Կրթության պատը 3. իշխանություն

Շարունակելով «Կրթության պատը» հոդվածաշարը` ընթերցանությանը և եկեղեցուն փորձենք ավելացնել երրորդը, որը կոչվում է իշխանություն: Գաղտնիք չէ, որ հնագույն ժամանակներից ի վեր կրթությունը դիտվել է որպես իշխելու լավագույն գործիք: Պատահական չէ, որ նույնիսկ ամենաարյունարբու դիկտատորները շատ հաճախ հովանավորել են գիտության, կրթության և մշակույթի զարգացումը: Այդպիսիներից էին Համմուրապին, Միհրդատ Եվպատորը և այլք: Միջնադարում, առանց պետական հովանավորչության, պատկերացնել անգամ չի կարելի, թե ինչպես հնարավոր կլիներ զարգացնել կրթության և մշակույթի գործը: Ասվածի ապացույցները բազմաթիվ են` Կառոլինգյան վերածնունդը Կառլոս Մեծի օրոք և ընդհանրապես պապականությունից ազատումն ամբողջ միջնադարյան Եվրոպայում: Այսօր շատ հանգիստ թվում ենք մշակույթի զարգացման անուրանալի վաստակ ունեցող անունների շարք`Միքելանջելո, Ռաֆայել, դա Վինչի, Բենվենուտո Չելլինի, Պետրարքա, Բրունելեսկի և այլն` մոռանալով, որ այդ մարդկանց ֆինանսավորել են Մեդիչիները, Բորջիաները կամ բռնապետության հովերով չզիջող այլ տոհմ: Այս բոլոր հովանավորություններն ի կատար են ածվել մեկ խնդրի լուծման համար. դրանք զարգացրել են պալատական կրթական համակարգը: Ասել կուզե` միտված են եղել վերևներին:

Ամբողջատիրական վարչակարգերում վերահսկողությունը կրթական գործի նկատմամբ էլ առավել ցայտուն է, քանզի տիրապետել կիսագրագետ զանգվածներին շատ առավել հեշտ է, քան փորձել իշխել կրթված հասարակության վրա: Արևմուտքը, ի մասնավորի ԱՄՆ-ը, Կանադան, Եվրոպան, ինչ-որ մի փուլում հաղթահարեցին այս խնդիրը և ազատականացրին կրթությունը` հավասար հնարավորություններ տալով բոլորին, բայց միևնույն ժամանակ վերահսկելով որակը: Իհարկե, չենք կարող պնդել, որ այս հասարակության կրթական արժեքների հիմքում և դրանցում ձևավորված քաղաքացու կերպարում բացարձակ տիրապետող է այն տեսակը, որը մեզ ներկայացվում է, զի շատ են իմիտացիոն գործընթացները, որոնք միտված են երրորդ աշխարհիս` մեզ համոզելու: Այստեղ խնդիրն ավելի շատ քաղաքական-քաղաքակրթական է, քան կրթական: Եթե խորանանք ասվածի մեջ, պետք է սկսենք մերկացնել մի երևույթ, որը կոչվում է դեմոկրատիա, բայց կխուսափենք դրանից, քանի որ չենք ուզել հարցը տեղափոխել քաղաքական հարթություն:

Ստեղծված պայմաններում հարկ է անդրադառնալ հայաստանյան միջավայրին: Հնուց ի վեր, արքայական ընտանիքները կարևորել են կրթական գործը և իրենց ժառանգներին ուղարկել են այդ փուլի լավագույն կրթական կենտրոններ` ուսում ստանալու: Քիչ չեն վկայություններն առ այն, որ այս կամ այն թագավորը տիրապետում էր բազում լեզուների կամ զբաղված էր ճարտասանության արվեստով կամ սեր էր տածում դեպի կրթություն: Յուրաքանչյուր արքունիքում կային հատուկ ուսուցիչներ, որոնց թվում` նաև այլազգի հրավիրյալներ, ովքեր զբաղվում էին արքայական ընտանիքի ժառանգների կրթական գործով: Հասարակ քաղաքացուն, անազատների և ազատների դասի մի զգալի մասին սա հասու չէր: Լավագույն դեպքում կարող էին սովորել տառաճանաչություն: Սակայն հեթանոսական փուլում կար մի հետաքրքիր կրթական համակարգ, որը հատկապես ուղղված էր աղջիկներին` կյանքի համար պիտանի հմտություններ պարգևելուն. նրանք ուսումնառություն էին ստանում «անհատական դպրոցներում»: Վաղ միջնադարից սկսած` հստակ տարանջատում անցկացվեց կրթություն ստանալու իրավունք ունեցողների մեջ: Սոցիալական ցածր դիրք կամ նվազ հնարավորություններ ունեցող ընտանիքների զավակները առավելագույնը, որ կարող էին ակնկալել, 4-ամյա դպրոցներում տառաճանաչություն կամ այն օրերում դոգմատիկ համարվող վարդապետությունների սերտումն էր: Մնացած ամեն ինչ հասու էր միայն ազատների բարձր խավին` մասնավորապես արքունիքին:

Անկիրթ մարդկանց խումբը դառնում է հուզական զանգված, որին կառավարում են կա´մ բնազդները, կա´մ հույզերը: Երկու դեպքում էլ իշխողները ունեին և ունեն լուծում` հաց և ներկայացում: Այսպես էր ամբողջ միջանադարում կամ նոր ժամանակներում: 19-20-րդ դարերում, մինչ բոլշևիկյան կարգերի հաստատումը, հայ հայտնիներից դուք շատ քչերին կգտնեք, ովքեր լինելով պարզապես հասարակ ընտանիքների անդամներ (այստեղ հատկապես հաշվի ենք առնում սոցիալական դիրքը և հնարավորությունները), ստացել են լավ կրթություն և դա կիրառել են որպես հմտություններ: Սա շատ լավ հասկանում էին հայ ավանդական կուսակցությունների հիմնադիրները, ուստի խնդրի լուծումը տեսնում էին անգրագետ գավառական հայ մարդուն նախ և առաջ կրթության հմայքը պարգևելու մեջ, որից հետո նոր կառաջանար գիտակցված ընդվզողը:

Բոլշևիկյան փուլում վիճակն առավել քան հստակ էր: Կար մի սահման, որից այն կողմ կարող էիր գնալ միայն հատուկ ծառայությունների հսկողության տակ: Այդ համակարգը, լինելով դասական ամբողջատիրության վառ օրինակ, իր մոտեցումներն էր ցուցաբերում նաև կրթական հարցում: Որևէ շեղում չէր կարող լինել: Ամբողջ համակարգը տոտալ վերահսկողության և գրաքննության տակ էր: Եթե անգամ գրում էիր որևէ գիտական հոդված մեխանիկայի կամ պինդ մարմնի ֆիզիկայի ոլորտից, չէիր կարող շրջանցել ՄԷԼՍ քառյակին, գոնե որևէ մեկին հղում պետք է տայիր (մեր մեջ ասած, այդ քառյակից և ոչ մեկը վերոնշյալ ոլորտներին չէին տիրապետում) կամ մի ընդարձակ մեջբերում անեիր, էական չէ` դա տեքստի հետ համահունչ էր, թե ոչ: Ի վերջո, ո՞րն էր խորհրդային ուսուցչի առավելությունը դասարանում` աշակերտի նկատմամբ. ակադեմիական իմացությունների ավելի բարձր աստիճանը: Եվ վերջ:

1991-ից, անկախության փուլին համահունչ, երբ ազատականացվում էր ամեն ինչ, ազատականացվեց նաև այս ոլորտը: Անգամ եղավ մի փուլ, երբ ունեինք մի քանի պատմության դասագիրք և ընտրելու հնարավորություն: Բայց ինչպես յուրաքանչյուր լավ բան, սա նույնպես ունեցավ իր ավարտը:

Հայաստանում վերջնականապես ձևավորվեց մի համակարգ, որը զարգացած շրջանակում կոչվում է ամբողջատիրություն (տոտալիտարիզմ): Նման համակարգը ենթադրում է վերահսկողություն ցանկացած ոլորտում, այդ թվում` կրթության: Այն առավել վառ արտահայտվում է երկու շրջանակում` հանրակրթության մեջ, երբ կրթական գործի կազմակերպիչը` դասավանդողը, պարտավոր է իրականացնել օրվա իշխանության պարտադրած ուղեծիրը, և բարձրագույն մասնագիտական կրթության մեջ, երբ ամեն ինչ դառնում է կուսակցականացված, և դրա դեմ ընդվզողները պարզապես դատապարտված են մեկուսացման: Այսպիսի համակարգի պայմաններում կառավարելը չափազանց հեշտ է: Քանզի անհատը, որն ամեն օր ենթարկվում է գաղափարական կտտանքների և ի վերջո դադարում է լինելուց անհատ, այլ մաս է կազմում այն միասեռ զանգվածի, որի մասին վերը խոսեցինք, չունի սեփական կարծիք և սպասում է «վերևների թելադրանքին», իսկ այդ թելադրանքը, որպես կանոն, չի ուշանում: Սրան կարող է հակադարձվել իրական կրթություն ստացած անհատը (խնդրում եմ տարբերակել, ոչ թե դիպլոմ, այլ կրթություն), որն ունի իր յուրօրինակ պատկերացումները օրվա խնդիրների վերաբերյալ, որոնք տրամագծորեն տարբերվում են պարտադրված պատկերացումների շրջանակից: Սակայն նման անհատներ չունենալու համար գործի է դրվում այն մեխանիզմը, որը ձեռնտու է օրվա իշխանությանը: Անդրադառնանք դրանցից մի քանիսին

  • Ավարտական վկայականների տրամադրում. այս կետի վերաբերյալ ստեղծվել է շատ հետաքրքիր վիճակ: Եթե անգամ եղած չափորոշիչներով և դրանցում ներկայացվող պահանջներով առաջնորդվենք, ապա հանրակրթական դպրոցների և պետական բուհերի շրջանավարտների գոնե կեսը, պետք է չստանան նման վկայականներ: Իսկ ինչո՞ւ պետությունը չի միջամտում, արդյոք չունի՞ լծակներ: Իհարկե ունի, ավելին, կան բազմաթիվ պարապ հիմնարկներ, որոնց գործառույթը հենց դա է, սակայն իշխողին ձեռնտու է նման սերնդի առկայությունը, որը իր գլուխը չի ծանրաբեռնում այնպիսի բարդ մեխանիզմներով, ինչպիսին մտածելն է:
  • Կոռուպցիա. որ Հայաստանում կա կոռուպցիա, և դա ծաղկում է ամեն օր` կարծես ոչ մեկը չի էլ փորձում ժխտել: Բայց դրա ամենավտանգավոր դրսևորումներին հանդիպում ենք հենց կրթության ոլորտում, որն ակնհայտ է դիպլոմներ գնելու պրոցեսից՚՚  ավարտած ընթացիկ քննություններում պարզապես գնահատական ստանալուց: Այսինքն` զրոյական արդյունավետության դիմաց վճարում, որը հանգեցնում է անգրագետ «չմասնագետի» արտադրմանը:
  • Հովանավորչություն. սա նույնպես կոռուպցիայի տեսակ է և շատ տարածված է Հայաստանում: Հավասար մրցակացային պայմաններում հնարավորություն է ստանում ավելի «հզոր թիկունք» ունեցողը: Այս դեպքերի առկայությունը և ծավալումը դառնում են մյուսների` հովանավորչությունից չօգտվողների շրջանակներում համատարած ընկճախտի հիմնավորման, և երկիրը լքելու անհագուրդ ցանկության հիմքեր: Այսինքն, յուրաքանչյուր օր, բանականության մի մասնիկ լքում է երկիրը:
  • Անգիրի խրախուսում կամ տրամաբանության բացակայում. թվում է, թե մի շարք հեռուստաալիքներ խրախուսում են կրթական գործը` կազմակերպելով ինտելեկտուալ բնույթի մրցույթներ` տարատարիք սովորողների միջև: Սա ընդամենը իմիտացիա է: Եթե ուշադիր լինեք, նմանատիպ մրցաշարերից և որևէ մեկը հիմնավորված չէ տրամաբանության կամ ստեղծականության վրա, դրանք բոլորը հիմնված են ակադեմիական ճշմարտությունների, ասել կուզե` զոմբիացման սկզբունքի վրա: Այս պարագայում, եթե անգամ տիրապետում ես ակադեմիական ճշմարտություններին, բայց նույն  դաշտում ունես փոքր-ինչ այլ կարծիք, ապա նորից դատապարտված ես մեկուսացման:

Այսպիսով, օրինակները կարող ենք բազմապատկել, սակայն բավարարվենք այսքանով և Հայաստանի օրինակով փաստենք, որ ցանկացած ամբողջատիրական համակարգում կրթական գործի զարգացման պատ է նաև իշխանությունը: Քանզի ցանկացած իշխող համակարգին ձեռնտու է թերուս կամ ոչ գրագետ հասարակություն, որ կենթարկվի տարատեսակ մեխանիզմների:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский