«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
ՙԱնհատական համակարգիչն ու ինտերնետը`ուսուցման միջոց՚

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Մարիետ Սիմոնյան
ՙԲանավոր խոսքի զարգացումը նախակրթարանում՚

Մեթոդական մշակումներ
Հակոբ Հակոբյան
ՙՖիզիկայի դասավանդման ընթացքում կիրառվող ինֆորմացիոն բլոկները՚

Ուսումնական նյութեր
Գևորգ Հակոբյան
ՙՄաթեմատիկա. դասի պլաններ՚

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սեմյոն Սոլովեյչիկ
ՙՍովորում եմ անգլիական դպրոցում՚

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
ՙԴպրոցը և հասարակությունը՚ (3-րդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Սեմյոն Սոլովեյչիկ
ՙՀոգատար երեխաներ՚

Համընդհանուր հռչակագիր մշակութային բազմազանության մասին

Ավետարան ծնողների համար ըստ Բիլ Գեյթսի

Արձագանք

Սեմյոն Սոլովեյչիկ
ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Սովորում եմ անգլիական դպրոցում, այնքան սարսափելի, որ եթե հավատանք տեղական մամուլին, նույնիսկ արքայական ընտանիքն է երեխաների ուսուցման հետ կապված խնդիրներ ունենում, և, օրինակ, ինչպես վերջերս է հայտնի դարձել, արքայազն Էդուարդը՝ այժմ արդեն չափահաս մարդ, երեխա ժամանակ ատել է դպրոցը։

Բայց ես ոչ թե արքայազնների հետ եմ սովորում, այլ Ուրչեսթերյան տարրական դպրոցում՝ հինգ հարյուր սպիտակ ու սև փոքրիկների հետ։ Դպրոցը մոդեռնիստական անկյունավոր ամրոցի տեսք ունի, առջևում զինահրապարակ հիշեցնող, վառ դեղին գծով եզրագծված ընդարձակ ասֆալտապատ տարածություն է։ Դասամիջոցներին (իսկ մեծ դասամիջոցը մի ժամից ավելի է) երեխաները խաղում են հրապարակում, սակայն ոչ մեկը գիծը չի անցնում. արգելված է։ Պարիսպ չկա, հսկիչ չկա, ոչինչ չկա, այլ ուղղակի արգելված է, և երեխաները վազվզում են եզրագծված տարածության մեջ՝ ոտքը գծին չկպցնելով անգամ։ Անգլիացի երեխաներ են։ Բերանս բաց երկար կանգնել էի՝ դիտարկելով այդ մանկավարժական հրաշքը. դա ինձ վրա նույնքան ուժեղ տպավորություն էր գործել, որքան բրիտականական թանգարանում տեսած Պարթենոնի բեկորները։

Ամեն դասի անցնում եմ հաջորդ դասարան։ Սկզբում իմ դասընկերները երեք տարեկան երեխաներ էին. ցածրիկ սեղանների շուրջ խմբված՝ մենք նրանց հետ նկարում էինք, հետո նրանք վերցրին տանից բերած ուտելիքով պլասմասե թասիկները, շարվեցին ու գնացին նախաճաշելու, իսկ ինձ տարան առաջին ՙՍ՚ դասարան։ Երկար ժամանակ չէի կարողանում կենտրոնանալ. փորձում էի գուշակել, թե ինչու ՙՍ՚, գուցե այդ տառի հետևում թաքնված է ինչ-որ ընտրություն, գուցե ամենախելոքների կամ հակառակը, ամենադմբոների մեջ էի։ Պարզվեց՝ ՙՍ՚ տառն է, որովհետև ուսուցչուհուն անվանում էին միսս Մարիա Սվիթմեն։ Հետո սովորեցի միսս Լին Էվանսի երկրորդ ՙԷ՚-ում և վեցերորդ ՙԹ՚-ում՝ միստր Քլայվ Թեյլորի դասարանում։ Վեցերորդ դասարանից հետո, անկախ իրենց հաջողություններից, երեխաները տեղափոխվում են միջին դպրոց։ Դա հսկայական փոփոխություն է անգլիական կրթության մեջ։

Դեռ ոչ այնքան վաղուց Անգիայում կար ՙ11 պլյուս՚ համակարգը, որով անցկացնում էին 11 տարեկան երեխաների գլոբալ թեսթավորում և նրանց բաժանում էին տարբեր որակի դպրոցների. բարձրագույն կրթության դուռը մեկի համար բացվում էր, մյուսի համար՝ փակվում։ Թեև կարծես ըստ ընդունակությունների էին բաժանում, սակայն փաստորեն ստացվում էր, որ աղքատ երեխաների արդյունքներն էին ավելի վատ լինում։ Իվերջո արդարությունը հաղթեց, և ՙ11 պլյուս՚ համակարգը հանեցին, սակայն նորից լրագրերի վերնագրերում հայտնվում էր ՙտեսակավորում՚ բառը։ Երեխաների՜ տեսակավորում։ Երևում է՝ ՙ11 պլյուսը՚ ետնամուտքով է վերադառնում, ինչպես գրում է ՙԴեյլի թելեգրաֆը՚ (խորագիր էր ամբողջ էջով մեկ)։

Ինչպե՞ս։ Սա հետաքրքիր պատմություն է, որ նաև մեզ է վերաբերում։ Բանն այն է, որ աստիճանաբար նոր կարգ է ներմուծվում, ըստ որի դպրոցները փող են ստանում ոչ թե տեղական ադմինիստրացիայից, այլ ուղղակի կառավարությունից. նա դպրոցին վճարում է ամեն մի երեխայի համար, որին ծնողներն իրենց ընտրությամբ բերում են այդտեղ։ Թվում է, թե չի կարող ավելի լավ լինել։

Բայց ինչպես հաճախ է լինում մանկավարժական լայնամասշտաբ նորարարությունների հետ, ի հայտ է գալիս հարցի անսպասելի կողմը. դպրոցները չեն ընդունում թույլ աշակերտներին, սկսվում է երեխաների նկատմամբ խտրականությունը։ Ինչքան քիչ են թույլերը, այնքան լավ է արդյունքը, այնքան շատ են երեխա բերում, այնքան դպրոցը հարուստ է… Բա մյուսներն ո՞ւր գնան։ Անցյալը վերադառնում է, և ավելի վատ տարբերակով։ Տարօրինակ շրջադարձ է. ինչը մեզանում համարվում է ժողովրդավարական, առաջադեմ, լիբերալ, ուրիշ երկրում որպես պահպանողականություն է դիտվում։

Դպրոցական գործը բոլորովին հեշտ չէ, և թվում է՝ չկա մի համակարգ, թեկուզ ազնվագույն մտահղացման արդյունք, որը չխեղի մե՜րթ այս երեխաների ճակատագրերը, մե՜րթ այն։ Սկսում ես մտածել, թե արդյո՞ք կրթության մեջ պետք են ընդհանուր համակարգերը։

Անգլիական դպրոցը շտապողական չէ։ Դասի ժամանակ անգլիացի երեխաները մի հինգ անգամ, եթե ոչ տասը, պակաս նյութ են ստանում, քան մերոնք։ Բայց այդ նյութը ուրիշ տեսակի և ուրիշ որակի է։ Երեխաները շարքով դրված նստարաններին չեն նստում, նրանց նոր դաս չեն բացատրում, տնային աշխատանք համարյա չեն տալիս, դաս չեն հարցնում, իսկ գնահատականի փոխարեն ուսուցիչն ուրախ կամ հեգնական տարբեր բառեր է գրում։ Նրանք չեն սերտում և չեն պատասխանում քերականական կանոնները, նրանց գրատախտակի մոտ չեն կանչում, տեղից էլ չեն կանչում։ Եթե ուսուցչուհին ցանկանում է ինչ-որ բան հարցնել, մոտենում է և ցածրաձայն հարցնում, աշակերտն էլ տեղից նույնքան կամաց պատասխանում է, ոչ թե զեկուցում շարքից դուրս կանչված զինվորի նման։

Երեխաները կամացուկ մտան դասասենյակ ու խիտ խմբով այնպես տեղավորվեցին անկյունում՝ գորգի վրա, որ ստացվեց մեծ ծաղկեփնջի նման մի բան։ Միսս Սվիթմենը՝ կանաչ բլուզով, սպորտային տաբատով ու սպորտային կոշիկներով (սա ի՞նչ է որ, հադիպել եմ ձախ ականջին երեք օղ կպցրած ուսուցչի. Անգլիայում ուսուցիչը պարտավոր չէ համեստության տիպար լինել), առաջին տարին աշխատող երիտասարդ ուսուցչուհի, ներկա-բացակա է անում, երեխաները պատասխանում էին ֆիլմերից ծանոթ արտահայտություններով՝ ՙԱյո, միսս՚ կամ ուղղակի ՙՄիսս՚։ Հետո ուսուցչուհին հարցեց՝ ինչքան կանի երկու անգամ երեքը, փոքրիկ մի աղջիկ խիզախորեն հայտարարեց, թե տասնչորս։ Միսսը մտածկոտ ուղղեց նրան և, հավանաբար որոշելով, որ հյուրի ներկայությամբ հարցնելն անքաղաքավարություն է, դադարեցրեց բանավոր հաշիվը։ Սկսվեց այն գործունեությունը, որն այսօր տիրապետող է անգլիական դպրոցում՝ ինքնուրույն անհատական կամ փոքր խմբերով աշխատանքը։

Սովորում եմ անգլիական դպրոցում. սա նշանակում է, որ ամբողջ օրը՝ առաջին պահից մինչև վերջինը, ինչ-որ բան անում եմ։ Կարելի է ասել՝ աշխատում եմ, սակայն դա շատ վերամբարձ բառ է այն պարզ պարապմունքների համար, որոնցով զբաղվում եմ հինգ-վեց դաս։

Անգլիացիները դաստիարակվում են հանգիստ աշխատանքով։ Ուսուցչուհին, առանց հուզվելու և բարկանալու, իր գործն է անում, իսկ երեխաները հանգիստ անում են իրենց դպրոցական գործերը, որ հանձնարարել է ուսուցչուհին։ Եվ քանի որ սաստելու և կարգի հրավիրելու հարկ չի լինում (հանձնարարությունը տրվեց՝ անշտապ սկսում են աշխատել), ուստի ո՜չ դասը, ո՜չ էլ դպրոցական կյանքը բոլորովին նման չեն մեր դպրոցին՝ իր մշտական լարմամբ, որը զարմանալիորեն միանում է նույնքան մշտական անգործությանը։

Սովորում եմ անգլիական դպրոցում, և տարբերությունը նրա և մեր դպրոցի միջև, այն է, որ անգլիականում երեխաները զբաղված են, մերում՝ անգործ, ժամերով նստում են՝ գլխում ոչ մի միտք ու ձեռքին ոչ մի գործ չունենալով, ինչպես ասում էր ռուս մեծ մանկավարժներից մեկը։

Ահա թե մեզանում դա որտեղ է սկսվում (եթե տնտեսությունը դնենք մի կողմ). դպրոցում։ Օր օրի, տարեցտարի, տասը տարի շարունակ երեխաների, դեռահասների և պատանիների հսկայական բանակը նստում և քնկոտ լսում է սկզբում՝ դաս պատասխանողներին, հետո՝ ուսուցչի բացատրությունը, հետո՝ ուսուցչի խրատներն ուղղված նրանց, որ դաս չէին լսում։ Եթե կողմնակի դիտորդն իրեն հարց տար՝ ինչի համար, ինչպիսի կյանքի են նախապատրաստում այս երեխաներին, ամենայն հավանականությամբ այս պատասխանը կգտներ՝ երևի մանկությունից սովորեցնում են այս երկրի գլխավոր գիտելիքը՝ ժողովներին լուռ ու համբերատար նստելը։

Անգլիական դպրոցում, նորից ու նորից եմ ասում, սա չկա։ Ներկա-բացական վերջացնելուց հետո ուսուցչուհին երեխաներին հանձնարարեց վերցնել կապույտ տետրերը, որ դարակում էին, և անցնել աշխատանքի։ Յոթ տարեկան երեխաները հանգիստ վերցրին իրենց տետրերն ու սկսեցին լուծել իրենց օրինակները՝ ով՝ մտքում, ով՝ մատների օգնությամբ, ով՝ մեծ տուփից հանած գունավոր խորանարդիկների։ Դասարանում ո՜չ լռություն էր, ո՜չ աղմուկ, բոլորը զբաղված էին, ուսուցչուհին մե՜կ մեկին էր մոտենում, մե՜կ մյուսին, երեխաները ջանասիրաբար հաշվում էին, լարվածությունից հոգոց հանում, լեզուները հանում, թեքվում էին տետրերի վրա, գրում սարսափելի խզբզոցով, ու ոչ ոք չէր ուղղում։ Ոչինչ, տասներկու տարում կսովորեն սիրուն գրելը։ Ոչ ոք չէր ձգտում միօրինակ տետրերի, ոչ ոք չէր թելադրում, թե քանի վանդակ բաց թողնեն, ամբողջ դասին ոչ մի երեխայի նկատողություն չարեցին։ Սակայն երբ դասի վերջում բոլորը հոգնեցին ու սկսեցին աղմկել, ուսուցչուհին անսպասելի բարձր ձայնով հանկարծ սաստեց նրանց, և նրանք լռեցին։ Ես հետո նկատեցի, որ անգլիացի յուրաքանչյուր ուսուցիչ պահեստում նաև որոտացող ձայն ունի։ Նրանք չեն գոռում երեխաների վրա, այլ արագ կարգի են բերում դասարանը հատուկ մանկավարժորեն մշակված ձայնով. ոչ մի զգացում, ոչ մի բարկություն, ուղղակի բարձր, խիստ և ուրիշ ձայնով։ Միանգամից կարգուկանոն է տիրում։

Եվ այսպես ամբողջ օրը՝ կա՜մ հաշվում էին, կա՜մ կարճ հեքիաթի թեմայով նկարում էին, և ուսուցչուհին համբերատար փորձում էր հասկանալ յուրաքանչյուրի նկարը, կա՜մ սողում էին հատակին ինչ-որ մեքենայով, որը ենթարկվում էր միայն կոճակները որոշակի կարգով սեղմելուն, կա՜մ լամպ էին կպցնում մարտկոցին և ուրախանում հազիվ նկատելի լույսով։ Ամբողջ օրն անցավ աշխատելով։

Սովորում եմ ավագ երեխաների համար նախատեսված անգլիական դպրոցում՝ իններորդ դասարանում։ Մինչև ավարտելը երեխաները երկու, երբեմն երեք դպրոց են փոխում, տարրական դասարանները ավագի հետ չեն. այդպես էժան է, քանի որ ավագներին բավականին շատ հատուկ դասասենյակներ ու կաբինետներ են պետք։ Այս դպրոցում լաբորատորիաների, արհեստանոցների, ստուդիաների, փորձասենյակների, մարզադահլիճների այնպիսի քանակություն կար, որ կես օրում չես հասցնի անգամ ուղղակի նայել։ Իսկ դպրոցը սովորական պետական դպրոց է, և երեխաներն են սովորական։ Շատ են սև երեխաները, և նրանք, իհարկե, վարքով տարբերվում են. իմ դասարանում մի քանի անզուսպ տղա կար։ Մեկը, տետրն ստանալով ուսուցչուհուց, չարացած ինչ-որ բան մռթմռթաց ու տետրը շպրտեց գետնին, բայց ուսուցչուհին անգամ հայացքով դիտողություն չարեց, կարծես չէր էլ նկատել։ Տղան խոսեց, խոսեց, կռացավ, տետրը վերցրեց ու անցավ աշխատանքի։ Կոնֆլիկտ չստացվեց։ Ամերիկայում նույնպես սևամորթերն ու սպիտակները միասին են, բայց այնտեղ, հատկապես ավագ դասարաններում, ինչ-որ օտարացում կա։ Իսկ այստեղ, մարդու հավատն էլ չի գալիս, ինչ աստիճանի հանգիստ է դասարանում։ Երաժշտության դասին բաժանվեցին խմբերի և ձևավորեցին երաժշտական գործակալություններ, հումանիտար գիտությունների դասին բաժանվեցին խմբերի, թե ով որ կրոնն է ներկայացնելու, կենսաբանության դասին նույնպես բաժանվեցին փոքր խմբերի. ուսումնասիրում էին մատնահետքերը։ Ինչպես ասաց դասարաններից մեկի ուսուցչուհին, լինում են լեզվական խնդիրներ, սակայն դպրոցում ռասայական խնդիր չկա։

Ուրեմն ռասայական խնդիրները հավերժական չե՞ն։ Նշանակում է՝ այդ հարցը լուծելի՞ է։

Սովորում եմ անգլիական դպրոցում։ Ամբողջ օրն աշխատում եմ փոքր խմբերի կազմում։ Քսանական թվականներին խմբային (ՙբրիգադային՚) մեթոդը տարածված էր նաև մեզանում, սակայն դա մերժեցին այն, թվում է՝ խելամիտ, հիմնավորմամբ, որ խմբում մեկն իսկապես սովորում է, իսկ մյուսը ավելի անարժեք բան է անում, ասենք՝ ցուցապաստառ է ձևավորում։ Կարծես մեկը լաբորատորիայի վարիչ է, մեկը՝ լաբորանտ։ Իսկ գիտելիքը բոլորին է պետք… Բայց այստեղ՝ անգլիական դպրոցում, ոչ էլ կարծում են, թե բոլորը պիտի միատեսակ սովորեն։ Բոլորը պիտի դասին միատեսակ աշխատեն, բոլորը պիտի թեմայով միատեսակ հետաքրքրվեն, բոլորը պիտի թեմային ծանոթանան. և դա բավական է։ ՙՄենք սովորեցնում ենք մասին աշխատել, պատասխանատվություն կրել՚,- ինձ բացատրում էին ուսուցիչները։ Կոնկրետ երեխայի գիտելիքների, ուսման արդյունքների պատասխանատվությունը ոչ թե ուսուցչի, այլ երեխայի և նրա ծնողների վրա է։ Դա հիմնովին փոխում է ուսուցչի բնավորությունը։ Ավագ դասարաններում նույնպես, ինչպես կրտսերում, աշակերտները հիմնականում աշխատում են դասարանում, առաջադրանքների գրառման փոքր գրքույկ-օրագրերում հիմնականում երկու բառ է՝ ՙnon set՚՝ ոչինչ հանձնարարված չէ։ Չնայած առարկաներն այնքան էլ հեշտ չեն՝ տեխնոլոգիա, անգլերեն, ֆրանսերեն, մաթեմատիկա, հումանիտար առարկաներ, բնական գիտություններ, դրամա։ Հիմնավորումների հետևից մինչև ժամանակը չգա՝ մինչև հատուկ դասարանները, չեն ընկնում. այստեղ սովորեցնում են ոչ թե գիտությունների հիմքերը, ինչպես մեզ մոտ, այլ աշխարհի պատկերը։ ՙԱշխատում են և ճանաչում են աշխարհը՚,- ասաց անգլերենի ուսուցչուհի Ջերրի Հիլբերտը։ Տարին երկու անգամ ուսուցիչները ծնողներին հաշվետու են լինում ՙառաջընթացի և ձեռքբերումների՚ մասին (այդպես է կոչվում հաշվետվությունը)։ Մեկի մասին կարճ են գրում, մյուսի մասին՝ երկար։ Հաշվետվությունը ներկայացնում են ոչ թե տարեվերջին, այլ երբ հարմար է, որպեսզի շտապողականության չտրվեն։ Երեխաներն էլ են հաշվետվություն գրում իրենց ձեռքբերումների մասին։ Տասնմեկամյա պարտադիր կրթությունից հետո (դրանից հետո մեկ կամ երկու տարի սովորում են՝ նախապատրաստվելու համալսարանին) կարող են և քննություն չհանձնել, դա պարտադիր չէ, սակայն եթե ուզում են վկայագիր (մեր ավարտական վկայականի նման մի բան) ստանալ, մոտ տասը դժվար քննություն են հանձնում։ Մարդու կյանքը մեծապես կախված է նրանից՝ ունի՞ վկայագիր, թե՞ չէ, և այդ հանգամանքն էլ երեխաներին ստիպում է սովորել։

Մեր դպրոցի և անգլիականի տարբերությունն այն է, որ մերը պահանջում է (հաճախ անօգուտ, և դեռ բարոյական դրամաներով), իսկ անգլիականը հնարավորություն է ստեղծում։ Չնայած արտաքուստ ամեն ինչ նույնն է։ Նույն ձևով երեխաները դասամիջոցներին դասարանից դասարան են գնում, նույն ձևով փլվում-նստում են, ավագները նույն ձևով աղմկում են ճաշի ժամին, և դպրոցի տնօրենը՝ միսթր Սալսբերին՝ վերնաշապիկով, առանց բաճկոնի, եռանդուն, գործնական մի մարդ, նկատելով, որ հեռու անկյունում մեկը չափից ավելի է երես առել, ցուցամատով սաստում է կարգազանցին և որոտաձայն կանչում.
- Իսքյուզ մի։ Ներեցեք։
Եվ վերջ, կարգուկանոնը վերականգնված է։

ՙՆովոյե վրեմյա՚, 1992թ., 24
Թարգմանեց Արևիկ Ներսիսյանը

Լուրերից
Մեծ Բրիտանիան չի կարողանում համակերպվել դասալքության հետ

1997թ.ից սկսած՝ Մեծ Բրիտանիայի պառլամենտը 650 միլիոն ֆունտ է ներդրել դպրոցում սովորողների հաճախումները լավացնելու ծրագրի համար: Սակայն, պահպանողական կուսակցության ներկայացուցիչների կարծիքով, ձեռք առնված միջոցներն արդյունավետ չեն եղել: Լեյբորիստական կառավարությունը չի կարողացել լուծել առաջադրված խնդիրը: Այսպես, հայտնում են, որ 1996թ. համեմատությամբ 1997թ. արդեն միջնակարգ դպրոցում բացակայությունների քանակն ավելացել է 15 տոկոսով: Եվ սա այն դեպքում, որ բրիտանական գործող օրենքների համաձայն դասերից բացակայողների ծնողները կարող են ենթարկվել տուգանքների և այլ տույժերի, մինչև անգամ բանտարկության:

Այս խնդիրը լուծելու համար պահպանողականներն առաջարկում են ավելացնել դպրոցի տնօրենների ազատությունը, ինչպես նաև մեծացնել դպրոցականների՝ դպրոցում մասնագիտական (արհեստագործական) հմտություններ ստանալու հնարավորությունը:

Անգլիայում հրաժարվո՞ւմ են դասականներ ուսումնասիրելուց

Հնարավոր է, որ միջնակարգ կրթության վկայական ստանալու համար շուտով բրիտանացի աշակերտները կարիք չեն ունենա Շեքսպիրին և մյուս դասականներին ուսումնասիրելու։ Ըստ ՙԴեյլի թելեգրաֆի՚ բրիտանական կրթության նախարարությունը քննարկում է միջնակարգ կրթության պարտադիր գրականության ցուցակից դասականներին դուրս թողնելու հարցը։ Դպրոցական ծրագիրը որոշող որակավորման հանձնաժողովը երկրի կրթության նախարարին ներկայացրել է միջնակարգ կրթությանը վերաբերող պահանջների նախագիծ. դա պետք է հաստատվի հաջորդ տարվա համար։

Հին ծրագրով առայժմ դպրոցում՝ որպես ՙանգլիական գրական ժառանգության օրինակներ, ուսումնասիրում են Շեքսպիրի 2 պիես, մինչև 1914թ. տպագրված 19 դասական արձակագիրների երկեր, 28 բանաստեղծ-դասականների ստեղծագործություններ։

Նոր ծրագրով աշակերտներից պահանջվում է կարդալ միայն 1 վեպ։ Նոր ծրագիրը շեշտը դնում է ՙդրամայի՚ վրա՝ նկատի ունենալով ժամանակակից կինոն և վիդեոն։ Իսկ պոեզիայի մասին խոսք անգամ չկա։

Ուսուցիչները ծրագրին տարբեր կերպ են վերաբերվում։ Շատերը դա քննադատում են՝ համարելով քաղաքագետների և չինովնիկների սխալը, որը ՙչարագուշակ է և հեռուն գնացող աղետալի հետևանքներ կարող է ունենալ՚։ Դանիել Ջոնսոնը ՙԴեյլի Թելեգրաֆի՚ միջոցով կոչ է անում անգլիական գրականության սիրահարներին ի նշան բողոքի քայլարշավ կատարել Լոնդոնի վրա։ ՙՄի անհատականություն է պետք, որ գլխավորի այդ ցույցը՚,- եզրափակում է նա։

Սակայն կան ուսուցիչներ, որ համաձայն են, որ ՙՇեքսպիրի շատ գաղափարներ հեռու են ժամանակակից աշակերտներից, հատկապես այն, թե նա ինչպես է բնութագրում աշխատավոր դասի մարդկանց՚։

Լուրերից ընտրել և թարգմանել են մանկավարժական ուսումնարանի 2-րդ կուրսի ուսանողները:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.