«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 7

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Սուսան Մարկոսյան
«Խոսքի մշակույթ»

Մեթոդական մշակումներ
Մարգարիտ Սարգսյան, Ժաննա Հակոբյան
«Լրագրության և թարգմանության դասընթաց»

Ուսումնական նյութեր
Անահիտ Ավագ յան
«Բնագիտական փորձեր կրտսեր դպրոցականների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նիկոլայ Բոռիտկո
«Մա՞րդը... Նրան կորցնում ենք»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
«Սկսենք մեր գործը, նորեն ու մեզնից սկսենք»
«Սովորող դպրոց»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (վեցերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Անատոլի Բերշտեյն
«Բարձրաձայն խոհեր»
Խազրաթ Ինյաթ Խան
«Շատ ծիծաղել և հաճախ խաղալ»

ԱՐՁԱԳԱՆՔ
Ա. Տիգրանյան
«Կրթակարգ և ուսուցիչներ. անտեղյակների հակամարտություն»


Ջոն Դյուի

ԴՊՐՈՑԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Վեցերորդ գլուխ
Պարապմունքների հոգեբանությունը
(Նախորդ գլուխը)

«Պարապմունք» ասելով՝ պետք չէ հասկանալ ինչ-որ տեսակի աշխատանք կամ վարժություն, որ տրվում է նստարանին նստած երեխային, որպեսզի հեռու մնա չարաճճիություններից: «Պարապմունք» ասելով՝ նկատի ունեմ երեխայի գործունեության այնպիսի տեսակ, որը սոցիալական կյանքում ընթացող աշխատանքի որևէ ձև է վերարտադրում կամ դրա նման է: Համալսարանական տարրական դպրոցում այդ պարապմունքները ատաղձագործական, խոհարարական, կարի, տեքստիլ աշխատանքներ էին, որոնց մասին արդեն նշել ենք: Հոգեբանների կարծիքով պարապմունքների գլխավոր արժեքն այն է, որ դրանք փորձի մտավոր և գործնական փուլերի միջև հավասարակշռություն են պահպանում: Որպես զբաղմունք՝ դրանք ակտիվ են կամ շարժուն, դրանց մասնակցում են մեր ֆիզիկական օրգանները՝ աչքերը, ձեռքերը և այլն: Բայց դրա հետ զուգակցվում են աշխատանքի կատարողական մասի հաջող ընթացքի ծրագրումը և դրան մշտապես հետևելը: Այդ պատճառով պարապմունքը պետք է հստակ տարբերել այն աշխատանքից, որ տրվում է երեխային, երբ նա պատրաստվում է որևէ արհեստ սովորելու. տարբերվում է նրանով, որ դրա նպատակը հենց ինքը պարապմունքն է՝ երեխայի այնպիսի զարգացումը, որ բխում է նրա մտքերի անընդհատ խաղից և դրանց իրականցումից, և ոչ թե արտաքին արդյունքն է՝ ստացված օգուտը:

Իհարկե, ոչ միայն արհեստագործական, այլ նաև մյուս դպրոցներում կարելի է կիրառել աշխատանքի այդ տեսակն այնպես, որ ուշադրություն դարձվի աշխատանքի ֆիզիկական կողմին. այդ դեպքում աշխատանքը հանգեցվում է միայն որոշակի հնարքների յուրացմանը, և դրա կրթական ամբողջ նպատակը կորչում է: Այդպիսի ձգտում նկատվում է ամենուր. օրինակ՝ ձեռքի աշխատանքի ժամանակ գործիքներին տիրապետելը և դրանց միջոցով որևէ իր պատրաստելը դառնում են գլխավոր նպատակ, երեխային թույլ չեն տալիս նյութը կամ գործիքն ընտրել նույնիսկ այն դեպքում, երբ դա հնարավոր է՝ նրան զրկելով իր սեփական ընտրության համար մտավոր պատասխանատվությունից: Երեխային թույլ չեն տալիս կազմելու աշխատանքի սեփական մոդելը և ծրագիրը, հնարավորություն չեն տալիս, որ նա հասկանա իր սխալները և պարզի, թե դրանք ինչպես շտկի, իհարկե, իր ընկալմանը հասանելի աստիճանով: Այն դեպքում, երբ հիմնական ուշադրությունը դարձվում է արտաքին կողմին՝ ստացվող արդյունքին, և ոչ թե մտավոր ու բարոյական կողմին, ոչ թե երեխայի զարգացմանը, որը պայմանավորված է նպատակին հասնելու գործընթացով, այդպիսի աշխատանքն իսկապես կարելի է անվանել ձեռքի, և դրան չի համապատասխանի «պարապմունք» անվանումը: Երեխային միայն աշխատանքային կարողություններ տալու, միայն որոշակի հնարքներ սովորեցնելու միտումը խնդիրը հանգեցնում է անգիտակցական, մեխանիկական գործընթացի, իսկ «պարապմունքի» նպատակը աշխատանքի բոլոր մասերում առավելագույն գիտակցականության ներմուծումն է:

Այստեղ հարմար առիթ է բացատրելու երեխայի սեփական փորձարարության, աշխատանքը ծրագրելու, ծրագրման ընթացքում տեքստիլ աշխատանքի համար անհրաժեշտ միջոցների վերահայտնաբերման և դրան զուգահեռ՝ նրան մարդկության զարգացման ընթացքին ծանոթացնելու ամբողջ կարևորությունը: Առաջինը երեխայից պահանջում է աշխատանքի յուրաքանչյուր պահին ըմբռնման արագություն և կենդանություն, որպեսզի տեսանելի արդյունքը հաջող ստացվի, երկրորդը հարստացնում ու խորացնում է կատարված աշխատանքը՝ հագեցնելով այն ներդրված սոցիալական կյանքով, որը կարծես կրկնվում է:

Պարապմունքները, եթե դրանց նայենք մեր տեսանկյունից, զգացմունքների և մտքի կարգապահության դաստիարակման բացարձակ հնարավորություն են տալիս: Սովորական դասերի ժամանակ քիչ տեղ է հատկացվում դիտարկումներին այն պատճառով, որ դրանք ինքնանպատակ են և դիտարկելու ձգտում չեն արթնացնում: Մինչդեռ անհատի կյանքում դիտողականությունը զարգացնելու հիմքեր մշտապես կան: Միշտ կա նպատակին հասնելու անհրաժեշտությունից բխող ինչ-որ կարիք, որը ստիպում է նայել շուրջը՝ պարզելու և հայտնաբերելու, թե չկա՞ այնտեղ գործին օգտակար ինչ-որ բան: Զգացողությունների իսկական դերն ուղեցույց և օգնական լինելն է, այն հարուցիչները դառնալը, որոնք գործունեությունն ուղղորդում են դեպի այն, ինչ պետք է կատարվի. դրանք ինքնանպատակ չեն: Իրական նպատակից՝ իրական կարիքների բավարարումից զրկված՝ զգացմունքների դաստիարակությունը դառնում է հասարակ մարզանք և հեշտությամբ այլափոխվում է մի բանի, ինչ կարելի է անվանել դիտարկողի աճպարարություն կամ զգայարանների հասարակ գրգռում:

Նույն սկզբունքը կիրառելի է նաև մտածողության նկատմամբ: Մտածողությունը նույնպես ինքն իր համար և ինքննպատակ չէ: Այն առաջանում է հանդիպող դժվարությունները հաղթահարելու անհրաժեշտությունից, այդ դժվարությունները հաղթահարելու լավագույն ձևերը գտնելու մտմտուքներից, որը հանգեցնում է ծրագրեր կազմելուն, լուծումը մտքում իրագործելուն և այդ լուծման համար անհրաժեշտ գործողություններն ու դրանց հերթականությունը որոշելուն: Գործողությունների այս կոնկրետ տրամաբանությունը նախորդում է մաքուր մտածողության տրամաբանությանը կամ վերացարկված հետազոտությանը, և այդ եղանակով ձեռք բերված մտավոր կարողությունները վերջինիս լավագույն նախապատրաստումն են:

Կրթության հարցերում մյուս կետը, որ լուսաբանում է պարապմունքների հոգեբանությունը, դպրոցական աշխատանքների նկատմամբ հետաքրքրասիրությունն է: Դպրոցական աշխատանքներում աշակերտի հետաքրքրություններին լայն տեղ հատկացնելուն հակառակ փաստարկներից մեկն այն է, որ հնարավոր չէ այդ հենքի վրա կառուցել համապատասխան նյութի ընտրությունը: Ասում են, որ երեխան տարբեր տեսակի հետաքրքրություններ է ունենում՝ լավ, վատ, չեզոք: Պետք է տարբերել իսկապես կարևոր և անկարևոր, պետքական և վնասակար հետաքրքրությունները, նրանք, որ վաղանցուկ են և առաջացել են պատահական գրգիռների պատճառով, և նրանք, որ շարունակական են ու ազդեցության հաստատունություն ունեն, և պետք է ընտրել։ Սա նշանակում է, որ հետաքրքրությունները գրգռելու հիմք ստեղծելու համար պետք է հետաքրքրություններին հետևենք:

Բայց, անկասկած, պարապմունքների ընթացքում աշխատանքը մեծապես հետաքրքրում է երեխաներին: Բավական է մտնենք ցանկացած դպրոց, որտեղ կատարվում են այդպիսի պարապմունքներ, և այդ փաստն ապացուցելու բավարար փաստարկներ կգտնենք: Դպրոցից դուրս երեխաների խաղերի մեծ մասը փոքրացրած վերարտադրում կամ վերարտադրելու փորձ է անում կենցաղային զբաղմունքները: Սա բավարար հիմք է տալիս ասելու, որ այն հետաքրքրությունը, որ ունենում են երեխաները պարապմունքների ժամանակ, առողջ է, մնայուն և իսկապես օգտակար կրթական նպատակների համար, և որ դպրոցներում պարապմունքներին մեծ տեղ հատկացնելով՝ աշակերտի համար ապահովում ենք բնական հետաքրքրություն առաջացնելու լավ, նույնիսկ ամենալավ ձևը: Միևնույն ժամանակ ստանում ենք որոշակի երաշխիք, որ այս աշխատանքը չի ծառայի միայն բավարարության զգացում ունենալուն և ժամանակավոր-անցողիկ բնույթ չունի:

Ցանկացած հետաքրքրություն առաջանում է որևէ բնազդից կամ սովորույթից. վերջինս էլ ի վերջո հենվում է բնազդի վրա: Այստեղից, իհարկե, չի հետևում, որ մեր բոլոր բնազդներն ունեն հավասար արժեք, կամ չենք ժառանգել այնպիսի բնազդներ, որոնք ավելի շուտ ենթակա են փոփոխման, քան բավարարման: Բայց պարապմունքների ժամանակ գիտակցաբար ի հայտ եկող բնազդները պատկանում են հիմնական և անփոփոխ բնազդների շարքին: Մեր գործունեությունն անհրաժեշտաբար ուղղված է բնության ուժերի և նյութերի տիրապետմանը, որպեսզի կարողանանք դրանք օգտակար դարձնել և ծառայեցնել կենսական կարիքներին: Մարդիկ իրենց գոյությունը պահպանելու համար պետք է աշխատեն: Մարդիկ աշխատանքի ընթացքում ու աշխատանքի միջոցով են տիրապետում բնությանը, պահպանում ու լավացնում կյանքի պայմանները. դա հզորության զգացողություն է առաջացնում՝ հայտնագործելու, ծրագրելու, ձեռք բերած գիտելիքներով ուրախանալու կարողություններ: Մեր բոլոր պարապմունքները կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝ պարապմունքներ, որոնք մարդուն կապում են այն աշխարհի հետ, որտեղ ապրում է, պարապմունքներ, որոնց միջոցով նա իր գոյությունը պահպանելու համար սնունդ է հայթայթում, պարապմունքներ, որոնք ապահովում են նրան հագուստով ու տանիքով, և վերջապես պարապմունքներ, որոնք նրան հնարավորություն են տալիս ստեղծելու մշտական կացարան, որտեղ կարող է կենտրոնացնել իր ավելի բարձր ու հոգևոր հետաքրքրությունները: Դժվար է ենթադրել, որ այսքան երկար պատմություն ունեցող հետաքրքրությունները ամենակարևորների թվին չեն պատկանում:

Դեռ ավելին, այդ հետաքրքրություններն այն չափով, ինչ չափով զարգանում են երեխայի մոտ, ոչ միայն կրկնում են մարդկության անցած գործունեության ամենակարևոր կողմերը, այլև վերարտադրում են ներկա կյանքի իրավիճակները, որտեղ երեխան ապրում է: Նա անընդհատ տեսնում է, թե ինչպես են մեծերը զբաղված նման նպատակների հասնելով: Նա ամեն օր գործ ունենում է այդպիսի պարապմունքների արդյունքների հետ: Նա ամեն օր հանդիպում է այնպիսի փաստերի, որոնց ամբողջ նշանակությունն այդ պարապմունքների հետ ունեցած հարաբերությունն է: Պոկե՛ք դրանք ժամանակակից սոցիալական կյանքից և կտեսնեք՝ որքա՜ն քիչ բան է մնում. սա վերաբերում է ոչ միայն նյութական կողմին, այլ նաև մտավոր, գեղագիտական ու բարոյական, քանի որ սրանք էլ ամենամուր և անքակտելի շղթաներով կապված են պարապմունքների հետ: Այսպիսով երեխայի բնազդային հետաքրքրություններն այդ ուղղությամբ նոր ուժ են ստանում այն ամենից, ինչ կատարվում է նրա շուրջը, և ինչ տեսնում է, լսում ու զգում: Այդ մասին ցուցումներն անընդհատ և ամեն տեղից հասնում են երեխային. ցանկություններ են արթնանում, նրա էներգիան ելք է փնտրում դեպի գործունեություն: Ստիպված ենք կրկնել, որ դժվար է ենթադրել, թե երեխայի հետ այդպիսի հաստատուն և բազմակողմանի կապեր ունեցող հետաքրքրությունները չեն պատկանում ամենակարևորների և ամենաերկարատևների թվին:

Հետաքրքրությունը՝ որպես սկզբունք, կրթության համակարգ ներմուծելու դեմ մի առարկություն էլ է արվում. ասում են, որ հետաքրքրությունը կկասեցնի մտավոր տնտեսումը՝ ձգելով երեխային մեկ այս, մեկ այն կողմ, այդպիսով խաթարելով մտքի անընդհատ և նպատակային զարգացումը: Բայց տեքստիլ աշխատանքները, որոնց մասին այստեղ զեկուցեցի, հենց իրենց բնույթով պահանջում են երկարատևություն: Այդ պարապմունքը շարունակվում է ոչ թե օրերով, այլ ամիսներով և նույնիսկ տարիներով: Դա առաջացնում է ոչ թե էներգիայի առանձին և մակերեսային պոռթկումներ, այլ ուժերի ամուր և հաստատուն կազմակերպում՝ որոշակի ուղղորդված: Նույն չափով սա ճիշտ է նաև պարապմունքի այլ տեսակների համար, օրինակ՝ ատաղձագործական կամ խոհարարական աշխատանքների ժամանակ: Այս պարապմունքներն ամուր ողնաշարով մի ամբողջական կմախքում են հավաքում իմպուլսների հսկայական բազմազանությունը, որոնք հակառակ դեպքում անջատ-անջատ կլինեին։ Իհարկե, կարելի է կասկածել, որ դպրոցական գործում հետաքրքության սկզբունքի լայն կիրառումն ամբողջովին անվտանգ չի լինի, եթե կիրառվի առանց կանոնակարգված և առաջավոր մեթոդների, որոնք թափանցում են դպրոցի ամբողջ էության մեջ: 

(Հաջորդ գլուխը)

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.