Կրթության ամենակարևոր մեթոդը չխանգարելն է

-Որտեղի՞ց եք եկել,- ինձ դիմեց Գոշավանքի քահանաներից մեկը՝ դիմացս դուրս գալով վանքի շուրջն իմ ավանդական պտույտն անելիս։
- Երևանից,- ասացի։
- Իրո՞ք,- կասկածեց զրուցակիցս,- և ի՞նչ բանի եք Երևանում։
- Ուսուցիչ եմ,- նետեցի ու անհանգիստ հայացքս թեքեցի դեպի կիսաքանդ պատերին վազվզող երեխաները։
-Ուսուցի՞՜չ…..
Քահանան խորը խոնարհում արեց (ծաղրե՞ց), ու ես տեղնուտեղը հասկացա ասածիս անհեթեթությունը. ուսուցի՜չ… 

Սովորեցնել, դաստիարակել, կրթել, փոխանցել նախորդ սերունդների կուտակած փորձն ու գիտելիքը, մշակույթը… Սրանք ուսուցչի մասնագիտությունն ընտրողն իր մասնագիտական պարտքն է համարում։ Ինչպես նաև վերագրում է իրեն ապագան կերտելու աստվածընտրյալի առաքելությունը՝ ծրագրեր է կազմում, կանխատեսումներ անում, ուղղություններ է վերցնում ու առաջնորդում։ Սակայն, ինչպես բացահայտում է խորվաթական ծագումով ավստրիացի փիլիսոփա և սոցիալական քննադատ Իվան Իլլիչը, «Ուսումնական ծրագրի արտադրությունը սկսվում է, իբր գիտական հետազոտությամբ, որի հիման վրա կրթության ճարտարագետները գուշակում են գալիք պահանջարկը և եղած բյուջեի ու հաստատված տաբուների շրջանակում գործիքներ են ստեղծում հավաքական ուղղության համար» («Դպրոցից ազատագրում»)։ Այսինքն՝ այսօր ապրող մարդը, ելնելով սեփական ենթադրություններից, որոշում է, թե ինչի կարիք կունենա վաղվա մարդը։ Նկարագրվածը նման է մութ տարածքում սև կատու փնտրելուն։ Այսօր ապրող մարդն այսօրվա խնդիրներին նույնիսկ ամբողջությամբ հասու չէ։ Կարո՞ղ է արդյոք, իր ենթադրությունները հիմք ընդունելով, գուշակել ապագա հանրության պահանջարկը։ Սա բավական չէ, դեռ ենթադրյալ պահանջարկի բավարարումն էլ կատարվում է մոտավորապես՝ եղած նյութական հնարավորությունների սահմանում և եղած բարոյական դաշտի հանդուրժողականության որոշակի մակարդակի (կամ դրա բացակայության) պայմաններում։

Անգամ լավագույնս մշակված մեթոդաբանության ու ծրագրի առկայության դեպքում դժվար թե հնարավոր է հաստատապես համոզված լինել, թե ինչ ազդեցություն կունենան, ինչպես կընդունվեն մի սերնդի մարդու մոտեցումներն ու ուսուցանելու նպատակը իրենից  հետո եկած սերնդի վրա։ Այն, ինչ հաճելի էր, օրինակ, 80-ականների դպրոցականին, այսօրվա դեռահասի համար անմիտ բան է։ Արժեքները, որ սրբություն էին սրանից 20-30 տարի առաջ, այսօր ծիծաղելի են, որոշները՝ կեղծ, մի քանիսն էլ պարզապես անիմաստ պարտականության վերածված։ Լավագույն դեպքում այսօրվա սովորողը կարող է անգիր անել քո առաջարկած ծրագիրը, ինչի համար կվարձատրվի բարձր գնահատականով։ Կարող է ձևացնել, թե քո քարոզած արժեքները հարգում և յուրացնում է։ Բայց միայն ձևացնել։ Երիտասարդներն ավելի հանդուրժող են, սովորաբար դիմանում են մեծերին։ Բայց մի՞թե սա ուսուցում է կոչվելու։ Մի՞թե այդպես պիտի համարենք, թե դաստիարակել ենք սերունդը։

Իրերի այս դրությունը մանկավարժական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Բորիս Բիմ-Բադը համարում է ստվերային կրթություն և պարզաբանում. «Իրենց համար օտար և իրենցից հեռու տեղեկությունը յուրացնել ստիպելը, որ որպես հարցերին տրվող պատրաստի պատասխաններ՝ դասագրքի և ուսուցչի կողմից փաթաթվում են մարդու վզին, միշտ եղել և հիմա էլ մնում է «քողարկող» կրթություն» («Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում»)։ Նման պարտադրանքը մերժող դպրոցականը, սովորաբար, ինքն է դառնում «մերժված» ու մխիթարություն է գտնում համացանցերում թափառելով  ու էլեկտրոնային խաղերի մեջ խորտակվելով։
Ուրեմն՝ ինչպես կազմակերպել սերնդի կրթությունը, որ խուսափենք և՛ անիմաստ պարտադրանքից, և՛ սովորողի անտարբերությունից։
Ժամանակակից դասավանդողից պահանջվում է ծրագիր գրել, մեթոդ մշակել, կազմակերպման ձև ու տեղ որոշել ու զբաղմունք-զվարճանքի այս ծովում դեռ նաև շահագրգռել, գրավել սովորողին։ Դասավանդողն անում է պահանջվածը՝ հլու հնազանդ ծրագրում-սահմանում է (սահման է դնում) ու սկսում է բռնանալ, որովհետև օդում վախի հոտ կա։ «Իսկ վախերը,- գրում է Աշոտ Բլեյանը,- ամենուր են, ծնողների, ուսուցիչների ու տարբեր մեծահասակների մեջ, ովքեր հասարակություն են կազմում, և  «դպրոց» կոչված մանկական գաղութից վախի տեսքով հաստատվում են սովորողի մեջ» («Խիզախելու կարողություն»)։ Դասավանդողն իր բաժին վախը քամում է պատասխանատվության հարկադրանքից։ Ի՞նչ է արել ինքը, ի՞նչ է սովորեցրել, ի՞նչ արդյունք է տվել։ Դրա համար արդյունքն անպայման նախատեսվում է և անպայման արտահայտվում է գնահատանիշի տեսքով՝ որպես ապացույց, որ դասավանդման ակտը ի կատար է ածվել, և արդյունքներն էլ, ահա, տեսնում եք…  Արդեն վերևում հիշատակված Իվան  Իլլիչն  իր «Ազատագրում դպրոցից» աշխատության մեջ ասում է, որ «… մեծմասամբ ուսումը որևէ դասավանդում չի պահանջում և չի կարող ո՛չ կազմակերպված, ո՛չ պլանավորված լինել»։ Հետևաբար՝ ինչի՞ են պետք պահանջված զանազան մշակումները, ծրագրերը, շատ հաճախ ուրիշ՝ դպրոց ու երեխա երբևէ չտեսած մարդկանց ստեղծած ծրագրերը…

Սեփական տագնապները, վախերն ու թերարժեքության զգացումը հաղթահարելու համար մարդ հանդարտվելու, խաղաղվելու կարիք ունի։  Իսկ մարդը խաղաղ է, երբ լայն աշխարհայացք ունի, իր կենսափիլիսոփայությունը, կյանքի նկատմամբ իր դիրքորոշումն ու վերաբերմունքն ունի, և անակնկալները նրան չեն սպառնում։ Հին աշխարհի ուսուցիչները՝ Սոկրատից, Պլատոնից ու Արիստոտելից մինչև Լաո Ցզի ու Կոնֆուցիոս, փիլիսոփաներ էին, որ ապրում էին իրենց խղճի մտոք՝ կենսակերպով և՛ ուսուցանելով, և՛ դաստիարակելով իրենց շրջապատող երիտասարդ մարդկանց։ Ոչ մի պարտադրանք, ոչ մի պատասխանատվություն «վերին» մարմիններին։ Ուսուցիչն ապրում է իր համար հետաքրքիր ու հագեցած կյանքով, նրա կողքին ապրում, նրանից սովորում է աշակերտը։ Խորին խոնարհում նրանց (Գոշավանքի քահանային հիշեցի)։

Ես էլ, կյանքի նկատմամբ դիրքորոշումս ճշտած, այս տարվա գործելակերպս պարզապես ապրելն եմ դարձրել։ Իմ դասավանդած գրականությունն ու խոսքը բխում են իմ համոզմունքներից, որոնք հայտարարում եմ, բայց չեմ պարտադրում։ Ինձնից պահանջված ծրագրում (բովանդակային մասում) գեղարվեստական տեքստերը ընդամենը զրույցի թեմաներ են, որոնք հանգիստ կարող են այլ՝ սովորողների առաջարկած տեքստերով փոխարինվել, իսկ հմտությունների մշակումը կատարվում է անբռնազբոս քննարկումների ու սովորողների մտքերի գրավոր շարադրանքի միջոցով։ Մեթոդները, որ կիրառում եմ դասի ժամանակ, աշխարհում ընդունված ինտերակտիվ մեթոդներն են, երբեմն մասնակի հեղինակային շտկումներով՝ կախված հանգամանքներից։ Թվում էր՝ այս ուսումնական տարում որևէ կարևոր ու արտակարգ բան տեղի չի ունենա, քանի որ եղածն ինձ բավարարում էր։ Վկա՝ սովորողների ուսումնասիրությունները, վերլուծությունները, վերաբերմունքը, տպավորությունների գրառումները, վերացարկումները, մեկնաբանություններն ու թարգմանություններն իրենց բլոգներում։ Չեմ խոսում բանավոր զրույցների ու բանավեճերի մասին, որոնք ինչ-ինչ պատճառներով բլոգներում տեղ չեն գտել, թեպետ սովորողի լեզվագործունեության դաշտ և արդյունք են՝ գրական նյութի ազդեցությամբ։

Բայց ահա ուսումնական տարվա կեսին սովորողն ինքը նախաձեռնության մասին է հայտարարում։

Նարեկի նախաձեռնությունը՝ «Թարգմանիր» բլոգը, ինչպես հայտնի է, արձագանք գտավ նրա հասակակիցների շրջանում։ Ժամանակ առ ժամանակ Նարեկն իր ընկերներին հանձնարարություն է տալիս, երբեմն ուղղակի պավիրում որոշակի թարգմանություն, ու նրանք էլ առանց որոշակի պարտադրանքի ու ակնկալիքի կատարում են իրենց ընկերոջ առաջարկ-հանձնարարությունը։ Նարեկն ավելի առաջ է գնում՝ խաղ կամ մրցույթ առաջարկելով։  Նարեկն ինքն է բլոգի տեխնիկական սպասարկողը, կախում չունի որևէ մեկից, այնքան համարձակ նախաձեռնող է, որ դժվար է չնկատել ինքնավստահությունը։ Այս հատկանիշը չէ՞ր, որ ուզում էի տեսնել սովորողներիս մեջ։

«Թարգմանիր» բլոգն իր բաժիններով 11-րդ դասարանի սովորող Նարեկ Սահակյանի ձեռքբերումներից է, նաև նրա համակողմանիորեն ինքնաարտահայտվելու հնարավորությունը։ Կհամարեինք, որ Նարեկը արտակարգ ընդունակություններով սովորող է, եթե մի ուրիշ նախաձեռնություն էլ 10-րդ դասարանցի մի խումբ աղջիկներից չլիներ (մեր դպրոցում նման նախաձեռնությունները անսպասելի չեն, ոչ էլ հատուկենտ են)։ Աննան, Մարիամը, Սոնան, Անահիտը ինչ-որ բան են ուզում անել։ Ուզում են խոսել, ուզում են արտահայտվել ու լսելի լինել։ Ձայնագրություն անել, մոտենալ ծանոթներին ու անծանոթներին, նրանց լուրջ հարց ուղղել՝ նույնքան լուրջ պատասխան ակնկալելով, մոնտաժել կուտակած նյութը՝ ընտրելով ասելիք ունեցող հատվածները…Եվ՝ «Էթիկետ» ռադիոյի ծնունդը։  Սա էլ գործունեություն է՝ նախաձեռնություն, որ էլի սովորողներից է գալիս։ Դասավանդողին մնում է ուսուցիչ լինել՝ ցույց տալ այն դռները, որոնց հետևում սովորողները կարող են իրենց փնտրածը գտնել և սովորողի գտած-բերածը սովորողի հետ փորձաքննության- քննադատական մոտեցման ենթարկել։ Այսինքն՝ նախաձեռնությունն ու դրա կատարումը տեղադրել ապրելու՝ Աստծուց շնորհած ժամանակի մեջ, այդպես ապրել ու հետևել սովորողի՝ օրեցօր փոխվող-զարգացող մտածողությանը, գործելու նրա ցանկությանն ու իր դրած խնդրի լուծման ճանապարհների որոնմանը՝ դրանք անպայման գտնելու վճռականությամբ։

Ուրիշ ի՞նչ է հարկավոր դասավանդող-ուսուցչին՝ իր սաների՝ կենսունակությունն ապահովող նախաձեռնողականությունը տեսնելուց բացի։ Սա՞ չէ ժամանակակից մարդու կրթությունը։

Երեխաներն, այո, ունեն ձեռքբերումներ՝ նաև սեփական բարդույթները, վախերն ու տագնապները հաղթահարած լինելով։

Իսկ ե՞ս ինչ եմ արել։
Ես, խոստովանում եմ, չեմ խանգարել նրանց։
Հավատացեք, բավականին դժվար ձեռք բերվող կարողություն է։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский