաբնույթ, բայց կոնկրետ և ակտիվ հարաբերություններ ունի, բնականաբար նրա զբաղմունքները միավորվում են: Դպրոցում ուսումնասիրվող գիտությունների միջև փոխադարձ հարաբերությունների խնդիր այլևս չկա: Ուսուցիչը պատմության դասին մի քիչ թվաբանություն ավելացնելու կամ նման այլ բաներ անելու համար տարբեր հնարքների դիմելու պարտավորություն չունի: Ստիպե´ք դպրոցին կապվել կյանքին, և ուսումնասիրվող բոլոր առարկաներն այնտեղ իրենց համապատասխան տեղը կգտնեն:

Եթե դպրոցը կյանքի հետ կապվի որպես ամբողջությունը ամբողջության հետ, նրա բազմազան նպատակներն ու խնդիրները՝ մշակույթ, կարգապահություն, գիտելիք, օգուտ, կդադարեն այնպիսի տարբերակներ լինելուց, որոնցից մեկին հասնելու համար պետք է ընտրել մի ուսումնական առարկա, մյուսին հասնելու համար՝ ուրիշ: Երեխայի զարգացումը սոցիալական հարմարվածության, հասարակության համար աշխատանքի ուղղությամբ, նրա ավելի լայն ու խորը կապը կյանքի հետ դառնում են միավորող նպատակ, իսկ կարգապահությունը, մշակույթը և գիտելիքը իջնում են այդ զարգացման փուլերի մակարդակին:

Մասնավորապես մեր դպրոցի և համալսարանի հարաբերության մասին մի բան էլ եմ ցանկանում ասել: Խնդիրը միավորելն է, կրթությունը կազմակերպելը՝ բոլոր բազմազան ազդակներն ամենօրյա կյանքի հետ օրգանակապես կապելով ու մեկտեղելով: Համալսարանական մանկավարժական դպրոցի խնդիրն այնպիսի մի բանի մշակումն է, որը կարող է այդպիսի միասնականացման նմուշ դառնալ՝ չորս տարեկան երեխաների հետ տարվող աշխատանքից լայնանալով դեպի վերև՝ մինչև համալսարանի գիտական աշխատանքը: Գիտական պատրաստվածությամբ ուսանողը շատ հարմար օրինակ է՝ իր հետազոտություններով ու մեթոդներով, գաղափարներով ու խնդիրներով: Գրադարանը և թանգարանը ձեռքի տակ են: Ցանկանում ենք միավորել բոլոր կրթական առարկաները, կոտրել փոքր երեխայի ու հասուն պատանու կրթությունը բաժանող պատնեշները, նույնացնել տարրական ու բարձրագույն կրթությունն այնպես, որ աչքն այստեղ չնկատի տարրական կամ բարձրագույն կրթություն, այլ ուղղակի տեսնի կրթությունը:

Մի քանի խոսք ասենք, որոնք հատուկ վերաբերում են այս աշխատանքի մանկավարժական կողմին: Համարում եմ, որ մեր երկրի համալսարաններում գոյություն ունեցող մանկավարժության ամենահին ամբիոնը՝ Միչիգանի համալսարանինը, մոտ քսան տարեկան է (հիմնադրվել է յոթանասունականներին): Բայց այստեղ տեսականը գործնականի հետ կապելու միայն մի երկու փորձ է արվել: Այնտեղ մանկավարժություն սովորեցնում էին հիմնականում տեսականորեն՝ ավելի շուտ դասախոսությունների, գրքերի միջոցով, քան ուղղակի սովորել սովորեցնելու ճանապարհով: Ուսուցչական ինստիտուտների օժանդակությամբ Կոլումբիայում համալսարանի և ուսուցիչների պատրաստման միջև ավելի լայն ու սերտ կապ է հաստատվել: Այս ուղղությամբ մի երկու տեղում ևս ինչ-որ բան արվել է: Մեր տարրական ու բարձրագույն դպրոցների միջև ավելի սերտ կապ ենք ցանկանում, որպեսզի արդյունքում համալսարանը տարրական դպրոցին տրամադրի իր բոլոր պաշարները՝ նպաստելով բովանդակության էվոլյուցիայի հաջողությանը և կրթական մեթոդների ճշտությանը, միևնույն ժամանակ դպրոցն իր հերթին պետք է լաբորատորիա լինի, որտեղ մանկավարժական բաժնի ուսանողը կկարողանա գաղափարները և տեսությունները գործնականում կիրառված տեսնել, տեսնել դրանց գնահատումը, քննադատությունը, հաստատումը, տեսնել նոր ճշմարտությունների էվոլյուցիան: Կցանկանայինք, որ դպրոցը և համալսարանն իրենց հարաբերություններով միավորված կրթության իսկական նմուշ դառնային:

Մի խոսք էլ դպրոցի և ընդհանրապես կրթության հետաքրքրությունների հարաբերության մասին: Մի անգամ լսեցի, որ մի ուսուցիչ առարկել է մեր դպրոցում կիրառվող մեթոդներից մեկը իրենց դպրոցում կիրառելու դեմ՝ հիմնավորելով այսպես. «Գիտե՞ք, դա փորձարարական դպրոց է: Նրանք նույն պայմաններում չեն աշխատում, ինչ որ մենք»: Այսպիսով, փորձարարության նպատակն այն է, որ մյուսները փորձելու կարիք չունենան, համենայն դեպս մեծ փորձերի կարիք, այլ օգտվելով արդեն որոշակի և դրական արդյունքներից՝ առաջ գնան: Փորձը պահանջում է բացառիկ բարենպաստ պայմաններ, որպեսզի և´ ազատորեն, և´ վստահորեն հասնեն արդյունքների: Պետք է ջանալ, որ ոչինչ չխանգարի, տրամադրության տակ լինեն բոլոր պաշարները: Մեր օրերում արդյունաբերական ոչ մի մեծ ձեռնարկություն, ոչ մի ‎ֆաբրիկա, շոգենավային կամ երկաթուղային գիծ առանց լաբորատորիայի յոլա չեն գնում: Միևնույն ժամանակ դրանց կից լաբորատորիաները արդյունաբերական ձեռնարկություն չեն, նրանք իրենց առաջ արդյունաբերական կյանքի պայմաններ ապահովելու խնդիր չեն դնում այնպես, ինչպես արդյունաբերական ձեռնարկությունը լաբորատորիայի օրինակով չի կառուցվում: Սա է նոր ճշմարտությունների կամ նոր մեթոդների մշակման ու փորձարկման և զանգվածային օգտագործման, առևտրական նպատակներով արժեքների արտադրության համար դրանց լայնածավալ կիրառման տարբերությունը: Բայց ճշմարտության բացահայտման առաջին պայմանը հետազոտություն կատարելու համար անհրաժեշտ բոլոր պայմանների տրամադրումն է, քանի որ աշխարհում դա ամենագործնական բանն է հաջողության հասնելու համար: Չէինք ցանկանա, որ ուրիշ դպրոցներն ուղղակի կրկնեին մեր արածը: Մոդելը, որի վրա դեռ աշխատում ենք, կրկնօրինակման նմուշ չէ. այն ծառայում է սկզբունքների կիրառելիությանը, ցուցադրելուն և այն մեթոդներին ծանոթացնելուն, որոնք դա դարձնում են կիրառելի:

Այսպիսով (որպեսզի մեր սեփական աշխատանքին վերադառնանք), ցանկանում ենք այստեղ՝ մեր դպրոցում, լուծել միավորման խնդիրը, դպրոցական համակարգի կազմակերպումը՝ որպես այդպիսին, մշակել և հույս ունենք դրան հասնելու դպրոցի և կյանքի ամենասերտ շփման միջոցով, որպեսզի ցույց տանք այդպիսի կազմակերպման հնարավորությունը և անհրաժեշտությունն ամբողջ կրթության համար:

(Հաջորդ գլուխը)

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.