Լրացուցիչ կրթություն. ընդհանուր դիտարկումներ

Այնպես է ստացվել, որ նախորդ՝ 2014-2015 ուստարում գրածս հոդվածներն այս կամ այն կերպ կապ ունեն լրացուցիչ կրթության կազմակերպման հետ: Ընդ որում, հոդվածները ներառում են լրացուցիչ կրթության աշխատանքային գրեթե բոլոր փուլերը՝  ուսումնական մեկ պարապմունքի մեթոդական նկարագրությունից և կարճաժամկետ նախագծերից մինչև  երկարարժամկետ նախագծերի կազմակերպում և գնահատման համակարգ: Հետևաբար, այս անգամ կբավարարվեմ լրացուցիչ կրթության մասին ընդհանուր դիտարկումներ անելով:

Լրացուցիչ կրթություն իրականացնելու համար, ինչ խոսք, ուսուցչից հավելյալ ջանքեր են պահանջվում: Սա առարկայական ծրագիր չէ, որ գրես, հարցեր և առաջադրանքներ կազմես և հետևես, որ սովորողները կատարեն հանձնարարությունները: Ի տարբերություն ամենօրյա դասապրոցեսի, սա պահանջում է ուսուցման կազմակերպման որակապես այլ մոտեցում: Ու ոչինչ էլ չի ստացվի, եթե ուսուցիչը պատրաստ չէ կամ ցանկություն չունի այդ ծանրաբեռնավածությունն ունենալու, ասել է թե՝ լրացուցիչ ջանքեր չի գործադրում լրացուցիչ կրթություն կազմակերպելու համար:

Լրացուցիչ կրթություն ունենալու համար նախ և առաջ պետք է՝

  • ցանկություն
  • պատրաստվածություն
  • լրացուցիչ ջանքեր

Նախ՝ փորձենք ճշգրտել «տնային աշխատանք» և «լրացուցիչ կրթություն» ասվածների սահմանները:  Տնային աշխատանքն ուղղակիորեն կապ ունի դասարանում՝ ուսումնական պարապմունքի ժամանակ արվելիք աշխատանքի հետ: Այն առարկայական ծրագրի բաղկացուցիչ մաս է կազմում և նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածի համար: Այն սովորողները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն հասցնում դասի ընթացքում կատարել ու ավարտել նախատեսված աշխատանքը, դա անում են տանը՝ այս կերպ լրացնելով բացթողումները: Սա վերաբերում է նաև այն սովորողներին, ովքեր իրականացնում են հեռավար ուսուցում, ովքեր դասին բացակա են եղել, տեխնիկական կամ այլ պատճառներով դասարանում չեն կատարել ուսումնական աշխատանքը: Երբեմն էլ մեկ պարապմունքի ընթացքում անհնար է լինում գրական այս կամ այն ստեղծագործությունը կարդալ-ավարտել կամ բանաստեղծությունը բերանացի սովորել: Բնականաբար, այս աշխատանքը ևս դասասենյակից տեղափոխվում է տուն՝ դառնալով տնային աշխատանք: Սա անվանել լրացուցիչ կրթությո՞ւն: Հազիվ թե:

Իսկ այն սովորողները, ովքեր հասցնում են ավարտել ուսումնական պարապմունքների համար նախատեսված աշխատանքը, տանը ազատ են տնօրինելու իրենց ժամանակը: Միայն թե, եթե ուզում են լրացուցիչ միավորներ հավաքել, ցանկալի է, որ զբաղվեն ինքնակրթությամբ՝ ստեղծագործեն, կարդան, թարգմանեն, վերլուծեն, այսինքն՝  ինքնակամ զբաղվեն իրենց նախընտած ուսումնական գործունեությամբ:

Փաստորեն, ի տարբերություն ուսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանքի, սա սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք է: Այ, հենց այստեղից էլ սկսվում է լրացուցիչ կրթությունը:

Լրացուցիչ կրթություն կա, երբ երկուստեք՝ սովորողի և դասավանդողի, փոխադարձ համաձայնությամբ իրականացվում է որևէ նախագիծ, ուսումնասիրություն կամ էլ հետազոտական բնույթի աշխատանք:

Ու եթե հանրակրթությունը հիմնականում ենթադրում է տեսական գիտելիք և հիշողության վարժանք (համենայն դեպս, դա է ստուգվում պետական ավարտական քննությունների ժամանակ), ապա լրացուցիչ կրթությունն ունի շեշտադրված տարբերություն: Այն, ըստ էության, ենթադրում է ինքնուրույն գործունեություն և ստեղծագործական կարողություններ:

Քանի որ նախորդ՝ «Ո՞րն է կրթության իրական իմաստը» հոդվածում բավականաչափ մանրամասն վերլուծություններ և համեմատություններ կան արված հանրակրթական առարկայական չափորոշչի և հեղինակային կրթական ծրագրերում եղած սկզբունքային տարբերությունների մասին, այդ պատճառով զերծ կմնամ նմանատիպ դիտարկումներ անելուց:

Վերոհիշյալ հոդվածում կարծիք կար, որ «սովորողի անհատական զարգացումը տեսանելի է ոչ այնքան google տետրերի, ենթակայքի  կամ անհատական բլոգների, այլ մեկ գաղափարի շուրջ հավաքված՝  վիրտուալ մեկ միասնական տարածքի միջոցով: Լրիվ ուրիշ դաշտ է բացվում, և սովորողի անհատական զարգացումը միանգամայն տեսանելի է դառնում, երբ մեկ ընդհանուր տարածքում ամեն մեկն ունենում է իր էջը»:

Ասել է թե՝ լրացուցիչ կրթության դեպքում միանգամայն հնարավոր է դառնում անհատական աճի դիտարկում իրականացնել՝  հետևելով սովորողի հենց այս էջին: Դիտարկումը՝ դիտարկում, իսկ ի՞նչ սկզբունքով պետք է իրականացնել գնահատումը: Ցանկացած դեպքում մի բան ակնհայտ է. քանի որ լրացուցիչ կրթություն իրականացնող սովորողից լրացուցիչ ջանքեր և լրացուցիչ ժամանակ են պահանջվում, բնականաբար, այն իրականացնող սովորողի գնահատանիշը պետք է տարբերվի միայն հանրակրթության նվազագույն մասն իրականացնող սովորողի ստացածից:

Գնահատման այսօրինակ մոտեցումը բոլոր դեպքերում գործող և արդյունավետ միջոց է, որովհետև առաջին մակարդակն ապահովող, այսինքն՝ հանրակրթության նվազագույն մասն իրականացնող սովորողին ստիպում է էլ ավելին անելու միջոցով մեկ աստիճան վեր բարձրանալ և հասնել երկրորդ մակարդակ, ասել է թե՝ ներառվել նախագծերում: Իսկ նախագծերում ընդգրկվածներին էլ հնարավորություն է տալիս ձգտելու երրորդ՝ ինքնակրթության մակարդակ, այն է՝ ձեռք բերել ուսումնասիրություն կամ էլ հետազոտական բնույթի աշխատանք կատարելու առնվազն փորձ:

Գնահատումն իրականացվում է ժամանակի ընթացքում` հիմնվելով շոշափելի արդյունքի կամ դիտարկելի գործունեության վրա: Նման մոտեցումը պահանջում է նաև արդյունքների հրապարակում-գնահատում: Սովորողը բաց, հրապարակային, այն է՝ մեդիայի միջոցով, ներկայանում է իր կատարած աշխատանքով: Գնահատման նման մոտեցումը սովորողներին թույլ է տալիս աստիճանաբար ձևավորել կայուն ինքնագնահատական:

Այսպիսով՝  գնահատումը նուրբ, բայց շատ կարևոր գործիք է, առանց որի դժվար կլինի որևէ ոլորտում լուրջ արդյունքներ գրանցել:

Բայց պետք է մի բան անպայման հաշվի առնել՝  ցանկացած մոտիվացիայի գործիք, այդ թվում և գնահատումը, չի կարող ունիվերսալ լինել և ունի իր «արդյունավետության ժամկետը»: Ու, քանի որ մարդիկ տարբեր են, նրանց հետաքրքրություններն ու կարիքները՝ նույնպես, բնականաբար, անհրաժեշտ է իրականացնել մոտիվացիայի անհատական մոտեցում: Առավել ևս, որ լրացուցիչ կրթությունը ինքնին ենթադրում է նման մոտեցման անհրաժեշտություն:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский